Wednesday, October 30, 2013

ԳԻՏԱԺՈՂՈՎ

"Պանթիւրքական հոսանքները ժամանակակից Իրանում" նիւթի կապակցութեամբ զեկոյցս նոյեմբերի 2-ին։

http://armacad.blogspot.com/2013/10/confprog-shirvan-arran-and-azerbaijan.html


Friday, October 4, 2013

"ՇՇՈՒԿՆԵՐԻ ՄԱՏԵԱՆ" (3)

"Մարդկանց նման, պատասխաներն էլ են մեռնում` տեղ թողնելով որ կեանքն առաջ գնայ"։

Էջ 449

"Բայց այնպէս, ինչպէս թռչունները ծովերի վրայից թռչելիս` իջնելու համար մի կտոր հողի կարիքն ունեն, այդպէս էլ գրքերը վերապրելու համար մարդկանց կարիքն ունեն, ովքեր կկարդան, կազմերը կբացեն ու կը թերթեն, որպէսզի դրանք կարողանան շնչել"։

Էջ 236


"Ամենից յաճախ համաձայնում էր իր սեփական մտքերի, այլ ոչ թէ ուրիշների խօսքերի վրայ"։

Էջ 273

Thursday, October 3, 2013

"ՇՇՈՒԿՆԵՐԻ ՄԱՏԵԱՆ" (2)

"...Երբ թւում էր, թէ մարդիկ այլևս չէին վախենում։ Ոչ այն պատճառով, որ նոր ժամանակները հետապնդողներ չունէին, այլ, որովհետև մենք դեռևս չէինք վարժուել նրանց"։

Էջ 234

"Իշխանութիւնների և գրքերի միջև պատերազմում չնայած միայն գրքերն են մահանում, իշխանութիւնները երբէք չեն յաղթում։ Որովհետև մարդիկ աւելին են գրել, քան մոռանալու ուժ ունեն"։

էջ 236

"Կեանքիցդ մի օր ընտրիր, ու դա պարզաբանման օր թող լինի։ Օր, որով լաւագոյնս հնարաւոր լինի ամբողջ կեանքիդ իմաստը նկարագրել"։

Էջ 389

Sunday, September 1, 2013

"ՇՇՈՒԿՆԵՐԻ ՄԱՏԵԱՆ" (1)

"Լուսանկար մը կղրկեմ, որմէ կհասկնաք։ Եթէ նկարին մէջ ոտքի եմ, կնշանակէ, լաւ եմ։ Եթէ կռթնած եմ պատի մը կամ աթոռի մը, կնշանակէ, կամաց-կամաց։ Եթէ նստած եմ, կնշանակէ, որ գեշ է"...Տարիներ շարունակ ոչ մի լուսանկար չեկաւ Սովետական Հայաստանից։ Առաջին լուսանկարը հազիւ 1949-ին եկաւ...Ամբողջ ընտանիքը խմբուել էր լուսանկարչական սարքի առջև։ Ընտանիքի գլխաւորը` Ներսէս Անտոնեանը ոչ կանգնած էր, ոչ հենուած, ոչ էլ անգամ նստած, այլ պարզապէս խոտի մէջ պառկած էր..."։

"Շշուկների մատեան",
Վարուժան Ոսկանեան,
էջ 128

Tuesday, August 13, 2013

"ՔԱՐԱԿԵՐՏ ԵՐԱԶՆԵՐ"-2

- Այլիսի իւրաքանչիւր ընտանիքում,- սկսեց նա գրգռուած, մի տեսակ տարօրինակ ձայնով,- որը հայի տուն է հափշտակել, հոգեկան հիւանդներ կան, ես սա իբրև բժիշկ եմ ասում քեզ։ Այդ ընտանիքներից գեթ մէկում դու երբևէ խաղաղութիւն տեսե՞լ ես։

Քարակերտ երազներ,
Աքրամ Այլիսլի
էջ 64

Monday, August 12, 2013

ՔԱՐԱԿԵՐՏ ԵՐԱԶՆԵՐ

"Եթէ իւրաքանչիւր սպանուած հայի համար գեթ մի մոմ վառուի` այդ մոմերի ցոլքը լուսնի լոյսից վառ կլինի"։

Քարակերտ երազներ,
Աքրամ Այլիսլի
Էջ 144

Friday, June 14, 2013

ՊԱՆԹԻՒՐՔԱԿԱՆ ՀՈՍԱՆՔՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԻՐԱՆՈՒՄ (2)



ՊԱՆԹԻՒՐՔԱԿԱՆ ՀՈՍԱՆՔՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԻՐԱՆՈՒՄ (2)

Սարգիս Մկրտչեան

            «Պանթիւրքական հոսանքները ժամանակակից Իրանում» վերնագրով իմ նախորդ յօդուածում[1] անդրադարձել էի ժամանակակից Իրանում պանթիւրքական հոսանքների ներկայիս գործունէութեան շարժառիթներին և ներկայացրել առկայ կազմակերպութիւններից մէկին։
            Սոյն յօդուածով ներկայացնում եմ մէկ այլ կազմակերպութիւն։

Հարաւային Ադրբեջանի[2] Ազգային Զարթօնքի Շարժում[3]

Կազմակերպութեան կայքի հասցէն է www.gamoh.biz։ Այն եռալեզու է՝ անգլերէն, թուրքերէն և պարսկերէն։ Կազմակերպութեան պաշտօնական անունն է Հարաւային Ադրբեջանի Ազգային Զարթօնքի Շարժում[4], հիմնադրուել է 1995 թ.[5], հիմնադիրն ու առաջնորդն է Մահմուդ Ալի Չեհռեգանին (գրւում է նաև Չեհռեգանլի կամ Չեհռեղանլի)։
Կայքի վերևի մասում տեղադրուած է կազմակերպութեան զինանշանը և Հարաւային Ադրբեջանի դրօշը։

