Saturday, February 21, 2009

ՋՐԻ ԽՆԴԻՐ

Հեռուստատեսութեամբ տեղեկացրին, որ Հայաստանի 900 համայնքներից միայն 350-ը խմելու ջուր ունեն։

Սա այն պայմաններում, երբ Հայաստանը հակառակ օրինակ Իրանի ջրառատ երկիր է։

Յիշեցի 2001 թուականը, երբ համահայկական երիտասարդական բանակումի մասնակիցներին տարել էինք “Անի”-ն տեսնելու Հայաստանի կողմից։ Եղանք մի շրջանում, որի խմելու ջուրը բերում էին գնացքով՝ շաբաթը մէկ երկու անգամ։ Յիշում եմ նաեւ, որ հողոտ ճանապարհի վրայ յայտնուեցին երկու պատանիներ՝ հեծանիւով, փոշոտ դէմքերով, որոնց ամառուայ շոգից ծարաւած մեր Սփիւռքահայ երիտասարդները գումար տուեցին, որպէսզի գնան ու իրենց համար խմելու ջուր բերեն։

Նկատի ունենալով վիճակը երիտասարդներին արգելեցի այդ գործն անել բացատրելով, որ իրենք կարող են մէկ երկու ժամ համբերել մինչեւ քաղաք հասնենք, իսկ այս երեխաները առանց այդ էլ ջրի հարց ունեն։ Երիտասարդները ըմբռնումով մօտեցան որոշմանս։

Խմելու ջրի հարցը լուրջ է մեր երկրում։

Խմելու ջուր ունեցող 350 համայնքների ջրի որակի մասին չեմ խօսում, որովհետեւ պատահել է, որ խմելու ջուրն ու կոյուղին խառնուել են իրար ու մարդիկ տների ջրի ծորակը բացելով ստացել են դեղնագոյն հեղուկ (որը պարզ է ինչ է), որը թունաւորումների պատճառ է դարձել (Երեւան, Արաբկիր համայնք կամ Վանաձոր)։ Դա համարենք ժամանակաւոր խնդիր, վթար եւ այլն, որը մի կերպ հասկանալի է ու լուծելի։

Հարցն այն է, որ ինչ անենք, որ մնացած 550 համայնքներն էլ խմելու ջուր ունենան։

21-րդ դար, Հայաստան աշխարհ, խմելու ջրի հարց։

Լաւ մնացէք։

No comments: