Wednesday, September 30, 2009

ԳԱԼԻՍ ԵՆ

Երեկ հանդիպեցի անշարժ գոյքի մի ծանօթ գործակալի։ Հետաքրքրուեցի անշարժ գոյք գների մասին։

- Սարգիս ջան, փող ունես` տուն առ, թանգանալու է։

- Ինչու՞։ - Հարցրի։

- Թուրքերն են գալիս։ Սահմանը էսօր էգուց կը բացուի, թուրքերը կը գան, կսկսեն տուն առնել, տները կը թանգանան։ Հիմա ժամանակն է, փող ունես առ։

Այնպէս որ, մտածեցի կայքէջս այցելողներին տեղեակ պահեմ, ով փող ունի, թող տուն առնի, թանգանալու է, թուրքերն են գալիս...

Լաւ մնացէք։

Monday, September 28, 2009

ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ Հ1

Պարոյր Սեւակն ասում էր 20-րդ դարում դժուար է մարդուն զարմացնել։ Երանի լինէր ու տեսնէր, որ մեր հայրենի իշխանաւորները իրենց արարքներով ինչպէս են օրը մի քանի անգամ ապացուցում Սեւակի ասածի անճշտութիւնը։

Կիրակի գիշեր դիտում եմ "Հայլուր"։ Թղթակիցը եղել է այսօրուայ Թուրքիայի հետ սահմանամերձ Բայանդուր գիւղում։ Ցոյց է տալիս գիւղի բնակիչ մի տիկնոջ։ Յետոյ ասում է, որ այդ կնոջ աղջիկը ամուսնացել է թուրք վարորդ Եաշայի հետ (անունը չեմ յիշում, բայց էական էլ չէ) ու նրանք երջանիկ ապրում են Գիւմրիում եւ ջերմ են նրանց յարաբերութիւնները։

Պոզ չեմ հանում, միմիայն այն պատճառով, որ մարդ արարածն ի վիճակի չէ պոզ հանել։

"Հայ աղջիկը ամուսնացել է թուրք տղայի հետ ու նրանք ջերմօրէն ապրում են Գիւմրիում", հաղորդում է Հ1-ը։ Մտածում եմ, ո՞րն է այս ռեփորթաժի նպատակը։ Այս ռեփորթաժը պատրաստողներն ու սփռողները ի՞նչ պատգամ են ուզում փոխանցել հայ երիտասարդներին։ Չափ կա՞յ մեր իշխանաւորների թրքասիրութեանը։

Ի՞նչ է կատարւում մեզ՝ հայերիս հետ։

Յետոյ մտածում եմ՝ Իրանահայերը ինչու՞ չորս հարիւր տարի հայ մնացին Իրանում։

Պինդ մնացէք։

Sunday, September 27, 2009

...Ի ՄԱՔՍԱՅԻՆԷ... (2)

Այս ամբողջը չորս արկղ անձնական օգտագործուած ապրանքների համար, որոնցից ի դէպ մէկ ու կէս արկղը գիրք։

Եթէ մարդը առեւտրական լինի դա բոլորովին այլ հարց է, բայց միթէ հնարաւոր չէ մէկին ուղարկեն քո ներկայութեամբ արկղերդ բացի, նայի, հաստատի, որ ճիշտ ես ասել թէ սուտ, ու հարցը լուծուի։

Մի խօսքով, ես ու կինս ու տղաս երեք օր վազելուց ու $350 ԱՄՆ դոլար պետական ու "ոչ պետական" մուծումներ անելուց յետոյ կարողացանք ստանալ մեր չորս արկղ անձնական օգտագործած իրերը։

Ի միջի այլոց նշեմ, որ անկախ պատճառից, այսինքն քո պատճառով է թէ գրասենեակային քաշքշուկների, ամէն մէկ օրը, որ ապրանքներդ մնում են մաքսայինում պիտի պահեստի փող մուծես։

Հետաքրքիր է իմանալ ինչո՞վ է զբաղուած Սփիւռքի նախարարութիւնն ու իր հայրենադարձութեան վարչութիւնը։

Այնպէս որ բոլոր նրանք, ովքեր մտադիր են հայրենադարձուել, նախքան հայրենադարձուելը թող լաւ մտածեն...օրինակ իրենց օգտագործած իրերի ու գրքերի մասին։

