Wednesday, February 28, 2007

ՍՓԻՒՌՔԱՀԱՅԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ (1)

- Պռիւէտ ապէր։
- Ինչու՞ ուշացար։
- Պռոպկա էր։
- Խալադենիկում մառոժնի կայ, կուտե՞ս։

Ցանկացած Սփիւռքահայ, որը գալիս է Հայաստան մշատական բնակութեան կամ այցելութեան համար, առաջին իսկ պահից լսելու է նմանատիպ բառեր, որոնք իր համար անհասկանալի են։ Այդ բառերը լայն օգտագործում ունեն, սակայն ցաւօք հայերէն չեն։ Դրանք օտարամուտ բառեր են, մեծաւ մասամբ՝ ռուսերէն։

Թիւրիմացութիւն չառաջացնելու նպատակով անմիջապէս պիտի ասեմ, որ ի հարկէ արտերկրում ապրող հայերն էլ իրենց բնակած վայրի ազդեցութեան ներքոյ, շատ թէ քիչ, օգտագործում են օտարամուտ բառեր։ Դժբախտաբար վերջին տարիներում քիչ չեն այն երիտասարդները, որոնք ոչ թէ անաղարտ հայերէն չեն խօսում, այլ ընդհանրապէս հայերէն չգիտեն։ Նրանց պարագան ամբողջութեամբ այլ է։ Չփորձելով արդարացնել պարագան պիտի ասեմ, որ դրա պատճառը ազգի գոյատեւման ու յարատեւման գրաւականն հանդիսացող հողում` այսինքն հայրենիքիում չապրելն է։

Հայաստանաբնակների պարագային դա բացատրւում է երկար տասնամեակներ Ռուսաստանի (Ցարական թէ Խորհրդային) կազմում լինելու, Ռուսաստանի հետ սերտ կապ ունենալու ու անընդհատ Ռուսաստան ճամբորդելու (ուսման, աշխատանքի թէ այլ), ուստի ռուսերէնի ուժեղ ազդեցութեան պատճառով։

Մինչեւ այստեղ թւում է ամէն ինչ հասկանալի է ու մեր կամքից անկախ՝ բնական։

Խնդիրը սակայն մտահոգիչ է դառնում այն ժամանակ, երբ տեսնում ենք, որ Հայաստանի անկախութիւնից 15 տարի յետոյ, ոչ միայն չեն պակսում այդ բառերը, այլ ընդհակառակն, իմ տպաւորութեամբ, էլ աւելի թափ է ստանում դրանց օգտագործումը։

Պատճառները մի քանիսն են, որոնց մասին կը գրեմ այլ առիթներով։

Յամենայնդէպս այդ բառերի չիմանալը երբեմն դժուարացնում է հաղորդակցութիւնը։ Որոշ դէպքերում էլ նոյնիսկ իմանալը, սակայն ճիշտ չարտասանելը ազդում է ապրանքների գների վրայ...

Ուստի կարծում եմ անօգուտ չի լինի ծանօթանալ այդ բառերից մի քանիսի հետ՝ հաղորդակցութիւնը հեշտացնելու, բայց ոչ թէ առկայ իրականութեան հետ յարմարուելու նպատակով։ Իրականութիւնը պիտի լինի այն, ինչ ամրագրուած է Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնում՝ "Հայաստանի Հանրապետութեան պետական լեզուն՝ հայերէնն է"։

1- Պռիւետ- Բարեւ
2- Պակա- Ցտեսութիւն
3- Մառշուտնի- Երթուղային մեքենայ
4- Պռոպկա- Խցանում (traffic)
5- Պաւառոտ- Շրջադարձ
6- Գայիշնիկ- Ճանապարհային ոստիկան
7- Վաբշչէ- Ընդհանրապէս
8- Վոբշէմ- Ընդհանուր առմամբ
9- Պռոստը- Պարզապէս
10- Մալադձեձ- Կեցցէ

Առայժմ այսքանն անգիր արէք, մնացածը յետոյ։

Բարեւներով՝

Monday, February 26, 2007

"ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆ ՄԻ ԴՐԷՔ ՀԱՅԻ ՈՒ ՀԱՅԻ ՄԻՋԵՒ "

Այսօր Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովը 66 կողմ, 5 դէմ եւ 1 ձեռնպահ քուէներով ընդունեց Երկքաղաքացիութեան մասին օրէնքը։

Յիշեցնենք, որ Ազգային Ժողովն ունի 131 պատգամաւոր եւ եթէ 66 կողմի փոխարէն լինէր 65, օրինագիծը չէր ընդունուի։

59 պատգամաւոր ներկայ չեն եղել Ազգային Ժողովում (131 - 72 = 59)

Ներկայ չեն եղել, որովհետեւ որեւէ լուրջ պատճառով չէի՞ն կարող մասնակցել ժողովին, ասենք օրինակ հիւանդանոցում վիրահատման են ենթարկուած եղել։

Ներկայ չեն եղել, որովհետեւ ընդհանրապէս նրանց չի՞ հետաքրքրում Ազգային Ժողովի աշխատանքներն ու ընդունուող օրինագծերը։

Ներկայ չեն եղել, որովհետեւ դէ՞մ են Երկքաղաքացիութեան մասին օրէնքին եւ չեն ցանկացել քուէարկութեան պահին ներկայ լինել Ազգային Ժողովում։

Առայժմ չգիտենք։
Իսկ ներկաներից "Համաձայնական" կառավարութեանը մաս կազմող ՄԱԿ-ը եւ ցեղակրօն, Նժդեհեան գաղափարախօսութեան հետեւորդ Հայաստանի Հանրապետական կուսակցութեան որոշ անդամներ դէմ են քուէարկել օրինագծին։

Ընդդիմութիւնը չի մասնակցել քուէարկութեանը, վերջերս ընդդիմութիւն դարձած "Օրինաց Երկիր"-ն էլ նոյնպէս։

Աշխարհին յայտնի է, որ երկքաղաքացիութեան մասին դրոյթը նախ ամրագրուեց Սահմանադրութիւնում, յետոյ էլ օրինագծի նախագիծը ներկայացուեց Ազգային Ժողովին ու հիմա էլ ընդունուեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան սկզբունքային ու հետեւողական մօտեցման ու աշխատանքի շնորհիւ։ Վարձքներդ կատար պիտի ասել ընկերներին։

Սակայն քուէարկութեան վերոյիշեալ պատկերը եւ Ազգային Ժողովում հնչած ելոյթներն ու լրատուամիջոցներով արտայայտուած մտքերը իրօք հայ մարդուն ու յատկապէս նրան, ով իր անուան հետեւից քարշ է տալիս Սփիւռք բառը, այսինքն Սփիւռքահայերին լուրջ ու խոր մտածելու տեղ է տալիս։ Մտածել այն մասին, թէ ինչու՞ ոմանք (որոնց թիւը ցաւօք քիչ էլ չէ) տարբերութիւն են դնում հայի ու հայի միջեւ։

