Wednesday, October 24, 2007

ԱՆՎԵՐՋ ԲՈՂՈՔՈՂ ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆ

Երեւանի փողոցներում այս օրերին մեծ տարողութեամբ շինարարական աշխատանք է կատարւում։ Փակել են “Բարեկամութիւն” մետրոյի հրապարակի մեծ մասը եւ կամուրջ են կառուցում, նորից քար ու քանդ են արել Կոմիտասի պողոտան ու նորոգում են, մայթեզրերն են սարքում, Խանջեան-Տիգրան Մեծ պողոտաների խաչմերուկում կամուրջ են կառուցում եւ այլն։

Այն, որ այս կառուցապատումների ընթացքում քաղաքում խցանումներ են առաջացել (ու առաջանում), այն որ օրինակ Կոմիտասի պողոտան անցնող երկու-երեք տարիների ընթացքում նորոգում ու նորոգում ու նորոգում են ու այդ նորոգութիւնը չի վերջանում, այն որ այս նորոգումների ընթացքում իշխանաւորները մեծ փողեր են, մեղմ ասած, ուտում` պարզ է (եւ անշուշտ այս վերջին պարագան, իմ կարծիքով, պատժի արժանի։ Դա այլ հարց է)։ Սակայն յամենայնդէպս քաղաքը բարեկարգւում է։ Սա անժխտելի է։

Հեռուստացոյցով սփռում են հարցազրոյց քաղաքացիների հետ ու հարցազրոյցին մասնակցած բոլոր քաղաքացիները դժգոհում են խցանումներից, քաղաքի վատ վիճակից ու ամէն մէկը մի բան է առաջարկում, այն էլ ոչ թէ սովորական առաջարկ, այլ մասնագիտական։ Ինչու՞ են այս փողոցը փակել, թող այն մէկը փակէին, ինչու՞ են մի քանի պողոտայի շինարարութիւնը սկսել միանգամից, թող մէկն անէին վերջացնէին, յետոյ միւսը, յետոյ էն մէկը, ինչու՞ այսպէս, ինչու՞ այնպէս։

Բողոքող հոգեբանութիւն ունեցող բնակչութիւն ունենք։ Ինչու՞ են ամէն ինչից բողոքում։ Հասկացանք, խցանումներ են լինում, դժուարութիւններ են առաջանում, փող են ուտում (սրան այն լուծում կայ), բայց չէ որ սրանք ժամանակաւոր երեւոյթներ են ու չի կարելի ժխտել, որ փողոցները բարեկարգւում են, նորոգւում են, նորերն են կառուցւում, վերջին հաշուով շահում է այսօրուայ ու վաղուայ բնակչութիւնը։

Համբերութիւն է պէտք։

Monday, October 22, 2007

"ՉԱՐԵՆՑ.ՅՈՒՇԵՐ ԵՒ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ" (2)

Անցնող օրերում կարդացի Վահան Նաւասարդեանի` “Չարենց. յուշեր եւ խորհրդածութիւններ” գիրքը։

Այն “Հ.Յ.Դ. Հրայր Մարուխեանի անուան գրադարանի մատենաշարի թիւ 1” հրատարակութիւնն է։

Գիրքը բաղկացած է չորս մասից։

1.- Յառաջաբանի փոխարէն։

2.- Նաւասարդեանի յուշերն ու խորհրդածութիւնները Չարենցի մասին։

3.- Նաւասարդեանի գրառումներն իր մօր մասին։

4.- Չարենցի “Հանգուցեալ Պարոնը կամ Պարոն Հանգուցեալը” պատմուածքը։

162 էջ է։ Տպագրուել է Երեւանում 2007 թուականին։ Տպաքանակը` 1000 օրինակ։

Նաւասարդեանի “Չարենց.յուշեր ու խորհրդածութիւններ” գիրքը առաջին անգամ տպագրուել է 1957 թուականին Կահիրէում, հեղինակի մահից յետոյ, երկրորդ անգամ 1962 թուականին` Թեհրանում։ Սա փաստօրէն երրորդ տպագրութիւնն է։

