Thursday, April 9, 2015

Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՆՄԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐՈՒՄ



-        Ողջոյն ձեզ։ Ձեր բաժնի պատասխանատուն ինձ ասել է ձեզ կապուեմ և ձեզանից վերցնեմ այսինչ հարցի մասին գրութիւնները։
-        Այո։
-         Ե՞րբ կարող եմ գրութիւնները վերցնել։
-        Ես ամէն առաւօտ մինչև ժամը 14։00-ը գրասենեակում եմ, եկէք, վերցրէք։
-         Ինձ յստակ օր ու ժամ կասէ՞ք։
-         Ամէն աշխատանքային օր առաւօտից մինչև ժամը 14։00-ը։
-         Շնորհակալութիւն։

Սա իմ և այսինչ հաստատութեան աշխատակցի խօսակցութիւնն է։ Յաջորդ առաւօտեան ժամը 11։30-ին գնում եմ այդ հաստատութիւնը։  Նոյն այդ պաշտօնեան մօտենում է։ Բարևում ենք իրար։ Բացատրում եմ, որ ես այսինչն եմ և գնացել եմ այնինչ գրութիւնները վերցնելու։

-    Մի րոպէ։
    
Զանգում է մէկին, հարցնում, թէ նա երբ կարող է գրասենեակ գնալ։ Յետոյ ինձ պատասխանում.
-       Գրութիւններն այնինչի մօտ են, ժամը 12։30-ին այստեղ կը լինի։ Սպասէք։

Ի՞նչ անել նման պարագաներում։  Երկու անգամ հարցրել եմ՝ երբ գամ։ Հնարաւո՞ր չէր ասել, որ դրանք իմ մօտ չեն, այնինչի մօտ են, նրա հետ խօսէք։
 Սպասում եմ մինչև ժամը 12։30, 12։40, 12։50։ Մօտենում է մի այլ աշխատակից և հարցնում. 
  
- Կուզէ՞ք այդ գրութիւնները ձեզ ուղարկենք էլեկտրոնային փոստով։
-  Այո։

Խնդրում է գրեմ հասցէս, որպէսզի ինքն ուղարկի։
Փաստօրէն հնարաւոր էր այդքան ճանապարհ չգնալ, այդքան ժամանակ չծախսել և գրութիւններն ստանալ էլեկտրոնային փոստով։

Իսկ ոչ մէկ բառ այն մասին, որ կը ներէք ձեզ ասել ենք երբ ուզում էք եկէք, բայց եկել էք ու ձեզ մէկ ժամ քսան րոպէ սպասեցրել ենք, վերջն էլ որևէ գրութիւն չենք յանձնել…
   
 Ի՞նչ անել նման պարագաներում։ Քանի՞ անգամ բողոքել, գոռալ, կարգ ու կանոն պահանջել…
  
 Իսկ զաւեշտալին այն է, որ եթէ հէնց նոյն այդ պաշտօնեային հարցնեն, թէ ինչպիսի երկիր է Հայաստանը, կը պատասխանի՝ «երկիրը երկիր չի»։  Շատ շատերը չեն ուզում իրենց գործը, որի համար, ի դէպ, վարձատրւում են, ճիշտ կատարեն, բայց  արի ու տես, որ «երկիրը երկիր չի»…
  
 Լաւ մնացէք։