Tuesday, December 30, 2008

2009

ՇՆՈՐՀԱՒՈՐ ԱՄԱՆՈՐ
ԵՒ
ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ



ԹՈՂ 2009-Ը ԼԻՆԻ ԱՌՈՂՋՈՒԹԵԱՆ, ՅԱՋՈՂՈՒԹԵԱՆ, ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ, ՍԻՐՈՅ ՈՒ ՀԱՐՍՏՈՒԹԵԱՆ ՏԱՐԻ*։

* Հերթականութիւնը ըստ ճաշակի։

Monday, December 29, 2008

ԱՄԱՆՈՐԻ ՍԵՄԻՆ

Ամանորի սեմին Երեւանից կարող եմ գրել հետեւեալը.-

1.- Ձիւն է գալիս։ Քաղաքը սպիտակել է։ Երթեւեկելը դժուարացել։ Այսօր գրանցուել եմ բազմաթիւ պատահարներ։

Սակայն ցարդ յարաբերաբար տաք ձմեռ ենք ունեցել։ Տեսնենք շարունակութիւնն ինչ կը լինի։

2.- Գնումների նպատակով եղել եմ մթերային մի քանի մեծ խանութներում (Super Market)։

Անցեալ շաբաթ գիշեր, ժամը 10:00-ին, ընտանիքով որոշեցինք գնալ գնումների։ Մտածեցի ուշ գնալ, որպէսզի խճողում չլինի։ Չերկարացնելու համար ասեմ, որ սայլակների խցանում (traffic) էր առաջացել, այնպէս ինչպէս մեքենաների խցանում է առաջանում։ Առաջ շարժուել չէր լինում։ Հերթեր էին (ու ոչ միայն այդ խանութում, պարագան նոյնն է մօտաւորապէս բոլոր խանութներում էլ)։

Այն տպաւորութիւնն ստացայ, որ աշխարհի վերջին օրը եկել է, գնումներ, գնումներ ու գնումներ։ Շատ եմ լսել “ոչ ոք մեր նման Նոր Տարին չի նշում”, որոշներն ասում են “ուտող, խմող ազգ ենք”, որոշները “սա մշակոյթի ու քաղաքակրթութեան պակասից է”, որոշները դրուատանքով են արտայայտւում այս երեւոյթի մասին, որոշները բացասաբար, ես էլ չմտնելով ազգի ինքնութեան ու նկարագրի խոհափիլիսոփայական վերլուծութիւնների մէջ ընդամէնն ասում եմ, որ ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ մարդիկ այդքան գնումներ են անում, ուրախանում եմ, որ մարդկանց տները լցւում են բուրք ու բարիքով, պարզապէս տխրում եմ, երբ շրջապատումս տեսնում եմ մարդիկ, որոնք ի վիճակի չեն այդքան գնումներ անել։ Սա լաւ չի։ Մենք պիտի կերտենք այնպիսի երկիր ու այնպիսի հասարակարգ, որտեղ երեխաների դէմքից ժպիտը չպակսի։

3.- Հանրապետութեան Հրապարակի տօնածառը տեղադրել են ու զարդարել։ Երեկոյեան ժամերին եւ տօնածառի, եւ հրապարակի շրջապատում բազմաթիւ գոյնզգոյն լոյսեր են վառւում, ակնահաճոյ ու լիցքաւորող, մարդ (առնուազն ես) լցւում եմ տօնական տրամարդութեամբ։ Հանրապետութեան Հրապարակը գեղեցիկ է։

Լաւ մնացէք։

Tuesday, December 23, 2008

"ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՄԱՅՐԵՆԻԻ ՄԱՍԻՆ" (՛3)

Մի հպանցիկ հայեացք Հայաստանի Հանրապետութիւնում հեռարձակուող հեռուստաընկերութիւնների ծրագրերին լեզուական եւ բովանդակային առումով, աւելի կը յստակեցնի ողբերգութեան չափը։ Խօսենք օրինակներով։

Ի բացառեալ “Հ1”-ի, մնացած բոլոր հեռուստաընկերութիւններով հեռարձակուող տեսաերիզները (Film) սփռւում են ռուսերէնով (սա անշուշտ չի նշանակում, որ “Հ1”-ը այս առումով փայլուն վիճակում է)։ Սա կատարւում է այն պայմաններում, երբ օրէնքը պահանջում է հեռուստաընկերութիւններից, որ հեռարձակումները պիտի լինեն հայերէնով։ Հեռուստաընկերութիւններն էլ վերոշարադրուածը բացատրում են թարգմանութեան մեծ ծախսով, այսինքն նիւթապէս ի վիճակի չեն տեսաերիզը թարգմանել հայերէնի։ Յետ՞ոյ։

Հեռուստաընկերութիւնը ի վիճակի չէ տեսաերզիը թարգմանել հայերէնի, դրանից պիտի՞ տուժի ազգը, նոր սերունդը։ Ի վիճակի չէ, թող փակուի։ Թող ում մտքով անցաւ հեռուստաընկերութիւն չբացի։ Իսկ չէ որ հեռուստաընկերութեան տնտեսութիւնը (Bisuness) համարւում է ամենաշահաւէտ տնտեսութիւններից մէկը։ Ուրեմն ու՞ր են գնում շահերը։ Եւ ի վերջոյ եթէ խնդիրը զուտ նիւթականի հետ է կապուած, ապա ինչպէ՞ս, ի՞նչ միջոցներով են հեռուստաընկերութիւնները թարգմանում ՀարաւԱմերիկեան բազմաշար հեռուստատեսաերիզները (Serial), որոնք հաճախ ամիսներ շարունակ ամէն օր ցուցադրւում են։ Սրանք անվճա՞ր են թարգմանւում։ Ի դէպ բազմաշար հեռուստատեսաերիզների ցուցադրման լուրջ ու անզիջում մրցակցութիւն կայ հայրենի հեռուստաընկերութիւնների մէջ։

Այլ օրինակ։ Ոչ միայն անընդհատ, կրկնում եմ անընդհատ հեռարձակւում են ռուս եւ օտարազգի երգիչների երգերը, այլ հայ երգիչները ռուսերէն երգելու գործում չեն զիջում ռուս երգիչներին։ “Հ1”-ով հեռարձակուող ու մեծ ընդառաջում գտած “Երկու աստղ” ծրագրում երգիչ-չերգիչները առիթով ու անառիթ երգում են ռուսերէն։ Եւ այդ հաղորդումը դիտում են ոչ միայն Հայաստանի Հանրապետութիւնում, այլ Սփիւռքում։ Հարց է առաջանում։ Ս՞ա էլ է նիւթականի հետ կապուած։ Թէ՞ մի ինչ որ ներքին ցանկութիւն, մղում, գերազանց սէր կայ դէպի օտարներն ու օտար լեզուն։

Այլ օրինակ։ Հաղորդավարը լաւապէս տիրապետելով հայերէնին, խօսում է ու հաղորդումը վարում է ռուսերէնով։ Ինչու՞։ Սա՞ էլ է կապուած նիւթականի հետ։ Ռուսերէնին այսքան ինքնակամ տրուելու պատճառն ու շարժառիթը ո՞րն է։

Մանկական հաղորդումներում ռուսերէն շարժապատկերներ, ռուսերէն մանկական երգեր, ռուսերէնով հաղորդում, չէ որ այդ ծրագրերը դիտող երեխաների լեզուամտածողութիւնը սկսում է ձեւաւորուել հէնց այդտեղից։

Էլ չենք խօսում հաղորդավարների հայերէնի իմացութեան ահաւոր ցած ու անգրագետ մակարդակի մասին (բացառութիւններ կան, խօսքը համընդհանուր վիճակի մասին է), երբ պետական այրերն են նոյն մակարդակի հայերէնով խօսում՝ կառավարուեթան նիստում, Ազգային Ժողովի դահլիճում կամ մամլոյ ասուլիսների ժամանակ։

Վերը բերուած օրինակները ընդամէնը մի չնչին նմուշն են այն ամբողջից, ինչ այսօր կայ ու տեղի է ունենում Հայաստանի Հանրապետութիւնում։ Օրինակները կարելի է շարունակել, սակայն կարծում եմ, հէնց այսքանն էլ բաւական է ապացուցելու, որ հայապահպանման ու հայերէնապահպանման հարց գոյութիւն ունի ոչ միայն Սփիւռքում, այլ նաեւ հայրենիքում։

Հարց, որին պիտի շատ աւելի լուրջ ուշադրութիւն դարձնեն ազգի ճակատագրով մտահոգ հայերը։

Monday, December 22, 2008

"ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՄԱՅՐԵՆԻԻ ՄԱՍԻՆ" (2)

“Լեզուի պետական տեսութիւնը” Երեւանի փողոցներում ցուցանակներ է փակցնում հետեւեալ բովանդակութեամբ` “Հայաստանի Հանրապետութեան պետական լեզուն հայերէնն է”։ Սա նշանակում է, որ “Լեզուի պետական տեսչութիւնը” վտանգ է զգում հայերէնի պահպանման ուղղութեամբ եւ իրեն պարտաւոր զգում բնակիչներին յիշեցնել թէ որն է նրանց լեզուն։ Յիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրութեան 12-րդ յօդուածի “Լեզուի մասին” օրէնքի համաձայն՝ “ՀՀ պետական լեզուն հայերէնն է, որը սպասարկում է կեանքի բոլոր ոլորտները”։

Երեւանի փողոցներում ամենաանուշադիր անցորդն անգամ կը նկատի, որ խանութների, սրճարանների, ճաշարանների ու հազար ու մի մասնաւոր տնտեսութեան անունը հայերէն չէ։ Երբեմն մարդ շփոթւում է` սա Երեւանն է թէ Լոնդոնը, Չիկագօն կամ էլ մէկ այլ քաղաք՝ “Դայմոնդ”, “Մառկօ Պոլօ”, “Տեռանովա”, “ԱրտԲրիդջ”, “Գոլդըն Ստար”, “Մանհեթէն”, “Ստուդիո 26”, “Ստար”, “Մուլտի Գրուպ”, “Ստար Սիթի”, “Միւզիկ Լենդ”, “Դիսկ Լենդ”, ”Դիսկ Վորլդ”, “Դիսկ Պլանետ” …այս շարքն անվերջանալի է։

Սա նորաձեւոթիւ՞ն է։ Բարձր մակարդակի կամ ինչպէս այսօրուայ Հայաստանում շատ են սիրում ասել ու կրկնել՝ էլիտարութեան նշա՞ն։ Թէ բարդոյթի հետեւա՞նք։

Արդեօք Լոնդոնի, Փարիզի, Լոս Անջելեսի կամ արտասահմանեան որեւէ այլ քաղաքի փողոցներում այդ անուններն օգտագործող հայերը հանդիպե՞լ են (կամ կը հանդիպեն) Երեւեանեան մասշտաբով օգտագործուած հայերէն անունների։ Թէ կը տեսնեն մի ճաշարան “Արարատ” անունով կամ մի ոսկերչանոց “Յակոբեան” անունով, այն էլ նրա համար, որ այդ ճաշարանի կամ ոսկերչանոցի տէրը հայ է ու օտարութեան ամենակուլ մթնոլորտում դրանով իսկ կենաց ու մահու պայքար է մղում ձուլման դէմ։

Իսկ ո՞րն է այս անմեղ թուացող անունների ազդեցութիւնը երեխաների գիտակցութեան ու ենթագիտակցութեան վրայ։

Հեռուստացոյցով դիտում էի հարցազրոյց “Լեզուի պետական տեսչութեան” պատասխանատուներից մէկի հետ։ Ըստ նրա ասութեան՝ Հայաստանի Հանրապետութիւնում աշխատող խոշոր ընկերութիւններից մէկն իր գովազդներում արդէն քանիերորդ տարին է ինչ լեզուական, հետեւաբար եւ իրաւական մեծ սխալ է թոյլ տալիս եւ տուգանւում տեսչութեան կողմից։ Հետաքրքիրն այն է, որ այդ ընկերութեան պաշտօնեաները տարեսկզբին իրենք իրենց ոտով գնում են “Լեզուի պետական տեսչութիւն” եւ ինքնակամ վճարում տուեալ տարուայ իրենց տուգանքը։

Սա նշանակում է, որ ընկերութեան ղեկավարները մեղմ ասած, թքած ունեն հայերէնի վրայ ու ամէն ինչ չափում են փողով։ Սխալն արա, խաղայ մի ազգի ինքնութեան հետ ու վճարիր, սա է տրամաբանութիւնը։

Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետութիւնում այն պետական մարմինը, որը կոչուած է զբաղուելու հայերէնի անաղարտ պահպանմամբ, շուկայական սանձարձակ մթնոլորտում, անզօր է դա կատարել։ Օրէնքը նրան չի պաշտպանում, օրէնքն անկատար է, հակառակ պարագային ի զօրու կը լինէր մէկ անգամ տուգանել, միաժամանակ զգուշացնելով, որ կրկնուելու պարագային տուգանքն աւելի ուժեղ է լինելու, ընդհուպ մինչեւ ընկերութեան փակումը։

Սա նշանակում է նաեւ, որ Ազգային Ժողովից սկսած մինչեւ այլ ու այլ պետական օղակներ, հետաքրքրուած չեն այս նիւթով։

Sunday, December 21, 2008

"ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՄԱՅՐԵՆԻԻ ՄԱՍԻՆ" (1)

Վերոյիշեալ վերնագրով յօդուածս տպագրուել է Ֆրանսիայի "Յառաջ"-ում։Ստորեւ յօդուածը.-



Հակառակ շատ շատերի այն կարծիքի, ըստ որի հայապահպանման ու հայերէնապահպանման հարց գոյութիւն ունի միայն Սփիւռքում, պիտի ասեմ, որ, ցաւօք, այդ մարտահրաւէրն առկայ է նաեւ Հայաստանի Հանրապետութիւնում։

Եթէ Սփիւռքի պարագային ցաւալի, բայց բնական է համարւում հայկական ազգային ինքնութեան ու հայերէնի պահպանման ուղղութեամբ արձանագրուող նահանջը, որովհետեւ արտասահմանում գտնուող հայերը ապրում են իրենց բնօրրանից դուրս, խորթ ու անհարազատ մթնոլորտում, օտար մշակոյթի մէջ, անբնական է այն, որ մենք այդ նահանջն արձանագրում ենք նաեւ Հայաստանում։

Անշուշտ բացարձակապէս համեմատելի չէ մէկը միւսի հետ, սակայն այն, որ մարտահրաւէրն առկայ է`անվիճելի է։

Հայաստանում յաճախ մենք ունկնդիրն ենք հայերէնա-ռուսերէնա-ժառգոնա-թխուած բառերի ու բառակապակցութիւնների։ Դա կը նկատեն ոչ միայն Հայաստանում կայք հաստատած Սփիւռքահայերը, այլ նոյնիսկ այն զբօսաշրջիկ հայերը, որոնք ընդամէնը մի քանի օրով այցելում են հայրենիք։ Երեւոյթը տեսանելի է օդանաւակայանից իսկ։

Մարդկանց առօրեայ խօսակցութեան մէջ լայնօրէն տարածում գտած պռիւետ (բարեւ), պակա (ցտեսութիւն), պռոստը (ուղղակի), վաբշչէ (ընդհանրապէս) եւ աիթիւ ու անսահման նմանատիպ բառեր, որոնք ռուսերէն են ու ռուսերէնի ազդեցութեան հետեւանք։

Տարօրինակն այն է, որ այդ բառերն օգտագործում են ոչ միայն մեծ ու միջին տարիքի մարդիկ, այլ պատանիներն ու երիտասարդները, այսինքն նոր սերունդը։ Պարզ է, որ նրանք դա սովորում են իրենց ծնողներից, դպրոցի ուսուցիչներից, շրջապատից, որոնք թերեւս հին սերունդին են պատկանում ու ծնուել, դաստիարակուել ու ապրել են Խորհրդային տարիներին։

Սակայն հարցն այն է թէ ի վերջոյ որտե՞ղ պիտի վերջանայ այս գիծը։ Այլ խօսքով, երեխան սովորում է ծնողից, ուսուցչից, շրջապատից, ու հետագային դա փոխանցում իր երեխային, ուրեմն պիտի ընդունե՞նք, որ սա անվերջանալի շղթայ է, որի դէմ չենք կարող պայքարել։ Համակերպուե՞նք այս մտքի հետ։ Այստեղ մէկ այլ հարց է առաջանում։ Ու՞ր են մտաւորականները։ Ու՞ր է պետութիւնը։ Ո՞վ պիտի ելքեր խորհի այս վիճակից դուրս գալու մասին եւ ե՞րբ պիտի լուծումների գործընթացի սկիզբը դրուի։

Tuesday, December 16, 2008

"ՀԱՅՈՑ ԵՐԳԻԾԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ" (3)

"- Տաւարիշ Բել, տաւարիշ...- կը գոռար Ստալին։

- Ու՞ր ես տաւարիշ Բել...

- Ես ալ տաւար կարծեցի, զոր կը մորթեն,- պատասխանեց Բել։Ճիշտը վախցայ, որովհետեւ, ըստ տարաձայնութեանց, հռչակ հանած ես իբրեւ յայտնի մորթող։Չեմ գիտեր թէ որքան ճիշտ են այդ տարաձայնութիւնները։

- Ոչ, սիրելի Բել, բառը նախ տաւար չէ, այլ՝ տաւարիշ. յետոյ տաւարիշ կը նշանակէ ընկեր, ինչպէս ես եւ դուն, նոյն խառնուածքով ու հոգեբանութեամբ։ Մենք՝ կոմունիստներս՝ տաւարիշ կը կոչենք մեր ընկերները։

- Կերեւի տաւարի պէս մորթելու համար զանոնք,- մրմնջաց բաբելացի Բել"։ Էջ 56-57


"- Գիտե՞ս, տաւարիշ Բել, ես ստեղծեցի անհատի պաշտամունքը. պաշտել տուի անձս. պաշտուելու համար անհրաժեշտ է ստեղծել երկիւղ"։Էջ 59-60

Monday, December 15, 2008

"ՀԱՅՈՑ ԵՐԳԻԾԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ" (2)

"Մինչեւ որ կապիտալիզմը չդիմէ դէպի սոցիալիզմ, սոցիալիզմը՝ դէպի կոմունիզմ, եւ կոմունիզմը՝ դէպի կապիտալիզմ, կարելի չէ որ դուրս կարենամ գալ քարայրէս..." Էջ 52

Ասաց Փոքր Մհերը։

Saturday, December 13, 2008

"ՀԱՅՈՑ ԵՐԳԻԾԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ*" (1)

"Ինչու՞ Հայաստանի սահմաններէն դուրս ելայ...Ինչու՞, ես, Հայոց արքայից արքան, Տիգրան, որդի Տիգրանայ, Հայաստանի սահմաններէն դուրս ելայ։

Ես Հայաստանի սահմաններէն դուրս ելայ, որովհետեւ ուզեցի փախչիլ կնիկիս ձեռքէն։ Ով որ իր կնիկէն կը փախչի, կայսրութիւն կրնայ հիմնել"։Էջ 40


"Պարթեւները ծունկի եկան իմ սուրացող բանակիս առջեւ, որուն արքան, ես ինքս, գրաւումներու համար չէի եկած, այլ պարզապէս փախած էի կնոջս ձեռքէն...Կնիկէն փախչող թագաւորի բանակին բուռն թափին առջեւ ոչ մէկ ոյժ կրնայ տոկալ"։Էջ 42

* Գրքի անուն։Հայ ժողովրդի ծննդեան 10000-ամեակի տօնակատարութիւնը (Հայոց երգիծական պատմութիւն)։

Գրող։ Սիմոն Սիմոնեան

Friday, December 12, 2008

ՆՈՐ ՏԱՐՈՒԱՆ ԸՆԴԱՌԱՋ

Երեւանի փողոցներում եւ խանութների ցուցափեղկերում մէկ շաբաթից աւելի է ինչ երեւացել են տօնածառեր, ձմեռ պապիկներ, զարդեր եւ այլն, որոնք յիշեցնում են Նոր Տարուայ գալստեան մասին։

Խանութների ցուցափեղկերին յայտնուել է ԶԵՂՉ բառը։Ես հագուստի խանութներում մինչեւ %50 տեսել եմ։

Ու մարդկանց խօսակցութիւնները հիմնականում այն կապակցութեամբ են, որ "վերջ, այս տարի որոշել եմ ոչ խոզի բուդ առնել, ոչ էլ ճոխ սեղաններ փռել, այս տարի լինելու եմ շատ համեստ, ես ու իմ ընտանիքը, մի մոմ ենք վառելու ու ..." ու նմանատիպ խօսակցութիւններ։Բայց սրտի խորքում բոլորն էլ գիտեն (դրանց մէջ նաեւ ես), որ մեղմ ասած իրենք իրենց խաբում են։

Մի քիչ էլ որ Ամանորը մօտենայ գնումների այնպիսի ալիք կը բարձրանայ, որ նկարագրել չի լինի։Անկախ այն բանից, որ հիւր կը գայ թէ ոչ, մենք սովոր ենք այդ գնումներն անել։Նոր Տարուայ գնումները մեր կեանքի մէկ մասնիկն են ու առնուազն ինձ համար ամենահաճելի մասնիկներից մէկը։

Այս օրերին Երեւանի փողոցներում քայլելն հաճելի է։ Մարդ լցւում է տօնական տրամադրութեամբ։

Պարզապէս մնում է յուսալ ու պայքարել, որ ոչ մի ծնող այս օրերին չխեղճանայ իր զաւակների մօտ։

Լաւ մնացէք։

Sunday, December 7, 2008

ԼՈՒԾՄԱՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ (2)