Հայաստանի Հանրապետութեան խորհրդայնացումից յետոյ` 1925 թուականի Փետրուարին, Նաւասարդեանն ու Չարենցը պատահականօրէն միաժամանակ գտնւում են Հռոմում, սակայն անտեղեակ են միմեանց այնտեղում գտնուելուն։
Մի միջնորդ, որը ճանաչում ու կապ ունի երկուսի հետ, կազմակերպում է նրանց իբր պատահական հանդիպումը։

Չարենցի “Հանգուցեալ Պարոնը կամ Պարոն Հանգուցեալը” պատմուածքը այդ հանդիպման նկարագրութիւնն է ու հեղինակի տպաւորութիւններն ու մտքերը Նաւասարդեանի ու Դաշնակցութեան մասին։ Նախքան Չարենցի Երեւան վերադառնալը` պատմուածքը տպագրւում է “Խորհրդային Հայաստան” թերթում։

Նաւասարդեանի “Չարենց. յուշեր ու խորհրդածութիւններ”-ն էլ վերլուծութիւն են Չարենցի ստեղծագործութիւնների ու դրանց ընդմիջից նրա մտորումների ու համոզումների մասին։ Օրինակ Նաւասարդեանն ապացուցում է, որ Չարենցը Ստալինին նուիրուած որեւէ բանաստեղծութիւն չունի եւ այն միակ բանաստեղծութիւնը, որ վերագրւում է նրան փաստօրէն կամ Չարեցնի մահուանից յետոյ է գրուել կամ էլ այն ժամանակ, երբ բանաստեղծը եղել է բանտում ու եթէ նոյնիսկ ինքն է գրել, ապա բոլշեւիկների ճնշման ներքոյ։

Գիրքը օգտակար է թէ գեղարուեստական գրականութեամբ ու Չարենցով հետաքքրքուողների համար, թէ քաղաքականութեամբ ու պատմութեամբ։

Լաւ մնացէք։

Saturday, October 20, 2007

ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹԻՒ՞Ն ԹԷ ...

- Անցեալ Չորեքշաբթի օրը “Ուրբաթ” ակումբում կայացած Կիրօ Մանոյեանի մամլոյ ասուլիսի ժամանակ, բացի “Երկիր Մեդիա” հեռուստաընկերութիւնից, այլ հեռուստաընկերութիւնների չմասնակցելը,

- “Դրօ”-ի գործով ձերբակալուած ու ցմահ բանտարկութեան դատապարտուած Արմէն Մնջոյեանի ու Արսէն Արծրունու հարցազրոյցները, որտեղ հնչել են Դաշնակցութեան մասին արտայայտութիւններ,

- Անցեալ շաբաթուայ ընթացքում Հ.Յ.Դ. Արցախի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցչին Արցախի Արդարադատութեան նախարար նշանակելն ու Կենտրոնական Կոմիտէի նախկին ներկայացուցչին ձերբակալելը,

Արդեօք պատահականութիւն են թէ՞ մի ինչ որ վատ բան են նախանշում Հայաստանի նախագահական ընտրութիւնների սեմին։

Friday, October 19, 2007

ՄՈՒԼՏԻՄԻԼԻՈՆԵՐԻ ԶԳԱՑՈՒՄՆԵՐԸ

Հանդիպեցի մուտլտիմիլիոնէր սփիւռքահայ ծանօթներիցս մէկին, որը Երեւանում քանի հարիւր հազար դոլարանոց բնակարան ունի ու այս ունի ու այն ունի ու … տարին ընդամէնը մի քանի ամիս է անցկացնում Երեւանում, այն էլ միայն տաք եղանակին, երբ հնարաւոր է սառը գարեջուր խմել բացօթեայ սրճարաններում ու նայել կարճ փէշ հագած աղջիկների ոտերին։

