Sunday, April 27, 2014

ՄԱՐԴՈՒ ՍՈՎ

Երկրի վերջին երկու-երեք շաբաթների իրադարձութիւնները, նաև Նախագահի կողմից (վերա)նշանակուած նախարարներն ու ԱԺ-ի նախագահի նշանակումը (իբր ընտրութիւնը)` եկան հաստատելու Հանրապետական կուսակցութիւնում առկայ մարդու սովի մասին։

Ուզում են համոզել, որ Հայաստանի երիտասարդ Հանրապետութիւնը սպառել է որակեալ մարդուժը և, մեզ` սովորական քաղաքացիներիս անընդհատ պարտաւորեցնում են յիշել երկրի երեկը, որը թէև լաւը չէր, բայց, այդուհանդերձ, աւելի լաւն էր` քան այսօրը։

Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնների ստորագրման նախաշեմին, երբ Նախագահը այցելեց Սփիւռք` բացատրելու իր քայլը և, հանդիպեց սփիւռքահայերի ընդվզումին, մեր երկրի ճակատագրում, ցաւօք սրտի, դերակատար մի խեղկատակ` Գալուստ Սահակեան անունով, սփիւռքահայերին կոչեց "տականք"։ Այդ ժամանակ ես նրան մի բանաստեղծութիւն նուիրեցի։ Ահա յղումը։ Եւ հիմա այդ տականք խեղկատակը դառնում է մեր երկրի ԱԺ նախագահ։ Այդ համապատկերում դժուար չէ պատկերացնել Հայաստան-Սփիւռք փոխ-յարաբերութիւնների հետագայ ճակատագիրը։ Էլ չեմ խօսում այն քրտինքի մասին, որ ամօթից նստելու է հայերի ճակատին, երբ ամէն անգամ իրենց ԱԺ նախագահը հանդիպի արտասահմանեան պատուիրակութիւններին։

Տիգրան Սարգսեանի կառավարութեան նախարարները գրեթէ նոյնութեամբ վերանշանակուեցին։ Ստացւում է, որ խնդիրը Տիգրան Սարգսեանն էր…

Սերժ Սարգսեանը` Տիգրան Սարգսեանին տուն ուղարկելով լաւ առիթ ունէր յոյսի նշոյլ վերադարձնել հասարակութեանը` բարոյական նկարագրի տէր որակեալ մարդկանց պատասխանատու դիրքերի բերելով (որոնք հասարակութեան մէջ առկայ են, բայց իշխանութեան հետ կապ չունեն), սակայն նորանշանակ վարչապետից սկսած մինչև վերանշանակուած նախարարներով ու մինչև դրանց գլուխգործոցը համարուող ԱԺ նորանշանակ նախագահով` երկրի խորտակուող նաւը էլ աւելի մխրճուեց (ու կը մխրճուի) տիղմի մէջ։ Ու չի փրկի նոյնիսկ Յովիկ Աբրահամեանի գործնապաշտական քայլերը։

Ձուկը գլխից է հոտել։

Երկիրը կարելի է փրկել միմիայն ազգային մտածողութիւն ունեցող և բարոյական չափանիշներով առաջնորդուող ղեկավարներով։

Պինդ մնացէք։

Friday, April 18, 2014

Thursday, April 17, 2014

ՉՁԱՆՁՐԱԼԻ ՕՐԵՐ

Հայաստանի ներքաղաքական դաշտը տևական ձանձրալի վիճակից յետոյ` վերջին շաբաթների ընթացքում բաւականին հետաքրքիր է դարձել։

Վարչապետ Տիգրան Սարգսեանի հրաժարականի պատճառած ուրախութիւնը, ցաւօք, երկար չտևեց։ Վարչապետ նշանակուեց Յովիկ Աբրահամեանը։ Բայց այս պարագային էլ անհանգստութիւնը, բարեբախտաբար, երկար չտևեց։

Երեկ երկար-բարակ հաղորդագրութիւն էր հրապարակել ՕԵԿ-ը, որի միտք բանին հետևեալն էր` Արթուր Բաղդասարեանը գնացել է Նախագահի մօտ ու ասել` ինձ նշանակիր վարչապետ։ Նա մերժել է։ Սա խռովել է ու արդիւնքում` դուրս է եկել կոալիցիայից։

Այս լուրը կարդալով այս անգամ ուրախացանք Յովիկ Աբրահամեանի վարչապետ նշանակուելու կապակցութեամբ։ Պատկերացրէք, եթէ Արթուր Բաղդասարեանը վարչապետ նշանակուէր…

Այլ երկրների մասին չգիտեմ, բայց Հայաստանում վաղուց արդէն բւարարւում ենք "նուազագոյն չարիք"-ով։

Թէ ինչ կայ այս ամբողջի տակ թաքնուած, կերևայ ոչ շատ հեռու ապագայում։

Այնպէս որ, առնուազն ներկայիս չձանձրալի օրեր ենք ապրում Հայաստանում…

Լաւ մնացէք։

Friday, April 4, 2014

ԳԱՐՆԱՆ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ



Մի հայաստանցի ընկեր ունեմ։ Շատ յարգելի մարդ։ Շատ-շատ յարգելի։

Այս ընկերս ամէն տարուայ փետրուարի 15-ին ասում է, որ գարունը եկաւ։

Եւ իմ կատակով արած այն առարկութեանը, որ Հայաստանում տարուայ 11 ամիսը ձմեռ է, մէկ ամիսն էլ աշուն, պատասխանում է, որ դու սփիւռքահայ ես, Հայաստանը չես ճանաչում, Հայաստանեան իրականութիւնները չգիտես, Հայաստանում փետրուարի 15-ից գարուն է։

Հիմա, երբ ապրիլին Հայաստանում ձիւն է գալիս, փողոցները սառցակալած են, օդը ցուրտ է, տնում ջեռուցումն ենք միացնում, ես ի՞նչ  անեմ` աչքերիս հաւատա՞մ, թէ՞ Հայաստանի պայմանները գերազանց իմացող հայաստանցի ընկերոջս ասածներին։

Եւս մէկ հարց. մենք` հայրենդարձ սփիւռքահայերս, ինչքա՞ն պէտք է ապրենք Հայաստանում, որպէսզի ճանաչենք Հայաստանն ու հասկանանք Հայաստանեան իրականութիւնները։ Մէկ տարի՞, երե՞ք, հի՞նգ, ու՞թ…բայց ախր ես տասը տարուց աւելի է Հայաստանում եմ ապրում…

Լաւ մնացէք։

Thursday, April 3, 2014

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐՈՒԵՑ...

Վարչապետ Տիգրան Սարգսեանը հրաժարուեց...

Տարոսը մնացած բոլոր հանրապետականներին...

Պինդ մնացէք։