Լաւ մնացէք։

Յ.Գ.(1) Իմ ապրանքները 135 կիլօգրամ էր, որից 41-ը գիրք։ Ինձ հետ միասին իմ բարեկամները, որոնք մեկնում էին ԱՄՆ 600-ից աւելի կիլօգրամ անձնական օգտագործուած իրեր ուղարկեցին ԱՄՆ, եւ 200-ից աւելի Աւստրիա։ Բնականաբար հետաքրքրուեցի նրանց իրերի ճակատագրի մասին։ Վիեննայում վճարել են 70 Եւրօ, իսկ ԱՄՆ-ում 30 դոլար։ Ոչ մի քաշքշուկ, ոչ մի ցանկագրում, ոչ մի աւելորդաբանութիւն։ Մեկնաբանութիւնը թողնում եմ ընթերցողին։

Յ.Գ.(2) Մաքսաւորի պահանջներն ինձ մի պատմութիւն յիշեցրեց։ Ասում են մի կաշառակեր դասախօս է եղել։ Քննութեան ժամանակ մտածել է ուսանողին ինչ հարց տայ, որ նա չկարողանայ պատասխանել ու նա կարողանայ ուսանողից դրամ վերցնել։ Հարցրել է երբ է սկսել Երկրորդ Համաշխարհային պատերազմը։ Ուսանողը ճիշտ է պատասխանել։ Երբ է վերջացել։ Պատասխանել է ճիշտ։ Որ երկրներն են մասնակցել։ Պատասխանել է ճիշտ։ Ինչ հարցնի, ինչ չհարցնի, որ ուսանողին նեղը դնի։ Հարցրել է ուրեմն գրիր բոլոր զոհուածների անունները, ծննդեան թուականներն ու ծննդավայրերը։ Ուսանողը գերադասել է կաշառք տալ ու անցնել։ Չգիտեմ ինչու եմ զգում, որ այս պատմութիւնն ու ինձ պատահածն իրար նման են։ Դուք ի՞նչ էք կարծում։

Saturday, September 26, 2009

... Ի ՄԱՔՍԱՅԻՆԷ ...(1)

Իմ կարծիքով մեր աղօթքի այն բաժնում, որտեղ ասւում է "Աստուած փրկէ զմեզ ի չարէ", պիտի անպայման աւելացնել "ի մաքսայինէ, ի հարկայինէ, ի ՕՎԻՐ-է ու էլի նման բաներէ"։

Ինչու՞։ Ասեմ։

Իրանում էի ու որոշեցի անձնական իրերս, որ մնացել էին այնտեղ, փոխադրել Հայաստան։ Առաջին անգամ 2002-ին այդ գործն արել էի, տուն ու տեղս փոխադրել էի Հայաստան։ Տուն ու տեղ այսինքն իմ տան իրերը, օգտագործուած, անձնական։ Փոխադրեցի, մէկ շաբաթ վազեցի մաքսային ծառայութեան այս գրասենեակից միւսը, տասերորդական պաշտօնեայի գրասենեակից առաջնային ու ի վերջոյ վճարելով $2500 ԱՄՆ դոլար միայն մաքսայինին, ապրանքներս տուն հասցրի՝ հայհոյելով ինքս ինձ։

Անցել էր 7 տարի։ Մնացած ապրանքներից չորս արկղ բեռնափոխադրման ընկերութիւններից մէկի միջոցով ինքս իմ ձեռքով ուղարկեցի Հայաստան, մինչ այդ ընկերութեան տնօրէնին մի քանի անգամ հարցնելով՝ դուք մինչեւ հիմա Հայաստան բեռ ուղարկե՞լ էք, մաքսայինում խնդիրներ չկա՞ն։ Մարդն էլ զարմանքով նայում էր ինձ ու պատասխանում, որ մենք աշխարհի տարբեր երկրներ ապրանք ենք ուղարկում, խնդիր չկայ, ինչու՞ պիտի խնդիր լինի, սրանք ձեր անձնական օգտագործուած իրերն են։ Ես էլ հարցս կրկնում էի, աշխարհի տարբեր երկրների հետ գործ չունեմ, Հայաստան բեռ ուղարկե՞լ էք։

