Wednesday, April 30, 2008

ԵՍ ՈՒ “ԱՐԵՒԻԿ” ՀԱՄԱՏԻՐՈՒԹԻՒՆԸ (2)

Մեր համատիրութեան պաշտօնեան հայ ազգին ոչ բնորոշ վարքագծով, այլ խօսքով շուեցարական ժամացոյցի ճշգրտութեամբ, իւրաքանչիւր ամսուայ այսինչ օրը այնինչ ժամին թակում է մեր տան դուռը եւ պահանջում գումարը։ Նախանձելի կարգապահութիւն…

2004 թուականին 7 ամսով դադարեցրի վճարումներս, որովհետեւ շէնքի մուտքի աստիճաններն այնպէս էին մաշուել ու քանդուել, որ ձմրանը ձեան տեղումից յետոյ, դրանցով իջնելու կամ բարձրանալու համար պարզապէս պիտի սահնակ օգտագործէինք, այլ կերպ հնարաւոր չէր։ Կինս յղի էր։ Բարեկամներիցս երկուսը այդ աստիճաններից ընկան ցած, բարեբախտաբար լուրջ բան չպատահեց։

Գրաւոր դիմեցի համատիրութեանը։ Նրանք էլ կատարեցին նորոգութիւն, սակայն ձեւական։ Դիմեցի հարեւաններիս, որպէսզի գումար հաւաքենք ու մենք նորոգենք աստիճանները։ Ապարդիւն։ Մէկն ասում էր ես վարձով եմ նստած, միւսն ասում էր աշխատանք չունեմ, ուստի փող չունեմ, երրորդն ասում էր` աչքները դուրս, թող գան սարքեն ու …աստիճանները մնացին (ու մնում են) խարխուլ վիճակում, հարեւաններիս տրամաբանութիւնն էլ ինձ համար անհասկանալի։ Օրինակ “Աչքները դուրս, թող գան սարքեն”-ում ինձ համար պարզ չէ ու՞մ աչքը, համատիրութեանը՞։ Չի անում։ Իսկ եթէ ոչ մէկը չնորոգի աստիճանները, վերջը մենք` բնակիչներս կը սայթաքենք ու մեր աչքը դուրս կը գայ։ Շեղուեցի։

Համատիրութեան կողմից կատարուած ձեւական նորոգութիւնից յետոյ կրկին սկսեցի վճարումներ կատարել։ Ամառ էր։ Բարկութիւնս էլ մասամբ անցել էր։

2007-ի Դեկտեմբերի վերջին օրերից մի օր, շուեցարական յատկանիշներով օժտուած համատիրութեան պաշտօնեան եկաւ մեր տուն, գանձեց մինչեւ տարեվերջի գումարը։ Հարցրեց, որ արդեօք մենք ստացականները պահում ենք։ Պատասխանեցինք, որ այո, պահում ենք։ Հարցրեց, որ արդեօք կարող է տեսնել ստացականները։ Պատասխանեցինք` անշուշտ, ի հարկէ չկռահելով, որ ինչն է դրա նպատակը։ Ստացականներին չափազանց հպանցիկ հայեացք նետեց։ Ապա մի թուղթ դրեց բազկաթոռի վրայ, ուշադրութիւն դարձրէք չտուեց մեր ձեռքը, ու կանգնեց գնալու համար։ Թուղթը վերցրի ու կարդացի։ Յիշեցում էր, որ ես պարտք եմ համատիրութեանը 21200 դրամ ու եթէ մինչեւ մէկ ամիս չվճարեմ, ինձ հետ կը վարուեն համաձայն Հայաստանի Հանրապետութեան այսինչ օրէնքի։ Բան չասացի։ Նա գնաց։
Ստացականներն ունէի ու գիտէի ինչքան եմ պարտք։ Պաշտօնեան էլ փորձել էր իմանալ արդեօք մենք ունենք ստացականները ու գիտենք ինչն ինչոց է, թէ նա կարող է սահուն կերպով հասնել իր նպատակին։ Դրանով հանդերձ դիմել էր ռիսկի։

Անմիջապէս երկու նամակ մեքենագրեցի։
Առաջինով համատիրութեանը խնդրեցի ինձ տեղեկացնել պարտքիս մանրամասնութեան մասին։ Այն է` որ տարուայ որ ամիսները չեմ վճարել եւ ինչը չեմ վճարել։

Երկրորդ նամակով բացատրեցի շէնքի մուտքի աստիճանների վիճակը։ Նշեցի, որ մինչ այդ մէկ անգամ գրաւոր եւ բազմաթիւ անգամներ բանաւոր կերպով այդ մասին տեղեկացրել եմ իրենց եւ համաձայն ՀՀ “Բազմաբնակարան շէնքերի կառավարման մասին” օրէնքի, այսինքն հէնց այն օրէնքի, որով ինձ սպառնացել էին պատասխանատւութեան կանչել, պահանջեցի անյապաղ նորոգութիւն կատարեն, հակառակ պարագային եթէ ընտանիքիս անդամները որեւէ վնաս կրեն սայթաքելու հետեւանքով, պատասխանատւութիւնը համատիրութեանն է։ Վերջում աւելացրի, որ մինչեւ նորոգութեան աւարտը դադարեցնում եմ վճարումներս։ Նամակի պատճէնը Ազգային Ժողովի այսինչ պատգամաւորին։

