Sunday, September 30, 2007

ԴԱՌՆ ՈՒ ՍՈՒՐ ՄՏՔԵՐ

Դիտում էի հեռուստատեսային հաղորդումներից մէկը` ”Կարգին հաղորդում” անունով, որտեղ հնչեցին հետեւեալ մտքերը.-

“Հայաստանը արագ տեմպերով զարգանում է, այնքան արագ, որ ժողովրդի եօթանասուն տոկոսը չի հասնում հետեւից”։

“Ամէն հաղորդում ունի իր հովանաւորները։ Մեր հովանաւորներն են այսինչ խանութը, այնինչ գործարանը, իսկ գլխաւոր հովանաւորն է այնինչ արտադրութիւնը։ Հայաստանի Հանրապետութեան հովանաւորներն են` Քըրք Քըրիքորեանը, ԼԻՆՍ-ի հիմնադրամը, գլխաւոր հովանաւոր` Ռուսաստանի Դաշնութիւն”։

Երկու խօսքերն էլ դառն են ու սուր։

Լաւ մնացէք։

Wednesday, September 26, 2007

ONE HUNDRED YEARS OF SOLITUDE

Մօտ տասը տարի առաջ (կամ աւելի, ճշգրիտ չեմ յիշում) կարդացել եմ Գաբրիէլ Գարսիա Մարկէզի “Հարիւր տարուայ մենութիւն” գիրքը` պարսկերէնով։ Թէեւ խոստանում եմ, որ մեծ մասը չհասկացայ, բայց մի տեսակ հոգեկան բաւարարութիւն զգացի, մեծ հաճոյք ստացայ ու զգացի, որ այն գրուել է մեր համայնքի մասին (Նոր Ջուղա)։ Ընդհանուր առմամբ Մարկէզ շատ եմ սիրում։

Հետագային մի յօդուածում կարդացի, որ գիրքը չըմբռնելը միայն իմ դժուարութիւնը չի եղել։ Բոլորն էլ նոյն դժուարութիւնն ունեն ու “Հարիւր տարուայ մենութիւն”-ը հասկանալու համար խորհուրդ է տրւում այն կարդալ երեք անգամ` մէկ անգամ փոքր տարիքում, մէկ անգամ քառասուն տարեկանում, մէկ անգամ էլ խոր ծերութեան մէջ…

Այժմ ես այն կարդում եմ երկրորդ անգամ, թէեւ անցնող տարիների ընթացքում բազմաթիւ անգամներ գրքի տարբեր հատուածները ընթերցել ու վերընթերցել եմ։

Իսկ ի՞նչն է այն կրկին ընթերցելու պատճառը։

2003 թուականի երիտասարդական համահայկական բանակումին մասնակցում էր Ալէխանդրօն Արժանթինից։ Ալէխանդրօն գրախանութ ունի Բոէնոս Այրէսում։ Իրար հետ խօսեցինք Ֆուտբոլի ու գրականութեան, պարզ է նաեւ Հարաւ-Ամերիկեան գրականութեան ու պարզից էլ պարզ է` նաեւ Մարկէզի մասին։

2007 թուականի երիտասարդական համահայկական բանակումին մասնակցում էին երկու երիտասարդներ Արժանթինից, որոնց հետ Ալէխանդրօն ինձ նուէր էր ուղարկել Մարկէզի վերոյիշեալ գրքի անգլերէն տարբերակը։

Սկսեցի գիրքը թերթել ու մէկ էլ տեսնեմ հասել եմ 21-րդ էջին։ Ուրեմն պիտի շարունակել։ Սա էլ գիրք կարդալու առիթը։ Շնորահակալութիւն Ալէխանդրոյին ինձ յիշելու եւ այդքան արժէքաւոր գիրք նուիրելու կապակցութեամբ։

Ահա մի հատուած վէպի հերոսներից երկուսի երկխօսութիւնից.-

“We will not leave,” she said. ”We will stay here, because we have had a son here.”

“We have still not had a death,” he said. “A person does not belong to a place until there is someone dead under the ground.”

Ursula replied with a soft firmness:

“If I have to die for the rest of you to stay here, I will die.” (Page 14)

Ի՞նչ եղաւ վերջը։ Կարդացէք գիրքը։

Լաւ մնացէք։

Յ.Գ. Մտածում եմ գիրք նուէր տալու սովորութեան մասին։ Ըստ երեւոյթին այն վաղուց վերացել է մեր միջից։ Մի պահ յիշենք վերջին անգամ երբ ենք գիրք նուէր ստացել ու երբ ենք գիրք նուէր տուել։ Պիտի փորձենք այդ գեղեցիկ սովորութիւնը վերականգնել։

Sunday, September 23, 2007

ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ ՎՐԱՍՏԱՆ (5)

8.- Համտեսեցինք Վրացական աւանդական կերակուրներ, ինչպէս խաչապուրի, աջարական խաչապուրի, մեգռուլի, խինկալի, պիլիմինի եւ այլն (այդ կերակրատեսակները վաճառւում են նաեւ Հայաստանում, սակայն աջառական խաչապուրին ուտել Աջառիայում մի բան է, ուտել Երեւանում մի այլ բան)։ Ի դէպ նշեմ, որ տպաւորութիւնս այն է, որ վրացական կերակուրներում պանրի օգտագործումը շատ է։