Վարձքներդ կատար ընկերներ։

Յ.Գ.1.- Անցեալ շաբաթ կարդացի հարցազրոյց գրող, նկարիչ` Աղասի Այուազեանի հետ, որտեղ նա յորդորում էր "Տարբերութիւն մի դրէք հայի ու հայի միջեւ"։ Ձեւակերպումը տպագրուեց մտքիս մէջ ու այս գրութեանս վերնագիրն էլ հէնց դա է։

Յ.Գ.2.- Հ.Հ.Շ.-ն էլ այսօր մէկ անգամ նորից ու այս անգամ կուսակցութեան փոխնախագահ Անդրանիկ Յովակիմեանի միջոցով յայտարարեց, որ երկքաղաքացիութիւնը վտանգ է Հայաստանի անվտանգութեանը։ Հետաքրքիր զուգորդութեամբ Թուրքիան էլ յայտարարել է, որ Հայաստանի կողմից երկքաղաքացիութեան մասին օրէնքի ընդունումը վտանգ է Թուրքիայի անվտանգութեանը։ Մէկը պիտի հհշականներին յիշեցնի, որ Հայաստանում իրենց ներկայութիւնն է վտանգ Հայաստանի անվտանգութեանը։

Sunday, February 25, 2007

ՔԱՇԱԹԱՂ (2)

Ի շարս այլ գիւղերի, Քաշունիկ գիւղում էլ որոշեցի հանդիպել մեր երիտասարդական խմբին։
Ինձ ուղղորդեցին մի ընկերոջ բնակարան, որտեղ տեղի պիտի ունենար հանդիպումը։

Բնակարանը երկու յարկանի էր։
Ի հարկէ Քաշաթաղի մասին գրելիս մեծ ջանք եմ թափում բառերն իսկապէս տեղին օգտուել, որովհետեւ օրինակ` երբ ասում եմ բնակարանը երկու յարկանի էր, ընթերցողի մտքում պատկերւում է մի ինչ որ քաղաքում կամ գիւղում իր տեսած երկյարկ բնակարաններից մէկը՝ առաւելագոյնը վատ վիճակում։ Սակայն այն ինչ կոչւում է բնակարան այդ վայրերում՝ պարզապէս աւերակի նման մի բան է։ Դրան աւելացրէք` անջուր, անէլեկտարականութիւն, անգազ ու անհեռախօս վիճակը։

Ինձ տարան բնակարանի երկրորդ յարկը։ Առաջին յարկի առաստաղի գերանների միջից՝ երկրորդ յարկից երեւում էր առաջին յարկը։ Երկու յարկերի պատուհանները ապակի չունէին, այլ ծածկուած էին թափանցիկ պաստառով (Nylon)։

Մէկ ժամից աւելի սպասեցի մինչեւ հաւաքուեցին գիւղի մեր խմբի երիտասարդները։ Պատճառն այն էր, որ տներն իրարից հեռու էին ու մինչեւ գնային խմբի անդամներին մէկ մէկ լուր տային, որ հանդիպում կայ ու երիտասարդներն էլ իրենց գործը վերջացնէին (կամ էլ կիսատ թողնէին) ու հաւաքուէին՝ ժամանակ կը տեւէր։

Սկսեցինք հանդիպումը։ Մի քիչ անցաւ ու մէկ էլ տան դրսից գոռում գոչիւն լսուեց։ Ընդհատեցինք հանդիպումը եւ մօտեցանք պատուհանին, որպէսզի նայենք դուրս ու տեսնենք ինչ է պատահել։

Պարզուեց, որ մի օձ ուզեցել է մտնել տուն եւ տան հայրը, որն առաջին յարկում նստած էր, տեսել է նրան ու տնից դուրս գալով փորձում է օձին սպանել փայտով։ Մենամարտն աւարտուեց տան հօր յաղթանակով։ Բացի այդ չէր էլ կարող լինել, նա արդէն այնքան օձ ու տեսակ տեսակ կենդանիներ էր սատկացրել, որ այդ աշխատանքը կատարում էր արհեստավարժօրէն։

Այս ամբողջը ես նկարեցի իմ լուսանկարչական տեսախցիկով։

Այդ վայրերում հայ ընտանիքներ են ապրում։ Նրանց երեխաները դաս են սովորում։ Երիտասարդներն ամուսանանում են ու երեխայ ունենում։

Այդ վայրերում ոչ դպրոց կայ, ոչ եկեղեցի, ոչ էլ հիւանդանոց։

Ի տես այս ամբողջի ես չգիտէի այդ երիտասարդների հետ ինչի մասին խօսել։

Լաւ մնացէք։

Thursday, February 22, 2007

ՔԱՇԱԹԱՂ (1)

Այսօր հանդիպեցի Քաշաթաղի (Լաչին) բնակիչ մեր ընկերներից Ս.Թ.-ին։ Միասին ճաշեցինք։
Ահաւոր, շատ տխուր բաներ էր պատմում Քաշաթաղի վիճակից, որոնք արդիւնքն են վերաբնակեցման առընչութեամբ իշխանութեան վարած սխալ, անհետեւողական եւ անյայտ քաղաքականութեան։

Գրի չեմ առնում նրա պատմածները։
Բայց քանի որ նրա պատմածներն իմ մօտ վերարթնացրեցին յուշեր կապուած Քաշաթաղի հետ, կը գրեմ տեսածներիցս մի քանիսը։

2002 թուականի Յունիսին այցելեցի Քաշաթաղ։ Այցելութեանս նպատակն էր հանդիպել մեր երիտասարդական խմբերին։

Եղայ նաեւ Քաշաթաղից երկուս ու կէս ժամ հեռաւորութեան վրայ գտնուող երեք գիւղերում՝ Այգեստան, Գետամէջ եւ Քաշունիկ։

1.- Նախ նշեմ, որ ամբողջ ճանապարհի երկու կողմերում զետեղուած էին ցուցանակներ, որոնք զգուշացնում էին անցորդներին, որ մեքենայից իջնելու դէպքում չխորանալ ճանապարհի երկու կողմերում, որովհետեւ տարածքը ականապատուած է։

Ինձ պատմեցին, որ պատահել է, երբ այցելուները մեքենան պահել են բնական կարիքները հոգալու համար եւ հազիւ մեքենայից 1 մետր հեռացած, ոտ են դրել ականի վրայ ու զոհուել պայթիւնից։

2.- Հանդիպեցի մի փոքր աղջկայ, 5-6 տարեկան կը լինէր։
Այդ աղջկայ մարմինը օձի խայթոցի նկատմամբ իմունիտետ (Immunity) էր ձեռք բերել։ Պարզուեց, որ օձը մի քանի անգամ խայթել է փոքր աղջկան։ Աղջկան չեն կարողացել հասցնել բժշկի, քանի որ մօտակայքում որեւէ հիւանդանոց կամ նոյնիսկ բուժկէտ չկայ։ Այդ տարածքում օձի խայթոցից մարդիկ են մահացել, սակայն այս դէպքում փոքր աղջկայ մարմինը դիմադրութիւն է ցոյց տուել եւ ժամանակի ընթացքում իմունիտետ ձեռք բերել խայթոցի նկատմամբ։