     
Լեզուն, ինչպէս պանթիւրքական մի շարք այլ կազմակերպութիւնների կայքերի պարսկերէն բաժինները, լի է սխալներով, կէտադրական կանոնների անճիշտ կիրառմամբ, որոնք յաճախ մտքի շփոթի կամ սխալ ընկալման պատճառ են դառնում: Օրինակ` երբ ներկայացւում է Զիա Գեոքալփի բացատրութիւն-հիմնաւորումը թիւրքիզմի մասին, յստակ չի դառնում, թէ որոնք են Գեոքալփի մտքերը, և որոնք են կազմակերպութեան տեսակէտները։
Կայքում, ի շարս այլ բաժինների, առկայ են  §Հարաւային Ադրբեջանը¦, §Շարժման մասին¦, §Ցեղասպանութիւն¦ բաժինները և կազմակերպութեան Ծրագիրը։
-      §Ցեղասպանութեան¦ բաժնում տեղադրուած են լուսանկարներ Արցախում հայերի կողմից իրականացուած ադրբեջանցիների այսպէս կոչուած §ցեղասպանութիւնից¦։
-      §Շարժման մասին¦ բաժինը վերնագրուած է §Համառօտ ակնարկ Հարաւային Ադրբեջանի Ազգային զարթօնքի շարժման կամ Հարաւային Ադրբեջանի Ազգային շարժման մասին¦։
Ապա գրուած է.
-      Անցեալ դարում Հարաւային Ադրբեջանը ականատեսն էր իր §ազգային ինքնորոշման իրաւունքի¦ ձեռքբերման կապակցութեամբ մի քանի ազգային շարժումների։
-      … այսպիսի դժուար պայմաններում, երբ երևութապէս ամէն ինչ համընկնում էր իշխող շովինիզմի ցանկութեանը, Իրանի Իսլամական Խորհրդարանի հինգերորդ շրջանի ընտրութիւններում` 1995 թ. վերջերին եւ 1996 թ. սկզբներին, Հարաւային Ադրբեջանի Ազգային շարժում անունով մի նոր երևոյթ յայտնուեց Իրանի քաղաքական բեմում։
-      Հարաւային Ադրբեջանի ազգային վերջին շարժումը 1991 թ., որպէս հաւաքական ազգային շարժում, սկսեց համալսարաններում և գիտական ու մշակութային կենտրոններում, և 1995 թ. սկսեց աշխատել որպէս համընդհանուր շարժում՝ Հարաւային Ադրբեջանի Ազգային շարժում անունով։ Դոկտ. Մահմուդ Ալի Չեհռեգանիի մասնակցութիւնը Խորհրդարանի հինգերորդ շրջանի ընտրութիւններին (1995-1996 թթ.) հանդիպեց իշխող շովինիստ ռեժիմի արգելանքին և խարդախութեանը, և ծեծ ու ջարդին ու բանտին՝ հակառակ Թաւրիզի ժողովրդի՝ իր իրական թեկնածուի հովանաւորութեանը (մօտ 600 հազար քուէ), ով արտայայտում էր Ադրբեջանի թուրք ազգի պատմական ցաւերը։ Երբ Ադրբեջանի իրական պատգամաւորը զրկուեց Խորհրդարանի խօսափողի հնարաւորութիւնից, բնական ձեւով այդ պայքարը տեղափոխուեց փողոց։
-      Հակառակ այն բանի, որ կենտրոնական իշխանութիւնը հովանաւորուում է հայ տեռորիստ դաշնակներին՝ իրենց հակաթուրք քաղաքականութեան մեջ և 2003 թ. ապրիլի 24-ին նրանց ցոյցի արտօնութիւն տուեց, որպէսզի իրենց հակաթուրք կարգախօսներով [աշխատեն] մի երկրում, որի ժողովրդի կէսը թուրքերն են կազմում, ՀԱԱԶՇ (GAMOH) ակտիւիստները յաջողութեամբ այս հակաթուրք դաւադրութեան դէմ ելան։
Հատուածներ ՀԱԱԶՇ-ի նպատակներից
-      Նկատի ունենալով, որ մեր հայրենիքը՝ Ադրբեջանը, ռուսների իմպերիալիստական քաղաքականութեան պատճառով 1813 թ. և 1828 թ. Գիւլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերով երկու կէսի է բաժանուել, մեր հայրենիքի հիւսիսային կէսն այսօր անկախ է, և մեր հայրենիքի հարաւային կէսը շովինիստների գաղութատիրութեան ենթական է։
ԳԱՄՈՀ-ի ռազմավարական նպատակը ազգային ինքնորոշման իրաւունքն է
ԳԱՄՈՀ-ի տեսակէտից միայն մարդու իրաւունքների հռչակագրերի դրոյթների և ժողովրդավարութեան պայմանով է, որ կարելի է Իրանում բնակուող վեց ազգերի միջև՝ թուրք, ֆարս, քուրդ, արաբ, բելուջ և թուրքմէն, դաշնային և համադաշնային ձեւով և համահաւասար իրաւունքների հիման վրայ ձեռք բերել (ընդգծումը բնագրից - Ս.Մ.) ժողովրդավարական համակեցութիւն՝ համաշխարհային օրէնքների հիման վրայ. ընդհանրական պետութիւնների ձևը չընդունելու պարագային, որը ֆարս ազգի քաղաքական ներկայացուցիչների կողմից կարող է հարցականի տակ դրուել, և այդ քաղաքական գործիչները իշխանութեան կամ ընդդիմութեան մէջ կարող են պատճառ դառնալ Իրանի մասնատմանը. բնականաբար անկախ պետութիւն կազմելու իրաւունքը մարդու իրաւունքների համաշխարհային հռչակագրերում բնական իրաւունք է համարւում (ընդգծումը բնագրից - Ս.Մ.)։ ԳԱՄՈՀ-ը առաջ է գնում դոկտ. Մահմուդ Ալի Չեհռեգանիի ռազմավարական այս կարգախօսով, որ §արժանապատւութիւն ունեցող ազգերն ապրում են իրենց դրօշի ներքոյ և իրենց ազգային քաղաքական աշխարհագրութիւնն իրենք են ճշտում¦, և այս նպատակին հասնելու մարտավարութիւնները Միաւորուած ազգերի կազմակերպութեան մարդկային համընդհանուր օրէնքների շրջանակում և միայն իր ազգի վրայ յենուելով, ժողովրդավարական ճանապարհներով է առաջ տանում։
-      ԳԱՄՈՀ-ի գաղափարախօսութիւնը խարսխւում է երեք սկզբունքի վրայ` թուրքչուլիւք, մոասէրչըլըք եւ օզգուռլիւք[6] (թուրքիզմ, արդիականութիւն, ազատութիւն – Ս.Մ.) .
1.     Ազգայնականութիւն` այլ ազգերի հետ համահաւասար իրաւունքների հիման վրայ։
2.    Նորութեան ձգտում, նոր մտածողութիւն և ժողովրդավարութիւն (ժամանակակից լինել)։
3.    Ազատ մտածողութիւն և սեկիւլառիզմ (աշխարհականութիւն – Ս.Մ.)։ ԳԱՄՈՀ-ը հաւատում է տղամարդու և կնոջ իրաւունքների հաւասարութեանը և կրօնը համարում է անձնական խնդիր և կողմնակից է կրօնի ու քաղաքականութեան` իրարից անջատմանը (ընդգծումը բնագրից - Ս.Մ.)։
-      Իրանում բնակուող ազգերի էթնիկական-քաղաքական շրջանակը.
Իրանում բնակուող ազգերի միջեւ այսօրուայ պարտադրուած և գաղութատիրութեան միջոցով ուրուագծուած սահմանները օրինական կարողականութիւն չունեն (ընդգծումը բնագրից - Ս.Մ.)։
