Wednesday, November 28, 2007

ԴՐԱՄԸ, ԴՈԼԱՐՆ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ՎԻՃԱԿԸ

Ես տնտեսագէտ չեմ։Այս գրութիւնն էլ տնտեսագիտական վերլուծութիւն չէ։
Սա պարզապէս իմ` որպէս շարքային քաղաքացու տեսածներն են ու մտքերը այն ինչի մասին, որն այսօր կատարւում է Հայաստանի տենտեսութիւնում

Ներկայիս Հայաստանում օրէցօր հայկական դրամն արժեւորւում է արտարժոյթի, յատկապէս ամերիկեան դոլարի նկատմամբ։ Պարզ է, որ ցանկացած հայի, յատկապէս հայրենաբնակի, այս փաստը պիտի ուրախացնի։ Արժեւորւում է հայկական ազգային դրամը։ Դա լաւ է, որովհետեւ նշանակում է ուժեղանում է երկրի տնտեսութիւնը։Սակայն առաջին հայեացքից։

Արժեւորումը, ըստ իս, իրական կարող է լինել այն ժամանակ, երբ դրա հետ զուգընթաց արժանանան ապրանքների գները։ Սակայն ոչ միայն դա չի կատարւում, այլ տեղի է ունենում ճիշտ հակառակը` թանգանում են ապրանքները։

Բերեմ երկու օրինակ։

Լաւաշ հացը Հայաստանում արժի կիլոգրամը 500 դրամ։ Ամերիկեան դոլարը 450 դրամ էր, մէկ կիլօ հացը 450 դրամ էր։ Ամերիկեան դոլարը դարձաւ 285 դրամ, հացի գինը չիջաւ։ Մի դէպքում հացը կիլօն մօտ մէկ դոլար է, մի ուրիշ դէպքում մօտ երկու դոլար։ Մինչդեռ պիտի լինի ճիշտ հակառակը։ Դրամն արժեւորուել է, ուրեմն հացը պիտի արժանանայ ու լինի օրինակ կիլօն 350 դրամ։ Յամենայնդէպս կատարուեց ճիշտ հակառակը` հացը թանգացաւ ու ներկայիս կիլօն 500 դրամ է։

Երկրորդ օրինակը։

Ենթադրենք մի մարդ իր մէկ սենեականոց բնակարանն ուզում է վաճառել։
Այդ ժամանակ մէկ ամերիկեան դոլարն արժի 400 դրամ։ Բնակարանն արժէք է դնում քսան միլիոն դրամ։ Նշանակում է բնակարանն արժի յիսուն հազար դոլար։ Ամերիկեան դոլարը արժեզրկւում է։ Ներկայիս մէկ դոլարն արժի 300 դրամ։ Բնակարանը չի արժանանում։ Նոր պայմաններում, բնակարանի գինը անփոփոխ պահելով, այսինքն առանց այն թանգացնելու, բնակարանն արժի վաթսուն վեց հազար դոլար։

Մի անգամ կատակով ասել եմ, հիմա ուզում եմ կրկնել։ Եթէ այս ընթացքը շարունակուի ու մենք թերեւս մօտ ապագայում ականատես լինենք այն փաստի, որ մէկ հայկական դրամն արժի մէկ ամերիկեան դոլար, Հայաստանի Հանրապետութիւնում ժողովուրդը պարտաւոր կը լինի մէկ կիլօ հացը գնել հինգ հարիւր դոլար, եթէ ի հարկէ մինչ այդ այն էլի չի թանգացել։ Կամ երկրորդ օրինակի պարագային մօտ ապագայում մէկ սենեականոց բնակարանը պարտաւոր կը լինենք գնել քսան միլիոն ամերիկեան դոլարով։

