Friday, July 30, 2010

"ԸՆԿԵՐՎԱՐՈՒԹԻՒՆ"

"... եւ որպէս բողոք իրենց շրջակայ աշխարհում տարածուած ագահութեան եղբայրական սիրով հաւասարապէս ապրում էին աղքատութեան մէջ"։

"Ընկերվարութիւն", Էբենշտայն, էջ 272

Wednesday, July 28, 2010

ԴԱՍԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Անցեալ Կիրակի օրը Դիլիջանում դասախօսեցի պատանեկան միութեան բանակումի մասնակիցների համար։ Նիւթը "Հ.Յ.Դ. կազմակերպական կառոյցն" էր։

Մի երկու բան խորհելու առիթ տուեց։

Օրինակ դասախօսութեանս աւարտին եղան հարցումներ մեր բռնագրաւուած հողերի, Հայոց Ցեղասպանութեան, Արցախի մասին։

Մտածում եմ ինչու՞ որեւէ մէկը հարց չտուեց դասախօսութեան բուն նիւթի մասին։

Լաւ մնացէք։

Monday, July 26, 2010

ԳԵՐՄԱՐԴԿԱՅԻՆ

Երբեմն գերմարդկային ճիգ պիտի թափել պարզապէս չհիասթափուելու համար...

Պինդ մնացէք։

Saturday, July 17, 2010

ՀԱՅԱՍՏԱՆ

"...Կարծես թէ լեռներու ովկիանոս մը կը տեսնէ մարդ, վիթխարի փոթորիկէ խռովեան ծով մը, որուն ալիքները յանկարծօրէն քարացած են"։


Պենտեր


Գեղեցիկ համեմատութիւն է։


Լաւ մնացէք։

Wednesday, July 14, 2010

Saturday, July 10, 2010

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆ

Ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնը մօտենում է իր աւարտին։

Բրազիլիայի պարտուելուց ու աշխարհի առաջնութիւնից դուրս մնալուց յետոյ, որի պատճառով տխրեցի, այժմ կը նախընտրեմ, որ Իսպանիան յաղթի, թէեւ դա չի նշանակում, որ դոյզն իսկ չափով պակսել է համակարանքս Բրազիլիայի նկատմամբ։

Իմ կարծիքով ֆուտբոլն հէնց դրանով է գեղեցիկ, որ չես կարողանում կանխատեսել արդիւնքները, թէ չէ, պատկերացրէք ամէն անգամ Բրազիլիան գայ ու դառնայ առաջին։ Յետո՞յ։

Յետոյ խաղերը կը կորցնեն իրենց գրաւչութիւնն ու էլ տեղի չեն ունենայ աշխարհի առաջնութիւնները, որովհետեւ հէնց սկզբից պարզ է թէ ով է դառնալու առաջին։

Իսպանիան, իմ կարծիքով, գեղեցիկ ֆուտբոլ է խաղում։ Որոշներն այն նմանեցնում են Բրազիլիայի ֆուտբոլի հետ։

Ինչեւէ, վաղը գիշեր արդէն ամէն ինչ պարզ կը դառնայ։

Լաւ մնացէք ու վայելէք վերջին երկու խաղերը։

Friday, July 9, 2010

ԴՂԵՐ (4)

Ի պատասխան կայքէջս այցելուներից մէկի գրած պատգամի համառօտ տեղեկութիւններ գրեմ Դղերի պատմութեան եւ իմ տպաւորութիւնների մասին։

Նախ Դղեր գնալիս ճանապարհի եզրին տեսայ ցուցանակ, որի վրայ գրուած էր "Տեղեր"։ Պարզուեց, որ անունը Տեղեր է, որը սակայն տեղացիների բարբառում արտասանւում է Դղեր։ Ասում են, որ անուանումը կապ ունի շրջակայքում աճող դեղաբոյսերի հետ։

Այն գտնւում է Արագածոտնի մարզում։ Յիշեցնեմ, որ Արագածոտնի մարզում է գտնւում նաեւ Արագածը, Ամբերդը, Բիւրականը, քարէ տառերը եւ այլն։

Եկեղեցին գտնւում է նոյնանուն գիւղում։ Հիմնադրուել է 13-րդ դարում, աւելի ճիշտ 1213 թուականին։ Ասում են, որ այն կառուցել է իշխանական տոհմից Մամախաթուն Վաչուտեանը, որի դամբարանը գտնւում էր եկեղեցուոյ մէջ։

Եկեղեցուոյ, Վաչուտեան տոհմի եւ եկեղեցուոյ վերջին մօտ քսան-երեսուն տարուայ պատմութեան մասին բաւականին լայն բացատրութիւն տուեց եկեղեցում գտնուող մի կին, որն ասաց, որ (եթէ ճիշտ եմ յիշում) քսան հինգ տարուց աւելի է ինչ ապրում է այդ գիւղում եւ ծառայում է եկեղեցուն։

Եկեղեցուոյ մուտքից անմիջապէս ներս կը տեսնէք բազմաթիւ դամբարաններ, որոնք կամ պատկանում են Վաչուտեան տոհմի անդամներին եւ կամ եկեղեցուոյ սպասաւորներին։ Կարճ ասած, առանց այդ գերեզմանների վրայ ոտք դնելու հնարաւոր չէ առաջ գնալ։

Այդպիսի բան տեսել եմ նաեւ այլ եկեղեցիներում։ Եկեղեցուոյ այդ հատուածում սպասաւորներին թաղելու պատճառն այն է, որ նրանք՝ այդ սպասաւորները (քահանայ, եպիսկոպոս եւ այլն) ծառայում են ժողովրդին իրենց ողջ եղած ժամանակ եւ ուզում են ծառայել մահուանից յետոյ եւս։ Ուստի մարդկանց ոտքերի տակ լինելը ծառայելու եւ խոնարհութեան նշան է։

Դրսից եկեղեցուոյ գմբէթի եւ պատերի վրայ առկայ էին լիքը բոյսեր։ Մի մարդ մօտեցաւ մեզ եւ ասաց, որ ապրում է այդ գիւղում եւ եկեղեցուոյ պահպանման պատասխանատուն է։ Հետաքրքրուեցի խոտերի մասին։ Ասաց, որ պետութիւնը բիւդջէ չի յատկացնում, Էջմիածինն էլ նոյնպէս եւ իրենք այս ու այն կողմից փորձում են գումար հայթայթել եկեղեցին պահպանելու համար։ Եւ այդ խոտերի վերացման համար հակաթոյն են պատուիրել Ամերիկայի Միացեալ Նահանգներից։ Ճշտի ու սխալի մասին ես չգիտեմ։

Եկեղեցուոյ շրջակայքում տեղադրուած էին շուաքարաններ եւ նստարաններ։ Լեփ լեցուն մարդ կար։ Հանրակառքերով աշակերտական խմբեր էին գալիս այցելութեան։ Եկեղեցին գտնւում է բլրի վրայ եւ գեղեցիկ տեսարան է բացւում մարդու առջեւ։

Բայց անկեղծ լինելու համար պիտի ասեմ, որ եկեղեցին իմ վրայ առանձնապէս տպաւորութիւն չթողեց։ Տեսել եմ աւելի գեղեցիկ եկեղեցիներ։

Լաւ մնացէք։

Յ.Գ. Եկեղեցուայ պատմութեան մասին յաւելեալ ու մանրամասն տեղեկութիւններ ձեռք բերելու համար դիմել հանրագիտարանին կամ համապատասխան գրականութեանը։