(Սայաթ Նովայի դամբարանը Թբլիլիսիի հայկական եկեղեցուոյ բակում)։
9.- Եւ ճանապարհներին, եւ փողոցներում (խանութներ եւ այլն)` բոլոր ցուցանակները վրացերէն էին ու անգլերէն։ Ռուսերէն ցուցանակներ տեսայ մի երկու անգամ։ Հայաստանում ճիշտ հակառակն է։ Կարող է հայերէն չլինի, բայց ռուսերէն անպայման կը լինի։
10.- Ծովափնեայ շրջաններում (Սարփի, Կոբուլետի) գետնի վրայ նոյնիսկ ծխախոտ չտեսայ։ Կարճ տարածութիւնների վրայ դրուած էին աղբամաններ եւ մարդիկ աղբը նետում էին այդ աղբամաններում։ Ընդհանուր առմամբ շատ մաքուր էին քաղաքները։ Նոյնը պիտի ասեմ հիւրանոցների եւ փլաժների մասին։

(Դիսկոտեկ Կոբուլետիում)։
11.- Կոբուլետիում մթերային մի խանութում հանդիպեցի մի հայ վաճառողուհու, որն ասաց, որ 22 տարի է ինչ հայերէն չի խօսել։

12.-Խմեցինք Կախետիի գինի, որը շատ լաւն էր։ Գինին մատուցւում էր սառը։ Հայերի մօտ սովորութիւն կայ գինին խմել ոչ սառ վիճակում։

13.- Համացանցի միջոցով իմացել էի, որ վրացական յայտնի խմիչքներից է Չաչան (մի տեսակ օղի)։ Թբլիլիսիի ճաշարաններից մէկում պատուիրեցի Չաչա։ Մեզ սպասարկող աղջիկը, անմիջապէս հակազդեց ու ասաց, որ “Կը ներէք բայց Չաչան խմում են ալկոհոլիկները”։ Հրաժարուեցի խմելուց։ Նշեմ, որ այդ աղջիկը իրականում խոհանոցի աշխատողուհի էր ու ճաշարանի տնօրէնը տեսնելով, որ մենք հայ ենք ու հայը հայի լեզուն աւելի լաւ կը հասկանայ, կարգադրեց նա մեզ սպասարկի։

Կոբուլետիի շուկայում կինս մի կրպակից գնումներ էր անում, երբ կողքի կրպակում հաւաքուած խանութպանները, ինձ հրաւիրեցին մի գաւաթ Չաչա խմելու…Չմերժեցի։ Շատ թունդ էր։ Առաջարկեցին երկրորդ գաւաթը` չխմեցի, փոխարէնը վազեցի ծով…

Որպէս վերջաբան ասեմ, որ վերադարձայ բաւականին դրական տպաւորութիւններով։

Նկատի ունենալով, որ մենք ընդամէնը մի քանի օր ենք եղել Վրաստանում, պիտի խնդրեմ այն ընթերցողներից, որոնք լաւատեղեակ են Վրաստանի մասին, ուղղէն գրածներս, եթէ այնտեղ թիւր տպաւորութիւններ կան։

Լաւ մնացէք։

Thursday, September 20, 2007

ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ ՎՐԱՍՏԱՆ (4)

6.- Ամենակարեւոր բաներից մէկը, որի մասին ուզում եմ գրել հետեւեալն է։ Խօսեցի վրացի հիւրանոցատիրոջ հետ, եզդի մեքենավարի, հայ մեքենավարի, վրացահայ մեծահարուստի հետ (որը Դուբայից ապրանք էր տանում ու ծախում Բաքուին, Իրանի հետ առուտուր ունէր եւ այլն), մի լազի, մի աջարռի եւ այլք։ Այսինքն տարբեր նիւթական կարողութիւն ունեցող եւ տարբեր ազգերի պատկանող մարդկանց հետ։ Նրանք բոլորը Վրաստանի քաղաքացիներ էին։Նրանց հետ ծանօթացայ պատահականօրէն՝ ամէն մէկին մի քաղաքում։

Բոլորը միանշանակ ասում էին, որ Սահակաշուիլիի ժամանակաշրջանն անհամեմատելիօրէն աւելի լաւն է, քան Շուարդնաձէի։ Նոյնիսկ Աջառիայում ասում էին, որ Սահակաշուիլին աւելի լաւն է, քան Աբաշիձէն։ Ասում էին, որ Շուարդնաձէն ու Աբաշիձէն մաֆիոզներ էին,, որ փողը դնում էին իրենց գրպանները, որ Աբաշիձէի տղան համերներով (Hammer) Բաթումիի փողոցներում սանձարձակ կերպով պտտում էր, որ թմրանիւթի առուտուրի մէջ էր, որ Վրաստանը խրուած էր կաշառակերութեան մէջ, որ փողոցները քար ու քանդ էին եւ այլն։

Յիշեցնում եմ, որ խօսքը Սահակաշուիլիի ամերիկամէտ իշխանութեան մասին է եւ ոչ թէ Քոչարեանի "ազգային" ռուսամէտ իշխանութեան։

