Monday, November 24, 2014

ԻՆՉՔԱՆՈ՞Վ Է ՎՍՏԱՀԵԼԻ

Գնացել եմ բժշկի։ Մինչև բժշկի մօտ մտնելը կատարել եմ համապատասխան վճարումները։ Հանդիպումը տևել է մօտ տասը րոպէ։ Ողջունելուց յետոյ բացատրել եմ, թէ ինչու՞ եմ գնացել իր մօտ, ի՞նչ խնդիր կայ։ Մի երկու հարց է տուել։ Դուռը բացուել ու մտել է մի կին ձեռքում թղթեր։ Պարզւում է հաշուապահն է, որ բժշկի հետ քննարկում է մի ինչ որ հարց` հաշիւների հետ կապուած։ Քննարկել, աւարտել են, կինը գնացել է։

Բժիշկը թերևս բաւարարուելով իր տուած այդ մի երկու հարցով և գալով եզրակացութեան սկսել է ասել, թէ ինչ պէտք է անել…Խօսակցութիւնը կիսատ է մնացել, որովհետև բժշկի բջջային հեռախօսը զանգել է և նա հեռախօսով սկսել է քննարկել ընտանեկան հարց…

Աւարտուել է խօսակցութիւնը։ Բժիշկն արդէն չի էլ յիշում, թէ ինչ էր իմ խնդիրը։ Հարց եմ տալիս, թէ սա այսպէս պէ՞տք է լինի, թէ՞ այնպէս։ Սկսում է բացատրել...

Կրկին զանգում է բժշկի բջջայինը և նա պատասխանում է զանգին…

Եւ, ինչպէս ասացի, այս ամբողջը տևել է տասը րոպէ։ Տասը րոպէի ընթացքում երկու հեռախօսազրոյց, հաշուապահի հետ հարցերի քննարկում և հիւանդի քննում ու դեղերի նշանակում։

Ի՞նչ անել նման պարագաներում։ Բժիշկը բարեսիրութիւն չի արել, գումար է ստացել ծառայութիւն մատուցելու համար, իսկ այս պարագային նա ծառայութիւն մատուցե՞լ է։ Բժիշկն ընդհանրապէս հասկացա՞ւ, թէ ես ինչու՞ էի գնացել իր մօտ և ի՞նչ էր խնդիրը։ Ինչքանո՞վ է վստահելի նման բժշկի նշանակած դեղերը։

Լաւ մնացէք։