Friday, January 29, 2010

ՔԹԻ ՀԱՆԵԼՈՒԿԸ

Հեռուստահաղորդումներից մէկում երկու հոգի խօսում են իրար հետ.-

.- Գիտես ինչու՞ են մեծ հայերի քթերը։
.- Ոչ։
.- Որովհետեւ օդը ձրի է։

Սա էլ իմացանք։

Լաւ մնացէք։

Wednesday, January 20, 2010

ԶՐՈՅՑ ԿՐՊԱԿՈՒՄ

Մտել եմ Փափազեան փողոցի վրայ գտնուող մի ուտելիքի կրպակ գնումներ կատարելու նպատակով։

Վաճառողները երկուսն են։ Երկու յաճախորդներ էլ կան։ Խօսում են իրար հետ։ Սպասում եմ իմ հերթը գայ։

.- Հայաստանում դիզելի մասնագետ չկայ, սուտ ա։
.- Ի հարկէ որ չկայ։ Իսկ ինչի՞ մասնագետ կայ։
.- Ոչ մի բանի մասնագետ էլ չկայ։

Միջամտում է միւս վաճառողը։
.- Կայ, կայ, մի բանի մասնագետ կայ, շատ լաւն էլ կայ։
.- Ինչի՞։
.- Կաշառակերութեան։
.- Հա էդ մէկին համաձայն եմ, դրանից վաբշէ շատ էլ ունենք, կարող ենք արտադրել։

Այդ պահին կարծես ինձ նկատեցին։
.- Դուք ի՞նչ էք ուզում։
.- Ինձ մի կիլօ...

Գնումներս կատարում եմ, դուրս եմ գալիս կրպակից ու մտածում եմ՝ իսկապէս Հայաստանում ոչ մի բանի մասնագետ չկա՞յ։ Ճի՞շտ են ասում այս մարդիկ։ Թէ՞ վատատես են։ Իսկ եթէ վատատես են, ի՞նչն է պատճառը այսքան դժգոհութեան ու վատատեսութեան։

Պինդ մնացէք։

Monday, January 18, 2010

ԴԱՍ ՏՈՒՈՂԻ ԾԻԾԱՂԵԼԻ ՎԻՃԱԿԸ

Սփիւռքի նախարարի այս արտայայտութիւնը հետաքրքիր է մի քանի առումով։

1.- Սփիւռքի նախարարը չի ասում, որ արձանագրութիւնների կապակցութեամբ բազմահազար Հայաստանահայերի կասկածները որտեղի՞ց են ակունք առնում։

2.- "Սփիւռքահայերը կասկածով են վերաբերւում Հայաստանի պետական մարմինների հաւաստիացումներին"։ Այն տպաւորութիւնն է թողնում, որ Հայաստանահայերը անխտիր հաւատում են Հայաստանի իշխանաւորներին։ Յետոյ ինչու՞ պիտի հաւատան։ Այն, որ օտարներին չպիտի հաւատան՝ պարզ է, իսկ այն, որ իշխանաւորները որեւէ բան չեն արել, որ հաւատք ներշնչեն՝ դա էլ պարզից պարզ է։

3.- Սփիւռքահայերը, ինչպէս մնացած բոլոր հայերը, եւ բոլոր մարդիկ այս աշխարհում ունեն մի բան, որը կոչւում է խելք։ Մարդիկ խելք ունեն, գրել կարդալ գիտեն, ի դէպ անգլերէն եւ կարողանում են արձանագրութիւնները կարդալ, ոչ մի քանի անգամ կատարուած հայերէն թարգմանութեամբ, այլեւ անգլերէն բնագրով ու վերլուծել։ Մարդիկ կարդում են ու իրենց կարդացածն են վերլուծում։ Հետեւաբար հաւաստիացումների պէտք չկայ, պէտք է ճիշտ գրել։ Իսկ եթէ մէկն ուզում է հիմք ընդունել բանաւոր հաւաստիացումները, այլ ոչ արձանագրութիւնները, դա այլ հարց է։

