Thursday, October 18, 2012

2794-ԱՄԵԱԿԻ ԱՌԻԹՈՎ

Անցեալ կիրակի՝ Հոկտեմբերի 14-ին Երեւանի հիմնադրութեան 2794 ամեակն էր։

Այդ օրը մօտ 7 ժամ եղել եմ Երեւանի կենտրոնում։

Ամենուրէք կազմակերպուել էին երգի ու պարի, նորաձեւութեան, կրկէսային եւ այլ տեսակի միջոցառումներ։ Մաշտոցի պողոտայում հին մեքենաների ցուցադրութիւն էր։ "Մարգարեան" ծննդատան դիմաց համերգ էր կազմակերպուած։ Հիւսիսային պողոտայում ամէն մի քայլափոխի հանդիպում էիր մի տեսակ միջոցառման եւ չէիր կարողանում կողմնորոշուել այս մէկը դիտել թէ միւսը։ Հանրապետութեան Հրապարակում կազմակերպուել էր մեծ համերգ, որին մասնակցում էին Հանրապետութեան Նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, պետական այրեր, Հայոց ժողովրդի մի մասը։

Ճիշտն ասած ամէն մի գործում չեմ ուզում միայն վատը տեսնել։ Լաւ է, որ պետութիւնը եւ քաղաքային իշխանութիւնը նշում են մայրաքաղաքի հիմնադրութեան տօնը։ Լաւ է, որ երեխաներին ուրախ պահեր են պարգեւում։ Լաւ է, որ փորձում են մարդկանց մի պահ կտրել առօրեայ հոգսերից։ Բայց այդ ամբողջը իրական կը լինի, եթէ չլինի խնդրի միւս՝ տժգոյն կողմը։ Այդ ամբողջը ճիշտ ու լաւ կը լինի, եթէ չվերածուի ձեւականութեան ու ցուցամոլութեան։ Եթէ երկիրը խրուած չլինի աղքատութեան, անարդարութեան ու արտագաղթի մէջ։

Ամէն ինչ համեմատական է։

Երբ ականատես եղայ քաղաքի հիմնադրութեան այդքան թանձր տօնակատարութեանը, ակամայից այն համեմատեցի Անկախութեան եւ Հանրապետութեան օրերի տօնակատարութիւնների հետ։

Մայիսի 28-ին քաղաքը (կամ երկիրը) զգու՞մ է, որ այդ օրը Մայիսի 28-ն է՝ Հանրապետութեան օրը։ Հեռուստաալիքները ինչքանո՞վ են անդրադառնում օրուայ խորհրդին։ Եւ Մայիսի 28-ից, ի բացառեալ "Ոչ աշխատանքային օր է" եւ մի երկու ծաղկեպսակի զետեղում, ուրիշ ի՞նչ են թողել։

Իսկ այս տարուայ Սեպտեմբերի 21-ն էլ նշեցինք Հարաւամերիկեան մեղեդիների ներքոյ։ Թէ ի՞նչ կապ ունի Հարաւային Ամերիկայից Հայաստան ժամանած արհեստավարժ, հմուտ ու գեղեցիկ երգեր ու երաժշտութիւն մատուցող խումբը, Հայ ազգի անկախութեան տօնի հետ ու թէ ինչպէ՞ս այդ երաժշտութիւնն ու երգերը ամրապնդեցին Հայ նոր սերնդի մէջ անկախութեան ոգին, առնուազն ինձ համար տակաւին մնում է առեղծուած։

Մայսիսի 28-ի ու Սեպտեմբերի 21-ի հետ այդպէս ենք վարւում։ Իսկ Երեւանի օրը...

Անդրադառնանք խնդրի մէկ այլ կողմին։ Ասում են, որ Երեւանի հիմնադրութեան 2794 ամեակի տօնակատարութեան համար պետական բիւդջէից հարիւր միլիոն դրամ գումար են յատկացրել։ Այս լուրը ճիշտ է թէ սխալ՝ չգիտեմ։ Ես հիմք եմ ընդունում իմ տեսածը։

Այդքան միջոցառում կազմակերպելը, խմբերի աշխատավարձը, լուսաւորութիւնը, ձայնային տեխնիկան, մարդկանց անվտանգութիւնն ապահովելը եւ այլն հնարաւոր չէ չնչին գումարով։ Մեծ գումար է ծախսուել։ Եւ դա այն պայմաններում, երբ քաղաքի շատ ու շատ փողոցներ ասֆալտի խնդիր ունեն, երբ շատ ու շատ փողոցներում լուսաւորութեան հարց կայ, երբ բազմաթիւ շէնքեր պահպանման խնդիր ունեն, կան վթարային շէնքեր, երբ կան աղքատ մարդիկ, երբ կան աղքատ երեխաներ եւ այս պայմաններում այդքան ճոխ տօնակատարութիւնը ժողովրդի ինչի՞ն է պէտք՝ անհասկանալի է։

