Sunday, February 28, 2010

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅՆԱՑՈՒՄԸ ԵՒ ...

Փետրուարի 2-ին մի խումբ երիտասարդների (որոնց մէջ նաեւ ուսանողների) համար դասախօսութիւն կարդացի "Համաշխարհայնացումը եւ ազգային ինքնութիւնը" նիւթի վերաբերեալ։

Ասացի, որ իմ կարծիքով համաշխարհայնացումը նոր երեւոյթ չէ։ Այն տարբեր ժամանակաշրջաններում տարբեր ձեւերով է դրսեւորուել։ Օրինակ տուեցի Քրիստոնէութիւնը։ Ասացի սրանից երկու հազար տարի առաջ հրապարակ իջաւ մի գաղափար, որին տարբեր երանգներով, սակայն ընդհանուր առմամբ այսօր երկու միլիարդից աւելի մարդ է հետեւում։ Սա համաշխարհայնացում չէ՞։

Այդուամենայնիւ համաշխարհայնացման մասին աւելի շատ սկսեցին խօսել 20-րդ դարի վերջին եւ 21-րդ դարի առաջին տասնամեակներում, որովհետեւ մինչ այդ եւ մանաւանդ այդ երկու տասնամեակում մեծ, արմատական ու կտրուկ փոփոխութիւններ առաջացան հաղորդակցական միջոցների մէջ՝ համացանց, բջջային հեռախօս եւ այլն։

Ասացի, որ ազգային ինքնութիւնը պահելու հարց միշտ էլ եղել է, սակայն արդի ժամանակաշրջանում, հաղորդակցական միջոցների ներկայիս զարգացման պայմաններում, այն պահպանելու հարցն աւելի հրատապ է ու լուրջ։

Յետոյ օրինակ բերեցի Թարգմանչաց տօնը։ Ասացի, որ հինգերորդ դարում մեր թարգմանիչների կատարած գործի համար, մեր եկեղեցին տօն է սահմանել։ Այսինքն արժեւորել է թարգմանիչների կատարած գործը, որը ոչ այլ ինչ էր, քան սեփական ժողովրդին ծանօթացնել օտար մտքի արգասիքը։ Միթէ՞ այն ժամանակ վախ չկար ազգային ինքնութիւնը կորցնելու կապակցութեամբ։
Բնականաբար կար, սակայն ժողովրդների միջեւ յարաբերութիւններն այսօրուայ ծաւալը չունէին եւ հաղորդակցական միջոցները, կրկնենք, այսքան զարգացած չէին, օրինակ՝ այն ժամանակ արբանեակային հեռուստահաալիքներ չկային եւ այլն։

Հիմա, օրինակ, անգլերէնը դարձել է տիրապետող։ Ամէն ոք ձգտում է անգլերէն սովորել։ Նոյնիսկ ֆրանսացիներն ու գերմանացիներն են ելքեր խորհում անգլերէնի ազդեցութեան առաջն առնելու համար։ Իսկ լեզուն իր հետ բերում է նաեւ մտածողութիւն եւ այլն։

Յետոյ խօսեցի ինքնութեան մասին ընդհանուր առմամբ։ Յետոյ անհատական եւ հաւաքական ինքնութեան մասին։ Յետոյ ինքնութեան տագնապի մասին։ Յետոյ մարդու հասարակականացման մասին (socialization) եւ այլն։

Եւ եզրակացրեցի, որ համաշխարհայնացման ընթացքն անկասելի է։ Դրա դիմաց պայքարել նշանակում է տիրապետել նրա ընձեռած հնարաւորութիւններին եւ այն օգտագործել ազգային ու անհատական ինքնութիւնը պահպանելու համար։ Այլ խօսքով ծիծաղելի է մարդկանց ասել համացանցից կամ բջջային հեռախօսից մի օգտուէք, սակայն կարելի է ու պէտք է ասել օգտուէք այդ հնարաւորութիւններից ձեր խնդիրները լուծելու ու ձեր ազգային ինքնութիւնը պահպանելու ուղղութեամբ։

Մի խօսքով խօսեցի յիսուն րոպէ։ Մօտաւորապէս նոյնքան րոպէ էլ պատասխանեցի հարցումներին։

Լա՞ւ էր, վա՞տ էր, չգիտեմ, բայց վերջում մի բաժակ դառը սուրճ տուեցին։

Լաւ մնացէք։

Saturday, February 27, 2010

Friday, February 26, 2010

ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆ (2)

Երեկ երիտասարդների (որոնց մէջ նաեւ ուսանողների) համար դասախօսութիւն կարդացի յեղափոխութեան մասին։

Դասախօսութիւնս բաժանել էի երեք մասի.-

Առաջին՝ յեղափոխութեան տեսութիւններ՝ Մարքս, Ջանսոն, Դէյուիս եւ ուրիշներ...

