Thursday, January 31, 2013

«ՊԱՆԹԻՒՐՔԻԶՄ. ԱՆՑԵԱԼԸ, ՆԵՐԿԱՆ, ԱՊԱԳԱՆ»



Սարգիս Մկրտչեան

Պանթիւրքիզմ. անցեալը, ներկան, ապագան

Երկու խօսք ստորև ներկայացուող յօդուածի կապակցութեամբ.

Պանթիւրքիզմի գաղափարը, իրականում,  ներկայում ոչ միայն գոյութիւն ունի, այլև բացայայտ թէ թաքուն կերպով այն իրականցնելու ուղղութեամբ աշխատանք է կատարւում։ 

Խօսենք օրինակներով.

Առաջին. 2009 թ. հոկտեմբերի 3-ին կեանքի կոչուեց Թիւրքալեզու պետութիւնների համագործակցութեան խորհուրդ (The Cooperation Council of Turkic Speaking States), որին անդամակցում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Թուրքիան։ Գաղափարը, իհարկէ, նոր չէ, և Թուրքիան դեռևս 1992 թ. նախաձեռնել էր Թիւրքալեզու պետութիւնների գագաթաժողով (Turkic Speaking States Summit), որն ի վերջոյ յանգեցրեց վերոյիշեալ խորհուրդը կեանքի կոչելուն։

Կազմակերպութեան ծրագրերից են՝ Թիւրքական գործարար խորհրդի, Թիւրքալեզու պետութիւնների փոխադրական միջանցքների վարչական գործակալութեան, Թիւրքական գիտահետազոտական հիմնադրամի, Գոյքի ձեռքբերման օրէնսդրական ներդաշնակեցման յանձնաժողովի, Թիւրքալեզու պետութիւնների զարգացման հիմնադրամի, Թիւրքալեզու պետութիւնների միասնական իրաւարար դատարանի, Թիւրքական միջհամալսարանական միաւորման, միասնական ապահովագրական ընկերութեան հիմնում[1]։

Սա նշանակում է, որ Թուրքիան Միջին Ասիայի թիւրքալեզու երկրների հետ տնտեսական, մշակութային, գիտահետազոտական և այլ բնագաւառների ուղղութեամբ համագործակցութեան հաստատման ու զարգացման ուղիներ է որոնում։

Թիւրքական խորհրդի դրօշը

Երկրորդ. 2012 թ. մայիսի 12-13-ը Անկարայում տեղի ունեցաւ, կազմակերպիչների բնորոշմամբ, Իրանի ազերիների առաջին խորհրդաժողովը, որին մասնակցում էին Իրանից, Ադրբեջանի Հանրապետութիւնից, Թուրքիայից, Իրաքից և այլ երկրներից ներկայացուցիչներ։ Երկօրեայ նիստերի աւարտին կեանքի է կոչուել, այսպէս կոչուած, Հարաւային Ադրբեջանի թուրքերի միջազգային ազգային խորհուրդ (International South Azerbaijani Turks' National Council), որի խօսնակը խորհրդաժողովից յետոյ տեղի ունեցած մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարեց, որ իրենց վերջնանպատակն է Հարաւային Ադրբեջանի անկախութիւնը։

Այս կապակցութեամբ հարկ է նշել, որ նախ՝ այսպէս կոչուած «Հարաւային Ադրբեջան» գոյութիւն չունի, և այդ անուանումը հորինած պանթիւրքական հոսանքները, Հարաւային Ադրբեջան ասելով, նկատի ունեն Իրանի Ատրպատականը։ Երկրորդ՝ Իրանի Ատրպատականի բնակիչները թիւրքախօս են և ոչ թուրք, երրորդ՝ անհասկանալի է, թէ ինչ է նշանակում միջազգային ազգային խորհուրդ, ի վերջոյ այն ազգայի՞ն է, թէ՞ միջազգային։

Նիստերին մասնակցել են Ադրբեջանի Հանրապետութեան կրթութեան նախկին նախարար Ֆիրուդին Ջելիլովը (Firudin Celilov), Ադրբեջանի խորհրդարանի պատգամաւորներ Ֆերեջ Ուլուսոյը (Ferec Ulusoy) և Սաբիր Ռուստամխանլին (Sabir Rüstemxanlı), Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամաւորներ Ջեմիլ Ունալը (Cemil Ünal) և Օրհան Քայիհանը (Orhan Kayıhan), Իրաքի խորհրդարանի թուրքմէն պատգամաւոր Ֆևզի Էկրեմը (Fevzi Ekrem) և այլք[2]։

 Այս կապակցութեամբ առաջանում են մի շարք հարցեր, օրինակ.