Հարաւային Ադրբեջանի աշխարհագրական սահմանները
Հարաւային Ադրբեջանի` ԳԱՄՈՀ-ի սահմանումը. Հիմնականում Արևելեան ու Արևմտեան Ադրբեջան նահանգները (խօսքը Իրանի Ատրպատականի մասին է – Ս.Մ.), Արդեբիլ նահանգը՝ Անզալին ու Աստարան ներառեալ, և թրքաբնակ գիւղեր ու քաղաքներ, ինչպէս՝ Հաշտպառը, Զանջան նահանգը, Համադան նահանգը (թրքաբնակ բաժինը), Ղազուինը, Սաւէն …
-      Ադրբեջանի Ազգային զարթօնքի շարժումը միջազգային ասպարէզում
Դոկտ. Մահմուդ Ալի Չեհռեգանիի` որպես առաջնորդի դերը Հարաւային Ադրբեջանի ազգային շարժման գործընթացի արագացման մէջ անժխտելի է։ 2001 թ. վերջերին տասնեակ մշակութային-քաղաքացիական և իրական ու իրաւական անձանց հրաւէրով և միջազգային ահագնացող ճնշումների արդիւնքում նրա՝ դէպի արտասհման ճամբորդութիւնը հնարաւոր դարձաւ։
….
Դոկտ. Չեհռեգանին եւրոպական տարբեր երկրներում, ինչպէս` Շուեդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Դանիա և մեր հայրենիքի միւս կէսում՝ Ադրբեջանում (Ադրբեջանի անկախ Հանրապետութիւն) ու եղբայր երկիր Թուրքիայում և, ի վերջոյ, Ամերիկայի Միացեալ Նահանգներում կարևոր հանդիպումներ է ունեցել։
Առաջին անգամուայ համար Հարաւային Ադրբեջանի քաղաքական մի առաջնորդ ունեցաւ հնարաւորութիւն հանդիպելու Եւրոխորհրդի Ընդհանուր քարտուղար Վալտեր Շուիմէրին (Walter Schwimmer – Ս.Մ.) ու նաև, առաջին անգամը լինելով, Հարաւային Ադրբեջանի քաղաքական մի առաջնորդ Սպիտակ տանը հանդիպեց ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտօնեաներին։
---
Այս լայնածաւալ և ինտենսիւ աշխատանքների արդիւնքում այսօր (GAMOH) կազմակերպութիւնը Միաւորուած ազգերի կազմակերպութեան Մարդու իրաւունքների յանձնաժողովի կողմից պաշտօնապէս ճանաչում է գտել։ Եւրոխորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից թիւ 9710 փաստաթղթի հիման վրայ այդ Խորհրդարանական վեհաժողովի համացանցային կայքում պաշտպանուել է Իրանի 30 միլիոն ադրբեջանցիների (ատրպատականցիներ – Ս.Մ.) ազգային իրաւունքները։ Այս փաստաթուղթը Բելգիայի, Հունգարիայի, Իսպանիայի, Լեհաստանի, Լիտուանիայի, Թուրքիայի, Ուկրայինայի և անդամ այլ երկրների կողմից ստորագրուել է։
-      Կազմակերպութիւնը արտասահմանում (GAMOH)
Մօտ մէկ տարի առաջ դոկտ. Մահմուդ Չեհռեգանիի նախաձեռնութեամբ արտասահմանում մասնաճիւղեր հիմնուեցին, և այսօր արտասահմանում բնակուող ադրբեջանցիների միջոցով ստեղծուել են 24 մասնաճիւղեր տարբեր քաղաքներում։
-      «Հարաւային Ադրբեջանի ձայնը ռադիօ» (GASR)
«Հարաւային Ադրբեջանի ձայնը ռադիօ»-ի հիմնումը 2003 թուականի յունուարին նշանակալի կարևորութիւն ունի… վերջերս Բաքւում ԳԱՄՈՀ-ի յենակէտի (գրասենակ - Ս.Մ.) վրայ կատարուած իսլամական ռեժիմի տեռորիստական յարձակման պատճառով ռադիօն ժամանակաւորապէս փակուել է։
ՀԱԱԶՇ կայքի §Շարժման մասին¦ բաժնից մէջբերումներ կատարելով` այժմ անդրադառնանք կազմակերպութեան Ծրագրին։
Նախքան բուն Ծրագիրը ներկայացնելը` երկու նախադասութիւն է մէջբերուած Չեհռեգանիի մտքերից։ Դրանք են՝ §Արժանապատիւ ազգերն իրենց դրօշի ներքոյ են ապրում¦ և §Այն, ինչ մեր ազգը կամենայ, լինելու է¦։ Այնուհետև ներկայացւում է բուն Ծրագիրը, որից մէջբերում ենք հատուածներ.
-      Թուրք ազգի մեծ մասը, ազգ, որը բազմաթիւ մտածողներ է նուիրաբերել քաղաքակրթութեանը և իշխանութիւն-պետութիւն արժէքաւոր ժառանգութիւնն է մարդկութեանը յիշատակ թողել, Իրանում` ազգերի բանտում, իր ամենատարրական իրաւունքներից դեռ զրկուած է։ Շահագործման և ցեղասպանութեան շարունակութիւնը, որ միջազգային ոճիր է համարւում, միևնոյն ժամանակ մեծ վտանգ է առաջացնում համաշխարհային խաղաղութեան և անդորրութեան համար, և այս հիման վրայ դրանց դէմ պայքարը մի երկրում միայն ներքին խնդիր չի համարւում, այլև միջազգային հակամարտութիւն է։ Միաւորուած ազգերի կազմակերպութեան Ընդհանուր Ժողովի թիւ 313 բանաձեւը (1973 թ. դեկտեմբերի 1) յայտնում է, որ Ժնեւի 1949 թ. Հռչակագրի հիման վրայ ցեղապաշտ ու շահագործող իշխանութիւնների դէմ զինեալ պայքարը համարւում է միջազգային պայքար։
ՀԱԱԶՇ-ը 16 դեկտ.1966 և 15 դեկտ.1948 թթ. բանաձևերի և Մարդու իրաւունքների հռչակագրի և Միջազգային իրաւունքների հիման վրայ պայքարում է  Հարաւային Ադրբեջանի ազգի §ինքնորոշման իրաւունքի¦ ուղղութեամբ և այս պայքարը կարգաւորում է §թուրքիզմ, արդիականութիւն եւ մտքի ու խօսքի ազատութիւն¦ երեք մտքի հիման վրայ։ Ուշադրութեան արժանի է, որ §ինքնորոշման իրաւունքի¦ սկզբունքը մարդկային ազատութիւնների իրաւական հիմունքներից մէկն է, և պարզ է, որ նախքան այս սկզբունքի իրագործումը` մարդկային ազատութիւնների և մարդու իրաւունքների պաշտպանութիւնը անհնարին է լինելու։
Իհարկէ, ինքնորոշման իրաւունքը երկրների մասնատման խրախուսման իմաստով չէ, որովհետև յատկապէս 1970 թ. բանաձևում (ՄԱԿ-իՍ.Մ.) նշուել է. «Եթէ պետութիւնները յանձնառու լինեն ազգերի իրաւունքների հաւասարութեան և ինքնորոշման իրաւունքի» նկատմամբ, և իշխանութեան մէջ բոլոր քաղաքացիների դերակատարութեան ու մասնակցութեան իրաւունքը իրագործուի՝ անկախ նրանց կրօնական, գաղափարական, ցեղային և լեզուական պատկանելիութիւնից, «ինքնորոշման իրաւունքը» չպէտք է մեկնաբանուի որպէս անջատողական շարժումներ խրախուսող ու երկրների քաղաքական միասնութիւնը խարխլող։ Այլ խօսքով` «ինքնորոշման իրաւունքը» նպատակ չէ, այլ միջոց` ազգերի անկախատենչական հակամարտութեան լուծման համար։