Երկրորդ՝ Հայ յեղափոխութիւն՝ Վարանդեան, Տասնապետեան, առարկայական ու ենթակայական պայմաններ...

Երրորդ՝ ի՞նչ ենք մենք ներկայիս հասկանում յեղափոխութիւն ասելով։

Թէեւ առաջին երկու բաժինները տեսական, քաղաքական, հասարակագիտական ու պատմական են, սակայն առանց դրանց մասին իմանալու ամբողջական չի լինի երրորդի մասին պատկերացումները։
Երրորդ բաժնում ասացի, որ իմ կարծիքով յեղափոխական գործն այսօր մենք պիտի տեսնենք երեք հարթութեան վրայ.-

Առաջին՝ Հայ յեղափոխութիւնը ազգային ազատագրական պայքարի տեսքով շարունակւում է, նկատի ունենալով, որ տակաւին իրականացուած չեն հողահաւաքի մեր նպատակները։

Երկրորդ՝ ներազգային ու ներ-Հայաստանեան հարթութիւնն է։ Պայքար հարստահարիչների ու անարդարութեան դէմ։ Ու նկատի ունենալով, որ ներկայիս ելնելով մի շարք հանգամանքներից՝ երկրի կիսապատերազմական վիճակն ու այլն, ճիշտ չէ ու կարող է ազգակործան լինել յեղափոխական դասական պայքարի ձեւերը, ինչպէս նշուած է մեր Ծրագրում, պայքար պիտի մղել ժողովրդավարական միջոցներով, առանց դոյզն իսկ չափով հրաժարուելու յեղափոխական պայքարի մեթոդներից կամ թոյլ տալու, որ յեղափոխական պայքարի ոգին նսեմանայ ու մեռնի։

Երրորդ՝ ներազգային ու Սփիւռքահայութեան հարթութիւնն է։ Սփիւռքում հային հայ պահելը յեղափոխական գործ է։ Ցեղասպանութիւնից մազապուրծ ճողոպրած հայերի չորրորդ սերնդի պայքարը Հայ Դատի գծով, ոչ այլ ինչ է, քան յեղափոխական գործունէութիւն։

Մի խօսքով խօսեցի քառասունհինգ րոպէ։

Լա՞ւ էր, վա՞տ էր, դեռ չգիտեմ, բայց վերջում մի բաժակ սուրճ տուեցին։

Լաւ մնացէք։

Thursday, February 25, 2010

ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆ (1)

Ի՞նչ է յեղափոխութիւնը։

Այսօր այս մասին դասախօսութիւն պիտի կարդամ։

Մանրամասնութիւնները վաղը։

Լաւ մնացէք։

Saturday, February 13, 2010

Tuesday, February 9, 2010

ՀԱՃԵԼԻ Է...

Հաճելի է, երբ առաւօտուայ ժամը 4:20-ին, զըրոյից մի քանի աստիճան ցած ջերմաստիճանի պայմաններում, գտնւում ես տնից դուրս ու մտածում ես րոպէ առաջ տուն հասնել ցրտից ազատուելու համար ու մէկ էլ ընկերդ քեզ ասում է՝ տարեդարձդ շնորհաւոր։

Հաճելի է, երբ գրասենեակումդ նստած աշխատում ես ու մէկ էլ դուռը բացւում է ու ընկերներդ մի շիշ գինիով ու թխուածքներով ու մոմով ներս են մտնում՝ շնորհաւորելու ծննդեանդ տարեդարձը, քեզ դրանով անակնկալի մատնելով։

Հաճելի է, երբ մտնում ես facebook ու տեսնում ես ստացել ես տարեդարձի տասնեակ շնորհաւորանքներ։

Հաճելի է, երբ տուն ես գնում ու ... ստանում ես լիքը լիքը նուէրներ տարեդարձիդ առիթով։

Կեանքն ունի եւ հաճելի եւ տհաճ պահեր... Չգժուելու համար մենք պիտի երկուսն էլ տեսնենք։

Լաւ մնացէք։

Thursday, February 4, 2010

UP

Թէեւ այս տեսաերիզը շարժապատկեր է (Animation, Cartoon) եւ հասցէատէրը հիմնականում երեխաներն են, բայց իմ կարծիքով այն աւելի շատ պէտք է չափահասներին, քան երեխաներին։

Ես դիտեցի եւ ոչ միայն հաճոյք տարայ, այլեւ սկսեցի մտածել։

Արտադրուել է 2009 թուականին։

Բեմադրիչն է Pete Docter-ը եւ Bob Peterson-ը։
Խորհուրդ կը տամ անպայման դիտել։

Լաւ մնացէք։