Բերածս օրինակները թւում են անհեթեթ ու չափազանցուած։ Ընդունում եմ։ Սակայն առնուազն վերջին տարիների փորձը հակառակը չի ապացուցել։ 2001 թուականին մէկ ամերիկեան դոլարն արժէր 580 հայկական դրամ։ Այսօր այն 300 դրամ է։ Անցնող վեց-եօթ տարիների ընթացքում ոչ միայն ոչ մի բան չի արժանացել, այլ ընդհակառակը։ Մինչդեռ առպակաս ներմուծուող ապրանքների պարագային պիտի այդպէս չլինէր, սակայն իրականութիւնն այդ չէ։

Ճիշտ հէնց այս պատճառով էլ հայկական դրամի արժեւրումը ուրախալի է առաջին հայեացքից։ Մի քիչ մտածելն ու իրական կեանքն ապրելը մարդու հասցնում է որոշ եզրակացութիւնների, ինչպէս արժեւորման արհեստական լինելն ու այն` որոշ շրջանակների ձեռ տալն ու այլն։

Լաւ մնացէք։

Friday, November 23, 2007

MEMORIES OF A GEISHA

Դիտեցի “Մի Գէյշայի յուշերը” տեսաերիզը։

Բեմադրիչ` Rob Marshall
Արտադրութեան թուական` 2005, ԱՄՆ
Տեւողութիւն` 144 րոպէ
Տեսաերիզի պատրաստման բիւդջէ` $85 միլիոն ԱՄՆ

1929 թուականին Ճապոնիայում երկու փոքրահասակ քոյրիկներ իրենց ծնողների կողմից վաճառւում են մի մարդու, որն իր հերթին նրանց վաճառում է ուրիշների։ Տեսաերիզը հիմնականում այդ աղջիկներից մէկի կեանքն է նկարագրում, որը ճակատագրի բերումով դառնում է Գէյշա։

Գէյշաները դաստիարակւում են հաճոյք պատճառելու տղամարդկանց, սակայն նրանց արգելուած է սիրել տղամարդկանց։ Գէյշաները “անբարոյական”* աղջիկներ չեն։ Այդ մասին ես իմացայ համացանցում փնտրտուք կատարելով։ Այդ մասին տեսաերիզի մի հատուածում ասում է նաեւ գլխաւոր հերոսուհին։ Գէյշա դառնալու համար պիտի անցկացնել յատուկ դասընթացներ։

Տեսաերիզի ցուցադրումը որոշ ժամանակով արգելուած է եղել Չինաստանում, որովհետեւ տեսաերիզի գլխաւոր դերասանները չինացիներ են, մինչդեռ գէյշաները մաս են կազմում ճապոնական մշակոյթին։ Իսկ նկատի ունենալով, որ շատերը գէյշաներին համարում են անբարոյականներ, Չինաստանը յայտարարել է, որ տեսաերիզի ցուցադրումը կարող է հարցեր առաջացնել Ճապոնիայի հետ։

Իմ կարծիքով գեղեցիկ տեսաերիզ է, թէեւ գեղարուեստական առումով թերութիւններ ունի, օրինակ տեսաերիզի հերոսները պատերազմից առաջ ու պատերազմի ընթացքում ու պատերազմից յետոյ դէմքով մնացին նոյնը։ Այլ խօսքով, ըստ երեւոյթին ամբողջ այդ տարիները որեւէ ազդեցութիւն չունեցան նրանց դէմքի վրայ, նրանք չծերացան։

Սակայն կարեւորը բովանդակութիւնն է, որն ինձ դուր եկաւ։

“Մի Գէյշայի յուշերը” շահել է Օսկարի երեք մրցանակ, ինչպէս նաեւ այլ մրցանակներ։

Դիտէք այն ։Չէք վնասուի։

Լաւ մնացէք։

* Այս աշխարհում ամէն ինչ յարաբերական է։

Wednesday, November 14, 2007

ՆԵՐԵՑԷՔ ՈՒ՞Մ ՏԱԿ

Նախագահ Քոչարեանն այսօր յայտարարեց ։

Ընթերցողի ուշադրութիւնը հրաւիրում եմ հետեւեալ նախադասութեան վրայ` "Ի դէպ, նոր Սահմանադրութեամբ նախագահը նոյնիսկ հնարաւորութիւն չի ունենալու պորտֆելներ բաժանել մասնակիցներին, այսպէս ասենք` իր տակ մտնող քաղաքական ուժերին կամ գործիչներին"։