Հիմնական սկզբունքներ
Թուրքիզմ      
Թուրքիզմ նշանակում է ճիգ` թուրք ազգի
երջանկութեան և հպարտութեան  համար։
Զիա Գեոքալփ

-      Գեոքալփի տեսակէտով թուրքիզմը մի կուսակցութեան հռչակագիր կամ քաղաքական տեսութիւն չէ, այլ գիտական, փիլիսոփայական և գեղագիտական դպրոց է։ Այլ խօսքով` թուրքիզմը մշակութային աշխատանք է և գիտական նորարական ճանապարհ` թուրք ազգի երջանկութեան համար։ Թուրքիզմի քաղաքական չլինելը հաստատել է նաև մեծ բանաստեղծ և հասարակական գործիչ  Ալիբէյ Հիւսէյնզադէն։
Դրանով հանդերձ` թուրքիզմը քաղաքական մտածողութիւններին խորթ չէ։ Օրինակ` թուրքիզմը չի կարող այնպիսի մտածողութիւնների հետ հաշտ լինել, ինչպիսիք են թէոքրասին (աստուածավարութիւնը), կլերիկալիզմը (կղերապետութիւնը), ինքնակալ, դաժան ու անողորմ ռեժիմները։
Քանի որ թուրքիզմը արդիական (մոդեռն) շարժում է, ուստի միայն նոր ու ժամանակակից մտային հոսանքների ու մտածողութիւնների հետ է կարող հաշտ լինել։
-      Թուրք[7] մեծ հասարակագետ Զիա Գեոքալփը թուրքիզմի ծնունդը հասարակական իրադարձութիւն է համարում և այս իրադարձութեան բացատրութիւնը տալիս է երկու հակադիր տեսութիւնների՝ §պատմական մատերիալիզմի¦ և §ընկերային մտքի¦ տեսանկիւնից։

Առաջին տեսութեան հիման վրայ թուրքիզմը երևան է եկել տնտեսական պատճառների հետևանքով և երկրորդ (տեսութեան – Ս.Մ.) տեսանկիւնից թուրքիզմ շարժումը ընկերային հիմնասիւների փոփոխութիւնների պատճառով է երեւան եկել։ Զիա Գեօքալփը աւելացնում է, որ թուրքիզմի սկզբնական հիմունքներից մէկը §դէպի ժողովուրդ¦ սկզբունքն է։

Ծրագրի այս բաժնում մեծ տեղ է յատկացուած Զիա Գեոքալփի վերոյիշեալ բացատրութիւն-հիմնաւորմանը՝ մշակոյթի ու քաղաքակրթութեան ընդհանրութիւնների ու տարբերութիւնների տեսանկիւնից։