Մաքսայինից զանգեցին, որ ապրանքներդ հասել են, եկ, տար։ Գնացի։ Առաջին իսկ պահից զգացի սխալս ու մտածեցի 2002-ին ինքս ինձ քիչ եմ հայհոյել, որ տարիներ անց կրկնել եմ նոյն սխալը։ Մի երկու գրասենեակ այցելելուց յետոյ ուղարկեցին պետի մօտ (այնքան, որ ես հասկացայ մի քանի պետ կար)։ Պետն էլ չի խօսում։ Ինքն ով, սովորական մարդիկ ով, կարժէ՞ն որ խօսի։ Առանց բարեւի պատասխան տալու՝ "մտիր այնինչի մօտ"։

Մտայ։ "Պիտի գրէք ձեր բերած ապրանքների անունները հատ առ հատ, կշիռը, արտադրման թուականը, արտադրող երկրի անունը..."։
-41 կիլօգրամ գիրք ունեմ, անունները եւ արտադրման երկրների անունները պիտի՞ գրեմ։
-Այո։
-Իսկ երեխայի խաղալիքները՞։
- Ի՞նչ խաղալիքներ են, փափուկ թէ այլ։
- Երկուսն էլ։
- Աւտօ էլ կա՞յ։
- Կայ։
- Գրէք փափուկ խաղալիքների կշիռը եւ արտադրման երկիրը, անուն առ անուն ցանկագրէք միւս խաղալիքները եւ արտադրման երկիրը։ Էլ ի՞նչ կայ։
- Բարձ։
- Որտեղի՞ արտադրութիւն է։
- Զոքանչիս։

Մարդը ծուռ ծուռ է նայում։ Պիտի գրէք արտադրման երկիրը։
- Ես այդքան բան որտեղի՞ց յիշեմ։
- Ես ուզում եմ քեզ օգնել, մտիր այնինչ գրասենեակը, զննման դիմում գրիր, դիմումդ տար այնինչ գրասենեակը, որ ստորագրեն, յետոյ տար այնինչ գրասենեակը, որ պեչատեն (կնքեն), դրանից յետոյ քեզ իրաւունք կը տան մտնես պահեստ, իրերդ բացես, էդտեղ մէկ մէկ ցանկագրիր ինչպէս ասացի, ու եկ ինձ մօտ"։
- Ես ուզում եմ իրերս յետ ուղարկել, ի՞նչ պիտի անեմ։
- Խորհուրդ չեմ տայ, դա աւելի բարդ է։

Շարունակեմ թէ՞ բաւական է։

Friday, September 25, 2009

ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ

Կաթողիկոս ունենք աշխարհը չունի։ Ոչ ոք հակառակում ինձ չի կարող համոզել։ Եթէ կասկածներ էլ ունէի, երեկ փարատուեց։ Հեռուստացոյցով հետեւում եմ լուրերին։ Նախագահը հանդիպել է Կաթողիկոսին։ Բացատրում է իր "սխրագործութեան" մասին։ Կաթողիկոսն էլ քարացած թէ ապշած կամ սառցակալած նայում է Նախագահին։ Յետոյ պատասխանում է http://www.azatutyun.am/content/article/1830412.html

Կարճ ասած,

- ողջունում է Նախագահի համահայկական ուղեւորութիւնը։

- ասում է, լաւ է, որ Սփիւռքը առիթ կունենայ անձամբ Ձեզանից լսելու իրեն յուզող հարցերի պատասխանները։

Վերջ։

Ինքը, որպէս Կաթողիկոս արձանագրութեան հետ կապուած որեւէ խնդիր չունի, որովհետեւ եթէ ունենար կասէր, ուրեմն համաձայն է, Հայաստանի հայութիւնն էլ (Կաթողիկոսի կարծիքով) խնդիր չունի, որովհետեւ եթէ ունենար, Կաթողիկոսը մի երկու բառ կասէր։ Պարզապէս, ըստ Կաթողիկոսի, Սփիւռքին յուզող հարցեր կան, այն էլ Նախագահը կերթայ կը պատասխանի։