  • Ինչու՞ է Թուրքիան թոյլատրում իր հարևան երկիր Իրանից տարածքներ անջատելու և անկախանալու նպատակ հետապնդող խորհրդաժողովի գումարումը Անկարայում։
  •  Ժողովին ինչու՞ են մասնակցում Թուրքիայի խորհրդարանի թէկուզև նախկին պատգամաւորներ և Ադրբեջանի Հանրապետութեան կրթութեան նախկին նախարարն ու խորհրդարանի  պատգամաւորներ։
  •  Այս ամբողջը արդե՞օք չի վկայում Իրանի նկատմամբ տարածքային նկրտումներ ունեցող Թուրքիայի և Ադրբեջանի վերնախաւերում առկայ մտայնութեան մասին։

Մեր կարծիքով այս և նմանատիպ քայլերը պիտի դիտարկել որպէս պանթիւրքիզմի գաղափարի իրականացմանը միտուած քայլեր։

Պանթիւրքիզմի արդի գաղափարախօսներից և ռազմավարութեան մշակողներից մէկը Սաբիրզիան Բադրեդինն է։

Ստորև ներկայացւում է յիշեալի «Պանթիւրքիզմ. անցեալը, ներկան, ապագան» յօդուածի թարգմանութիւնը։ Յօդուածն առաջին անգամ հրատարակուել է Լոնդոնում լույս տեսնող «Թուրքմէն» (Turkoman) հանդէսի 1998 թ. դեկտեմբերի համարում։ Նկատի ունենալով յօդուածի կարևորութիւնը` այն թարգմանբար ներկայացնում ենք հայ ընթերցողին։

Վերոնշեալ օրինակները պիտի դիտարկել Բադրեդինի առաջարկած ռազմավարութեան առաջին հանգրուանի շրջագծում։

ՊԱՆԹԻՒՐՔԻԶՄ. ԱՆՑԵԱԼԸ, ՆԵՐԿԱՆ, ԱՊԱԳԱՆ[3]
Սաբիրզիան Բադրեդին (Sabirzyan Badretdin)
          
 Պանթիւրքիզմի (Pan-Turkism) զարգացումը կենսական նշանակութիւն ունի թէ թիւրքական (Turkic ) նոր պետութիւնների համար, որոնք ստեղծուել են Խորհրդային Միութեան փլուզման հետևանքով և թէ Ռուսաստանի ու Չինաստանի նման  թիւրքալեզու փոքրամասնութիւններ ունեցող ազգերի (Nation) համար։

Պանթիւրքիզմն առաջարկում է աւելի գրաւիչ տարբերակ` ծայրայեղական ազգայնականութեան, արմատական իսլամի և աշխարհիկ արևմտականացման փոխարէն։ Սակայն աշխարհի թիւրքալեզու ժողովուրդների աւելի մեծ  համարկման նպատակով յաջողութեան հասնելու համար պանթիւրքիզմը պիտի յաղթահարի այն բացասական պատկերը, որն առաջացել է արհեստական տպաւորութիւնից առ այն, որ շարժումը, Անկարայի քաղաքական հաւակնութիւններից բացի, ոչինչ չէ։ Հետևաբար նուազագոյնը մօտ ապագայում շարժումը պիտի կենտրոնանայ լեզուի, մշակոյթի և մարդու իրաւունքների վրայ։

Պանթիւրքիզմի վերաբերեալ բոլորի կողմից ընդունելի սահմանում գոյութիւն չունի։ Ընդհանուր առմամբ պանթիւրքիզմը գաղափարական, քաղաքական և, որոշ չափով, մշակութային շարժում է, որի նպատակն է հասնել աշխարհի թիւրքալեզու ժողովրդների աւելի մեծ միասնութեան աստիճանի` հաւանաբար նպատակակէտ ունենալով հաստատել թիւրքական պետութիւնների համադաշնութիւն (Confederation) կամ, նոյնիսկ, թիւրքական դաշնութիւն (Federation)։