Հայաստանի ներկայիս իշխանութեան այսպէս ասած “ազգային” ուղեգիծը յաճախ այնպէս է ներկայացւում, որ ճիշտ կարծես մեր ժողովուրդը պիտի երախտապարտ լինի իշխանաւորներին` “ազգային” ուղեգիծ պահելու համար (Ի հարկէ ազգային հասկացութիւնն էլ նոր մեկնաբանութեան պէտք ունի, երբ մօտաւորապէս ամէն ինչ վաճառուել ու վաճառւում է ռուսներին եւ երբ...Այս մասին այլ առիթով)։ Ճիշտ կարծես դա Հայաստանի իշխանութիւնների պարտականութիւնը չէ, այսինքն մի պահ, թերեւս յուզմունքից, մոռացութեան է տրւում, որ ով էլ Հայաստանում գայ իշխանութեան գլուխ, պարտաւոր է պահպանել ազգային ուղեգիծը եւ եթէ Հայաստանի առաջին իշխանութեան օրոք դա այդպէս չի եղել, դա է, որ անբնական է եղել, որի պատճառով էլ ժողովուրդը պատժել է ժամանակի իշխանաւորներին` առնուազն նրանց իշխանութիւնից հեռացնելով (թէեւ նրանք դրանից աւելիին էին արժանի)։

Երբ Վրաստանում սովորական մարդկանցից եւ նաեւ իմ ծանօթներից լսում եմ, որ լուրջ պայքար կայ կաշառակերութեան դէմ եւ ճանապարհային ոստիկանութիւնը եօթ-ութ օրուայ ընթացքում նոյնիսկ մէկ անգամ մեր մեքենան չի պահում` մի կողմից ուրախանում եմ Վրաստանի համար ու միւս կողմից ցաւում եմ մեզ համար, այն պատճառով, որ Հայաստանի “ազգային” իշխանութեան օրոք օրէցօր մեր երկիրը աւելի շատ է խրւում կաշառակերութեան ճահիճում։
Վրաստանը մեզնից առաջ է ընկել ու սա այն պայմաններում, երբ Հայաստանի ներկայիս իշխանութիւնը Հայաստանը կոչում է “Կովկասի վագր”, իբր տնտեսական այնպիսի թռիչքներ ենք արձանագրում, որ այն համեմատւում է վագրի թռիչքի հետ։
Շատ ուրախ կը լինեմ, եթէ իմ տպաւորութիւնները սխալ լինեն։
(Կոբուլետի, Սեւ Ծովի ափ)

7.- Վրաստանում ապրում է մօտ 100000 հայութիւն։ Վիրահայերի մօտ հայերէնի լուրջ նահանջ կայ։ Ցաւօք ձուլումը մեծ չափերի է, սակայն բարեբախտաբար վերջին երկու-երեք տարիներում նոր սերնդի մօտ ազգային գիտակցութեան արթնացում է նկատւում։


Tuesday, September 18, 2007

ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ ՎՐԱՍՏԱՆ (3)

Անշուշտ մի քանի օրուայ տպաւորութիւններից (այն էլ զբօսաշրջիկի աչքերով), մի երկրի մասին հնարաւոր չէ վերջնական եզրակացութիւնների գալ (թէեւ որոշները պնդում են, որ առաջին տպաւորութիւնը միշտ ամենաճիշտն է)։

Ես գրում եմ այն մասին, ինչ տեսայ` խուսափելով ընդհանրացումներից։ Ինձ յատկապէս որոշ բաներ հետաքրքրում են այն առումով, որ մենք՝ հայերս մեզ միշտ համեմատում ենք Կովկասի այլ ազգերի ու մեր երկիրը Կովկասի այլ երկրների հետ (Ադրբեջան եւ Վրաստան), հետեւաբար հետաքրքիր է մօտիկից տեսնել տարբերութիւններն ու նմանութիւնները։

Մենք եղել ենք չորս տեղ՝ Թբիլիսի, Բաթումի, Սարփի եւ Կոբուլետի։

(Վրացական եկեղեցի կառուցուած Խոջիվանքի պանթէոնում)։

1.- Ընդհանուր առմամբ մարդկանց վերաբերումը հիւրընկալ էր։ Կոշտ ու կոպիտ ու պարտքատիրոջ նման չէր։ Մեզ քցելու փորձ եղաւ միայն երկու անգամ, որի մէկ անգամուայ առաջն առանք, միւսն էլ քցուեցինք, որն ի հարկէ մեծ գումար չէր ($3)։

2.- Երբ մտանք Վրաստան սահմանամերձ գիւղերում (թրքաբնակ եւ վիրաբնակ) տեսայ որոշ տների դռան վերեւում կարմիր կտոր։ Հետաքրքրուեցի այդ մասին։ Պարզուեց, որ ըստ աւանդութեան, այն տների դռան, որտեղ կախուած է կարմիր կտոր, չպսակուած աղջիկ կայ եւ տնեցիները սպասում են քաջ ու համարձակ փեսացուի։


(Մի շէնք Թբլիլիսիում)

3.- Թբլիլիսում աչքի էին զարնում աղքատները` տարբեր տարիքի ու տարբեր սեռի։ Այս երեւոյթը ես այլ քաղաքներում չտեսայ։ Սա անշուշտ խօսում է երկրի տնտեսութեան մասին։ Օրինակ սրտաճմլիկ էր, երբ մի գիշեր փողոցում հանդիպեցինք 45-ի մօտ մի մարդ ու կնոջ եւ մի 10 տարեկան երեխայի, որոնք հաւանաբար մի ընտանիք էին ու միասին նստած փողոցի վրայ՝ մուրացկանութիւն էին անում։