Մինչեւ հիմա 17000 հոգի մասնակցել են Դաշնակցութեան կազմակերպած ստորագրահաւաքին։ Հարց է առաջանում, Կաթողիկոսը այդ 17000 հոգու Կաթողիկոսն էլ է թէ՞ ոչ։ Եթէ այո, ինչու՞ չի արծարծում դրանց խնդիրները։ Եթէ ոչ, գոնէ ասի, իմանանաք։

Կաթողիկոս ունենք, աշխարհը չունի։

Որտե՞ղ ես Խրիմեան Հայրիկ։

Պինդ մնացէք։

Thursday, September 24, 2009

ՀԱՑԱԴՈՒԼ (3)

Հետաքրքիր էր ստորագրահաւաքին մասնակցող մարդկանց վերաբերմունքը։ Բազմաթիւ մարդիկ իրենք էին մօտենում ու ցանկութիւն յայտնում ստորագրել։ Որոշներն էլ մատեանում իրենց կարծիքն էին գրում։

Մի կին մօտեցաւ, 60-65 տարեկան կը լինէր։ Ասաց ես ուզում եմ ստորագրել նաեւ հայրիկիս փոխարէն, կարելի՞ է։ Ասացինք թող ինքը գայ։ Բացատրեց ու իր կարծիքը գրեց մատեանում։

Պարզուեց, որ ամերիկացիները եղեռնի ժամանակ այդ կնոջ հորը՝ փոքրիկ մի երեխայ, դիակների մէջ գտել են ողջ։ Եւ նրան տեղափոխել են մանկատուն։ Հետագային հայրը հաստատուել է Գիւմրիում ու դարձել պատմութեան ուսուցիչ։ Կինը չափազանց յուզուած էր ու ամօթ էր տալիս այս իշխանաւորներին։ Ասում էր` "Ինչպէ՞ս կարող են մոռանալ մեր ազգի պատմութիւնը", ասում էր՝ "Ես ինչպէ՞ս եմ կարող մոռանալ հօրս ճակատագիրը"...

Ոմանք մօտենում էին, ստորագրում ու միաժամանակ հարցնում՝ "Տղերք, վստա՞հ էք էս իշխանութիւնները գլխիս բան չեն սարքի"։ Սա էլ խօսքի ազատութեան չափանիշը։ Մարդիկ վախենում են կարծիք յայտնել։ Էլի լաւ էր գոնէ այդ մարդիկ ստորագրում էին, մտածում էի տեսնես քանի քանիները կան, որ սրտով ու հոգով մեզ հետ են, բայց վախենում են նոյնիսկ ստորագրել։

Մի երիտասարդ տղայ մօտեցաւ ու ասաց՝ "Ուզում եմ մասնակցել հացադուլին, ի՞նչ անեմ"։ Պատասխանեցինք "Պիտի հերթագրուես, բայց դժուար քեզ հերթ հասնի, ցանկացողները շատ են"։

Ոմանք մօտենում ու հացադուլաւորներին օրհնում էին։

Մինչեւ մեր հացադուլի աւարտը 10000-ից աւելի ստորագրութիւն էր հաւաքուել։

Զաւեշտալի դէպքեր էլ պատահեցին։ Օրինակ մեր դիմացը մի տղայ կանգնեց, որը բջջայինով խօսում էր։ Ըստ երեւոյթին ժամադրուել էր ու հասցէր էր տալիս։ Ասաց՝ "Ես դաշնակների դէմն եմ"։ Փաստօրէն ոչ Արտաքին գործոց նախարարութեան դէմը, այլեւ դաշնակների դէմը։ Այլ խօսքով մի քանի օրում մենք դարձանք հասցէ տալու նշան։

Լաւ մնացէք։

Wednesday, September 23, 2009

ՀԱՑԱԴՈՒԼ (2)

Երկու օրուայ ընթացքում երեք անգամ հարցազրոյց տուեցի, երկուսը "Երկիր Մեդիա" հեռուստաալիքին, մէկը գերմանական ARD։