-      Թէև մեր քաղաքակրթութիւնը եւրոպական երկրների քաղաքակրթութիւնից յետ է մնացել, բայց մշակութային առումով ոչ մի ազգի մեզանից բարձր չենք համարում։ Մեր կարծիքով թրքական մշակոյթը աշխահում յայտնուած ամենագեղեցիկ մշակոյթներից է, և այդ պատճառով էլ ոչ Ֆրանսիայի մշակոյթից, ոչ Գերմանիայի մշակոյթից և ոչ էլ որևէ այլ մշակոյթից չենք ընդօրինակել և նրա գերին չենք դարձել։ Մենք այդ մշակոյթները, ինչպէս այլ մշակոյթներ, համարում ենք իրենց ազգին յատուկ ու բնորոշ մշակոյթ և դրանց բոլորի գեղեցկութիւններից հաճոյք ենք տանում։
Թուրքիզմը չնայած իր ամբողջ էութեամբ թուրքական մշակոյթի սիրահարն ու խելակորոյս երկրպագուն է, սակայն ոչ մի կերպ շովինիստ ու ֆանատիկ չէ և, այն, որ ցանկանում է համակարգուած ու ամբողջական կերպով ձեռք բերել Արևմուտքի քաղաքակրթութիւնը, այլ ազգերի մշակոյթների նկատմամբ որևէ անարգանք ու անփութութիւն ընդունելի և ճիշտ չի համարում, այլ ընդհակառակը` բոլոր ազգային մշակոյթները համարում է յարգելի և արժէքաւոր։ Ուստի մենք թէև մեր իրաւունքները ոտնայարող ազգերի քաղաքական հաստատութիւնների նկատմամբ բարեհաճ չենք, սակայն նրանց մշակութային ու քաղաքակրթական ժառանգութիւնը յարգում ենք և մեծարում այդ ազգերի մտածողներին ու արուեստագետներին։
-      Մեր կարծիքով թուրքիզմի նպատակը թուրքական ազգային մշակոյթի ու ազգային անհատականութեան արարումն է, որը մտքի ու խօսքի ազատութեամբ ու Արևմուտքի քաղաքակրթութեամբ ամբողջանում է։

Արդիականութիւն

Զիա Գեոքլփի տեսակէտից քաղաքակրթութիւնը մի քանի էթնիկ խմբերի և տարբեր կազմակերպութիւնների մտածողութեան ու գործողութեան նորագոյն ձևի համալիրն է։ Նրա կարծիքով արևմտեան քաղաքակրթութիւնը քրիստոնէական քաղաքակրթութիւն անուանելը ճիշտ չէ, նոյնպէս և Արևելեան քաղաքարկթութիւնը իսլամական քաղաքակրթութիւն կոչելն է սխալ։ Այս ամբողջը նկատի ունենալով` բնական է, որ Արևելքի եւ Հեռաւոր Արևելքի քաղաքակրթութիւնները չեն կարող թուրք ազգին օրինակ ծառայել, որովհետև նրանք զարգացած քաղաքակրթութիւնների չեն վերածուել։ Այսօր միայն Արևմտեան քաղաքակրթութիւնն է զարգացած քաղաքակրթութիւն։ Մեր կարծիքով` ժամանակակից լինելն ու ժամանակակից դառնալը իրականում նշանակում է Արևմտեան քաղաքակրթութեանը յարել:
-      Եթէ որոշ ազգեր ժամանակակից (մոդեռն) քաղաքակրթութեանը յարելու համար պարտաւոր են հեռաւորութիւն պահել և երես թեքել իրենց անցեալից, յետադարձ հայեացքը անցեալին և պատմութիւնը, թուրքերի աջակիցներն` են Արևմտեան քաղաքակրթութեանը յարելոււ համար, որովհետև հին ժամանակուայ թուրքերը կրօնական ծայրայեղութիւնից, ծէսերից և վանական աղօթքներից հեռու մնալու և կրօնական մենաշնորհ հաստատելուց և ֆանատիզմից խուսափելու շնորհիւ թէ’ կանանց և թէ’ այլ ազգերի հետ ունեցել են ոչ բիրտ և յարգալից վերաբերմունք, այսինքն` հին ժամանակուայ թուրքերը մի ինչ-որ ձևով թէ ժողովրդավար են եղել և թէ կանանց իրաւունքների պաշտպան։
-      Նկատի ունենալով, որ հին ժամանակների թուրքերը ենթակայ են եղել խաղաղասիրական օրէնքների, այլ ազգերի մշակութային, քաղաքական և կրօնական հարստութիւններին այնքան յարգալից աչքով են նայել, ուստի իրենց կոչել են «իչ իլ» («ներսի ազգ») և ուրիշներին` «դիշ իլ» («դրսի ազգ») և բոլոր ազգերի հետ յարաբերուել են բարեկամաբար և խաղաղասիրաբար։
Մեր կարծիքով ապագայում անաչառ և միտումնաւորութիւնից հեռու պատմագրութիւնը ընդունելու է ժողովրդավարութեան և կանանց իրաւունքների պաշտպանութեան առաջացումը թուրքերի միջից։