4.- Թբիլիսիի Օպերայի շրջակայքում ընդհանրապէս սրճարան չտեսայ։
Իսկ քաղաքում բացօթեայ սրճարան-ճաշարաններ տեսայ հատ ու կենտ (հետաքրքիր է ինչքան նման է Հայաստանին)։

5.- Շէնքերը ներկուած էին տարբեր գոյների` մէկը կանաչ, մէկը դեղին, մէկը կարմիր


(Սա էլ մի գեղեցիկ տեսարան ծովից ու մայրամուտից)։

Լաւ մնացէք։

Sunday, September 16, 2007

ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ ՎՐԱՍՏԱՆ (2)

Իսկ “ի՞նչ են անում այն օտարերկրացիները, որոնք պիտի վիզա ստանան” հարցրի ես։ “Կամ սահմանի վրայ գնացքից թռնում են ցած ու ոտքով գնում Բագրատաշէն” կամ էլ “հասնում են Ալլավերդի ու իջնում գնացքից ու մեքենայով վերադառնում Բագրատաշէն”, սա եղաւ պատասխանը։

Այսպիսի բաներ մէկ գիտաերեւակայական ու ֆանտաստիկ ժանրի կինոյի մէջ կարելի է հանդիպել, մէկ էլ Հայաստանի Հանրապետութիւնում։ Ականջդ կանչի Ժիւլ Վեռն…

Երկրի սահմանն անցնես, մի երկու ժամ էլ խորանաս երկրի մէջ, յետոյ վերադառնաս վիզայի համար, ինչու՞, որովհետեւ սահմանային կէտ չկայ։ Պատկերացնում էք օրինակ Թեհրանից օդանաւով գաք Երեւան, յետոյ ձեզ մեքենայով ուղարկեն Մեղրի` ցամաքային սահմանի վրայ վիզա ստանալու։

Մի քանի րոպէ պաշտօնեային, որը սպայ էր, մեղմ ձայնով, հանգիստ փորձեցի բացատրել, որ իր ասածը անտրամաբանական է, որ տղաս ջերմութիւն ունի եւ մեզ համար շատ դժուար է վերադառնալ սահման։ Սակայն ի զուր։ Ասացի, որ թող ինքը հաստատի, որ տղաս հէնց այն է, ով կայ կնոջս անցագրում եւ ես մենակ վերադառնամ Բագրատաշէն, որ ես գիտեմ, որ ինքը պարզապէս պաշտօնեայ է ու կատարում է իր գործը, սակայն նա պէտք է մտնի մեր դրութեան մէջ։ Սակայն ի զուր։ Անկեղծ լինելու համար պիտի ասեմ, որ մարդն ուզում էր մի բան անել, բջջայինով կապւում էր շէֆին, նա էլ ասում էր` ոչ։

Մէկ էլ պայթեցի։ Սկսեցի բոռալ։ Գնացքի ամբողջ ճամբորդները հաւաքուել էին։ Մի քանի ոստիկան բարձրացան։ Այնպէս էի բոռում, որ ոստիկանները շշմել էին։

Իջայ գնացքից ու սկսեցի աւելի բարձր բոռալ։

Ալլավերդիի ժողովրդից միայն 90 տարեկանից բարձրերը չէին եկել, մէկ էլ երկու տարեկանից ցածերը։ Մնացածը հաւաքուել էին շուրջս։ Պաշտօնեաներն էլ, որ սկզբում փորձեցին բոռալով ինձ նստեցնել տեղս, տեսնելով, որ իրենց բարձր ձայնին պատասխանում եմ էլ աւելի բարձր ձայնով` նահանջեցին։

Գիտէի, որ պիտի վերադառնամ, սակայն շատ էի զայրացել ու չէի ուզում հեշտ յանձնուել։

Մօտ մէկ ժամ անցաւ։ Գնացքը տեղից չէր շարժւում։ Հաւաքուած մարդիկ իրար ու պաշտօնեաների հետ վիճում էին։ Սպան մօտեցաւ ինձ ու ասաց` “Ընկեր, ի՞նչ անենք”։ Ասացի` “Եթէ պիտի գնանք, գնանք”։ Ասաց` “Այդ պարագային Դուք պիտի մեքենայ կանչէք”։ Ասացի` “Այսինքն ես իմ միջոցներով պիտի վերադառնամ Բագրատաշէն”։ Ասաց` “Այո”։ Ասացի` “Ընկեր ջան, լաւ լսիր, սա ձեր խնդիրն է։ Կամ մեքենայ բերէք մեզ տարէք կամ էլ ես այստեղ սպասում եմ, գնացէք վիզա բերէք”։ 10 րոպէ անց մօտեցաւ ու ասաց, որ ոստիկանութեան մեքենան եկել է, գնանք։ Ընտանիքով սպայի ու մի ուրիշ պաշտօնեայի հետ վերադարձանք Բագրատաշէն։