Ոմանք կարող են պատճառաբանել, որ պանթիւրքիզմը ձգտում է ազատագրել բոլոր թիւրքալեզու ժողովրդներին գաղութատիրական ճնշումից կամ ընդգրկում է այնպիսի բաներ, ինչպիսին է ընդհանուր այբուբենը կամ լեզուն, միատեսակ մշակոյթը և այլն։ Թուրքիայում պանթիւրքիզմը առաւելաբար նշանակում է Անկարայի ազդեցութեան տարածումը դէպի Արևելք։

Այն պայմաններում, երբ թիւրքալեզու ժողովուրդների համարկման մշակութային երեսները որևէ մէկի կողմից սպառնալիք չեն նկատւում, պանթիւրքական քաղաքական օարակարգն առաջացնում է վախեր թիւրքական պետութիւնների հարևան երկրների մայրաքաղաքներում կամ այն երկրներում, որոնք իրենց սահմաններից ներս ունեն թիւրքական փոքրամասնութիւններ։ Այս առումով պանթիւրքիզմի սահմանումը Ռուսաստանում, Բուլղարիայում, Յունաստանում, Չինաստանում և մի քանի այլ երկրներում սովորաբար համակցւում է բացասական դարձուածքներով և ընդգրկում է այնպիսի ածականներ, ինչպէս՝ §յետադիմական¦, §ծաւալապաշտական¦, §վերադարձական¦ (Irredentist ) և այլն։

Անցեալ մի քանի տասնամեակում Արևմուտքում պանթիւրքիզմի բացասական սահմանումը աւելի մեծ տարածում է ունեցել։ Թուրքիան, որը չի ցանկանում իր յարաբերութիւնները Ռուսաստանի և Արևմուտքի հետ վատացնել, խուսափել է գործուն դեր ստանձնել թիւրքականութեան վերակենդանացման մէջ։ Պանթիւրքիզմի բացասական պատկերն Արևմուտքում արգելք է հանդիսացել, որ Անկարան ստանձնի թիւրքերի միաւորման գործընթացում ղեկավարի դեր։ Խորհրդային Միութեան փլուզումը և թիւրքական անկախ հինգ այլ պետութիւնների յայտնուելը, անտարակոյս, յանգեցնելու է այս երկարատև քաղաքականութեան վերարժևորմանը։

Պանթիւրքական շարժման հիմքերը դրուել են աւելի քան մէկ դար առաջ։ 1883 թ. Իսմայիլ Բէյ-Գասպիրալիի (Իսմայիլ Գասպրինսկի – Ս.Մ.) կողմից «Թերջուման» թերթի հրատարակումը առաջին մեծ իրադարձութիւնն էր պանթիւրքիզմի պատմութեան մէջ։ Թերջումանի շնորհիւ թիւրքերի միաւորման գաղափարն սկսեց սփռուել Ռուսաստանի թիւրքական փոքրամասնութիւնների մէջ։ Գասպիրալիի կարգախօսը, (Մտքի միասնութիւն, լեզուի միասնութիւն, գործողութեան միասնութիւն (Fikerde, telde ve eshte berdemlek) ոգեշնոչող էր Ղրիմի, Վոլգայի թաթարների և Ադրբեջանի[4] մտաւորականութեան համար։

Գասպիրալին ձգտում էր օսմաներէնի (Ottoman Turkish) պարզեցուած տարբերակից վերացնելով պարսկերէնից և արաբերէնից փոխառնուած բառերը՝ ձևաւորել թիւրքական ընդհանուր լեզու։ Սակայն այն ժամանակուայ թիւրքական բարբառները համարւում էին լիարժէք լեզուներ. օսմանական թուրքերէնը դրանցից մէկն էր։ Հետևաբար ընդհանուր լեզու ստեղծելու փորձը ձախողուեց: Հետագայում Խորհրդային Միութիւնը, իր տարածքում բնակուող թիւրքական ժողովուրդներին պարտադրելով այլ այբուբեններ, այդ տարբերութիւնները հաշուարկուած կերպով աւելացրեց։

1902 թ. Կահիրէում հրատարակուող §Թիւրք¦ պարբերականը ևս գործուն էր պանթիւրքիզմի խրախուսման մէջ՝ որպէս այլընտրանք պանիսլամիզմին և արևմտականացմանը։

