Wednesday, January 31, 2007

ՄՏՔԵՐ՝ ԸՆԿ. ՀՐԱՆՏԻ ՀԱՐՑԱԶՐՈՅՑՆԵՐԻՑ

Յունուարի 29-ին ընկ. Հրանտը մամլոյ ասուլիս է ունեցել։

Յունուարի 30-ին էլ առանձին հարցազրոյց է տուել "Իրաւունք" թերթին։

Ստորեւ երկու հարցազրոյցներում նրա արտայայտած մտքերից մի քանիսը.-

"Մի ժամանակ էր, որ դաշնակցականը հնչակեանին աղջիկ չէր տալիս, հնչակեանը՝ ռամկավարին։"

"Այս կուսակցութիւնն իմը չէ, որ ես յառաջիկայ 4 տարուայ մասին մտածեմ, իշխանութեան մաս կազմեմ։ Ես չեմ կարող 4 տարուայ առաւելութեան համար վտանգել իմ կուսակցութեան ապագան։"

"2008 թուականի նախագահական ընտրութիւններին Դաշնակցութիւնը մասնակցելու է սեփական թեկնածուով։"

"Այս կառոյցը (Հ.Յ.Դ.) իր ղեկավարութեանը ղեկավարել գիտի, իր ղեկավարութեանը զսպել գիտի, իր ղեկավարութիւնից հաշուետւութիւն պահանջել գիտի։"

"Կառավարութեան մաս կազմել-չկազմելը Հ.Յ.Դ.-ի համար ինքնանպատակ չէ։"

"Պահն այնպիսին է, որ մեր կուսակցութեան օգտին կը քուէարկեն նաեւ նրանք, ովքեր չնայած մեզ չեն ընդունում, սակայն առաջնորդւում են տեսակի ու որակի մտահոգութեամբ։"

"Դաշնակցութեան նպատակն է ստեղծել այնպիսի երկիր, ուր վզի հաստութիւնն ու բազուկների լայնութիւնը մարդկանց իրաւունք չտայ օրէնքը խախտել։"


Tuesday, January 30, 2007

ՅՕԴՈՒԱԾՆԵՐ՝ ՁԵԱՆ ՄԱՍԻՆ

Պարզւում է, բարեբախտաբար, Երեւանի քաղաքապետարանի ու թաղապետարանների գործունէութիւնից միայն ես դժգոհ չեմ։

Էս էլ այսօրուայ մամուլում հրատարակուած երկու յօդուած Երեւանում երեկ տեղացած ձեան ու դրա հետեւանքների մասին։

http://www.azg.am/?lang=AR&num=2007013018

http://www.aravot.am/2007/aravot_arm/January/30/u02.htm

Լաւ մնացէք։

Monday, January 29, 2007

ԷԼԻ ՁԻՒՆՆ ՈՒ ԵՐԵՒԱՆԸ

Տնիցս (Կոմիտասի փողոց) մինչեւ Բիւրոյի շէնք (Հանրապետութեան Հրապարակ) երթուղայինով տեւում է 20-25 րոպէ։ Առաւելագոյնը կէս ժամ։

Այս առաւօտ այդ ճանապարհը տեւել է մէկ ժամ տասնըհինգ րոպէ։

Ինչու՞։

Որովհետեւ երեկ գիշերուանից Երեւանում էլի ձիւն է գալիս ու էլի անանցանելի փողոցներ, ու էլի խցանում։

Կիսատ-պռատ ձիւն ու կիսաանդամալոյծ քաղաք։

Անձնական մեքենայ չունեցողների համար հարցն էլ աւելի է բարդանում, երբ ձեան ժամանակ, իրաւացիօրէն կամ յանիարւի, պակսում են երթուղային մեքենաները։

Այսինքն օրինակ, եթէ այսինչ գծում (Կոմիտաս-Հրանրապետութեան Հրապարակ) սովորական ժամանակ աշխատում է 25 երթուղային, ձիւնառատ օրերում 25-ի փոխարէն աշխատում են 15-20։ Այսինքն ոչ բոլորը։ Պատճառը պարզ է՝ երթուղայինի վարորդը վախենում է մեքենան դուրս բերել` արկածներից խուսափելու նպատակով։ Յատկապէս որ ապահովագրութեան համակարգը Հայաստանում դեռ ձաւաւորուած չէ (նոր նոր որոշ փորձեր արւում են) եւ տակաւին համատարած բնոյթ չի կրում։ Ուստի արկածի դէպքում վարորդը կարող է լուրջ գլխացաւանքի մէջ ընկնել։

Արդիւնքը՞։
Նախ երկար պիտի սպասել կանգառում, յետոյ էլ ճարահատուած 12 աթոռ ունեցող երթուղայինում պիտի նստել-կանգնել-իրար շալակ բարձրանալ 25-30 հոգով եւ ...