Բագրատաշէնի սահմանային կէտում մի ուրիշ սպայ անմիջապէս մօտեցաւ մեզ ու ասաց, որ “Ձեր մէջ բողոքո՞ղ է եղել”։
Ես։ Այո, ես եմ բողոքել ու բողոքում եմ։

Նոր սպան։ Ես կարող եմ Ձեզ վերադարձնել Վրաստան։
Ես։ Չես կարող։
Նոր սպան։ Կարող եմ։


Ես։ Իմ փաստաթղթերը ճի՞շտ են։
Նոր սպան։ Այո։


Ես։ Կնոջս փաստաթղթերն ի՞նչ։
Նոր սպան։ Այո։


Ես։ Ես Ձեզ տեղեկացնում եմ, որ այս երկու տարեկան երեխեան ապօրինի կերպով հատել է Հայաստանի սահմանը ու մտել երկիր, նրան ձերբակալէք։
Նոր սպան։ Գի՞ժ ես։


Ես։ (Բոռաաաաաաալով)։ Չէք ամաչում։ Մարդը երկու հարիւր կիլոմետր մտնի Հայաստանի մէջ ու նոր նրան ասէք վիզա չունես։
Նոր սպան։ Ձեր գնացքում մի կանադացի մարդ ու կին են եղել, որ վիզայի համար գնացքից թռել են ցած։


Ես։ Իսկապէս չէք ամաչում։ Բայց կարող է թռնէին ցած ու չգային այստեղ, այլ գնային այլ տեղ, գնային Երեւան, կարող է զբօսաշրջիկ չլինէին ու ահաբեկիչ լինէին, դա ազգային անվտանգութեան հարց է։
Նոր սպան։ Երկաթագծի վրայ մենք վիզայի գրասենեակ չունենք։ Դուք չպիտի գնացքով ճամբորդէք։


Ես։ Ես ուզում եմ նաւով գալ Հայաստան, դուք պարտաւոր էլ բոլոր սահմանային կէտերի վրայ ունենալ վիզայի գրասենեակ։ Եթէ ոչ` մարդուն սահմանի վրայ պահէք ու ասէք իրաւունք չունէս մտնել երկիր, ոչ թէ մարդը մտնի երկրի խորքերը, յետոյ ասէք վերադարձիր։

Եզրակացութիւն։ Մուտքի արտօնագիր ստանալու գործընթացը տեւեց երեք-չորս րոպէ։ Վիճաբանութիւնը երկար։ Գիշերուայ 12։00-ն էր։

Յետոյ գնացքի մէջի սպան ինձ մօտեցաւ ու ասաց, որ “Ընկեր, ես ուզում եմ դու հաւատաս, որ ես լաւ մարդ եմ, պարզապէս համակարգը խնդիր ունի, դու մեզ ես բողոքում, իսկ մենք ու՞մ բողոքենք”։ Նրան ասացի, որ նրան չեմ ճանաչում ու չգիտեմ լաւ մարդ է թէ վատ մարդ, պարզապէս իրավիճակը ծիծաղելի է։ Սպան հեռախօսով սակակառք (taxi) կանչեց ու մենք վերադարձանք Երեւան, անշուշտ այս անգամ մեր հաշուին։

Ինչու՞ գրեցի այս ամբողջը։

Չգրեցի ինձ համար պատահած խնդիրների կամ էլ սխրագործութիւններիս մասին պարզապէս պատմելու համար, այլ այն, որ նախ եթէ կայ Հայաստանի ոչ քաղաքացի, որն ուզում է գնացքով մտնել Հայաստան, իմանայ որ այսպիսի հարցեր կան, ապա բոլորս իմասին իմանանք մեր երկրի սահմանային կէտերի եւ վիզա ստանալու հետ կապուած հարցերի մասին եւ ի վերջոյ կիսւեմ ընթերցողներիս հետ։

Լաւ մնացէք։

Յ.Գ. (1) Եթէ գնալուց ձեւականօրէն նայեցին մեր ճամբրուկները (գնացինք մեքենայով), վերադարձին սկսած Կոբուլետիի (Վրաստան) գնացքի կայարանից մինչեւ Երեւան (ինձ հետ էին իմ բարեկամները, որոնք շարունակեցին ճանապարհը մինչեւ Երեւան եւ հաստատում են իմ ասածը), ոչ ոք չնայեց մեր ճամբրուկները։ Այսինքն մարդիկ Վրաստանից գնացքով մտնում են Հայաստան եւ որեւէ մէկը նրանց չի հարցնում, որ ձեր ճամբրուկում ինչ ունէք ու չի նայում նրանց ճամբրուկները։ Սա ազգային անվտանգութեան հարց է։ Երկու ձեւ կայ։ Կամ մեր Ազգային Անվտանգութեան Ծառայութիւնն այնքան ուժեղ է, որ մարդկանց ու նրանց ճամբրուկները չստուգած էլ գիտի ով ով է ու ինչ է անում, կամ էլ մեր ժողովուրդն այս երկրում ապրում է Աստծոյ յոյսին ու բախտի բերմամբ։

Դեռ չեմ խօսում Մաքսային Վարչութեան մասին։ Օրինակ գնացքի պատին փակցրած էր մի գրութիւն, որտեղ նշւում էր ինչ կարելի է տանել Հայաստան եւ ինչ չափով։ Օրինակ վրացական գինի` երկու շիշ։ Իսկ հետաքրքիր է իմանալ նրանք իմ ճաբրուկները չստուգած որտեղից իմացան ես երկու շիշ գինի ունեմ թէ տաս շիշ թէ ընդհանրապէս չունեմ։

