Monday, October 15, 2007

ՄԵՐՆ Ա, ԷԼԻ, ՄԵՐԸ

1.- Այսօր անձնական գործով գնացել էի հեռախօսային սպասարկման կենտրոն` (Armentel)-ի գրասենեակներից մէկը։ Դռան առջեւ 30-40 հոգի մարդ էր հաւաքուած։ Հերթ էր։ Ի հարկէ ոչ կանոնաւոր հերթ, այսինքն շարք, որտեղ յայտնի է ով ումից առաջ է ու ով` ումից յետոյ, այլ խառը հերթ ու հրմշտոց։ Մտայ այդ ժխորի մէջ ու մէկ ժամ պայքարեցի մինչեւ հերթս հասաւ։ Այլ խօսքով ներս մտայ։

Դեռ չէի հասել այն գրասեղանի պաշտօնեային, որի հետ կապ ունէր իմ գործը, որ պաշտօնեաներից մէկը պահակներին ասաց, որ ժողովրդին ասէք` չսպասեն, համակարգիչները փչացան։ Բարեբախտաբար դա ինձ հետ կապ չունէր։

Կողքիս կինն ասաց` “Աստուած չանի, չգայ այն օրը, որ մի տաս օր ապրէք Եւրոպայում։ Այլեւս չէք կարող ապրել այս երկրում։ Սա խուլիգանների երկիր է։”

2.- Տղայիս հետ բակում քայլում էինք, երբ մեր շէնքի առաջին յարկի դռան առջեւում կանգնած երկու մարդկանցից մէկն ինձ հրամայական տոնով ասաց` “Եկ այստեղ”։ Սկզբում մտածեցի կարող է ինձ հետ չէ, ուշադրութիւն չդարձրի, բայց տեսայ աւելի բարձր տոնով ասաց` “Եկուր հոս, եկուր հոս”։ Գնացի։ Նրանցից մէկին ճանաչում էի, մեր շէնքի առաջին յարկի տանտէրն էր` տարիքով մի մարդ Իրաքից։ Հասայ թէ չէ մէկ էլ անծանօթ, 65-ի մօտ մարդը բարձր ու զայրացած տոնով ասաց` “Ասիկա երկի՞ր է։ Ասիկա երկի՞ր է։ Քարուքանդ է։ Տէր չունի։” Մի պահ շշմեցի։ Մի անծանօթ մարդ հրամայական ոճով կանչում է քեզ ու առանց որեւէ այլեւայլի յարձակողական ոճով հարցնում` “Ասիկա երկի՞ր է”։ Անմիջապէս կռահեցի, որ մի բանից դժգոհ է (վստահ չեմ միայն մի բանից)։ Ձեռքս մեկնեցի, բարեւեցի ու ներկայացայ։ Մտածեցի դա կօգնի, որպէզի մարդու զայրոյթն իջնի։

Մարդը շարունակեց` ”Հոս օրէնք չկայ։ Մեքենաները կը քշին վրադ։” Հարցրի` “Դուք որտեղի՞ց էք”։ Ասաց` այսինչ երկրից” (մի զարգացած երկիր այս աշխարհում)։ Ասացի` “իսկ այնտեղ ինչպէ՞ս է”։ Պատասխանեց` “ի՞նչ կըսէս։ Հոն օրէնք կայ, տէր կայ”։ Ասացի` “Լաւն է, վատն է, սա է մերը։ Ու երկրի քարուքանդ վիճակն ինձ չի մտահոգում, ինձ մտահոգում է այն, որ երկիրը տէր չունի, որ ծրագիր չկայ ու յայտնի չի, որ կողմից ենք գնում”։

Չերկարացնեմ։ Մի քանի րոպէ խօսեցի նրանց հետ։ Ենթադրեցի, որ հարեւանս, որն ինձ ճանաչում է ու գիտէ, որ կուսակցական եմ, իմ մասին ասել է իր այսինչահայ հիւրին։ Դժգոհ մարդն էլ թերեւս կարծում էր ես վերեւների հետ կապ ունէմ կամ էլ ես էլ եմ մեղաւոր այս վիճակի համար ու մտածել էր առիթը բաց չթողնել։

Տղաս վազեց մի քանի մետր այն կողմ։ Ես էլ յետեւից։Բռնեցի նրան, յետ դարձայ։Նրանք չկային։ Տուն էին մտել։

Ինչեւէ, կարեւորը հետեւեալն է։ Երկու դէպք երկու օրում։ Պատահական հայաստանահայ կինը, որ Հայաստանը համարում էր խուլիգանների երկիր եւ պատահական տղամարդ զբօսաշրջիկ հայը, որը այդքան դժգոհ էր Հայաստանից ու ինձնից էր պատասխան պահանջում։

Իրօք այդքա՞ն վատն է մեր երկիրը։ Չգիտեմ ինչու եմ ես այսքան սիրում այս երկիրը։ Կարո՞ղ է ես էլ եմ խուլիգան։

Թէկուզեւ խուլիգան, բայց սիրէք ձեր երկիրը։

No comments: