Monday, September 29, 2014

ԱՀԱՒՈՐ ԲԱՆ Է...

«Ահաւոր բան է, երբ մարդու հոգին ամայանում է...»։

Սիմոն Վրացեան, Կեանքի ուղիներով, Ա հատոր, էջ 222

Saturday, September 27, 2014

ՊԻՏԻ ՀՆՉԷ ՆՈՐԻ՛Ց...

«Տասնեակ տարիներ են սահել-գնացել այդ օրերից։ Ի՞նչ է կատարւում այժմ Զանգեզուրի լեռներում -  ես չգիտեմ։ Բայց գիտեմ հաստատ, խորապէս հաւատացած եմ, որ եթէ այսօր պատահէին մեզ հաց և օթևան մերժող զանգեզուրցի գիւղացիները, լալով թողութիւն պիտի խնդրէին այն գիշերը մեզ պատճառած ցաւի համար։

Գիտեմ և խորապէս հաւատում եմ, որ այն իմաստուն գիւղացի ծերուկը, Տաթև չհասած, եթէ մէկ էլ հանդիպէր մեզ, պիտի չգանգատուէր, որ հայը հայի դէմ է ելել - այնքա՜ն անիրաւութիւն և չարիք տեսաւ հայը իր եղբայր հայից։

Խորապէս հաւատում եմ նաև, որ Զանգեզուրը վաղը, ուշ կամ կանուխ,- ողջ Հայաստանի հետ միասին, ի հարկէ,- նորից կը լինի ազատ և հպարտ, ինչպէս իր ազատ և գեղեցիկ բնութիւնը, ինչպէս քաջ և հպարտ զաւակները իր։

Ժամանակները յղի են խորհուրդներով։

Պիտի հնչէ նորի՛ց ազատութեան երգը Զանգեզուրի լեռներում...»։

Սիմոն Վրացեան, Կեանքի ուղիներով, Ա հատոր, էջ 228

Friday, September 26, 2014

ՋՈՒՐԸ ՄՆԱՑ ԿՈԿՈՐԴՈՒՄՍ...



Կարդացի ՀՀ նախագահի ելոյթը ՄԱԿ-ի Ընդհանուր Ժողովի ամբիոնից։
Անկեղծ ասած լաւ ելոյթ էր, տեղը տեղին։

Նոյն անկեղծութեամբ ասեմ, որ Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնների մասով նախագահի ասածը, ինչքան էլ ուրախալի, այդուամենայնիւ իմ վրայ նեղացած մարդու տպաւորութիւն թողեց (այն որ Հայաստանում ասում են` աբիժնիկ)։ Ճիշտ երեխաների կռիւը մանկապարտէզում` հիմա որ գնդակը չես տալիս, ես էլ չեմ խաղայ. նոյնն է` հիմա որ չես վաւերացնում, ես էլ արձանագրութիւնները մեր ԱԺ-ից յետ կը կանչեմ։ Ի՞սկ եթէ վաւերացնի… Թէ ստորագրութիւններն են դեռ տեղը, թէ արձանագրութիւններն իրենց ուժը չեն կորցրել ու թէ, իմ համոզմամբ, եթէ այսօր թուրքերը վաւարացնեն արձանագրութիւնները, Հայաստանը գիշերով ԱԺ-ի արտահերթ նիստ կը հրաւիրի ու կը վաւերացնի դրանք, որովհետև ոչ թէ հասկացել ու համոզուել են իրենց սխալի մէջ, այլ պարզապէս «քցուել» են։ Բայց դա դեռ մի կողմ թողնենք։

Կրկնեմ, որ լաւ է, որ նախագահն այդպէս ասաց, բայց ճիշտն այն էր, որ ի սկզբանէ չստորագրէր։ Ուրախ եմ, որ նախագահն այդպէս ասաց, բայց լաւն այն կը լինէր, որ մինչ այս պահը իր սխալը սրբագրած ու ստորագրութիւնը յետ վերցրած լինէր։