Մուլտիմիլիոնէր ծանօթս։ Լսել եմ վերադառնում ես Իրան։
Ես։ Այո։
Մուլտիմիլիոնէր ծանօթս։ “Ախր ես ինչպէս թողնեմ հեռանամ, ախր ուրիշ տեղ հայրէններ չկան”։

Ափսոս մէկը չկար այդ պահին ինձ լուսանկարէր։
Հազիւ զսպեցի զարմանքս` պոզ չհանելու համար։

Monday, October 15, 2007

ՄԵՐՆ Ա, ԷԼԻ, ՄԵՐԸ

1.- Այսօր անձնական գործով գնացել էի հեռախօսային սպասարկման կենտրոն` (Armentel)-ի գրասենեակներից մէկը։ Դռան առջեւ 30-40 հոգի մարդ էր հաւաքուած։ Հերթ էր։ Ի հարկէ ոչ կանոնաւոր հերթ, այսինքն շարք, որտեղ յայտնի է ով ումից առաջ է ու ով` ումից յետոյ, այլ խառը հերթ ու հրմշտոց։ Մտայ այդ ժխորի մէջ ու մէկ ժամ պայքարեցի մինչեւ հերթս հասաւ։ Այլ խօսքով ներս մտայ։

Դեռ չէի հասել այն գրասեղանի պաշտօնեային, որի հետ կապ ունէր իմ գործը, որ պաշտօնեաներից մէկը պահակներին ասաց, որ ժողովրդին ասէք` չսպասեն, համակարգիչները փչացան։ Բարեբախտաբար դա ինձ հետ կապ չունէր։

Կողքիս կինն ասաց` “Աստուած չանի, չգայ այն օրը, որ մի տաս օր ապրէք Եւրոպայում։ Այլեւս չէք կարող ապրել այս երկրում։ Սա խուլիգանների երկիր է։”

2.- Տղայիս հետ բակում քայլում էինք, երբ մեր շէնքի առաջին յարկի դռան առջեւում կանգնած երկու մարդկանցից մէկն ինձ հրամայական տոնով ասաց` “Եկ այստեղ”։ Սկզբում մտածեցի կարող է ինձ հետ չէ, ուշադրութիւն չդարձրի, բայց տեսայ աւելի բարձր տոնով ասաց` “Եկուր հոս, եկուր հոս”։ Գնացի։ Նրանցից մէկին ճանաչում էի, մեր շէնքի առաջին յարկի տանտէրն էր` տարիքով մի մարդ Իրաքից։ Հասայ թէ չէ մէկ էլ անծանօթ, 65-ի մօտ մարդը բարձր ու զայրացած տոնով ասաց` “Ասիկա երկի՞ր է։ Ասիկա երկի՞ր է։ Քարուքանդ է։ Տէր չունի։” Մի պահ շշմեցի։ Մի անծանօթ մարդ հրամայական ոճով կանչում է քեզ ու առանց որեւէ այլեւայլի յարձակողական ոճով հարցնում` “Ասիկա երկի՞ր է”։ Անմիջապէս կռահեցի, որ մի բանից դժգոհ է (վստահ չեմ միայն մի բանից)։ Ձեռքս մեկնեցի, բարեւեցի ու ներկայացայ։ Մտածեցի դա կօգնի, որպէզի մարդու զայրոյթն իջնի։

Մարդը շարունակեց` ”Հոս օրէնք չկայ։ Մեքենաները կը քշին վրադ։” Հարցրի` “Դուք որտեղի՞ց էք”։ Ասաց` այսինչ երկրից” (մի զարգացած երկիր այս աշխարհում)։ Ասացի` “իսկ այնտեղ ինչպէ՞ս է”։ Պատասխանեց` “ի՞նչ կըսէս։ Հոն օրէնք կայ, տէր կայ”։ Ասացի` “Լաւն է, վատն է, սա է մերը։ Ու երկրի քարուքանդ վիճակն ինձ չի մտահոգում, ինձ մտահոգում է այն, որ երկիրը տէր չունի, որ ծրագիր չկայ ու յայտնի չի, որ կողմից ենք գնում”։