Պանթիւրքիզմի մասին առաջին տեսական աշխատութիւնը գրուել է մի կազանցի թաթարի` Իւսուֆ Աքչուրայի կողմից։ 1904 թ. նա հրատարակեց մի յօդուած  («Och Tarzi Seyaset» - «Երեք քաղաքական համակարգեր»), որում բացատրում է պանթիւրքական գաղափարախօսութեան հիմնական յատկանիշները։ Չորս տարի յետոյ` 1908 թ., Ալի Հիւսէյնզադէ անունով մի ադրբեջանցի[5] հրատարակեց «Turkileshmek, Islamlashmek, Zamanlashmek» (Թիւրքականութիւն, իսլամականութիւն, արդաիկանացում) վերնագրով յօդուած, որում աւելի ընդլայնուած կերպով է մեկնաբանում պանթիւրքական գաղափարները։ Սակայն այս գաղափարախօսութեան տեսութիւնը հիմնականում մշակուեց մի թուրքի` Զիա Գեօկալփի կողմից։ Նրա գիրքը «Թիւրքականութեան հիմնական սկզբունքները»[6] հրատարակուեց 1923 թ. և դարձաւ պանթիւրքիզմի գաղափարախօսական հիմքը։

1917 թ. բոլշևիկեան յեղափոխութիւնը Ռուսաստանում խեղդեց պանթիւրքիզմն իր սաղմում։ Թիւրքերի միաւորմանը հասնելու համար որևէ ջանք խստօրէն ճնշւում էր համայնավարների կողմից։ Աւելին` Մոսկուան մեծագոյն աշխատանք էր կատարում` թիւրքական ժողովրդներին թուլացնելու և պառակտելու ուղղութեամբ։

Խորհրդային Միութեան փլուզումը 1991 թ. պայմաններ ստեղծեց պանթիւրքական շարժման վերակենդանացման համար։ Այլևս Թուրքիան միակ անկախ թիւրքական պետութիւնը չէր։ Ուզբեկստանը, Ադրբեջանը, Թուրքմինստանը, Ղրղզստանը և Ղազաղստանը ազատագրուեցին գաղութային տիրապետութիւնից։ Նոյն տարում Կազանում հիմնադրուեց Թիւրքական ժողովրդների համագումարը, մի իրադարձութիւն, որը պիտի դիտել որպէս կարևոր հիմնաքար պանթիւրքիզմի պատմութեան մէջ, որովհետև դա նշանն է շարժման հաստատութենական սկզբնաւորման։ Մինչև 1991 թ., պանթիւրքիզմը գոյութիւն ունէր միայն որպէս մէկ գաղափարախօսութիւն։ Թիւրքական ժողովուրդների համագումարի հիմնադրմամբ գոյացաւ առաջին պանթիւրքական կազմակերպութիւնը։ Այժմ ՊԺՀ-ն թիւրքական պետութիւնների մայրաքաղաքներում գումարում է կանոնաւոր ժողովներ, և նրա անդամները ներկայացնում են թիւրքական ազգերի ու էթնիկ խմբերի մեծ մասը:

Շարժումը զարգացման ի՞նչ հեռանկար ունի։ Անվիճելի է, որ պանթիւրքիզմը հանդիպելու է թիւրքական աշխարհի շրջակայ երկրների թշնամութեանը և դիմադրութեանը։ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Բուլղարիան, Յունաստանը և Աֆղանստանը ունեն ուշադրութեան արժանի թիւրքական փոքրամասնութիւններ և թիւրքերի միաւորման որևէ շարժում դիտելու են որպէս սպառնալիք իրենց տարծքային ամբողջականութեան դէմ։ Արևմտեան երկրների մեծ մասը նոյնպէս թուրքերի դէմ պատմականօրէն ձևաւորուած կանխակալ ընկալումների պատճառով սարսափելու է։ Այս թշնամութիւնների և կանխակալ ընկալումների պատճառով պանթիւրքիզմը պարտաւոր է որդեգրել դանդաղ և զգուշաւոր գործելակերպ. այն, ինչ կոչւում է §թլփատման սկզբունք» (Principle of circumcision)։ Թլփատման ընթացքում երեխայի ուշադրութիւնը շեղելու նպատակով նրան զբաղեցնում են խաղալիքներով և քաղցրաւենիքներով։ Երբ անխուսափելին տեղի է ունենում, լացելու կամ դիմադրելու համար արդէն բաւականին ուշ է լինում։ Այս տրամաբանութեամբ թիւրքական ազգերը շարժման առաջին հանգրուանում խորհրդատրելի է շեշտը առաւելաբար դնեն թիւրքերի միջև մշակութային, ընկերային և տնտեսական կապերի վրայ։ Քաղաքական նպատակները կարող են հետաձգուել մինչև շարժման միւս հանգրուանը, երբ տնտեսական և մշակութային համարկումն արդէն կայացել է։ Երկրորդ հանգրուանի ընթացքում, քաղաքական ամրակայումը պիտի դառնայ առաջնահերթութիւն, բայց պիտի սահմանափակուի թիւրքական վեց անկախ պետութիւններով։ Երբ թիւրքական վեց անկախ պետութիւնների քաղաքական ամրակայման որոշակի աստիճան ձեռք բերուի, թիւրքական ժողովուրդները, որոնք տակաւին մնացել են գաղութատիրութեան ճնշման ներքոյ, պիտի դառնան ուշադրութեան կենտրոն` գերագոյն նպատակ ունենալով թիւրքական բոլոր ժողովուրդների ազատագրումն ու նրանց քաղաքական միաւորումը։ Սա ընդգրկում է Ռուսաստանի (թաթարներ, բաշկիրներ, եակուտներ և այլն), Չինաստանի (ույղուրներ), Իրանի (ադրբեջանցիներ[7]) և այլ երկրների թիւրքական փոքրամասնութիւններին։   