Monday, April 28, 2008

ԵՍ ՈՒ “ԱՐԵՒԻԿ” ՀԱՄԱՏԻՐՈՒԹԻՒՆԸ (1)

Հայաստանում բնակարան (Appartment, յարկաբաժին) ունեցողները, ինչպէս շատ երկրներում, շէնքի պահպանման համար պիտի ամսեկան վճարում կատարեն։ Վճարումները կատարւում են “համատիրութիւններին”։

Պահպանում նշանակում է կտուրի, մուտքի աստիճանների եւ ընդհանրապէս աստիճանների, միջանցքների, վերելակի եւ շէնքի բոլոր բնակիչներին պատկանող, այսինքն համայնական վայրերի ու իրերի նորոգութիւն եւ այս ամբողջի պահպանում, որպէսզի դրանք աւերակի չվերածուեն եւ բնակիչներն ապրեն մարդավայել պայմաններում։

Հայաստանում նորակառոյց շէնքերի պարագային համատիրութեանը վճարուող գումարի չափը շէնքից շէնք տարբերում է։ Ես օրինակ երկու նորակառոյց շէնք գիտեմ, որոնցից մէկի սպասարկման ամսեկան վարձը 20000 դրամ է, միւսինը 25000 դրամ ($1 ԱՄՆ = 305 ՀԴ)։ Այս շէնքերն ունեն շուրջօրեայ պահակ, այսինքն անծանօթ մէկը չի կարող գլուխը բռնել ու մտնել շէնք, ունեն մաքրարարներ, որոնք ամէն օր մաքրում են միջանցքներն ու աստիճանները եւ այլն։ Սպասարկման վարձը շատ է, փոխարէնը պայմանները յարմար։

Հին շէնքերի պարագային այդ գումարը անհամեմատելիօրէն աւելի քիչ է։ Օրինակ ես իմ բնակարանի համար վճարում եմ ամսեկան 1300 դրամ, որի 300 դրամը աղբահանման համար է։ Մի կողմից պարզ է, որ այդքան քիչ վարձով, եթէ նոյնիսկ բոլոր բնակարանատէրերը վճարումները կատարեն, հնարաւոր չէ շուրջօրեայ պահակ պահել, սակայն միւս կողմից էլ կամ պիտի ընդհանրապէս վճարում չկատարել կամ էլ համատիրութիւններն առնուազն շէնքի պահպանման տարրական աշխատանքները պիտի կատարեն։

Մեր շէնքի ամէն մի մուտքում առկայ է 15 յարկաբաժին։ Իմ տեղեկութեամբ մեր մուտքի 15 բնակարանատէրերից այդ վճարումը կատարում են ընդամէնը երեքը (ներառեալ ես)։ Միւսները չեն վճարում։ Անձամբ ականատեսն եմ եղել, թէ ինչպէս են համատիրութեան պաշտօնեային տնից գռեհիկ կերպով դուրս վռնդել, որի համար վատ եմ զգացել։

Համաձայն Հայաստանի Հանրապետութեան “Բազմաբնակարան շէնքերի կառավարման մասին” օրէնքի այդ վճարումը պիտի կատարել պատկան համատիրութեանը, պարզ է հին շէնքերի պարագային ոչ վերոշարադրուածը կատարելու, օրինակ պահակ պահելու համար, սակայն առնուազն նորոգութիւնները կատարելու եւ շէնքը բարւօք վիճակում պահելու համար։ Օրէնքը նման պահանջ ու պարտաւորութիւն ունի։

Sunday, April 27, 2008

ՆԵՐԲԵՌՆԵԼ

Այսօր լսեցի "ներբեռնել" բառը, որն օգտագործւում է Download-ի փոխարէն։

Ուրախալի է։

Թերեւս Upload-ն էլ պիտի թարգմանել "արտաբեռնել"։

Լաւ մնացէք։

Friday, April 25, 2008

ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ԲԱՌԸ

Ո՞րն է հայերէնի ամենաերկար բառը։

Պատանի տարիքում մի քանի ընկերներով այս մասին հետաքրքրուեցինք ու մեր պրպտումները մեզ բերաւ այն եզրակացութեան, որ այն շաքարաւազավաճառանոցն է։

Այժմ կարծում եմ այն պիտի փոխարինել ձայնասկաւառակավաճառանոցով։

Համեմատէք՝
Շաքարաւազավաճառանոց (19 տառ)
Ձայնասկաւառակավաճառանոց (22 տառ)

