Tuesday, December 28, 2010

ՄԻ ՔԻՉ ԱՒԵԼ...

Եթէ գնում էք միս գնելու եւ մսավաճառին ասում էք՝ այսքան միս տուր եւ մսավաճառը միսը քաշում է ու հարցնում՝ "Մի քիչ աւել է, թողնե՞մ մնայ", դուք ի՞նչ էք պատասխանում։

Անձամբ ինձ այս իրավիճակը շատ է պատահել։
Ամէն անգամ էլ պատասխանել եմ՝ "Թող մնայ"։

Ենթադրում եմ, որ շատերի մօտ էլ այդպէս է, էական տարբերութիւն չկայ երկու կիլոյի եւ երկու կիլօ յիսուն գրամի միջեւ։

Բայց երբ մօտենում էք գանձարկղին եւ պարզւում է, որ օրինակ վեց հազար դրամի փոխարէն պիտի վճարէք ութ հազար երկու հարիւր յիսուն դրամ, ամէն ինչ խառնւում է իրար։ Պարզւում է, որ "մի քիչ աւելին" եղել է ոչ թէ յիսուն գրամ, այլ եօթ հարիւր յիսուն գրամ։ Կարծում եմ համաձայն էք, որ եօթ հարիւր յիսուն գրամը "մի քիչ աւել" չէ։

Ի՞նչ պիտի անել այս պարագայում։
  • Վճարել, միսը տուն բերել ու ուտել։
  • Բողոքել ու միսը վերադարձնել (բայց չէ որ դուք էք համաձայնել՝ "թող մնայ")։
  • Սովորել, որ այդուհետ պիտի պնդել ձեր ասած կշիռի վրայ՝ "երկու կիլօ եւ ոչ մի գրամ աւելի"։
  • Եզրակացնել, որ մսավաճառը ճարպիկ է եւ իր ապրանքն է վաճառում (լաւ պարագայում) կամ ձեզ քցել է (վատ դէպքում) եւ այդուհետ այդտեղից գնումներ չանել։

Ինչեւէ, սրանցից որն էլ որ որոշելու լինենք անել, մի բան յստակ է, գնումներ կատարելիս անընդհատ պիտի ուշադիր լինել, իսկ այդքան ուշադիր լինել ցանկացած քայլափոխի՝ հաւանաբար հնարաւոր չէ։

Լաւ մնացէք։

Saturday, December 25, 2010

ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԳՆՈՒՄՆԵՐ

Դու՞ք էլ էք Նոր Տարուայ օրերին սկսում հարկի ու անհարկի գնումներ կատարել։

Բաներ, որ պէտք ունէք ու անհրաժեշտ են եւ բաներ, որ պէտք չունէք ու անհրաժեշտ չեն, բայց ընկնելով ջրի մէջ, գնում էք ալիքների հետ։

Ամէն տարի էլ տօնական օրերից յետոյ մտածում՝ յետո՞յ, ինչու՞ այսքան գնեցի եւ ինչու՞ այս բանը գնեցի եւ այլն։ Եւ որոշում յաջորդ տարի չընկնել այդ խաղի մէջ, բայց գալիս է յաջորդ Նոր Տարին ու կրկնւում է նոյնը։

Կարծում եմ շատ շատերի մօտ այդպէս է, սակայն պիտի խոստովանել, որ գնումների գործընթացն ինքնին հաճելի է, մանաւանդ տօնական սեղանները, որ գունագեղ են, ակնահաճոյ ու համեղ։

Ես որոշել եմ անտեղի գնումներ չանելը թողնել յաջորդ տարուան։ Դուք ի՞նչ։

Լաւ մնացէք։

Saturday, December 18, 2010

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԴՐԱԿԱՆԸ

Մի ինչ որ խնդրի բերումով գործս հասաւ Երեւանի Քաղաքապետարան։ Դիմում պիտի գրէի։ Գրեցի։ Պաշտօնապէս ստացական տուեցին, որ տաս օրից գնամ ստանալու պատասխանը։

Ում հետ խօսում էի, ասում էր ինչ տաս օր, ամիսներ կը տեւի։ Նոյնիսկ գործից լաւատեղեակ ու բազմափորձ մարդիկ ասում էին մէկ-երկու ամիս պիտի սպասես։ Ես էլ համակերպուել էի։

Անցաւ հինգ օր։ Տեղի ունեցաւ քաղաքապետի հետ կապուած յայտնի միջադէպն ու քաղաքապետին հանեցին աշխատանքից։ Ընկայ մտածումների մէջ։ Ինքս ինձ հարցնում էի՝ տեսնէս ինչքան կը տեւի։ Մտածում էի այն ժամանակ, որ քաղաքապետ կար, խօսում էին մի քանի ամսուայ մասին, հիմա քաղաքապետ էլ չկայ։ Խորհրդակցեցի փորձառուների հետ։ Ասացին մինչեւ նոր քաղաքապետ ընտրուի ու նա էլ գայ ու ծանօթանայ գործերի հետ ու պատասխան տայ, երկու-երեք ամիս նկատի ունեցիր։

