Tuesday, June 15, 2010

ԲՐԱԶԻԼ

Այսօր նկատեցի, որ ֆուտբոլի աշխարհի առաջնութեան մասին ոչ մի բան չեմ գրել։ Պատճառը պարզ է՝ հերթ չեն տալիս։

Կարճ ասեմ՝ աշխարհի առաջնութիւնը մի լաւ կողմ ունի ինձ համար։ Այն է՝ առնուազն խաղերի ընթացքում փորձում եմ ձերբազատուել քաղաքականութիւնից էլ, անձնական հոգսերից էլ ու վայելել սիրածս մարզաձեւերից մէկը։

Այն ժամանակուանից, որ ինձ յիշում եմ մինչեւ հիմա սիրել ու երկրպագել եմ Բրազիլի ֆուտբոլի հաւաքականին։

Մէկն ասում էր "Բրազիլի ֆուտբոլը՝ ֆուտբոլ չէ, պոէզիա է"։

Մէկ ուրիշն էլ ասում էր՝ "Ի՞նչ են անում աշխարհի առաջնութեանը մասնակցող երեսուն մէկ խմբերը։ Խաղում են, որպէսզի վերջում գաւաթը յանձնեն Բրազիլին"։

Իմ կարծիքով իրօք բրազիլացիները գեղեցիկ ֆուտբոլ են խաղում՝ անկախ արդիւնքից։

Յիշում եմ, երբ Թեհրանի "Արարատը" դաշտ էր դուրս գալիս, մենք՝ երկրպագուներս գոռում էինք՝ "Արարատ՝ տանես, տարուես, քեզ ենք սիրում"։

Նոյնը պիտի ասեմ Բրազիլի մասին։

Տեսնենք այս անգամ ինչ կանեն։

Լաւ մնացէք։

Monday, June 14, 2010

"ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ"

Հայաստանի Հանրապետական կուսակցութեան պատասխանատուներից Գալուստ Սահակեանը Սփիւռքահայերին կոչում է տականք։

Նոյն կուսակցութեան անդամներից, Հայաստանի Հանրապետութեան Նախագահի եղբայր՝ Ալեքսանդր Սարգսեանն էլ մատ է ցոյց տալիս Հայաստանահայ ընդդիմադիրներին։
Եթէ Սփիւռքահայերին ու Հայաստանահայ ընդդիմադիրներին գումարենք իրար ու պակսեցնենք հայութեան ընդհանուր թուից ինչքա՞ն մարդ կը մնայ։

Փաստօրէն ստացւում է այնպէս, որ Հայաստանի Հանրապետութեան այսօրուայ իշխանաւորները, մեղմ ասած, թքած ունեն հայութեան մեծամասնութեան վրայ։

Չգիտեմ ինչու, բայց ակամայից յիշում եմ Հայաստանի Հանրապետութեան Նախագահի կարգախօսը ընտրութիւնների նախօրէին՝ "Առաջ Հայաստան"։

Պինդ մնացէք։



Sunday, June 13, 2010

ԳՈՆԷ ՀԱՅ ԿԸ ՄՆԱՅ (3)

Օտարալեզու դպրոցների բացման օրինագծի ընդունումից յետոյ, որի վաւերացումը Ազգային Ժողովում շատ չի ուշանայ, մտածում եմ տղայիս ուղարկել Իրան։ Ինչու՞։ Որովհետեւ գոնէ հայ կը մնայ։

Թէ չէ այս երկրում հանրապետական ռեժիմի տիրապետութեան ժամանակաշրջանում կամ Հայ-Թրքական այդ արձանագրութիւնների վաւերացման պայմաններում պիտի թուրքանայ կամ էլ լեզուն պարտքի դիմաց գործարքի շրջանակներում պիտի ռուսանայ։ Իսկ իմ նպատակը Հայաստան գալով դրանք չէին։

