Friday, August 31, 2007

Wednesday, August 29, 2007

"ՇՆՉԱՌՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՐՏԱՇՆՉՈՒՄ"

1936 թուականին հրատարակած իր "Շնչառութիւն եւ արտաշնչում" (Inhale and Exhale) գրքում Ուիլիամ Սարոյանը գրում է.-

"...Ասոնք էին Ազգայնականները, Դաշնակները, որոնք կռուեցան Հայաստանի համար, վասնզի կռիւը իրենց գիտցած միակ ուղին էր պահպանելու համար կեանքը, արժանապատւութիւնը եւ ցեղը։ Աշխարհը ատկէ տարբեր միջոց մը չունէր։ Միայն զէնքով կըլլար այդ։ Դիւանագէտները ժամանակ չունէին Հայաստանի համար եւ գէշ միջոց մըն էր այդ, Աստուծոյ անիծած ոջլոտ միջոցը, բայց Դաշնակցականները մեծ մարդիկ էին եւ ըրին այն, զոր պարտաւոր էին ընել։ Իսկ ոեւէ Հայ, որ կարհամարհէ այս մարդիկը, տգէտ է կամ իր ցեղին մատնիչը"։

Այս կապակցութեամբ կարդալ "Ամէնուն տարեգիրքը", ԺԴ տարի, 1967-68։

Sunday, August 26, 2007

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ (2)

Բանակումի մասնակիցները ծաղկեպսակ են զետեղում "Անյայտ զինուոր"-ի շիրիմին։


Դրօշակի արարողութեան ժամանակ պատահում է նաեւ այնպէս, որ դրօշակը ոչ բարձրանում է, ոչ էլ իջնում։ Երիտասարդներից մէկը հարցը լուծելիս։

Հայաստանի Աննան ու Նուարդը գորգ գործել փորձելիս...
Գորգագործական արտադրութիւնը գտնւում է Արցախի Ղըշաղ գիւղում, Նիկոլ Դումանի տուն-թանգարանի կողքին։


Ձախից Արժանթինի Լուկասը, որը ոչ աւել, ոչ պակաս բանակումից 668 լուսանկար տուեց Երիտասարդական գրասենեակին, Հայաստանի Յասմիկն ու Արժանթինի Րաֆֆին։ Լաւ մնացէք։

Թեհրանի Համլետը խաղող ուտելիս։ Անուշ լինի...

Friday, August 24, 2007

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ (1)

Բանակումի լոգօն (գործ Նարբէ Պետրոսեանի)։


Այսքան կայտառ ու առոյգ... Տեսնես ինչի մասին են մտածում։
(Երիտասարդները նստած են Ցեղասպանութեան թանգարանի աստիճանների վրայ)։

Մի խումբ երիտասարդներ արիւն յանձնելով դոնորագրուեցին "Ոսկրածուծի դոնորների ազգային ռեիստրում"։ Նկարում Վեհանուշը Նոր Ջուղայից։ Արիւն յանձնելու պահին անջատուեց էլեկտրահոսանքը եւ երիտասարդներից մի քանիսը մոմի լոյսի տակ արիւն յանձնեցին։

Կուբանի (Ռուսաստան) Սիւզաննան առաջին անգամուայ համար մասնակցում էր բանակումի։
Կուբանի խումբն ընդամէնը մի քանի ամսուայ անցեալ ունի։ Յաջողութիւն նրանց։

Հայաստանի Ժիրօն 135 մասնակիցների մէջ իրեն համապատասխան զրուցակից չգտնելով, զրոյցի էր բռնուել արծուի հետ։

Երիտասարդներն ամենայն ուշադրութեամբ հետեւում են դասախօսութեանը։

Նկարները՝ Վահէ Խաչատրեանի։

Thursday, August 23, 2007

ԵՐԿԱՐ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՅԵՏՈՅ

Անցնող շաբաթների ընթացքում չեմ կարողացել գրել, որովհետեւ նախ զբաղուած էի Հ.Յ.Դ. երիտասարդական եւ ուսանողական միութիւնների համահայկական 10-րդ բանակումի կազմակերպական աշխատանքներով, մի քանի օրով եղայ Արցախում, ապա այդ բանակումի հաշուետւութեամբ։

Բանակումը հազիւ աւարտած այսօրուանից Բեռլինում սկսեց Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութեան հիմնադրութեան 100-ամեակի միջոցառումները, որին Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցում է հինգ հոգով: Ուրեմն էլի կազմակերպական աշխատանքներ։

Միւս կողմից երկու շաբաթուայ ընթացքում մասնակցել եմ չորս հարսանիքի։

Ի վերջոյ հիւր-զբօսաշրջիկներ արտերկրից...