Եւ սա առանձին նիւթ է, որի մասին կը գրեմ յետոյ։

Լաւ մնացէք։

Wednesday, January 24, 2007

ՍԲ. ՍԱՐԳԻՍ՝ ՄՐՑՈՅԹ

Գեղեցիկ մտայղացմամբ Հայաստանում Արարատեան Հայրապետական թեմը կազմակերպել է մրցոյթ երիտասարդների եւ սիրոյ հովանաւոր Սբ. Սարգսի տօնի կապակցութեամբ։

Պարգեւատրման անուանակարգերն են՝
- Սիրոյ լաւագոյն բանաձեւ,
- Ամենառոմանտիկ սէր,
- Ամնայարատեւ սէր,
- Սէր առ հայրենիք եւ այլն։

Յաւելեալ տեղեկութիւնների համար կարող էք այցելել հետեւեալ կայքէջը.-

http://www.qahana.am

Սա էլ Արարատեան Հայրապետական թեմի պաշտօնական կայքէջի հասցէն է.-

http://www.araratian-tem.am

Շատ լաւ մտայղացում է դիմակայելու օտարամուտ արժէքների ներթափանցումը, աւելի պարզ ասեմ Վալենտայնի (Valentine) տարածումը։

Արդէն իսկ Երեւանի փողոցներում տեսնում ենք տարբեր միջոցառումների յայտարարութիւններ՝ Վալենտայնի օրուայ կապակցութեամբ։ Օպերայի շրջափակում տեղադրուած յայտարարութիւններից մէկում կարդացի՝ "Սբ. Վալենտայնի տօնի կապակցութեամբ տեղի է ունենալու այսինչ միջոցառումը"։

Երբ մենք ունենք մեր ազգայինն ու քրիստոնէականը, ինչու՞ պիտի ընդօրինակենք ուրիշինը։

Ինչու՞ Սբ. Վալենտայն եւ ոչ Սբ. Սարգիս ։

Այս առումով գնահատելի է Արարատեան Հայրապետական թեմի աշխատանքը։

Մնացէք սիրով՝

Monday, January 22, 2007

ԱՊՐԵԼ Է ՊԷՏՔ

"Մի հայ մտաւորական սպանուեց Թուրքիայում"։

"Մի հայ երիտասարդ սպանուեց Ռուսաստանում"։

Սրանք են աշխարհի լրատուամիջոցների գլխաւոր լուրերը վերջին օրերում։

Որո՞նք են վերոյիշեալ նախադասութիւններում կրկնուող բառերը։

"մի հայ սպանուեց", "մի հայ սպանուեց"։

Ու՞ր է տանում հայատեացութեան այս ալիքը։

Չէ որ սա ամենից առաջ մեզ՝ հայերիս պիտի մտահոգի։

Ո՞վ է մեղաւոր։ Ո՞վ է պատասխանատու։

Ունի՞ արդեօք հայրենի իշխանութիւնը հայահաւաքի ծրագիր։

Մտածու՞մ է այս ուղղութեամբ։

Անկախութիւնից 15 տարի անց կա՞յ արդեօք նման օրակարգ։

Էլ ինչքա՞ն հայ պիտի սպանուի հայ լինելու պատճառով` ազգատեացութեան հողի վրայ։

Ե՞րբ պիտի վերջ տանք մեր նկատմամբ այսպիսի նուաստացուցիչ վերաբերմունքի։

Ե՞րբ պիտի սթափուենք։

Յոգնեցինք մեռնելուց, ապրել է պէտք։

Sunday, January 21, 2007

ՔԵՆԻԱ 2007

Երեկուանից Քենիայի մայրաքաղաք՝ Նայռոբիում սկսել է Համաշխարհային Ընկերային Ֆորումը (World Social Forum)։ Ֆորումը նոր-ազատական (Neo-Liberal) քաղաքականութիւնից դժգոհ մարդկանց հանդիպման վայր է։ Այն սկիզբ է առել 2001 թուականին Բրազիլիայի Պորտօ Ալեգրէից։