Չերկարացնեմ։ Մի քանի րոպէ խօսեցի նրանց հետ։ Ենթադրեցի, որ հարեւանս, որն ինձ ճանաչում է ու գիտէ, որ կուսակցական եմ, իմ մասին ասել է իր այսինչահայ հիւրին։ Դժգոհ մարդն էլ թերեւս կարծում էր ես վերեւների հետ կապ ունէմ կամ էլ ես էլ եմ մեղաւոր այս վիճակի համար ու մտածել էր առիթը բաց չթողնել։

Տղաս վազեց մի քանի մետր այն կողմ։ Ես էլ յետեւից։Բռնեցի նրան, յետ դարձայ։Նրանք չկային։ Տուն էին մտել։

Ինչեւէ, կարեւորը հետեւեալն է։ Երկու դէպք երկու օրում։ Պատահական հայաստանահայ կինը, որ Հայաստանը համարում էր խուլիգանների երկիր եւ պատահական տղամարդ զբօսաշրջիկ հայը, որը այդքան դժգոհ էր Հայաստանից ու ինձնից էր պատասխան պահանջում։

Իրօք այդքա՞ն վատն է մեր երկիրը։ Չգիտեմ ինչու եմ ես այսքան սիրում այս երկիրը։ Կարո՞ղ է ես էլ եմ խուլիգան։

Թէկուզեւ խուլիգան, բայց սիրէք ձեր երկիրը։

Friday, October 12, 2007

ՊԱՏԱՀԵ՞Լ Է...

- Պատահել է տանը միայնակ ճաշելիս լինէք ու մէկ էլ այն սեղանը, որի վրայ ճաշում էք քաշուի մի կողմ ու ձեր պնակը ձեզնից կէս մետր տարածութիւն գտնի։ Ի՞նչ է պատահել։ Ձեր կինը տունը սրբում է ու հերթը հասել է այն սեղանի տակին, որի վրայ դուք ճաշում էք ու նա մեղմ ասած ձեզ չի նկատել։

- Պատահել է պառկած, աչքերը փակ, կիսաքուն վիճակում լինէք ու մէկ էլ մի զամբիւղ խաղալիք թափուի ձեր գլխին։ Ի՞նչ է պատահել։ Ձեր երեխան խաղալիքի զամբիւղը բերել է ձեզ մօտ ու այն դատարկելով ձեր գլխին` ձեզ հրաւրում է խաղալու։ Նա խաղընկեր է փնտրում։

- Պատահել է գիշերը մէկ ժամից աւելի նստէք համակարգչի առջեւ ու փորձէք միանալ համացանցին ու չմիանաք։ Վերջը յոգնէք ու նստէք բազկաթոռին մի քիչ շունչ քաշելու համար ու ձեր կինը այդ պահին մէկ անգամ, այո, ընդամնէը մէկ անգամ փորձի միանալ համացանցին ու …միանայ։

- Պատահել է ձեր կինը գնայ լոգանք ընդունելու ու ձեզ ասի “Երեխային զգոյշ եղիր”, ու դուք էլ պատասխանէք` “Շատ լաւ, սիրելիս” ու ընդամէնը երկու րոպէ յետոյ, այո, ճիշտ երկու րոպէ յետոյ ճիշտ ձեր գլխի յետեւից ամանի ջարդուելու ձայն գայ։ Ի՞նչ է պատահել։ Ընդամէնը երկու րոպէում խորասուզուել էք ձեր կայք էջի նիւթերը գրելու գործում ու երեխան խոհանոցի պահարանի միջից հանելով մի մեծ աման, բերել ու ճիշտ ձեր գլխի յետեւը, այլեւս չկարողանալով այն պահել, ցած է քցել ու …

