Friday, February 27, 2009

“ԳՈՐՏԸ ԿՈՒԼ ՏՈՒՐ” (4)

Դուք կարող էք ձեր մէջ գոյացնել “դրական կախուածութիւն” այն հաճոյքի նկատմամբ, որն առաջանում է յաջողութիւնից բխող վստահութիւնից։ էջ 24

Tuesday, February 24, 2009

“ԳՈՐՏԸ ԿՈՒԼ ՏՈՒՐ” (3)

Կրկնութիւնը բոլոր հմտութիւններին տիրանալու բանալին է։ էջ 25

Sunday, February 22, 2009

ՕՄԱՐ ԽԱՅՅԱՄ (4)

Լաւ է գինով դառնալ շուրջը սիրունների,
Քան ձեւանալ սրբակրօն ու անթերի,
Թէ հարբեցող ու սիրահար դժոխք տանեն,
Ու՞մ կը մնան էլ դրախտն ու նրա փերին։

Saturday, February 21, 2009

ՋՐԻ ԽՆԴԻՐ

Հեռուստատեսութեամբ տեղեկացրին, որ Հայաստանի 900 համայնքներից միայն 350-ը խմելու ջուր ունեն։

Սա այն պայմաններում, երբ Հայաստանը հակառակ օրինակ Իրանի ջրառատ երկիր է։

Յիշեցի 2001 թուականը, երբ համահայկական երիտասարդական բանակումի մասնակիցներին տարել էինք “Անի”-ն տեսնելու Հայաստանի կողմից։ Եղանք մի շրջանում, որի խմելու ջուրը բերում էին գնացքով՝ շաբաթը մէկ երկու անգամ։ Յիշում եմ նաեւ, որ հողոտ ճանապարհի վրայ յայտնուեցին երկու պատանիներ՝ հեծանիւով, փոշոտ դէմքերով, որոնց ամառուայ շոգից ծարաւած մեր Սփիւռքահայ երիտասարդները գումար տուեցին, որպէսզի գնան ու իրենց համար խմելու ջուր բերեն։

Նկատի ունենալով վիճակը երիտասարդներին արգելեցի այդ գործն անել բացատրելով, որ իրենք կարող են մէկ երկու ժամ համբերել մինչեւ քաղաք հասնենք, իսկ այս երեխաները առանց այդ էլ ջրի հարց ունեն։ Երիտասարդները ըմբռնումով մօտեցան որոշմանս։

Խմելու ջրի հարցը լուրջ է մեր երկրում։

Խմելու ջուր ունեցող 350 համայնքների ջրի որակի մասին չեմ խօսում, որովհետեւ պատահել է, որ խմելու ջուրն ու կոյուղին խառնուել են իրար ու մարդիկ տների ջրի ծորակը բացելով ստացել են դեղնագոյն հեղուկ (որը պարզ է ինչ է), որը թունաւորումների պատճառ է դարձել (Երեւան, Արաբկիր համայնք կամ Վանաձոր)։ Դա համարենք ժամանակաւոր խնդիր, վթար եւ այլն, որը մի կերպ հասկանալի է ու լուծելի։

Հարցն այն է, որ ինչ անենք, որ մնացած 550 համայնքներն էլ խմելու ջուր ունենան։

21-րդ դար, Հայաստան աշխարհ, խմելու ջրի հարց։

Լաւ մնացէք։

Friday, February 20, 2009

“ԳՈՐՏԸ ԿՈՒԼ ՏՈՒՐ” (2)

Առաջնահերթութիւնները ճշտելը, ծուլութիւնը յաղթահարելը եւ ամենակարեւոր պարտականութիւնը կատարելու ուղղութեամբ հետեւողականութիւնը, մի հմտութիւն է, որը ձեռք է բերւում փորձով ու կրկնութեամբ։ էջ 23

Tuesday, February 17, 2009

“ԳՈՐՏԸ ԿՈՒԼ ՏՈՒՐ” (1)