Ֆորումին մասնակցում են աւելի քան հարիւր հազար հոգի։ Քենիայի ընտրութիւնը որպէս եօթերորդ Ֆորումի հաւաքավայր նպատակ ունի աշխարհի ուշադրութիւնը սեւեռել Աֆրիկեան ցամաքամասի վրայ։

Համաշխարհային Ընկերային Ֆորումի ընդհանուր բնաբանն է "Այլ աշխարհ հնարաւոր է"։

Մեր երիտասարդականը 2002 թուականից մասնակցել է Ֆորումի տարածաշրջանային (Regional) եւ, հնարաւորութեան դէպքում նաեւ համաշխարհային հաւաքներին։ Այս տարի նիւթական դժուարութիւնների պատճառով ցաւօք չկարողացանք պատուիրակութիւն ուղարկել։ Ախր Հայաստանը որտեղ, Քենիան որտեղ։ Ափսոս։

Համաշխարհային Ընկերային Ֆորումի մասին յաւելեալ տեղեկութիւններ ձեռք բերելու համար կարող էք այցելել Ֆորումի պաշտօնական կայքէջը՝

http://www.forumsocialmundial.org.br

Բարեւներով՝

Friday, January 19, 2007

ԴԻՆՔ ՈՉ ԵՒՍ Է

Թուրքի ձեռքով մէկ հայի արիւն էլ թափուեց։

Այսօր Երեւանի ժամով ճաշից յետոյ ժամը 5։00-ին Պոլսի Ակօս թերթի խմբագիր Հրանտ Դինքը իր խմբագրութեան առջեւ տեռորի ենթարկուեց ու սպանուեց։

Կարծես թուրքերի հայի արիւն խմելուն յագուրդ չկայ։

Սրանով թուրքերը մէկ անգամ եւս ապացուցեցին, որ նոյն արիւնարբուն են ինչ եղել են միշտ։ Ոչ մի տարբերութիւն, ոչ մի առաջընթաց դէպի մարդկայնութիւն ու մարդկային քաղաքակրթութիւն։

Նոյն անհանդուրժողականութիւնը ինչ եղել է դարերի ընթացքում դէպի մեզ։ Նոյն ատելութիւնը հայի նկատմամբ։

Ու դեռ Դինքը նրանցից էր, որ ասում էր Թուրքիան փոխուել է։ Թուրքիան փոխուե՞լ է։

Հետաքրքիր է իմանալ հիմա ի՞նչ ունեն ասելու հայ-թուրքական հաշտութեան ջատագովները։

Հաշտութիւն ո՞ր թուրքի հետ եւ ի՞նչ գնով։

Յոյսով եմ մեր երկրի ղեկավարները անհրաժեշտ դասերը կը քաղեն այս սպանութիւնից։

Ամուր մնացէք՝

Thursday, January 18, 2007

ՆՈՐ ՏԱՐԻՆ ՀԱՅԱՏԱՆՈՒՄ

Թէեւ Նոր Տարուանից արդէն 18 օր անցել է, բայց Շ.Ա. - ն Լոս Անջելեսից հետաքրքրուել է այն մասին, թէ ինչպէս ենք նշում Նոր Տարին Հայաստանում։

Ինչպէս ցանկացած երկրում, Հայաստանում էլ ամէն մարդ Նոր Տարին դիմաւորում է իւրովի։

Ես Նոր Տարին դիմաւորելու առումով մարդկանց բաժանում եմ չորս խմբի։

1- Որոշները Նոր Տարին դիմաւորում են տանը, ընտանիքի, բարեկամների ու ընկերների շրջապատում։