Յ.Գ.(2)։ Երբ բոռալներիս մէջ դադար էի տուել մէկ էլ մի մարդ երկու-երեք աման ձեռը մօտեցաւ ինձ ու ասաց “Ապէր, թութ չես ուզում, ընտիր թութա, էժան կը տամ”…

Saturday, September 15, 2007

ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ ՎՐԱՍՏԱՆ (1)

Անցնող քանի օրերին ընտանիքով ճամբորդել էինք Վրաստան։ Չնախատեսուած ճամբորդութիւն էր։ Միանգամից ստացուեց։ Առաջարկեցին, ես էլ ընդառաջեցի։ Յառաջիկայ օրերին գրելու եմ այդ ճամբորդութեան մասին։ Սակայն նախ ամենավերջին գիշերուայ մասին։

Ինչո՞վ վերադառնանք Հայաստան։

Նկատի ունենալով, որ վերջին օրերը մենք անցակցրինք Կոբուլետիում (Սեւ Ծովի ափ), իսկ այնտեղից մինչեւ Երեւան հանրակառքով 12 ժամ է (նոյնքան մօտաւորապէս մինիաւտոբուսով), ճանապարհը լեռնային, ոլոր մոլոր, ցած ու վերեւ, սիրտխառնուք, ուստի նախ որոշեցինք փորձել օդանաւը։

Գնացի Բաթումիի օդանաւակայան։ Պարզուեց, որ Բաթումի-Երեւան թռիչք ընդհանրապէս չկայ։ Նախկինում եղել է, յետոյ ծրագրից հանել են ու էլ չկայ։

Ի՞նչ անել։ Որոշեցի վերադառնալ գնացքով։ Տեւողութիւնը 20 ժամ։ Մտածեցի առնուազն հանգիստ կը լինենք, կը կարողանանք քայլել, պառկել, ուտել, խմել։

Տոմս գնեցի։

Վրաստան-Հայաստան սահմանին մօտ Վրաստանի սահմանապահերը մտան գանցքի մէջ, ստուգեցին մեր անցագրերը (Passport), կնքեցին եւ վերադարձրին։ 20-30 րոպէ սպասեցինք Սադախլույում (Վրաստանի սահմանային կէտ)։ Անցանք սահմանն ու հիմա սպասում ենք, որ Հայաստանի սահմանապահները գան ու ստուգեն մեր անցագրերը։ Պատուհանից տեսայ Բագրատաշէնի մաքսային կէտը (Հայաստանի սահման)։ Մտածեցի հիմա կը գան, չեկան։ Հիմա կը գան, չեկան ու գնացքը գնում է։ Մէկ ժամ անց երեւացին պաշտօնեաները։

Այստեղ հարկ եմ տեսնում մի բացատրութիւն տալ։ Օտարերկրեայ քաղաքացիները, եթէ ունեն Հայաստանի կեցութեան յատուկ կարգավիճակ (անձնագիր) Հայաստան ներս ու դուրս անելիս մուտքի արտօնագիր պէտք չունեն (Visa), պարզապէս նրանց հայկական անձնագրում խփւում է ելք ու մուտքի կնիք։ Ես ու կինս այդպիսի անձնագիր ունենք։ Տղաս չունի ու քանի որ նա գրանցուած է կնոջս իրանական անցագրում (Passport), ուստի ամէն անգամ Հայաստան ներս մտնելիս պիտի մուտքի արտօնագիր (Visa) ստանայ (որը խփւում է կնոջս անցագրում (Passport))։ Ի դէպ նշեմ որ տղաս ծնուել է Հայաստանում ու ունի հայկական ծննդեան անձնագիր։ Դա մենք գիտենք, որովհետեւ նախկինում էլ ենք Հայաստանից դուրս ճամբորդել ու այդպէս ենք արել։

Այս անգամ էլ սպասում էի, որ սահմանի վրայ գնացքը կանգնի ու մենք իջնենք ու վիզա ստանանք։ Սակայն գնացքը ոչ մի տեղ չպահեց։ Հասանք Ալլավերդի։ Պաշտօնեաները եկան։ Ստուգեցին անցագրերն ու ասացին`”Պիտի իջնէք ու վերադառնաք Բագրատաշէն (մէկ ու կէս-երկու ժամ ճանապարհ) ու ստանաք մուտքի արտօնագիր”։ Գիշերուայ 9։30-ն էր։

Ի՞նչ անենք, վերադառնա՞նք Բագրատաշէն, ինչու՞։ Որովհետեւ Հայաստանի Հանրապետութիւնը Հայաստան-Վրաստան երկաթագծի սահմանի վրայ չունի ՕՎԻՐ-ի գրասենեակ (ՕՎԻՐ-ը Հայաստանի Հանրապետութիւնում այն վարչութիւնն է, որն զբաղւում է օտարերկրացիների վիզայի խնդիրներով)։

