Wednesday, December 31, 2014

2015

Շնորհաւոր Ամանոր և Սբ. Ծնունդ

2015

Թող 2015 թ. լինի անձնական կեանքում առողջութեան, յաջողութեան, երջանկութեան տարի։ 

Թող 2015 թ. Հայաստանի համար լինի խաղաղութեան, զարգացման ու հզօրացման տարի։

Ամենայն բարիք բոլորիդ։

Լաւ մնացէք։

Wednesday, December 10, 2014

ՏԱՆԵ՞Լ, ԹԷ՞ ՉՏԱՆԵԼ

Պատկերացրէք, որ ձեր տղան, ով ընդամէնը 9 տարեկան է, ձեզնից պահանջում է, որ իրեն տանէք քաղաքի կինօթատրոններից մէկում ցուցադրուող 16+ ֆիլմ դիտելու։ Դուք բացատրում էք, որ չի լինի, որովհետև ինքը փոքր է։

Ի պատասխան, նա ասում է, որ իրենց դասարանից միայն մէկ կամ երկու հոգի այդ ֆիլմը չեն դիտել և հարցնում է` արդեօ՞ք իր դաընկերները 16+ են, արդեօ՞ք միայն ինքն է փոքր, արդե՞ք այդ ֆիլմը միայն իր համար յարմար չէ։

Հարցերը տրամաբանական են։ Ի՞նչ անել նման պարագաներում։ Ի՞նչ պատասխանել։

Տարբերակ առաջին. ենթարկուել հոսանքին, տոմս գնել ու երեխային տանել այդ ֆիլմը դիտելու, որպէսզի, թէ դուք յետամնաց ու բռնակալ հայրիկի, ու թէ ձեր տղան դասարանում  թիթիզի տպաւորութիւն չթողնի։

Տարբերակ երկրորդ. շարունակել ձեր քաղաքականութիւնը, հաստատակամ մնալ որոշման վրայ և նոյնիսկ երբ այդ նոյն կամ նմանատիպ ֆիլմեր են ցուցադրուելու հեռուստացոյցով` չթողնել դիտի, մինչև դառնայ 16 տարեկան։

Տարբերակ երրորդ. տղային տանել կինոթատրոն, բայց ոչ թէ այդ, այլ «Պինգուինները Մադագասկարում» շարժապատկերը (cartoon) դիտելու։

Ո՞րն է ճիշտ որոշումը։

Ես փորձեցի երրորդ տարբերակը։ Հարցը մեղամացաւ, բայց չվերացաւ։

Պայքարը երկուստէք շարունակւում է։

Լաւ մնացէք։

Tuesday, December 2, 2014

ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԷ ԻՆՉՈՒ ՊԷՏՔ Է ՉՔՆԵԼ…

Նկատի ունենալով, որ Հայաստանում ամէն առաւօտ, երբ քնից արթնանում ենք, պարզւում է, որ մի բան թանգացել է` մածունը, գազը, շաքարաւազը, դեղը…մի խօսքով օրը մի, կամ մի քանի բան և, դա այլևս զարմանալի չէ, մտածում եմ թերևս լուծումներից մէկը չքնելն է։

Քնում-արթնանում ենք` մի բան թանգացել է, իսկ եթէ չքնենք…

Լաւ մնացէք։

Յ.Գ. Չքնել ոչ թէ անհատապէս, այլ ազգովի։ Ի՞նչ էք կարծում։

Monday, November 24, 2014

ԻՆՉՔԱՆՈ՞Վ Է ՎՍՏԱՀԵԼԻ

Գնացել եմ բժշկի։ Մինչև բժշկի մօտ մտնելը կատարել եմ համապատասխան վճարումները։ Հանդիպումը տևել է մօտ տասը րոպէ։ Ողջունելուց յետոյ բացատրել եմ, թէ ինչու՞ եմ գնացել իր մօտ, ի՞նչ խնդիր կայ։ Մի երկու հարց է տուել։ Դուռը բացուել ու մտել է մի կին ձեռքում թղթեր։ Պարզւում է հաշուապահն է, որ բժշկի հետ քննարկում է մի ինչ որ հարց` հաշիւների հետ կապուած։ Քննարկել, աւարտել են, կինը գնացել է։