4.- Եւ հակառակ այն բանի, որ Սփիւռքի նախարարը փորձում է դաս տալ Սփիւռքահայերին չընկնելու թրքական լրատուամիջոցների թակարդը, ինքն է յայտնուել այդ վիճակում, ընկնելով թրքական պետական լրատուամիջոցների թակարդը ու սեպ խրելով Հայաստանի ու Սփիւռքի միջեւ։ Նախարարն իր ելոյթով ոչ թէ Հայաստանի ու Սփիւռքի միջեւ կամրջի դեր է խաղում, այլեւ ազգը յստակօրէն բաժանում է երկու մասի՝ Սփիւռքահայերի, որոնք դէմ են արձանագրութիւններին ու ընկել են թրքական լրատուամիջոցների թակարդը, եւ Հայաստանահայերի, որոնք կողմ են արձանագրութիւններին ու չեն ընկել թրքական լրատուամիջոցների թակարդը։ Նախարարին յիշեցնենք, որ Սփիւռքում էլ կան մարդիկ, որոնք կողմ են արձանագրութիւններին (տեսանիւթերը վերցնել Հ1-ից)։ Եւ Հայաստանում էլ կան բազմահազար մարդիկ, որոնք դէմ են արձանագրութիւններին (Youtube-ով տեսնել Հոկտեմբերի 9-ի ցոյցը Երեւանում)։

Պինդ մնացէք։

Friday, January 15, 2010

ԻՆՉՊԷՍ ԴԻՄԱՒՈՐԵՍ ՆՈՐ ՏԱՐԻՆ...

Իւրաքանչիւր Նոր Տարուն բազմաթիւ անգամներ լսում եմ հետեւեալ արտայայտութիւնը՝ "ինչպէս դիմաւորես Նոր Տարին, այդպէս էլ կանցկացնես ամբողջ տարին"։ Էլ ընկերական կերուխումների ժամանակ, էլ հեռուստաալիքներով, անընդհատ։

Այս արտայայտութիւնն ինձ մտածելու առիթ տուեց։ Ի՞նչ է դա նշանակում։ Մտածեցի, որ հաւանաբար այս արտայատութիւնը յորինողները եւ այն կրկնողները ուզում են ասել հետեւեալը, որ Նոր Տարին ուրախ դիմաւրէք, այդ պահին հոգսերն ու մտահոգութիւնները մի կողմ դրէք, որպէսզի ուրախ ու դրական լիցքերով սկսէք տարին, յոյսով որ այն այդպէս էլ կը շարունակուի։ Բայց սա իմ ենթադրութիւնն է եւ առնուազն ես, երբ խորանում եմ այդ արտայայտութեան իմաստի մէջ, գտնում եմ, որ այդ միտքը այլ աւելի ճիշտ ու դիպուկ ձեւով կարելի էր արտայայտել։

Յամենայնդէպս ամէն անգամ, երբ լսում եմ այդ արտայայտութիւնը մի քանի օրինակներ են գլաիս մտքումս, որոնք ծիծաղ են առաջացնում իմ մօտ։

"Ինչպէս դիմաւորես Նոր Տարին, այնպէս էլ կանցկացնես ամբողջ տարին"։ Այսինքն եթէ մէկը ամուրի է, պսակուած չէ, նշանուած չէ, ընկեր ու ընկերուհի էլ չունի ու Նոր Տարուայ գիշերը մենակ անց է կացնում տանը, համաձայն այս արտայայտութեան տրամաբանութեան էլ յոյս չպիտի ունենայ, որ այդ տարի ընկեր կամ ընկերուհի կը գտնի, կը նշանուի, կը պսակուի, աւելին՝ ամբողջ տարին մենակ կը մնայ տանը...

Եթէ Դեկտեմբերի 31-ի գիշերուայ ժամը 11:00-ին մէկի հարազատներից մէկը սրտի կաթուածից մահանում է, նշանակում է, որ քանի որ Նոր Տարին այդպէս են դիմաւորել, ապա այդ տանը ամբողջ տարին անընդհատ մարդ է մահանալու կամ այդ տանը ամբողջ մէկ տարի ուրախութիւն չի լինելու, ոչ ոք չմտածի նշանուելու, պսակուելու, երեխայ ունենալու մասին...