Վերոյիշեալ յայտարարութիւնն այսօր հնչեց նաեւ բազմաթիւ հեռուստաալիքներով։

Իմ մօտ պարզապէս հարց առաջացաւ Նախագահը լեզուական վրիպում ունեցա՞ւ ու ասաց այդ նախադասութիւնը թէ՞ ասաց միտումնաւոր։Այլ խօսքով վրիպու՞մ համարենք "Նախագահի տակ մտնող ուժեր ու գործիչներ" ձեւակերպումը, թէ՞ լուրջ մտածուած արտայայտութիւն։Ուժերն ու գործիչները Նախագահի տա՞կ են մտնում։Իսկապէ՞ս։

Իսկ, ներեցէք, իրականութիւնն ի՞նչ է։

Խառը վիճակ է։

Լաւ մնացէք։



Monday, November 12, 2007

ՈՒՂՏՆ ՈՒ ԲԵՌԸ` ՄԻԱՍԻՆ

Այն որ Հայաստանի Հանրապետութիւնում ուղտը բեռով կարող է կորնել ու այդ մասին երկար տարիներ ոչ ոք չիմանայ, ահաւասիկ ապացուցում է այս լուրը։

Պատկերացնում էք երկրի Գլխաւոր դատախազութիւնից “Ղարաբաղ կոմիտէ”-ի 61 հատորանոց գործը կորնի ու ամբողջ 10 տարի (տաս տարի) ոչ մէկի մտքով չանցնի թէ որտե՞ղ է եւ ի՞նչ է եղել 61 հատորը։ Որպէսզի ընթերցողի ուշադրութիւնից չվրիպի ուզում եմ կրկնել, որ խօսքը մէկ էջի կամ մէկ թղթածրարի մասին չէ, այլ վաթսուն մէկ հատորի։

Երկրի Նախագահի հրամանով այդ հատորները Գլխաւոր դատախազութիւնից տեղափոխւում են Նախագահական նստավայր, յետոյ էլ Նախագահի տուն ու տաս տարի ոչ արդէն նախկին Նախագահն է ասում այդ հատորներն իմ մօտ են, ոչ էլ, որ աւելի կարեւոր է, Գլխաւոր դատախազութեան պատկան բաժինների պատասխանատուներն են յիշում (ու յիշեցնում), որ այդ հատորները չկան։

Իմ կարծիքով այդ հատորների մասին յիշեցին Լեւոն Տէր Պետրոսեանի քաղաքական դաշտ վերադառնալուց յետոյ (եթէ ի հարկէ ճիշտ է այս վերջին ձեւակերպումը)։ Աւելի ստոյգ թերեւս Տէր Պետրոսեանի աշխուժացումը պատճառ դարձաւ, որ ոմանք որոշեն կրկին մի հայեացք նետել այդ գործի վրայ ու մէկ էլ պարզուեց …գործը չկայ։

Յամենայնդէպս վհատուելու պէտք չկայ։ Համոզուած եմ դա միայն մեր երկրի խնդիրներից (Problem) չէ։ Օրինակ եթէ լուրերում ասեն, որ Պակիստանում կամ Զիմբաբուէում նման բան է պատահել ոչ ոք չի զարմանայ, դեռ մի կուշտ կը ծիծաղեն։ Սա Երրորդ Աշխարհի երկրների համընդհանուր խնդիրներից է։ Կառավարման (Management) համակարգը փչացած է։ Դրա համար էլ տեսնում ենք թէ ինչպէս Երրորդ Աշխարհի նոյնիսկ այն երկրներում, որոնք բնական հարուստ պաշարներ ունեն երկիրը չի զարգանում ու ամէն ինչ տեղատւութեան մէջ է, որովհետեւ ոչ ծրագրաւորում կայ ոչ էլ ճիշտ ու արդիւնաւէտ կառավարում։