Բժիշկը թերևս բաւարարուելով իր տուած այդ մի երկու հարցով և գալով եզրակացութեան սկսել է ասել, թէ ինչ պէտք է անել…Խօսակցութիւնը կիսատ է մնացել, որովհետև բժշկի բջջային հեռախօսը զանգել է և նա հեռախօսով սկսել է քննարկել ընտանեկան հարց…

Աւարտուել է խօսակցութիւնը։ Բժիշկն արդէն չի էլ յիշում, թէ ինչ էր իմ խնդիրը։ Հարց եմ տալիս, թէ սա այսպէս պէ՞տք է լինի, թէ՞ այնպէս։ Սկսում է բացատրել...

Կրկին զանգում է բժշկի բջջայինը և նա պատասխանում է զանգին…

Եւ, ինչպէս ասացի, այս ամբողջը տևել է տասը րոպէ։ Տասը րոպէի ընթացքում երկու հեռախօսազրոյց, հաշուապահի հետ հարցերի քննարկում և հիւանդի քննում ու դեղերի նշանակում։

Ի՞նչ անել նման պարագաներում։ Բժիշկը բարեսիրութիւն չի արել, գումար է ստացել ծառայութիւն մատուցելու համար, իսկ այս պարագային նա ծառայութիւն մատուցե՞լ է։ Բժիշկն ընդհանրապէս հասկացա՞ւ, թէ ես ինչու՞ էի գնացել իր մօտ և ի՞նչ էր խնդիրը։ Ինչքանո՞վ է վստահելի նման բժշկի նշանակած դեղերը։

Լաւ մնացէք։

Wednesday, October 22, 2014

ՅՈՎԱՆՆ ԷԼ ԳՆԱՑ...



Յովանն էլ գնաց…

Ինչպէս հաւատալ, որ Յովանը չկայ…

Յովանը` իր գաղափարների համար կռիւ տուող, հաւատաւոր, բուռն ու անզիջում մեր դաշնակցական ընկերը…

Շուտ էր, շատ շուտ էր Յովանի համար…

Յովանը դեռ տալիք ունէր իր ընտանիքին, համայնքին, այնքան պաշտելի ազգին…

Գնաց Յովանը…

Աստուած հոգին լուսաւորի…


Thursday, October 16, 2014

Ո՞ՐՆ Է ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆԸ

Հետաքրքիր է իմանալ Բարգաւաճ Հայաստան և Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնների աշխարհահայացքային, գաղափարախօսական և սկզբունքային տարբերութիւնները որո՞նք են։

Լաւ մնացէք։

Wednesday, October 1, 2014

ԻՆՉՔԱ՜Ն ՆՄԱՆՈՒԹԻՒՆ…


«1920 թուականին…Անկախ Հայաստանի ամենափայլուն շրջաններից էր։

Շարժուել էր հայոց ժողովուրդը. արտասովոր ոգևորութիւն ու եռուզեռ էր տիրում թէ` երկրի ներսը և թէ Հայաստանից դուրս, հայութեան բոլոր խաւերի մէջ։

Ծայր էր առել հայրենադարձը։ Տարերային թափով, ամէն կողմից, հայ մարդը շտապում էր վերադառնալ իր հայրենի երկիրը։

Գալիս էին անծայրածիր Ռուսաստանի բոլոր վայրերից, Հիւսիսային Կովկասից, Անդրկասպեան երկրներից, Խրիմից և Ուկրայինայից, Պետրոգրադից, Մոսկուայից, Սիբիրից, Հեռաւոր Արևելքից։ Գալիս էին Բալքաններից, Ամերիկայից, Պոլսից և Եգիպտոսից, Միջագետքից ու Պարսկաստանից։ Եկողներ եղան նոյնիսկ Հնդկաստանից ու Հաբեշիստանից։ Հայրենադարձի տենդով էր բռնուած ողջ հայութիւնը»։
.
.
«Հունգարիայից եկած պատուիրակները…Դրամագլուխ շատ չունէին, բայց հարուստ էին մասնագիտական հմտութեամբ և փորձառութեամբ։ Հայերէն չգիտէին։ Իրենց լեզուն մաճառերէնն էր, որը Հայաստանում հասկացող չկար…Հայաստանը ցարերի օրով յետամնաց, հազիւ նախնական տնտեսութեան շրջանը բոլորած գաւառական մի երկիր էր։ Բարձր մշակոյթն ու ճարտարարուեստը նոր պիտի զարգանային։ Ի՞նչ գործով պիտի զբաղուէին և ու՞ր պիտի բնակեցուէին դրամատիրական տնտեսութեան և որակեալ աշխատանքի ու ապրելակերպի վարժուած այս մարդիկը։