Իրանի իսլամական յեղափոխութեան առաջին տարիներին, երբ երկրում իրական խառնաշփոթ էր, նոր ռեժիմը հայոց դպրոցներում արգելեց հայերէնի դասաւանդումը։ Հակազդեցութիւնը եղաւ այն, որ ազգային իշխանութիւնները կազմակերպեցին աշակերտների դասադուլն ու ծնողների նստացոյցը դպրոցների բակերում։ Մենք այդ օրերը ապրել ենք եւ դժուար է այդ օրերի ապրումներն այնպէս նկարագրել, որ մարդիկ, ովքեր չեն եղել Իրանում ամբողջութեամբ ու հարազատօրէն ըմբռնեն իրավիճակը։ Մի կողմից յեղափոխութիւն է եղել ու նոր իշխանութիւնները դեռ ամէն ինչին չեն տիրապետում, միւս կողմից հազար ու մի քաղաքական կուսակցութիւն ու հոսանք կայ, իշխանութիւնը դեռ լաւն ու վատը չի ջոկում, մէկ այլ կողմից Իրան-Իրաք պատերազմն է, մէկ այլ կողմից ձերբակալութիւններ եւ այլն եւ այլն ու այդ իրական խառնաշփոթի մէջ յանուն Մայրենիի պայքարել օտար երկրում օտար իշխանութեան դէմ։ Դասադուլ ու նստացոյց ոչ թէ մէկ կամ երկու օր, այլեւ ամիսներ շարունակ։ Եւ արդիւնքը եղաւ այն, որ իշխանութիւնները նահանջեցին ու ընդունեցին հայ համայնքի պահանջները։ Հայերէնի ու հայկական առարկաների դասաւանդումը մտաւ հայոց դպրոցների դասացուցակում։

Այժմ, երեսուն տարի անց, յանուն Մայրենիի պարտաւորուել ենք պայքարել այս անգամ հայրենիքում՝ հայկական իշխանութիւնների դէմ։ Ճակատագրի ինչ դառը հեգնանք։ Եւ հեգնանքն աւելի է խորանում, երբ պարզ է, որ այս անգամ առնուազն այս փուլում՝ նրանք յաղթելու են։

Ի՞նչ է մնում անել։ Մնում է շարունակել պայքարը մոլորուած իշխանութեան դէմ, իսկ մինչ այդ տղայիս ուղարկեմ Իրան՝ գոնէ հայ կը մնայ։

Պինդ մնացէք։

Friday, June 11, 2010

ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԴԷՄ ՑՈՅՑ (2)

Կառավարութեան նիստերի դահլիճի դիմաց, որտեղ ներկայիս տեղի են ունենում Ազգային Ժողովի նիստերը հաւաքուած ժողովուրդը ծափահարում էր այն պատգամաւորներին, որոնք դէմ էին օրինագծին եւ սուլուցներով ընդունում այն պատգամաւորներին, որոնք կողմ էին։

Եւ հետաքրքիր էր պատգամաւորների հակազդեցութիւնը։

Իշխանական թեւից շատերը առանց ձախ ու աջ նայելու շտապում էին մտնել դահլիճ։

Ընդդիմադիրները մօտենում էին բազմութեանը եւ մի երկու խօսք փոխանակում։

Նախագահի եղբայրը կանգնեց, նայեց ժողովրդին եւ լրատուամիջոցներից մէկի ձեւակերպմամբ՝ երեք մատից բաղկացած համակցութիւն ցոյց տուեց ու գնաց։ Բնականաբար դա էլ աւելի գրգռեց բազմութեանն ու սուլուցները բազմապատկուեցին։

Ի դէպ այսօր էլ Սփիւռքահայերին տականք կոչող հանրապետական Գալուստ Սահակեանը պաշտպանեց իր գործընկերոջը։

http://7or.am/hy/news/2010-06-11/15047/

Եւ ի հարկէ պիտի հարցնել Սահակեանին ո՞վ սկսեց յարձակումը՝ ով կեղծեց ընտրութիւններն ու յանուն իշխանութեան Թուրքիայի առաջ ծնկի եկաւ ու Ադրբեջանին զիջումներ է անում ու մայրենին է վաճառքի հանել ու ... Այլ խօսքով ժողովրդի արձագանքը ինչի՞ հետեւանք է։

Մէկ այլ հանրապետական պատգամաւոր չկարողացաւ զսպել զայրոյթը, մօտեցաւ բազմութեանն ու բազմութեան միջից կանչեց մէկին ու ասաց՝ "Դաւաճանը ե՞ս եմ"։ "Այո, դու ես, դուք էք", եղաւ բազմութեան արձագանքը։ Պատգամաւորը գնաց կոճակ սեղմելու։