Մտքի և խօսքի ազատութիւն

-      Ադրբեջանի Ազգային զարթօնքի շարժումը[8] թուրքիզմի ուսմունքի հիման վրայ կարողացել է Հարաւային Ադրբեջանում բոլոր ոչ ազգային մտածողութիւնները մեկուսացնել, սակայն չպիտի այնպէս ընկալուի, որ մեր շարժումը ամբողջատիրական և մենաշնորհեալ է, այլ ընդհակառակը. այս շարժումը, որպէս մի շարժում, որն առաջացել է ժամանակի կարիքներից ելնելով, մտքի ու խօսքի ազատութիւնը որդեգրել է որպէս իր հիմնական սկզբունքներից մէկը։
-      Մարդու մտքի ու մտածողութեան բնոյթն այնպիսին է, որ որևէ օտար ուժ չի կարող նրան պարտադրել իւրայատուկ ձեւով մտածել։ Հետևաբար մարդը պիտի որևէ պարտադրանքից և ատելութիւնից ազատ ու ապահով լինի։ Ոչ մէկը չպէտք է մէկ ուրիշի նիւթական և մարմնական վնաս հասցնի, որի կրօնն ու ուսմունքը չի ընդունում։ Ոչ մէկը ուրիշների իրաւունքները բռնաբարելու իրաւունք չունի։ Բոլոր մարդկանց նիւթական և բարոյական իրաւունքները, անկախ նրանց կրօնական հաւատալիքներից, պէտք է ամենայն յարգանքով պահպանուեն ու պաշտպանուեն։ Չպէտք է ոչ մէկի հետ նրա կրօնական կամ ոչ կրօնական հակումների համար հակաօրնական եւ օրինազանցական ձևով վարուել։
-      Հետևաբար Հարաւային Ադրբեջանի Ազգային զարթօնքի շարժումն այն համոզմունքն ունի, որ հաւատալիքները, բարոյականութիւնն ու ապրելաձևը անձնական հարցեր են, և ոչ մէկը իրաւունք չունի այդ հարցերին միջամտել։
Հարաւային Ադրբեջանի Ազգային զարթօնքի շարժումը Հարաւային Ադրբեջանում բոլոր կրօններին և ազգութեան ու մեծամասնութեան մտքերին յարգալից է վերաբերւում։ 
Այս բոլոր կէտերը նկատի առնելով` ՀԱԱԶՇ-ը այն համոզմանն է, որ ամէն մի ադրբեջանցի թուրքի ազգային մտածողութիւնը կարելի է հետևեալ կերպ արտայայտել. «Թուրք եմ, ժամանակակից եմ, ազատ եմ»։
  • Դեռևսւ 70 տարի առաջ Ադրբեջանի թուրքերը կազմում էին Իրանի ժողովրդի 51.5 տոկոսը։ Նկատի ունենալով այն իրականութիւնը, որ Ադրբեջանի թուրքերի թուաքանակն աճում է, իշխանութիւնը Ադրբեջանի թուրքերի թիւը յայտարարում է մօտ 25 տոկոս։ Դրանով հանդերձ մենք համոզուած ենք, որ Ադրբեջանի թուրքերը Իրանի ամենամեծ ազգային փոքրամասնութիւնն են. նրանց թիւը 32 միլիոն է։ Եթէ այդ թուին աւելացնենք Կասպիցի ծովափնեայ շրջանների թուրքմեններին (որոնք մօտաւորապէս 2 միլիոն են), թուրքերի թիւը կը հասնի 34 միլիոնի, որոնցից 20 միլիոնը ապրում է Հարաւային Ադրբեջանում, 10 միլիոնը՝ Թեհրանում, 2 միլիոնը Ղաշղայի թուրքերն են, 2 միլիոնը` Խորասանի թուրքերը։
  • Մենք ընդունում ենք Իրանի հողային ամբողջականութիւնը, և մեր նպատակը Ադրբեջանին կամ Թուրքիային միանալը չէ… Մենք պահանջում ենք §դաշնային Իրան¦, որտեղ յարգուեն Ադրբեջանի թուրքերի իրաւունքները… Մենք պահանջում ենք դաշնային և ժողովրդավարական Իրան, ինչպէս Գերմանիան է կամ ԱՄՆ-ը… Մենք կը ջանանք, որ Իրանը չմասնատուի։
Այնինչ  կազմակերպութեան կայքում գրուած է.- §Վերջնական նպատակը Ադրբեջանի Հանրապետութեանը միանալն է¦։ Լրագրողի հարցին, թէ ինչպէ՞ս էք բացատրում այս տարբերութիւնը, Չեհրեգանին պատասխանում է.
§Ես չեմ կարող ասել, թէ ինչ կը պատահի ապագայում։ 1813 թ. Ռուսաստանը Ադրբեջանին ուժով բաժանեց երկու մասի։ Եթէ երբևիցէ Ադրբեջանի թուրքերը որոշեն միանալ, ոչ ոք չի կարող նրանց առաջն առնել։ Գերմանաիցները և վիետնամցիները միացան, և զարմանալի չէ հաւատալը, թէ Ադրբեջանի թուրքերն էլ կը միանան։ Յամենայնդէպս մեր նպատակը միացումը չէ։ Մենք Իրանի հողային ամբողջականութեան շրջանակում պահանջում ենք մեր լեզուական և մշակութային իրաւունքները … Բոլոր դէպքերում մեր վիճակը Իրանում նման է Թուրքիայում ապրող թուրքերի (թուաքանակի առումով) և ոչ թէ քրդերի վիճակին, որովհետեւ մենք մեծամասնութիւն ենք և ոչ թէ փոքրամասնութիւն. քրդերի վիճակը Թուրքիայում նման է Իրանում ապրող պարսիկների վիճակին (թուաքանակի առումով)¦[9]։