Խնդրի երկրորդ կողմն ինձ համար աւելի կարեւոր է, քան առաջինը։ Դա խնդրի բարոյահոգեբանական կողմն է։ Համալսարանը ուսանողի հետ հարց ունի, ուսանողն ուշացել է արաձանագրուել (որ իմ կարծիքով այդպէս չէ), այս ու այն սխալ գործն է արել, թող համալսարանը ուսանողի հետ լուծի հարցերը, օրինակ նրան աւարտական վկայական չտայ, ասի ընկեր ջան դու այսքան գումար պարտք ես համալսարանին, գնայ բեր յետոյ վկայականդ կը տամ կամ էլ մէկ այլ ձեւ, բայց Սփիւռքահայ ուսանողների տները ոստիկանութեան ներխուժումն էլ ո՞րն է, մարդկանց երկրից արտաքսելով սպառնալն էլ ո՞րն է։ Ախպէր ջան, էս մարդիկ իրենք իրենց ոտով գնում են, էլ պէտք չկայ արտաքսել։ Աւելին՝ Հայաստանահայերն են լքում երկիրը, ինչ մնացած Սփիւռքահայերը։

Մի քանի օր առաջ նայում էի ՄԱԿ-ի տուեալները։ ՄԱԿ-ը կանխատեսում է որ 2050 թուականին Հայաստանն ունենալու է 2400000 բնակչութիւն։ Այս է վկայում նաեւ Հայաստանում վերջերս կատարուած մի լուրջ ուսումնասիրութիւն։ Իշախանաւորներից մէկն այս մասին տեղեա՞կ է։ Մէկը գիրք, թերթ, վիճակագրական տուեալ, բան ման կարդու՞մ է։ Նախքան ուսանողների տները ներխուժելը մէկը մտածե՞ց, հաշուարկե՞ց դրա բարոյահոգեբանական կողմի մասին։ Այդ մէկը համալսարանների պատասխանատուներն են, թէ ՕՎԻՐ-ի, թէ ոստիկանութեան, թէ իշխանութեան այլ օղակների միեւնոյնն է։ Մտածեցին, որ այս երեխաները կը զանգեն իրենց ծնողներին ու նրանք էլ շրջապատ ունեն, բարեկամներ, հարազատներ, ընկերներ, ու ի՞նչ կը լինի այս քայլի ազդեցութիւնը այդ բոլորի վրայ։ Մտածեցի՞ն որ Հայաստանից ու հայութիւնից ինչ պատկերացում են տալիս մի քանի իշխանիկներ։ Մտածեցի՞ն հայերնադարձութեան մասին։ Թէ՞ հայրենադարձութեան մասին մի երկու խորհրդաժողովն էլ բաւական է։ Կամ չմտածեցին, կամ էլ թքած ունեն, կարեւորը մի քանի հարիւր հազար դոլար փողն է, որ մտաւ գրպանները։

Հարցը լուծուած է այն ժամանակ, երբ մէկ առ մէկ բոլոր Սփիւռքահայ ուսանողների գումարները վերադարձնեն ու յայտարարեն, որ սա եղել է չմտածուած քայլ։

Թէ չէ ես էլ եմ ասում, որ հարցը լուծուած է, որովհետեւ էլ ուսանող չի մնացել, որին կողոպտած չլինեն։ Ինչու՞ ինձ չեն հաւատում ու ինձ ծուռ ծուռ են նայում, չեմ հասկանում։

Պինդ մնացէք։

Saturday, December 6, 2008

ԼՈՒԾՄԱՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ (1)

“Լուծուեց Սփիւռքահայ ուսանողների հարցը, էլ հարց չկայ”։ Իշխանաւորներն ասում էին, ես չէի հաւատում։ Հիմա ասում եմ հաւատում եմ, ինձ ծուռ ծուռ են նայում։

Հաւատում եմ, որովհետեւ աչքովս եմ տեսել, ոստիկանութեան միջոցով ահ ու սարսափ ստեղծելով, Սփիւռքահայ ուսանողների տները ներխուժելով, նրանց երկրից արտաքսելով սպառնալով, իշխանական տարատեսակ օղակները խլեցին ուսանողների փողերը (Նոր Տարիյա էլի, մարդիկ ծախս ունեն կամ էլ հաւանաբար մէկի տղայի ծնունդն էր, պիտի նշէին) եւ հիմա արդէն մէկ ուսանող էլ չկայ, որ այդ գումարը վճարած չլինի։ Ես էլ եմ ասում հարցը լուծուած է։ Ինչու՞ են ինձ ծուռ ծուռ նայում։

Սկզբից էլ ասացի այս խնդիրը երկու կողմ ունի։

Առաջինը նիւթականն է։ Ասում են ուսանողները կեցութեան արտօնութիւն ստանալու համար ժամկէտից ուշ են դիմել, ըստ օրէնքի պիտի տուգանուեն։ Համաձայն եմ, ով որ օրէնքը խախտում է պիտի տուգանուի (չգիտեմ այս նախադասութիւնն ասելիս ինչու միանգամից Նորուեգիան յիշեցի, մէկ էլ Շուեցարիան ու մէկ էլ օրէնքի օրինակելի երկիր Հայաստանը)։

Սակայն հետաքրքիր է իմանալ, որ ինչպէ՞ս միանգամից երկու երեք հազար ուսանող (խօսւում է նաեւ հինգ հազարի մասին) ուշ են գնացել համալսարան ու պիտի տուգանուեն։ Ինչպէ՞ս բոլորը միասին ուշացան։ Ինչու՞ անցեալ տարիներում չէին ուշանում։ Համալսարանից կուշանայ մէկը, հինգը, տասը, հարիւրը, բայց չեն ուշանայ միանգամինց բոլորը։ Եթէ արձանագրման ժամկէտները փոխուել են, համալսարաններն ինչու՞ ուսանողներին տեղեակ չեն պահել։ Համալսարաններն ուսանողների նկատմամբ որեւէ պարտականութիւն չունե՞ն։ Թէ՞ այս ուսանողներն այնքան կազմակերպուած են, որ մի քանի հազար հոգով որոշեցին ուշ գնալ համալսարան։

Աւելին, մի ծնող, որ իր երեխային ուղարկել է Հայաստան ուսանելու, անկախ այն բանից որ ինչու է ուղարկել, արդեօք տառապում է հայրենիքի կարօտից թէ երեխան իր բնակած երկրում համալսարան չի ընդունուել թէ ինչ, եթէ հինգ վեց տարի տան վարձ է տալիս ու ուտել խմելու փող ու տարին երկու երեք հազար դոլար ուսման վարձ ու այդ տարիների ընթացքում էլ գոնէ մի երկու անգամ ինքն է այցելում երեխային, գոնէ մի երկու անգամ էլ երեխան է գնում իր ծննդավայրը այցելելու ընտանիքին, ու այդ տարիների ընթացքում էլ ինչքան սիրտդ ուզի հարկադրւում է կաշառք տալ, ի վիճակի է վճարելու նաեւ այդ յիսունից հարիւր հազար դրամ ապօրինաբար գանձուող գումարը։ Սակայն յիշէք, որ այդ գումարները գանձուել են ապօրինաբար։

Friday, November 28, 2008

ԱՐՏԱՔՍԵԼՈՎ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁԵԼ

Իմ կարծիքով հայրենադարձութեան խրախուսման ամենալաւ ձեւը Սփիւռքահայ ուսանողներին Հայաստանում կողոպտելն է ու նրանց երկրից արտաքսելը։ Մանաւանդ Հայաստան հիմնադրամի տելետոնի օրը։ Այսինքն ճիշտ այն ժամանակ, որ Սփիւռքահայերը երեսուն հինգ միլիոն դոլար էին նուիրաբերում հայրենիքին։ Նոր բան չասացի։ Ասացի պարզապէս այն ձեւն ինչ այսօր կիրառում են Հայաստանի իշխանաւորները։

Խորապէս համոզուած եմ, որ այս ձեւը մեծապէս կը խթանի հոծ թուով Սփիւռքահայ երիտասարդների ոչ թէ Հայաստանից գնալուն (ինչպէս տեղի է ունենում այսօր), այլ հակառակը՝ նրանք շարք կը կանգնեն Հայաստանի համալսարանների առջեւ։

Բացատրեմ։

Սփիւռքահայ եւ օտարահպատակ ուսանողները Հայաստանում ուսանելու համար կեցութեան արտօնութիւն պէտք ունեն (visa), որի համար ԲՈՒՀ-երը (բարձրագոյն ուսման հաստատութիւններ) մինչեւ Հոկտեմբեր ամիսը հաւաքում են նրանց անցագրերը (Passport) եւ յանձնում պատկան հաստատութիւն՝ վիզաների վարչութեան բաժին կամ հանրահայտ ՕՎԻՐ։ Նրանք էլ մէկ տարուայ ժամկէտով կեցութեան արտօնութիւն են տրամադրում այդ ուսանողներին։

Այս տարի ոմանք (ԲՈւՀ-երը՞, ՕՎԻՐը՞, իշխանական այլ օղակնե՞ր, բոլորը միասի՞ն) որոշում են որ դա տեղի պիտի ունենայ մինչեւ Օգոստոսի 20-ը։ Բայց ոչ մէկը ուսանողներին տեղեակ չեն պահում։ Ուսանողներն էլ անտեղեակ այն բանից, ինչ պիտի գայ իրենց գլխին վերադառնում են իրենց ընտանիքների մօտ։

Եւ ահա վերադառնալով Երեւան մէկ էլ տեղեկանում են, որ կեցութեան արտօնութեան համար դիմելու ժամկէտն աւարտուել է, այն այս տարի որոշուել է Օգոստոսի 20-ը, ուստի պիտի տուգանք վճարեն 50000-100000 դրամ։ Իսկ թէ այս չափը ո՞վ է որոշում եւ ինչի՞ հիման վրայ է որոշում, մնացած հարցերի նման մնում է առեղծուածային։ ՕՎԻՐ-ն ասում է ուշ էք դիմել, պիտի տուգանուէք, համալսարաններն ասում են ժամկէտն աւարտուել է։

Եւ սրան յաջորդում է միւս շատ գեղեցիկ քայլը։ Ոստիկանները արդէն մէկ շաբաթից աւելի է ինչ մտնում են ուսանողների տները եւ նրանցից պահանջում գումար, չտալու դէպքում սպառնում են դեպորտ անել երկրից (արտաքսել)։

Խօսքը նուազագոյնը 2000 ուսանողի մասին է։ Նուազագոյնը 2000 ուսանող * նուազագոյնը 50000 դրամ այսինքն 100000000 (հարիւր միլիոն դրամ), այսինքն մօտաւորապէս 335000 դոլար (երեք հարիւր երեսուն հինգ հազար դոլար)։ Մեծ թիւ չի, բայց խոստովանէք ոչնչից աւելի լաւ է, երբ կարելի է չեղած տեղից երեք չորս հարիւր հազար դոլար փող աշխատել, այն էլ տնտեսական միջազգային ճգնաժամի պայմաններում, վատ չի էլի։

Այլ կերպ ասած Սփիւռքահայ ուսանողին ծնողներն ուղարկել են հայրենիք ուսանելու, ոչ միայն նրանից մի քանի անգամ աւելի վարձավճար են գանձում քան Հայաստանցի ուսանողից, ոչ միայն համալսարաններում առիթով ու անառիթ կաշառք են վերցնում նրանցից, ոչ միայն չեղած տեղից կեցութեան արտօնութեան համար տուգանք են գանձում, այլ նաեւ նրանց սպառնում են երկրից արտաքսել։

Լաւ է, հայրենադարձութեան խրախուսման հրաշալի ձեւ։

Մտածում եմ, եթէ ուսանողները սխալ են (որ բացարձակապէս այդպէս չէ, բացարձակապէս), հնարաւոր չէր պատժի այլ կերպ ընտրել, օրինակ ուսանողին ասել, որ եթէ այս եւ այլ գումարները չվճարես, համալսարանն աւարտելուց յետոյ քեզ վկայական չենք տայ, կասենք այսքան այս համալսարանին պարտք ես, գնայ բեր, յետոյ վկայական կստանաս, այլ խօսքով այդքա՞ն անհրաժեշտ էր ու է ոստիկաններով սարսափի մթնոլորտ ստեղծել ու սպառնալ, որ երկրից նրանց վտարելու են։

Ինչ հրաշալի պետական մտածողութիւն...ապշած եմ։

Tuesday, November 25, 2008

ՀԵՄ-Ի 15-ԱՄԵԱԿ

Երեկ Երեւանի "Տիկնիկային տանը" տեղի ունեցաւ Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական Միութեան հիմնադրութեան 15-ամեակին նուիրուած միջոցառում։

Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի անունից ես խօսք ասացի։Ստորեւ իմ խօսքը.-

"Յարգելի՜ ներկաներ,
Սիրելի՜ ընկերներ,

Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի անունից շնորհաւորում եմ Հայաստանի Երիտասարդական Միութեան հիմնադրութեան տասնըհինգ ամեակի կապակցութեամբ։

Հ.Ե.Մ.-ի տասնըհինգ ամեակի կապակցութեամբ պատրաստուած տեսաերիզը խօսում է միութեան անցեալի մասին։ Ես ուզում եմ անդրադառնալ Հ.Ե.Մ.-ի անելիքներին։

Հայաստանի Երիտասարդական Միութեան գլխաւոր գործը, գլխաւոր նպատակն այսօր պիտի լինի արժէքային յեղափոխութիւնը։ Մեզ այսօր անհրաժեշտ է յեղափոխութիւն մեր ժողովրդի մտայնութեան մէջ, յեղափոխութիւն արժէքներում։

Հին, քարացած, վնասակար, վտանգաւոր ու յետադիմական մտքերն ու արժէքները պիտի փոխարինուեն նոր յառաջադիմական արժէքներով։ Դրա ջահակիրը պիտի լինի երիտասարդութիւնը։ Երիտասարդութեան մէջ դաշնակցական երիտասարդները։

Պիտի պայքարել հաշտուողականութեան ու յարմարուողականութեան դէմ։ Պիտի մարդկանց ներշնչել, որ մեր կեանքում փոփոխութիւնը կախուած է ոչ թէ անընդհատ դժգոհելուց, ոչ թէ անընդհատ սրան ու նրան մեղադրելուց ու մեր յոյսը սրա ու նրա վրայ դնելուց, այլեւ մեզանից իւրաքանչիւրի գործից, մեզանից իւրանաքնչիւրի աշխատանքից։

Եթէ ամէն մի քայլափոխի հանդիպում ենք անարդար երեւոյթների, այդտեղ, սիրելի հեմականներ, դուք անելիք ունէք։

Եթէ մեր երիտասարդութեան մեծամասնութիւնը վիճակագրական տուեալների հիմամբ չի մասնակցում քաղաքական ու քաղաքացիական գործունէութեան, այսինքն չի մասնակցում երկրի ու իր անձի ճակատագրի ձեւաւորման գործընթացներին, այդտեղ դուք անելիք ունէք։

Եթէ ցեղասպան Թուրքիայի Նախագահն է այցելում Հայաստան ու երիտասարդութեան ու ուսանողութեան ջախջախիչ մեծամասնութիւնը ծպտուն անգամ չի հանում, այդտեղ դուք անելիք ունէք։

Եթէ մեր կանանց մէկ քառորդից աւելին ֆիզիքական ու հոգեբանական
բռնութեան է ենթարկւում տղամարդկանց կողմից, այդտեղ դուք անելիք ունէք։

Եթէ կաշառքն ու կաշառակերութիւնը ճարպիկութեան նշան են համարւում, դրանք են դառնում արժէք ու մեր ժողովուրդը հաշտւում է դրանց հետ, դուք անելիք ունէք։

Դուք պիտի պայքարէք այդ երեւոյթների դէմ, դուք պիտի նոր արժէքներ մտցնէք մեր ժողովրդի արժէհամակարգում, դուք պիտի ապացուցէք, որ այլ կերպ էլ հնարաւոր է ապրել։

Դուք պիտի պայքարէք սովորամոլութեան դէմ։ Պիտի խուսափէք անընդհատ կրկնուելուց, ուստի եւ տափականալուց։ Պիտի լինէք համարձակ, յանդուգն, խիզախ։

Մեր նպատակը արդարութիւնն է։ Արդարութիւն ե՜ւ երկրի ներսում, որպէսզի Հայաստանի Հանրապետութեան ցանկացած քաղաքացի իրեն հպարտ զգայ, որ ապրում է իրաւական ու արդար երկրում, եւ արդարութիւն միջազգային մակարդակում՝ հայոց ցեղասպանութեան ճանաչման ու վնասից հատուցման կապակցութեամբ։

Դուք այդ պայքարի ջահակիրը պիտի լինէք։

Տասնըհինգ ամեակի ամենալաւ նուէրը ձեզ, կարծում եմ, ընդամէնը մի քանի օր առաջ Հրազդանում բացուած Երիտասարդական Կենտրոնն է։ Այդ կենտրոնը մեծ հնարաւորութիւն է ընձեռում ընդլայնելու ձեր աշխատանքները, շարունակելու Դաշնակցութեան սուրբ գործը։ Շնորհաւորում եմ ձեզ նաեւ այդ կապակցութեամբ եւ յուշում, որ դուք պիտի խուսափէք ինքներդ ձեր մէջ պարփակուելուց, դուք պիտի բացուէք դէպի հասարակութիւն, դէպի երիտասարդութիւն, տարածէք Դաշնակցութեան գաղափարները, ոգի ու յոյս ներշնչէք երիտասարդութեան եւ հաւաստիացրէք, որ մեր կեանքի փոփոխութեան բանալին մեզանից իւրաքանչիւրի ձեռքում է, մեր միասնութեան մէջ է։

Այսօր դաշնակցական երիտասարդութեան յեղափոխականութիւնը պիտի ուղղուած լինի մտքերն ու արժէքները յեղափոխելուն։

Պինդ մնացէք"։

Tuesday, November 18, 2008

ՎԱՂՈՒԱՅ ՕՐԸ (4)

Ի՞նչ անեմ ես։ Համբերեմ։ Բայց ինչքա՞ն ու ինչպէ՞ս։ Ծեծեմ։ Բայց նկարագիրս ու դաստիարակութիւնս թոյլ չի տալիս։ Ընտրեցի երրորդ ճանապարհը։

Յաջորդ օրը ճաշից յետոյ ժամը 4:00-ի մօտերը զանգեցի տուեալ անշարժ գոյքի գործակալութեանն ու յայտնեցի, որ տան տիրոջը տեղեակ պահեն, որ համաձայն մեր միջեւ կնքուած պայմանագրի այսինչ կէտի՝ ես բեկանում եմ պայմանագիրը եւ վերադարձնում բնակարանը։ Մէկ ժամ յետոյ զանգեց տան տէրը՝ չափազանց զարմացած, որ “Սարգիս ջան, ցաւդ տանեմ, ասացի չէ վաղը կը լինի”։ Պատասխանեցի, որ որոշումս չեմ փոխում եւ ինքը ցանկութեան դէպքում այդ վաղը կարող է գալ անհրաժեշտ աշխատանքները կատարել պարզապէս յաջորդ տնուորի համար, իսկ ինձ այլեւս ոչ ջրատաքացուցիչ սարք է պէտք, ոչ տաք ջուր, ոչ էլ ջեռուցում։

Այդպէս էլ մինչեւ վերջ ես չտեսայ տան տիրոջ խոստացած վաղուայ օրը։

Ի՞նչ կապ ունի այս պատմութիւնը գրութեանս առաջին տողում հնչած հարցադրման հետ։

Արդէն տարիներ է ինչ քաղաքական գործիչներից` էլ իշխանական, էլ ոչ իշխանական, էլ պետական այրեր եւ այլք շատ ենք լսում, որ երկրի վաղուայ օրը լաւ է լինելու։ Այդ օրն էլ դեռ չենք տեսել։ Հասարակութիւնում առկայ դժգոհութիւնն ու բողոքը քիչ չէ՝ դատական համակարգից սկսած միչեւ կրթական համակարգ ու այդտեղից էլ առողջապահութեան համակարգ ու ..որն ասեմ։ Արտաքին քաղաքականութեան ոլորտում էլ ականատեսն ենք վերջին փայլատակումներին։

Իմ շէնքի դիմացը մի 16 յարկանի բարձրայարկ շէնք կայ։ Պատուհանից նայում եմ։ Շաբաթներով, կրկնում եմ շաբաթներով աղբը չեն տանում։ Վերեւի յարկերից աղբը քցում են աղբատար խողովակի մէջ, գալիս հաւաքւում է ցածը ու քանի որ թաղապետարանը աղբահաւաքման աշխատանքները ըստ պատշաճի չի կազմակերպում աղբը կուտակւում է, թափում փողոցը ու այնքան առաջ գալիս որ արդէն խանգարում է երեթեւեկութեանը։ Աղբատար խողովակին կից բնակարաններ կան։ Երեխաները խաղում են փողոցում։ Աղբատար խողովակը շէնքի մուտքի մօտ է։ Օրական տասնեակ մարդիկ դրանց կողքով բարձրանում են ու իջնում։ Աղբը խողովակում կուտակուելով բարձրանում է չորրորդ, հինգերորդ յարկեր։ Առնետներ են վազում։ Ահաւոր հոտ է գալիս։ Եթէ այդ պատկերն ինձ հեռուստացոյցով ցոյց տան ես կը ենթադրեմ որ դա կամ Աֆղանիստանի մարզերի վիճակն է կամ Աֆրիկեան մի ինչ որ յետամնաց քաղաքի։ Բայց սա Երեւանն է։ Արաբկիր թաղամասը,որն համարւում է Կենտրոնից յետոյ ամենաթանգն ու էլիտարն ու չգիտեմ ինչը։ Եւ հայերն էլ շինարար ազգն այս աշխարհի...(բարեբախտաբար մեր շէնքի ու այդ շէնքի միջեւ ապօրինի գարաժներ են կառուցել, թէ չէ աղբը մեզ էլ կը հասնէր)։
Ասում են վաղը լաւ կը լինի։