3.- Այն վայրերը, որ ես այցելեցի ոչ էլեկտրականութիւն կար, ոչ գազ, ոչ հեռախօս եւ ոչ էլ խմելու ջուր։ Ինձ մի պահ թուաց, որ ժամանակը այդ վայրերում մի քանի հազար տարի յետ է գնացել։

21-րդ դար, Հայաստան աշխարհ ու նոյնիսկ խմելու ջուր չկայ։

Հարցրի բնակիչներին "Բա խմելու ջուր ի՞նչ էք անում"։ Պատասխանեցին "Մօտակայքում մի աղբիւր կայ, այնտեղից ենք բերում"։

4.- Քանի որ շրջանը աշխարհից կտրուած էր, հետաքրքրուեցի թէ ինչպէս են քաղաք (հասկացիր Լիաչին) գնում։ Պարզուեց, որ վերաբնակեցուածնեից մէկն ունի մի հանրակառք (Autobus), շաբաթը մէկ անգամ՝ չորեքշաբթի օրերը գիւղից գիւղ անցնելով գնում է քաղաք եւ ցանկացողները` վճարելով, նրա հետ քաղաք են գնում։ Իսկ եթէ մէկն այդ պահին չհասնի հանրակառքին, ապա պիտի սպասի, որ կամ մի այցելու գայ գիւղ, որպէսզի նրա հետ քաղաք գնայ կամ էլ պարզապէս սպասի միւս չորեքշաբթի օրուան։ Չմոռանամ աւելացնել, որ հանրակառք ասածը, այնքան որ ես տեսայ, Ստալինի ժամանակներից ժառանգութիւն մնացած երկաթի կտորի նման մի բան էր` տակը մի քանի անիւ դրած։

Լաւ մնացէք։

Tuesday, February 20, 2007

ԹԷ ԻՆՉՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ ԼԱՒ ՏԵՂ ՉԻ

Ընկերոջս մայրը Երեւանից վերադառնում էր Լոս Անջելես։

Ընկերս, որպէսզի մինչեւ օդանաւակայան մենակ չգնայ-գայ, ինձ խնդրեց նրանց ընկերակցեմ։ Գնացի։ Վերադարձին երկուսով խօսում էինք դէսից-դէնից, երբ մեր խօսակցութեանը միացաւ մեքենավարը։ 35-40 տարեկան կը լինէր։

- Ամերիկայի՞ս ես։ - Հարցրեց ընկերոջս։
- Այո։ - Պատասխանեց ընկերս։
- Կեանքն ինչպէ՞ս է այնտեղ։
- Նայած։ Վատ չի։ Ինչու՞։
- Ախպէր ջան սաղ* սուտ ա։ Մարդու հայրենիքից լաւը չկայ։
- Կեցցէս։ Գո՞հ ես աշխատանքիցդ։
- Լաւ ա ապէր, էնքան դուրս գալիս ա, որ ընտանիք պահենք։
- Լաւ ա, ուրախ եմ։

Ու երեքով շարունակեցինք խօսակցութիւնը տարբեր նիւթերի մասին։

- Ո՞ր քաղաքում ես ապրում։ -Հարցրեց մեքենավարը։
- Լոս Անջելեսում։ Եղե՞լ ես։
- Չէ չեմ եղել։ Ախպէրս ա էնտեղ ապրում։
- Գո՞հ ա կեանքից։
- Փառք Աստծոյ, գոհ ա։
- Չես մտածե՞լ գնալ մօտը։ -Հարցրի ես։
- Ճիշտն ասած երկու անգամ համարս հրաւէր ա ուղարկել, դիմել եմ դեսպանատուն` մերժել են...

Ահա այդ պահին ես հասկացայ, որ ինչու Ամերիկան լաւ տեղ չի ու սաղ սուտ ա ու հայրենիքից լաւը չկայ...

* Սաղ = Ամբողջ։

Monday, February 19, 2007

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

1.- Նախ շնորհակալ եմ բոլոր այն ընկերներին, որոնք հեռախօսով, էլեկտրոնային նամակներով կամ էլ անձամբ հանդիպելիս իրենց տեսակէտն են արտայայտել այս կայքէջի կապակցութեամբ։ Երկու խօսքով ասեմ, որ ընդհանուր առմամբ գնահատւում են գրելու ոճը, ընտրուած նիւթերը եւ այլն։ Առաջարկներ կան կայք էջի ձեւաւորումը փոխելու եւ այն աւելի ճոխացնելու մասին։ Ես Weblog-երի տեխնիկական կողմի մասին շատ բան չգիտեմ։ Յամենայնդէպս կը փորձեմ տեղեկութիւններ ձեռք բերել եւ տեսնել ինչ կարելի է անել։ Եթէ յստակ առաջարկներ կան՝ սիրով կը լսեմ։

2.- Որոշներն առաջարկում են գրել ամէն օր։ Անկեղծ ասած, երբ որոշեցի սկսել այս կայք էջը` լաւապէս գիտակցում էի, որ այն ինձնից խլելու է բաւականին ժամանակ։ Որովհետեւ թէ պիտի որոշել ինչի մասին գրել, թէ գրել, թէ ստուգել գրածը, թէ յետոյ միանալ համացանցին ու ահա այս պահից չգիտես ինչ է լինելու (Օրինակ մի երկու օր առաջ փորձեցի միանալ համացանցին ու չեղաւ։ Մտածեցի ժամանակս աւարտուել է։ Երբ միւս օրը կապուեցի սպասարկող ընկերութեանը, պատասխանեցին որ, "Երեկ գիշեր կապը երկու ժամով ընդհատուել էր։" Ի՞նչ անես։) եւ այլն։ Ու քանի որ 24 ժամուայ ընթացքում սա իմ միակ գործը չէ, ուստի դժուարանում եմ ամէն օր գրել։ Ամէն օր գրելը շատ ժամանակ է խլելու եւ չգիտեմ կը կարողանամ դա անել թէ ոչ։

3.- Սոյն կայք էջն ստեղծելու նպատակներից մէկը, ինչպէս գրել եմ առաջին գրութեանս մէջ, մտքերի փոխանակութեան միջավայր առաջացնելն է։ Այն, որ որոշները հեռախօսում են կամ անձամբ հանդիպում եւ արտայայտւում կայքէջի մասին, նշանակում է ընթերցող կայ եւ գրածը ջուրը չի թափւում։ Բայց շատ աւելի լաւ կը լինէր, եթէ կայք էջն այցելուներն իրենց տեսակէտները գրէին արծարուած նիւթերի մասին, որպէսզի կարողանայինք լսել համակարծիք ու տարակարծիք մարդկանց տեսակէտներն ու մտքեր փոխանակել։