- Պատահել է գիշերուայ ժամը երեքին ձեր երեխան, որը ձեր կողքին քնած է, քնից արթնանայ ու ասի` ”Ջուր եմ ուզում”, ու դուք մի բաժակ ջուր տաք նրան, որ խմի ու նա խմի մէկ կում ու մէկ էլ …բաժակը ձեռքից ընկնի ու ամբողջ մահճակալը մտնի ջրի տակ…

Շարունակեմ՞։

Կեանքը հէնց այս պահերով է գեղեցիկ ու հաճելի…

Լաւ մնացէք։

Thursday, October 11, 2007

2789 ԵՒ 106

1.- Այսօր սկսեց Երեւան-Էրեբունիի հիմնադրման 2789 ամեակի տօնակատարութիւնները։ Առաջինը կայացաւ Արամ Խաչատրեանի անուան օպերայի եւ բալետի դահլիճում։ Ուրախ ու լաւ կազմակերպուած հանդիսութիւն էր։ Այն դիտեցի ուղիղ եթերով։

Երկու հոգի` կոմպոզիտոր Մարտին Վարդազարեանն ու գրող-նկարիչ Աղասի Այուազեանը ստացան Երեւանի պատուոյ քաղաքացու կոչում։
Շատ լաւ, բովանդակալից ու սահուն արտայայտուեց Վարդազարեանը։ Նրան այդպէս խօսելիս չէի տեսել։ Կեցցէ։

Շնորհակալական խօսքում առաջին հերթին շնորհակալութիւն յայտնեց իր ծնողներին, որոնք նրան բախտ են շնորհել ծնուելու Երեւանում։ Մի պահ յիշեցի իմ տղային։ Նա ծնուել է 2005 թուականի Օգոստոսին, քաղաքամայր Երեւանում։ Յիշում եմ կնոջս յղիութեան վերջին ամիսներին, ինչպիսի ճնշում կար իմ եւ կնոջս վրայ, որպէսզի կինս վերադառնայ Իրան` այնտեղ ծննդաբերելու նպատակով։ Ու մենք երկուսով, անսասան, դիմակայեցինք այդ ճնշումներին ու ցարդ ուրախ ենք դրա համար։ Տեսնես տարիներ յետոյ տղաս էլ ուրախ կը լինի մեր այդ որոշման համար ու դա իր համար բախտ կը համարի թէ հակառակը։

Չգիտեմ ինչու՞ ընդամէնը երկու հոգու պատուոյ քաղաքացու կոչում շնորհեցին։ Ինչու՞ այդքան քիչ։

Հանդիսութեան գեղեցիկ մասերից էլ այն էր, որ բեմ էին հրաւիրում մարդկանց, որոնցով ու դրանց նման մէկ միլիոն ուրիշներով է Երեւանը շնչում։ Երթուղային մեքենայի վարորդի, փրկարարի, շինարարի, մետրոյի աշխատողի, ճարտարագէտի, շէնքի պահակի եւ այլք։ Լաւ էր։

Երեւանի հիմնադրման 2789 ամեակի առիթով, բացեցի ովկիանոսի այս կողմի ընկերներիցս մէկի ինձ նուիրած Զմմառ-ի գինին ու մենակ խմեցի ոչ աւել, ոչ պակաս` կէս շիշ։

2.- Երեկ Ամերիկայի Միացեալ Նահանգների Կոնգրեսի Արտաքին Յարաբերութիւնների Յանձնաժողովն ընդունեց Հայոց Ցեղասպանութեան ճանաչման կապակցութեամբ բանաձեւ, որն յայտնի է 106 բանաձեւ անուամբ։ Անշուշտ սա ուրախալի լուր է ու մեծ յաջողութիւն, որի համար շնորհաւորում եմ բոլոր նրանց, ովքեր այս ձեռքբերման մէջ դեր են ունեցել` յատկապէս ԱՄՆ-ի, ու նամանաւանդ Ուաշինգտոնի Հայ Դատի գրասենեաեակի իմ ընկերներին։ Վարձքներդ կատար։