Ե՞րբ է գալու այդ վաղուայ օրը։ Չգիտեմ, բայց մտահոգ եմ, յանկարծ չպատահի, որ դա էլ իմ տան տիրոջ տուած խոստման նման լինի ու ոչ թէ մենք, այլ նոյնիսկ մեր ապագայ սերունդները չտեսնեն այդ վաղուայ օրը։

Դրա համար էլ ինչպէս անցեալ շաբաթ օրը երիտասարդների համար կարդացածս դասախօսութեան ընթացքում ասացի, այսօր Դաշնակցութեան յեղափոխականութիւնը պիտի ուղղուած լինի մեր ժողովրդի մշակութային ու արժէքային համակարգը յեղափոխելուն։ Մեզ մշակութային յեղափոխութիւն է պէտք։ Յեղափոխութիւն արժէքներում։

Պինդ մնացէք։

* 2002 թուականին Վաղարշեան փողոցի վրայ մի բնակարան վարձեցի։ Տանտիրոջը հարցրի ջրի վիճակի մասին։ Ասաց՝ «ի՞նչ, ջրի ճնշու՞մ, սա Երեւանի եզակի վայրերից է, որ ջրի յատուկ գծի վրայ է, 24 ժամ ջուր կայ այն էլ ջրհեղեղի նման»։ Մի խօսքով այդ բնակարանը վերադարձրի երեք ամիս յետոյ քանի որ ջրի յատուկ ու եզակի գծի վրայ գտնուող շէնքը ջուր ունէր գիշերուայ ժամը 1:00-ից առաւօտուայ ժամը 5:00-ը։ Մարդը սուտ չէր ասել։ Ես էի սխալ հասկացել։ Իսկ այդ ընթացքում էլ, երբ տանտիրոջը զանգում ու բողոքում էի ջրի մասին պատասխանում էր, որ ապշած է, “անպայման վթար է պատահել”։ Հէնց այդպէս էլ այդ “վթարը” չվերացաւ։

Յ.Գ.։ Այս գրութիւնը գրելու պահին չգիտեմ ինչու յիշեցի բարեկամներիս՝ Նժդեհին ու Հերմինէին ու նրանց որդի Մենուային, որոնք հինգ տարի ապրեցին Հայաստանում ու ... թռան ԱՄՆ։ Ի՞նչ կապ ունի։ Չգիտեմ։

Monday, November 17, 2008

ՎԱՂՈՒԱՅ ՕՐԸ (3)

Յիսուն գումարած տաս, մի խօսքով վաթսուն օր հեռախօս եւ միեւնոյն պատասխանը՝ “Սարգիս ջան, էսօր պռոստը վարպետի համար (յետոյ արդէն իմ համար, խնամուս համար, զոքանչիս համար ու քանի որ Հայաստանում էլ մարդ չմնացած, հասաւ համաշխարհային մակարդակի՝ Բուշի համար, էս վերջերն էլ Օբամայի համար գործ է պատահել), դու հարց չունես, ցաւդ տանեմ, ասել եմ քեզ չէ, վաղը, վաղը կը լինի”։

Այդ ընթացքում մէկ անգամ այցելեցի տուեալ անշարժ գոյքի գործակալութիւնը, նկարագրեցի իրավիճակը եւ յայտնեցի, որ այսպէս շարունակուելու դէպքում բնակարանը վերադարձնելու եմ։ Ի՞նչ օգուտ։

Մէկ շաբաթ առաջ քանի որ օդը ցրտել է (Երեւանում գիշերները հասնում է զըրօ աստիճանի), միացրի ջրատաքացուցիչ սարքը։ Յանգաւ։ Այսինքն սարքը դադարեց աշխատելուց։ Ջանքերս այն վերակենդանացնելու ուղղութեամբ արդիւնք չտուեցին։ Արդէն ոչ տաք ջուր կայ, ոչ էլ ջեռուցում։ Զանգեցի տան տիրոջը խնդրելով կապուի սարքը վաճառող ընկերութեան սպասարկման բաժին, քանի որ երաշխիքային ժամկէտը չի վերջացել։ “Սարգիս ջան, վաղը կը զանգեմ”։ Չզանգեց։

Ես զանգեցի սպասարկման բաժին։ Հեռախօսով մի քանի բան ասացին, չեղաւ, ասացին ուրեմն սարքի հետ կապ չունի, տան մէջ այսինչ բանը պիտի անէք։ Կապուեցի տան տիրոջը, “Սարգիս ջան, ի զուր է խօսում, ես քեզ տաս րոպէից կը զանգեմ”։ 24 ժամ յետոյ, այսինքն յաջորդ օրը կրկին ես զանգեցի։ “Սարգիս ջան, էսօր կը լինի”։

Յաջորդ օրը կրկին ես զանգեցի։ Հարցրեց օրուայ ընթացքում, երբ ես կարող տանը լինել։ Պատասխանեցի՝ երբ որ դու ասես։ Պայմանաւորուեցինք։ Մի տղայ պայմանաւորուած ժամից մէկ ժամ քառասուն րոպէ ուշացումով եկաւ, նայեց, կրկնեց սպասարկման բաժնի մարդու խօսքերն ու գնաց։ Տան տիրոջը տեղեակ պահեցի։ “Վաղը կանեմ”։

Առաւօտեան 9:30-ին կացուեցի տան տիրոջը եւ յիշեցրի։ Ասաց օրուայ ընթացքում կը զանգեմ քեզ։ Ճաշից յետոյ ժամը 3:00-ին կրկին կապուեցի։ Զանգ գնաց։Վերցնող չկայ։ Կրկին զանգեցի։ Մի կին վերցրեց։ Ասացի ես ով եմ եւ ինչ գործ ունէմ։ Ասաց, որ ամուսինը բջջայինը թողել է տանը։ Խնդրեցի փոխանցել պատգամս։Մի երկու ժամ յետոյ տանտէրս կապուեց ու ասաց մինչեւ գիշեր հարցը լուծուելու է։

Յաջորդ օրը մտածում էի ինչ անել։
Երեք ճանապարհ հասաւ խելքիս։
1.- Սպասեմ։ Սպասեմ այնքան մինչեւ այդ վաղուայ օրը գայ։ Սակայն դա նշանակում էր անյայտ ժամանակով չունենալ տաք ջուր ու ջեռուցում։

2.- Տանտիրոջը ծեծեմ։

3.- “Մեհռամ հալալ, ջունամ ազատ”։ Ի՞նչ է նշանակում սա։ Իրանում երբ մի տղայ ու մի աղջիկ ամուսնանում են, ամուսնութեան վկայականում նշւում է, որ տղան ապահարզան տալու պարագային այսքան գումար կամ իր պիտի տայ աղջկան։ Դա կոչւում է “մեհռիյէ”։ Սա աղջկայ համար մի տեսակ ապահովագրութիւն է, որպէսզի բաժանուելու պարագային առանց նիւթական միջոցների փողոցում չյայտնուի։ Իսկ այդ գումարը կամ իրը կարող է լինել մի հատոր Ղուրան կամ տներ ու գործարաններ ու ոսկիներ եւ այլն։ Նայած ամուսնացողների (տղայի) նիւթական կարողութիւնից ու իրար նկատմամբ ունեցած վստահութիւնից։ Սակայն պատահում է, որ տանը աղջկայ համար ստեղծւում է անտանելի վիճակ։ Աղջիկն ուզում է բաժանուել, տղան էլ ամուսնութեան վկայականով յանձն առած գումարը չունի կամ չի ուզում վճարել։ Աղջիկն էլ տեսնելով վիճակն ասում է “մեհռամ հալալ, ջունամ ազատ”, որ նշանակում է հրաժարւում եմ այն ինչից, որ գրուած է ամուսնութեան վկայականում, պարզապէս թողէք ջանս, այսինքն կեանքս ազատ լինի։

Sunday, November 16, 2008

ՎԱՂՈՒԱՅ ՕՐԸ (2)

18-ին զանգեցի ու այցելեցի։ Որեւէ բան արուած չէր։ Իսկ տան տէրն էլ “բարեացակամօրէն” բնակարանի բանալիները ինձ էր յանձնում։ Մերժեցի եւ մէկ անգամ եւս պահանջեցի արագացնեն, քանի որ ես այլեւս ժամանակ չունէի։ “Վաղը ապէր, վաղը”։

19-ի երեկոյեան պատկերը նոյնն էր։

20-ին նոյն պատկերի ներքոյ, սակայն արդէն ճարահատուած իրերս տեղափոխեցի մի բնակարան, որտեղ կիսատ մնացած գործեր կային ու տան տէրն էլ երդուելով երդւում էր, որ “հարց չկայ, այսօր պարզապէս վարպետը չգիտեմ ինչ է եղել, վաղը ամէն ինչ կը լինի”։

Բարեբախտաբար ճակատագիրը միշտ չէ, որ մարդու նկատմամբ դաժան է։ Այդ բնակարանը տեղափոխուելուց ընդամէնը մի չորս օր յետոյ անձնական գործերի պատճառով կինս ու տղաս ճամբորդեցին Իրան (չարժանանալով այդ բնակարանի վաղուայ օրը տեսնելու բախտին)։

Շատ չերկարացնելու համար ասեմ, որ բացի առաջին տաս օրը, յիսուն օր տեւեց մինչեւ ի վերջոյ չվարպետները ժամանեցին ու կիսատ մնացած գործերը արեցին։ Ասում եմ չվարպետները, որովհետեւ երկու հոգի էին, որոնք թէ ջրի խողովակն էին սարքում, թէ հեռուստացոյցի ալեկալն էին տեղադրում, թէ դռան կողպէքն էին նորոգում, թէ լուստրաներն էին կախում, մի խօսքով անում էին ամէն բան։ Գալիս էին երեկոյեան ժամը 6:30, մեծ հաւանականութեամբ մի հիմնարկում աշխատանքն աւարտելուց յետոյ, աշխատում էին մի քիչ, յետոյ պարզում էին, որ կէս մետր լար պակաս է ու քանի որ խանութներն այդ ժամին այլեւս փակ են...ուրեմն վաղը։

Saturday, November 15, 2008

ՎԱՂՈՒԱՅ ՕՐԸ (1)

Ես մտահոգ եմ մեր երկրի վաղուայ օրուայ կապակցութեամբ։ Ինչու՞։ Ասեմ՝ օրինակով։

Օգոստոսի 10-ին անշարժ գոյքի գործակալութիւններից մէկի միջոցով վարձակալեցի բնակարան։ Բնակարանը ինչպէս Հայաստանում ընդունուած է ասել եւրոնորոգած էր, որ նշանակում է նորոգած էր, էլ ինչու են ասում եւրօնորոգած եւ թէ եւրօն ինչ է այդ բառակապակցութիւնում՝ չգիտեմ։ Ընդամէնը մնացել էր որոշ թեթեւակի գործեր, ինչպէս օրինակ տան ճրագների կախելը։ Ճրագներ ասելով նկատի ունեմ սովորական լամպ (lamp) եւ ոչ թէ լուստրա։

Նախքան բնակարանի վաձակալելը հետաքրքրուեցի ջրի վիճակի մասին, այն է ջուր քսանչորս ժամ կայ թէ ոչ եւ ընդհանրապէս ինչպէս է ջրի ճնշումը։ Տանտէրը ծիծաղեց եւ պատասխանեց, որ “բնակարանի նորոգութեան ժամանակ իրենք պարտաւորուել են մի քանի օր աշխատանքները դադարեցնել նկատի ունենալով, որ ջրի ճնշումն այնքան շատ է, որ ջրհեղեղի է նմանւում”։ Ի վերջոյ դիմել են համապատասխան ծառայութիւններ, որպէսզի մի քանի ժամով ճնշումը պակսեցնեն, որպէսզի իրենք կարողանան աւարտել նորոգման աշխատանքները։ Պարզ է չհաւատացի*։ Ծորակը բացեցի։ Ջուրը գալիս էր կաթիլ կաթիլ։ Հարցրի պատճառի մասին։ Ասացին տեսնես ինչ է պատահել, բացառութիւն է։ Պարզ է չհաւատացի։ Ուրախ էի միայն, որ թէկուզեւ կաթիլ կաթիլ, սակայն առնուազն ջուր կայ։ Խոստացան, որ եթէ մէկ երկու օրից ջրի ճնշումը «չբնականոնանայ» կը գան կը վերացնեն թերութիւնները։

Պայմանաւորուեցինք, որ ամսի 20-ին բնակարանը վերջնականապէս պատրաստ կը լինի ու ես կը կարողանամ այդ օրը տնափոխուել, քանի որ նախկին բնակարանս մինչ այդ պէտք է յանձնէի։

Բնակարանի տէրը “բարեացակամօրէն” պատրաստակամութիւն յայտնեց, որ բնակարանի բանալիները հէնց այդ օրն էլ յանձնի ինձ, որպէսզի եթէ պիտի իրերս տեղափոխեմ ժամանակի առումով դժուարութիւն չունենամ։ Պարզ է մերժեցի պահանջելով, որ բնակարանում կիսատ մնացած գործերն աւարտի ու բանալիները յանձնի։

Ասաց` “հարց չկայ ապէր”։

Ամսի 17-ին այսինքն պայմանաւորուածութիւնից եօթ օր յետոյ զանգեցի տան տիրոջը եւ այցելեցի բնակարան։ Որեւէ բան արուած չէր։ Մտահոգուեցի։ Հարցրի, որ գործերը երբ են լինելու։ Պատասխանեց՝ “Վաղը։ Ամէն բան եղած է, պարզապէս միացումներն են մնացել ու տեղադրումները, մի երկու ժամուայ գործ է։ Ի դէպ բանալիները կարող ես վերցնել ու իրերդ տեղափոխել”։ Կրկին մերժեցի պահանջելով, որ արագացնեն։

Friday, November 14, 2008

$280 + ՅՈՅՍԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Անցեալ Կիրակի օրը գնացի աւտօշուկայ։ Վերջին անգամ աւտօշուկայ էի գնացել 2002 թուականին։ Երեւանում աւտօշուկայ ասելով հասկանում են Էրեբունի թանգարանի մօտ գտնուող շուկան, թէեւ ներկայիս պատկերը փոխուել է եւ ոչ միայն կան քաղաքի տարբեր մասերում գտնուող շուկաներ, այլ նաեւ աւտօսրահներ, որտեղից հնարաւոր է ձեռք բերել նոր մեքենաներ։

Այն ժամանակ այն թանգարանի մօտ գտնուող ընդամէնը մի փոքր տարածքում էր։

Ներկայիս յիշեալ տարածքից բացի, այդ տարածքի դիմացը գտնուող մի այլ տարածքում, ինչպէս նաեւ դէպի այդ տարածքը գնացող ճանապարհի երկու երկայնքով եւ Էրեբունի թանգարանին կից այլ փողոցներում էլ կանգնած էին մեքենաներ, տեսակ տեսակ, հին ու նոր, տարբեր վիճակի ու գների։

Իմ հետաքրքրութիւնը գրաւեց երկու մեքենայ։

Մէկը 1982 թուականի ինչպէս ասում են “Ջորի”, որի արժէքը $280 էր։
Յիշում եմ 2002 թուականին էլ նմանատիպ մի մեքենայ տեսել էի, որի գինը $300 էր (արդե՞օք նոյն մեքենան էր, որը վեց տարուայ ընթացքում $20 արժէքն իջել էր)։ Սա ինձ հետաքրքրեց արժէքի առումով։

Երկրորդը մի 024 էր։ Իմ կարծիքով այդ մեքենայի տիրոջ արձանը պիտի Երեւանում կանգնեցնել որպէս յոյսի խորհրդանիշ։ Մեքենան մօտաւորապէս չժանգոտած ու չխփած տեղ չունէր։ Եթէ նոյնիսկ ամբողջ մի խումբ մի քանի օր ուսումնասիրէին այդ մեքենան որեւէ չժանգոտած ու չխփած տեղ դրա վրայ չէին գտնի։ Արժէքը $2400։ Նայում էի մեքենային ու ինքս իմ մէջ մտածում, որ այս մեքենայի տէրը ինչ յոյսով է այն բերել շուկայ եւ արդեօք ո՞վ եւ ի՞նչ նպատակով պիտի գնի այս մեքենան։ Տէրը հաւանաբար առաջնորդուել էր “յոյսը վերջինն է մեռնում” ասացուածքով։

Հայաստանի նման երկրներում դժուարութիւնը կայանում է նրանում, որ չկան մեքենայաշինական գործարաններ, որոնք այդ արդէն շարքից դուրս եկած մեքենաները գնեն ու ձուլեն եւ դրանց փոխարէն մեքենայտէրերին ապառիկով նոր մեքենաներ վաճառեն։ Հնացած ու շարքից դուրս եկած մեքենաների տէրերն էլ մանաւանդ, եթէ փող չունեն, ընկնում են կրակը, ոչ կարողանում են նորը գնել, ոչ էլ կարողանում են հինը վաճառել։

Հասարակութիւնն էլ վայելում է այդ մեքենաների ոչ միայն անշուք տեսքը, այլ դրանցից արտանետուող թունաւոր գազերը, որոնք ապականում են մթնոլորտը՝ վտանգելով մարդկանց կեանքը։

Լաւ մնացէք։

Saturday, November 8, 2008

ԽՈՀԵՐ ՕԲԱՄԱՅԻ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ԱՌԻԹՈՎ

Օբամայի ընտրութիւնը որպէս ԱՄՆ-ի Նախագահ առայժմ ամենուրէք մնում է քննարկման առարկայ։ Քննարկումները գնում են յատկապէս խնդրի քաղաքական եւ միջազգային յարաբերութիւնների ոլորտների վերաբելեալ։ Երեւոյթն այնպիսին է, որ հէնց այդպէս էլ պիտի լինէր։ Օբամայի ընտրութեան ու դրան յաջորդած իրադարձութիւնների լոյսի տակ մի քանի մտքեր էլ իմ մօտ առաջացան, որոնցից ահաւասիկ երեքը։

1.- Օբամայի ընտրութեան առիթով Քենիայում յայտարարուեց մէկ օր արձակուրդ։

Մտածում եմ տարբերութեան մասին, հոգեբանութեան ու մտածողութեան տարբերութեան մասին։ Օրինակ աւելի լաւ չէր լինի, որ Քենիայի ղեկավարները մէկ օր արձակուրդի փոխարէն յայտարարէին, “սիրելի ժողովուրդ, Change մեր մտածողութեան ու ապրելակերպի մէջ, հետեւաբար այսօրուանից օրը ութ ժամ աշխատելու փոխարէն պիտի աշխատենք տաս ժամ, որպէսզի մի քիչ զարգանանք, մի քիչ յառաջադիմենք։ Մեզ համար էլ թող օրինակ ծառայի Օբաման ու իր աշխատասիրութիւնը”։

Ի միջի այլոց նշեմ, որ եթէ Նախագահը կիսաիրանական ծագում ունենար, Իրանում կը յայտարարուէր մէկ շաբաթեայ տօնախմբութիւն։

Մտածում եմ մտածողութեան ու հոգեբանութեան մասին։

2.- Օբաման ԱՄՆ-ում ծնուած կիսաքենիական առաջին սերնդին է պատկանում։ Մենք՝ հայերս, արդէն ունենք ԱՄՆ-ում ծնուած երրորդ սերունդը։ Հարցին բացառուած է նայել այն տեսանկիւնից, որ սա քենիական համայնքի աշխատանքի արդիւնքն է։ Ենթադրում եմ, որ մենք շատ աւելի կազմակերպուած ենք, քան քենիական համայնքը ԱՄՆ-ում եւ բացառում եմ, որ սա ընդհանպապէս նման բաների հետ կապ ունի։Սակայն մտածում եմ, որ Ամերիկահայութեան համար ժամանակը՞ չէ մտածել եթէ ոչ ԱՄՆ-ի նախագահութեան, ապա առնուազն պետական ոլորտում բանալի տեղերի մասին։ Կամ աւելի ճիշտը, եթէ մենք նման խնդիր մեր առջեւ դնենք, ի՞նչ խոչընդոտների կը հանդիպենք եւ ինչպէ՞ս ենք կարող վերացնել այդ խոչընդոտները։

Այս հարցերի վրայ խեթ խեթ նայողներին հէնց հիմա պատասխանեմ, որ մտածելն առնուազն արգելուած չէ, եւ յիշեցնեմ, որ ժամանակին Ժիւլ Վեռնի վրայ էլ էին ծիծաղում, իսկ իմ հարցադրումները շատ աւելի իրատեսական են քան նրա ասածները։

3.- Օբամայի “Change has come to America” նախադասութիւնն իմ մէջ անընդհատ արթնացնում է “Կնքահայր” (The Godfather) տեսաերիզի առաջին իսկ նախադասութիւնը` “I belive in America”։ Ինչու՞։ Չգիտեմ։

Ուրիշ բաների մասին էլ եմ մտածում։

Լաւ մնացէք։

Thursday, November 6, 2008

“ՍԷՐ ԵՒ ԱՏԵԼՈՒԹԻՒՆ”

Անցեալ Երեքշաբթի օրը Պարոնեանի անուան թատրոնում դիտեցի Վարդան Պետրոսեանի “Սէր եւ ատելութիւն” թատերգութիւնը։