Ինչեւէ թէեւ “ուղտը բեռով կորել է” ասացուածքը վերոյիշեալ դէպքի համար չեն ստեղծել, բայց այս պարագային իրօք դիպուկ է։

Լաւ մնացէք։

Saturday, November 10, 2007

ԶԳՈՒՇԱՑԷՔ ՈՒՂՏԻ ՉՈՔԵԼՈՒՑ

Հարկային պետական ծառայութիւնը ստուգումներ է սկսել Լեւոն Տէր Պետրոսեանի կողքին հրապարակով յայտնուած Ազգային Ժողովի պատգամաւոր, Հայաստանի մեծահարուստներից Խաչատուր Սուքիասիանին (յայտնի Գռզօ մականունով) պատկանող տնտեսութիւններում (բիզնէս) (տես այս լուրը

Դա իշխանութեան ճնշման լծակներից մէկն է, որը ցանկացած պահի կարող է գործադրուել մեծ թէ փոքր (նոյնիսկ մի կրպակ ունեցող) գործարարի վրայ։

Դժուար եմ տեսնում, որ այս (կամ այլ) ստուգումների հետեւանքով Սուքիասիանը կորցնի իր ողջ ունեցուածքն ու հաւասարուի հողին, սակայն յամենայնդէպս սա այն ուղտն է, որ ցանկացած պահի կարող է չոքել աստղաբաշխական գումարներ դիզած ցանկացած հայրենի մեծահարուստի դռան։

Քաղաքական շատ դիրքորոշումների (քաղաքական գործիչների, կուսակցութիւնների, գործարարների եւ այլք) շարժառիթը պիտի փնտրել ահաւասիկ այդ ուղտը սեփական դռան չոքած չտեսնելու մէջ։

Հետաքրքիրն այն է, որ Սուքիասեանը մամլոյ ասուլիսում յայտարարել է, որ պաշտպանել է ու կը պաշտպանի Տէր Պետրոսեանին։ Եթէ նկատի ունենանք, որ առնուազն այս պահի դրութեամբ Տէր Պետրոսեանը նախագահական ընտրութիւններում յաղթանակելու շանսեր չունի, ապա հարց է առաջանում` ի՞նչ է մտածում Սուքիասեանը։ Սկզբունքայի՞ն է։ Ունի՞ տեղեկութիւններ, որ զանգուածային լրատուամիջոցներով հրապարակուած չեն։ Ռիսկի՞ է դիմում։ Իրօք զզուե՞լ է ներկայ վիճակից։ Իշխանութիւնն աւելի շատ հնարաւորութիւններ է տուել միւս մեծահարուստներին ու նա դրանից նեղացա՞ծ է։

Ինչեւէ, կարծում եմ Հայաստանում շատերը պիտի զգուշանան սեփական դռանը այդ ուղտի չոքելուց։

Լաւ մնացէք։

Friday, November 9, 2007

WEBLOG-ԵՐԻ ՄՐՑՈՅԹ

Գերմանիայի ռադիոն (Դոյչէ վելլէ) արդէն քանիերորդ տարին է ինչ կազմակերպում է լաւագոյն weblog*-երի մրցոյթ։

Մրցոյթն անց է կացւում մի քանի լեզուներով տպագրուող կայք էջերի շրջանակում, ընդորում իսպաներէն, չինարէն, պարսկերէն եւ այլն։

Հետաքրքիր է իմանալ, որ ամենատարեց կայք էջ գրողը Աւստրալիացի 108 տարեկան կին է Olivie (Զէյթուն) անունով http://www.allaboutolive.com.au ։ Իսկ Իսպանացի 95 տարեկան մի կին Մարիա Ամալիաս Լոպէզ անունով իսպաներէնի բաժնում այս տարի համարւում է առաջնութեան յաւակնորդներից http://amis95.blogspot.com/ ։ Նա ունի 60000 (վաթսուն հազար) մշտական ընթերցող։