Պանթիւրքիզմի մէկ այլ կարևոր երեսը Թուրքիայի դերն է։ Թուրքիայի ծաւալապաշտութիւնը Արևմուտքի և Ռուսաստանի կողմից միշտ դիտուել է կասկածով։ Հետևաբար թիւրքական համարկման նախնական փուլում նպատակայարմար է չշեշտել Թուրքիայի առաջնորդող դերը քաղաքական տեսակէտից, փոխարէնը շեշտել Թուրքիայի առաջնորդութեան մշակութային երեսը։

Վերջապէս կարևոր է փոխել պանթիւրքիզմի մասին պատկերացումը աշխարհում։ Պատճառ չկայ անտեսելու պանթիւրքիզմի նկատմամբ թշնամական վերաբերումը։ Գաղութատիրական ճնշումից թիւրքական ժողովուրդների ազատագրութեան նպատակը և մշակութային, քաղաքական ու տնտեսական միաւորումը ազնիւ նպատակ է, որը իւրաքանչիւր բարոյական մարդ պէտք է պաշտպանի։


[1] http://www.turkkon.org/eng/icerik_multi.php?no=13
[2] http://www.todayszaman.com/news-280353-iranian-azeris-set-up-national-council-in-turkey-aspire-for-independence.html
[3] http://tatargazeta.tripod.com/eng_099.html
[4] Այդ թուականին Ադրբեջան անունով երկիր գոյութիւն չունէր – Ս.Մ.։
[5] 1908 թ. Ադրբեջան անունով երկիր գոյութիւն չունէր, ուստի չէր կարող գոյութիւն ունենալ նաև ադրբեջանցի։ Հիւսէյնզադէն կովկասցի թաթար է։ Այս կապակցութեամբ տե’ս «Պանթիւրքիզմ, վերադարձականութիւնից համագործակցութիւն»,  Ջէյկոբ Լանդօ, 1995 թ., Լոնդոն, պարսկերէն թարգմանութիւնը՝ 2003 թ., Թեհրան, էջ 38-39 – Ս.Մ.։
[6] Գրքի վերնագիրը հայկական գիտական գրականութեան մէջ թարգմանուած է §Թիւրքականութեան հիմունքները» ձևով – Ս.Մ.:
[7] Իրանի թիւրքախօս բնակիչներին ադրբեջանցիներ անուանում է յօդուածի հեղինակ Սաբիրզիան Բադրեդինը – Ս.Մ.։

Monday, January 14, 2013

ՅՕԴՈՒԱԾՍ ԹՈՒՐՔԵՐԷՆ

Սա էլ "Պանթիւրքական հոսանքները ժամանակակից Իրանում" յօդուածիս թուրքերէն թարգմանութիւնը.

Ակունք

Հայ Թերթ

Լաւ մնացէք։

Wednesday, January 2, 2013

Շնորհաւոր Ամանոր և Սբ. Ծնունդ։


Մաղթում եմ առողջութիւն 
և 
գլխապտոյտ յաջողութիւններ։