Եթէ կարճ պիտի ասեմ, ապա հիանալի բովանդակութիւն եւ հիանալի խաղարկութիւն։

Ամբողջ երկու ժամ, առանց ընդմիջման, մեն մենակ (ի բացառեալ մէկ պարի) Պետրոսեանը խօսեց, երգեց, պարեց, շփուեց հանդիսատեսի հետ, պատգամ փոխանցեց, դերասանութիւն արաւ, դերասանութիւն չարաւ, մի խօսքով շատ լաւ էր։

Դահլիճում դատարկ տեղ չկար։ Լեփ լեցուն։ Էլի ինչպէս նախորդ թատրոնը (որի մասին գրել եմ մի քանի օր առաջ) եթէ ասեղ քցէին գետնին չէր ընկնի։

Իրօք ուրախալի երեւոյթ է։ Այս առումով պիտի ասել, որ ընդհանուր առմամբ, բարեբախտաբար, մշակութային կեանքը Երեւանում եռում է։

Միեւնոյն օրը մի դահլիճում թատրոն կայ, մի այլ դահլիճում համերգ, մի այլ դահլիճում օպերա, չորրորդում էլի թատրոն եւ հէնց այսպէս, տարբեր տարիքի ու ճաշակի ու բովանդակութեան յագուրդ տուող միջոցառումներ եւ դահլիճներն էլ լեցուն։

Մշակութային առումով Հայաստանի ու Սփիւռքի մեծ տարբերութիւններից մէկն էլ հէնց սա է։ Սփիւռքում պիտի սպասես տեսնես ինչ են բեմադրում, գնաս, դիտես, գնացիր գնացիր, չգնացիր, սպասիր մինչեւ յաջորդը, իսկ որակը երաշխաւորուած չէ։ Իսկ Հայաստանում չես սպասում մի բան բեմադրեն, ընտրում ես եւ եթէ որակը քեզ չբաւարարեց, կայ ուրիշը, էլի ուրիշը, էն միւսը, դու ես ընտրողը։

Շեղուեցինք։ Վերադառնանք նիւթին։

Ես տեսել եմ Վարդան Պետրոսեանի բեմադրութիւններից մի քանիսը։ Ինձ մինչ այս ամենից շատ դուր էր եկել “Խաղում ենք 1700”-ը։ Դրանից յետոյ ինչ տեսել եմ ինձ թւում էր կրկնութիւն կամ առնուազն անհամեմատելի “Խաղում ենք 1700”-ի հետ։ Կարծում եմ, որ “Սէր եւ ատելութիւնն” էլ նրա հետ համեմատելի չէ, բայց լաւ էր, շատ լաւ, հիանալի։ Ես մեծ բաւականութիւն ապրեցի։

Խորհուրդ կը տամ դիտել։


Լաւ մնացէք։

Յ.Գ. (1)։ Տոմսը 1500-ից 5000 դրամ։

Յ.Գ. (2) “Խաղում ենք 1700”-ը դիտելուց յետոյ նկատի ունենալով, որ այն շատ էի սիրել կինս որոշել էր թատրոնի դի. վի. դի.-ն ինձ նուիրել։ Խանութից գնել էր իսկը (Original), պարզ է աւելի բարձր գին վճարելով քան կեղծը։ Նուէրն ստանալուց յետոյ բացեցի տուփը եւ սկսեցի թատրոնը դիտել։ Պատկերը կար, ձայնը մի րոպէ յետոյ։ Մարդը մի բան ասել վերջացրել, այդ բանին համապատասխան շարժուձեւ է արել, հիմա մի այլ բան է ասում ու մի այլ բան է անում, մենք տակաւին լսում ենք նախկին խօսքերը։ Չգիտեմ այդպիսի տեսաերիզ դիտել էք թէ ոչ, տհաճ է եւ անդուրեկան։ Ես չեմ համբերում եւ անջատում եմ։ Փաստօրէն շուկայում կեղծը վաճառում են իսկի տեղ աւելի բարձր գնով։

Դաստիարակչական կէտ։ Քցուելուց խուսափելու համար տեսաերիզ գնելիս մի հաւատացէք վաճառողի խօսքերին եւ անպայման այն ստուգէք տեղում։

Յ.Գ. (3) Նոր Տարին մօտ է։ Մտածում եմ կարո՞ղ է Վարդան Պետրոսեանի բոլոր թատերգութիւնների իսկ տեսաերիզները նուէր ստանամ։ ինչ իմանամ։

Wednesday, November 5, 2008

ՕԲԱՄԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ի վերջոյ Ամերիկայի Միացեալ Նահանգներում կայացան նախագահական ընտրութիւններն ու Նախագահ ընտրուեց Բարաք Օբաման (մինչեւ այստեղ նոր բան չասացի)։

Ես կարծում եմ, որ ամերիկացիները Օբամային քուէ տուեցին հիմնականում տնտեսական շարժառիթներից ելած, այսինքն մարդկանց կողմնորոշման վրայ ազդեցին իրենց գրպանները, այլ խօսքով մարդկանց անձնական նիւթական վիճակը, որը պարզ է երկրի պատկերն է։

Այն, որ ԱՄՆ-ի վարչակարգի անցնող տարիների հակաահաբեկչական պայքարը, Իրաքի վրայ հարձակումը, Աֆղանստանը եւ այլն ազդել են մարդկանց վրայ եւ յամենայնդէպս ոմանք էլ դրանից են դժգոհ կասկածից վեր է, բայց իմ կարծիքով ամերիկացիների ստուար զանգուածը այդ հարցերին նայում էին եւ նայում են ոչ որպէս մարդու իրաւունքի, ժողովրդավարութեան տարածման, ազատութեան, զոհուած ամերիկացի երիտասարդների եւ նման բաների տեսանկիւնից, այլ նրա, թէ այդ պայքարները ինչքանով են ազդել ու ազդում իրենց գրպանների վրայ։ Ու հէնց այս էլ դարձաւ Օբամային քուէ տալու հիմնական շարժառիթը։

Յամենայնդէպս շատ շատերը մեծ յոյսեր են կապում Օբամայի հետ։ Այդ շատ շատերի մէջ մտնում են ոչ միայն ամերիկացիներն ու Ամերիկայի հայերը, այլ առհասարակ աշխարհի տարբեր անկիւններում ապրող մարդիկ։

Ոմանք էլ այն կարծիքի են, որ ընդամէնը Սպիտակ Տան տնուորն է փոխուել ու էական փոփոխութիւն ԱՄՆ-ի քաղաքականութեան մէջ չի կատարուելու։

Ի՞նչ է հայերի ակնկալիքը։

Օբաման ինչպէս խոստացել է պաշտօնապէս ու այս անգամ որպէս ԱՄՆ-ի Նախագահ կը ճանաչի Հայոց Ցեղասպանութեան իորողութիւնը։ Լաւ է։

Օբամայի ժամանակ թերեւս հնարաւոր կը լինի աւելի շատ օժանդակութիւն ապահովել Հայաստանի համար։ Դա էլ է լաւ, թէեւ որոշների կարծիքով Բուշի ժամանակ Հայաստանը այդ առումով բաւականին շահել է։ Բուշի վատը հայերի համար միայն եղել է այն, որ նա ցեղասպանութիւն բառը չի գործածել։

Իսկ իմ ոչ տնտեսագետիս կարծիքով յառաջիկայ տարիներին կը լաւանայ ԱՄՆ-ի տնտեսական վիճակը, որից բնականաբար կը շահեն ԱՄՆ-ի հայերը։ Դա էլ է լաւ։

Էլ ի՞նչ կը լինի։

Սպասենք, տեսնենք։

Յամենայնդէպս երիտասարդ սեւամորթի ընտրութիւնը որպէս ԱՄՆ-ի Նախագահ անկիւնադարձային երեւոյթ է Ամերիկայի Միացեալ Նահանգների պատմութեան մէջ, որը լուրջ հետեւանքներ կարող է ունենալ ոչ միայն ԱՄՆ-ի, այլ ողջ աշխարհի համար, որին անդրադառնալը, ի հարկէ, այս կայք էջի համբերութիւնից դուրս է։

Ինչպէս ասացի` սպասենք, տեսնենք։

Լաւ մնացէք։

Յ.Գ.։ Չմոռանամ աւելացնել, որ Օբամայի յաղթանակը ինձ բերեց յաղթութիւն մի գրազում, որի արդիւնքում շահեցի մի շիշ սառը գարեջուր, թէեւ այն դեռ չեմ վայելել։

Monday, November 3, 2008

“ՈՏՔԻ՜, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ”

Անցեալ Հինգշաբթի օրը “Գաբրիէլ Սունդուկեան”-ի անուան թատրոնում դիտեցի Պերճ Զէյթունցեանի “Ոտքի՜, դատարանն է գալիս” թատերգութիւնը։

Վաղուց ուզում էի այդ թատրոնը տեսնել։ Ինչպէս ասում են, չէր ստացւում։ Ի վերջոյ եղաւ։

Լաւ էր։ Ստորեւ տպաւորութիւններս։

Դահլիճում դատարկ տեղ չկար։ Իսկապէս որ եթէ ասեղ քցէին, գետնին չէր ընկնի։ Լեփ լեցուն դահլիճ, մեծ թուով երիտասարդներ ու պատանիներ, որը բնականաբար ուրախալի երեւոյթ է։ Դրսում տեսայ շրջաններից եկած հանրակառքեր, որ նշանակում է մարզերի դպրոցների աշակերտներին բերել են թատրոն դիտելու, որն իր հերթին դրական երեւոյթ է։

Բովանդակային առումով թատրոնը լաւ էր, մեզ մեր պատմութիւնը յիշեցնող, դաստիարակչական, ազգային, հայրենասիրական, թէեւ անկեղծ լինելու համար պիտի ասեմ, որ ես այլեւս չեմ կարողանում տանել, չեմ համբերում այսպիսի նախադասութիւններ՝ “թուրք զինուորները գրազ էին գալիս, որ այս յղի հայ կնոջ պտուղը տղայ է թէ աղջիկ ու յետոյ սրով պատռում նրա…”։ Կոպիտ բառեր չեմ ուզում գործածել, պարզապէս ասեմ որ երկար տարիներ է ինչ խուսափում եմ նման բովանդակութեամբ տեսաերիզներից, գրքերից, թատրոններից ու եթէ դիտում եմ ու կարդում, պարզապէս ճարահատուած։

Ինչպէս ցանկացած ժամանակ, ցանկացած տեղ, առիթով ու անառիթ, մի տեղ էլ Դաշնակցութեանը հարուածեցին առանց անուն տալու, այն է հայկական ուժերը վեց տարի շարունակ երիտթուրքերի հետ համագործակցեցին…

Ներկայացուեց Թեհլիրեանը, Սեպուհը, այդ տարիների Անդրանիկը, բայց ոչ մի խօսք այն մասին թէ ի վերջոյ այս մարդիկ որ կազմակերպութեան անդամներն են եղել։ Ոչ մի խօսք Դաշնակցութեան մասին։

Բեմից յայտարարեցին որ թատրոնը գրուել է 1988 թուականին։ Մտածում եմ, որ եթէ 1988 թուականին, երբ գրուել է այս թատերգութիւնը երկրի պայմաններից ելնելով Զէյթունցեանի համար հնարաւոր չէր դրան անդրադառնալ, այսօր փոխուել են պայմաններն ու ինքը կարող է մի երկու բառով, մի երկու նախադասութեամբ դա սրբագրել, եթէ ի հարկէ ինքը դրանում համոզուած է։

Սկզբից մինչեւ վերջ դահլիճում մենք ունկնդրեցինք բազմազբաղ մարդկանց բջջային հեռախօսների զանգը։ Մէկ անգամ էլ այդ մասին պաշտօնապէս յայտարարուեց, բայց ձայն բարբառոյ յանապատի։ Թատերգութեան ամէնաթէժ պահին մէկ էլ յետեւից լսում ես զըռռռնգ, զըռռռնգ ու մտքիդ թելը կտրւում է, 1921 թուականից տեղափոխւում ես գերզարգացած 2008 թուական։

Հակառակ այն բանի, որ դերասանների մի մասը վաստակաւոր արտիստի կոչում ունէին ու դերասանների զգալի մասը արհեստավարժներ էին, իմ (ու ոչ միայն իմ) կարծիքով խաղարկութիւնը թոյլ էր, ամէն ինչ մի տեսակ արհեստական էր։

Թատրոնի աւարտին բեմ բարձրացաւ Մշակոյթի փոխնախարարը։ Բեմ հրաւիրեցին դահլիճում ներկայ Պերճ Զէյթունցեանին։ Փոխնախարարը գնահատագրեր յանձնեց դերասաններից մի քանիսին։ Մեր բախտից էր, որ մենք այդ օրն էինք թատրոն գնացել ուստի եւ այդ արարողութեան ներկայ գտնուեցինք։

Թատրոն գնացէք։

Sunday, October 26, 2008

ԷԼԻ ՕՎԻՐ-Ի ՄԱՍԻՆ (3)

Գնում ենք ճշտորոշած օրը առաւօտեան ժամը 11:00-ին, այնպէս ինչպէս մեզ փոխացուել էր։ Էլի հերթ, ի վերջոյ ներս ենք մտնում։ “Ի՞նչ հարցով էք եկել”։ “Տղայիս մուտքի արտօնագրի երկարաձգման հարցով, անցագիրը ձեզ մօտ է, եկել ենք այն վերցնել”։ Մարդը փնտռեց, գտաւ ու ասաց պատրաստ չէ։ “Պատրա՞ստ չէ, բայց մենք վաղը պիտի թռչենք ու այդ մասին ձեզ ասել ենք”։ “Ճաշից յետոյ ժամը 5։00-ին եկէք վերցրէք”։ Հինգին գնացինք, պատրաստ էր, վերցրինք։

Մտքումս հարց առաջացաւ, եթէ անցագիրն առաւօտեան 11:00-ին պատրաստ չէ, իսկ հնարաւոր է այն մի քանի ժամում պատրաստել ու արդէն ժամը 5:00-ին յանձնել, ինչու՞ պիտի դիմողներին տաս օր տանել բերել, այն էլ սենեակից սենեակ, այն էլ ժամեր հերթի մէջ սպասեցնելով, յետոյ խրատներ տալով, որ դիմէք երկքաղաքացիութիւն ստանալու համար (կարծես մարդիկ իրենք խելք չունեն), յետոյ տիրոջ նման ասել երեխային մի բերէք եւ այլն։

Ի հարկէ կայ աւելի արագ ու արդիւնաւէտ ձեւ, որի մասին ես արդէն գիտեմ ու ինձ անընդհատ յուշում էին իմ ընկերները։ Հէնց առաջին անգամ անցագիրդ յանձնելիս էջերի արանքում դնում ես շօշափելի գումար ու այն ամբողջովին պատրաստ ստանում րոպէներ յետոյ, որովհետեւ եղածը իրօք մեծ բան չէ, բայց ես չգնացի այդ ճանապարհով։

Այս պատմութեան դաստիարակչական կողմն էլ ինձ համար այն եղաւ, որ որոշեցի մի տաս օր անընդհատ ՕՎԻՐ գնալու փոխարէն, գերադասել այսուհետ առանց քաշքշուկների մէջ ընկնելու մի քանի րոպէ բայց մէկ անգամ օդանաւակայանում կոպիտ վերաբերումի արժանանալը։

Friday, October 24, 2008

ԷԼԻ ՕՎԻՐ-Ի ՄԱՍԻՆ (2)

Կրկին հերթի մէջ, ինչու՞, որովհետեւ դռան առաջ շարքում գտնուողները չեն ընդունում (յիրաւի կամ յանիրաւի), որ դու առաւօտից արդէն մի քանի անգամ շարք ես կանգնել ու կէս օր է ինչ այս սենեակից այն սենեակ ես գնում։

Հասաւ մեր հերթը։ Ներս ենք մտնում ու նոյն պաշտօնեային երկրորդ անգամ բացատրում մեր գործի մասին։ “Ինչու՞ չէք դիմում երկքաղաքացիութեան համար”, թէ այս մարդուն, այսինքն այս պաշտօնեային ի՞նչ կապ ունի, որ մենք ինչու չենք դիմում երկքաղաքացիութիւն ստանալու համար, ինձ համար մնաց անհասկանալի։ Սուտ չասեմ, փորձում եմ նաեւ խուսափել բախումից, որն ինձ համար կը նշանակի, օդանաւը գնաց ու մենք մնացինք, որովհետեւ պարզ է, որ մեր կողմից (ոչ իրենց) կոպիտ խօսելու պարագային, մէկ օրուայ գործը կը ձգձգուի անյայտ ժամանակով։ “Այս պահին ինձ յարմար չէ, այլ առիթով կը դիմեմ”։ “Դէ հէնց հիմա դիմէք”։ “Յարմար առիթով այդպէս էլ կանեմ, այս պահին պարզապէս տղայիս վիզայի ժամկէտն եմ ուզում երկարաձգել”։ “Լաւ գնացէք դիմումը տուէք շէնքի դրսում գտնուող այնինչ գրասենեակը մեքենագրի”։ Գնում ենք։ Դիմումը այնինչ աղջիկը մեքենագրում է, որն անշուշտ գումար արժի։ Վերադառնում ենք ու յանձնում պաշտօնեային։

Գնացէք այնինչ օրը եկէք։

Այնինչ օրը կրկին երեքով գնում ենք, էլի հերթ ենք կանգնում, մեր հերթն է հասնում, ներս ենք մտնում ու պարզւում է, որ պատրաստ չէ։ “Ի՞նչ պիտի անենք”։ “Այնինչ օրը եկէք”։ “Չենք կարող, որովհետեւ դրանից երկու առաջ արդէն պիտի մեկնենք”։ “Դէ այդ պարագային այնինչ օրը եկէք”։

Ճշտած օրը մեր մեկնումից մէկ օր առաջ է։ Սրտումս վախ կայ, որ եթէ պատահի, որ այդ օրն էլ պատրաստ չլինի կամ մի բան պատահի, նշանակում է մենք կը մնանք առանց անցագրի (Passport), այսինքն չենք կարող մեկնել։

Հարցնում եմ, “Այդ օրը վստա՞հ պատրաստ կը լինի, որովհետեւ միւս օրն արդէն մեր թռիչքն է”։ “Ասացի այսինչ օրը եկէք։ Երեխային էլ ձեզ հետ մի բերէք”։ “Ինչու՞”։ “Որովհետեւ ձայն է հանում”։ “Չենք կարող, որովհետեւ երեխայ պահող չունենք”։ Բարկացած եմ շատ։

Thursday, October 23, 2008

ԷԼԻ ՕՎԻՐ-Ի ՄԱՍԻՆ (1)

Ամէն անգամ Հայաստան մտնելիս տղայիս համար պիտի Հայաստանի մուտքի արտօնագիր (Visa) ստանամ։ Մուտքի արտօնագիրը տրւում է որոշակի ժամանակի համար, սակայն երեխան կարող է երկրում մնալ ինչքան ուզում է, պարզապէս երկրից դուրս գնալիս պիտի երկարաձգել մուտքի արտօնագրի ժամկէտը։ Մուտքի արտօնագիրը տրւում է անվճար։

Մի երկու անգամ ժամկէտի երկարաձգումը կատարել եմ օդանաւակայանում թռչելուց մէկ երկու ժամ առաջ։ Այդ մէկ երկու անգամում էլ օդանաւակայանի պատկան գրասենեակի պատասխանատուները կոշտ ու կոպիտ վերաբերում են ցոյց տուել մեր նկատմամբ, ասելով, որ մենք այդ գործը պիտի անէինք նախօրօք, ՕՎԻՐ այցելելով։

Հայաստան ժամանած կամ Հայաստանում կայք հաստատած արտասահմանցիների (հայ կամ օտար) մեծ մասը անպայման ծանօթ են այս հաստատութեան հետ (չեմ ցանկանում նրանց մօտ տխուր յիշողութիւններ արթնացնել)։

Այս անգամ, որպէսզի խուսափեմ օդանաւակայանում կոշտ ու կոպիտ վերաբերումից, որոշեցի նախապէս գնալ ՕՎԻՐ եւ լուծել հարցը՝ այն է երկարաձգել տղայիս մուտքի արտօնագրի ժամկէտը, որը կրկնում եմ ըստ օրէնքի կատարւում է անվճար։

Գնացինք (կինս, տղաս ու ես)։ Ուղարկեցին մի սենեակ, որի առջեւ հերթ էր։ Սպասեցինք։ Մեր հերթը հասաւ։ Ներս մտանք։ “Ի՞նչ գործ ունէք”։ “Վիզայի ժամկէտի երկարաձգման համար ենք եկել”։ “Դիմէք այնինչ սենեակին”։ Ուրեմն այդքան ժամանակ իզու՞ր էինք սպասել։

Դուրս եկանք ու գնացինք միւս սենեակի դռան առաջ հերթ կանգնեցինք։ Հասաւ մեր հերթը։ Ներս մտանք։ “Ի՞նչ գործ ունէք”։ “Վիզայի ժամկէտի երկարաձգման համար ենք եկել”։ “Դռան առաջ փակցրած են անհրաժեշտ փաստաթղթերը, լրացրէք, բերէք”։

Դուրս եկանք ու կարդացինք փաստաթղթերի ցանկը։ Բժշկից տեղեկանք առողջութեան մասին, ոստիկանութիւնից տեղեկանք չդատուածութեան մասին, չգիտեմ ինչ, չգիտեմ ինչ։ Սա ի՞նչ է։ Հարցնում եմ ինքս ինձ։ Նորից եմ կարդում ու պարզւում է, որ այդ փաստաթղթերը երկքաղաքացիութեան համար դիմում տուողների համար են։ Բայց իմ խնդիրը դա չէ, իմ խնդիրը տղայիս մուտքի արտօնագրի ժամկէտի երկարաձգումն է։