Թէեւ վերջին մէկ երկու տարուայ ընթացքում հայերի մօտ շատացել են weblog գրողների թիւը (անշուշտ կան մարդիկ, որոնք արդէն մի քանի տարի է ինչ ունեն իրենց անձնական կայք էջերը), սակայն հայերէն կամ հայերի միջոցով թէկուզեւ այլ լեզուներով գրուող կայք էջերի թիւը տակաւին շատ քիչ է օտար լեզուներով գրուող կայք էջերի համեմատութեամբ։

Այս եզրակացութեանը կարելի է գալ ընդամէնը համացանցում մի երկու փնտրտուքով։ Յատկանշական է, որ ամենաշատ կայք էջեր ունեցող ազգերի թուին են պատկանում պարսիկները։ Նրանք այս առումով գտնւում են բարձր դիրքերում` խօսքը եւ Իրանում եւ Իրանից դուրս ապրող պարսիկների կայք էջերի մասին է։ Ոմանք դա վերագրում են Իրանում առկայ քաղաքական ու հասարակական մթնոլորտին։ Ես կարծում եմ դրանում դեր ունեն նաեւ այլ ազդակներ` ինչպէս ազգի թուաքանակը եւ այլն։

Յամենայնդէպս մեզանում պետական ու քաղաքական (նաեւ կուսակցական) այրերի թիւը, որոնք ունեն կանոնաւոր կերպով թարմացուող կայք էջեր շատ շատ քիչ է։ Նոյնիսկ կարող եմ հաստատ ասել, որ մեծ թուով անհատների համար դա դեռ բացատրուած չէ**, մինչդեռ աշխարհում օրէցօր աւելի ու աւելի է շատանում կայք էջերի թիւը ու յատկապէս դրանք կատարելագործւում են թէ սպասարկող ընկերութիւնների կողմից տրամադրուող հնարաւորութիւններով եւ թէ օգտագործող անհատների իմացութեան ու ճաշակի պատճառով։

Տարաբնոյթ են կայք էջերը։ Էլ ուսանողներ, որոնք գրում են համալսարանական կեանքից, էլ քաղքական գործիչներ, որոնք գրում են քաղաքական իրադարձութիւններից, էլ տնտեսուհիներ, որոնք գրում են ամբողջ օրը տանն անցկացնող կնոջ ապրումներից ու տարբեր տեսակի կերակուրներ եփելու ձեւերից, էլ լրագրողներ, էլ մեքենայ սիրողներ, էլ երեխայի դաստիարակութեամբ հետաքրքրուողներ եւ այլն եւ այլն։

Եւ պարտադիր չէ, որ կայք էջ գրողը` գրի իր իսկական անունով ու բացայայտի իր ինքնութիւնը։ Գոյութիւն ունեն բազմաթիւ կայք էջեր, որոնց հեղինակներն յայտնի չեն (հեղինակները ինչ-ինչ պատճառներով չեն ուզում բացայայտուել), սակայն պարունակում են հետաքրքիր ու իմաստալից տեղեկութիւններ կամ
արտացոլում են անկեղծ ապրումներ։ Ապրումներ, որոնց մասին հեղինակը (ու շատ շատերը) կը վախենան, կամաչեն կամ հազար ու մի պատճառով չեն ցանկանայ բացայայտ արտայայտուել (այս պատճառով էլ որոշներն ունեն մէկից աւելի կայք էջեր)։

Ինձ համար կայք էջեր կարդալն ու նորերը փնտրելը դարձել է հաճելի սովորութիւն։

Մի տեղ կարդացի “Ամէն մի նոր weblog, մի նոր պատուհան է դէպի աշխարհ”։ Ես համաձայն եմ այս կարծիքի հետ, նկատի ունեանլով, որ ամէն մի կայք էջի յետեւում մի մարդ է, մի աշխարհ ու յատկապէս մի չբացայայտուած ներաշխարհ։