Դուք ի՞նչ էք մտածում։

Tuesday, April 22, 2008

ԱՆԾԱՆՕԹՆ ՈՒ ԵՍ

Մի քանի օր առաջ “Յաջողութիւն (5)” գրութեանս “Պատգամներ” բաժնում ստացայ մի պատգամ Անծանօթից, որին պատասխանեցի։

Յաջորդ օրը “Յաջողութիւն (6)” գրութեանս յաջորդեց Անծանօթի նոր պատգամն ու իմ նոր պատասխանը։

Կայք էջս այցելող երկու հոգուց տեղեկացայ, որ նրանք տեղեակ չեն “Պատգամներ” բաժնում տեղ գտած այդ գրութիւններին, փաստօրէն այն նրանց աչքից վրիպել էր։

Նկատի ունենալով, որ թերեւս լինեն այլ այցելուներ եւս, որոնք այդ գրութիւնները չեն կարդացել եւ նկատի ունենալով արծարծուած նիւթի արդիականութիւնը, շահաւէտութիւնն ու շատ շատերի մտահոգութեան առարկայ լինելու հանգամանքը, նպատակայարմար նկատեցի այդ երկխօսութիւնը* տպագրել որպէս առանձին գրութիւն։ Հաւանաբար լինեն այցելուներ, որոնք ցանկանան մասնակցել այդ մտքերի փոխանակութեանը։

* Չշփոթել Հայաստանի իշխանութիւն-ընդդիմութիւն երկխօսութեան հետ։


"ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ (5)"
Anonymous said...
Ես մի բան չեմ հասկանում, այս «Յաջողությունները » գրելով դուք ինչը նկատի ունեք։ Ուզում եք ասել, որ Հայաստանի պայմանները լավ չեն թե պարսկահայերի սերը հանդեպ ԱՄՆ գերադասում է իրենց սերը հանդեպ հայրենիքի։
April 17, 2008 10:27 AM

Սարգիս Մկրտչեան՝ said...
Նախ Իրանահայերի սէրը, պարզ է, հանդէպ ԱՄՆ-ի չի գերադասում հայրենիքի նկատմամբ իրենց սիրոյն։ Հէնց այս մի քանի օրինակներն էլ դա են ապացուցում։

Ապա այս յաջողութիւնները գրելով նկատի ունեմ, որ եթէ մարդիկ իրենք իրենց ոտքով գալիս են Հայաստան ու պարտաւորւում են այն թողնել, դա նշանակում է, որ հարց կայ, եւ այդ հարցի մասին պարտաւոր է մտածել եւ հասարակութիւնը, եւ պետութիւնը, այսինքն մենք՝ բոլորս։

Եւ ի վերջոյ, քիչ չեն այն Հայաստանահայերը, որոնք հաստատուել են ԱՄՆ-ում կամ այլուր։ Ի՞նչ ասենք։ Ա՞յն, որ նրանց սէրը ԱՄՆ-ի կամ իրենց բնակած երկրի նկատմամբ գերադասում է հայրենիքի նկատմամբ իրենց սիրոյն։

Իմ պատասխանը Ոչ է։

Լաւ մնացէք։
April 17, 2008 11:07 PM


"ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ (6)"
Anonymous said...
Ես կողմ եմ այն բանին, որ մեր սփյուռքահայերի մեջ կան շատ և շատ հայրենասեր մարդիկ որոնք համեմատելի չեն թե կուզ մեր տեղացի հայերի հետ, բայց ուզում եմ ասել, որ մեծ մասամբ սփյուռքահայերը գալով այստեղ, Հայաստանը ուզում են տեսնել անթերի և դրախտային մի երկիր և այն չտեսնելով հիասթափվում և լքում են այն։ Բայց չե որ նաև իրենք պիտի պայքարեն, որպիսզի մենք բոլորս ունենանք մեր երազած Հայաստանը։

Մնացեք, պայքարեք դժվարությունների և անարդարությունների դեմ,մի հիասթափվեք ամեն մի փոքր խնդրից, այստեղ ել կան, ոնց որ բոլոր երկրներում, չար և անգրագետ մարդիկ բայց նրանք փոքրամասություն են, շփվեք տեղացիների հետ մի առանձնացրեք ձեզ նրանցից չե որ բոլորս հայենք և պիտի իրար թիկունք կանգնենք։

Ես ճանաչում եմ շատ պարսկահայերի, որոնք եկել են Հայաստան անկախության առաջին տարիներին, բայց հիմա էլ նրանք ապրում են Հայաստանում թե կուզ տեսել են այն դժվարությունները, որոնց մասին մենք լսելով մեզ թվում են ,որ դրանք պարզապես մղձավանջներ են։

Ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում կա մի ուժ որի ներքո դու քեզ երբեք խորթ չեսզգա քո սեփական հողում , դիմեք այդ ուժին և նրանք հաստատ մի ելք կգտնեն, որպիսզի դուք ձեր կամքից անկախ պարտավորված չլինել լքել Հայաստանը։

