Thursday, September 22, 2011

ՀԱՐԻՖ ՔԾԻՊՆԵՐԸ

Հայաստանահայերը Սփիւռքահայերին "հարիֆ" են ասում։ "Հարիֆ" նշանակում է անճար, անլեզու-բերան, պարզամիտ։

Իսկ Իրանահայերին էլ ասում են "քծիպ"։ "Քծիպ" նշանակում է ժլատ, փող չծախսող։

Արդ, եթէ ձեր Հայաստանահայ ընկերը կամ ծանօթը կամ հարեւանը դիմում է ձեզ եւ երեք հարիւր դոլար փող է պարտք ուզում, հարց է առաջանում` ի՞նչ պիտի լինի Իրանահայի կեցուածքը։

Եթէ պարտք տայ կասեն "հարիֆ" է։
Եթէ պարտք չտայ կասեն "քծիպ" է։

Ասէք խնդրեմ՝ ի՞նչ անել։

Լաւ մնացէք։

Monday, September 19, 2011

Ո՞Ր ՏԱՐԲԵՐԱԿԸ

Եթէ ձեր տան շինարարութեան աւարտին մնում է մօտ 40 օր եւ դուք քար էք պատուէր տալիս աստիճանների համար, որը տեղադրելուց յետոյ պիտի կատարուի եւս երկու գործողութիւն եւ տունը պատրաստ է եւ ձեզ պատասխանում են, որ քարը ձեզ յանձնելու են 10 օրից եւ չեն յանձնում ներկայ դրութեամբ 40 օր (եւ յայտնի էլ չի երբ են յանձնելու, շատ պարզ պատճառով, որովհետեւ վզները հաստ է), ուստի ձախողում են մնացած գործողութիւնները, այսինքն տան շինարարութիւնը չի աւարտւում...

Եւ եթէ հէնց այդ օրերին առաւօտեան քնից արթնանում էք աշխատանքի գնալու համար եւ մահճակալից իջնելիս մէկ էլ ձեր մարմնի ձախ կողմում ունենում էք սարսափելի ցաւեր, սրտխառնուք, ջերմութիւն, քրտինք եւ հազիւ ձեզ հասցնում են հիւանդանոց եւ պարզւում է, որ երիկամի քար էք անցկացնում...

Եւ եթէ այդ ընթացքում դուք պիտի յանձնէք այն բնակարանը, որտեղ  ապրում էք վարձով։ Այլ խօսքով պարտաւոր էք երիկամի քար անցկացնելու պայմաններում տնափոխուել եւ գնալ ապրել կիսաւարտ շինութեան մէջ...

Եւ եթէ ձեր նոր կիսաւարտ տունը մաքրելիս մէկ էլ ձեր փոշեկուլից ծուխ է բարձրանում, այլ խօսքով այն փչանում է...

Եւ եթէ ընտանիքով մեքենայով փողոցում գնում էք տան գործերի հետեւից ու մէկ էլ՝ մեքենան երրորդ գծի վրայ ընթացքի մէջ՝ թըլփ-թըլփ ու կանգնում է, այլ խօսքով փչանում է...

Շարունակե՞մ։

Դուք այս ամբողջն ինչի՞ն էք վերագրելու.-

ա.- Պատահականութեան։

բ.- Չար մարդկանց աչքին։

գ.- Ծուռը բախտին։

դ.- Խելապտոյտ յաջողութիւնների մեկնարկին։

Պինդ մնացէք։

Saturday, September 10, 2011

ՆՈՐ ՍԵՂԱՆ-ԱԹՈՌՆԵՐ

Տղաս այս տարի գնում է առաջին դասարան։
Նրան ուղարկում եմ թիւ 78 դպրոցը՝ Բաղրամեան փողոցի վրայ։

Սեպտեմբերի 1-ին դպրոցական տարեմուտի առաջին օրը ծնողներին ըստ աւանդութեան թոյլ տուեցին այցելել դասարան։ Գնացինք, տեսանք, շնորհաւորեցինք, դուրս եկանք։

Պարզուեց, որ ծնողներից մէկը ուսուցչուհուն ասել է, որ սեղան աթոռները գորշ գոյնի են ու առաջին դասարանցու համար յարմար չեն, աշխոյժ գոյներ չեն։

Երկրորդ օրը նոյն բանն ասել է մէկ այլ ծնող եւ նաեւ իմ կինը։

Իրականում սեղան-աթոռները փայտէ հին սեղան-աթոռներ էին։

Սեպտեմբերի 8-ին փոխել են դասարանի սեղան-աթոռները եւ բերել նոր բաց կանաչ գոյնի գեղեցիկ սեղան-աթոռներ։

Տեսայ ու զարմացայ։ Այդքան արագ արձագանքել մի քանի ծնողի պահանջի, իսկապէս ուրախալի է։

Պատահմա՞մբ է ստացուել, նախապէս ծրագրուա՞ծ է եղել թէ՞ այս դպրոցի աշխատելաոճն է այդպիսին , ներկայիս չեմ կարող ասել։ Միայն կարող եմ նշել, որ երեւոյթը դրական է ու ուրախալի։

Երանի հէնց ադպէս էլ շարունակուի։ Երանի բոլոր դպրոցներն ու բոլոր հաստատութիւններն էլ այդպէս լինեն։

Լաւ մնացէք։

Friday, September 9, 2011

ԲԱՑԱՍԱԿԱՆ ԼԻՑՔ

Երեկոյեան աշխատանքից տուն եմ գնացել։ Ընթրում ենք եւ միաժամանակ հեռուստացոյցով դիտում լուրերը։

Լուր առաջին։ Արարատի մարզում մայրը խեղդամահ է արել իր երկու զաւակներին։

Լուր երկրորդ։ Այսինչ զօրամասում զինւորը սպանուել է իր զինակցի արձակած գնդակներից։

Լուր երրորդ։ Ասկերանի զօրամասում զինւորին հասցրել են խելագարութեան։

Չեմ կարողանում շարունակել։ Այսքան բացասական լիցք։

Եւ այս լիցքը ոչ միայն երեկոյեան լուրերը լսելիս, այլեւ հէնց առաւօտուանից, երբ հանդիպում ես հարեւանիդ կամ ընկերոջդ ու տեղեկանում, որ այսինչն իր խանութն է փակել, միւսը գաղթել է, երրորդ սպանուել զօրամասում, չորրորդին քցել են, հինգերորդը հացի փող չունի, իսկ քեզ էլ քցում է օրինակ գազի ընկերութիւնը...

Գոնէ բանակը լաւ վիճակում լինէր։

Պինդ մնացէք։