Սպասելուց բացի այլ ելք չէր էլ մնում։

Դիմումս յանձնելուց ինը օր յետոյ բջջայինս զանգեց։ Անծանօթ թիւ էր։ Մի աղջիկ էր Քաղաքապետարանից, որ տեղեկացնում էր, որ դիմումի պատասխանը, որն ի դէպ դրական է, պատրաստ է եւ կարող եմ գնալ գրաւոր պատասխանը ստանալ։

Անմիջապէս գնացի։ Եւ ինչ տեսնեմ, դրական պատասխանը քաղաքապետի պաշտօնակատարի ստորագրութեամբ յանձնեցին ինձ։

Փաստօրէն տաս օրուայ փոխարէն ինը օր եւ այն էլ քաղաքապետի փոփոխութեան հետ կապուած այդպիսի ժամանակահատուածում։

Մտածեցի սա անպայման պիտի արձանագրեմ, որպէսզի ասեմ, որ այդպիսի դրական բաներ էլ կան մեր երկրում։

Յամենայնդէպս այն կապ ունի քաղաքապետի փոփոխութեան հետ թէ ոչ, չգիտեմ, բայց այն, որ ես կարճ ժամանակահատուածում ստացայ պատասխան, արդէն փաստ է։

Յոյսով եմ, որ Քաղաքապետարանը միշտ այդպէս աշխատի։

Լաւ մնացէք։

Thursday, December 9, 2010

COPY - PASTE

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարեանի հրաժարականը անակնկալ էր շատերի համար։

Էլ աւելի անակնկալ էր երեկ գիշեր "Հայլուրի" եւ դրանից յետոյ "Տեսանկիւն" հաղորդման մեկնաբանութիւնը դէպքի կապակցութեամբ, որտեղ էլ ինչեր ասես, որ չասացին Գագիկ Բեգլարեանի հասցէին եւ նմանատիպ երեւոյթների մասին։

Իմ կարծիքով պէտք չէ աւելորդ վերլուծութիւնների գիրկն ընկնել։ Պարզապէս պէտք է յիշել, որ ոչ շատ հեռու անցեալում էր, որ Ռուսաստանի Նախագահ Մեդուեդեւը պաշտօնանկ արեց Մոսկուայի քաղաքապետ Իւրի Լուժկովին։ Եզրակացութիւն՝ Copy - Paste ։ Ինչ կատարւում է Ռուսաստանում, շատ չանցած նոյնը կատարւում է Հայաստանում։ Այս օրինաչափութիւնից շեղում կարելի է համարել Պուտինի օրինակով Քոչարեանի վարչապետ չնշանակուելը, որը ըստ իս ուղղակի կապ ունի "Մարտի 1"-ի դէպքերի հետ։ Մնացածը Copy - Paste, իսկ պատճառներ ու պատրուակներ միշտ էլ կը գտնուեն։

Պինդ մնացէք։

Tuesday, December 7, 2010

ԲԱՐԵԽԻՂՃ ՄԱՐԴԸ

Երբ ասում եմ, որ աշխարհի ամենալաւ մթերային մեծ խանութը (Super Market) մեր տան մօտի մթերային խանութն է՝ ընկերներս ծիծաղում են։ Ահաւասիկ եւս մէկ ապացոյց։

Մի քանի օր առաջ կինս մտել է այդ խանութը արտարժոյթը հայկական դրամով փոխանակելու նպատակով։

Փոխանակել է, դուրս է եկել խանութից եւ գնացել գնումներ կատարելու ու մէկ-մէկ ու կէս ժամ անց անդրադարձել է, որ փոխանակման կէտը իրեն զգալի չափով քիչ գումար է տուել։

Անհանգիստ զանգեց ինձ։ Ասացի, կայ մէկ ճանապարհ։ Գնալ եւ մարդուն ասել եղելութիւնը։ Ընդունեց՝ շատ բարի, չընդունեց՝ խմել մի գաւաթ դառը սուրճ շատ քաղցր թխուածքի հետ։

Գնաց ու շատ չանցած զանգեց ինձ։ Ձայնի ուրախութիւնից հասկացայ, որ ամեն ինչ բարեյաջող է ընաթցել։ Պարզուեց, որ կինս դրամի փոխանակման կէտի պատասխանատուին բացատրել է խնդիրը։ Մարդը հաշուել է իր մօտ առկայ գումարները եւ հաստատել է կնոջս ասածները եւ մնացած դրամը վերադարձրել է։

Սա կոչւում է բարեխղճութիւն։

Յետոյ էլ ասում են այս երկրում ամէն ինչ վերջացած է։ Ահաւասիկ հակառակ ապացոյցը։

Դաստիարակչական կէտ։ Դրամը (մանաւանդ ԱՄՆ դոլարն ու Եւրոն), եթէ նոյնիսկ գտնում էք, հաշուէք։

Լաւ մնացէք։