Մի երկու ժամ յետոյ վերադարձաւ Նախագահի եղբայրը, նայեց ժողովրդին, մի քիչ աջ քայլեց, մի քիչ ձախ քայլեց ու չկարողանալով զսպել զայրոյթը աչքերը սեւեռեց ժողովրդի վրայ այնպէս, որ իբր մէկ-մէկ ձեր դէմքերը մտքումս պահելու եմ, դուք սրա համար պիտի պատասխան տաք։

Հետաքրքիր էր նաեւ հաւաքուած մարդկանց տեսակը։ Ընդդիմադիր տարբեր հասարակական ու քաղաքական կազմակերպութիւնների անդամներ, եւ անշուշտ որեւէ քաղաքական հոսանքի չպատկանող մարդիկ, որը նշնակում է ազգին սպառնացող վտանգի ժամանակ, համազգային հարցերի ժամանակ մարդիկ, դէն դնելով քաղաքական կողմնորոշումները, ի վիճակի են համախմբուելու։

Պինդ մնացէք։

Thursday, June 10, 2010

ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐՆ ՈՒ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ (1)

Այս առաւօտ կառավարութեան նիստերի դահլիճի դիմաց, որտեղ ներկայիս գումարւում են Ազգային Ժողովի նիստերը օտարալեզու դպրոցների բացման դէմ ցոյց կար։

Ես էլ մասնակցում էի։

Ինձ մօտեցաւ Հայաստանի Հանրապետական կուսակցութեան ծանօթ պատգամաւորներից մէկը եւ քմծիծաղով ասաց՝ "Սրանցո՞վ էք ուզում իշխանափոխութիւն անել"։

Նկատի ունէր մայթի վրայ հաւաքուած բազմութիւնը, որն ինչ խօսք տասնեակ հազարաւորներ չէին։

Պատասխանեցի՝ "Ոչ, սա շատ է, իշխանափոխութեան համար հինգ հոգին էլ բաւական է, պարզապէս որոշում պիտի լինի"։

Պատգամաւորը ժողովրդի սուլուցների ներքոյ մտաւ նիստերի դահլիճ։

Մտածում եմ` պատգամաւորը նոր բան չի ասում։ Նա արտայատում է 1998 թուականից այս կողմ ժողովրդին կողոպտած, յուսահատութեան գիրկը նետած, բազմահազար մարդկանց արտագաղթի պատճառ դարձած ու երկիրը գաղութի վերածած իշխող՝ Հանրապետական կուսակցութեան մէջ տիրող մտայնութիւնը։ Այն է` իրենք ինչ կուզեն կանեն, ինչպէս արել են անցնող 12 տարիների ընթացքում։ Նրանք մէկին հաշուետու չեն ու ծիծաղում են ոչ թէ այս մի քանի հարիւր կամ հազար հոգու վրայ, այլեւ ընդհանրապէս ժողովրդի։

Պատգամաւորն ընդամէնն ինձ յիշեցնում էր, թէ ինչ վիճակ է տիրում երկրում եւ մենք որտեղ ենք ապրում։

Պինդ մնացէք։

Tuesday, June 8, 2010

ԲԱՌԱԽԱՂ

Առաւօտուայ ժամը 6:30-ին տղայիս փոքրիկ ձեռքը կպաւ գլխիս։

- Պապա, պապա։

Արթնացայ։

- Ի՞նչ է Մհեր։
- Պապա, արի բառախաղ խաղանք։
- Քնիր։
- Ինչո՞վ է վերջանում, Ր՝ րոպէ։
- Մհեր, քնել։
- Լ՝ լոլիկ...

Երեխան քնից արթնացել է ու ուզում է բառախաղ խաղալ ու գործ էլ չունի օրուայ որ ժամն է ու հետաքրքրուած էլ չէ, դու արթուն ես թէ քնած ...