Ներողութիւն խնդրելով դռան առաջ հերթի մէջ գտնուողներից, կրկին ներս եմ մտնում եւ պաշտօնեային բացատրում, որ ես երկքաղաքացիութեան համար չեմ դիմում, այլ վիզայի ժամկէտի երկարաձգման։ “Նոյնն է”.- հնչում է պատասխան։ Բայց ինչպէ՞ս է նոյնը, հարցնում եմ, առաջին հերթին փաստաթղթերի այդ ցանկի վերեւում գրուած է երկքաղաքացիութեան համար, այլ ոչ վիզայի երկարաձգման եւ երկրորդ ես այս գործը ամէն անգամ օդանաւակայանում անում են առանց այսպիսի քաշքշուկների, ինչու՞ այնտեղ ինձնից նման բաներ չեն պահանջում, որովհետեւ պարզ է, սա վիզա է, պարզապէս ժամկէտը պիտի փոխել։ “Այդ պարագային սխալ էք եկել, գնացէք այնինչ սենեակը”։ Խօսքը այն սենեակի մասին էր ինչ սկզբից էլ գնացել էինք։

Friday, October 17, 2008

ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Հ.Հ. Նախագահի կողմից գրական մրցանակի արժանացած “Նոր քրոնիկներ” գրքից մի հատուած։

“Մանկահասակ երկու քած,

Մէկը՝ նիհար, մէկը՝ գեր,

Մօր կօշիկները հագած-

Բոզութեան են դուրս եկել”։

Ստեղծագործող՝ Դաւիթ Յովհաննէս։

Thursday, October 16, 2008

ՉՀԱՒԱՏԱՔ

“Երբ մօտենաք վանդակին, որի վրայ գրուած է “էշ”, իսկ ներսը դրուած է “փիղ”, գրածին չհաւատաք”։

Wednesday, October 15, 2008

ՄԵՏՐՕ

Մի քանի օր մետորոյից օգտուելով նկատեցի, որ մետրոյի առաջին կանգառում վերջին վագոնում մարդկանց խճողում է առաջանում, իսկ առաջին վագոնում շատ քիչ մարդ կայ։

Սկսեցի մտածել պատճառների մասին եւ գտայ։

Պարզուեց, որ մարդիկ երբ էլեկտրական աստիճաններով իջնում են առաջին կանգառում, ընդամէնը մի քանի մետր քայլում ու կանգառին հասնելով կանգնում են։ Փաստօրէն մարդկանց խճողում է առաջանում աստիճաններից անմիջապէս յետոյ առաջին իսկ կանգառի մօտ։

Մինչդեռ նոյն մարդիկ, եթէ մի քիչ քայլեն (ընդամէնը մի քանի մետր) ու հասնեն առաջին վագոնին կը կարողանան աւելի հանգիստ պայմաններում երթեւեկել ու թէկուզեւ նստելու տեղ գտնել։

Որպէս օրինակ ասեմ, որ եթէ առաջին վագոնի առաջին մուտքից ընդամէնը մէկ հոգի է ներս մտնում, վերջին վագոնի վերջին դռնից մի տասնըհինգ քսան հոգի ներս են մտնում։

Եզրակացութիւն։ Մետրոյից օգտուողները աւելի հանգիստ երթեւեկելու նպատակով թող չալարեն մի քանի մետր քայլել։

Ի դէպ նշեմ, որ մետրօն այն դրական երեւոյթներից մէկն է, ինչ մենք ժառանգել ենք նախկինից ու այսօր առկայ է Երեւանում, գալիս է ժամանակին, նրանով երթեւեկելը աւելի հանգիստ է, աւելի ապահով, աւելի էժան ու աւելի արագ։

Լաւ մնացէք։

Saturday, October 11, 2008

"ԿՆՏՐՈՆԱԿԱՆ ԿԱՅԱՐԱՆ"



Բեմադրիչ։ Վալտեր Սէյլզ
Արտադրման թուական։ 1998 թ.
Դերակատարներ։ Ֆերնանդա Մոնտենեգրօ, Վինիցիուս Դէ Օլիվիյէռա…
Արտադրող երկիր։ Բրազիլ, Ֆրանսիա

Տխուր, շատ տխուր մի տեսաերիզ։

Դորան, մի տարիքով կին, որն աշխատում է Ռիօ Դէ Ժանէյրոյի կենտրոնական կայարանում նամակներ է գրում հաճախորդների համար եւ դրանք փոստով ուղարկում։ Խոզէն 9 տարեկան տղայ է, որը երբէք իր հօրը չի տեսել։ Մայրը Դորայի միջոցով նամակներ է ուղարկում հօրը։

Մի օր էլ հերթական նամակը Դորային տալուց յտեոյ, ընկնում է մեքենայի տակ ու մահանում։ Տղան մնում է մենակ ու Դորայի հետ սկսում ճամբորդութիւն հօրը գտնելու նպատակով…

Ոչ միայն բարձր է խաղարկութեան մակարդակը, այլ խորիմաստ են երկխօսութիւնները։ Գեղեցկօրէն պատկերուած են կերպարների ներաշխարհները։

Խորհուրդ կը տամ դիտել։

Լաւ մնացէք։

Friday, October 10, 2008

ԿԱՄ ԷՍ Է, ԿԱՄ ԷԼ ԷՆ

Ահմադինեժադի ու Օվօ Մոռալէսի հանդիպման ընթացքում ողջգուրուելիս պատահեց այնպէս, որ բացուեցին առաջինի թեւատակի կարերը։

Ու այդ կապակցութեամբ սկսեց շրջանաւռուել լուրեր ու տարատեսակ վարկածներ։

Ընդ որում Ահմադինեժադը`

Կամ բաւականաչափ փող չունի աւելի որակով հագուստ գնելու համար։

Կամ կինը ժամանակ չի արել թեւատակը կարել, հակառակ այն բանի, որ նա մի քանի անգամ այդ մասին կնոջը յիշեցրել է։

Կամ թքած ունի հագուստի վրայ, կարեւորը ներքինն է։

Կամ սա միջազգային մութ ուժերի կազմակերպած հերթական սադրանքն է։

Կամ …

Ի՞նչ ասեմ։

Դուք ի՞նչ էք մտածում։

Friday, October 3, 2008

"ՈՒՂՂԻՉ ՏՈՒՆԸ" (5)

Ով սարեր, մով սարեր, մանկութիւնս ետ բերէք
Ամերիկայում, առաջին իսկ օրերից հանդիպելով սփիւռքահայ հայրենակիցներիս, արժանացայ “հայաստանցի” պատւաւոր պիտակին, նախկին իրանահայս, ապա Հայաստանում՝ պարսիկ կամ ախպար որակումս, Ամերիկայում փոխարինուեց “Հայաստանցի”-ով, որին այդքան երազել էինք։

Նաեւ տեղեկացայ, որ մանկութեանս ու պատանեկութեանս ամենամօտ ընկերներից մէկը ապրում է իմ հարեւանութեամբ։

Հանդիպեցինք։ Թուաց, թէ մանկութիւնս են ետ բերել։

Նոր էր ամուսնացել։ Ամուսնացել ու եկել էր Ամերիկա։

Մեր ընկերութիւնը տեւեց շատ կարճ, ասուպային։

Շատ էինք փոխուել։ Ես՝ “Ուղղիչ տանը”, նա…

“էջ 294”

Thursday, October 2, 2008

"ՈՒՂՂԻՉ ՏՈՒՆԸ" (4)

Ազատութիւն, որի համար տուեցինք հայրենիքը
Ես ու մի փողկապաւոր տղամարդ, հա, հա, հնէց այն փողկապաւորը, որի հետ հայրենադարձուել եմ, յիշու՞մ էք, թարգմանչի դեր էր կատարում, մեր ինքնակոչ ղեկավարը։ Լաւ, յոյսով եմ յիշեցիք, նստած էինք ՕՎԻՐ-ի պետի գրասենեակում ու սպասում էինք։ Լուռ էինք, այնպէս ինչպէս Իրանում, նոյնատիպ հիմնարկում էինք սպասում ճակատագրական պատասխանի։

Պետը ժամանեց։ Զգաստացանք։ Փողկապաւորը ոտքի կանգնեց, արեւելքցու սովորութեամբ, ձեռքը դրեց կրծքին ու թեթեւ խոնարհուեց։ Նստեց միայն թոյլտւութիւնից յտեոյ։ Ես նոյնպէս բարեւեցի։

“Մենք նպատակայարմար ենք գտել ձեր Ամերիկա մեկնելը”,- մի քանի թղթեր նայելուց յետոյ ասաց նա։

Ցնցուեցի։ Մի մեծ հարցական ծառացաւ աչքերիս առաջ։ Գնա՞լ, թէ՝ չգնալ։ Նայեցի փողկապաւորին։ “Չգնալը էշութիւն է” կարդացի նրա աչքերի մէջ։ Նա գաղտագողի ժռտաց։ Բոլորն էին այդ կարծիքին, անգամ ՕՎԻՐ-ի պետը, որը ուշացումով, բայց լքեց…

Յիշեցի հայրենի հողին ոտք դնելուս առաջին օրը, հոգիս ինչպիսի հպարտութեամբ լցուեց։ Հողը ոտքիս տակ ամրացաւ եւ սփիւռքածին երիտասարդիս ձգեց, խառնեց իր հետ՝ կապեց արմատներին, նոր շունչ ու նոր արիւն ներարկեց։ Ես ինձ իրաւունք վերապահեցի ջարդելու պանդխտութեան ցուպը։ Ուղիղ կեցուածք ընդունեցի, գլուխս՝ վեր, բաց ճակատով տեսայ լուսաւոր հորիզոնը… “Ես եմ այս հողի տէրը,- ասացի ինքս՝ ինձ,- ես իմ տանն եմ, այս հողը մշակել է իմ պապը, այս ծառը տնկել է իմ պապը, այս պատը շարել է իմ պապը, այս վանքում աղօթել է իմ պապը։ Այս սարը վկայ է, որ այս ծառը տնկել է պապս, այս պատը շարել է պապս ու պապս աղօթել է այս վանքում… Պապս չկայ, սարը կայ։ Սարը վկայ է, իսկ ես ժառանգն եմ այս հողի, ծառի, վանքի ու վկայ՝ Արարատի”։

Ի՞նչ եղաւ հպարտութիւնս։ Ինչու՞ ոտքիս տակի հողը նորից երերաց, ինչու՞ էր մթնում իմ տեսած լուսաւոր հորիզոնը…

Դաւաճանի զգացումը խեղդեց ինձ, ողնաշարի սուր ցաւ զգացի, փորձեցի շտկուել, ծառանալ…

Դրսում սպասողներ ունէինք։ Թէ՜ դրական, թէ բացասական պատասխանները իւրովի էին ազդելու նրանց վրայ։ Յուզուած էի։ Երկիրը լքելու թոյլտւութիւն էի ստացել։ Տանիցս դուրս գալու թոյլտւութիւն էի ստացել ու այդ “աւետիսով” պէտք է ներկայանայի հարազատներիս, ասէի՝ աչքներդ լոյս, մեր տունը լքելու թոյլտւութիւն ենք ստացել։ Աստուած իմ, մարդիկ ինչքան թանկ էին վճարում իրենց իսկ տունը լքելու համար…

Ու յանկարծ, դրսում սպասող երկու առանձին խմբեր, հարցական հայեացքով շտապեցին դէպի մեզ.

“Մա քէ րաֆթիմ, վայ բեհալէ բաղիյէ” (մենք գնացինք, վայը մնացողներին),- ասաց փողկապաւորն ու շտապեց դէպի իրեն սպասող մեքենան։

“էջ 289-291”

Wednesday, October 1, 2008

“ՈՒՂՂԻՉ ՏՈՒՆԸ” (3)

Պահակի դուխը

“Տասնըհինգ տարի կոշկակար եմ աշխատել”,- մի օր սկսեց պատմել իր կեանքն ու շարունակեց,- “Տասնըհինգ տարի եւ ոչ մի առաջադիմութիւն, մի կերպ եոլա էինք գնում։ Որոշեցի աշխատանքս փոխել։ Երկար դէս ու դէն ընկնելուց յետոյ հետաքրքիր մի առաջարկ եղաւ, խորհուրդ տուեցին հիւանդանոցում պահակ աշխատել։ Սկզբում ամաչում էի, պատիւ չբերող աշխատանք էր թւում, բայց երբ համաձայնուեցի ասացին, այդ աշխատանքը տաս հազար ռուբլի արժէ։ Փող չունէի։ Դէսից-դէնից հաւաքեցի։ Աշխատավարձի մասին խօսք չեղաւ, ասացին այնքան եկամուտ կունենաս, որ ամիսը եօթանասուն ռուբլին ծիծաղելի կը թուա։ Այդպէս էլ եղաւ, այնպէս որ չգիտեմ աշխատավարձը ինչ բան է, անգամ ամէն ամիս չտալ չեմ կարող, կաշառակերութեան մէջ բռնել կը տան ու հայդէ, հինգ-վեց տարի կորար։ Բայց լաւ դուխ եմ հաւաքել, ցաւդ տանեմ, փողը դուխ է տուել, վերցնում եմ, չեմ ամաչում, սովորութիւն է, չեմ էլ զգում, որ կաշառք եմ վերցնում, դա օրէնքի պէս բան է դարձել, ինձ թւում է, թէ հէնց սա է ճիշտը, ոնց կարելի է առանց վճարելու հիւանդ տեսնել, սա դարձել է կենսաձեւ, որից չեմ դժգոհում։ Փող ունեմ, սաղին էլ ք…. Ունեմ…”

Սա պահակն էր, իսկ բժիշկներն ու բուժքոյրե՞րը…

“ էջ 254”

Tuesday, September 30, 2008

“ՈՒՂՂԻՉ ՏՈՒՆԸ” (2)

"Յիսուն մետրի չափ հեռաւորութեան վրայ, ցանցապատուած մի արգելանոցում տեսանք մեզանից մէկ երկու շաբաթ շուտ ժամանած հայրենադարձների, որոնք մեզ ողջոյններ յղելուց բացի, բղաւում էին, “Մեսլէ խար փաշիմուն միշաւին, վալի նաթարսիդ” (էշի պէս կը փոշմանէք, բայց չվախենաք)"։

"Էջ 20"

Monday, September 29, 2008

“ՈՒՂՂԻՉ ՏՈՒՆԸ” (1)

Երեկ վերջացրի Խորէն Արամունիի “Ուղղիչ տունը” գիրքը։

Արամունին Իրանահայ է։ 1969 թուականին ընտանիքիով Հայաստան փոխադրուած, այլ խօսքով հայրենադարձ։

Ապա 1979 թուականին Հայաստանից ԱՄՆ փոխադրուած, այլ խօսքով կրկին Սփիւռքահայ։

Գիրքը հեղինակի Հայաստանեան տաս տարիների յուշերն է։ Այն Խորհրդային կարգերը, խոհրդահայ հասարակական յարաբերութիւններն ու հոգեբանութիւնը ճանաչելու, այդ կարգերում ու յարաբերութիւններում Սփիւռքահայի ապրումները զգալու տեսակէտից արժէքաւոր գիրք է։

Իմ կարծիքով գրքի թերութիւնն այն է, որ գրողը, իր յուշերը վերարտադրելիս կենտրոնացել է միայն վատ ու բացասական երեւոյթների վրայ։ Գրքի ամբողջ 294 էջերի մէջ չի նկատւում որեւէ դրական երեւոյթի մատնանշում։

Անձամբ այն կարծիքին եմ, որ ե՜ւ Խորհրդային Հայաստանում, ե՜ւ ներկայիս Հայաստանի Հանրապետութիւնում լաւ ու դրական երեւոյթներ էլ կան եւ պէտք չէ ամբողջ ուշադրութիւնը սեւեռել միայն վատերի ու բացասականների վրայ, թէեւ անկեղծ լինելու համար պիտի խոստովանեմ, որ երբեմն գերմարդկային ճիգ է պէտք չհիասթափուելու համար։

“Ուղղիչ տունը” վառ յոյսերով հայրենադարձ եղած Սփիւռքահայի խոր հիասթափութեան արտացոլանքն է։

Որպէս Իրանահայ, որը Հայաստանի անկախութիւնից յետոյ է Հայաստան փոխադրուել, գիրքը կարդալիս յաճախ եմ առիթ ունեցել իմ ու գրողի փորձառութիւնները համեմատել։

Խորհուրդ կը տամ անպայման կարդալ։

Wednesday, September 24, 2008

“I DON’T HATE MY COUNTRY”

Բարեկամներիցս մէկի գործով գնացի Արտաքին Գործոց նախարարութեան հիւպատոսական բաժին։ Այս բաժնում են հաստատում համալսարանաւարտների վկայականները՝ արտասահմանի համար, արտասահմանից հիւրեր հրաւիրելու համար այս բաժին պիտի գնալ եւ այլն։

Մուտքը գտնւում է Ամիրեան փողոցի վրայ։ Տուեալ բաժինը աշխատում է շաբաթական չորս օր՝ օրը մէկ ժամ։ Հասար՝ հասար, չհասար՝ վաղը կամ միւս շաբաթ։ Գնացի 10:20։ Հերթ էր, բայց ոչ իրար յետեւից կանգնած մարդիկ։
Խառը հերթ։ Մի քսան հոգի կը լինէին։ Ով որտեղ հասել կանգնել էր։

Սպասեցի քառասուն րոպէ։ Քսան հոգին դարձաւ յիսուն-վաթսուն հոգի։ Մայթը փակուել էր։ Դուռը բացեցին։ Գոյութիւն չունեցող հերթը այս անգամ ամբողջութեաբ դադարեց գոյութեան նշոյլից անգամ։ Հրմշտոց։ Վաթսուն հոգի կամ աւելի մարդ մի դռնով ուզում են ներս մտնել։ Ինձ էլ բախտ վիճակուեց այդ հորձանուտում ներս ընկնել։

Անմիջապէս յոդս ցնդեց այն խօսք ու զրոյցը, որ կար դրսում, այն է՝ ներսում մի քանի հոգի սպասարկում են։ Պարզուեց, որ հիմա պիտի սպասել մի այլ դռան առջեւ, որի ներսում աշխատում է մէկ հոգի, որին քիչ յետոյ միացաւ մէկ ուրիշը, ընդամէնը՝ երկու հոգի։

Շարունակուեց հրել հրմշտոցը։ “Իմ հերթն է”, “Չէ, իմ հերթն է”։

Կողքս կանգնած մի երիտասարդ հայ աղջիկ կար մի անգլիացի թէ ամերիկացի թէ շոտլանդացի թէ իռլանդացի տղայի հետ։ Անգլերէն էին խօսում։ Տղան՝ սահուն ինչպէս մօր լեզուն , աղջիկը՝ կոտռտուած, բառերը փնտռելով։

Հերթը մի երկու անգամ ալիքաւորուեց։ Ու մէկ էլ աղջիկը յետ դարձաւ տղային ասաց՝ “I hate my country”։

Աչքերս չռուեց։

Անշուշտ մթնոլորտը տհաճ էր։ Քրտնքի հոտ, հրել-յետ հրել, վէճ ու վիճաբանութիւն՝ իմ հերթն ա, չէ իմը, ես որ եկայ, դու որտե՞ղ էիր, ու նման բաներ։ Ցաւօք շարք կանգնելու մշակոյթ էլ չկայ։ Ու չգիտեմ ինչու այդ բաժնի պատասխանատուները վերոյիշեալը տեսնելով չեն շատացանում տուեալ բաժնի աշխատաժամերը, պաշտօնեաների թիւը, կամ յամենայնդէպս ինչու՞ մի ելք չեն փնտռում։ Այս ամբողջը հասկացանք։ Բայց որ “I hate my country”՝ այս մէկը չհասկացանք։

Թէ այդ աղջիկը այդ տղայի մէջ ինչ էր տեսել` չգիտեմ, բայց որ բանը հասել էր հայրենիքն ատելուն՝ սա արդէն տխուր է։

Friday, September 19, 2008

ԴԻԼԻՋԱՆ

Անցեալ շաբաթ ու կիրակի օրերին ընկերներով Դիլիջանում էինք։ Նախապէս էլ Դիլիջանում եղել էի, բայց քաղաքին այդքան չէի ծանօթացել։

Հակառակ այն բանի, որ լաւ պահեր ունեցանք, բայց ինձ մի տեսակ տխրութիւն պատեց։

Քաղաքը շնչող ու կենդանի քաղաքի տպաւորութիւն չէր թողնում։ Տեղացիներն ասում էին, որ քաղաքը պաշտօնական տուեալներով քսան հազար բնակչութիւն ունի, բայց էլի նրանց ասութեամբ, իրականում թիւը դրանից շատ աւելի պակաս է (խօսում էին տաս-տասներկու հազարի մասին)։

Բազմաթիւ անբնակ տներ տեսայ։ Այն փողոցում, որտեղ մեր կեցութեան տունն էր գտնւում, ժամերով ոչ մեքենայ էր անցնում, ոչ էլ մարդ։ Ամէն անգամ Երեւանից դուրս գնալիս այդպիսի տխուր ապրումներ եմ ունենում։

Մեծ հաւանականութեամբ, ինչպէս Հայաստանի շատ ու շատ բնակավայրեր, բնակչութեան մեծ մասը թողել հեռացել է արտասահման, գլխաւորաբար Ռուսաստան աշխատելու եւ էլ չի վերադարձել։