4.- Մի երկու ընկեր էլ հարցրել են թէ արդեօք կարելի է այս կայքէջի մասին տեղեակ պահել ուրիշներին։ Պատասխանը յստակ է՝ ի հարկէ, այո։ Սա համացանցային բաց էջ է եւ իմ կողմից որեւէ սահմանափակում չկայ, թէ ով կայցելի այն։

Լաւ մնացէք։

Sunday, February 18, 2007

ԱՄԲՈԽԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻՑ (3)

Ազգային Ժողովում երկքաղաքացիութեան մասին օրէնքի քննարկումների ժամանակ, Ազգային Ժողովի պատգամաւոր, ամբոխավար, ներկայիս ընդդիմադիր՝ Վիկտոր Դալլաքեանն էլ իր շարս այլոց ելոյթ ունեցաւ, մասնաւորապէս նշելով, որ "Չենք կարող թոյլ տալ Սփիւռքի 7 միլիոնը որոշի Հայաստանի 3 միլիոնի ճակատագիրը"։

Կեանքում ամէն ինչ չափ ու սահման ունի, դրանցում նաեւ ամբոխավարութիւնը։

Բացատրեմ.-

1.- Այս նախադասութիւնը լսելուց յետոյ հետաքրքրուեցի իմանալ, որ քանի Սփիւռքահայեր են անցնող 15 տարուայ ընթացքում դիմել ստանալու Հայաստանի 10 տարուայ յատուկ կեցութեան անձնագիր։

Պարզուեց 9000 ու մի քիչ։ Այլ խօսքով Սփիւռքի 7 միլիոնից 10000-ից պակասն է դիմել ստանալու անձնագիր։

Յիշեցնեմ, որ անձնագիրը ստանում են 300-350 ԱՄՆ դոլար վճարելով։ Անձնագիրն ունեցողը կարող է առանց մուտքի արտօնագրի (Visa) մտնել Հայաստան, ապրել 10 տարի, հողատարածք գնել եւ այլն։ Այն՝ ստացողին առանձնայատուկ պարտաւորութեան տակ չի դնում, մինչդեռ երկքաղաքացիութիւն ընդունողները մտնում են որոշակի պարտականութիւնների տակ՝ զինուորական ծառայութիւն եւ այլն։

Այսինքն 10000-ից աւելի քիչ Սփիւռքահայեր են ցանկացել ստանալ որեւէ պարտաւորութիւն նրանց չպարտադրող Հայաստանի 10 տարուայ յատուկ կեցութեան անձնագիր։ Ուրեմն ի՞նչ հաշուարկից ու ի՞նչ տրամաբանութիւնից է այն միտքը (աւելի ճիշտը սարսափը), որ եթէ օրէնքն ընդունուի, մէկ էլ 7000000 հոգի կըստանան երկքաղաքացիութիւն ու կսկսեն որոշել մնացածի ճակատագիրը։

Պարզ է՝ խօսքը ամբոխավարութեան մասին է։

Մթնոլորտ ստեղծել, ջուր պղտորել եւ փորձել ձուկ որսալ։

2.- Բազմաթիւ Սփիւռքահայեր կան, որոնք Հայաստանի անկախութիւնից յետոյ հաստատուել են Հայաստանում եւ հակառակ այն իշխող մտայնութեան, որ միայն ունեւոր Սփիւռքահայերն են Հայաստան տեղափոխւում, անձամբ կարող եմ ցոյց տալ բազմաթիւ Սփիւռքահայ ընտանիքներ, որոնք նիւթապէս լաւ վիճակում չեն եղել ու եկել են Հայաստան եւ կամ էլ լաւ վիճակով եկել են ու մեղմ ասած տապալուել, բայց եւ այնպէս շարունակում են մնալ Հայաստանում։

Ունեւոր թէ չունեւոր միեւնոյնն է, նրանք բոլորն էլ այսօր Հայաստանաբնակ են։ Օգտւում են նոյն ջրից (որը երբեմն խառնւում է կոյուղու հետ ու մարդ տան ջրի ծորակը բացելիս ստանում է դեղին գոյնի մի բան, որը չգիտես ջուր է թէ ...), վճարում են նոյն գազի ու հոսանքի սակագինը, օգտւում են նոյն ասֆալտից ու երթուղայինից, ապրում են աղբով կուտակուած նոյն բակում, օգտւում են նոյն "Արմենտել"-ի ու համացանցայի անորակ կապից եւ այլն եւ այլն։ Ի՞նչ տրամաբանութեամբ է կարելի զրկել այդ մարդկանց Հայաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլեւայլ կեանքին լիարժէք մասնակցելուց։

Թէ կարո՞ղ է որոշ պատգամաւորներ վախենում են, որ եթէ Հայաստան տեղափոխուած ու տարիներ ապրած Սփիւռքահայերը, իրենց թեկնածութիւնը առաջադրեն Ազգային Ժողովի ընտրութիւններում, ժողովուրդը նրանց կը վստահի իր քուէն ու ոչ թէ անբան ու ամբոխավար որոշ պատգամաւորների։

3.- Եղել է մէկ անգամ այդ պատգամաւորներից որեւէ մէկը ինքն իրեն հարցնի ինչու՞ Հայաստանում ծնուած ու մեծացած, դպրոց գնացած ու սիրահարուած, ընտանիք, բարեկամ, ընկերներ, շրջապատ, յուշեր ու հարազատների գերեզման ունեցող մարդը, մէկ էլ որոշում է թողնել Հայաստանն ու գնալ օտարութիւն։ Եղե՞լ է։

Մարդիկ փախնում են անարդարութիւնից։ Այն անարդարութիւնից, որի մէջ դերակատար են եղել ու են նաեւ այսօրուայ որոշ պատգամաւորներ։

Ուրեմն այդ ի՞նչ առասպելական հաշուարկ է, որ օրէնքը կընդունուի ու մէկ էլ 7000000 հոգի հերթ կը կանգնեն Արտաքին Գործոց նախարարութեան առջեւ` երկքաղաքացիութիւն ստանալու ու երկրի ճակատագիրը ճշտելու համար։

Ի դէպ թէեւ այդպէս չի լինելու, բայց եթէ լինէր վատ էլ չէր լինի, միգուցէ այդ դէպքում արդարութիւնը վերադառնար մեր երկիր։

Մնացէք պայքարունակ։

Saturday, February 17, 2007

ԱՄԲՈԽԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻՑ (2) ԿԱՄ ԳԱՒԱՌԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹԵԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ

Երկքաղաքացիութեան մասին օրէնքի ընդունման կապակցութեամբ քննարկումները Ազգային Ժողովում իրօք արժանի էր տեսնելու։

