Tuesday, November 29, 2011

"ASSHOLISM"

Անցեալ շաբաթ օրը պատահմամբ մի գիրք ընկաւ ձեռքս, որը պատճառ դարձաւ բան ու գործս թողնեմ ու սկսեմ այդ գիրքը կարդամ։ Անունն է "Assholism"։

Թէ "Assholism"-ը  ինչ պիտի թարգմանել հայերէն՝ չգիտեմ։ Մի տեղ հանդիպեցի "բթամտութիւն" բառին, բայց կարծում եմ բթամտութիւնը ճիշտ ու դիպուկ թարգմանութիւնը չէ։

Իսկ ինչու՞ այդպէս մեծ հետաքրքրութեամբ սկսեցի գիրքը կարդալ։ Որովհետեւ հէնց առաջին իսկ էջերից տեսայ թէ գեղեցիկ եւ գիտական կերպով է բնորոշում այդ տեսակի մարդկանց եւ խորհուրդներ տալիս ինչպէս բուժել նրանց։ 

Գրողն է Խաւիէր Կրեմենտը (Xavier Crement)։ Ծաւալը 170 էջ։

Ենթավերնագիրն է՝ (Գործնական ուղեցոյց ճանաչելու եւ բուժելու մարդկութեան պատմութեան ամենավտանգաւոր հիւանդութիւնը)։

Մի խօսքով խորհուրդ կը տամ կարդալ։

Լաւ մնացէք։

Monday, November 21, 2011

"ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ"

Այստեղ կարող էք կարդալ "Հայաստանի զրուցակից" կայքէջ-թերթին տուած հարցազրոյցս՝ Հայաստան-Սփիւռք փոխյարաբերութիւնների եւ Հայաստանում հաստատուած սփիւռքահայերի խնդիրների մասին։

Լաւ մնացէք։

Monday, November 7, 2011

"ՄՆԱՑԱԾՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՀՐԱՒԷՐԻ ԷԼ ԿԸ ԳԱՆ"

Սա էլ "ՀԵՏՔ"-ում Նոյեմբերի 4-ին հրատարակուած յօդուածս ամբողջութեամբ.-

Արտագաղթի ու ներգաղթի հետ կապուած հետաքրքիր հակասութիւն է նկատելի ոչ միայն Հայաստանի պետական քաղաքականութեան եւ առկայ իրավիճակի միջեւ, այլ հէնց պետական քաղաքականութեան ներսում իսկ։


Մէկ կողմից հայկական եւ միջազգային կազմակերպութիւնները, զանգուածային լրատուամիջոցները, եւ վերջերս նաեւ պետական մարմիններն ու պատասխանատուները, ընդհուպ մինչեւ Հանրապետութեան Նախագահը, ահազանգում են Հայաստանից արտագաղթի մասին, հրապարակում են վիճակագրական տուեալներ, կազմակերպում են քննարկումներ եւ միւս կողմից, այս անգամ միայն պետական որոշ մարմիններ ու պատասխանատուներ, սփիւռքահայերին հրաւիրում են Հայաստան՝ կայք հաստատելու եւ աշխատանք սկսելու։ Այսինքն փորձում են ներգաղթ կազմակերպել։

Թւում է արտագաղթին դէմ են գնում ներգաղթով։ Այնպիսի տպաւորութիւն ունեմ, որ պետական մարմինները չկարողանալով Հայաստանից արտագաղթի առաջն առնել, փորձում են սփիւռքահայերին տեսակ տեսակ հրաւէրներ ուղղելով եւ ներգաղթ կազմակերպելով` արագաղթողների տեղը լցնել։

Արտագաղթողների թուի մասին էլ հակասական տուեալներ կան, սակայն զաւեշտալին այն է, որ նոյնիսկ ամենափոքր թուերն էլ ողբերգութեան խորութիւնից բան չեն պակսեցնում։ Օրինակ մի հանդիպման ժամանակ, երբ քննարկւում էր արտագաղթի հարցը, ասուեց որ 2010 թուականին Հայաստանից արտագաղթել է հարիւրից հարիւր քսան հազար մարդ։ Քննարկման մասնակիցներից ոմանք պոռթկացին եւ մէկն ասաց, որ դա սուտ տեղեկութիւն է, որ 2010 թուականին Հայաստանից արտագաղթել է ընդամէնը քառասուն հազար հոգի։

Եթէ ընդունենք պետական պաշտօնական վիճակագրական տուեալներն առ այն, որ Հայաստանի բնակչութեան թիւը 3200000 հոգի է, ապա թուաբանական ամենատարրական հաշուարկով ընդամէնը մէկ տարում Հայաստանից արտագաղթել է բնակչութեան 1.28 տոկոսը։ Ընդամէնը բառի օգտագործումն ու շեշտադրումը ճիշտ է այս պարագային եւ ոչ նախորդ։ Ընդամէնը մէկ տարում երկրի բնակչութեան 1.28 տոկոսը արտագաղթել է։ Իսկ 2011 թուականի համար հիմք պիտի ընդունել ոչ թէ 3200000-ը, այլեւ 3160000-ը, եթէ ի հարկէ 2010 թուականին արտագաղթել է 40000 հոգի։ Եւ այս համատեքստում անհասկանալի է մնում փոքր թուեր ներկայացնող կամ փոքր թուերին հաւատացող մարդկանց հիմնաւորումը։