Մի քանի անգամ հանդիպումներ ունեցանք, քննեցինք, չափեցինք բոլոր պայմաններն ու հնարաւորութիւնները։ Զարմանալի համբերութեամբ ու մանրակրկիտ ուսումնասիրում էին բոլոր հանգամանքները, և վերջը եկանք համաձայնութեան։

Եկողներից ոմանք կարող էին դասախօսի պաշտօն ստանձնել Հայաստանի համալսարանում ու մասնագիտական դպրոցներում։ Ոմանք գործ կ՛ունենային գիւղատնտեսութեան և հանքագործութեան բնագաւառում։ Ոմանք շինարարութեան և ճարտարարուեստի ու տնտեսութեան զանազան ճիւղերում։ Ոմանք էլ «մի գործ կը գտնէին իրենց համար»։
.
.
«Ի՞նչ էր մաճառացած հայերին և Դոնի հայ գիւղացիներին դէպի Հայաստան մղող ուժը։ Ինչու՞ Հայաստան և ոչ, օրինակ, Ամերիկա` բոլոր ազատազուրկների և բոլոր հալածեալների յոյսի փարոսը։ Անմեկնելի մի խորհուրդ կայ բնութեան մէջ, ի վերջոյ, մարդու մէջ խօսում է արիւնը։ Արիւնը քաշում է այնտեղ, որտեղից սկսել է հոսել երակներում…»։

Սիմոն Վրացեան, Կեանքի ուղիներով, Ա հատոր, էջ 270-273

Ինչքա՜ն նմանութիւն կայ Սիմոն Վրացեանի նկարագրած 1920 թուականի ու մեր օրերի Հայաստանի հանրապետութիւնների միջև։ 

Ինչքա՜ն նմանութիւն Հայաստանի այն ժամանակուայ ու ներկայի պետութիւնների մօտեցումների մէջ։ 

Ինչքա՜ն նմանութիւն հայրենադարձութեան ալիքի հետ կապուած։ 

Այնքան շատ են այդ նմանութիւնները, որ մի պահ մտածեցի Վրացեանը հէնց այսօր է գրել այդ տողերը…

Փոխուել ենք։ Փոխուել է Հայաստանը, փոխուել է նաև Սփիւռքը։ 

Ու վիճակին ընտելացել ենք։

Լաւ մնացէք։

Monday, September 29, 2014

ԱՀԱՒՈՐ ԲԱՆ Է...

«Ահաւոր բան է, երբ մարդու հոգին ամայանում է...»։

Սիմոն Վրացեան, Կեանքի ուղիներով, Ա հատոր, էջ 222

Saturday, September 27, 2014

ՊԻՏԻ ՀՆՉԷ ՆՈՐԻ՛Ց...

«Տասնեակ տարիներ են սահել-գնացել այդ օրերից։ Ի՞նչ է կատարւում այժմ Զանգեզուրի լեռներում -  ես չգիտեմ։ Բայց գիտեմ հաստատ, խորապէս հաւատացած եմ, որ եթէ այսօր պատահէին մեզ հաց և օթևան մերժող զանգեզուրցի գիւղացիները, լալով թողութիւն պիտի խնդրէին այն գիշերը մեզ պատճառած ցաւի համար։

Գիտեմ և խորապէս հաւատում եմ, որ այն իմաստուն գիւղացի ծերուկը, Տաթև չհասած, եթէ մէկ էլ հանդիպէր մեզ, պիտի չգանգատուէր, որ հայը հայի դէմ է ելել - այնքա՜ն անիրաւութիւն և չարիք տեսաւ հայը իր եղբայր հայից։