Դաշնակցութիւնը ներկայիս Հայաստանում տեղեկատուական շրջափակման մէջ է։ Հեռուստաալիքները, ի բացառեալ "Երկիր Մեդիայի", չեն հաղորդում Հանրապետութեան հրապարակում տեղի ունեցող հացադուլի, նստացոյցի եւ ցուցահանդէսի մասին։ Խօսքիս մէկ ապացոյցն է անցեալ շաբաթուայ ընթացքում Հայ Դատի կենտրոնական գրասենեակի պատասխանատու՝ Կիրօ Մանոյեանի հարցազրոյցին թղթակիցների չմասնակցելու փաստը, մինչդեռ մինչ այդ գալիս էին թերեւս առանց բացակայութեան։

Գերմանացիները հարցնում էին, որ եթէ այդուամենայնիւ համաձայնագիրը հաստատուի, ի՞նչ էք անելու։ Ասացի, որ դրանով երկիրն ու երկինքը իրար չեն խառնուելու, մենք 120 տարուայ պայքարի փորձ ունենք, մենք շարունակելու ենք մեր պայքարը, սակայն ինչ խօսք, որ աւելի է բարդանալու վիճակը։ Յամենայնդէպս ինչքան էլ բարդ, սակայն այն, որ մենք Թուրքիայից հողային պահանջ ունենք, անվիճելի է ու գալու է հատուցման օրը։

Էս էլ ես եմ, որ կարդում եմ Միքայէլ Վարանդեանի "Հայրենիքի գաղափարը" գիրքը։

Tuesday, September 22, 2009

ՀԱՑԱԴՈՒԼ (1)

Սեպտեմբերի 19-ի առաւօտեան ժամը 10:00-ից մինչեւ Սեպտեմբերի 21-ի առաւօտեան ժամը 10:00-ը, 48 ժամով ես էլ միացայ իմ ընկերներին եւ հացադուլ արեցի Արտաքին գործոց նախարարութեան շէնքի առջեւ։ 24 հոգի էինք։

48 ժամուայ ընթացքում հազար ու մի բան մտքովս անցաւ ու հետաքրքրի բաներ պատահեցին։ Օրինակ մտածում էի սրանից 19 տարի առաջ Սփիւռքում, երազում էինք Հայաստանի անկախութեան մասին, հաւատում էինք, որ գալու է անկախութեան օրը, բայց չէինք պատկերացնում, որ այն երբ տեղի կունենայ։ Տեղի ունեցաւ։ Երկիրն անխակացաւ։

Սակայն ամբողջ այդ տարիների ընթացքում երբէք չէինք մտածում ու պատկերացնում, որ մի օր կը պարտաւորուենք անկախ Հայաստանի Արտաքին գործոց նախարարութեան շէնքի առջեւ հացադուլ յայտարարել եւ երկու գիշեր քնել նախարարութեան շէնքի առջեւ։ Ճակատագրի ինչ խաղեր... Դա էլ եղաւ։

Աստուած է իմանում էլ ի՞նչ կը լինի։

Ինչքան տարբերութիւն կայ Հայաստանի մասին մեր պատկերացումների ու իրականութիւնների միջեւ։

Մտածում էինք երկիրը կանկախանայ, կունենանք պետութիւն, պետութիւնը տէր կը կանգնի իւրաքանչիւր հայի ճակատագրի, պետութիւնը տէր կը կանգնի Հայ Դատի պայքարին...

Friday, September 18, 2009

ԷԼԻ ԶԱՔԵՒՈՍԻ ՄԱՍԻՆ

Արդէն այս կայքէջում առիթ ունեցել եմ գրելու "Զաքեւոսի*" մասին։ Ասացի պէտք է ուշադիր լինել Զաքեւոսից, որպէսզի մեր դարպասը գոլ չխփի։ Խփեց։ Ու ոչ թէ մէկ հատ։

Իշխանութիւնը պահելու, պատմութեան մէջ մի ինչ որ գործով (հոգ չէ արտառոց) յաւերաժանալու մարմաջից ելնելով, հայրենի իշխանութիւնները մէկը միւսի հետեւից գոլ են խփում հայութեան դարպասում։

Սա նմանում է երկու անհաւասար ուժերով ֆուտբոլ խաղացող խմբերի պայքարին, որոնցից մէկի աւագը, գալով այն համոզման, որ անկարող է մրցակցին գոլ խփել, որոշում է գոլ խփել սեփական խմբի դարպասն ու դրանով առնուազն իր անունը յաւերժացնել, ինչ կարեւոր է ինչպէս, հէնց այն, որ իր անունն էլ կարձանագրուի գոլ խփողների շարքում, բաւական է։