Դիլիջանը գեղեցիկ ու խոնաւ վայր է, հրաշագեղ բնութեամբ։ Ասում են, որ ծրագրեր կան, որպէսզի այն, ինչպէս Ծաղկաձորը, վերածուի զբօսաշրջութեան կենտրոնի։

Յոյսով եմ այդպէս էլ լինի։

Saturday, September 13, 2008

ԿՈՐԱԾ ԵՂԲՈՐ ՓՆՏՌՏՈՒՔՈՎ…(5)

Խնդիրը զուտ քաղաքական կողմից բացի, ինձ հետաքրքրում է նաեւ հասարակագիտական ու հոգեբանական առումով։ Հայ մարդը ցեղասպանութեան չի ենթարկուե՞լ։ Սա ամենայարմար առիթներից մէկը չէ՞ր թուրք պետական այրին, Թուրքիոյ Նախագահին լսելի դարձնես քո խօսքը, քո ձայնը, քո պահանջը։ Թէ՞ միայն Դաշնակցութիւնը հարց ունի, խօսք ունի, պահանջ ունի։ Իսկ Դաշնակցութիւնը հայրենաբնակ ժողովրդի երեք տոկոսն է, հինգ տոկոսը կամ տաս տոկոսը։ Ու՞ր էին մնացած իննսու՞ն տոկոսը։ Բա ի՞նչ են ասում սեղանների շուրջ նստած, “մի պատառ հաց” ուտելիս, կենաց խմելիս, մէկի հետ ծանօթանալիս, մենք Մշեցի ենք, մենք էլ Սասունցի, մենք էլ …Թէ սա էլ է բիզնեսի մի ձեւ, վաճառում ես նախնիներիդ ծննդավայրի հանգամանքը, մեծ հորդ յուշերը, տեսածներն ու պատմածները…

Սահմանի բացուելու հետ կապուած էլ առասպելական բաներ են ասում։ Իսկապէս ժողովրդի տրամադրութիւնն այն է, որ սահմանը կը բացուի, լաւ կապրենք։ Սա որ տնտեսագիտական հաշուարկից է գալիս՝ ես չգիտեմ։

Ես չտնտեսագետս գիտեմ մի բան, սահմանը կը բացուի, ու մենք էլ առաւէլ զարկ կը տանք մեր ներմուծմանը, այն պարզ պատճառով, որ արտածելու բան չունենք, աշխարհում հայկական արտադրութեան փնտռուող brand չունենք, գերմանացիներն օրինակ Մերսեդես Բենց ունեն, մենք չունենք, ու հարցն այն չէ, որ չունենք, հիմնական հարցն այն է, որ ունենալու ծրագիր էլ չունենք։ Յետոյ այս մեզ համար ոչ մրցունակ շուկայում թրքական ապրանքը կողողի մեր շուկան, բայց թէ սրանից աւելին ինչ պիտի թուրքերը բերեն Հայաստան, այս պահին չեմ էլ պատկերացնում, որովհետեւ Հայաստանեան շուկայում էլ ծամոնից սկսած մինչեւ շինանիւթ, հագուստից սկսած մինչեւ ինչ որ ցանկանաք լեփ լեցուն թուրքական կայ։ Ուրեմն էլ աւելի պիտի ողողուի շուկան եւ պիտի գայ թրքական կազմակերպուած դրամագլուխը, ու լաւ ապրելու համար թերեւս որոշները կը գնան թուրքերի հետ…

Ես սահմանի բացմանը դէմ չեմ։
Ես թուրքերի ոտն ընկնելուն եմ դէմ ու մեր տնտեսական քաղաքականութեանն եմ դէմ՝ երբ աղաչում ենք սահմանը բացել, մինչդեռ շուկայում մրցունակ որեւէ բան չունենք։

Ես ուզում եմ, որ մենք վերասահմանենք “լաւ ապրել” բառակապակցութիւնը, որովհետեւ աղքատութիւնն ու վատ ապրելը նաեւ հոգեբանական հարցեր են։ Թէ չէ ի՞նչ է նշանակում երբ ամիսը հինգ հարիւր դոլար եկամուտ ունեցողն էլ է դժգոհ, հազար դոլար ունեցողն էլ, հինգ հազար դոլար ունեցողն էլ, առանձնատուն ու արտասահմանեան մի քանի տասնեակ հազար եւրո արժողութեամբ մեքենայ ունեցողն էլ ու … այստեղ խնդիրն այլեւս նիւթականը չէ, այլ հոգեբանական, հասարակագիտական։

Իսկ սահմանը կը բացուի թէ չի բացուի, լաւ կապրենք թէ չենք ապրի, տնտեսութիւնն այսպէս կը լինի թէ այնպէս՛ մի բան են, մի այլ բան ազգի յիշողութիւնը, ազգի սկզբունքայնութիւնը, ազգի մարտունակութիւնը, ազգի արժանապատւութիւնը։

Այս օրերին ինչ կարդացել էի 19-20րդ դարերի մեր պատմութեան մասին եկաւ աչքիս առաջ։

Ով ինչ ուզում է թող ասի, բայց իմ կարծիքով այն, որ հազար տարի անկախ պետականութիւն չունենալը մեր ազգի հոգու ու մտքի վրայ ստրկամտութեան դրօշմ է դրել՝ անվիճելի է։

Ու մեր պայքարը առաջին հերթին դրա դէմ պիտի լինի, այդ նստուածքը վերացնելու դէմ պիտի լինի, նոր սերնդին անկախ պետականութեան առկայութեան պայմաններում իր հայրենիքում արժանապատիւ ապրելուն մղուած պիտի լինի ու ինքն իրեն յարգել սովորելուն պիտի լինի ու…

Եւ ի վերջոյ ամենադիպուկը։
Օպերայում շարքի մէջ կանգնած սպասում ենք Գիւլին։
Մէկն ասաց՝ “Գալիս ա, գալիս ա”։
Մեր մօտով անցնող մի երիտասարդ տղայ ասաց՝ “Ներեցէք, ո՞վ է գալիս”։

Սա արդէն ինչպէս ասում են՝ վերջն էր։ Ամբողջ երկիրն ու տարածաշրջանը խառնուել են իրար, այս տղան նոր հարցնում է “Ներեցէք, ո՞վ է գալիս”։

Friday, September 12, 2008

ԿՈՐԱԾ ԵՂԲՈՐ ՓՆՏՌՏՈՒՔՈՎ…(4)

Երկու կին են անցնում մեր յետեւով։ Մէկն ասում է “Լաւ էլի ամօթ ա, հիւր էք հրաւիրում ձեր տունը յետոյ էսպէս էք անում, բա պատիւ կը բերի”։

Բայց նախ մենք չենք հրաւիրել, Սերժն է հրաւիրել։ Յետոյ չէ որ ազգի կէսը ներկայիս Նախագահին երկրի օրինաւոր Նախագահ չի համարում, չէ որ ասում են նա կեղծիքով է դարձել Նախագահ, զոռով։ Ու ցոյցեր են անում, ու դրա համար էլ Մարտի մէկ եղաւ։ Ուրեմն գոնէ ժողովրդի կէսի համար նա օրինաւոր Նախագահ չի, ուրեմն նրա հրաւէրն էլ ճիշտ չի։ Սա կէսի մասին։
Բայց մենք այդ կէսին այդ օրը չտեսանք։ Ընդհակառակը։ Այդ կէսի առաջնորդները իշխանական աթոռների համար մղուող իրենց կռւում, Սեպտեմբերի 5-ին նախատեսուող իրենց հանրահաւաքը յետաձգեցին՝ Գիւլի գալու առիթով, իսկ նոյն մարդիկ Ապրիլի 24-ին ներքաղաքական հարցերով երթ էին կազմակերպել դէպի Ծիծեռնակաբերդ, հազարաւոր մարդկանց մասնակցութեամբ, որին անձամբ ականատես եղայ Կիեւեան փողոցում։ Պարզւում է կէսի կարծիքով Ապրիլի 24-ին ներքաղաքական հարցերով ցոյց կարելի է կազմակերպել, իսկ Գիւլի գալուց մէկ օր առաջ՝ ոչ։

Երկրորդ կէսի մնացածի մասին ի՞նչ ասեմ, մէկին մի օր ասում են “հայրենիքի դաւաճան”, միւս օրը նշանակում են Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար, միւսը մէկ օրում մի քանի հարիւր հազար հոգանոց կուսակցութիւն է ստեղծում, որոնց կէսը Ազգային Ժողովի ընտրութիւնների օրն իրեն քուէ չեն տալիս։ Որտե՞ղ է գաղափարը, սկզբունքը, ծրագիրը։

Ի դէպ նշեմ, որ այս արտայայտութիւնը “բա ամօթ չի հիւրի դէմ այսպիսի բաներ”, “դէ ճիշտ չի էլի, հիւր ա ի վերջոյ” եւ այլն, շատ շատ եմ լսել վերջին օրերի ընթացքում, վերոնշեալ կնոջից սկսած մինչեւ տան ներկարար ու խողովակ քաշող, մինչեւ սա ու նա…

Ոչ ոք չի քննարկում այն հարցը, որ ինչու՞ ես հրաւիրել։ Դրա մասին խօսք անգամ չկայ։ Խօսքը պատշաճ կերպով ընդունել-չընդունելու մասին է։ Այսինքն այլ խօսքով բոլորը կողմ են հրաւէրին, պարզապէս հարցն այն է, որ յանկարծ մի բան չանենք ամօթ լինի, խայտառակուենք թուրք նախագահի մօտ։

Հայաստանի Հանրապետութիւնում առկայ անթիւ անսահման կուսակցութիւնների ու հասարակական կազմակերպութիւնների միջից, փաստօրէն Դաշնակցութիւնը մնաց միակը, որն իր բողոքի ձայնը բարձրացրեց։ Միւսները ըստ երեւոյթին արձակուրդի մէջ էին։ Ոչ ոք ծպտուն չհանեց։ Ու տրամաբանութիւնը, աւելի ճիշտը տրամադրութիւնը մէկն է՝ սահմանը կը բացուի, լաւ կապրենք։ Մարդկանց թւում է, որ սահմանը կը բացուի, իրենք էլ միւս օրուանից կապրեն ինչպէս այնինչ Հոլիւուդեան աստղը։ Մնացածը հարիւր տարի առաջ պատահած բան ա, էլի։

Wednesday, September 10, 2008

ԿՈՐԱԾ ԵՂԲՈՐ ՓՆՏՌՏՈՒՔՈՎ…(3)

Սեպտեմբերի 6-ին Դաշնակցութիւնը բողոքի ցոյց էր կազմակերպել օդանաւակայից մինչեւ Նախագահական նստավայր, մարզդաշտ եւ այլուր։

Երթուղայինով իջնում եմ Օպերայի հրապարակ միանալու ցոյցին։
Անկեղծ ասած եթէ ինձ պատմեն, չեմ հաւատայ, բայց որ սեփական ականջներովս եմ լսում, չհաւատալ չեմ կարող։

Երթուղայինում 10-12 հոգի կը լինէինք։ Մայթերին կանգնած են դաշնակցականները պաստառներով ու դրօշներով։

Երթուղայինում նստած 40-45 տարեկան մի տղամարդ բարձր ձայնով ասաց՝ “Արա էլի բաւական ա, հարիւր տարի առաջ մի բան ա պատահել, ձեռ չէք քաշում, զըզուըցրիք”։

Մարդիկ սկսեցին քննարկել Գիւլի գալը, “դաշնակների” պահուածքը, սահմանի հարցը…

Կարծես մուրճով ուղեղիս խփած լինէին։ Դեռ մարդու ձայնը ականջումս է՝ “Արա էլի բաւական ա, հարիւր տարի առաջ մի բան ա պատահել, ձեռ չէք քաշում, զըզուըցրիք”։

Նախադասութիւնն այնպէս ասաց, կարծես խօսում էր Կոնգոյի անտառներից մէկում ծառից ընկած մի կոկոսի համար երկու երեխաների լեզուակռուի մասին, որն ի դէպ պատահել է հարիւր տարի առաջ։

Ցեղասպանութիւնը “մի բան ա՞”։ Իսկ ո՞վ ”զըզուըցրեց”։ “Դաշնակները՞”։ Բայց միթէ ցեղասպանութեան ժամանակ միայն դաշնակցականներին են ջարդել։ Իսկ ու՞մ “զըզուըցրինք”։ Թուրքերին թէ՞ հայերին։

Այսպէս մտքերի մէջ կորած հասնում եմ Օպերա։
Իջնում եմ մեքենայից։
Միանում ընկերներիս։

Tuesday, September 9, 2008

ԿՈՐԱԾ ԵՂԲՈՐ ՓՆՏՌՏՈՒՔՈՎ…(2)

Հայրապետեանի երկրորդ անակնկալը Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի մարզազգեստի հետ էր կապուած։ Այն էլ էր փոխուել։ Փաստօրէն այդուհետ ոչ թէ կարմիր-կապոյտ-նարնջագոյն մարզազգեստով պիտի խաղադաշտ դուրս գան հայերը, այլ նոր ձեւի ու գոյնի խաղազգեստով։

Եւ ի վերջոյ երրորդը։ Հայրապետեանը ոչ տարաւ, ոչ բերեց, յայտարարեց, որ մարզադաշտում ռասիզմի որեւէ դրսեւորում թոյլ չեն տայ։

Ի՞նչ։ Ռասի՞զմ։
Անվիճելի է, որ խօսքը հայերի ու թուրքերի, աւելի ճիշտը թուրքերի ու հայերի խնդիրների մասին է, այլ խօսքով ցեղասպանութեան ու դրա հետեւանքների։ Այսինքն ցեղասպանութեան հետ կապուած, թուրքերին իրենց պատմութիւնը յիշեցնող, դրա կապակցութեամբ իրենց պատասխանատւութեան մասին յիշեցնող յայտարարութիւն թոյլ չեն տայ։

Ուրեմն բանը հասաւ նրան, որ մարդիկ, որոնք իրենց անունը առանց տառասխալի գրել չեն կարող, սկսեցին խօսել իզմ-երից։ Բայց չէ որ որեւէ իզմ-ի մասին խօսելու համար առնուազն տարրական մակարդակի դպրոցը աւարտել է պէտք։ Ու ինչպէս ասել է քաղաքագիտութեան դոտոր Արմէն Այուազեանը “Այսօր ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մակարդակով առաջ են քաշում լոզունգներ՝ անցեալով չապրելու եւ ապագայով ապրելու մասին: ՀՖՖ նախագահը քաղաքագիտությեան դասեր է տալիս մեր հասարակութեանը” (“Առաւօտ”, 08.Սեպ.2008 թ.)։ Որտեղ հասանք։

Պարզից էլ պարզ է, որ վերոշարադրուած յայտարարութիւններն ու արածները Ռուբէն Հայրապետեանի մտքի արգասիքը չեն։ Պատուէր է իջել։

Ու բնականաբար հարց է առաջանում ՝ ո՞րն է այսքան իրար խառնուելու պատճառը։ Գերբ, մարզազգեստ, ռասիզմ…Բոլորն էլ այս խաղից առաջ, ասենք օրինակ, եթէ անհրաժեշտութիւն կար խորհրդանշանը փոխելու՝ դա կատարէին մէկ ամիս յետոյ, կամ մարզազգեստը երկու ամիս առաջ։

Այս իրարանցումը դիպուկ բանաձեւեց Արմէն Ռուստամեանը` “Այնքան են խառնուել իրար, կարծես իրենց կորած եղբորն են գտել”։

Երկրում տիրող այս քանի օրերի տրամադրութիւնն իրօք, ցաւօք, այդպիսին էր։

Monday, September 8, 2008

ԿՈՐԱԾ ԵՂԲՈՐ ՓՆՏՌՏՈՒՔՈՎ…(1)

Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Սերժ Սարգսեանի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլի ազգային հաւաքականների խաղը միասին դիտելու հրաւէրին ընդառաջ՝ Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գիւլի Հայաստան ժամանման հետ կապուած բաւականին հետաքրքիր, իմաստալից, լուրջ մտահոգութիւնների ու խորհրդածութիւնների տեղիք տուող իրադարձութիւններ պատահեցին այս քանի օրերի ընթացքում Հայաստանում, լուրջ ուշադրութեան արժանի արտայայտութիւններ լսեցի սովորական մարդկանցից, որոնց մասին էլ պիտի փորձեմ գրել յառաջիկայ օրերին։

Սկսենք Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայից ու նրա նախագահ՝ Ռուբէն Հայրապետեանից, յայտնի որպէս “Նեմեց Ռուբօ”։

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլի խաղից ընդամէնը մի քանի օր առաջ, ֆեդերացիայի նախագահը հրաւիրում է մամլոյ ասուլիս ու յայտարարում, որ փոխուել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի խորհրդանշանը, առանց բացատրելու թէ ինչու՞, ի՞նչ անհրաժեշտութիւնից մղուած, ու յատկապէս ինչու՞ ճիշտ այս խաղից առաջ է այն փոխուել։

Հին խորհրդանշանում կար Արարատ-Մասիսը ու պարզ է, որ այն դուր չէր գալիս թուրքերին։ Իսկ նորում, որն ի դէպ Հայաստանի Հանրապետութեան Զինանշանն է, չկայ վահանը, չկայ … այսինքն Սահմանադրութեամբ հաստատուած Զինանշանը օգտագործում են՝ նրանում ըստ ցանկութեան ու ճաշակի փոփոխութիւններ մտցնելով եւ այլեւս բացարձակապէս զարմանալի չի լինի եթէ մի առաւօտ քնից արթնանաք ու տեսնենք, որ մէկ ուրիշը Զինանշանի առիւծի փոխարէն նապաստակ է նկարել կամ էլ արծիւը չի սիրել ու տեղը հաւ է նկարել։ Երրորդին էլ հաւանաբար դրօշի գոյները դուր չեն գալիս ու նախընտրում է վարդագոյն-մանուշակագոյն…

Պատկերացնում էք, որ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մի օր որոշի, իրենց Հանրապետութեան զինանշանում առկայ արծուի փոխարէն բու նկարել…կամ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը որոշի իրենց խորհրդանիշը համարուող աքաղաղի փոխարէն ագռաւ նկարել…

Նոր խորհրդանշանը տեսնել ՀՖՖ-ի պաշտօնական կայք էջում։

Իսկ Արարատ-Մասիսն ինչու՞ են հանել։ Հաւանաբար որովհետեւ քցել-բռնել են ու եկել այն եզրակացութեան, որ այն Թուրքիայում է, իսկ Արեւմտեան Հայաստան կոչուածն էլ պատմագիտական հասկացութիւն է…

Friday, September 5, 2008

ԽԱՌԻՑ ԷԼ ԽԱՌԸ

Անցնող քանի շաբաթների ընթացքում այնքան զբաղուած էի, որ ինչպէս ասում են գլուխ քորելու ժամանակ չէր մնում։

Շատ խառը չէի, այլ խառից էլ խառը։

Այս պահին մասամբ խաղաղուելու որոշ նշաններ նշմարւում են հորիզոնում։ Տեսնենք։

Շնորհակալ եմ նրանց, ովքեր կապւում ու հետաքրքրւում էին կայք էջի շարունակութեան մասին։ Այդ վերաբերումն ինքնին ինձ ստիպում է ասել, որ ՈՉ, այն դեռ չի փակուել եւ մտադիր էլ չեմ փակել։

Անկեղծ ասած հէնց այս ձեւով գրելն էլ ինձ բաւարարութիւն է տալիս։ Դեռ չեմ ասում, որ ինչպէս մի անյայտ մտաւորական էր ասում՝ “Գրում եմ, ուրեմն կամ”։

Իսկ թէ ինչեր պատահեցին ինձ անցնող շաբաթների ընթացքում՝ շուտով։

Մինչ այդ՝ լաւ մնացէք։

Thursday, August 7, 2008

ՇԱՏ ԽԱՌԸ

Շատ խառը լինելու պատճառով չեմ կարողանում կանոնաւոր կերպով գրել։

Յոյսով եմ, որ այս վիճակը կարգաւորուի ամենաուշը մինչեւ Օգոստոսի վերջը։

Ինչեւէ այս ընթացքում կը փորձեմ գրել, բայց հաւանաբար այն կանոնաւոր կերպով չի լինի (ինչպէս անցեալ մի քանի շաբաթուայ ընթացքում)։

Լաւ մնացէք։

Monday, August 4, 2008

ԶԳՈՒՇԱՑԷՔ ԵՐԹՈՒՂԱՅԻՆԻ ԴՌՆԻՑ…

Մի քանի օր առաջ վաղ առաւօտեան տղայիս հետ երթուղայինով գնում էինք։
Մեքենայում 7-8 հոգի կը լինէին` մեծաւ մասամբ կանայք։
Հասանք այն կանգառը, որտեղ ուզում էինք իջնել։
Ուղեւորներից մէկն էլ նոյն տեղում էր ուզում իջնել ու մեզնից առաջ վարորդին ասաց պահիր։

Վարորդն էլ պահեց։

Ուղեւորը ուզում էր իջնել, բայց աւաղ դուռը չէր բացւում։
Մի քիչ փորձեց՝ չեղաւ։

Վարորոդն ասաց, որ դուռը ներսից փակուել է։ Ու տեղից բարձրանալով անցաւ ուղեւորների մասը իր հետ բերելով գործիքներ։

Անցաւ հինգ րոպէ։ Օդը տաք էր։ Մեքենայում էլ օդ չկար շնչելու։

Անցաւ եւս հինգ րոպէ։

Վարորդը ջանանում էր մի կերպ դուռը բացել ու չէր ստացւում։

Այլեւս անտանելի էր։

Որոշեցի իջնել, աւելի ճիշտը նստարանների վրայից անցնել վարորդի կողքի նստարանի վրայ ու վարորդի կողքի դռնով իջնել։