2- Ոմանք Նոր Տարին դիմաւորում են Հանրապետութեան Հրապարակում։

3- Որոշները Նոր Տարին դիմաւորում են ճաշարան - սրահներում։

4- Որոշներն էլ արտասահմանում։

Ես օրինակ այս տարի որոշեցի Նոր Տարին դիմաւորել Հարնապետութեան Հրապարակում, բայց չստացուեց, որովհետեւ օդի ջերմաստիճանը զրոյից 15-20 աստիճան ցածր էր ու երբ դուրս եկայ փողոց, ցրտից տղայիս աչքերից սկսեց արցունք հոսել։ Հետեւաբար պարտաւորուեցի կայծակնային արագութեամբ տուն վերադառնալ։ Ի հարկէ դա էլ իր պատմութիւնն ունի։ Փողոցում մեքենայ չկար, որովհետեւ բոլորը փորձում են առնուազն այդ պահին լինել ընտանիքի կամ ընկերների հետ ու մտածում էի ինչ անել, ինչպէս վերադառնալ, երբ պողոտայում սուրող մի սակակառք (taxi) մեզ տեսաւ ու պահեց։ Նստեցինք։ Երիտասարդ մեքենավարն ասաց, քանի որ ձեզ հետ երեխայ կար պահեցի։ Գիշերուայ 12։00-ից 20 րոպէ պակաս էր։ Մեքենավարն շտապում էր հասնել գրասենեակ իր գործընկերների հետ նշելու Նոր Տարին։ Մեքենան սառուցների վրայ իրականում սահում էր։ Բարեբախտաբար նրանց գրասենեակը մեր տան մօտ էր։Մենք ողջ առողջ ժամանակին տուն հասանք։ Յոյսով եմ նա եւս ժամանակին տեղ հասած լինի ու նրան Նոր Տարուայ գիշերը լաւ անացած լինի։

Առ ի տեղեկութիւն Հանրապետութեան Հրապարակում համերգ է եղել եւ հոծ բազմութիւն։ Պատկերացրէք 15-20 աստիճան զրոյից ցած օդում մասնակցես համերգի։ Ես ներկայ չեմ եղել, բայց մասնակիցներն ասում են շատ լաւ է անցել։ Վերջապէս այդ էլ իր հաճոյքն ունի։

Երկու խօսք էլ Նոր Տարին Երեւանեան ճաշարաններում դիմաւորելու մասին։

Նոր Տարուան նախորդող օրերին տարբեր հեռուստաալիքներով ականատեսն ենք լինում Նոր Տարին այս կամ այն ճաշարանում կամ սրահում նշելու գովազդներին։

Գովազդւում են . -
- Ձմեռ Պապիներ ու Ձիւնանուշներ հիւսիսից՝ այսինքն Ռուսաստանից։
- Հայաստանի ու Ռուսաստանի երգարուեստի աստղեր։
- Յայտնի ու անյայտ հաղորդավարներ ու կատակերգուներ։

Որպէսզի գաղափար կազմենք թէ ինչ արժէ Երեւանեան ճաշարան-սրահներում Նոր Տարին դիմաւորելը բերենք մի քանի օրինակ։

- Բելլաջիօ ճաշարան՝ 85000 դրամ՝ մէկ անձի համար։
- Արմենիա Մարիոտ հիւրանոց՝ 85000 դրամ՝ մէկ անձի համար։
- Վալենսիա ճաշարան՝ 60000 դրամ՝ մէկ անձի համար։
- Օջախ ճաշարան՝ 60000 դրամ՝ մէկ անձի համար։

Այդ օրերին մէկ ԱՄՆ դոլարը արժէր մօտաւորապէս 362 հայկական դրամ ($1 = 362 դրամ)։

Այսինքն չորս հոգանոց ընտանիքը օրինակ Բելլաջիօ ճաշարանում Նոր Տարին նշելու համար պիտի վճարի 340000 դրամ, այլ խօսքով $939.22 ԱՄՆ։

$1000 ԱՄՆ մէկ գիշերուայ համար։ Կարծում եմ թանգ հաճոյք է։

Չմոռանամ աւելացնել, որ վերոյիշեալ բոլոր ճաշարան-սրահների մուտքի տոմսը երեխաների համար կէս արժէք է։

Ի դէպ գովազդներից այնպիսի տպաւորութիւն է ստացւում, որ այսինչ կամ այնինչ երգիչը ամբողջ գիշերը երգելու է հանդիսատեսի համար, սակայն իրականում այդպէս չէ։