Երկրի բնակչութեան նոյնիսկ 1.28 տոկոսի արտագաղթը ընդամէնը մէկ տարում ողբերգութիւն է եւ այն խնդրի էութիւնից բան չի փոխում։

Վերադառնանք ներգաղթին։ Նախ կասկածում եմ, որ վերանկախացման քսան տարիների ընթացքում 40000 սփիւռքահայ ներգաղթած լինի Հայաստան։ Ամենաշատը եկել են իրանահայերը, որոնք ամենալաւ դէպքում մի քանի հազարից չեն անցնի։ Այսինքն այլ խօսքով քսան տարուայ ընթացքում եկածների թիւը համեմատելի չէ մէկ տարուայ ընթացքում գնացածների թուի հետ (ներգաղթածների թուի կապակցութեամբ պաշտօնական տուեալներ ցաւօք չեմ կարողացել գտնել)։

Երկրորդ եւ աւելի կարեւորը հետեւեալն է, որն ի դէպ նորութիւն չէ եւ կրկնութիւնն է կրկնութեանց։ Մարդիկ ինչու՞ են գնում։ Ինչու՞ է Հայաստանում ծնուած, մանկապարտէզ ու դպրոց գնացած, բակում խաղացած, ընկերներ ու ընկերուհիներ ունեցած, ծեծած ու ծեծուած, հարազատ ու բարեկամ ունեցած, սիրահարուած, հարազատների ու բարեկամների շիրիմ ունեցած մարդը, որոշում լքել Հայաստանը։ Ինչու՞։ Եթէ պետական այրերը չեն տալիս այս ինչու՞-ի պատասխանը եւ մանաւանդ ելքեր չեն խորհում այդ ինչու՞-ի պատասխանը վերացնելու կապակցութեամբ, մենք ոչ միայն չենք ունենայ զգալի ներգաղթ, այլեւ կը շարունակուի արտագաղթը։ Իսկ պետական այրերին դժուար կը լինի սփիւռքահայերին համոզել, որ իրենք անկեղծ են իրենց հրաւէրների մէջ։

Հայաստանում գենոֆոնդի պահպանումը ազգային անվտանգութեան խնդիր է։ Հայաստանի պետական այրերի առաջնահերթ խնդիրներից մէկը պիտի լինի արտագաղթի կասեցումը, այսինքն հային Հայաստանում պահելը։ Սփիւռքհայերին Հայաստան տեղափոխելը, այսինքն ներգաղթ իրականացնելը, ըստ իս, առաջնահերթ խնդիր չէ։ Իսկ եթէ նոյնիսկ պետութիւնն իր առջեւ խնդիր է դրել հայրենադարձութիւն կազմակերպել, ներկայ պայմաններում եւ առկայ իրավիճակում, դա ընդամէնը կը մնայ լոզունգի ու բաղձանքի սահմաններում, որը դրական ոչ մի բան չի բերի Հայաստանին։

Առաջնահերթ խնդիրը Հայաստանում ապրող հային Հայաստանում պահելն ու նրա համար արժանավայել կեանքի պայմաններ ստեղծելն է։

Այդ դէպքում մնացածներն առանց հրաւէրի էլ կը գան։

Friday, November 4, 2011

"ՄՆԱՑԱԾՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՀՐԱՒԷՐԻ ԷԼ ԿԸ ԳԱՆ"

"ՀԵՏՔ"-ում այսօր հրատարակուած "Մնացածներն առանց հրաւէրի էլ կը գան" վերնագրով յօդուածս կարող էք կարդալ այստեղ։

Լաւ մնացէք։

Wednesday, November 2, 2011

ՄԵՏՐՕ ՆՍՏՈՂ ՏՂԱՆԵՐԸ

Անձնական գործի բերումով պիտի հանդիպէի հիմնարկութիւններից մէկի պաշտօնեաներից մէկին։ Զանգեցի։ Պայմանաւորուեցինք առաւօտեան հանդիպել։ Հեռախօսազրոյցի ընթացքում պաշտօնեան հարցրեց.-

.- Սարգիս ինչո՞վ պիտի գաս։
.- Մետրոյով։
.- Լաւ էլի Սարգիս ջան, ապէր, դու մետրօ նստող տղա՞յ ես։

Մի պահ անակնկալի եկայ չհասկանալով թէ հարցի իմաստը եւ թէ իմ տալիք պատասխանը։

Մեր հանդիպումը եւ հանդիպման նիւթը ի՞նչ կապ ունի այն բանի հետ թէ ես ինչով եմ գնալու տուեալ հիմնարկութիւն։ Ովքե՞ր են մետրօ նստող տղաները։ Ես ինչու՞ պիտի մետրօ չնստեմ։

Մի քիչ մտածեցի եւ հասկացայ։
Կարծում եմ ամէն ինչ պարզ է։

Լաւ մնացէք։