Հ.Գ.Ուզում եմ առաջարկել, որ եթե հնարավոր լինի Ձեր կայքում բացել ֆորում , որպիսզի բոլորը կարողանան իրենց մտքերը արտահայտել։ Շնորհակալություն
April 18, 2008 10:49 AM


Սարգիս Մկրտչեան՝ said...
Ընդհանուր գծերով համաձայն եմ։“Յաջողութիւն”-ներ գրելու իմ նախագիծը դուք՝ ձեր տեսակէտներով խախտեցիք։ Այն այլ կերպ պիտի շարունակուէր ու այլ կերպ պիտի վերջանար, բայց կարծում եմ այսպէս աւելի լաւ եղաւ։

Աւելացնեմ, որ տեսնել միայն գնացողներին ու չտեսնել մնացողներին, նշանակում է տեսնել կիսով չափ լցուած բաժակի միայն դատարկ կողմը ու չտեսնել լիքը կողմը, մի փոքր տարբերութեամբ, որ այս պարագային դատարկ կողմը, ցաւօք, աւելի շատ է, քան լիքը։

Յիշում եմ տարիներ առաջ կարդում էի արձակագիր Վարդգէս Պետրոսեանի “Ապրած եւ չապրած տարիները” գիրքը։ Այսպիսի մի նախադասութիւն կար՝ “Ամէն մօտիկ մարդու մահով մեռնում է նաեւ մեր մի մասը, սակայն ամէն մօտիկ մարդու մահ մեզ ստիպում է ապրել նրա չապրած տարիները, խմել այն բաժակ գինին, որը նա չհասցրեց խմել, երեւի սիրել նաեւ այն աղջկան, ում նա չհասցրեց սիրել” (Վստահ չեմ, որ բառերը ճիշտ եմ յիշում։ Գիրքը ձեռքիս տակ չունեմ ու ապաւնել եմ յիշողութեանս)։

Այս պարագային կարծում եմ պիտի ասել՝ “Ամէն մօտիկ մարդու գնալով, գնում է նաեւ մեր մի մասը…”։

Մենք դեռ այս նիւթին կը վերադառնանք։

Յ.Գ. Ինչ վերաբերում է ֆորումի մասին ձեր առաջարկին, պիտի ասեմ, որ իմ տեղեկութեամբ weblog-ին ֆորումի բաժին հնարաւոր չէ աւելացնել, եթէ այն անձնական պատուէրով պատրաստուծ չէ, այսինքն weblog-երի կաղապարը, որը մատուցւում է server-ների կողմից նման հնարաւորութիւն չի տալիս։ Առնուազն իմ տեղեկութիւնն այսքան է։ Յամենայնդէպս այդ բացը առայժմ կարելի է լրացնել Comment-ների բաժնից օգտուելով։

Առաջարկի եւ ընդհանուր առմամբ տեսակէտների մասին՝ շնորհակալութիւն։

Մնացէք կապի մէջ։
April 18, 2008 11:56 PM

Sunday, April 20, 2008

"ՀԱՄԱՆՈՒՆԸ"

“Համանունը (The Namesake)։
Գրող՝ Ջումփա Լահիրի (Jhumpa Lahiri)։
Թարգմաիչ՝ Զոհռէ Խալիլի։
Ծաւալ՝ 360 էջ։

Այս գիրքը Իրանում երեք անգամ թարգմանուել է երեք տարբեր թարգմանիչների միջոցով, որոնցից մէկի թարգմանութիւնը երեք անգամ վերահրատարակուել է։ Ես կարդացել եմ Խալիլիի թարգմանութիւնը, նախապէս չիմանալով, որ առկայ է երկու այլ թարգմանութիւն եւս։

Հնդիկ գրող Լահիրին “Համանունը” վէպում նկարագրում է մի բենգալցի ընտանիքի Ամերիկայի Միացեալ Նահանգներում հաստատուելն ու ապրումները։

Ընատնիքի հայրը, երիտասարդ տղայ, հայրենի երկրում ունենում է արկած, որից հազիւ մահից փրկուելով, գաղթում է ԱՄՆ եւ կրթութիւն ձեռք բերում ու սկսում դասաւանդել մի համալսարանում։ Ապա նա վերադառնում է հայրենիք՝ պսակուելու մտադրութեամբ (Այս բաժինը ձեզ ոչ մի բան չի յիշեցնու՞մ։ Ձեր շրջապատում քանի քանի հայ էք ճանաչում, որ նոյն ձեւով են առաջնորդուել։ Գաղթել են ու մի քանի տարի յետոյ պսակուելու մտադրութեամբ վերադարձել Իրան, Հայաստան, Լիբանան, Սիրիա, պսակուել ու հարսին իրենց հետ տարել նոր երկիր)։

Տղան պսակւում ու անմիջապէս կնոջ հետ մեկնում է ԱՄՆ։ Բենգալցի զոյգը հետագայ տարիներին ունենում է մէկ տղայ ու մէկ աղջիկ։

