Tuesday, May 15, 2018

ԴԱՄԲՈՒԼԱՅԻՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹԻՒՆ


Երեկ ընտանիքով դիմեցինք Ա.Մ.Ն. դեսպանատուն մուտքի արտօնագիր ստանալու համար։ Նպատակը՝ մասնակցել կնոջս եղբոր հարսանեաց արարողութեանն ու հանդէսին։ Նշեմ, որ կեանքումս ոչ Ա.Մ.Ն.-ում եղել եմ, ոչ էլ, մեղմ ասած, մեծ ցանկութիւն եմ ունեցել լինելու։

Դեսպանատան պաշտօնեան մի քանի հարց տուեց։ Որևէ փաստաթուղթ չնայեց։ 10-15 րոպէ համակարգչով մի ինչ որ բան մեքենագրեց առանց մեզ հետ խօսելու և ի վերջոյ՝ մերժեց։ Հարցրինք՝ ինչու՞ էք մերժում։ Ասաց՝ ձեր կապերը Ա.Մ.Ն.-ում աւելի շատ են, քան Հայաստանում։ Եզրակացութիւն՝ կարող է գնաք ու չվերադառնաք։ 

Հարցում՝ իսկ այդ հարցը լուծելու համար ի՞նչ պէտք է անենք՝ մեր բարեկամներին բերենք Հայաստան ապրելու, որ մեր կապերը շատանան։ Իսկ այդ պարագային ինչու՞ պիտի ցանկանանք ճամփորդել Ա.Մ.Ն.։ Իսկ այն, որ մօտ քսան տարի է ապրում ենք Հայաստանում ու տուն ու տեղ ունենք ու գործ ու այս ու այն... Փաստօրէն որևէ կապ չունի։

Ինչն է հետաքրքիր։

Ամերիկայի Միացեալ Նահանգների մօտ երեք հարիւր երեսուն միլիոն բնակիչներից կարծում եմ միայն հազար հոգին են բնիկ։ Մնացածը կամ, իրենց ասածով, իմիգրանտ են կամ էլ իմիգրանտի երեխայ։ Հիմա այդ իմիգրանտները կամ դրանց երեխաները երկու շաբաթով այդ երկիր ճամփորդել ցանկացողներին մուտքի արտօնագիր չեն տալիս այն հիմնաւորմամբ, որ կերթաք՝ չէք վերադառնայ։
 
Ախր այ դամբուլ, եթէ ուզենք գնալ ու չվերադառնալ այնքան ձև ու ճանապարհ կայ, որ էլ ասելու չի։ Փաստը այն մէկ-մէկ ու կէս միլիոն հայերը, որ ապրում են Ա.Մ.Ն.-ում, չհաշուած այն երեք հարիւր քսան իննը միլիոն – երեք հարիւր քսան ութ միլիոն հինգ հարիւր հազար մարդիկ, որ էլի ապրում են Ա.Մ.Ն.-ում։ 


Աւելին՝ չգիտեմ ինչու այդ իմիգրանտներին կամ դրանց երեխաներին թւում է, որ այս աշխարհում բոլորը հիացած են իրենց երկրով ու կերթան՝ չեն վերադառնայ։ Այս պարագային տեղին է յիշել «անհաւատին թւում է բոլորն էլ իր նման անհաւատ են» ասացուածքը։

Եւս մէկ կէտ. Դեսպանատունը անկախ տարիքից իւրաքանչիւր անձից գանձում է հարիւր վաթսուն Ա.Մ.Ն. դոլար հարցազրոյցի համար։ Ըստ երեկուայ մեր համարի ու տեսածս մարդկանց թուի օրեկան գոնէ հարիւր հոգի դիմում են մուտքի արտօնագիր ստանալու համար, որ նշանակում է տասնը վեց հազար Ա.Մ.Ն. դոլար զուտ եկամուտ մէկ օրում։ Սա էլ բիզնես...

Լաւ մնացէք։

Saturday, May 5, 2018

ԻՆՉՊԷ՞Ս ԷՔ(ԵՍ)

Վերջերս նկատել եմ հետևեալ երևոյթը.

Կան մարդիկ, ովքեր զանգելիս կամ հանդիպելիս ասում են «ինչպէ՞ս էք» կամ «ինչպէ՞ս ես»։

Այլ խօսքով խօսակցութիւնն սկսում է ոչ թէ «բարև, ինչպէ՞ս ես»-ով, այլ՝ «ինչպէ՞ս ես»-ով։

Ենթադրում եմ, որ նրանք իրենց բառապաշարից հանել են բարև ու ողջոյն բառերը։

Ո՞րն է պատճառը՝ չգիտեմ։ Թերևս նորաձևութիւն է։ Յամենայնդէպս, ըստ իս, սխալ է, որովհետև իրաքանչիւր բառ ունի իր իմաստն ու գործածութեան տեղը։

Լաւ մնացէք։