Յամենայնդէպս անցնող օրերին բազմաթիւ յիշարժան դէպքեր են պատահել, որոնց հաւանաբար առիթ չունենամ մէկ առ մէկ անդրադառնալու, սակայն կը փորձեմ գոնէ մէկ երկուսի մասին գրել։

Սա գրեցի ի պատասխան այն ընկերների, որոնք հետաքրքրւում էին այն մասին, թէ ինչու չեմ գրում։

Լաւ մնացէք։

Monday, August 6, 2007

ԲԱՆՏՈՒԱԾ ԲԱԶԷՆ


Բանտուած Բազէն Վայոց ձորի ճանապարհային ճաշարաններից մէկում, Յուլիս 2007

Friday, August 3, 2007

ԵՐԹՈՒՂԱՅԻՆԻՑ ԻՋՆԵԼԻՍ ԻՆՉ ԱՍԵԼ

- Մի հատ կանգնի իշնեմ։

- Թեքուի կանգնի իշնեմ։

- Ըստեղ պահի ապէր։

- Էն շէնքի մօտ սպասի իջնեմ։

- Ըստեղ մի տեղ յարմարցրու։

- Վարպետ, մի տեղ պահի էլի։

- Աստանոֆկէն (կանգառը) անցնէս պահի։

- Քանի չես թեքուի կանգնի։

- Կանգառում պահէք։

- Կանգառում պահի։

- Վարպետ ջան, շուռ գաս կանգնի։

- Պահէք, հա, էստեղ։

- Կանգնէք էստեղ, հա։

Սրանք այն արտայայտութիւններն են, ինչ լսում ենք երթուղային մեքենաներից իջնելիս տարբեր տարիքի ու սեռի ուղեւորների շուրթերից։ Երեւանում երթուղային մեքենաներից օգտուողներն անպայման ծանօթ են այդ արտայատութիւններին։ Դրանք ես գրի եմ առել ընդամէնը երկու ուղեւորութեան ընթացքում՝ տնից աշխատատեղ եւ աշխատատեղից տուն։ Աստուած է իմանում, եթէ ուսումնասիրութիւնս շարունակէի մի քանի օր կամ մի քանի շաբաթ, էլ ինչ յայտնագործութիւններ կանէի։

Յամենայնդէպս հէնց այսքանն էլ բաւական է նկատելու, որ.-

1.- Նախադասութիւնների գերակշիռ մասը հրամայական են։ Հատ ու կենտ խնդրանք կայ։
2.- Առկայ են ծիծաղելի արտայայտութիւններ, ինչպէս օրինակ` "շուռ գաս, կանգնի"։
3.- Առկայ են հնչիւնափոխուած բառեր, ինչպէս "իշնել", որը հայերէնում "իջնել" է։

Ներքոյիշեալ արտայայտութիւններն էլ վերաբերում են երթուղային մեքենայից իջնելիս վարորդին վճարելիք գումարին։

- Ախպէր իմ տեղը տուածա։

- Մի հատ ստացիր։

- Ախպէր իմ տեղը ստացածա։

- Նոր էն աղջիկն իմ տեղ տուեց, իջաւ։

Այստեղ էլ են առկայ անհասկանալի եւ ծիծաղելի արտայայտութիւններ, օրինակ "մի հատ ստացիր", հարց է առաջանում՝ մի հատ ի՞նչ, կամ ի՞նչ է նշանակում "իմ տեղը ստացածա" եւ ի վերջոյ "աղջիկն իմ տեղ տուեց, իջաւ", այս մէկն արդէն չգիտեմ ինչպէս պիտի բացատրել։

Լաւ մնացէք։