Լահիրին վէպում պատկերում է այն, թէ ինչ ապրումներ է ունենում կինը օտար միջավայրում, ինչպէս բենգալցի ընտանիքի երեխաները, որոնք ծնուել են նոր երկրում, նոր միջավայրի ազդեցութեան տակ, արդէն այն չեն, ինչ կը լինէին, եթէ ծնուէին ու մեծանային հայրական քաղաքում։

Լահիրին այս վէպում արծարծում է գաղթականութեան բազմաթիւ հարցերից մի քանիսը։ Նա նկարագրում է մի աշխարհ, որտեղ մարդիկ են ու իրենց մտահոգութիւնները, գաղթականներ, որոնք իրենց սովորութիւններն ու աւանդութիւնները, լեզուն ու մշակոյթը պահպանելու մարտահրաւէրի առջեւ են կանգնած, օտարութեան ու մենութեան ցաւը, սերունդների տարբերութեան խնդիրները եւ ընդհանուր առմամբ մարդու ներաշխարհում առկայ ապրումները։

Ինչպէս տեսնում ենք գաղթականութեան հարցը միայն հայ ազգին յատուկ չէ։ Այս պարագային օրինակ հարց է առաջանում ի՞նչն է մղել հնդիկ գրողին այդպիսի նիւթի մասին գրել, եթէ ոչ հնդիկ գաղթականների մեծ հոսքը դէպի Արեւմտեան երկրներ ու նրանց դիմագրաւող խնդիրները։

Մեր ու օրինակ հնդիկների տարբերութիւնն այն է, որ նրանք թերեւս ուրախ կը լինեն, եթէ իրենց երկրից հարիւր միլիոն հոգի տեղափոխուեն Արեւմուտք, մինչդեռ մենք մեծ ցանկութեան դէպքում էլ այդ թիւը չենք կարող ապահովել, հետեւաբար ինչու՞ հնդիկ գրողը նմանատիպ հարց է տեսնում իր ազգի առջեւ։

Գաղթականների խնդիրները, որոշ տարբերութիւններով հանդերձ, մեծ մասամբ մնում են նոյն բաները, որոնցից ամենագլխաւորը ինքնութեան պահպանման հարցն է։

Վէպն ունեցել է մեծ յաջողութիւն։

Ինձ համար գրքում արծարծած հարցերը, թէեւ նորութիւն չէին, բայց հետաքրքիր էին, որովհետեւ այն արծարծւում էր արդի հասարակութեան մէջ, գեղարուեստական գրականութեան միջոցով, որտեղ չգիտես ինչին ինչը կը յաջորդի, հիմա ինչ կը պատահի եւ այլն։ Սակայն չգիտեմ գրքի ինչը դուրս չեկաւ՝ գրողի ոճը, թէ այն, որ գրողը կարող էր արծարծել այլ հարցեր եւս կամ խորանալ արծարծած որոշ հարցերում։ Յամենայնդէպս կարդալն անօգուտ չէ։

Լահիրին աւելի շատ յայտնի է իր “Ցաւերի թարգմանիչը” գրքով։

Լաւ մնացէք։

Saturday, April 19, 2008

ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ …

Յոգնեցի յաջողութիւն մաղթելուց։
Յաջողութիւն գնացողներին էլ, մնացողներին էլ…

Thursday, April 17, 2008

ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ (6)

Յաջողութիւն Իրանահայ Արմէնին ու Արմինէին, որոնք իրենց երեխաների հետ տեղափոխուեցին Հայաստան ու մօտ մէկ տարի Երեւանում ապրելուց յետոյ … վերադարձան Իրան։

Wednesday, April 16, 2008

ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ (5)

Յաջողութիւն Նոր Ջուղայահայ Անդրէին ու Անիային, որոնք երկու տարի ապրեցին Երեւանում ու … մեկնեցին ԱՄՆ։

Tuesday, April 15, 2008

ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ (4)

Յաջողութիւն մեր շէնքի առաջին մուտքի բնակիչ՝ Իրանահայ Ժուլիետին, որն իր տղայի հետ մէկ տարի ապրեց Երեւանում ու տղային դպրոցից հանելով… վերադարձաւ Թեհրան։

Sunday, April 13, 2008

ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ ԻՐԱՆ (1)

Երբ լսում եմ Իրանի անունը կամ մտածում եմ Իրանի մասին բազմաթիւ բաներ են գալիս մտքիս մէջ՝ մի մասը հաճելի, մի մասն էլ տհաճ։

Հաճելիներից մէկը գրախանութներն են ու գրքերը։

Թէ Թեհրանում, թէ Էսֆահանում կան փողոցներ, որտեղ կողք կողքի գոյութիւն ունեն բազմաթիւ գրախանութներ։