Ի բացառեալ տուեալ ճաշարան-սրահի մշտական երգիչ-նուագախմբի, գովազդուող երգիչները ներկայ են լինելու տուեալ վայրում որոշակի ժամանակի համար ու երգելու են ընդամէնը մի քանի երգ։ Ինչու՞։ Որովհետեւ այդ սրահից անմիջապէս պիտի գնան մի այլ սրահ երգելու համար։ Փաստն այն, որ տարբեր ճաշարան-սրահներ միեւնոյն երգչին են գովազդում որպէս Նոր Տարուայ գիշերուայ իրենց երգիչը։

Լաւ մնացէք ու դրամ խնայէք, որպէսզի յաջորդ Նոր Տարին կարողանաք դիմաւորել Հայաստանում։

Ձեր՝

Wednesday, January 17, 2007

ՀԱՅԵՐԷՆ ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՄԱՍԻՆ

Ստացել եմ մի քանի նամակ, որոնցում գրողները հարցրել են, թէ ինչպէ՞ս են կարող հայերէն գրել Comment-ի բաժնում։

Պատասխան.
Ընդհանրապէս Unicode-ով հնարաւոր է։

Ես օգտւում եմ Armenian Typewriter Unicode-ից։

Եթէ դա հասանելի չէ, կարելի է գրել լատին տառերով հայերէն։

Ի վերջոյ նաեւ անգլերէն ու պարսկերէն։

Ձեր՝

Monday, January 15, 2007

ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ՍԵՂԱՆԸ՝ ԲԱՐԻՔ ԹԷ՞ ՉԱՐԻՔ

Ի՞նչ բովանդակութիւն ունի Նոր Տարուայ սեղանը Հայաստանում։

Նոր Տարուայ սեղանն ընդգրկում է -

1- Բուդ (խօսքը խոզի բուդի մասին է),

2- Տոլմա,

3- Բլինչիկ,

Եւ ըստ ցանկութեան իշլի քիւֆտա, ձուկ եւ այլն։

4- Երշիկեղէն (ընդորում սուջուխ ու բաստուրմա անպայման)։

5- Պանրի տեսականի։

6- Տարբեր տեսակի աղցաններ։

7- Միրգ (որի համն ու հոտը համարւում է մանդարինը։ Նարինջ, խնձոր, արքայախնձոր եւ այլ մրգեր)։

8- Ջրեղէն, այսինքն՝

ա- Հանքային ջուր՝ պարտադիր կերպով Ջերմուկ կամ Բջնի կամ Արզնի եւ այլն կամ էլ բոլորը միասին։

բ- Մրգահիւթ։

գ- Կոկա Կոլա, ֆանտա, Սպրայտ եւ այլն։

դ- Լիմոնադ (տանձի, կիտրոնի եւ այլն)։

ե- Ալկոհոլային խմիչքներ՝ ընդորում օղի, կոնիակ, գինի եւ շամպայն պարտադիր կերպով, իսկ գարեջուր, վիսկի եւ այլն՝ ըստ ցանկութեան եւ գրպանի։

9- Չիրեղէն՝ ծիրանի, դեղձի, թզի եւ այլ մրգերի։

10- Չարազ՝ պարտադիր կերպով ընկոյզ, պնդուկ (ֆնդուկ), չամիչ, իսկ մնացածը ըստ ցանկութեան։

11- Թխուածքեղէն։

12- Հաց՝ լաւաշը պարտադիր կերպով։

13- Քաղցրեղէն (շոկոլադ եւ այլն)։

14- Սուրճ։

Եւ սա դեռ ամբողջը չէ։

Այս ամենից յետոյ չգիտեմ Նոր Տարուայ սեղանը բարիք պիտի համարել թէ չարիք (երբեմն մտածում եմ միգուցէ աշխարհի վերջն եկել է ու սա վերջին սեղանն է)։

Ինչպէս թեթեւակի հայեացքն անգամ ապացուցում է այն առողջութեան համար բարիք չէ (այդ է վկայում նաեւ շտապօգնութեան կանչերի կտրուկ աճը Նոր Տարուայ օրերին)։