Friday, September 14, 2007

ԱՆԾԱՆՕԹ ՀԱՐԵՒԱՆՈՒՀԻՍ

Երեկ գիշեր ժամը 11։00-ին մեր տան հեռախօսը զանգեց։

Ես։ Այ՞ո։
Անծանօթ մի կին։ Պրն. Սարգիս, Դուք էք։

Ես։ Այո։
Անծանօթ կինը։ Ես ձեր հարեւանուհիններից մէկն եմ։ Դուք ձեր բնակարանը վաճառաու՞մ էք։

Ես։ Այո։
Անծանօթ հարեւանուհիս։ Ի՞նչ է արժէքը։

Ես։ X չափ։
Անծանօթ հարեւանուհիս։ Շատ թանգ էք ասում։ Ես իմ բնակարանը վաճառել եմ Y չափ։

Ես։ Տիկին, բայց ես չգիտեմ ձեր բնակարանը քանի քառակուսի մետր է եղել, ինչ վիճակի մէջ է եղել, որտեղ է եղել…
Անծանօթ հարեւանուհիս։ Ես ձեր բնակարանը կը գնեմ այսքան։

Ես։ Դուք իմ բնակարանը տեսե՞լ էք։
Անծանօթ հարեւանուհիս։ Ոչ։ Պարզապէս հարեւանուհիներից մէկն էր ասում, որ վաճառում էք։

Ես։ Ադ արժէքով չեմ վաճառում։
Անծանօթ հարեւանուհիս։ Դուք լուրերին հետեւու՞մ էք։

Ես։ Ո՞ր լուրերին։
Անծանօթ հարեւանուհիս։ Գիտէք Ամերիկայի Միացեալ Նահանգներում տան գները իջնու՞մ են։

Ես։ Յետո՞յ։
Անծանօթ հարեւանուհիս։ Դա ազդելու է Հայաստանի տան շուկայի վրայ, այստեղ էլ տան գները կիջնեն։

Ես։ Իսկ Մորոկկոյում տան գները բարձրանում են։
Անծանօթ հարեւանուհիս։ Մորոկկոյու՞մ։

Ես։ Այո։
Անծանօթ հարեւանուհիս։ Բայց դա ի՞նչ կապ ունի Հայաստանի հետ։

Ես։ Նոյն կապը ինչ Ամերիկայի Միացեալ Նահանգները։
Անծանօթ հարեւանուհիս։ Չեմ հասկանում։

Ես։ Ես էլ ձեզ չեմ հասկանում։
Անծանօթ հարեւանուհիս։ Ձեզ մի բան ասեմ` Դեկտեմբերին Հայաստանում տան գները 50 տոկոսով իջնելու են։ Աւելի լաւ է հիմա վաճառէք Ձեր բնակարանը։

Ես։ Այդ դէպքում դուք ինչու՞չէք սպասում մինչեւ Դեկտեմբեր, որպէսզի ձեր գումարով երկու բնակարան գնէք։
Անծանօթ հարեւանուհիս։ Ես հիմա եմ բնակարան ուզում։

Ես։ Բայց մինչեւ Դեկտեմբեր ընդամէնը երեք ամիս է մնացել։ Մի տեղ վարձէք, յետոյ երկու բնակարան կը գնէք։
Անծանօթ հարեւանուհիս։ Ասացի հիմա եմ բնակարան ուզում։

Ես։ Ինչ ասեմ։
Անծանօթ հարեւանուհիս։ Ձեր շէնքի դիմացի նորակառոյց շէնքը տեսե՞լ էք։

Ես։ Այո։ (Այդ շէնքը գտնւում է իմ բնակարանից 50 մետր հեռաւորութեան վրայ եւ ներկայիս մի քանի յարկի առաստաղն է կառուցուած)։
Անծանօթ հարեւանուհիս։ Այդ շէնքում բնակարանը վաճառում են քառակուսի մետրը այսքան։

Ես։ Շատ արժան է, խորհուրդ կը տամ այդտեղ բնակարան գնէք։
Անծանօթ հարեւանուհիս։ Ես Ձեր շէնքում եմ ուզում։

Ես։ Տիկին, իմ բնակարանի արժէքը այդքան է ինչ ասացի։
Անծանօթ հարեւանուհիս։ Դուք վաճառող չէք։

Ես։ Որտեղի՞ց իմացաք։
Անծանօթ հարեւանուհիս։ Ես վատ գին չեմ առաջարկում։

Ես։ Տիկին, ձեր առաջարկածը իմ ասածից քսան հազար դոլար աւելի քիչ է։ Խորհուրդ կը տամ դիմել անշարժ գոյքի գործակալութիւններին։
Անծանօթ հարեւանուհիս։ Ես կարող եմ թողնել իմ հեռախօսահամարը, որպէսզի եթէ ձեր միտքը փոխուեց ինձ զանգէք։

Ես։ Պէտք չէ։ Իմ առաջարկած գինը վերջնական է։
Անծանօթ հարեւանուհիս։ Դուք վաճառող չէք։

Այսքան ուժեղ ու կուռ տրամբանութեամբ հարեւանուհիներ թերեւս քչերն ունեն։

Լաւ մնացէք։

Tuesday, September 4, 2007

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՈՒԻ ՄԱՍԻՆ

Վերջերս անընդհատ ներքաշւում եմ այսպէս ասած "երեխաների թուի մասին" նիւթով վէճի մէջ։ Էլ ընկերներիցս սկսած մինչեւ հարեւանուհիս խորհուրդ են տալիս ունենալ երկրորդ երեխան։