Իրանում տարեկան տպագրւում են բազմաթիւ հեղինակային եւ թարգմանական գրքեր՝ բազմազան նիւթերի վերաբերեալ, էլ բժշկագիտականից սկսած մինչեւ ճշգրիտ գիտութիւններ, մինչեւ մարդկային գիտութիւններ եւ այլն։ Սա կատարւում է պետական գրաքննութեան առկայաութեան պայմաններում։ Թարգմանութիւնները կատարւում են թոյլտւութեամբ ու առանց թոյլտւութեան։

Ցաւօք Հայաստանը տպագրուող գրքերի բազմազանութեամբ համեմատելի չէ Իրանի հետ։

Նախ Երեւանում գրախանութները մատնահաշիւ են, դրանք էլ մի կերպ փորձում են իրենց գոյութիւնը պահպանել։ Ապա եթէ զանց առնենք ազգային բովանդակութիւն ունեցող (հայոց պատմութիւն, հայոց լեզու եւ այլն) եւ հեղինակային գեղարուստական գրականութիւնը (բանաստեղծութիւններ եւ այլն), այլ բնագաւառներում տպագրուող գրքերի թիւը ոչ միայն շատ չէ, այլ շատ քիչ է ու վատ վիճակում։

Օրինակի համար Երեւանում կարող էք այցելել ցանկացած գրախանութ եւ հետաքրքրուել համակարգչային գիտութիւնների մասին գրքերի կապակցութեամբ։ Ձեզ ցոյց կը տան փոքրաթիւ գրքեր՝ 10, 20, 30։ Մինչդեռ Իրանում կան մասնագիտացուած խանութներ, այսինքն գրախանութներ, որոնք միայն համակարգչային գիտութիւններին վերաբերող գրքեր են վաճառւում, կամ միայն բժշկագիտական եւ այլն։ Պարզ է, որ այս պարագային գնորդի (ուսանող, հետազոտող, սովորական ընթերցող եւ այլք) ընտրութեան հնարաւորութիւններն աւելի շատ են։

Հետաքրքիր է իմանալ, որ Երեւանում վաճառուող անգլերէնի ուսուցման, գրականութեան կամ Օքսֆորդի բառարանների մեծ մասը բերուել են Իրանից։

Հայաստանահայերը ցանկութեան դէպքում օգտւում են ռուսերէն գրականութիւնից, որի մի մասը առկայ է Երեւանում, մեծ մասն էլ պիտի պատուիրեն կամ խնդրեն Ռուսաստանից իերնց բարեկամները, ընկերները եւ այլք, ուղարկեն իրենց համար։

Յամենայնդէպս, եւ Իրանում եղածս ժամանակ, եւ հետագային Իրան այցելելիս, ամենասիրածս գործերից մէկն այն էր (եւ է), որ այցելեմ գրախանութներ։ Ու թէեւ յաճախ որոշում էի “այս անգամ գնում եմ միայն նորութիւնների հետ ծանօթանալու եւ ոչ թէ գիրք գնելու համար”, բայց արի ու տես, որ նման դէպքեր, այսինքն առանց գիրք առնելու տուն վերադառնալը, բացառութիւններ են եղել։

Վերջին շրջանում Իրանում եղածս ժամանակ գնեցի ու կարդացի հինգ գիրք, որոնց մասին ուզում եմ համառօտ տեղեկութիւններ տալ.-

1.- “Համանունը”։
Գրող՝ Ջումփա Լահիրի

2.- “Ջրի այն կողմի ճանապարհորդագրութիւն (կամ գաղթականութեան հասարակագիտութիւն)”։
Գրող՝ Փառուիզ է Ռաջաբի։

3.- “Մտերմիկ հասարակագիտութիւն”։
Գրող՝ Հասան է Նառաղի։

4.- “Յետգրութիւններ “Մտերմիկ հասարակագիտութեան” մասին”։
Գրող՝ Հասան է Նառաղի

5.- “Չասուածները”։
Հարցազրոյց Հասան է Նառաղիի հետ։

Լաւ մնացէք։

Friday, April 11, 2008

"ԵՐԵՒԱՆ-ԳՈՒՆԱԶԱՐԴ ԵՐԿԻՆՔ-2008"












Սրանք էլ մեր տան պատուհանից լուսանկարած օդապարիկներն են։



Thursday, April 10, 2008

ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ (3)

Յաջողութիւն Իրանահայ Անգինէին, որը երեք տարի սովորեց Երեւանի համալսարաններից մէկում ու կրթութիւնը կիսատ թողնելով... վերադարձաւ Նոր Ջուղա։

Wednesday, April 9, 2008

ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ

Քիչ առաջ տեղի ունեցաւ Հ.Հ. նորընտիր Նախագահի երդման արարողութիւնը։

Փաստօրէն այսօրուանից երկրի նոր Նախագահն է Սերժ Սարգսեանը։

Լիայոյս եմ, որ նախագահական ընտրութիւնների արդիւնքներն ու Մարտի մէկի դէպքերը լրջօրէն սթափեցրած լինեն երկրի ղեկավարութեանը արմատական բարեփոխումներ սկսելու երկրում, վերացնելու հասարակութեան եւ իշխանութեան միջեւ առաջացած անջրպետը, ստեղծելու պայմաններ, որ մարդիկ այս երկրում ապրեն մարդավայել ու բախտ չորոնեն այլ ափերում։