Սա ներկայիս մեր իշխանութիւնների վիճակն է։ Գյուլին հրաւիրեցին ու ինչպէս կորած ու նոր նոր գտած եղբոր նման ընդունեցին, հիմա էլ նախաստորագրուած արձանագրութիւն են հրապարակել ու արի ու տես դրանում ոչ միայն Ցեղասպանութեան մասին իրենք են կասկած յայտնում, այլեւ հրաժարւում են հողային պահանջատիրութիւնից ու Արցախի ազատագրուած տարածքներից։

Միայն որպէսզի հանրութեանը ընտելացնեն իրավիճակին որդեգրել են բառախաղերի ձեւը։

Ի տես այս ամբողջի մտածում եմ նախքան թուրքերի հետ քննարկենք Ցեղասպանութեան հարցը, աւելի լաւ չէ՞ ինքներս մեր մէջ այդ հարցը քննարկենք , ի վերջոյ Ցեղասպանութիւ՞ն եղել է թէ ոչ։
Մենք թուրքերից հողային պահանջ ունե՞նք թէ չունենք։

Դժուար թէ մէկը սրանց նման կարողանար ջրել տասնամեակներ շարունակ Հայ Դատի անխոնջ նուիրեալների արածները։

Պինդ մնացէք։

* Անունը գրել եմ այնպէս ինչպէս լսել եմ նախապէս պատմածս պատմութեան մէջ։ Այն ընտրուած է պատահական։

Thursday, September 17, 2009

ԳՆԱՑԵԼ ԵՆ

Պարսիկ համալսարանաւարտ քաղաքականութեան հետ գործ չունեցող մի երիտասարդ տղայ աշխատանքի բերումով երեք ամսով եղել էր Եւրոպայի մի քանի քաղաքներում։ Վերադարձին, երբ նրան հարցրինք ինչ է տպաւորութիւններդ, պատասխանեց՝ “Տղերք, մեր համեմատութեամբ նրանք ոչ թէ զարգացած են, կամ յառաջադիմել են, ոչ, բացարձակապէս, նրանք գնացել են, հետքն անգամ չկայ”։

Այդ տղան պարսիկ էր ու խօսում էր Իրանի մասին։ Իրանը գտնւում է Երրորդ Աշխարհի երկրների շարքում եւ այնքան էլ գայթակղեցուցիչ վայր չէ ապրելու համար։ Այդուհանդերձ իմ կարծիքով, ցաւօք, մեր երկիրը գտնւում է Չորրորդ Աշխարհի երկրների շարքում, որոնք մինչեւ Երրորդ Աշխարհ դեռ մի երկու հարիւր տարի ճանապարհ ունեն անցնելու։

Ամէն անգամ երբ համեմատում եմ երկու երկրների առողջապահական, բժշկական, ապահովագրական եւ այլ ոլորտները, էլ աւելի եմ համոզւում տեսակէտիս մէջ։ Սկզբում, երբ նոր էի եկել Հայաստան, այսպէս չէի մտածում։ Տեսնում է խնդիրները, սակայն այն կարծիքին էի, որ Հայաստանը շատ արագ ճանապարհ կանցնի ու թռիչք կարձանագրի։ Այսօր այդ կարծիքին չեմ։ Իսկ մենք որտեղ, Արեւմուտքը որտեղ։ Չեմ էլ կարծում, որ դա միայն մեր երկրին է վերաբերում։ Մի մտաւորական “նորանկախ հանրապետութիւններ” դարձուաքի փոխարէն, ասում էր “նոր յետ ընկած” հանրապետութիւններ։ Տխուր է, տխուր։

Պինդ մնացէք։

Monday, September 14, 2009

ԱՄԷՆ ԱՆԳԱՄ...

Ամէն անգամ երբ Հայաստանից ոտս դուրս եմ դնում մի բան պատահում է, անցեալ անգամ "Մարտի 1" սարքեցին ու այս անգամ էլ ուզում են հայրենիքը վաճառել։

Վերադարձել եմ։

Պինդ մնացէք։