Խորապէս հաւատում եմ նաև, որ Զանգեզուրը վաղը, ուշ կամ կանուխ,- ողջ Հայաստանի հետ միասին, ի հարկէ,- նորից կը լինի ազատ և հպարտ, ինչպէս իր ազատ և գեղեցիկ բնութիւնը, ինչպէս քաջ և հպարտ զաւակները իր։

Ժամանակները յղի են խորհուրդներով։

Պիտի հնչէ նորի՛ց ազատութեան երգը Զանգեզուրի լեռներում...»։

Սիմոն Վրացեան, Կեանքի ուղիներով, Ա հատոր, էջ 228

Friday, September 26, 2014

ՋՈՒՐԸ ՄՆԱՑ ԿՈԿՈՐԴՈՒՄՍ...



Կարդացի ՀՀ նախագահի ելոյթը ՄԱԿ-ի Ընդհանուր Ժողովի ամբիոնից։
Անկեղծ ասած լաւ ելոյթ էր, տեղը տեղին։

Նոյն անկեղծութեամբ ասեմ, որ Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնների մասով նախագահի ասածը, ինչքան էլ ուրախալի, այդուամենայնիւ իմ վրայ նեղացած մարդու տպաւորութիւն թողեց (այն որ Հայաստանում ասում են` աբիժնիկ)։ Ճիշտ երեխաների կռիւը մանկապարտէզում` հիմա որ գնդակը չես տալիս, ես էլ չեմ խաղայ. նոյնն է` հիմա որ չես վաւերացնում, ես էլ արձանագրութիւնները մեր ԱԺ-ից յետ կը կանչեմ։ Ի՞սկ եթէ վաւերացնի… Թէ ստորագրութիւններն են դեռ տեղը, թէ արձանագրութիւններն իրենց ուժը չեն կորցրել ու թէ, իմ համոզմամբ, եթէ այսօր թուրքերը վաւարացնեն արձանագրութիւնները, Հայաստանը գիշերով ԱԺ-ի արտահերթ նիստ կը հրաւիրի ու կը վաւերացնի դրանք, որովհետև ոչ թէ հասկացել ու համոզուել են իրենց սխալի մէջ, այլ պարզապէս «քցուել» են։ Բայց դա դեռ մի կողմ թողնենք։

Կրկնեմ, որ լաւ է, որ նախագահն այդպէս ասաց, բայց ճիշտն այն էր, որ ի սկզբանէ չստորագրէր։ Ուրախ եմ, որ նախագահն այդպէս ասաց, բայց լաւն այն կը լինէր, որ մինչ այս պահը իր սխալը սրբագրած ու ստորագրութիւնը յետ վերցրած լինէր։

Բայց այս գրառումը դրա մասին չէ, այլ կոկորդումս մնացած ջրի։

Կարդացի ելոյթը։ Շարունակեցի այլ նորութիւնների հետ ծանօթանալ։ Մի բաժակ ջուր լցրի, որ խմեմ։ Սկսեցի խմել ու մէկ էլ…Սուրիկ Խաչատրեանը [վերա]նշանակուել է Սիւնիքի մարզպետ…Ջուրը մնաց կոկորդումս... Հանրապետական աւազակախումբը նոյնիսկ ջուր խմելու հնարաւորութիւն չտուեց։

Պատկերացնում էք, Լիսկան կրկին Սիւնիքի մարզպետ…

Այ քեզ բան։ Այս երկրում ուրիշ մարդ չկա՞յ։ Իրօք, որ հանրապետականները մարդու սովի վիճակում են յայտնուել։

Եւ նոր հասկացայ հանրապետականների «Դէպի ապահով Հայաստան» կարգախօսի ու Հայաստան-Սփիւռք 5-րդ համաժողովի յայտարարութեան մէջ երեք անգամ տեղ գտած «ապահով Հայաստան»-ի իմաստը։ Մեղք ենք։ Սփիւռքահայերը` մի առումով, հայաստանցի հասարակ մահկանացուները` մէկ այլ առումով, իսկ մենք սփիւռքահայ հայաստանաբնակ հասարակ մահկանացուներս` բոլորովին այլ առումով։

Պինդ մնացէք։

Tuesday, September 23, 2014

ՄԻ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹԵԱՆ ԵՒ ՄԻ ԶԳԱՑՈՒՄԻ ՄԱՍԻՆ


Երեկ կարդացի Հայաստան-Սփիւռք 5-րդ համաժողովի ընդունած յայտարարութիւնը։
Ուշագրաւ կէտեր կային։ Օրինակ հետաքրքիր է, որ յայտարարութեան մէջ երեք տեղ նշուել է «ապահով Հայաստան»-ը։.