Դիտարկումներ

1.     Կայքը հիմնականում Չեհռեգանիի, նրա մտքերի ու գործերի մասին է։ «Շարժումը» հիմնադրել է Չեհռեգանին. նա է կազմակերպութեան առաջնորդը. նրա մտքերն են մէջբերւում. նրա այցելութիւններն են արտացոլւում։ Եւ այն տպաւորութիւնն է առաջանում, որ Չեհռեգանին այսպէս կոչուած «Հարաւային Ադրբեջանի» ժողովրդի փրկիչն է։
Այլ խօսքով` ծանօթանալով կայքի մէջ տեղ գտած տեղեկութիւններին` կարելի է գալ այն եզրակացութեան, որ կազմակերպութիւնն ունի սակաւաթիւ անդամներ, ովքեր իրենց հերթին այս կայքի միջոցով փորձում են գովաբանել Չեհռեգանիին։ Սա իր հերթին վկայում է այն մասին, որ, հակառակ կազմակերպութեան կողմից կատարուող քարոզչութեանը, այն ժողովրդականութիւն չի վայելում և արտայայտուող մտքերն ընդամէնը մի փոքր խմբի տեսակէտներն են։ Որպէս ասուածի ապացոյց` նշենք, կազմակերպութիւնը վերջին տարիներին ակներեւ գործունէութիւն չի ծաւալել։ 2010 թ. յուլիսին  Չեհռեգանիի հետ կատարուած մի հարցազրոյցում, նրա մի քանի տարուայ լռութեան մասին տրուած հարցումին ի պատասխան` նա ասում է. «Առողջական բազմաթիւ խնդիրների եւ նաև որոշ այլ հարցերի պատճառով աւելի լաւ էր` լռէի… սակայն այժմ, երբ մարմնական տկարութիւններս ու հիւանդութիւններս ապաքինուել են, յուսով եմ` կարողանամ աւելի հզօր կերպով ազդեցիկ ներկայութիւն լինել Ադրբեջանի ազգային շարժման մէջ»[10]։ Այսինքն` կազմակերպութեան գործունէութիւնը պայմանաւորուած է մէկ անձով։ Նա կայ` կազմակերպութիւնն ու գործունէութիւնն էլ կայ, նա չկայ՝ չկայ նաեւ կազմակերպութիւնն ու գործունէութիւնը։
2.    Գաղափարախօսութիւնը հիմնուած է Զիա Գեոքափի տեսակէտենրի վրայ։ Զիա Գեոքալփը պանթուրանիզմի գլախւոր գաղափարախօսներից է։ Հետևաբար ինչքան էլ փորձ արուի «մարդու իրաւունքների ոտնայարման», «փոքրամասնութեան իրաւունքների բռնաբարման», «պարսկական շովինիզմի» և այլնի ներքոյ բացատրել-հիմնաւորել պայքարը, ակնյայտ է, որ այն պանթիւրքական շարժում է, որի վերջնանպատակը շարադրուած է հէնց ինքը՝ Գեոքալփի գրութիւններում։ Վերջինիս տեսակէտից թուրքիզմը ընդամէնը պանթուրանիզմի առաջին աստիճանն է։
3.    Հարկ ենք համարում մէջբերել Զարեւանդի տեսակէտը թուրքիզմի մասին. «Այստեղ պիտի չզբաղինք թուրք ընկերաբանին ուսումնասիրած մշակութային-քաղաքակրթական հարցերով, այսպէս կոչուած ակադեմիական թուրքայնութեամբ, որ թուրանական գայլին վրան առած գառնուկի մորթն է միայն… 1923-ին Զիա պէյ պէտք ալ չունէր խօսելու այն թուրքճիութեան մասին, որուն սև գործը աւարտած, առաջադրած նպատակը գործադրուած էր արդէն։ Չէ՞ որ ինքն ու իր ընկերները, տասը տարի առաջ գրած ու խօսած էին պէտք եղածը, ներշնչելու և նուիրականացնելու համար իրենց նախնիքներուն ամենէն «պանծալիին» իսկ նախանձը շարժելու կարող գործ մը – ամբողջ ժողովրդի մը, անոր իրաւունքներուն և գոյութեան անխնայ և վերջնական հաշուեյարդարը։
«Թուրքիա թուրքերուն». այս էր թուրքիզմի նշանաբանը»[11]։
4.    Հարց է առաջանում՝ արդե՞օք որևէ գաղափարական կապ կայ Չեհռեգանիի և նրա «ՀԱԱԶՇ»-ի ու Թուրքիայի միջև, թէ ոչ։ Այս կապակցութեամբ բաւարարուենք` մէջբերելով Լ.Խուրշուդեանի տեսակէտը. «Թուրքիզմը այսօր էլ պաշտօնապէս Թուրքիայի ազգային պետական գաղափարախօսութիւնն է։ Այն պաշտպանութեան տակ է առնուած Թուրքիայի Հանրապետութեան նոր սահմանադրութեան երկրորդ յօդուածով, այնպէս էլ «Գործող քրէական օրէնսգրքի» 159-րդ յօդուածով, որով ասւում է. «Թուրքիզմին, Հանրապետութեանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովին, կառավարութեանը, նախարարութիւններին, պետութեան ռազմական և անվտանգութեան ուժերին կամ դատական իշխանութիւնների իրաւաբանական անձանց բացայայտ վիրաւորանք և անարգանք հասցնողները դատապարտւում են ազատազրկման 1-6 տարի ժամկէտով»[12]։
5.    Ընթերցողներին թիւրիմացութիւններից զերծ պահելու նպատակով կրկնենք, որ այսպէս կոչուած «Հարաւային Ադրբեջան» ասելով` կազմակերպութիւնը նկատի ունի Իրանի այն շրջանները, որտեղ ապրում է Իրանի թիւրքախօս բնակչութիւնը։
6.    Կազմակերպութիւնն անդրադարձ ունի նաև հայերին։ Կայքում տեղադրուած են Խոջալուի` իրենց կարծիքով «ցեղասպանութեան» լուսանկարներ, խօսւում է «հայ տեռորիստ դաշնակների» և Իրանում Ապրիլի 24-ին նրանց կազմակերպած հակաթուրք ցոյցի մասին։ Նորութիւն չենք ասում, սակայն ուզում ենք շեշտել, որ այս կազմակերպութիւնը, ինչպէս միւս պանթիւրքական կազմակերպութիւնները, ունի ընդգծուած հակահայկական տրամադրութիւններ։
7.    Անընդհատ շեշտւում է ազգային ինքնորոշման իրաւունքի սկզբունքը, և պայքարը հիմնաւորւում է դրանով։ Այն, որ այդ սկզբունքը բացարձակապէս կիրառելի չէ Իրանի էթնիկ խմբերի պարագային, անվիճելի է։ Այս կապակցութեամբ Երևանի Պետական համալսարանի Իրանագիտութեան ամբիոնի վարիչ, պրոֆ. Գառնիկ Ասատրեանը գրում է. «Իրանի բնական կոնստրուկտը երեք հազար տարուայ պատմութիւն ունի։ Երեք հազար տարի է` ինչպէս ձևաւորուել, այդպէս էլ մնացել է. Իրանի տարածքի ոչ մի հատուած անեքսիայի չի ենթարկուել. ոչ մի ժողովուրդ չի բերուել, կամ նրա էթնիկական տարածքը չի կցուել երկրին»[13]։ Հետևաբար այդ սկզբունքը, կրկնենք, բացարձակապէս կապ չունի Իրանի հետ։ Սակայն հարց է առաջանում, թէ հէնց նոյն այդ կազմակերպութիւնը ինչու՞ ազգերի ինքնորոշման իրաւունքի  սկզբունքը ընդունելի չի համարում Արցախի պարագային։ Չէ՞ որ Արցախեան պայքարը ազգային ինքնորոշման պայքար է։
8.    Իրանի էթնիկ խմբերի թուաքանակի կապակցութեամբ հարկ եմ համաում ներկայացնել ԱՄՆ Կենտրոնական հետախուզութեան վարչութեան Համաշխարհային տարեգրքի (CIA - The World Factbook) տուեալները, որոնք վերջին անգամ թարմացուել են 2013 թ. փետրուարի 5-ին[14]. պարսիկ՝ 61 տոկոս, ազերի՝ 16 տոկոս, քուրդ՝ 10 տոկոս, լուր՝ 6 տոկոս, բելուջ՝ 2 տոկոս, արաբ՝ 2 տոկոս, թուրքմէն և թիւրքական ցեղախմբեր՝ 2 տոկոս, այլ՝ 1 տոկոս։
Վերոյիշեալ թուերը հրապարակուել են երկու ամիս առաջ։ Ի՞նչ են իրական թուերը՝ թողնենք մի կողմ, ուղղակի հաստատենք, որ նոյնիսկ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզութեան վարչութեան տուեալներով ազերիները կազմում են Իրանի ժողովրդի 16 տոկոսը։ Եթէ նոյնիսկ այդ թուին աւելացնենք թուրքմեններին և թիւրքական այլ ցեղախմբերին, այսինքն՝ 2 տոկոս, ստացւում է 18 տոկոս։ Հետաքրքիր է իմանալ, թէ Չեհրեգանին և նրա նման այլ պանթուրքիստներ 51.5 տոկոս թիւը որտեղի՞ց են բերում։ Եւ կրկնենք, որ այդ թուերը Իրանի իշխանութիւնների հրապարակած թուերը չեն, այլ` ԱՄՆ-ի։
9.    «Արդիականութիւն» բաժնում խօսւում է «դրսի թուրքեր»-ի մասին։ Այս կապակցութեամբ Ջէյկոբ Լանդօն գրում է. ««Dış Türkler» կամ «դրսի թուրքեր»` մի դարձուածք է, որը բազմաթիւ անգամներ օգտագործուել է վերջին տարիներին Թուրքիայում` պանթիւրքիստների կողմից։ Այն ընդգրկում է խմբերի լայն շրջանակ` կազմուած թիւրքական արմատներով ժողովուրդներից։ Առնուազն նրանցից որոշները դարեր շարունակ թուրքերի հետ մօտ յարաբերութիւններ են ունեցել։ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին այսպիսի խմբերից շատերը բնակւում էին Օսմանեան կայսրութեան սահմաններից դուրս` Ցարական Ռուսաստանում»[15]։ Վերոյիշեալ բացատրութիւնը նկատի ունենալով` կարելի՞ է չյանգել այն եզրակացութեան, որ կազմակերպութիւնը հետապնդում է պան-թիւրքական նպատակներ։ Այլապէս ինչպէ՞ս բացատրել կազմակերպութեան օգտագործած բառապաշարի ու պանթիւրքական հոսանքների օգտագործած բառապաշարի նմանութիւնը։
10.  Ինչպէս յստակօրէն երևում է, Չեհռեգանին չի կարողանում թաքցնել իր կազմակերպութեան վերջնանպատակը։ Թէև խօսում է ժողովրդավարութեան, Իրանում դաշնային համակարգի կիրառման և Իրանի հողային ամբողջականութեան մասն,սակայն կազմակերպութեան կայքում է նշուած, որ «Վերջնական նպատակը Ադրբեջանի Հանրապետութեանը միանալն է», և լրագրողի հարցին ի պատասխան` ասում է, որ ինքը չի կարող ասել, թէ հետագայում ինչ է պատահելու, յամենայնդէպս «Սա մի քայլ է դէպի անկախութիւն … Սա ամենայարմար բնորդն է ներկայ կացութեան մէջ, և մենք այժմ պահանջում ենք դաշնային համակարգ, որց մինչև անկախութիւն մէկ քայլ է»։ Այլ խօսքով` կազմակերպութիւնն անջատողական պայքար է մղում։