Այս պահին ինձ մնում է միայն յուսալ…

Tuesday, April 8, 2008

ՄԷԿԸ ՀԱԶԱՐԻ՞ ԴԻՄԱՑ

Անցեալ Կիրակի օրը հրաւիրուել էի մասնակցելու մի ժողովի։ Գնացի։ Ժողովի ընթացքում վաստակաւոր մի ուսուցիչ հերթ վերցրեց խօսելու եւ իր խօսքն սկսեց հետեւեալ նախադասութեամբ՝ "Ընկերներ, մի մոռացէք, որ մենք այն ազգն ենք եղել, որ մեր մէկ զինուորը միայնակ դուրս է եկել թշնամու հազար զինուորի դէմ, ու յաղթել է"։

Եւ նայելով ներկաների աչքերին ու հաւանաբար փորձելով խօսքն աւելի ազդու դարձնել ու ներկաներին, ինչպէս Հայաստանում են ասում՝ դուխ տալ (քաջութիւն ներշնչել), շարունակեց՝ "այն էլ առանց զէնքի"։

Ես մի պահ, սուտ չասեմ, գլխապտոյտ ունեցայ։

Իսկապէս մենք ա՞յն ազգն ենք, որ մեր մէկ զինուորը միայնակ առանց զէնքի թշնամու հազար զինուորի դիմաց դուրս է եկել ու յաղթել է։ Ներեցէք ո՞ր թուականին։ Այդ կռիւը պատմութեան մէջ ի՞նչ անունով է յայտնի։ Ի՞նչ է եղել այդ զինուորի անունը։ Մէկը՞ հազարի դիմաց։

Մի կողմ թողնենք հայ ազգին, մարդկային առումով դա հնարաւ՞որ է (անշուշտ ի բացառեալ Հոլիւուդեան տեսաերիզների)։

Էլի եթէ չասէր առանց զէնքի, կը մտածէի կարող է մեր այդ մէկ զինուորը լէյզերով զէնք է ունեցել, բայց որ առանց զէնքի…

Սիրելիս, ախր այս ի՞նչ սնապարծութիւն է։ Ո՞վ է այդպիսի բան ասել։ Որտե՞ղ ես կարդացել։ Ախր ինչու՞ ենք ինքներս մեզ սուտ ասում ու յետոյ մեր ասած սուտի վրայ հիանում։

Եթէ անգրագէտ մարդը դա ասի, էլի հասկանալի է, բայց որ վաստակաւոր ուսուցիչը այդ հաւատքով սերունդներ է դաստիարակում, դէ արդիւնքն էլ այն է, որ մենք դարեր է դոփում ենք տեղում։

Սթափ մնացէք։

Monday, April 7, 2008

ՄԱՅՐԵՐԻ ՕՐԸ ՇՆՈՐՀԱՒՈՐ

1.- Շնորհաւորում եմ Մայրերի օրը, մեր բոլոր մայրերին մաղթելով անամպ երկինք ու ամենայն բարիք։

Հետքարքիր է, որ կանանց ու գեղեցկութեան ու մայրերի օրը Հայաստանում արդէն նշում են ոչ թէ օրով կամ մի երկու օրով, այլ ամսով։ Այն արդէն պաշտօնապէս կոչւում է միամսեակ՝ Մարտի 8-ից Ապրիլի 7-ը։ Սա չգիտեմ շատ շատ սիրելուց է, թէ այլ բանից։ Ինչեւէ, երեւոյթը դրական է, թէեւ մի քիչ չափազանցուած է։

2.- Մի քանի օր առաջ գրածս այն մասին, որ Երեւանում պակսել են կամ գրեթէ չկան ինքնաշարժերից առաջացող խցանումները, յետ եմ վերցնում։

Թէ անցեալ շաբաթ օրը, թէ այսօր Կոմիտասում այնպիսի խցանում էր, որ մեքենավարները իջել՝ սուրճ էին խմում (խնդրում եմ չհարցնել այդ պահին սուրճ որտեղից, որովհետեւ ես էլ չգիտեմ)։

Լաւ մնացէք։

Sunday, April 6, 2008

ԿԱՆՈՆԱԳԻՐ ԵՒ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹԻՒՆ

Երեկ հրաւիրուել էի դասախօսութիւն կարդալու Հայաստանի մեր կառոյցի պատանեկան միութիւնների վարիչների համար։