Ամենակարեւոր պարտականութեան վրայ կենտրոնանալու կարողութիւնը, այն ամենալաւ ձեւով կատարելու եւ աւարտին հասցնելու համար, յաջողութեան հասնելու գրաւականն է։ Էջ 15

Monday, February 16, 2009

ՕՄԱՐ ԽԱՅՅԱՄ (3)

Աշխարհն առանց գինի ու եար ոչինչ արժէ,
Առանց երգ ու առանց քնար ոչինչ արժէ,
Ինչ նայում եմ խառն ու խռով ժամանակին,
Հաճոյքներից հեռու մնալ ոչինչ արժէ։

Sunday, February 15, 2009

ՀԱԳՈՒՍՏԸ ՄԵՔԵՆԱՅՈՎ

Մտայ Կոմիտաս պողոտայի հագուստավաճառանոցներից մէկը։ Ներս մտայ թէ չէ, տեսայ քառասունին մօտ մի տղամարդ, որ բոռում է։ Պարզ է սկզբում զարմացայ։ Պատկերացնում էք, մտնում էք մի խանութ ու մէկ էլ ձեզ դիմաւորում են բոռոցով։ Պարզուեց վաճառողներից մէկն է։ “Այ հոպար ըտեղ մի կանգնի, արա, չեն ֆահմում* կարծես…” ու այսպիսի բաներ։

Առանց հարցնելու, սակայն բանականաբար հետաքրքրութիւնս շարժուեց իմանալ թէ ինչ է պատահել, հոպարն ով է ու ինչ մեղք է արել։

Մարդը դուրս գնաց, ապա վերադարձաւ ու սկսեց բարձր ձայնով ու գռեհկօրէն խօսել միւս վաճառող տղայի հետ։ Պարզուեց, որ մի սակակառք (taxi) պահել է խանութի դիմացը։ Դիմացն ասելով նկատի ունեմ պողոտայի ու ոչ թէ մայթի վրայ։ Սա էլ դժգոհ է դրանից։

Միւս վաճառողն ասաց, որ մարդը պահել է, որպէսզի խանութից դուրս գնացող հաճախորդներին նստեցնի։

Եւ առաջին տղան շարունակեց, “Ապեր, մարդը պիտի իմանայ, որ այս խանութ ներս մտնողը տաքսիով չի գալիս, այս խանութ ներս մտնողը անձնական մեքենայ ունի, մարդը էդքանը պիտի ֆահմի”։

“Ուշ եկած, շուտ զարգացածների” խանութից դուրս եկայ մտքերի մէջ։

Յիշեցի Հայաստանցի ընկերներիցս մէկի խօսքը, որն ասում է Հայաստանում երթուղայիններից օգտուողներին համարում են “Ճ կլասի” մարդիկ։ Ճ կլասը համարւում է հասարակութեան ամենատակի շերտը։ Իրօք այդպէ՞ս է։

Յամենայնդէպս այս վաճառողը նոյնիսկ սակակառքից օգտուողներին մարդկանց շարքում չէր դասում։

Կարծում եմ կարելի է խանութների դռան փակցնել, որ ինչ տեսակ փոխադրամիջոցից օգտուողները կարող են ներս մտնել տուեալ խանութը՝ օրինակ “մետրոյից օգտուողների մուտքն ազատ է”, կամ “2009 թուականի Մերսեդէսից ցած մեքենայ ունեցողների մուտքը խստիւ արգելուած է”։ Դռան առաջ էլ կարելի է փաստաթղթեր պահանջել, որ յանկարծ մարդը սուտ չասի ու պարզուի, որ երթուղայինից օգտուող է, բայց համարձակուել է Ֆրանսական շապիկ հագնել։