Արժանի էր, որովհետեւ քննարկումները դիտողը մի կողմից ելոյթների ընդմիջից էլ աւելի էր կարող ծանօթանալ քաղաքական կուսակցութիւնների ու գործիչների աշխարհահայեացքին ու մօտեցումներին, ու միւս կողմից դրանց ընդմիջից էլ աւելի բացայայտել ելոյթ ունեցողների բուն էութիւնն ու հայի տեսակը։

Օրինակ, կարժէր տեսնել ներկայիս "համաձայնական" կառավարութեան մաս կազմող Հայաստանի Հանրապետական կուսակցութեան անդամ, ցեղակրօն, Նժդեհեան գաղափարախօսութեան հետեւորդ, Ազգային Ժողովի պատգամաւոր` Հերմինէ Նաղդալեանի ելոյթը` ԱԺ-ի ամբիոնից, թէ ինչ ոգեւորութեամբ էր տրամաբանում, թէ ինչու պիտի չընդունել Երկքաղաքացիութեան մասին օրէնքը։ Խօսք բանին հետեւեալն էր "Ու՞ր էին Սփիւռքահայերը ցուրտ ու մութ տարիներին"։

Մինչեւ պատգամաւորը գտնի իր հարցի պատասխանը, կարժէր մի քանի հարց տալ նրան։ Օրինակ՝

1.- Ու՞ր ես դու հիմա, երբ իրաքահայութիւնը կենաց ու մահու պայքար է մղում։ Ե՞րբ իրաքահայ ծնողը երեխային առաւօտ դպրոց է ուղարկում, վստահ չլինելով, որ նա երեկոյեան տուն կը վերադառնայ։ Չէ որ ամէն պահ կարող է զուհուել մի ինչ որ պայթիւնի հետեւանքով։

2.- Ու՞ր էիր դու, երբ Իսրայէլը ընդամէնը մի քանի ամիս առաջ ռումբ էր տեղում Լիբանանի գլխին (ընդորում պատգամաւորին կարժէ տեղեկացնել, որ Լիբանանում հայկական մեծ համայնք կայ Հայոց Ցեղասպանութիւնց մազապուրծ ազատուած)։

Ու՞ր ես դու հիմա, երբ Լիբանանահայութեան կեանքն է վտանգուած ներքին քաշքշուկների ու բախումների եւ ռումբերի պայթիւնի պատճառով։

3.- Ու՞ր էիր դու, երբ Իրանում յեղափոխութիւն եղաւ ու երկիրը ալեկոծուեց (ի դէպ պատգամաւորին կարժէ տեղեկացնել, որ Իրանում հայկական մեծ համայնք կայ)։ Ե՞րբ յեղափոխութեան առաջին տարիներին Իրանի իշխանութիւնը արգելեց հայոց դպրոցներում հայերէնի դասաւանդումը ու հայ աշակերտները դասադուլ յայտարարեցին ու ծնողները օրերով ու գիշերներով դպրոցից դուրս չգնացին բողոքելով իսլամական իշխանութեան որոշման դէմ ու ի վերջոյ՝ յաղթեցին։

4.- Ու՞ր էիր դու Իրան-Իրաք 8 տարուայ պատերազմի ժամանակ, երբ ռումբ էր տեղում ժողովրդի գլխին (կարիք կայ կրկնելու, որ Իրանում հայ համայնք կայ) ու հայ տղաներ էին նահատակւում ռազմաճակատում։

Կարելի է շարունակել հարցումները, բայց բաւարարուենք այսքանով, որովհետեւ միեւնոյնն է՝ գաւառական մտածողութիւն ունեցող մարդկանց հետ անօգուտ է խօսել համազգային հարցերի մասին, որովհետեւ պարզ է՝ տեսադաշտը չի հերիքում։

Մնացէք պայքարունակ։

Thursday, February 15, 2007

ԱՄԲՈԽԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻՑ (1)

Սա այսօր եմ կարդացել.-

"Ուրեմն՝ մեր խնդիրը շատ աւելի բարդ է եւ իր մէջ ներառում է զարգացման ու յառաջադիմութեան հայկական մոդելին անհրաժեշտ՝ երկակի խնդիրների լուծում, որոնց առանցքային նպատակը պիտի լինի հայ անհատների անհատական շահերի իրացման հաւասար հնարաւորութիւնները հասարակութեան անդամների զբաղմունքի ու կենսագործունէութեան ոլորտների դիֆերենցուած բազմազանութեան ձեւաւորման առաջադրանքի հետ զուգորդելու մեթոդաբանութիւնը։"

Կամ՝

"...այն առաջ է անցնում հասարակութեան ներքին դիֆերենցիացիայի, տեխնոլոգիական առաջընթացի եւ աշխատանքի բաժանման համակարգում բազմազանեցման գործընթացից, այսինքն աճում է նոյն 5, 6, 7 զբաղմունքն ունեցող եւ կենսաապահովման նոյն միջոցներից օգտուող "միանման մարդկանց" թիւը։"

Կուզէ՞ք շարունակեմ։

"Մարդկանց զբաղմունքի դիւերսիֆիկացումը, դիֆերենցիացիան եւ հետագայ մասնագիտացումը խորացնելու պայմաններում բնակչութեան աճը, յանգեցնելով նրա հետագայ դիֆերենցիացիային, կարող է պայմաններ ստեղծել բնակչութեան էլ աւելի աճի համար։"

Էլի շարունակե՞մ։

Կարծում եմ մէկը պիտի թարգմանի հայերէնի։

Սրանք հատուածներ են Ազգային Ժողովի պատգամաւոր, ամբոխավար, ներկայիս ընդդիմադիր` Վիկտոր Դալլաքեանի "Մեր ապագայի բանալիները" յօդուածից, որը տպագրուել է 2006 թուականի Նոյեմբերի 10-ին "Առաւօտ" օրաթերթում եւ իմ ձեռքն է ընկել մի քանի օր առաջ։

15 էջ է։ Մարդը 15 էջ գրել է, որպէսզի ասի.-

- Հայ մարդուն բնորոշ անհատականութիւնը՝ անհատապէս յաղթելն է։ Դրա համար էլ օրինակ շախմատում, որն անհատական խաղ է՝ յաղթում է, իսկ ֆուտբոլում, որը հաւաքական խաղ է` պարտւում է։
- Հետեւաբար Հայաստանի իշխանութիւնը պիտի ստեղծի համապատասխան միջավայր, որ հայ մարդը կարողանայ իրեն անհատապէս դրսեւորի, դրանով թէ մարդը լաւ ապրի ու թէ զարգացնի երկիրը։
- Այդ պարագային Հայաստանը 20 տարի յետոյ կունենայ 6 միլիոն բնակչութիւն։

Յօդուածում արծարծուած որոշ գաղափարների հետ կարելի է համաձայնել, որոշներինն էլ ոչ։ Օրինակ՝ եթէ հայ մարդուն բնորոշ է անհատական աշխատանքը, ապա ինչպէ՞ս բացատրել "Արարատ-73"-ի պարագան կամ ինչպէ՞ս բացատրել Արցախեան ազատամարտի յաղթական աւարտը։ Դրանք անհատական պայքարնե՞ր են եղել։