Ես չգրեցի Էրեբունիի մասին, որը վերածուել է աղբանոցի։ Եւ չասացի, որ այդ գումարի գոնէ մի մասը թող յատկացնէին հէնց այն քաղաքի վերաշինմանն ու բարեկարգմանը, որի հիմանդրութիւնն են նշում։

Վերջ ի վերջոյ։

Երեկոյեան հասայ Խանջեան փողոց՝ Վեռնիսաժի մօտ։ Որոշեցի գետնանցումով անցնել Խանջեանի միւս մայթը։ Մենակ էի։ Աստիճաններով իջայ գետնանցում։ Մութ։ Նոյնիսկ նմուշի համար մէկ հատ վառ ճրագ չկար։ Ահաւոր ճիշի հոտ։ Դա դեռ մի կողմ թողնենք։ Ասենք Քաղաքապետարանը դրանում մեղք չունի։ Բայց լուսաւորութեան առումով մեղք ունի՞ թէ չունի։ Պատկերացնում էք՝ վերեւը հրավառութիւն, լուսաւորութիւն, երգ ու պար եւ գետնանցումում՝ խաւար։ Հնարաւոր չէ՞ր արդեօք ծախսուած գումարների մի քանի հազար դրամը ընդամէնը ծախսել գետնանցումի լուսաւորութեան վրայ։   

Իսկ քանի՞ նմանատիպ գետնանցումներ կան քաղաքում։

Լաւ մնացէք։

Friday, October 5, 2012

ԻՆՉՈՒ՞ ՌՈՒՍԵՐԷՆ...

1.- Գնացել եմ բժշկի։ Արեան քննութիւն է յանձնարարել։ Յանձնել եմ։ Գնացել եմ ստանալու պատասխանը։ Ոչ մի բառ չեմ հասկանում։ Ինչու՞։ Որովհետեւ ծայրից ծայր գրուած է ռուսերէն։

2.- Գնացել եմ մթերային խանութ։ Գնումներ եմ արել։ Վճարել եմ եւ ստացել եմ կատարածս գնումների ցուցակը։ Ոչ մի բան չեմ հասկանում։ Ինչու՞։ Որովհետեւ ծայրից ծայր ռուսերէն է։

3.- Տղայիս դպրոցում օրագիր են տուել։ Թերթում եմ։ Գրուած է երկու լեզուով՝ հայերէն եւ ռուսերէն։

Ես հակառուս չեմ, հէնց այնպէս որ հակաամերիկացի ու հակաանգլիացի չեմ կամ հակաեգիպտացի ու հակաչինացի չեմ։ Սա թիւրիմացութիւնների առաջն առնելու համար։

Բայց ինձ համար կրկին ու կրկին մնում է անհասկանալի թէ Հայաստանի Հանրապետութիւնում, որտեղ ըստ Սահմանադրութեան պետական պաշտօնական լեզուն հայերէնն է, ինչու՞ 21 տարի վերանկախացումից յետոյ հայերէնը տիրապետող լեզու չէ։
Ինչու՞ այսքան արհամարհական վերաբերմունք կայ հայերէնի նկատմամբ։

Արդեօք վերոշարադրածս օրէնքի խախտու՞մ չէ։

Ի՞նչ է անում Լեզուի պետական տեսչութիւնը։
Որտե՞ղ է պետութիւնը։
Ռուսներն են այս ամբողջը մեզ պարտադրու՞մ, թէ՞ մենք ինքնակամ ենք դա անում։

Արդեօք Ռուսաստանում գնածդ ապրանքների ցուցակը քեզ տալիս են հայերէն կամ Գերմանիայում արեան քննութեան պատասխանը տալիս են իտալերէն։

Թերեւս հարցի պատասխանը պիտի փնտրել մէկ այլ տեղ։

Առաւօտեան մեքենայով տղայիս տանում եմ դպրոց։ Միացնում եմ ռադիօն։ Հանրային ռադիօն է։ Հաղորդավարն ասում է "Այժմ կը լսէք հայկական, ռուսական եւ արտասահմանեան երգեր"։ Որ նշանակում է, որ հաղորդավարի, հաղորդման խմբագրի, Հանրային ռադիոյի պատասխանատուների համար Ռուսաստանը արտասահման չէ։

Եւ ուրեմն որովհետեւ Ռուսաստանը արտասահման չէ, ռուսերէնն էլ օտար լեզու չէ, ուրեմն ինչ տարբերութիւն հայերէն թէ ռուսերէն...

Լաւ մնացէք։