Sunday, January 2, 2022

ՉԱՐԵՆՑ ԵՒ ԱՐՄԷՆՈՒՀԻ

 


Անցնող երկու օրերի ընթացքում կարդացի Յովիկ Չարխչեանի «Չարենց եւ Արմէնուհի» աշխատութիւնը։

Առաջին անգամն էր, որ Չարխչեանից գիրք էի կարդում։

Հետաքրքիր էր նիւթը, գրողի լեզուն, բառապաշարն ու ոճը։ Այն նկարագրում է մարդկային ճակատագրեր, ապրումներ, դժուարութիւններ ու դժբախտութիւններ։ 222 էջ է։

Գրքի մասին մի քանի հարց կար, որոնց մասին կուզէի գրել, բայց բաւարարուեմ մէկով։

Գիրքը Չարենցի եւ Արմէնուհու սիրավէպի մասին է, եթէ կարելի է այդպէս ասել։ Արմէնուհի Տիգրանեանը՝ Վարդգէս Ահարոնեանի կինն է եղել։ Երգահան Արմէն Տիգրանեանի քոյրը։ Չարենցը սիրահարւում է Արմէնուհուն, այսինքն ամուսնացած կնոջ։ Եւ այնքան է սիրահետում նրան, որ ի վերջոյ հասնում է յաջողութեան։ Գրքում ոչ մի քննադատական կամ դատապարտումի խօսք չկայ Չարենցի նկատմամբ։ Նոյնը Արմէնուհու։ Բայց բազմաթիւ քննադատական եւ նախատինքի խօսքեր կան Վարդգէսի նկատմամբ, ով փորձում էր «վրէժ» լուծել Չարենցից։

Հարց է առաջանում՝ բարոյական է արդեօ՞ք ամուսնացած կնոջ սիրահետելը, ինչքան էլ որ մարդը բանաստեղծ է, գրող, մտաւորական կամ այլ բան։

Իմ կարծիքով հեղինակը գրքում ցուցաբերել է կողմնակալ մօտեցում, որը հէնց առաջին էջերից երեւում է։ Հեղինակի Չարենցասիրութիւնը պատճառ է դարձել, որ նա անաչառ չլինի։

Ինչքան էլ սէրն ազնիւ բան է, սակայն սահմաններ կան, որն անցնել չի կարելի։

Այդուհանդերձ գիրքն ինձ հաճոյք պատճառեց՝ գրողի բառապաշարի, շարադրանքի եւ ձեւակերպումների պատճառով եւ մղեց մտածելու։

Առաջարկում եմ կարդալ։

Լաւ մնացէք։