Սակայն այս գրութեանս նպատակը յօդուածում տեղ գտած գաղափարները վերլուծելը չէ, այլ լեզուն։

Հետաքրքիր է իմանալ, որ երբ կարելի է երկու խօսքով ու պարզ լեզուով մի բան ասել, ինչու՞ պիտի այդպիսի բառեր ու նախադասութիւններ օգտուել։ Արդեօ՞ք մի տեղից վերցուած նիւթ է, որը յօդուածի հեղինակը չմարսելով՝ նոյնութեամբ արտագրել է։

Իմ կարծիքով այսպիսի ոճով ոչ թէ բարդ միտք են արտայայտում, այլ փորձում են պարզ մտքերը քողարկել բարդ նախադասութիւնների ու բառերի յետեւում, դրանով փորձելով հեղինակութիւն վաստակել։ Ամբոխավարութեան մի ձեւ է, էլի։

Նրանք, ովքեր ցանկանում են յօդուածն անձամբ կարդալ, խնդրեմ`

http://www.aravot.am/2006/aravot_arm/November/10/p05.htm

Լաւ մնացէք՝

Tuesday, February 13, 2007

ՀԱՍՏԱՎԻԶՆ ՈՒ ՏՂԱՍ

Կոմիտաս պողոտայում կայ "Ճստիկ-Պստիկ" անունով մանկական հագուստի խանութ։

Կինս՝ տղայիս գրկած, ուզեցել է մտնել այդ խանութը։ Սառցակալած փողոցներում նոյնիսկ միայնակ քայլելը դժուար է, էլ ինչ մնացած մի երեխայ էլ գրկումդ։

1-1.5 մետր է հեռու եղել խանութի մուտքից, որ մէկ էլ մի Տոյոտա Պռադօ (Toyota Prado) փողոցից արագ մտել է մայթ ու մայթով քշելով պահել մանկական հագուստի խանութի մուտքի մօտ` պարզ է, վտանգելով անցորդների, ընդորում նաեւ կնոջս ու տղայիս կեանքը։

Մարդիկ իրար են նայել, նայել են մեքենային։ Ի՞նչ անել, ի՞նչ չանել։

Մեքենայից իջել է մի հաստավիզ ու լայնաբազուկ մարդ։

Ոչ ոք ոչ մի բան չի ասել։

Կինս էլ բան չասելով, շարունակել է քայլել ու մտել է խանութ։ Հետեւից այդ մարդը, որը պարզուել է՝ խանութի յաճախորդներից է ու եկել է գնումներ կատարելու։

Ու խանութ մտած-չմտած մարդը կնոջս ասում է.-
- Բա երեխային էսպէ՞ս դուրս կը բերեն։ Ինչու՞ ես քիչ շոր հագցրել։ Կը մրսի։ Բա՞ ձեռնոցը։
- Ձեռնոցը հագը չի պահում։
- Եաա՜, էդ էլ էլաւ պատասխան։

Կինս ապշած նայել է մարդուն։ Ի՞նչ ասի։

Փորձենք լուծել հանելուկը։
Հաստավիզը մի կողմից խախտում է կանոնը՝ վտանգելով մարդկանց կեանքը եւ միւս կողմից՝ մտահոգուած է մի անծանօթ երեխայի մրսել-չմրսելով, ընդորում ոչ միայն մտահոգուած է, այլ տիրոջ նման իրեն իրաւունք է վերապահում հարցաքննել երեխայի մօրը։

Մի կողմից մտածում եմ պիտի տխրեմ, որ մարդիկ կան, որ խախտում են օրէնքը ու միւս կողմից մտածում եմ պիտի ուրախանամ, որ մարդիկ կան, որ մտահոգւում են երեխաների կեանքով (թէեւ ի հարկէ այս դէպքում մարդը ճիշտ չի եղել)։

Մի կողմից մտածում եմ գնամ գտնեմ (ինչպէ՞ս) այդ հաստավզին ու ասեմ "ախր ով ես դու, որ քեզ իրաւունք ես վերապահում այդպէս խօսել ուրիշների կանանց հետ", ու միւս կողմից մտածում եմ, որ եթէ դեռ հաստավիզ-լայնաբազուկները հետաքրքրւում են անծանօթ երեխաների մրսել-չմրսելով, նշանակում է մեր երկրում ամէն բան դեռ կորած չէ։

Յամենայնդէպս կարծում եմ բախտ եմ բերել, որ հաստավիզը կնոջս չի ասել "Տուր ամուսնուդ հեռախօսահամարը` զանգեմ տեսնեմ սա ի՞նչ վիճակ է"։

Լաւ մնացէք։

Friday, February 9, 2007

ԸՆԿԵՐՎԱՐՈՒԹԻՒՆՆ ԱՄՆ-ՈՒՄ

Մի երկու օր առաջ կարդացի "Հասարակագիտական արդի տեսանկիւններ" գրքի "Ընկերվարական շարժումները" գլուխը, որտեղ հեղինակները վերլուծել են ԱՄՆ-ում ընկերվարութեան չզարգանալու պատճառները։ Գրքի հեղինակներն են Շերմանն ու Վուդը։

Համառօտ կերպով ասեմ, որ ըստ հեղինակների տեսակէտի՝ "Ընկերվարական" կուսակցութիւնը ԱՄՆ-ում յաջողութիւն չարձանագրեց հետեւեալ պատճառներով.-

1.- Աշխատաւոր դասակարգում առկայ էին ցեղային, ազգային, սեռային, աշխատանքի տեսակի ու եկամուտի չափի տարբերութիւններ։
2.- Մեծ չափերի աշխարհագրական տեղափոխութիւններ էին կատարւում ԱՄՆ-ում (ԱՄՆ-ի մի ծայրից միւսը)։
3.- Հողագործ բնակչութեան թիւը արագ պակսեց ու աշխատաւոր դասակարգը դանդաղ կազմուեց։
4.- Կենսամակարդակը բարձրացաւ։
5.- Ոչ ընկերվարական ուժերը իշխանութիւն հաստատեցին աշխատաւորական արհմիութիւնների վրայ։
6.- Ռուսական յեղափոխութիւնը բացասաբար ազդեց ժողովրդի վրայ եւ թուլացրեց "Ընկերվարական" կուսակցութեանը։
7.- Տարածուեցին հակաընկերվարական առասպէլներ, որոնք բխում էին ԱՄՆ-ի դրամատիրական համակարգի անհատապաշտական եւ բարեկեցութեան գաղափարներից։
8.- Աշխատաւորների պահանջների մի մասը ներառուեց "Ժողովրդավար (Democrat)" կուսակցութեան ծրագրում։
9.- Ընկերվարութիւնը վտանգ նկատելով՝ ԱՄՆ-ի պետական այրերը սկսեցին խոչընդոտել "Ընկերվարական" կուսակցութեան գործունէութիւնը։