Կեանքը ուղղակի այս պահերով է հաճելի։
Երջանկութիւնն էլ պարզապէս հէնց սա է՝ այլ տեղ մի փնտրէք։

Լաւ մնացէք։

Friday, June 4, 2010

ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐՆ ՈՒ ՄԵՆՔ

Մեքենայիս տակից ձայն էր գալիս։ Տարայ արհեստաւորի մօտ։ Միասին գտանք տեղը, այսինքն այն աշխատամասը, որից ձայն էր գալիս։ Մեքենայիս տակում երկաթէ մի պաշտպանիչ շերտ կայ, որի մէջ մի հաստ երկաթէ մաս կայ, որոնց արանքում ռեզին կայ։ Ռեզինը մաշել էր ու այդ երկաթէ երկու կտորները իրար քսուելով ձայն էին հանում։

Ի՞նչ անել։ Տրամաբանութիւնն ասում է, որ պիտի նոր ռեզին դնել հնի տեղ եւ ամրացնել։

Արհեստաւորն ասաց, որ մի առաջարկ ունեմ, որ գիտեմ չէք ընդունի, հետեւաբար մի այլ առաջարկ կանեմ։ Առաջին առաջարկս այն է, որ այս երկու երկաթէ կտորներն էլ հանենք՝ դէն քցենք, որովհետեւ դրանք ձեր մեքենայում կարեւոր դեր չունեն։ Իսկ քանի որ գիտեմ դուք դա չէք ընդունի, առաջարկում եմ ներսի երկաթէ կտորը հանենք՝ դէն քցենք։ Այսինքն այլեւս ռեզին չդնենք երկու երկաթների արանքում, այլեւ մէկը դէն քցենք։

Պատասխանեցի, որ ոչ առաջին առաջարկն եմ ընդունում, ոչ էլ երկրորդը։ Մենք պիտի ռեզին դնենք երկու երկաթների արանքում, այն ամրացնենք ու ամբողջութեամբ յետ դնենք տեղը։

Եւ ահա հետաքրքիր էր արհեստաւորի պատասխանը։

- Դուք կարծու՞մ էք ճապոնացիները մեզնից աւելի շատ խելք ունեն։ Ես այսինչ համալսարնն եմ աւարտել եւ այնինչ տեղում եմ աշխատել եւ լաւ հասկանում եմ։

- Ես չեմ կարծում, որ ճապոնացիները մեզնից աւելի շատ խելք ունեն, ուղղակի վստահ եմ ու համոզուած եմ, որ աւելի շատ խելք ունեն։

- Ինչու՞։
- Շատ պարզ պատճառով։ Մենք խելացի հայերս մի լուցկու փայտ չենք կարողանում արտադրել, իսկ ես եւ դուք, այսինքն էլի խելացի հայերս ոչ միայն վարում ենք անխելք ճապոնացիների արտադրած մեքենան, այլեւ այս պահին մտածում ենք ինչպէ՞ս վերացնել մեքենայում առաջացած թերթութիւնը։ Եւ քանի որ լուծում չենք գտնում, որոշում ենք հեռացնել աշխատամասը։

- Ձեր կարծիքով ո՞վ մեքենայ արտադրեց խելացի է։
- Ոչ, ով Մերսեդէս Բենց ու Նիսան ու Միցուբիշի ու այդ որակի մեքենաներ արտադրեց խելացի է։
- Բայց ես ձեզ հաւատացնում եմ, որ մեքենայում շատ աշխատամասեր կան, որոնք գործարանները անտեղի են տեղադրում։ Դրանց չլինելը ոչ մի խոչընդոտ էլ չի առաջացնում։ Ես այն ժամանակ, երբ աշխատում էի այնինչ գործարանում...
- Ես ձեզ յարգում եմ, բայց այս մեքենան ճիշտ այնպէս ինչպէս ճապոնացիները արտադրել են պիտի վերանորոգուի։ Կարո՞ղ էք։
- Գոնէ թոյլ տուէք ներսի երկաթէ դէն քցեմ։
- Ընկեր ջան, ներսի ու դրսի չունի, գործարանը ի վերջոյ մի բան մտածել է։
- Ի զուր, ինչու ինձ չէք հաւատում, սխալ են մտածել...

Շարունակե՞մ։

Այս մտածելակերպը համատարած է։ Այս արհեստաւորը մեղաւոր չէ, սա համատարած մտայնութիւն է, որին մենք բախւում ենք ամէն օր ցանկացած ոլորտում։ "Աշխարհում միայն մենք ենք ու ամերիկացիներն ու մէկ էլ ... հա աւստրիացիները", ի հարկէ նրանք մեզնից յետոյ...

Եւ լուծումը կրթադաստիարակչական ոլորտում արմատական բարեփոխումներն են։ Իսկ մինչ այդ...

Լաւ մնացէք։