Նիւթն էր “Կանոնագիրն ու կարգապահութիւնը”։ Հիմնական խօսքս կենտրոնացած էր այն մտքի վրայ, որ կուսակցութիւնը, այս պարագային պատանեկան միութիւնը, մի համակարգ է, հասակարակական համակարգ, որն ինչպէս մնացած բոլոր համակարգերը բաղկացած է տարբեր մասերից եւ կանոնագիրը ճշտում է այդ համակարգի տարբեր մասերի փոխյարաբերութեան ձեւերը, սահմանները, մասերից ամէն մէկի պարտականութիւններն ու իրաւունքները։

Կարգապահութիւն նշանակում է այն, որ այդ մասերից ամէն մէկն աշխատի իր տեղում, աշխատի ճիշտ ու կատարի այն, ինչն իր պարտականութիւնն է, որպէսզի համակարգն աշխատի անխափան, յանուն բոլորի նպատակների իրականացման։

Եւ այն, որ եթէ մասերից որեւէ մէկը չաշխատի պիտի նրան կարգի հրաւիրել կամ հեռացնել, ինչպէս այն տեղի է ունենում օրինակ ինքնաշարժի շարժիչի պարագային, որպէս մեխանիկական համակարգ, այն տարբերութեամբ, որ պատանեկան միութեան մէջ կարգի հրաւիրելը դաստիարակչական նպատակ ունի, իսկ ինքնաշարժի պարագային…յամենայնդէպս ոչ դաստիարակչական։

Իրօք պատասխանատու է վարիչների գործը, որովհետեւ նրանք գործ ունեն պատանի-պարմանուհիների հետ, այսինքն նրանց՝ ում անհատականութիւնն ու նկարագիրը ձեւաւորման ընթացքի մէջ է ու այդ պատճառով էլ վարիչները ոչ միայն պիտի իմանան կուսակցութեան պատմութիւնը, պատանեկան միութեան նպատակներն ու կանոնագիրն ու հազար ու մի ուրիշ բան, այլ պիտի ձեռք բերեն մանկավարժական գիտելիք ու հմտութիւններ։ Սա յոյժ կարեւոր է։

Այդ ամբողջը ձեռք են բերւում ընթերցանութեան, ուսումնասիրութեան ու փորձառութեան հետեւանքով։ Մանկավարժութեան պարագային մի ուրիշ կարեւոր բան էլ կայ, այն, որ դրա որոշ գծերը անպայման մարդու մէջ պիտի լինեն։

Ինչեւէ, յոյսով եմ դասախօսութիւնս օգտակար եղած լինի։

Saturday, April 5, 2008

ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ (2)

Յաջողութիւն Իրանահայ Աւոյին ու Ազնիւին ու նրանց երկու տղաներին, ովքեր եօթ-ութ տարի առաջ Նոր Ջուղայից տեղափոխուեցին Երեւան ու ի վերջոյ… մեկնեցին ԱՄՆ։

Friday, April 4, 2008

ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ (1)

Այսօր իմացայ, որ մեր շէնքի առաջին յարկի Իրաքահայ հարեւանուհիս, որն իր երկու փոքրահասակ աղջիկների հետ Իրաքից տեղափոխուել էր Հայաստան, ութ ամիս Երեւանում մնալուց յետոյ երեխաներին դպրոցից հանել ու վերադարձել է Բասրա։

Յաջողութիւն Սեդային ու նրա ընտանիքին։

Thursday, April 3, 2008

ՏԽՈՒ՞Ր Է ԵՐԵՒԱՆԸ

Քայլում եմ Երեւանի փողոցներով, նայում եմ մարդկանց աչքերին ու զգում եմ տխուր են։

Ինքնաշարժերի առատութիւնից առաջացող խցանումները քիչ են կամ գրեթէ չկան։

Ես այն համեմատում եմ գնալուցս, այսինքն ընդամէնը երկու ամիս առաջուայ հետ։

Զգում եմ Երեւանը տխրել է։

Թէ՞ ես եմ տխուր ու տխուր աչքերով եմ նայում Երեւանին։

Չգիտեմ։ Յոյսով եմ վերջին տարբերակը լինի։

Ինչ որ է, մի բան հաստատ է` ազգովի թանգ գին վճարեցինք մի բանի համար, որը կարող էինք կանխել։Թանգ է հայի արիւնը։Ափսոս։

Պինդ մնացէք։

Wednesday, April 2, 2008

www.idhr.am

Հայաստանի Մարտի մէկի դէպքերի կապակցութեամբ բազմաթիւ յայտարարութիւններ հնչեցին դէսից դէնից։ Ամենաիրատեսական ու քաջ յայտարարութիւններից մէկը, որ ես կարդացել եմ։

http://www.idhr.am/arm/news/announceshow.php?id=65

Ուշադրութիւն դարձնել թուականին։

Երբ դէպքերից մի երկու օր յետոյ այս յայտարարութիւնը կարդացի, զարմացայ։Դէպքերից ընդամէնը մի քանի ժամ յետոյ այս հասարակական կազմակերպութիւնը ճիշտ կողմնորոշւում ու յայտարարութիւն է հրապարակում