Յոյսով եմ մի օր նաեւ հայերէն կամ հայերի միջոցով գրուող օտար լեզուներով կայք էջերի մրցոյթ անցակացուի, որովհետեւ դա պատճառ կը դառնայ, որ գրողները էլ աւելի ուշադիր լինեն իրենց գրածների մէջ, էլ աւելի անկեղծ գրեն, էլ աւելի բովանդակալից գրեն, սակայն դրանից շատ աւելի շատ ցանկանում եմ մեզանում շատանան կայք էջերի թիւը, այն պատճառներով (ու էլի ուրիշ պատճառներով), որ վերեւում նշեցի։

Փորձէք սկսել պատրաստել ձեր անձնական կայք էջը։

Լաւ մնացէք։

* Հայերէնում website-ը թարգմանուել է կայք էջ, իսկ թէ ինչ պիտի թարգմանել weblog-ը` ես չգիտեմ։ Իմացողները թող ինձ էլ տեղեկացնեն։

** Երբ ես ուզում էի սկսել պատրաստել իմ կայք էջը, որպէս կուսակցական պատասխանատու մարդ, հանդիպեցի մի խոչընդոտի, որը թէեւ ինձ համար զաւեշտական էր, սակայն կարող էր փչացնել գործը։ Դրա մասին կը գրեմ աւելի ուշ, յարմար առիթով։

Wednesday, November 7, 2007

ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀՆ Ա, ԷԼԻ

Մի մեծ ընկերութեան տնօրէններից մէկն ինձ հարցրեց, որ իրենց ընկերութիւնում աշխատատեղ է ազատուել եւ արդեօք ես տուեալ աշխատանքի համար մասնագէտ գիտեմ։

Պատասխանեցի երկու հոգու գիտեմ, որոնք ապրում են Հիւսիսային Ամերիկայում։

Պատասխանեց` նրանք մեր տուած աշխատավարձով չեն գալ Երեւան (խօսքը մի քանի հարիւր դոլարի մասին է)։ Այդ աշխատավարձով նոյնիսկ Իրանից ու Լիբանանից մէկը չի գայ Երեւան աշխատելու։

Իմ կարծիքով տնօրէնի այդ պատասխանի մէջ կարելի է գտնել Երրորդ Աշխարհի բնակչութեան դէպի զարգացած երկրներ գաղթի պատճառներից մէկը։ Մեղմ ասած, Երրորդ Աշխարհի ժողովրդների, այս պարագային Իրանի ու Լիբանանի քաղաքացիների համար վիրաւորական է լսել “Այդ աշխատավարձով նոյնիսկ Իրանից ու Լիբանանից մէկը չի գայ Երեւան”։ Պարզ է, որ խօսքը կենսամակարդակների տարբերութեան մասին է, սակայն ի՞նչու “նոյնիսկ”։ Ճիշտ կարծես սրանք մարդ չեն, բայց նրանք մարդ են, սրանց առաջ մի բան էլ քցես` կապրեն, բայց նրանք` ոչ։ Իսկ եթէ՞ հէնց այս մարդիկ վաղը հասնեն զարգացած երկրներ…

Երբեմն տխուր են իրականութիւնները։

Պինդ մնացէք։

Յ.Գ. Թերեւս հնարաւոր է դիմել աշխատանքի տեղաւորման գործակալութիւններին, թերեւս գտնուեն մարդիկ, որոնք պատրաստ լինեն առաջարկուող աշխատավարձի մէկ տասերորդով էլ աշխատել, այդ դէպքում այդ պաշտօնի համար կարելի է վարձել 10 հոգի։ Բայց թէ սրանք 10 հոգով նրանցից ընդամէնը մէկի գործը կարող են անել` խիստ կասկածում եմ։

Sunday, November 4, 2007

ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐՆ ՈՒ ՄԷԿ ԷԼ...