[1] http://www.arfd.info/Droshak/?p=119
http://akunq.net/am/?p=28592
[2] Նշենք, որ «Հարաւային Ադրբեջան» անուանումը օգտագործում են Իրանի նկատմամբ հողային նկրտումներ ունեցող պանթիւրքական հոսանքները։ Խօսքը, իրականում, Իրանի թիւրքախօս բնակչութիւն ունեցող շրջանների մասին է։
[3]Այսուհետ ՀԱԱԶՇ։
[4] Անգլերէն՝ The Southern Azerbaijan National Awakening Movement (SANAM) ։ Ադրբեջաներէն՝ Güney Azərbayacan Milli Oyanış Hərərkatı (GAMOH)
[5] http://en.wikipedia.org/wiki/Southern_Azerbaijan_National_Awakening_Movement
[6] Պարսկերէն բաժնում այս երեք բառակապակցութիւնները գրուած են թուրքերէն։
[7] Գեոքալփը քուրդ է – Ս.Մ.։
[8] Բնագրում «Հարաւային» բառը չի գրուել, որը վրիպում է իրենց կողմից։ Թարգմանութեան մէջ հաւատարիմ եմ մնացել բնագրին։
[9] http://csis.org/files/media/csis/events/020808_remarks.pdf
[10] http://baybak.com/say_3176.azr
[11] «Միացեալ, անկախ Թուրանիա», Զարեւանդ, 1988 թ., Աթէնք, էջ 67-68 ։
[12] «Հայոց ազգային գաղափարախօսութիւնը», Լ.Խուրշուդեան, 1999 թ., Երեւան, էջ 70-71 ։
[13] http://hetq.am/am/politics/garnik-asatrya/
[14] https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ir.html
[15] Ջէյկոբ Լանդօ, 1995 թ., Լոնդոն, պարսկերէն թարգմանութիւնը՝ 2003 թ., Թեհրան, էջ 28