Thursday, December 14, 2017

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՊՐՆ. Վ. ԳԱՍՊԱՐԵԱՆԻՆ



Այս բաց նամակը հրատարակուել է ՀԵՏՔ-ում։ 


ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՊՐՆ. Վ. ԳԱՍՊԱՐԵԱՆԻՆ

14 դեկտեմբեր, 2017 թ.
          Յարգելի Պրն. Գասպարեան,

          2017 թ. նոյեմբերի 30-ի ժամը 18։00-ին Երևան քաղաքի Յովսէփ Էմին փողոցի կամուրջի վրայ տղաս՝ 12 տարեկան Մհեր Մկրտչեանը, վրաերթի է ենթարկուել 73PP777 սպիտակ գոյնի շևրոլետ նիւայի վարորդի կողմից։ Ականատեսները կանչել են շտապօգնութիւն։ Վարորդը մնացել է պատահարի վայրում։ Շտապօգնութեան մեքենան տղայիս տեղափոխել է Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ իրեն ցուցաբերուել է բժշկական օգնութիւն։ Բժշկական կենտրոնից տղայիս դուրս են գրել դեկտեմբերի 7-ին։ Տղաս ստացել է մարմնական վնասուածքներ՝ ուղեղի ցնցում, ճակատին տասը կար են դրել, քիթը կոտրուել է, աջ այտը և շրթունքը խիստ քերծուել են... Էպիկրիզում արձանագրուած է. «Ընդունվելիս ընդհանուր վիճակը գնահատվում է միջին ծանրության...»։

          Այսօր դեկտեմբերի 14-ն է։ Պատահարից անցել է 15 օր։ Այդ թուականից մինչ այս պահը որևէ քննիչ տղայիս, որպէս տուժողի, կամ կնոջս ու ինձ, որպէս տուժողի իրաւայաջորդի, չի հանդիպել, եղելութիւնը չի քննել։

          Ես դեկտեմբերի 8-ի առաւօտեան ժամը 11։00-ին կապուել եմ ոստիկանութեան թեժ գիծ՝ 177 հեռախօսահամարով և հետաքրքրուել քննիչի մասին։ Ինձ պատասխանել են, որ զանգեմ ճանապարհային ոստիկանութեան հերթապահ մաս։ Զանգել եմ։ Ինձ տուել են քննիչի անուն-ազգանունն ու հեռախօսահամարը և ասել, որ կապուեմ։ Չեմ կապուել, որովհետև ստացւում է, որ այս պարագայում տուժողը ինքը պիտի կապուի ոստիկանութիւն, գտնի քննիչին, խնդրի, որ գան իրեն հարցաքննեն ու պարզեն դէպքի հանգամանքները։

          Կիրակի՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 19։39-ին ինձ զանգել է քննիչը, հետաքրքուել երեխայիս առողջական վիճակով։ Իմ հարցին, թէ ինչու՞ մինչ այդ ինքը չի հանդիպել երեխային, պատասխանել է, որ նշեալ պատահարի օրը 11 պատահար է տեղի ունեցել և, ինքը զբաղուած է եղել... Տեղեկացրել եմ, որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 11-ին, տղայիս պէտք է հիւանդանոց տանեմ՝ կարերը հանելու համար։ Ասել է` իրեն տեղեակ պահեմ, որպէսզի ինքն էլ ներկայ լինի։ Առաւօտեան կապուել եմ։ Բջջայինը ինքնապատասխանիչի վրայ է։ Հաղորդագրութիւն եմ ուղարկել։ Չի եկել։ Որպէսզի թիւրիմացութիւն չառաջանայ, նշեմ, որ չեմ ճանաչում քննիչ(ներ)ին, ուստի նրա (կամ նրանց) նկատմամբ անձնական հարց չունեմ։   

          Հետևելով ՀՀ ոստիկանութեան կայքէջի ճանապարհային պատահարներ էջին՝ նկատել եմ, որ տղայիս հետ կապուած պատահարի լուրը տեղադրուած չէ կայքէջում։ Երկուշաբթի՝ դեկտեմբերի 11-ին, այդ հարցով կապ եմ հաստատել ՃՈ հանրային կապերի բաժնի հետ, որից ստացել եմ հետևեալ պատասխանը. «Բարև Ձեզ։ Հարգելի Սարգիս Մկրտչյան, մեր էջում ոչ բոլոր ճանապարհատրանսպորտային պատահարներն են տեղադրվում։ Եթե դուք ցանկություն ունեք, որ նշված դեպքը տեղադրվի, մենք կարող ենք ավելացնել»։ Խնդրել եմ աւելացնել։ Աւելացրել են։

          Ես՝ Սարգիս Մկրտչեանս, Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքացի եմ, 2001 թուականից մնայուն կայք եմ հաստատել Հայաստանի Հանրապետութիւնում և, 2012 թուականից ՀՀ քաղաքացի եմ։ Ապրելով ՀՀ-ում՝ տեղեակ եմ, որ պատահարներից քիչ անց քննիչ(ներ)ը հանդիպում են կողմերին, հարցաքննում։ Պատահարի հետ կապուած իմ ընտանիքի մասով նման բան չի եղել։

          Այժմ ինձ հետաքրքրում է երկու հարց.

          Առաջինը՝ ՀՀ բոլոր քաղաքացիների դէպքու՞մ է այդպէս, երբ պատահարից 15 օր անց տուժողին կամ նրա իրաւայաջորդին որևէ քննիչ չի հանդիպում ու չի պարզում մնարմասնութիւնները, թէ՞ այս մէկը բացառութիւն է։

          Երկրորդ՝ ՀՀ ոստիկանութեան նմանատիպ պահուածքը կապ ունի՞ տուժող(ներ)ի սփիւռքահայ լինելու, այն է՝ «հարիֆ», «անճար», «օրենքից անտեղեակ», «անգրագետ» ու ՀՀ հասարակութեան որոշ խաւի մօտ սփիւռքահայերի նկատմամբ առկայ այդ տեսակի այլ կարծրատիպերի հետ, թէ՞ ոչ։

          Կրկնութեան գնով ասեմ, որ ինձ հետաքրքրում է երևոյթը և այն, որ արդեօ՞ք ՀՀ-ում բոլորն օրէնքի առջև հաւասար են, թէ՞ որոշներն աւելի հաւասար են, քան միւսները։

          Շնորհակալ կը լինեմ, եթէ Ձեր պատասխաններով պարզաբանէք իմ մտքում առաջացած հարցերը։

          Յարգանքներով՝
          Սարգիս Մկրտչեան
          Սոցիոլոգ

          Յ.Գ. Նկատի ունենալով, որ հաւանաբար այսքանից յետոյ հետաքրքրուած կը լինէք տղայիս առողջական վիճակով, տեղեկացնեմ, որ Փառք Աստծոյ, աւելի լաւ է, յոյսով ենք միւս երկուշաբթի օրուանից կսկսի դպրոց յաճախել։