Յիշեցնեմ, որ 2013 թ. ՀՀ նախագահական ընտրութիւններում Հանրապետական կուսակցութեան թեկնածու Սերժ Սարգսեանի կարգախօսն էլ «Դէպի ապահով Հայաստան» էր։  

Զարմանալի զուգադիպութիւն…

Իսկ այս զուգադիպութիւնը մէջս մի զգացում առաջացրեց։ Այնքան ասացին (ու հիմա արդէն Սփիւռքն էլ եկաւ հաստատեց), որ պիտի հասնենք ապահով Հայաստանի, որ մարմնովս սարսուռ անցաւ։ Երեկ գիշեր սարսափազդու երազներ եմ տեսել, իսկ այս առաւօտ տնից դուրս եկել զրահաւորուած…

Պինդ մնացէք։

Sunday, September 21, 2014

ՄՂՁԱՒԱՆՋԸ ՇԱՐՈՒՆԱԿՒՈՒՄ Է...

Իրանահայ երիտասարդը սրանից տասնըմէկ տարի առաջ ներգաղթեց Հայաստան։ Ամուսանացաւ հայաստանցի աղջկայ հետ։ Երկու զաւակ ունեցաւ։ Սովորեց, աշխատեց, դարձաւ համալսարանի դասախօս և … Ինչ զուգադիպութիւն ու ինչ հեգնանք…Հայաստան-Սփիւռք 5-րդ համաժողովի փակման օրը, ընտանիքով արտագաղթեց Հիւսիսային Ամերիկա։


Ահաւասիկ երկրի տարբեր ժամանակների ղեկավարների կիրառած քաղաքականութեան ամենփայլուն ձեռքբերումներից մէկը` Հայաստան-Սփիւռք համագործակցութեան ոլորտում։
 
Եւ տեսնես այս մղձաւանջը մինչև երբ պէտք է շարունակուի…
 
Պինդ մնացէք։

Sunday, September 7, 2014

ԱՐՁԱԿՈՒՐԴ - 5

Եւ ի վերջոյ, արձակուրդ նաև նշանակում է առնուազն մէկ ամսով գնալ հաւայեան կղզիներ, բայց...

Լաւ մնացէք։

Tuesday, September 2, 2014

ԱՐՁԱԿՈՒՐԴ - 4

Արձակուրդ, նաև նշանակում է վերջապէս ժամանակ գտնել և աւարտին հասցնել թարգմանածդ գրքի ամիսներ ձգձգուող վերանայման աշխատանքը։

Լաւ մնացէք։

Saturday, August 30, 2014

ԱՐՁԱԿՈՒՐԴ - 3

Արձակուրդ, նաև նշանակում է հնարաւորութեան սահմաններում
ծանօթանալ հայրենիքիդ մի հատուածի հետ, այս անգամ` Լոռի, Վանաձոր...


Լաւ մնացէք։

Friday, August 29, 2014

ԱՐՁԱԿՈՒՐԴ - 2

Արձակուրդ, նաև նշանակում է նստել սեփական գրադարանի առջև, հանել կարդացած ու չկարդացածդ գրքերը, թերթել, մէկից մի տող կարդալ, մէկից` մի պարբերութիւն, միւսից` մի քանի էջ, ընկնել խոհերի ու յուշերի մէջ, ինքդ քեզ ժպտալ, լրջանալ, ապրել...

Լաւ մնացէք։

Thursday, August 28, 2014

ԱՐՁԱԿՈՒՐԴ - 1

Արձակուրդ, նաև նշանակում է տանը մնալ ու տղայիդ հետ խաղալ նրա նախընտրած խաղերը` տըխկ-տըխկ, ինքնահնար ձեռնաֆուտբոլ...