Բայց այս գրառումը դրա մասին չէ, այլ կոկորդումս մնացած ջրի։

Կարդացի ելոյթը։ Շարունակեցի այլ նորութիւնների հետ ծանօթանալ։ Մի բաժակ ջուր լցրի, որ խմեմ։ Սկսեցի խմել ու մէկ էլ…Սուրիկ Խաչատրեանը [վերա]նշանակուել է Սիւնիքի մարզպետ…Ջուրը մնաց կոկորդումս... Հանրապետական աւազակախումբը նոյնիսկ ջուր խմելու հնարաւորութիւն չտուեց։

Պատկերացնում էք, Լիսկան կրկին Սիւնիքի մարզպետ…

Այ քեզ բան։ Այս երկրում ուրիշ մարդ չկա՞յ։ Իրօք, որ հանրապետականները մարդու սովի վիճակում են յայտնուել։

Եւ նոր հասկացայ հանրապետականների «Դէպի ապահով Հայաստան» կարգախօսի ու Հայաստան-Սփիւռք 5-րդ համաժողովի յայտարարութեան մէջ երեք անգամ տեղ գտած «ապահով Հայաստան»-ի իմաստը։ Մեղք ենք։ Սփիւռքահայերը` մի առումով, հայաստանցի հասարակ մահկանացուները` մէկ այլ առումով, իսկ մենք սփիւռքահայ հայաստանաբնակ հասարակ մահկանացուներս` բոլորովին այլ առումով։

Պինդ մնացէք։

Tuesday, September 23, 2014

ՄԻ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹԵԱՆ ԵՒ ՄԻ ԶԳԱՑՈՒՄԻ ՄԱՍԻՆ


Երեկ կարդացի Հայաստան-Սփիւռք 5-րդ համաժողովի ընդունած յայտարարութիւնը։
Ուշագրաւ կէտեր կային։ Օրինակ հետաքրքիր է, որ յայտարարութեան մէջ երեք տեղ նշուել է «ապահով Հայաստան»-ը։.

Յիշեցնեմ, որ 2013 թ. ՀՀ նախագահական ընտրութիւններում Հանրապետական կուսակցութեան թեկնածու Սերժ Սարգսեանի կարգախօսն էլ «Դէպի ապահով Հայաստան» էր։  

Զարմանալի զուգադիպութիւն…

Իսկ այս զուգադիպութիւնը մէջս մի զգացում առաջացրեց։ Այնքան ասացին (ու հիմա արդէն Սփիւռքն էլ եկաւ հաստատեց), որ պիտի հասնենք ապահով Հայաստանի, որ մարմնովս սարսուռ անցաւ։ Երեկ գիշեր սարսափազդու երազներ եմ տեսել, իսկ այս առաւօտ տնից դուրս եկել զրահաւորուած…

Պինդ մնացէք։

Sunday, September 21, 2014

ՄՂՁԱՒԱՆՋԸ ՇԱՐՈՒՆԱԿՒՈՒՄ Է...

Իրանահայ երիտասարդը սրանից տասնըմէկ տարի առաջ ներգաղթեց Հայաստան։ Ամուսանացաւ հայաստանցի աղջկայ հետ։ Երկու զաւակ ունեցաւ։ Սովորեց, աշխատեց, դարձաւ համալսարանի դասախօս և … Ինչ զուգադիպութիւն ու ինչ հեգնանք…Հայաստան-Սփիւռք 5-րդ համաժողովի փակման օրը, ընտանիքով արտագաղթեց Հիւսիսային Ամերիկա։


Ահաւասիկ երկրի տարբեր ժամանակների ղեկավարների կիրառած քաղաքականութեան ամենփայլուն ձեռքբերումներից մէկը` Հայաստան-Սփիւռք համագործակցութեան ոլորտում։
 
Եւ տեսնես այս մղձաւանջը մինչև երբ պէտք է շարունակուի…
 
Պինդ մնացէք։

Sunday, September 7, 2014

ԱՐՁԱԿՈՒՐԴ - 5

Եւ ի վերջոյ, արձակուրդ նաև նշանակում է առնուազն մէկ ամսով գնալ հաւայեան կղզիներ, բայց...

Լաւ մնացէք։

Tuesday, September 2, 2014

ԱՐՁԱԿՈՒՐԴ - 4

Արձակուրդ, նաև նշանակում է վերջապէս ժամանակ գտնել և աւարտին հասցնել թարգմանածդ գրքի ամիսներ ձգձգուող վերանայման աշխատանքը։

Լաւ մնացէք։