Friday, June 8, 2012

ԳՐԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՈՒՄ

Այսօր նստեցի երթուղային մեքենայ։ Մեքենան ճանապարհ ընկաւ թէ չէ, ինձնից մի քանի աթոռ այն կողմ, երկու եօթանասուն-ութսունին մօտ տղամարդ եւ երկու մի քիչ աւելի երիտասարդ կին սկսեցին բարձր ձայնով, բայց ուրախ տրամադրութեամբ քննարկել գրական հարցեր։

Մէկ էլ տղամարդկանցից մէկը սկսեց բանաստեղծութիւններ արտասանել։ "Նայիրի Զարեանը սա է ասում, բայց ահա սա էլ Իսահակեանից"։

Առաջին տղամարդու արտասանութեանը յաջորդեց երկրորդի արտասանութիւնը եւ այդպէս շարունակուեց։

Շատ հետաքրքիր ու հաճելի մթնոլորտ էր։

Լսում ու մտածում էի, տեսնես այսօրուայ հասարակութեան մէջ քանի հոգի այս մարդկանց չափ հետաքրքրուած են գեղարուեստական գրականութեամբ կամ կարող են այդպէս արտասանել։ Նաեւ ինչպիսի հաւանականութեամբ կարելի է երթուղային մի մեքենայում հանդիպել նման մարդկանց, որոնք չնայած իրենց առաջացած տարիքին, լաւ յիշողութեամբ մտաբերում, արտասանում ու քննարկում էին բանաստեղծութիւններ։

Մի խօսքով վճարեցի 100 դրամ, եւ ոչ միայն տեղ հասայ, այլ ականատես եղայ շատ հետաքրքիր գրական-գեղարուեստական հաւաքոյթի։

Լաւ մնացէք։