Լաւ մնացէք։

Monday, August 25, 2014

ՉԻՊՈԼԻՆՈՅԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ-4

"Ժողովուրդը լրջօրէն անհանգստացած էր, որովհետև ամէն դատական նիստից յետոյ միայն տհաճութիւններ էին լինում։ Անցեալ արտակարգ նիստին դատարանը վճիռ էր կայացրել, որ գիւղում ոչ միայն հողը, այլև օդը պատկանում են կոմսուհի Բալերին. դրա համար էլ բոլոր նրանք, ովքեր շնչում էին, պէտք է օդի համար հարկ վճարէին։ Ամիսը մէկ անգամ Պոմիդորոն շրջում էր գիւղի տներն ու գիւղացիներին ստիպում, որ իր ներկայութեամբ խոր շնչէին։ Շնչելիս և արտաշնչելիս նա հերթով չափում էր նրանց կրծքի ծաւալը, յետոյ հաշւում, թէ ամէն մի սպառող ինչքան պիտի վճարի"։

Չիպոլինոյի արկածները, էջ 192

Վերոշարադրուածը ձեզ հինաւուրց, լեռնային, Կովկասում գտնուող մի երկիր չի յիշեցնու՞մ...

Եւ շարունակութիւնը.-

"- Ներքոստորագրեալ կոմսուհի Աւագը և կոմսուհի Կրտսերը, որոնք սերում են Բալերի տոհմից, հաստատում են, որ օդի տէրերը լինելով` պէտք է ճանաչուեն նաև տարուայ ընթացքում տեղացող անձրևի տէրերը։ Այս պատճառով էլ նրանք քաղաքացիներից պահանջում են վճարել երկու հարիւր լիր կայծակով և որոտով ամպրոպի համար, երկու հարիւր լիր ձեան համար և չորս հարիւր լիր` կարկտի համար, բարձր ու ցածր մառախուղի, եղեամի համար հարկը կրճատուած է մինչև յիսուն լիր"։

Չիպոլինոյի արկածները, էջ 193

Լաւ մնացէք։

Sunday, July 6, 2014

ՉԻՊՈԼԻՆՈՅԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ-3

- Վատ կը լինի այն տղաների գործը, ովքեր կենտրոնանում են ճանճերի վրայ։ Այստեղից են սկսւում բոլոր դժբեխտութիւնները։ Մի ճանճից յետոյ միւսը կը գայ, նրանից յետոյ` երրորդը, չորրորդը...Յետոյ այդ տղաներն աչքները չռում են սարդերի, կատուների, միւս բոլոր կենդանիների վրայ և, ի հարկէ, ի սպառ մոռանում դասերի մասին։ Ով դասերը չի սերտում, օրինաւոր տղայ չի դառնայ։ Օրինազանց տղան չի կարող բարեկիրթ մարդ դառնալ։ Իսկ ոչ բարեկիրթ մարդիկ վերջիվերջոյ բանտ են ընկնում։ Այսպէս, Բալու՛կ, եթէ չես ուզում օրերդ բանտում անցկացնել, ճանճերին մի՛ նայիր։

Չիպոլինոյի արկածները, Ջաննի Ռոդարի, էջ 48

Friday, July 4, 2014

ՉԻՊՈԼԻՆՈՅԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ-2

- Ինչու՞ ես այդքան հառաչում,- խիստ հարցրեց սպան։
- Ինչպէ՞ս չհառաչեմ։ Ամբողջ կեանքում աշխատել եմ և միայն հառաչանքներ վաստակել։ Օրական` տասնեակ հառաչանք...Հիմա մի քանի հառաչանք ունեմ կուտակած։ Հարկ է, որ դրանք օգտագործեմ։

Չիպոլինոյի արկածները, Չաննի Ռոդարի, էջ 45

Sunday, June 15, 2014

«ԵՍ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՄ ՍՐԻԿԱՆԵՐԻՆ»

- Դու որտեղի՞ց ծլեցիր, ինչու՞ աշխատանքի չես։

- Ես չեմ աշխատում, ես սովորում եմ,- պատասխանեց Չիպոլինոն։

- Սովորու՞մ ես, իսկ որտե՞ղ են գրքերդ։

- Ես ուսումնասիրում եմ սրիկաներին, Ձ՛երդ ողորմածութիւն։ Հէնց հիմա նրանցից մէկը կանգնած է առջևս, և ես յարմար առիթը բաց չեմ թողնի, որպէսզի ինչպէս հարկն է զննեմ նրան։