“Արմենիա” հեռուստաընկերութիւնը սփռում էր հարցազրոյց Վոգա (եթէ ճիշտ եմ լսել) անունով երգչի հետ, միջահասակ մի մարդ, որն արդէն տաս տարի է, ինչ ապրոմ է Լոս Անջելեսում։

Երգիչը մի հետաքրքիր պատմութիւն պատմեց, որն ուզում եմ գրի առնել։

Նա ասաց, որ “Կեանքիս մէջ կռիւ շատ եմ տեսել` հարսանիքներում, ճաշարաններում, խնջոյքների ժամանակ եւ այլն, բայց օդանաւում չէի տեսել։

Մոսկուայից թռնում եմ Լոս Անջելես։ Օդանաւում լիքը հայեր կան։ Մէկ էլ ինձնից մի քանի շարք յետեւ նստած հայերը խօսքի բռնուեցին ինձնից մի քանի շարք առաջ գտնուող հայերի հետ։ Ծանօթացան ու քիչ յետոյ տեսնեմ յետեւից մէկը ձեռքով խփում է ուսիս։ Յետ եմ նայում, տեսնեմ յետեւի աթոռին նստած մարդն ասում է` այս բաժակն առաջ տուր։ Ես էլ իմ հերթին ձեռքով խփում եմ իմ առջեւի աթոռին նստած մարդու ուսին ու ասում` այս բաժակն առաջ տուր։ Դատարկ բաժակը գնաց տեղ հասաւ։ Յետոյ լցուեց կոնիակով ու պարզ է, որ հիմա այդ ճանապարհը պիտի յետ գայ։

Պատկերացնում էք օտարազգիների, օրինակ ամերիկացիների, որոնք արեւի ակնոցն աչքներին աթոռը յետ են տուել ու քնել կամ հանգիստ դիրք ընդունել ու մէկ էլ մէկը խփում է նրանց ուսին ու ասում` այս դատարկ բաժակը առաջ տուր կամ այս լիքը բաժակն յետ տուր։

Այսպէս բաժակը մի քանի անգամ գնաց ու եկաւ։ Ու այդ ընթացքում հայերը բարձր ձայնով խմում են ծնողների, երեխաների, Երեւանի, սրա ու նրա կենացը։ Ճիշտ կարծես նստած են սեփական տանը։ Ու այդ կենացներից մէկի ժամանակ, մէկ էլ յետեւում նստածներից մէկն առաջարկեց խմել այնինչի կենացը։ Ի՞նչ։ Ու՞մ։ Ես դրա հերը, ես դրա մերը։ Լսուեց առջեւում նստած հայերից։ Ի՞նչ ասացիր։ Սա ինչ ասաց, նա ինչ ասաց, կանգնեցին ու միջանցքում սկսեց կռիւ։

Ստեղծուեց խառնաշփոթ վիճակ։ Միջամտեցին անվտանգութեան ուժերը եւ նրանց նստեցրին տեղները։

Սակայն դրանով հարցը չվերջացաւ։ Սրանք իրար ասում են, որ օդանաւը նստեց չգնաք, սպասէք, հաշիւ պիտի մաքրենք։

Օդանաւը վայրէջք կատարեց Լոս Անջելեսում։ Քիչ յետոյ բացուեց օդանաւի դուռն ու բարեբախտաբար կռիւը չշարունակուեց, որովհետեւ դռան բացուելն ու անվտանգութեան ուժերի ներս խուժելը մէկ եղաւ ու հերոսներին ձերբակալած իջեցրին”։

Գեղեցիկ, տխուր ու ուսանելի պատմութիւն է։ Ափսոսեցի ընթերցողներն այդ մասին չիմանան։
Թերեւս այս աշխարհում նմանատիպ բաներ միայն յատուկ տեսակի հայերն են կարող անել ու մէկ էլ …

Լաւ մնացէք։

Thursday, November 1, 2007