Լաւ մնացէք։

* Ֆահմել։ Հասկանալ (ի դէպ սա պարսկերէն բառ է)։

Յ.Գ. Ես սիրում եմ քայլել։ Մէկը կասի որտեղի՞ց պիտի գնումներ անեմ։

Saturday, February 14, 2009

ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶՆԵՐԻ ԳՆԵՐԸ

Հայաստանում երկու տեսակ մանկապարտէզ կայ՝ պետական ու մասնաւոր։

Պետականի թօշակը ամսեկան մօտ $23 ԱՄՆ է։ Եթէ ուզում ես երեխան օտար լեզու սովորի պիտի վճարես մօտ $2 ԱՄՆ ռուսերէնի ու նոյնքան անգլերէնի համար։ Մի խօսքով ամսեկան $37 ԱՄՆ։ Որոշ մանկապարտէզներում էլ կողքից կամ տակից պիտի վճարես։ Կողքից այսինքն օրինակ մի օր յանձնարարում են կարկանդակ տանել, մի օր էլ զուգարանի թութ ու այդպէս։Տակից էլ այսինքն պիտի ժամանակ առ ժամանակ հազար դրամ, երկու հազար դրամ, երեք հազար դրամ եւ աւելի դնես դաստիարակի կամ վարիչի գրպանը, որ երեխային լաւ նայեն։
Մասնաւորները սկսում են ամսեկան մօտաւորապէս $200 ԱՄՆ-ից մինչեւ $265 ԱՄՆ։

Սա էլ առ ի տեղեկութիւն։

Լաւ մնացէք։

$1USD = 303 AMD



Friday, February 13, 2009

ՀՐՇԷՋ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ

Հեռուստացոյցով լուրերի բաժնում տեղեկացնում են, որ Հայաստանը Ճապոնիայի հետ կնքել է պայմանագիր, որպէսզի յառաջիկայ տարուայ ընթացքում Ճապոնացիները նիւթապէս օժանդակեն Հայաստանի հրշէջ ծառայութեանը ու վերազինեն սարքաւորումները։

Աստուած շատ պահի Ճապոնացիներին։ Ինչու՞։ Ասեմ։

Լրագրողը հարցազրոյց է անում հրշէջ ծառայութեան պատասխանատուներից մէկի հետ ու հարցնում, որ ինչ դժուարութիւններ ունէք։

Մարդն էլ պատասխանում է, որ օրինակ մեր մեքենաները երեսուն տարեկան են։ Յետոյ շարունակում է, որ պատահում է, որ կանչ ենք ստանում, գալիս մեքենան խոդ ենք տալիս, խոդ չի ընկնում։

Խոդ ռուսերէն բառ է, եւ այստեղ նշանակում է մեքենան աշխատացնում ենք, չի աշխատում։

Այլ խօսքով մէկի տունը վառւում է, օգնութեան են կանչում հրշէջ ծառայութեանը, հրշէջ մեքենան չի աշխատում։

Կարծում եմ շարունակել պէտք չէ։ Պարզապէս չգիտեմ, որ այս երկրում մարդիկ բախտի բերմամբ են ապրում թէ պատահմամբ։

Պինդ մնացէք։

Wednesday, February 11, 2009

ԲԱՆԱԿՈՒՄ ՈՒ ՄՐՍԱԾՈՂՈՒԹԻՒՆ

1.- Անցեալ շաբաթուայ ընթացքում հինգ օրով մասնակցեցի Նիկոլ Աղբալեան Ուսանողական Միութեան ձմեռային բանակումին, որը կայացաւ Աղաւնաձորում։

Ինձ համար բաւականին հետաքրքիր էր ու ուսանելի։

2.- Արդէն տասնըմէկ օր է ինչ մրսած եմ ու չեմ լաւանում` այսինքն բանակումից առաջ, բանակումի ընթացքում ու դրանից յետոյ։ Հազիւ այսօր լաւանալու նշոյլներ են երեւացել։

3.- Հազար ու մի բան կայ, որոնց մասին ուզում եմ գրել։

Լաւ մնացէք։