Tuesday, September 4, 2007

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՈՒԻ ՄԱՍԻՆ

Վերջերս անընդհատ ներքաշւում եմ այսպէս ասած "երեխաների թուի մասին" նիւթով վէճի մէջ։ Էլ ընկերներիցս սկսած մինչեւ հարեւանուհիս խորհուրդ են տալիս ունենալ երկրորդ երեխան։

Ամենավերջին դէպքն այն էր, երբ մի ճաշի սեղանի շուրջ բոլոր սեղանակիցներս մի կողմում էին, ես մի կողմում։

Խնդիրը հետեւեալն է՝ քանի՞ երեխայ պիտի ունենալ։

Շատ շատերը պնդում են, թէ երեք-չորս կամ էլ ազգայն երանգ են տալիս հարցին ու ասում` "հայը շատ երեխայ պիտի ունենայ"։

Ի հարկէ շատ լաւ կը լինի, որ հայերը շատ երեխայ ունենան, որ մեր ազգի թիւը յատկապէս հայրենիքում շատանայ, որ այսպէս լինի ու այնպէս լինի, սակայն եկէք նախ տեսնենք ի վերջոյ ո՞րն է երեխայ ունենալու նպատակը եւ ապա ծնողները երեխաների նկատմամբ յանձնառութիւն ունեն թէ՞ ոչ եւ եթէ այո ո՞րն է դա։

ա.- Երեխան ընտանիքի աղն է (!!!)։ Այս խօսքը շատ եմ լսել ու կարծում եմ այն յօրինողն ուզեցել է ասել, որ ամուսնանալուց յետոյ ամուսնական կեանքը դառնում է "ձանձրացուցիչ" ու այդ ձանձրոյթը փարատելու համար պիտի աղ լցնել կեանքի վրայ, այսինքն պիտի երեխայ ունենալ։

բ.- Ծնողների հաճոյքը, այսինքն ծնողներն ուզում են մի բան լինի, որի հետ խաղան, ուրախանան, մի խօսքով դրանից հաճոյք տանեն։ Սա նման է առաջին տարբերակին։

գ.- Մեծ պապայի ու մեծ մամայի համար, այսինքն հասնգստի կոչուած մեծ մաման ու մեծ պապան այլեւս աշխատանքի չեն գնում, ամբողջ օրը տանն են, ազատ ժամանակ շատ ունեն ու յոգնում են ու "թոռնիկիս էլ տեսնեմ ու մեռնեմ" երազն իրականացնելու համար տղան ու հարսը կամ աղջիկն ու փեսան պիտի երեխայ ունենան։

դ.- Սերնդափոխութիւնն ու ժառանգականութիւնը ապահովելը, այսինքն մարդիկ մտածում են պիտի երեխայ ունենան, որպէսզի շարունակուի նրանց ընտանիքը կամ "ազգ"-ը։

ե.- Հէնց էսպէս, այսինքն մարդիկ ամուսնանում են ու չգիտեն ինչ անել ու մտածում են երեխայ ունենան էլի։

Ու անկեղծ ասած ամենից շատ ինձ ջղայնացնում են հետեւեալ՝ "Աստուած մեծ է", կամ "ով քեզ պահել է, երեխային էլ կը պահի", կամ "ով քեզ հաց է տուել, երեխային էլ հաց կը տայ" խօսքերը։ Սրանք իմ կարծիքով պատասխանատւութիւնից խուսափել են նշանակում։

Ես հակուած եմ այն կարծիքին, որ մարդ պիտի այնքան երեխայ ունենայ, որքան կարող է մարդավայել պահել։Կրկնում եմ մարդավայել, սա նշանակում է, որ իմ կարծիքով ամէն երեխայ պահել դեռ պահել չէ։Մնացածը մեղմ ասած անհեթեթութիւն է։

Մի ժամանակ մարդիկ ապրում էին գիւղերում, հողագործութեամբ էին զբաղւում, ընտանի կենդանիներ ունէին, երեխան էլ համարւում էր աշխատուժ։Դէ երեխայ էին ունենում ու մի քանի ոչխար տալիս ձեռն ու ուղարկում սար։Ոչ լողի դասարանի հարց կար, ոչ էլ համակարգչի, ոչ դի.վի.դի. կար, ոչ էլ անգլերէնի պարտադիր իմացութեան հարց, ոչ նրա կրթութեան մասին էին մտածում, ոչ էլ այն բանի, որ կարող է թմրանիւթ օգտուի, ոչ Nike կար, ոչ էլ Adidas։Այսօր, յատկապէս մեծ քաղաքներում ապրողները, երեխայ պահելու կապակցութեամբ լուրջ դժուարութիւնների առջեւ են կանգնում ու եզրակացնեմ՝ մատների արանքով չի կարելի այս հարցին նայել։

Խօսքը ոչ շփացածութեան մէջ ապրելու մասին է, ոչ էլ աղքատութեան մէջ ապրելու, այլ մարդավայել ապրելու։

Լաւ մնացէք։

Յ.Գ. Հայաստանում ասում են մարդ մէկ տղայ պիտի ունենայ, իսկ մէկ տղան անպայման եղբայր կուզի, պարզ է որ երկու եղբայրները մէկ քոյր կուզեն, իսկ չէ որ մէկ աղջիկը մէկ քոյր էլ կուզի։ ես համաձայն եմ այս կարծիքին՝ մարդ չորս երեխայ պիտի ունենայ՝ երկու տղայ, երկու աղջիկ, բայց 21-րդ դարում դա մեծ յամարձակութիւն է պահանջում։

No comments: