Thursday, January 18, 2007

ՆՈՐ ՏԱՐԻՆ ՀԱՅԱՏԱՆՈՒՄ

Թէեւ Նոր Տարուանից արդէն 18 օր անցել է, բայց Շ.Ա. - ն Լոս Անջելեսից հետաքրքրուել է այն մասին, թէ ինչպէս ենք նշում Նոր Տարին Հայաստանում։

Ինչպէս ցանկացած երկրում, Հայաստանում էլ ամէն մարդ Նոր Տարին դիմաւորում է իւրովի։

Ես Նոր Տարին դիմաւորելու առումով մարդկանց բաժանում եմ չորս խմբի։

1- Որոշները Նոր Տարին դիմաւորում են տանը, ընտանիքի, բարեկամների ու ընկերների շրջապատում։

2- Ոմանք Նոր Տարին դիմաւորում են Հանրապետութեան Հրապարակում։

3- Որոշները Նոր Տարին դիմաւորում են ճաշարան - սրահներում։

4- Որոշներն էլ արտասահմանում։

Ես օրինակ այս տարի որոշեցի Նոր Տարին դիմաւորել Հարնապետութեան Հրապարակում, բայց չստացուեց, որովհետեւ օդի ջերմաստիճանը զրոյից 15-20 աստիճան ցածր էր ու երբ դուրս եկայ փողոց, ցրտից տղայիս աչքերից սկսեց արցունք հոսել։ Հետեւաբար պարտաւորուեցի կայծակնային արագութեամբ տուն վերադառնալ։ Ի հարկէ դա էլ իր պատմութիւնն ունի։ Փողոցում մեքենայ չկար, որովհետեւ բոլորը փորձում են առնուազն այդ պահին լինել ընտանիքի կամ ընկերների հետ ու մտածում էի ինչ անել, ինչպէս վերադառնալ, երբ պողոտայում սուրող մի սակակառք (taxi) մեզ տեսաւ ու պահեց։ Նստեցինք։ Երիտասարդ մեքենավարն ասաց, քանի որ ձեզ հետ երեխայ կար պահեցի։ Գիշերուայ 12։00-ից 20 րոպէ պակաս էր։ Մեքենավարն շտապում էր հասնել գրասենեակ իր գործընկերների հետ նշելու Նոր Տարին։ Մեքենան սառուցների վրայ իրականում սահում էր։ Բարեբախտաբար նրանց գրասենեակը մեր տան մօտ էր։Մենք ողջ առողջ ժամանակին տուն հասանք։ Յոյսով եմ նա եւս ժամանակին տեղ հասած լինի ու նրան Նոր Տարուայ գիշերը լաւ անացած լինի։

Առ ի տեղեկութիւն Հանրապետութեան Հրապարակում համերգ է եղել եւ հոծ բազմութիւն։ Պատկերացրէք 15-20 աստիճան զրոյից ցած օդում մասնակցես համերգի։ Ես ներկայ չեմ եղել, բայց մասնակիցներն ասում են շատ լաւ է անցել։ Վերջապէս այդ էլ իր հաճոյքն ունի։

Երկու խօսք էլ Նոր Տարին Երեւանեան ճաշարաններում դիմաւորելու մասին։

Նոր Տարուան նախորդող օրերին տարբեր հեռուստաալիքներով ականատեսն ենք լինում Նոր Տարին այս կամ այն ճաշարանում կամ սրահում նշելու գովազդներին։

Գովազդւում են . -
- Ձմեռ Պապիներ ու Ձիւնանուշներ հիւսիսից՝ այսինքն Ռուսաստանից։
- Հայաստանի ու Ռուսաստանի երգարուեստի աստղեր։
- Յայտնի ու անյայտ հաղորդավարներ ու կատակերգուներ։

Որպէսզի գաղափար կազմենք թէ ինչ արժէ Երեւանեան ճաշարան-սրահներում Նոր Տարին դիմաւորելը բերենք մի քանի օրինակ։

- Բելլաջիօ ճաշարան՝ 85000 դրամ՝ մէկ անձի համար։
- Արմենիա Մարիոտ հիւրանոց՝ 85000 դրամ՝ մէկ անձի համար։
- Վալենսիա ճաշարան՝ 60000 դրամ՝ մէկ անձի համար։
- Օջախ ճաշարան՝ 60000 դրամ՝ մէկ անձի համար։

Այդ օրերին մէկ ԱՄՆ դոլարը արժէր մօտաւորապէս 362 հայկական դրամ ($1 = 362 դրամ)։

Այսինքն չորս հոգանոց ընտանիքը օրինակ Բելլաջիօ ճաշարանում Նոր Տարին նշելու համար պիտի վճարի 340000 դրամ, այլ խօսքով $939.22 ԱՄՆ։

$1000 ԱՄՆ մէկ գիշերուայ համար։ Կարծում եմ թանգ հաճոյք է։

Չմոռանամ աւելացնել, որ վերոյիշեալ բոլոր ճաշարան-սրահների մուտքի տոմսը երեխաների համար կէս արժէք է։

Ի դէպ գովազդներից այնպիսի տպաւորութիւն է ստացւում, որ այսինչ կամ այնինչ երգիչը ամբողջ գիշերը երգելու է հանդիսատեսի համար, սակայն իրականում այդպէս չէ։

Ի բացառեալ տուեալ ճաշարան-սրահի մշտական երգիչ-նուագախմբի, գովազդուող երգիչները ներկայ են լինելու տուեալ վայրում որոշակի ժամանակի համար ու երգելու են ընդամէնը մի քանի երգ։ Ինչու՞։ Որովհետեւ այդ սրահից անմիջապէս պիտի գնան մի այլ սրահ երգելու համար։ Փաստն այն, որ տարբեր ճաշարան-սրահներ միեւնոյն երգչին են գովազդում որպէս Նոր Տարուայ գիշերուայ իրենց երգիչը։

Լաւ մնացէք ու դրամ խնայէք, որպէսզի յաջորդ Նոր Տարին կարողանաք դիմաւորել Հայաստանում։

Ձեր՝

2 comments:

Anonymous said...

Ձեր գրածները ստիպում է միաժամանակ լինել սրամիտ և չար և բարի ։

Ցանկանում եմ Ձեզ նորանոր յաջողութիւններ և Ձեր էջին լիքը այցելուներ։

Ա.Մ.

Սարգիս Մկրտչեան said...

Ա.Մ.-ին` Շնորհակալ եմ։ Չմոռանամ աւելացնել, որ աւելի լաւ է միշտ բարի լինել։