- Ուսումնասիրու՞մ ես սրիկաներին։ Շատ հետաքրքիր է, գիւղում բոլորն էլ սրիկաներ են։ Եթէ նոր սրիկա ես գտել, որին չեմ ճանաչում, ցո՛յց տուր ինձ։

- Ի հարկէ, Ձերդ ողորմածութիւն,- խորամանկ աչքով անելով` պատասխանեց Չիպոլինոն։ Յետոյ ձեռքը տարաւ ձախ գրպանն ու հանեց մի փոքրիկ հայելի, որով սովորաբար գնում էր արտոյտ որսալու։ Մօտենալով սինիոր Պոմիդորոյին` Չիպոլինոն հայելին բռնեց նրա քթի մօտ ու ասաց.

- Ահա նա, Ձե՛րդ ողորմածութիւն։ Ապա, ուշադիր նայէ՛ք նրան։

Չիպոլինոյի արկածները, էջ 19-21

Tuesday, May 6, 2014

ԷԼԻ ԱՆԳԼԵՐԷՆ

Այսօր, չեմ յիշում կեանքումս քանիերորդ անգամուայ համար, անգլերէնի քննութիւն տուեցի։

Եւս երկուսը պէտք է յանձնեմ յառաջիկայ օրերին։

Տեսնես անգլերէնի էլ քանի քննութիւն պէտք է տամ կեանքիս մէջ...

Լաւ մնացէք։

Sunday, April 27, 2014

ՄԱՐԴՈՒ ՍՈՎ

Երկրի վերջին երկու-երեք շաբաթների իրադարձութիւնները, նաև Նախագահի կողմից (վերա)նշանակուած նախարարներն ու ԱԺ-ի նախագահի նշանակումը (իբր ընտրութիւնը)` եկան հաստատելու Հանրապետական կուսակցութիւնում առկայ մարդու սովի մասին։

Ուզում են համոզել, որ Հայաստանի երիտասարդ Հանրապետութիւնը սպառել է որակեալ մարդուժը և, մեզ` սովորական քաղաքացիներիս անընդհատ պարտաւորեցնում են յիշել երկրի երեկը, որը թէև լաւը չէր, բայց, այդուհանդերձ, աւելի լաւն էր` քան այսօրը։

Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնների ստորագրման նախաշեմին, երբ Նախագահը այցելեց Սփիւռք` բացատրելու իր քայլը և, հանդիպեց սփիւռքահայերի ընդվզումին, մեր երկրի ճակատագրում, ցաւօք սրտի, դերակատար մի խեղկատակ` Գալուստ Սահակեան անունով, սփիւռքահայերին կոչեց "տականք"։ Այդ ժամանակ ես նրան մի բանաստեղծութիւն նուիրեցի։ Ահա յղումը։ Եւ հիմա այդ տականք խեղկատակը դառնում է մեր երկրի ԱԺ նախագահ։ Այդ համապատկերում դժուար չէ պատկերացնել Հայաստան-Սփիւռք փոխ-յարաբերութիւնների հետագայ ճակատագիրը։ Էլ չեմ խօսում այն քրտինքի մասին, որ ամօթից նստելու է հայերի ճակատին, երբ ամէն անգամ իրենց ԱԺ նախագահը հանդիպի արտասահմանեան պատուիրակութիւններին։

Տիգրան Սարգսեանի կառավարութեան նախարարները գրեթէ նոյնութեամբ վերանշանակուեցին։ Ստացւում է, որ խնդիրը Տիգրան Սարգսեանն էր…

Սերժ Սարգսեանը` Տիգրան Սարգսեանին տուն ուղարկելով լաւ առիթ ունէր յոյսի նշոյլ վերադարձնել հասարակութեանը` բարոյական նկարագրի տէր որակեալ մարդկանց պատասխանատու դիրքերի բերելով (որոնք հասարակութեան մէջ առկայ են, բայց իշխանութեան հետ կապ չունեն), սակայն նորանշանակ վարչապետից սկսած մինչև վերանշանակուած նախարարներով ու մինչև դրանց գլուխգործոցը համարուող ԱԺ նորանշանակ նախագահով` երկրի խորտակուող նաւը էլ աւելի մխրճուեց (ու կը մխրճուի) տիղմի մէջ։ Ու չի փրկի նոյնիսկ Յովիկ Աբրահամեանի գործնապաշտական քայլերը։