Նախ տղայիս անցակցրի։ Յետոյ էլ ես անցայ ու իմ հետեւից մնացած ուղեւորները՝ կրկնում եմ մեծաւ մասամբ կանայք։

Այն որ նմանատիպ դէպքեր ցանկացած մեքենայի հետ ու ցանկացած երկրում էլ կարող է պատահել՝ անվիճելի է։ Բայց այն, որ մեքենաների տեխնիկական զննումը մեր երկրում իրապէս ձեւական բնոյթ է կրում ու մի օր մի մեքենայի արգելակը չի պահում ու մեքենան մտնում է առջեւից գնացող մեքենայի մէջ ու մի քանի հոգի մեռնում են ու մի ուրիշ օր էլ դուռը չի բացւում ու ուղեւորները մնում են մեքենայի մէջ ու մի երրորդ օր էլ մեքենայի ներսում գազ է լցւում ու ուղեւորները հազիւ են խոյս տալիս մահից ու մի ուրիշ օր էլ … արդէն սովորական են դարձել։

Էլ չեմ խօսում այն մասին, որ երթուղայինում տաս նստարան կայ, բայց վարորդը քսան հինգ մարդ է նստեցնում (աւելի ճիշտը բարձրացնում) ու մեծ տառերով երթուղայինում փակցուած է՝ վարորդն իրաւունք չունի ծխելու ու վարորդը մէկ օրուայ ընթացքում մի քանի տուփ ծխախոտ է ծխում՝ ծուխը փչելով ուղեւորների վրայ ու …. Սրանք արդէն շատ սովորական են դարձել։

Լաւ մնացէք։

Friday, July 18, 2008

"Madama Butterfly"

Անցեալ Կիրակի օրը “Սպենդիարեան”-ի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայ գտնուեցի Ջիակոմո Պուչինիի “Տկն. Թիթեռնիկ” օպերայի բեմականացմանը։

Սա "Madama Butterfly"-ի պրեմիերան էր Հայաստանում։

Թէ “Տկն. Թիթեռնիկն” ինչի՞ մասին է, ցանկացողները կարող են տեղեկութիւններ ձեռք բերել այստեղից։

Ասեմ այնքանը, որ գործողութիւնը տեղի է ունենում Ճապոնիայի Նագասակի քաղաքում 19-րդ դարի վերջին։ Պուչինին օպերան գրել է 1904 թուականին՝ համանուն գրքից ։

Օպերան սկսեց ժամը 19։00-ին եւ վերջացաւ 22։30-ին։
Բաղկացած էր երեք արարից, երկու 15 րոպէանոց ընդմջումով։

Դահլիճը մօտաւորապէս լեփ-լեցուն էր, երիտասարդների ներկայութիւնը զգալի։

Խմբավար՝ Էդուարդ Թոփչեան։
Բեմադրող՝ Սուքիաս Թորոսեան։

Գեղեցիկ էր։ Անձամբ հոգեկան մեծ բաւարարութիւն ապրեցի, թէեւ անվարժ ականջների համար երեք ժամ շարունակ օպերա լսելը հեշտ չէ։

Երգիչ-ուհիները մէկը միւսից արհեստավարժ են։

Հաճելի էր։

Խորհուրդ կը տամ դիտել։

Տոմսերի արժէքն է 1500-7000 դրամ։

Լաւ մնացէք։

Wednesday, July 16, 2008

ՄԻՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2)

Խօսք գնաց մրգի մասին մի երկու նկատառում էլ գրեմ։

Հայաստանում հաստատուելուս առաջին շաբաթների ընթացքում միրգ ու բանջարեղէն գնելիս հանդիպեցի հետաքրքիր ու զաւեշտալի հակասութիւնների։

Մրգավաճառին ասում եմ “Վարունգն ի՞նչ արժի”, ասում է “Խիյառը կիլօն այսքան”։

Խիյառ պարսկերէն է եւ նշանակում է վարունգ։

Այլ խօսքով ես՝ Իրանահայս, Հայաստանում խիյառին ասում եմ վարունգ եւ Հայաստանահայ մրգավաճառը՝ Հայաստանում, վարունգին ասում է խիյառ։

Յաջորդիւ։

Ասում եմ “Երկու կիլօ սմբուկ տուէք”։
Մի վաճառողը միւսին ասում է՝ “Երկու կիլօ բադռջան լցրում տոպրակի մէջ”։

Պարսկերէնով սմբուկին ասում են բադեմջան, որոշ Իրանահայեր էլ բադռջան, որը հասկանալի է, բառը ասես-չասես հնչիւնափոխուել է։

Բայց հետաքրքիրն այն է, որ ես՝ Իրանահայս Հայաստանում բադեմջան-բադռջանին ասում եմ սմբուկ, եւ Հայաստանահայ մրգավաճառը՝ Հայաստանում սմբուկին ասում է բադռջան։

Շարունակե՞մ։

Կեռաս՝ պարսկերէնով գիլաս։ Հայաստանում տարածուած է գիլասը։

Աւելին։ Երբ տղայիս տանում եմ մեր բակի մրգավաճառի խանութը միրգ գնելու, մի քանի րոպէ աշխատակիցները տղայիս հետ գլուխ գլխի են դնում հարցնելով “Ի՞նչ ես ուզում”։ Տղաս էլ բանից անտեղեակ պատասխանում է “Ադամաթուզ”։

Եւ աշխատակիցները ծիծաղում են ու նորից “Ասացիր ի՞նչ ես ուզում”։

Որովհետեւ տարածուածը բանանն է (ի միջի այլոց որոշ բառարաններում ադամաթուզի դիմաց գրուած է բանան)։ Անանասը՝ արքայախնձորի փոխարէն, կլուպնիկան՝ ելակի փոխարէն, պամիդոռը լոլիկի փոխարէն ու սրա վերջը մօտաւորապէս չկայ, կամ պարսկերէն է, կամ ռուսերէն, կամ օտար լեզուներով, ու՞ր է հայերէնը Հայաստանում, չգիտեմ, փնտռում եմ տեսնեմ որտեղ կը գտնեմ։

Լաւ մնացէք։

Monday, July 14, 2008

ՄԻՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (1)

Հայաստանի մրգի շուկայի առանձնայատկութիւններից մէկն այն է, որ տեղական մրգերը շուկայում յայտնւում ու մնում են շատ կարճ ժամանակ, օրինակ շուկայում յայտնւում է բալ։ Ընդամէնը մէկ-երկու շաբաթ յետոյ, շուկայից ի սպառ վերանում է մրգի այդ տեսակը։

Այսինքն մինչեւ միւս տարի նոյն ժամանակ՝ ցտեսութիւն թարմ բալին։

Եւ սա ոչ միայն բալի պարագային։

Հետեւաբար այդ մէկ-երկու շաբաթուայ ընթացքում մրգի այդ տեսակից հասցրեցիր ուտել, շատ բարի, չհասցրեցիր, երկար պիտի սպասէս։

Այդ իսկ պատճառով մարդիկ մեծ ուժերով այդ կարճ ժամանակաընթացքում զբաղւում են մրգի չորացմամբ (չիր պատրաստելով), օշարակներ (սոկ), պահածոներ, վարենիներ (մուրաբա) պատրաստելով եւ այլն, որպէսզի տարուայ ընթացքում բալի (եւ այլ մրգերի) յիշատակը վառ պահէն նրա ոչ թարմ տարատեսակներն ուտելով։

Նշեմ, որ խօսքն այն մասին չէ, որ այլ երկրներում տարին տասներկու ամիս մրգի բոլոր տեսակների թարմը կը գտնէս, ոչ, այլ այն, որ Հայաստանում դրա տեւողութիւնը շատ շատ քիչ է։

Wednesday, July 9, 2008

ԲԱՆԱԿԱՎԱՅՐ, ԲԱՆԱԿԱՎԱՅՐ

Շաբաթ՝ Յունիսի 28-ին հրաւիրուել է դասախօսութիւն կարդալու Հ.Յ.Դ. Հայաստանի Պատանեկան Միութեան հերթական բանակումի մասնակիցների համար։ Վայրը Հ.Մ.Ը.Մ.-ի Բիւրականի բանակավայրն էր։ Ժամը երեկոյեան 7։30։

Գնացի։ Ճանապարհին սկսեց անձրեւ տեղալ։ Ասեմ, որ ճանապարհը նեղ է ու ոլոր մոլոր։ Մեղմ ասած, այդ պայմաններում՝ վտանգաւոր։

Հասայ բանակավայր։ Անձրեւը սաստկացել էր։ Որոշեցինք դասախօսութիւնը մի քանի րոպէով յետաձգել, գուցէ անձրեւը դադարի։ Աւելի վատացաւ։ Օդը ցուրտ էր։

Ճարահատուած դասախօսութիւն կարդացի այդ պայմաններում։

Դասախօսութեան վայրը բաց պատշգամբում էր։ Բաց ասելով նկատի ունեմ սրահում չէր, պարզապէս կար տանիք, սակայն սաստիկ անձրեւի կաթիլները թափում էին նստածների վրայ։

Ուժեղ քամի էր։ Չգիտեմ ձայնս հասնում էր բոլոր մասնակիցներին թէ ոչ։

Դասախօսութիւն եմ կարդում ու ինքս իմ մէջ մտածում Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնից 17 տարի անց դաշնակցական ընտանիքը տակաւին չի կարողացել լուծել հայրենիքում մեր նոր սերնդի մշտական բանակավայրի հարցը։ Մշտական բանակավայր այդ նպատակի համար նախատեսուած յարմարութիւններով, ինչպէս օրինակ՝ մեծ դահլիճով, որպէսզի նմանատիպ պայմաններում հնարաւոր լինի դասախօսութիւնը դահլիճում կարդալ (ուշադրութիւն դարձրէք, չասացի յարմարաւէտ դահլիճում, որովհետեւ գիտեմ, որ դա արդէն երեւակայութեան ժանրից է)։

Այդ հարցը ես թէեւ փորձեցի, սակայն, ցաւօք, չկարողացայ լուծել Երիտասարդական գրասենեակում պատասխանատւութեանս վեց տարիների ընթացքում։

Այն չէին կարողացել լուծել ինձնից առաջ։

Այն դեռ լուծուած չէ։

Կը լուծուի՞ մի օր։

Պինդ մնացէք։

Tuesday, July 8, 2008

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ՝ ՄԷԿ ՄԻԼԻՈՆ

Յուլիսի 4-ին ու 5-ին Երեւանում տեղի ունեցաւ Լիբանանահայ երաժիշտ Գի Մանուկեանի համերգը, որի գովազդը քանի օր շարունակ տարբեր հեռուստաալիքներով սփռւում էր։

Գովազդում յայտարարւում էր, որ համերգին հիւրաբար ներկայ է լինելու երգչուհի Լուսինան։

Համերգից առաջ էլ մի քանի հեռուստաալիքներով սկսեց սփռուել Լուսինայի տեսահոլովակը, որի ընթացքում մի երկու տեղ լսւում էր երգչուհու ձայնը, իսկ հիմնական երգիչը ամերիկացի սեւամորթ երգիչ էր։

Պարզուեց, որ հիւրաբար Հայաստանում գտնուող երգչուհի Լուսինան կապի ու տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկեանի աղջիկն է, որն ապրում է Բէյրութում եւ Նիւ Եորքում։

Շշուկներ տարածուեցին, որ երգչուհին իր տեսահոլովակի վրայ ծախսել է 2 միլիոն դոլար։

Թերթերում հրապարակուեց, յետոյ նաեւ որոշ հեռուստաալիքներով հարցազրոյցների ժամանակ հաստատուեց այդ լուրը, թեթեւակի շտկումով, որ ոչ թէ երկու միլիոն, այլ մէկ միլիոն դոլար։

Երբ հարցնում են արտադրողին (Producer), որ այդ գումարը երգչուհին ինքն է վաստակել թէ հայրն է վճարել, պատասխանում է, որ մենք քաղաքականութեամբ չենք զբաղւում։

Հնարաւոր է, որ արտադրողը չի զբաղւում քաղաքականութեամբ եւ հետաքրքրուած էլ չէ թէ այդ գումարը որտեղից։ Սրանում սխալ բան չկայ։

Բայց կարծում եմ Հայաստանի Հանրապետութիւնում շատ ու շատ հասարակ մահկանացու քաղաքացիների կը հետաքրքրի իմանալ այդ հարցումի պատասխանը։

Նախարարի աղջիկը ծախսել է մէկ միլիոն դոլար մէկ տեսահոլովակի պատրաստման համար։ Առ ի տեղեկութիւն Հայաստանի Հանրապետութիւնում նախարարի աշխատավարձը ամսեկան մի քանի հարիւր դոլար է, յամենայնդէպս հազար դոլարի չի հասնում։

Ուրեմն գումարը գոյացել է այլ աղբիւրներից։ Իսկ եթէ ոմանք ի վիճակի են մէկ տեսահոլովակի վրայ ծախսել մէկ միլիոն դոլար, տեսնես էլ ինչեր են ի վիճակի անել։

Լաւ մնացէք։

Յ.Գ. Ես չեմ լսել Լուսինայի երգերը եւ վերոշարադրուածը երգչուհու ձայնի մասին չէ։ Կարող է նա լաւ երգիչ է, կարող է եւ ոչ։ Չգիտեմ։ Խօսքը վերաբերում է պարզապէս տեսահոլովակի գումարին։

Tuesday, July 1, 2008

ԶԱՔԵՒՈՍԻՆ ՊԱՀԷՔ

Ասում են մի օր Հայաստանի եւ Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հաւաքականներն իրար հետ մրցութիւն են ունենում։ Խաղից առաջ Հայաստանի հաւաքականի մարզիչը խաղացողներին ասում է, որ “խաղի ընթացում միայն Բրազիլացի Պելէին ուշադիր եղէք, նրան պահէք, ուրիշ տեղից վտանգ չկայ”։

Սկսում է խաղը ու հինգ րոպէ անց Հայաստանի հաւաքականի կենտրոնական պաշտպան Զաքեւոսը գոլ է խփում սեփական դարպասը։

Բրազիլիա 1 - Հայաստան 0

Հայաստանի մարզիչը տղաներին ասում է, “ոչինչ, կը պատահի, դուք միայն Պելէին պահէք”։

Անցնում է եւս հինգ րոպէ ու կրկին Զաքեւոսը հարուածում է գնդակին ու կրկին գոլ է խփում Հայաստանին։

Բրազիլիա 2 - Հայաստան 0

Մարզիչը յորդորում է խաղացողներին, որ “բան չկայ, բարձր պահէք ձեր հոգեկանը եւ ինչպէս ասել եմ, միայն Պելէին ուշադիր եղէք, վտանգն այնտեղից է”։

Եւս հինգ րոպէ ու Զաքեւոսը երրորդ անգամ բացում է հաշիւը՝ կրկին ի շահ հակառակորդի։

Բրազիլիա 3 – Հայաստան 0

Այստեղ արդէն մարզիչը բոռում է` “Տղաներ, Պելէին բաց թողէք, Զաքեւոին պահէք”։

Ինչու՞ այս գրութիւնը։

Ընդամէնը մի քանի օր առաջ Մոսկուա կատարած իր այցի ժամանակ, ոչ աւել,ոչ պակաս այսպիսի յայտարարութիւն է անում Հայաստանի Հանրապետութեան Նախագահ՝ Սերժ Սարգսեանը.-

“Թուրքական կողմն առաջարկում է ձեւաւորել մի յանձնաժողով, որը պէտք է ուսումնասիրի պատմական փաստերը։ Մենք դէմ չենք այդպիսի յանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կը բացուի սահմանը մեր պետութիւնների միջեւ։ Այլապէս այն կարող է դառնալ հարցը տարիներով երկարաձգելու եւ շահարկելու միջոց։” (“Երկիր” կայք էջ,Երեքշաբթի, Յունիսի 24, 2008)

Հայաստանի Հանրապետութեան Նախագահը համաձայն է Հայոց “Ցեղասպանութեան” կապակցութեամբ պատմական փաստերն ուսումնասիրող յանձնախումբ կեանքի կոչուի։

Նշանակում է, որ Հայաստանի Հանրապետութեան Նախագահը կասկածում է Հայոց Ցեղասպանութեան իրողութեանը եւ մտածում է, որ հարցը ուսումնասիրման կարիք ունի։ Ինչպէս ասում են՝ կենացները քաղցրանում են։

Բացայայտ ու կոպիտ խախտումներով Նախագահի աթոռին նստած Սերժ Սարգսեանը, այս անգամ, մեղմ ասած, կրակի հետ է խաղում, որովհետեւ Հայոց Ցեղասպանութեան հարցը, այն հարցը չէ, որ հայ ազգը՝ ի Հայաստան եւ ի Սփիւռս աշխարհի, դրա շուրջ ընդունի որեւէ սակարկութիւն եւ այս անգամ կարող է իրապէս փլուի նրա գահը։

Եթէ Նախագահը դրանով փորձում է շօշափել հայ հանրային կարծիքը, սխալ ձեւ է ընտրել։

Իսկ եթէ նա իշխանութիւնը պահելու դիմաց խոստումներ է տուել արտաքին ուժերին, էլի սխալուել է, որովհետեւ Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը, շատ ու շատ ազգերի ու պետութիւնների համար փաստուած իրողութիւն է, իսկ Հայ ազգի համար, կրկնեմ, անսակարկելի։

Եզրակացութիւնը մէկն է՝ ժամանակն է տղաներին ասել՝ “Պելէին բաց թողէք, Զաքեւոսին պահէք”։

Monday, June 30, 2008

ԻՍՊԱՆԻԱՆ՝ ԱՌԱՋԻՆ

Երեկ գիշեր աւարտուեց Եւրոպայի ֆուտբոլի առաջնութեան խաղերը եւ Իսպանիան եզրափակիչ խաղում 1-0 հաշուով պարտութեան մատնեց Գերմանիային նուաճելով առաջնութեան գաւաթը։

Յիշեցնեմ, որ Եւրոպայի առաջնութիւնը Իսպանիան նուաճել էր ընդամէնը մէկ անգամ, այն էլ 1964 թուականին։

Արդէն գրել էի, որ ես Իսպանիայի հաւաքականի երկրպագուներից եմ եւ ցանկանում եմ նրանք դառնան առաջին ու ահա … դարձան։

Իսպանացիները մրցաշարի ամբողջ ընթացքում ցուցադրեցին բարձրակարգ, գեղեցիկ, կազմակերպուած ֆուտբոլ, հրաշալի դարպասապահ (Կասիլաս), ամուր պաշտպանական գիծ (իմ սիրած պաշտպաններ Սեռխիօ Ռամոս, Փոյոլ), փայլուն կիսապաշտպաններ (Ինիյեստա, Խաւի) եւ ի վերջոյ լաւ հարձակուողներ (Վիլիյա, Տոռես)։ Արդիւնքը մէկը միւսի յետեւից արձանագրած հաղթանակ։

Երեկուայ խաղում Գերմանիան շփոթուած էր, յատկապէս գոլն ստանալուց յետոյ եւ ի վերջոյ ծնկի եկաւ Իսպանիայի աւելի կազմակերպուած ու արագաշարժ խաղի դիմաց։

Շնորհաւորում եմ Իսպանիայի ֆուտբոլի ազգային հաւաքականին (չեմ կարծում, որ նրանք այցելում են այս կայք էջը) ու Իսպանական ֆուտբոլի երկրպագուներին։

Լաւ մնացէք։

Յ.Գ. (1) Եթէ խաղադրոյք կատարած լինէի…

Յ.Գ. (2) Եթէ միւս ցանկութիւններս էլ այս մէկի նման իրականանային…

Tuesday, June 17, 2008

ԱՆԿԱԽ ՕՊԵՐԱ...

Երեկ երեկոյեան քայլում էի Հիւսիսային պողոտայով, երբ հասայ Հիւսիսային պողոտայ-Թումանեան պողոտայ հատման հատուածին։ Տեսայ մի խումբ մարդիկ, մեծ մասամբ կանայք հացադուլ են յայտարարել։ Մի խումբ մարդիկ էլ լոզունգ են տալիս “Լեւոն նախագահ”, ”Սերժիկ հեռացիր”, ”Ազատ, անկախ Հայաստան”։

Մի պահ կանգ առայ, դիտեցի ու շարունակեցի քայլել, երբ բազմութիւնը, որն ի դէպ մի քանի տասնեակից աւելի չէր, սկսեց մի լոզունգ տալ, որը եւ պատճառ հանդիսացաւ սոյն գրութեան։

Ասեմ, որ նախ լոզունգն ինձ ակամայ յիշեցրեց “Մտերմիկ հասարակագիտութիւն” գրքի հետեւեալ հատուածը՝ “Եղբայր, իշխանութեանն ու համակարգին դէ՞մ ես, խնդիր չի, սիրել կամ չսիրելը քո իրաւունքն է, բայց ինչու՞ ես մի բան անում, որ քո խելքին կասկածեն” (էջ 96)։

Բազմութիւնն ուզում էր Հիւսիսային պողոտայից գնալ Ազատութեան հրապարակ եւ հաւաքն այնտեղ անցկացնել, ոստիկանութիւնն էլ չէր թողնում։ Բազմութիւնը գոռում էր “Ազատ, անկախ Հայաստան”, յետոյ մէկ էլ մէկը բազմութեան միջից ասաց՝ “Ազատ, անկախ Օպերա”, խօսքը բնականաբար Ազատութեան (Օպարայի) հրապարակի մասին է։ Եւ բազմութիւնն էլ սկսեց հետեւել մտքի այդ գիգանտին ու լոզունգ տալ “Ազատ, անկախ Օպերա”։

Շշմեցի։ Անկա՞խ Օպերա։ Ի՞նչ է նշանակում։ Կրկնե՞մ՝ “Եղբայր, իշխանութեանն ու համակարգին դէ՞մ ես, խնդիր չի, սիրել կամ չսիրելը քո իրաւունքն է, բայց ինչու՞ ես մի բան անում, որ քո խելքին կասկածեն” (էջ 96)։
Օպերան անկախանայ ինչի՞ց, ումի՞ց։ Իշխանութիւնի՞ց, ընդդիմութիւնի՞ց, Ռուսաստանի՞ց, ԱՄՆ-ի՞ց, …անկախանայ յետոյ ի՞նչ անի։

Նպատակն անշուշտ պարզ է։ Մարդիկ ուզում են անարգել գնալ ու Ազատութեան հրապարակում հանրահաւաք անցակացնել, բայց նոյնքան պարզ է, որ տուած լոզունգը էութեամբ սխալ է ու անհեթեթ։

Լաւ մնացէք։

Յ.Գ. Ի դէպ աւելացնեմ, որ մտքի ու խօսքի նման գիգանտներ իշխանաւորների մէջ էլ քիչ չեն։

Sunday, June 15, 2008

ԲԺՇԿՈՒԹԻՒՆ ԹԷ՞...