Ինչու՞ գրեցի այս ամբողջը։

Որովհետեւ ասում են՝ "Ամենալաւ սովորելը՝ սովորեցնելու մէջ է" եւ "Կրկնութիւնը մայրն է գիտութեան"։ Այստեղ, ի հարկէ, նպատակը մէկին մի բան սովորեցնելը չէ, այլ սովորածը գրելով ու կրկնելով՝ չմոռանալը։

Բարեւներով՝

Wednesday, February 7, 2007

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ՈՒ ՄԵՐ ՓՈՂԵՐԸ

Եթէ այս յօդուածում http://www.hetq.am/arm/economy/0702-asargsyan.html տեղ գտած տեղեկութիւնը ճիշտ է (որի հաւաստիութիւնն ստուգելն ամերիկացիների համար ջուր խմելու նման բան է), ապա հետաքրքիր է իմանալ միջպետական հանդիպումների ժամանակ, եթէ ամերիկացիները մեր իշխանութիւններին հերցնեն "Դուք, որ այնպիսի պատգամաւորներ ունէք, որ մեր երկրում 3,5 միլիոն դոլարանոց բնակարան են գնում, էլ ի՞նչ էք մեր երկրում բարեգործ ման գալիս ու մեզ խնդրում ձեզ ռազմական օգնութիւն տալ ու ներառել հազարամեակի մարտահրաւէրների շրջագծում", մեր իշխանութիւններն ի՞նչ կը պատասխանեն։

Tuesday, February 6, 2007

ՄԵՐՈՆՑ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆԸ ՔՈՐՔՈՒՄ

Անցեալ Շաբաթ գիշերուայ (լոյս Կիրակի առաւօտ) ժամը 2։40-2։50 կը լինէր։ Քնած էի, երբ մէկ էլ բջջային հեռախօսս սկսեց զանգել։ Մտածեցի հաւանաբար մէկն էլի սխալ համար է հաւաքել։ Պատահել էր նախկինում, երբ այդ ժամի զանգում են։ Ասում եմ` "Այո", հեռախօսի միւս կողմից մի աղջիկ անուշ ձայնով հարցնում է "Տաքսի էք պատուիրե՞լ" կամ "Տաքսին տեղում է, մօտեցէք"։ Ի՞նչ պիտի ասեմ։

Վերցրի բջջայինս ու լսում եմ Յովնաթանի ձայնը՝ Քորքից։ Ժողովը միաձայնութեամբ (ինչպէս ինքն էր ասում 100 տոկոսով) ընդունել է Հրանտ Դինքի սպանութեան կապակցութեամբ բանաձեւ։ Ուրախ են ու առաջինն ինձ են տեղեկացնում։ Ուրախացայ բնականաբար։ Շնորհաւորեցի։ Երկար խօսեցինք։

Նրանք, ովքեր ծանօթ են բանաձեւի բովանդակութեանը` կը հաստատեն, որ այն բաւականին ծանր է ու դրա ընդունումը Խորհրդի ժողովի կողմից` իրաւամբ պիտի համարել մեր երիտասարդականի յաջողութիւնը։ Նման ժողովների մասնակցելու փորձ ունեցողները կը վկայեն, որ այդ տեսակ բանաձեւ հաստատել տալը` այնքան էլ հեշտ գործ չէ։

Յիշեցնեմ, որ Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութեան Համաշխարհային Խորհրդի ժողովը տեղի ունեցաւ Փետրուարի 1-3-ին՝ Քորքում (Իռլանդիա)։ Մեր երիտասարդականը մասնակցում էր երկու հոգով՝ Յովնաթանը՝ Գերմանիայից եւ Ովսաննան՝ Անգլիայից։ Ը.Ե.Մ.Մ.-ի մասին յաւելեալ տեղեկութիւններ ձեռք բերելու համար կարող էք այցելել www.iusy.org կայքէջը։

Այս ժողովին դժբախտաբար չկարողացանք Հայաստանից մէկին ուղարկել, որովհետեւ Իռլանդիան Հայաստանում դեսպանութիւն չունի։ Մուտքի արտօնագիր պիտի վերցնել Մոսկուայից, իսկ այնտեղից էլ այդքան դիւրին չէ։

Մեր պատուիրակութեան վարձքը կատար՝

Monday, February 5, 2007

Հ1-Ի ՆՈՐ ՀԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ

Հ.Հ. Նախագահի կողմից Ալեքսան Յարութիւնեանի վերանշանակումը Հանրային հեռուստառադիոընկերութեան խորհրդի կազմում վեց տարի ժամկէտով (http://www.yerkir.am/arm/index.php?sub=news_arm&id=28948) եւ նրա "վերընտրութիւնը" որպէս խորհրդի նախագահ, լուրջ մտահոգութեան առարկայ է։

Իմ կարծիքով (ու ոչ միայն իմ) Հ1-ն այսօր չի կատարում իր առաքելութիւնը։ Այն Հայաստանի առաջատար հեռուստաընկերութիւններից չէ։

Բերեմ մէկ օրինակ։
Հ1-ով ցրւում էր "Տանգոյի սիրահարները" հարաւամերիկեան սերիալը (ի դէպ այն սփռուել է երկու անգամ)։ Սերիալի հերոսը դպրոցի ուսուցիչ է, որը երիտասարդ ժամանակ սիրել է մի աղջկայ, որի հետ չի ամուսնացել, որն այժմ ամուսնացած է եւ ունի մէկ աղջիկ ու մէկ էլ տարիներ անց կրկին սիրային կապ է հաստատւում ուսուցչի ու նախկին ընկերուհու, այժմ արդէն սիրեկանի միջեւ։

Ուսուցիչն այդ ընթացքում սիրահարւում է իր աշակերտուհիներից մէկի վրայ ու այդտեղ էլ հաստատւում է սիրային (ու սեռային) կապ։

Ուսուցիչը սիրային (ու սեռային) կապի մէջ է մտնում նաեւ դպրոցի տնօրէնուհու հետ։

Մինչեւ այստեղ երեք սիրային-սեռային կապ միաժամանակ։

Շարունակե՞մ։

Սա սփռում է Հ1-ը։ Ճաշից յետոները 5-6-ին (այսինքն ճիշտ այն պահին, երբ երեխաները տանն են եւ արթուն են) եւ առաւօտներն էլ կրկնում է։

Կարիք կայ յիշեցնելու, որ հայութեան մօտ ուսուցչութիւնը սրբութիւն է համարւում։ Ուսուցիչը բանիմաց, գիտակից, զոհաբերող, ազգային արժէքներին հաւատարիմ, բարոյական մարդն է։ Չգիտեմ պատահել է Հ1-ի ղեկավարութիւնը մէկ անգամ ինքն իրեն հարցնի՝ ի՞նչ է նշանակում "Թարգմանչաց" տօն, այն որտեղի՞ց է եկել, քանի՞ տարուայ (կը ներէք դարուայ) պատմութիւն ունի։

