Thursday, December 15, 2016

2017 Թ. «ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ»

- Ընկեր Սաքօ, Դուք վաթս ափ ունէ՞ք։ 
-         Ոչ, չունեմ։
-         Դրանով աւելի հեշտ է կապուելը։
Սա իմ ու այսինչ երկրի մի ընկերոջ խօսակցութիւնից երեք նախադասութիւն է։

Ահա մէկ այլ երկրի մէկ այլ ընկերոջ հետ խօսակցութիւնից երեք նախադասութիւն.
-         Ընկեր Սաքօ, Դուք տելեգրամ ունէ՞ք։
-         Ոչ, չունեմ։
-         Դրանով աւելի հեշտ է կապուելը։
             
Ահա երրորդը.
-         Ընկեր Սաքօ, Դուք վայբեր ունէ՞ք։
-         Ոչ, չունեմ։
-         Դրանով աւելի հեշտ է կապուելը։

 Չորրորդը կուզէք, խնդրեմ.
-         Ընկեր Սաքօ, Դուք մեսենջեր ունէ՞ք։

Միւսը՝ գուգլ թա(լ)ք։ Յաջորդը՝ ուվօ...

Ու այսպէս վերջը չի երևում՝ ֆէյսբուք, սկայպ, օդնոկլասնիկ, տուիտըր...

Ոչ չունեմ, փոխարէնը մի հեռախօսահամար ունեմ, որն արդէն տասնըհինգ տարի է չի փոխուել։ Դրանով էլ գոհ եմ, բայց, ըստ երևոյթին, դժգոհներ կան։

Ու այդ դժգոհների պատճառով է, որ ահա, Նոր Տարուայ սեմին՝ մեր տանը՝ իմ ու մերոնց մէջ «կռիւ» է ընկել՝ գնե՞լ, թէ՞ չգնել նոր բջջային հեռախօս։

Եթէ խնդիր կայ, սա է 2017 թ. հիմնախնդիրը...

Լաւ մնացէք։


Wednesday, December 7, 2016

ԿԱՐԻՃԸ



Բարեկամներիցս մէկի տղան բնակարան է վարձել Երևանում։ Բնակարանում կարիճ է յայտնուել։ Զանգեց ինձ։ Մտահոգ էր։ Գնացի։ Շէնքի մուտքի մօտ հանդիպեցի երկու սփիւռքահայի՝ մէկը երիտասարդ, միւսը՝ տարեց։ Բարևեցի։ Հարցրի.

-       - Դուք այս շէնքում էք բնակւում։
-       - Այո։
-       - Մեր բնակարանում կարիճ է յայտնուել։ Կարո՞ղ է նախապէս ևս շէնքում կարիճ տեսած լինէք, հետաքրքրուած եմ իմանալ նո՞ր երևոյթ է, պատահակա՞ն է, թէ՞ նախապէս ևս եղել է։
-       - Ի՞նչ գոյն էր։ - Հարցրեց երիտասարդը։
-       - Դեղին։
-       - Նորմալ է։ - Պատասխանեց երիտասարդը։

Դեռ վերլուծում էի երիտասարդի պատասխանը, որ տարեցն ասաց.-
- Այստեղ Հայաստան է, ամէն ինչ էլ կայ։

Շնորհակալութիւն յայտնեցի սպառիչ պատասխանների համար ու այն օրուանից մտածում եմ՝ ինչու՞ է նորմալ և ի՞նչ է նշանակում «Այստեղ Հայաստան է, ամէն ինչ էլ կայ»։ Արդեօ՞ք, օրինակ, Իտալիայում կարիճ կամ օձ կամ կատու կամ կրիայ չկայ, կամ ասենք Կամերունում, կամ Չինաստանում։ Իսկ ի՞նչ կապ կայ Հայաստանի ու «նորմալ» կարիճի միջև։ 

Երանի հարցրած չլինէի, երեք օր է մտածում եմ։

Լաւ մնացէք։