Ձուկը գլխից է հոտել։

Երկիրը կարելի է փրկել միմիայն ազգային մտածողութիւն ունեցող և բարոյական չափանիշներով առաջնորդուող ղեկավարներով։

Պինդ մնացէք։

Friday, April 18, 2014

Thursday, April 17, 2014

ՉՁԱՆՁՐԱԼԻ ՕՐԵՐ

Հայաստանի ներքաղաքական դաշտը տևական ձանձրալի վիճակից յետոյ` վերջին շաբաթների ընթացքում բաւականին հետաքրքիր է դարձել։

Վարչապետ Տիգրան Սարգսեանի հրաժարականի պատճառած ուրախութիւնը, ցաւօք, երկար չտևեց։ Վարչապետ նշանակուեց Յովիկ Աբրահամեանը։ Բայց այս պարագային էլ անհանգստութիւնը, բարեբախտաբար, երկար չտևեց։

Երեկ երկար-բարակ հաղորդագրութիւն էր հրապարակել ՕԵԿ-ը, որի միտք բանին հետևեալն էր` Արթուր Բաղդասարեանը գնացել է Նախագահի մօտ ու ասել` ինձ նշանակիր վարչապետ։ Նա մերժել է։ Սա խռովել է ու արդիւնքում` դուրս է եկել կոալիցիայից։

Այս լուրը կարդալով այս անգամ ուրախացանք Յովիկ Աբրահամեանի վարչապետ նշանակուելու կապակցութեամբ։ Պատկերացրէք, եթէ Արթուր Բաղդասարեանը վարչապետ նշանակուէր…

Այլ երկրների մասին չգիտեմ, բայց Հայաստանում վաղուց արդէն բւարարւում ենք "նուազագոյն չարիք"-ով։

Թէ ինչ կայ այս ամբողջի տակ թաքնուած, կերևայ ոչ շատ հեռու ապագայում։

Այնպէս որ, առնուազն ներկայիս չձանձրալի օրեր ենք ապրում Հայաստանում…

Լաւ մնացէք։

Friday, April 4, 2014

ԳԱՐՆԱՆ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ



Մի հայաստանցի ընկեր ունեմ։ Շատ յարգելի մարդ։ Շատ-շատ յարգելի։

Այս ընկերս ամէն տարուայ փետրուարի 15-ին ասում է, որ գարունը եկաւ։

Եւ իմ կատակով արած այն առարկութեանը, որ Հայաստանում տարուայ 11 ամիսը ձմեռ է, մէկ ամիսն էլ աշուն, պատասխանում է, որ դու սփիւռքահայ ես, Հայաստանը չես ճանաչում, Հայաստանեան իրականութիւնները չգիտես, Հայաստանում փետրուարի 15-ից գարուն է։

Հիմա, երբ ապրիլին Հայաստանում ձիւն է գալիս, փողոցները սառցակալած են, օդը ցուրտ է, տնում ջեռուցումն ենք միացնում, ես ի՞նչ  անեմ` աչքերիս հաւատա՞մ, թէ՞ Հայաստանի պայմանները գերազանց իմացող հայաստանցի ընկերոջս ասածներին։

Եւս մէկ հարց. մենք` հայրենդարձ սփիւռքահայերս, ինչքա՞ն պէտք է ապրենք Հայաստանում, որպէսզի ճանաչենք Հայաստանն ու հասկանանք Հայաստանեան իրականութիւնները։ Մէկ տարի՞, երե՞ք, հի՞նգ, ու՞թ…բայց ախր ես տասը տարուց աւելի է Հայաստանում եմ ապրում…

Լաւ մնացէք։

Thursday, April 3, 2014

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐՈՒԵՑ...

Վարչապետ Տիգրան Սարգսեանը հրաժարուեց...

Տարոսը մնացած բոլոր հանրապետականներին...

Պինդ մնացէք։