Պարզ է, որ այն բարիք չէ նաեւ գրպանի համար, յատկապէս այն ընտանիքների, որոնք նիւթապէս լաւ վիճակում չեն, բայց երեխաներ ունեն ու հարեւաններ ու բարեկամներ (երեխաներին ոչինչ, մի կերպ կարելի է համոզել, բայց հարեւաններին ու բարեկամներին ինչ անել, եթէ գան ու տեսնեն մի բան պակաս է)։

Պիտի խոստովանեմ, որ Նոր Տարուայ սեղանը Հայաստանում գեղեցիկ է ու աչք շոյող։

Հաճելի է նաեւ տեսակ տեսակ ուտեստներից օգտուելը։

Բայց ամէն անգամ Նոր Տարուայ սեղան տեսնելիս ակամայ սկսում եմ մտածել այն ծնողների մասին, որոնք ի վիճակի չեն այդպիսի սեղաններ բացել։ Ու մտածում եմ, որ թէ պիտի հասարակական արդարութիւն լինի ու թէ փոփոխութիւն մեր վարք ու բարքի մէջ։

Մնացէք ուրախ՝

Sunday, January 14, 2007

ՁԻՒՆՆ ՈՒ ԵՐԵՒԱՆԸ

Երեւանում ձիւն է տեղում։

Թէ ինչպէս է վիճակը այլ երկրների ձիւնառատ քաղաքներում՝ չգիտեմ, բայց այն որ ամենաթեթեւ ձիւնով իսկ Երեւանը դառնում է անդամալոյծ՝ հաստատ գիտեմ։ Խափանւում է հասարակական երթեւեկութիւնը, պողոտաներում առաջանում են խցանումներ, ու անկախ այն բանից որ ինչով ես երթեւեկում՝ ոտքով, անձնական մեքենայով, սակակառքով (taxi) թէ երթուղայինով, միեւնոյնն է ճամբորդութիւնդ յղի է վտանգներով։

Կանգնած եմ երթուղայինի կանգառում ու սպասում եմ մեքենայի։ Մօտակայ խաչմերուկում խցանում է առաջացել։ Ճանապարհային ոստիկանի նշոյլ անգամ չկայ։ Մէկ էլ մի ինչ որ երթուղայինի վարորդ հանճարեղ միտք է յղանում՝ դուրս գալ ճանապարհից ու գնալ մայթով։ Եւ առատ ձեան պայմաններում, երբ մարդն էլ է սահում, մեքենան էլ, շունն էլ, կատուն էլ ու նոյնիսկ բեւեռային արջն էլ, մէկ էլ վարորդը քշում է մայթի վրայ։ Մայթը բարձր է պողոտայի ասֆալտից ու ընդդիմանում է մեքենավարին։ Մեքենան յետ է գնում։ Լսւում է յետեւի մեքենայի շչակի ձայնը։ Բայց երթուղայինի վարորդն անդրդուելի է ու ¨կրկին փորձիր¨ լոզունգին հաւատարիմ՝ կրկին քշում է մայթի վրայ։ Երկու-երեք փորձ ու ահա ստացուեց։ Բարեբախտաբար արկած չպատահեց, բայց արի ու տես որ միւս մեքենավարներն էլ հանճարեղ վարորդի գիւտ արած ուղով գնալու ցանկութեամբ՝ սկսում են քշել մայթի վրայով։

Հետիոտն մարդիկ, որոնք կամ իմ նման կանգնած են կանգառում, կամ էլ քայլում են մայթով՝ չգիտեն ինչ անել ու որտեղ գնալ, որովհետեւ ոչ պողոտայում տեղ ունեն, ոչ էլ մայթում։

Հետաքրքիրն այն է, որ ամէն տարի քաղաքային իշխանութիւնը ձեան տեղումից յետոյ յայտարարում է, որ այս տարի անակնկալի եկանք, քանզի չէինք սպասում, որ այս եղանակին ձիւն կը գայ։ Սա նշանակում է, որ մեր քաղաքային իշխանութիւնը չի սպասում, որ ձմրանը Հայաստանում ձիւն է գալու։ Հետաքրքիր է իմանալ, որ Երեւանի քաղաքապետ՝ Երուանդ Զախարեանը, որը համաձայն Forbes ամսաթերթի հայկական տարբերակի Հայաստանի 10 ամենահարուստ մարդկանց շարքում է դասւում, ինչպէս է կարողացել այդքան գումար վաստակել, երբ չգիտի, որ ձմրանը Հայաստանում ձիւն է գալիս, իսկ Երեւանը Հայաստանի մայրաքաղաքն է։