Կամ եթէ մէկի կինը ծննդաբերի Դեկտեմբերի 31-ի գիշերուայ ժամը 11:50-ին, այսինքն այդ տանը Նոր Տարին դիմաւորեն նոր երեխայի ծնունդով, արդեօք սա նշանակում է, որ յաջորդ տարի եւս այդ տանը երեխայ պիտի ծնուի։

Կամ եթէ մէկը Նոր Տարին դիմաւորի պարտքերով, արդեօք դա նշանակում է, որ ամբողջ տարին մնալու է պարտքերի մէջ, ու յոյս չպիտի ունենայ, որ յաջորդ տարի մարելու է պարտքերը, որովհետեւ ինչպէս դիմաւորես, այնպէս էլ կը շարունակուի...

Ճիշտն ասած այս արտայայտութիւնը չեմ սիրում, որովհետեւ հաւանաբար մի բան ուզել են ասել, բայց չի ստացուել ու մարդիկ էլ, չգիտես ինչու սկսել են կրկնել այդ չստացուած արտայայտութիւնը։

Լաւ մնացէք։

Wednesday, January 13, 2010

ՈՐՏԵՂԱՑԻ՞ ԵՍ (2)

Նախորդ "Որտեղացի՞ ես" գրութեանս արձագանքեցին մի քանի հոգի իրենց գրութիւններով եւ նաեւ անձամբ հանդիպման ժամանակ։

Մտածեցի, որ կամ ես հարցը լաւ չեմ բացատրել կամ ընթերցողները ուշադիր չեն եղել։ Հետեւաբար ուզում եմ կրկին անդրադառնալ այդ հարցին։ Խնդիրը վերաբերում է ոչ թէ նրան թէ մարդը ինչ ազգի է պատկանում՝ հայ է, ռուս է, հնդիկ է եւ այլն, այլ նրան թէ որ քաղաքից է։ Ոմանք ասում էին մարդը հայ է՝ ինչ կապ ունի Իրանահայ է թէ Հայաստանահայ։ Իմ հարցը դա չէր։

Հարցս հետեւեալն էր՝ եթէ մէկը օրինակ ծնուել ու տասներկու տարի ապրել է Գիւմրիում, յետոյ տեղափոխուել է Գորիս ու տասնըհինգ տարի ապրել է Գորիսում, յետոյ էլ տեղափոխուել ու տաս տարի ապրել է Երեւանում, "որտեղացի՞ ես" հարցին ի՞նչ պիտի պատասխանի՝ Գիւմրեցի է, Երեւանցի է թէ Գորիսեցի։

Ինձ հետաքրքրում է նաեւ նոյն հարցի թաղամասային տարբերակը, այլ խօսքով եթէ մէկը ծնուել ու տաս տարի ապրել է Երեւանի Աջափնեակ թաղամասում, յետոյ տեղափոխուել է Էրեբունի թաղամաս ու տաս տարի էլ ապրել է այնտեղ ու ի վերջոյ տեղափոխուել է Աւան թաղամաս ու տաս տարի էլ ապրել է այնտեղ, "որ թաղամասի՞ց ես" հարցին ի՞նչ պիտի պատասխանի՝ Աջափնեակցի է, Էրեբունցի է թէ Աւանցի։ Ընդհանուր պատասխանը պարզ է՝ Երեւանցի է։ Կարող է ասել նաեւ այն թաղամասի անունը, որտեղ այդ պահին ապրում է։ Սակայն իրականում նա որտեղացի՞ է։

Հարցս սա էր, որն ունի հասարակագաիտական եւ հոգեբանական ենթատեքստ։

Լաւ մնացէք։

Friday, January 1, 2010

ՇՆՈՐՀԱՒՈՐ

Շնորհաւոր Նոր Տարի եւ Սբ. Ծնունդ։

Թող 2010-ը լինի խելապտոյտ յաջողութիւնների տարի։

Թող իրականանան մեր երազանքները կամ գոնէ դրանց մի մասը։


Թող մեր եկրին ու աշխարհին տիրի խաղաղութիւն։

Թող առողջները մնան առողջ ու անառողջները առողջանան։

Թող...Մի խօսքով ամենայն բարիք...

Լաւ ու պինդ մնացէք։