Ամենավերջին դէպքն այն էր, երբ մի ճաշի սեղանի շուրջ բոլոր սեղանակիցներս մի կողմում էին, ես մի կողմում։

Խնդիրը հետեւեալն է՝ քանի՞ երեխայ պիտի ունենալ։

Շատ շատերը պնդում են, թէ երեք-չորս կամ էլ ազգայն երանգ են տալիս հարցին ու ասում` "հայը շատ երեխայ պիտի ունենայ"։

Ի հարկէ շատ լաւ կը լինի, որ հայերը շատ երեխայ ունենան, որ մեր ազգի թիւը յատկապէս հայրենիքում շատանայ, որ այսպէս լինի ու այնպէս լինի, սակայն եկէք նախ տեսնենք ի վերջոյ ո՞րն է երեխայ ունենալու նպատակը եւ ապա ծնողները երեխաների նկատմամբ յանձնառութիւն ունեն թէ՞ ոչ եւ եթէ այո ո՞րն է դա։

ա.- Երեխան ընտանիքի աղն է (!!!)։ Այս խօսքը շատ եմ լսել ու կարծում եմ այն յօրինողն ուզեցել է ասել, որ ամուսնանալուց յետոյ ամուսնական կեանքը դառնում է "ձանձրացուցիչ" ու այդ ձանձրոյթը փարատելու համար պիտի աղ լցնել կեանքի վրայ, այսինքն պիտի երեխայ ունենալ։

բ.- Ծնողների հաճոյքը, այսինքն ծնողներն ուզում են մի բան լինի, որի հետ խաղան, ուրախանան, մի խօսքով դրանից հաճոյք տանեն։ Սա նման է առաջին տարբերակին։

գ.- Մեծ պապայի ու մեծ մամայի համար, այսինքն հասնգստի կոչուած մեծ մաման ու մեծ պապան այլեւս աշխատանքի չեն գնում, ամբողջ օրը տանն են, ազատ ժամանակ շատ ունեն ու յոգնում են ու "թոռնիկիս էլ տեսնեմ ու մեռնեմ" երազն իրականացնելու համար տղան ու հարսը կամ աղջիկն ու փեսան պիտի երեխայ ունենան։

դ.- Սերնդափոխութիւնն ու ժառանգականութիւնը ապահովելը, այսինքն մարդիկ մտածում են պիտի երեխայ ունենան, որպէսզի շարունակուի նրանց ընտանիքը կամ "ազգ"-ը։

ե.- Հէնց էսպէս, այսինքն մարդիկ ամուսնանում են ու չգիտեն ինչ անել ու մտածում են երեխայ ունենան էլի։

Ու անկեղծ ասած ամենից շատ ինձ ջղայնացնում են հետեւեալ՝ "Աստուած մեծ է", կամ "ով քեզ պահել է, երեխային էլ կը պահի", կամ "ով քեզ հաց է տուել, երեխային էլ հաց կը տայ" խօսքերը։ Սրանք իմ կարծիքով պատասխանատւութիւնից խուսափել են նշանակում։

Ես հակուած եմ այն կարծիքին, որ մարդ պիտի այնքան երեխայ ունենայ, որքան կարող է մարդավայել պահել։Կրկնում եմ մարդավայել, սա նշանակում է, որ իմ կարծիքով ամէն երեխայ պահել դեռ պահել չէ։Մնացածը մեղմ ասած անհեթեթութիւն է։

Մի ժամանակ մարդիկ ապրում էին գիւղերում, հողագործութեամբ էին զբաղւում, ընտանի կենդանիներ ունէին, երեխան էլ համարւում էր աշխատուժ։Դէ երեխայ էին ունենում ու մի քանի ոչխար տալիս ձեռն ու ուղարկում սար։Ոչ լողի դասարանի հարց կար, ոչ էլ համակարգչի, ոչ դի.վի.դի. կար, ոչ էլ անգլերէնի պարտադիր իմացութեան հարց, ոչ նրա կրթութեան մասին էին մտածում, ոչ էլ այն բանի, որ կարող է թմրանիւթ օգտուի, ոչ Nike կար, ոչ էլ Adidas։Այսօր, յատկապէս մեծ քաղաքներում ապրողները, երեխայ պահելու կապակցութեամբ լուրջ դժուարութիւնների առջեւ են կանգնում ու եզրակացնեմ՝ մատների արանքով չի կարելի այս հարցին նայել։

Խօսքը ոչ շփացածութեան մէջ ապրելու մասին է, ոչ էլ աղքատութեան մէջ ապրելու, այլ մարդավայել ապրելու։

Լաւ մնացէք։

Յ.Գ. Հայաստանում ասում են մարդ մէկ տղայ պիտի ունենայ, իսկ մէկ տղան անպայման եղբայր կուզի, պարզ է որ երկու եղբայրները մէկ քոյր կուզեն, իսկ չէ որ մէկ աղջիկը մէկ քոյր էլ կուզի։ ես համաձայն եմ այս կարծիքին՝ մարդ չորս երեխայ պիտի ունենայ՝ երկու տղայ, երկու աղջիկ, բայց 21-րդ դարում դա մեծ յամարձակութիւն է պահանջում։