Այս ընկերների աշխատանքն իրօք արժանի է գնահատանքի։ Ասում ենք Ուաշինգտոնի Հայ Դատի գրասենեակ ու մտածում ենք` տեսնես ինչ մեծ հաստատութիւն է, տեսնես քանի աշխատակից ունի ու ինչքան բիւդջէ։ Քչերն են իմանում, որ նրանք իրար վրայ չորս ու կէս հոգի են (չորս լիաժամ ու մէկ ոչ-լիաժամ աշխատող)։ Ու թէեւ թուով քիչ, սակայն որակով բարձր են, ու հայ իրականութեան մէջ մարմնացւմն են նուիրումի ու աշխատասիրութեան։ Երանի որոշ շրջանների կուսակցականները նրանցից օրինակ վերցնէին (ափսոս, որ այս երազս կը մնայ անիրականանալի)։

Լաւ մնացէք։

Wednesday, October 10, 2007

ԸՆԿԵՐԱՍԻՐՈՒԹԻՒՆ

1.- Հաճելի է, երբ առաւօտեան քնից հազիւ արթնացած (երբեմն էլ տակաւին տեղերի մէջ), հեռախօսը զանգում է, վերցնում ես ընկալուչն ու լսում ովկիանոսի այն կողմի ընկերներիցդ մէկի ձայնը, որը զանգել է քեզ ու 51 րոպէ խօսում ամէն ինչի մասին, կարեւորը` քեզ հոգեհարազատ նիւթերի ու հետաքրքրւում քո կեանքով` անշուշտ լաւ իմաստով։

3.- Խորհելի երեւոյթ է, երբ քաղաքամիջի ընկերներիցդ եւ ոչ մէկը շաբաթներով նոյնիսկ չի զանգում իմանալու ողջ ես թէ մեռած։

2.- Հաճելի է, երբ կէսգիշերուան հեռուստացոյց ես դիտում կամ գիրք ես կարդում ու հեռախօսը զանգում է, վերցնում ես ընկալուչն ու լսում ովկիանոսի այն կողմի ընկերներիցդ մէկի ձայնը, որը զանգել է քեզ` իմանալու ինչպէս ես ու 60 րոպէից աւելի խօսում տարբեր հետաքրքիր նիւթերի մասին։

Ընկերասէր մնացէք։

Յ.Գ. (1) Հետաքրքիր զուգադիպութիւն յայտնաբերեցի։ Փաստօրէն այնպէս է ստացուել, որ գիշերուան քնում եմ ովկիանոսի այն կողմից լսուող ձայնով ու արթնանում`ովկիանոսի այն կողմից լսուող ձայնով։

Յ.Գ. (2) Թիւրիմացութիւնների առաջն առնելու համար նշեմ, որ խնդիրը բացարձակապէս ովկիանոսի այն կամ այս կողմը չէ, այլ մարդկային ու ընկերական վերաբերումը։

Saturday, October 6, 2007

"ՉԱՐԵՆՑ.ՅՈՒՇԵՐ ԵՒ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ" (1)

Դժուար կը լինի իմ երթը հիմա,
Դուար ու դժնի, քան երբեւիցէ,
Եւ ճամփիս գուցէ օձերի նման
Ինձ արիւնոտէն ժանիքները ձեր -
Բայց պինդ է հոգիս…Ու ոչ մի ժանիք
Ինձ չի բաժանի իմ անդուլ դարից,
Ինչպէս ոչ մի ուժ ինձ չի բաժանի
Իմ շռնդալից, պայծառ քնարից…