Ի՞նչ է կատարւում այժմ։
Փորձում են փոխել արժէքները։ Նոր սերունդը պիտի իմանայ, որ ուսուցիչը ոչ թէ սուրբ է, այլ ընդամէնը սիրեկանների երամ պահող մի արարած։

Սա ընդամէնը Հ1-ի մէկ ծրագիրն է։
Խօսե՞մ այլ ծրագրերի մասին (այդ դէպքում պիտի գիրք գրեմ)։
Ու սրանք ցրւում են հեռուստաընկերութեան նախկին ու ներկայ նախագահի ժամանակաշրջանում։

Ինչու՞ այս քննադատութիւնը Հ1-ի նկատմամբ։ Որովհետեւ Հ1-ը լինելով հանրային-պետական հեռուստաընկերութիւն` ժողովրդինն է, մասնաւոր չէ, որ մէկն առնի ու ասի՝ "սա իմ հեռուստաընկերութիւնն է, ինչ ուզեմ կանեմ' (թէեւ այդ դէպքում էլ պարտաւոր է պահպանել հասարակութեան բարոյական չափանիշները)։ Հ1-ի բիւդջէն, որպէս հանրային հեռուստաընկերութիւն, գոյանում է հիմնականում քաղաքացիների հարկերից։ Հ1-ը դիտում են Հայաստանի բոլոր մարզերում։ Հ1-ը դիտում են Սփիւռքում։ Հ1-ը արտացոլում է պետութեան դիրքորոշումները։

Մնացէք պայքարունակ՝

Յ.Գ. Ի դէպ աւելացնեմ, որ ով ուզում է այդ պաշտօնն զբաղեցնել պիտի դիմում ներկայացնի ու Հայաստանի երեք միլիոն բնակչութիւնից Ալեքսան Յարութիւնեանը միակն է եղել, որ յայտ է ներկայացրել։

Saturday, February 3, 2007

ՍԱՐԳԻՍ-ԻՑ Ս

Այսօր Փետրուարի 3-ն է՝ Սբ. Սարգսի՝ այսինքն երիտասարդութեան ու սիրոյ հովանաւորի տօնը։ Այդ առիթով գրում եմ մի յուշ կապուած անուանս հետ։

Ինչպէս ընդունուած է հայ ընտանիքներում Սարգիս անունով երեխաներին Սաքօ են կանչում։ Յետոյ երբ Սաքօ-ն մեծանում է՝ տան մէջ ու ընկերական շրջապատում մնում է նոյն Սաքօ-ն, իսկ դուրսն արդէն Սարգիս։

Հայաստանում հաստատուելուցս որոշ ժամանակ անց, երբ արդէն մի քանի ընկերների հետ մտերմացել էի, մի օր ընկերներիցս մէկն ինձ կանչեց՝ Սաք։ Սկզբում զարմացայ, բայց բան չասացի։ Ուշադրութիւն դարձրի եւ նկատեցի, որ Սարգիս անունով մտերիմներին ոչ թէ Սաքօ, այլ Սաք են կանչում։ Նորութիւն էր։ Քիչ-քիչ դրան վարժուեցի։

Մի երկու տարի անց նոյնիսկ հարեւանիս տղան, որի հետ ընդամէնը բարեւ-Աստծոյ բարեւ ունէի, ինձ Սաք էր կանչում ու պարզ է, որ դա անմիջականութեան, հարազատութեան նշան էր։

Մի օր էլ տանը հիւրեր ունէինք, երբ մէկ էլ կինս դարձաւ ինձ ու կանչեց՝ Սա։ Այս մէկն արդէն ապշեցուցիչ էր։ Սարգիս, Սաքօ, Սաք, հիմա էլ Սա։ Բնականաբար այդ պահին բան չասացի, բայց յետոյ երբ հարցրի, որ Սա ինչ է նշանակում պատասխանեց, որ այդպէս էլ են ասում, չգիտէի՞ր։ Շատ ժամանակ չանցաւ, որ տեսայ ընկերներիցս ոմանք էլ ինձ Սա են կանչում։ Այս արդէն հաւանաբար չափազանց մտերմութեան ու հարազատութեան նշան էր։

Երբեմն մտածում եմ, եթէ այսպէս շարունակուի ինչ կը լինի։ Հաւանաբար շուտով Սարգիս-ից կը մնայ միայն Ս-ն, որն էլ կարտայայտի անսահման մտերմութիւն։ Պիտի պատրաստուեմ, որ շատ չզարմանամ։

Բարեւներով՝

Յ.Գ.։ Ամրան մի երեկոյ տանն էի, երբ լսեցի հարեւանուհուս ձայնը, որը չորրորդ յարկից կանչում էր բակում խաղացող իր տղային՝ ¨Սաքուլիկ, Սաքուլիկ, վերեւ բարձրացիր¨։ Պարզ է, որ Սաքուլիկ-ը շատ փոքր Սարգիս-ն է, աւելի ճիշտը այն Սարգիս-ը, որը դեռ այնքան չի մեծացել, որին Սաքօ կանչեն։ Բարեբախտաբար ինձ այդպէս երբէք չեն կանչել։

Friday, February 2, 2007

ՄԵՐՈՆՔ ՔՈՐՔՈՒՄ

Այսօրուանից Իռլանդիայի Քորք (Cork) քաղաքում սկսել է Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութեան Համաշխարհային Խորհրդի ժողովը։

Մեր երիտասարդականը երկու հոգանոց պատուիրակութեամբ մասնակցում է այս ժողովին՝ Ովսաննան՝ Անգլիայից ու Յովնաթանը՝ Գերմանիայից։

Ը.Ե.Մ.Մ.-ին անդամակցում են 143 երիտասարդական միութիւններ՝ աշխարհի 100 երկրներից։

Վերջին՝ 2004 թուականին գումարուած Համաշխարհային Խորհրդի ժողովում, որը տեղի ունեցաւ Չիլիի մայրաքաղաք Սանտիագոյում, ընդունուեց Հայոց Ցեղասպանութիւնը պաշտօնապէս ճանաչող բանաձեւ։ Այդ ժողովին մենք մասնակցում էինք մէկ հոգով՝ Դամիանը՝ Արգենտինայից։

Իռլանդիայի ժողովը քննարկելու է Միութեան յառաջիկայ տարեշրջանի քաղաքական ուղեգիծը՝ "Տեղաշարժուող մարդիկ" ընդհանուր բնաբանով։ Ժողովը տեւելու է երեք օր։

Ը.Ե.Մ.Մ.-ի մասին հետաքրքրուողները կարող են այցելել այս կայքէջը՝ www.iusy.org , իսկ Քորքի մասին հետաքրքրուողներն էլ այս կայքէջը՝ http://www.world66.com/lib/map/handle?loc=europeireland

Յաջողութիւն մեր պատուիրակութեանը։