“Քոսը յաճախ լինում է յատկապէս աղքատ բնակչութեան մէջ, որոնք զրկուած են հիգենիկ տարրական յարմարութիւններից եւ ընդարձակ բնակարաններ ունենալուց։ Նախառեւոլիւցիոն Ռուսաստանում Քոսը տարածուած էր գիւղական բնակչութեան, ինչպէս եւ բանւորութեան մէջ, որոնք ապրում էին անբարեկարգ բնակարաններում եւ բարաքներում։

Քոսը աղքատութեան հիւանդութիւն է։

Այժմ Քոս հիւանդութիւնը տարածուած է յատկապէս կապիտալիստական երկրներում բնակչութեան շահագործուող խաւերում, կիսագաղութային եւ գաղութային ճնշուած ժողովուրդների մէջ։ ՍՍՌՄ բնակչութեան կուլտուրական եւ նիւթական մակարդակի բարձրացման շնորհիւ Քոսը, որպէս մասսայական հիւանդութիւն, վերացել է, եւ այժմ նկատւում են միայն եզակի դէպքեր”։ (Էջ 161)

Վերոշարադրուածը մի հատուած է “Մաշկային եւ վեներական հիւնադութիւններ” գրքից, որն ինձ տրամադրեց մի ուսանող։
Այն ցայտուն նմուշ է այն բանի, թէ ինչպէս Խորհրդային Միութիւնում ամէն ինչի դիտում էին գաղափարական տեսանկիւնից։
Ենթադրում եմ, որ տարեվերջին ուսանողների քննութեան հարցաթերթիկներում եղել են հետեւեալ հարցերը.-

1.- Այժմ Քոս հիւանդութիւնը որտե՞ղ է տարածուած
Պատասխան՝ կապիտալիստական երկրներում ու ճնշուած ժողովուրդների մէջ։
2.- Ինչու՞։
Պատասխան՝ որովհետեւ նրանց կուլտուրական եւ նիւթական մակարդակը ցածր է։

Ու այս հարցերին փայլուն պատասխաններ տալով էլ ուսանողը ստացել է կարմիր դիպլոմով բժկական վկայական։

Լաւ մնացէք։

Յ.Գ. (1) Քոսը լատիներէնով կոչւում է Scabies։

Յ.Գ. (2) Նշեմ, որ ըստ ուսանողների ասութեան, թէեւ գիրքը հին է, սակայն պարունակում է օգտակար տեղեկութիւններ։ Իմ դիտողութիւնը վերաբերում է խնդրի գաղափարաքաղական կողմին։

Յ.Գ. (3)
“Մաշկային եւ վեներական հիւնադութիւններ”
Հեղինակ։ Մ.Մ. Ժելտակով։
Հայպետուսումնակհրատ։
Տպագրութիւն՝ 1964 թ.։
Ծաւալ՝ 406 էջ։
Թարգմանուած է 1957 թուականին ռուսերէն հրատարակութիւնից։

Saturday, June 14, 2008

"ԵՒՐՕ2008"

Չգիտեմ ինչու՞ ես այս կայք էջում ցարդ ֆուտբոլի մասին չեմ գրել։

Յամենայնդէպս “Եւրօ2008”-ի առիթով այդ մասին գրում եմ առաջին անգամ։

1.- Հէնց սկզբում ասեմ, որ “Եւրօ2008”-ին ցանկանում եմ հաղթի Իսպանիան, իսկ եթէ ոչ՝ ապա Պորտուգալիան։ Ինչու՞։ Որովհետեւ Իսպանական ու Պորտուգալական ֆուտբոլը մօտ է Բրազիլական ֆուտբոլին, որը նշանակում է լի է ստեղծագործութեամբ, անհատական հմուտ խաղերով, մի խօսքով տաքութեամբ։ Սակայն նկատի պիտի ունենալ, որ "Եւրօ2008"-ում հանդէս եկած հաւաքականներից, իմ կարծիքով, մինչեւ այսօր ամենայաջողն ու կազմակերպուածն ու վտանգաւորը Հոլանդիայի հաւաքականն է։

2.- Փոքր տարիքից՝ ցարդ, ամենասիրածս հաւաքականը եղել է (կայ ու կը մնայ) Բրազիլիան (Brasil)։

Մի շատ պարզ պատճառով՝ Բրազիլիայի ֆուտբոլը՝ ֆուտբոլ չէ, այլ ինչպէս Հայաստանի մարզամեկնաբաններից մէկն էր ասում, պոէզիա (Poem)։ Դա զուտ մարզանք չէ, կամ զուտ խաղ, այլ ստեղծագործութիւն, նորարարութիւն, անակնկալ երեւոյթներ, իսկ Բրազիլիան՝ ֆուտբոլի գերաստղերի արտադրութիւն։

Բրազիլիասիրութեանս համար թերեւս այլ պատճառ եւս գոյութիւն ունենայ։ Այնտեղ, որտեղ ես եմ ծնուել, այսինքն Իրանի Հարաւ-Արեւմտեան Խուզիստան նահանգում, մարդիկ Բրազիլիայի մոլեռանդ երկրպագուներ էին, այն աստիճանի, որ օրինակ, իմ ծննդավայր Աբադան քաղաքի ֆուտբոլային ակումբը՝ “Սանաթէ Նաֆթ է Աբադան (Աբադանի քարիւղի ճարտարարուեստ”, կոչւում էր Իրանի Բրազիլիան եւ խմբի մարզահագուստը նոյն գոյնի ու ձեւի էր, ինչ Բրազիլիայի հաւաքականի։ Հետեւաբար վստահաբար ես էլ կրել եմ դրա ազդեցութիւնը։ Սակայն անկախ դրանից, այն, որ Բրազիլիան ֆուտբոլում գագաթ է՝ անվիճելի է։

Ճիշտ պատկերացում կազմելու համար ասեմ, որ Բրազիլական ֆուտբոլին կարելի է հակադարձել օրինակ Գերմանական կամ Անգլիական ֆուտբոլը, որտեղ ամէն ինչ մինչեւ վերջին քայլը հաշուարկուած է։ Վերջին երկու հաւաքականների խաղերը նայելիս, այն տպաւորութիւնն եմ ստանում, որ դիտում եմ օրինակ Մերսեդես Բենցի շարժիչի աշխատանքը, այնքան, որ ամէն ինչ մեխանիկական է, հաշուարկուած ու կազմակերպուած։ Ո՞վ է կարող ասել, որ գնդակն ստանալուց յետոյ, ո՞րն է լինելու Ռոնալդինիոյի կամ Ռուբինիոյի յաջորդ քայլը։

3.- Ակումբային խմբերից ամենից շատ սիրում եմ Իսպանիայի Արքայական խումբ՝ Մադռիդի Ռէալին եւ Բարսելոնային։ Սիրում եմ դիտել Իսպանական եւ Իտալական ակումբային խաղերը։

Լաւ մնացէք։

Friday, June 13, 2008

"ՄՏԵՐՄԻԿ ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹԻՒՆ" (5)

“Մեր պետական այրերն էլ երբ խօսք է գնում երկրորդ, երրորդ, … ծրագրերի մասին, յամենայնդէպս այդ խօսքերը գրքերում կարդացել են, մեծ ու փոքր խորհրդաժողովներում էլ, որ մասնակցել են, լսել են, թէ նրանց դուր է գալիս, եւ թէ հաւատում են, որ պիտի այդպէս լինի։ Հետեւաբար գնում են դրա հետեւից, մի շարք թուեր ու թուականներ ու նպատակներ են գրում գեղեցիկ աղիւսակներում, սխեմայ են գծում, ու դրանք բերում են… բայց անգամներ ինքներդ էք վկայ եղել, որ որովհետեւ յարմար ենթահող չենք ունեցել այդ ծրագրաւորման համար, որովհետեւ բաւարար ուսումնասիրութիւն չենք կատարել ծրագրի մշակման ժամանակ, եւ ամենակարեւորը, որովհետեւ գործադիրների մեծ մասը էութեամբ ու սկզբունքով հաւատք չեն ունեցել ծրագրաւորման նկատմամբ, արդիւնքը լինում է այն, ինչ այսօր մեր դէմն է։

Էջ 65

Յ.Գ. Մեր պարագային, օրինակ, քանի քանի աղքատութեան հաղթահարման ռազմավարական ու մարտավարական ծրագրեր են մշակուել, քանի քանի կաշառակերութեան դէմ պայքարի (հակակոռուպցիոն) ծրագրեր են մշակուել… ու մշակւում են ու հաւանաբար դեռ կը մշակուեն ու…

Լաւ մնացէք։

Tuesday, June 10, 2008

"ՄՏԵՐՄԻԿ ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹԻՒՆ" (4)

“…կրկնում եմ ընդամէնը մէկ օրինակ գիտէք պատասխանատուներից, մեծերից, եւ աւելի ցած մակարդակներում գործադիրներից, ուսուցչից, ճարտարապետից, հացթուխից, որ անկեղծութեամբ ասի՝ ես այս գործը փչացրել եմ իմ անգիտութեան, մասնագէտ չլինելու, խելք չունենալու պատճառով եւ պատասխանատւութիւնն էլ ընդունում եմ։ Հնարաւոր չէ։ Եւ սա ողբերգութիւն է։ Աւելին, չխոստովանելուն զուգընթաց, այս փչացնելը բացատրելու համար պարտաւորւում է այլ թուեր ու վկաներ ու վիճակագրական տուեալներ բերել, որ եթէ նոյնիսկ ճշմարիտ էլ լինել, մեր գործին պէտք չեն”։

Էջ 134

Յ.Գ. Մենք ի՞նչ, մենք մեր ազգի մեծերից, պատասխանատուներից, ....մէկ օրինակ գիտե՞նք, որ ասի...

Լաւ մնացէք։

Sunday, June 8, 2008

ՔԱՅԼԵԼՆ ՈՒ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ

1.- Ես ընդհանրապէս շատ եմ քայլում։ Դա ինձ համար նոր սովորութիւն չէ, փոքր տարիքից այդպէս եմ սովոր ու մինչեւ հիմա էլ պահում այդ սովորութիւնը։ Սակայն վերջին մօտ մէկ տարուայ ընթացքում, երբ դարձել եմ արհեստավարժ չաշխատող՝ փորձում եմ կանոնաւոր կերպով ժամանակ յատկացնել քայլելուն։

Անցեալ Ուրբաթ օրը, օրինակ, քայլել եմ երկու ժամ քսան րոպէ։

Սկսել եմ Կոմիտաս-Փափազեան խաչմերուկից մէկ կանգառ վերեւից, Կոմիտասով իջել Մերգելեան ինստիտուտ, այնտեղից Բարեկամութիւն մետրօ, ապա Կիեւեան փողոցով մինչեւ Կիեւեան կամուրջ, անցել եմ Կամուրջով ու պտտել աջ, մտել Աջափնեակ թաղամաս, քայլել զբօսայգում, հասնելով Հրազդանի ձոր ու բարձրանալով վերեւ հասել մանկական խաղահրապարակ, էլի առաջ գնացել եւ հասնելով զբօսայգու վերջաւորութեանը վերադարձել նոյն ճանապարհով մինչեւ Կիեւեան կամուրջ, ապա Կիեւեան պողոտայ ու հասել Կիեւեան-Օրբելի եռուղուն, մտել Օրբելի փողոց, հասել Բաղրամեան պողոտայ, իջել Բաղրամեանով, հասել Դեմիրճեան փողոց (Ազգային Ժողովին կից) եւ Դեմիրճեանով քայլել մինչեւ Սարեան փողոց, Սարեանից Արամի փողոց ու քայլելն աւարտել Մաշտոցի պողոտայ Արամի փողոց հատման հատուածում։

Ենթադրում եմ, որ 20-25 կիլոմետր քայլած կը լիենմ, եթէ ոչ աւելի…

Երեւանին ծանօթները կը հաստատեն, որ սա չափազանց շատ տարածութիւն է։

Ինչու՞ այս մասին գրեցի։ Շարժելու համար նստակեաց կեանք վարողների նախանձը։ Մարդկանց եմ ճանաչում, որոնք հնարաւորութիւն ունենալու պարագային իրենց տան հիւրասենեակից մինչեւ քնելասենեակ կը գնան մեքենայով։

Իսկ ով կասի, որ սա պարապ մարդու գործ է, կը պատասխանեմ, որ խոստովանէք, որ նոյնիսկ ամենապարապ մարդը, դժուար պատրաստ լինի քայլել երկու ժամ քսան րոպէ։ Աւելացնեմ, որ այդ ընթացքում երբէք չեմ նստել կամ հանգստացել, պարզապէս մի քսան րոպէ կանգնել եմ, ակամայ մասնակից լինելով մի ահաւոր դէպքի։

Մէկ անգամ գրել եմ, հիմա կրկնում եմ, չգիտեմ Երեւանում միայն ես եմ մասնակից լինում կամ միայն ինձ են պատահում հետաքրքիր ու յիշարժան դէպքեր, թէ բոլորին, բայց այն, որ ինձ անընդհատ այդպիսի դէպքեր են պատահում կամ ես անընդհատ մասնակից եմ լինում այդպիսի բաների, ակնհայտ է։

Ահաւասիկ այդպիսի դէպքերից մէկի մասին։

2.- Աջափնեակից վերադառնալով քայլում էի Կիեւեան կամուրջի աջ մասով, երբ նկատեցի, որ ձախ մասում մի տղայ անցել է կամրջի ցանկապատը ու ուզում է իրեն վայր նետել, այլ խօսքով ինքնասպանութիւն գործել։ Շեշտում եմ՝ տղան անցել էր ցանկապատը։

Երկու տղամարդ էլ ցանկապատի այս կողմում (բնականաբար այս կողմում) տղայից մի կէս մետր տարածութեան վրայ, խօսում էին տղայի հետ, պարզ է համոզելով, որ հրաժարուի մտադրութիւնից։

Ի միջի այլոց տեղեկացնեմ, որ Կիեւեան կամուրջը Երեւանում յայտնի է որպէս ինքնասպանութիւն գործելու համար յարմար վայր։ Բարձրութիւնից վայր նետուելով ինքնասպանութիւն կատարել նախընտրողների մեծ մասը, գերադասութիւնը տալիս են Կիեւեան կամուրջին։ Թէ ինչու՞, չգիտեմ։ Ասենք օրինակ, Դաւիթաշէնի կամուրջն էլ այդ գործի համար անյարմար վայր չէ, բայց կարծես սա էլ Կիեւեան կամուրջն է սեփականաշնորհել ու նրա մենաշնորհն է։

Ի՞նչ անել, ի՞նչ չանել, մտածում եմ ու առաջին բանը, որ խելքիս հասաւ ոստիկանութիւն զանգահարելն է։ Բջջայինով զանգեցի 102։ Զանգ գնաց՝ վերցնող չկար։ Անջատեցի, կրկին զանգեցի՝ զանգ գնաց՝ վերցնող չկար։ Այս անգամ ինքն անջատուեց։ Փորձեցի երրորդ անգամ՝ վերցրին։ Բացատրեցի իրավիճակը, պատասխանեցին, որ “Կուրսի* ենք ու արդէն մարդ ենք ուղարկել”։

Անցայ Կամուրջի մէկ կողմից միւսը։ Արդէն մի եօթ-ութ հոգի հաւաքուել էին ու խօսում էին տղայի հետ ու ի վերջոյ տղային համոզելով, կատարեցին խիստ վտանգաւոր գործ (թերեւս այլ ելք էլ չկար)՝ բռնեցին նրա ձեռքերից ու մարմնից ու ցանկապատի միւս կողմից տղային յետ քաշեցին այս կողմ՝ նրան վերադարձնելով Երրորդ Աշխարհ։

Տղան յուշաթափ ընկաւ մայթին։

Հաւաքուածների մէջ նկատեցի “Ժառանգութիւն” կուսակցութեան անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արմէն Մարտիրոսեանին։

Կիեւեան կամրջում խցանում էր առաջացել։ Մեքենաները պահում, նայում էին ու շարժւում շատ դանդաղ։ Որոշ վարորդներ էլ մեքենաները պահում, իջնում էին, բաւականին մարդ էր հաւաքուել։ Ոստիկանութիւն դեռ չկար։ Մէկը մեքենայից ջուր բերեց ու լցրեց տղայի երեսին, ուշքի եկաւ։ Անունը Վարդան էր, քսան տարեկան։

Մի տարիքով մարդ անընդհատ ասում էր, “Տղայ ջան, Վարդան ջան, դու պրոբլեմ** չունես, տես ինչքան տղամարդ ա հաւաքուել շուրջդ, մենք մէջքիդ ենք, չմտածես”։ Մի յիսուն անգամ այս նախադասութիւնը կրկնեց։ Որոշներն էլ հաստատում էին։ Ես էլ մտածում էի այդքան տղամարդը հինգ րոպէ յետոյ կը գնայ իր գործին, տղային թողնելով իր հարցերով, ուրեմն ինչու՞ է իզուր խոստում տալիս։ Ոչ ոք չգիտի ի՞նչն է տղային մղել այդպիսի քայլի, որպէսզի հնարաւոր լինի օգնութիւն ցոյց տալ։ Յամենայնդէպս կարծում եմ այդ պահին ասելը, չասելուց աւելի լաւ էր։։

Նկատեցի, որ յայտնուել եմ այդ մարդու կողքին, որը պարզուեց շատախօս է։ Մարդը բարձր ձայնով ասաց, “Ուզում էր իրեն քցել, դուխը*** չէր հերիքում”։ Մտածեցի, այս մարդու ձայնը չհասնի տղայի ականջին, այդ մարդու ինադու****, տղան տեղից բաձրանայ ու իրեն ցած քցի, ապացուցելու համար, որ ինքը դուխ ունի, դուխով տղայա։

Ոստիկանութիւնը, ինչպէս տեսաերիզներում, հասաւ վերջում։ Ուզում էին տղային նստեցնել իրենց մեքենայի մէջ։ Տղան չէր գնում։ Հաւանաբար վախենում էր։ Վերջը խօսեցին, համոզեցին, նստեցրին, տարան։ Ներկաներից ոչ մէը չիմացաւ ի՞նչն էր տղայի դրդապատճառը, մերժուա՞ծ սէրը, անգործութիւնը՞, նիւթակա՞ն դժուարութիւնները, մօր կորուստը՞, անբուժելի հիւանդութիւնը՞, թէ այլ բան, չպարզուեց։

Վայրկեաններ յետոյ տեղում ոչ ոք չէր մնացել։

Մարդկանց ջանքերով բարեբախտաբար հնարաւոր եղաւ մի հայ երիտասարդի փրկել ստոյգ մահից։ Տայ Աստուած, որ լուծուեն նրա դժուարութիւնները եւ ոստիկանութիւնը կամ համապատասխան մարմինները ցուցաբերեն անհրաժեշտ օգնութիւն։

Քանի որ խօսքը ինքնասպանութեան մասին է, ասեմ, որ հոգեբանական եւ հասարակագիտական ուսումնասիրութիւններն ապացուցել են, որ .-

1.- Ինքնասպանութիւնը, չափազանց յանդուգն գործ է, այնքան յանդուգն, որ մեղմ ասած, ամէն մարդու բան չէ։
2.- Ինքնասպանութիւն կատարել փորձողների մեծամասնութիւնը, գիտակցաբար կամ ենթագիտակցաբար, չի ուզում դա իրականանայ, այլ ընդամէնն ուզում է իր շրջապատը կամ հասարակութիւնը իրեն ուշադրութիւն դարձնեն։ Դրա համար էլ ինքնասպանութիւն գործողներից շատ աւելի մեծ թիւ վերջին պահին փրկւում է, քան մահանում։

Պինդ մնացէք, որովհետեւ կեանքում դժուարութիւնները կը գան ու կերթան, կամ էլ կը գան ու չեն երթայ, բայց, մեր մէջ մնայ, առանց դժուարութեան կեանքն ու՞մ է պէտք։

Ազգի ղեկավարներն էլ թող իջնեն իրենց ջիփերից, քայլեն փողոցներով, օգտուեն հանրային փոխադրամիջոցներից, շփուեն ժողովրդի հետ ու տեսնեն ինչ է կատարւում։

* Կուրսի ենք։ Տեղեակ ենք, ընթացքի մէջ ենք։
** Պրոբլեմ։ Հարց, խնդիր։
*** Դուխը։ Քաջութիւնը, համարձակութիւնը։
**** Ինադու։