Դժուարութիւնը՝ դժուարութիւն, բայց ինչ էր որ լինի գեղեցիկ է ձիւնով ծածկուած Երեւանը։

Բարեւներով՝

Thursday, January 11, 2007

ԻՆՉՈՒ ԱՅՍ ԿԱՅՔԸ

Ինչու այս կայքը։

1- Մի ժամանակ չգիտէի ինչ է համացանցը (Internet)։ Չափազանցութիւն չի լինի եթէ ասեմ, որ այսօր այն կեանքիս մի մասնիկն է դարձել։ Ամէն օր համացանցի միջոցով նամակներ եմ ստանում ու դրանց պատասխանում, այցելում եմ բազմաթիւ պաշտօնական ու անպաշտօն կայք էջեր՝ կարդում լուրեր, յօդուածներ, յուշեր, փնտրում եմ ինձ հետաքրքրող նիւթերի մասին տեղեկութիւններ։

2 - Վերջերս մի նիւթի մասին փնտրտուք կատարելիս մէկ էլ ամենայն պատահականութեամբ ծանօթացայ աշխարհի տարբեր երկրներում ապրող մի խումբ պարսիկների հետ, որոնք ունեն իրենց անձնական կայքերը, գրում են հազար ու մի նիւթի մասին ու իրար հետ կապի մէջ են։ Թէեւ նման անձնական կայք ստեղծելու գաղափարն իմ մտքում վաղուց կար, սակայն պիտի խոստովանեմ, որ մեծապէս ազդուեցի նրանցից (մի քիչ էլ նախանձեցի)։ Ոչ ես եմ նրանց ճանաչում, ոչ էլ նրանք ինձ, բայց նրանք որոշիչ դեր խաղացին այս կայքն ստեղծելու գործում։

3- Կարծում եմ ամէն մարդ գոնէ մէկ անգամ իր կեանքում փորձել է օրագիր պահել։ Սա օրագիր չէ դասական առումով, որովհետեւ օրագրում կարող ես գրել այնպիսի բաներ, որոնք չես ուզում բոլորն իմանան, ասենք օրինակ` ում ես սիրում կամ ինչ պատահեց այնինչ օրը այնինչ վայրում կամ ում ինչքան փող ես պարտք տուել եւ ումից ինչքան ես պարտք արել եւ այլն։ Այս կայքն այդպիսին չէ։

Օրագիրը նաեւ, ինչպէս անունից էլ պարզ է, պիտի գրել ամէն օր։ Այս կայքում կը գրեմ ժամանակ առ ժամանակ, առիթ առ առիթ։ Կարծում եմ առիթները քիչ չեն լինի։

4- Այս կայքը տարբեր հարցերի մասին բարձրաձայն կամ աւելի ճիշտը հրապարակային մտածելու փորձ է՝ համացանցի ընձեռած հնարաւորութիւնն օգտագործելով։ Փորձ է գրի առնելու յուշերս, տպաւորութիւններս ու մտքերս։ Գրել այն ինչի մասին, որոնք պատահել ու պատահում են ինձ եւ այն ինչի մասին, որոնք պատահում են մեր շրջապատում, որոնցում մենք դերակատար չենք, բայց որոնք ազդում են մեր կեանքի վրայ։

5- Ի վերջոյ այս կայքը փորձ է ստեղծելու միեւնոյն մտահոգութիւններն ունեցող համակարծիք ու տարակարծիք մարդկանց շրջապատ։ Մի տեսակ մտքերի փոխանակութեան միջավայր, նկատի ունենալով, որ մեր ինքնութիւնը, մեր տեսակէտները ձեւաւորւում են իրար հետ շփուելով, իրարից ազդուելով ու իրար մտքերից ու փորձառութիւնից օգտուելով։

Յոյսով եմ ստացուի։

Բարեւներով՝