Saturday, December 29, 2007

ՆՈՐ ՏԱՐՈՒԱՆ ԸՆԴԱՌԱՋ

Կոմիտասի պողոտայ, Երեւան, 2008 թուականի Նոր Տարուայ սեմին մայթը զարդարուած եւ շատ գեղեցիկ` անշուշտ շնորհիւ խանութատիրոջ։

Thursday, December 27, 2007

ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գնումներ կատարելու նպատակով մտայ Աբովեան փողոցի վրայ գտնուող “Տերանովա” հագուստի խանութը։ Տեսայ գլխարկ, որի գինը 4900 դրամ էր։ Չհաւանեցի ու չգնեցի։

48 ժամ յետոյ կրկին մտայ նոյն խանութը գնումներ կատարելու նպատակով եւ տեսայ, որ նոյն գլխարկի գնի վրայ գիծ քաշելով, նոր գին են սահմանել` 3000 դրամ։

Երեւանում խանութից խանութ միեւնոյն ապրանքների, ինչպէս նաեւ ուտելիքների ու խմիչքների արժէքների տարբերութեան կապակցութեամբ օրինակներ կարող եմ շատ տալ, սակայն բաւարարւում եմ այսքանով, աւելացնելով, որ այս երեւոյթը յատուկ չէ Հայաստանին

Եզրակացութիւն։ Անհրաժեշտ է յատկապէս Նոր Տարուայ օրերին գնումեր կատարելու ժամանակ ուշադիր լինել։

Լաւ մնացէք։

Sunday, December 23, 2007

ԴԱՍԱԽՕՍՈՒԹԻՒՆ Ա.Պ.Հ. ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Երեկ հրաւիրուել էի դասախօսութիւն կարդալու Հ.Յ.Դ. Ա.Պ.Հ. տարածաշրջանի երիտասարդական միութիւնների խորհրդաժողով-սեմինարի մասնակիցների համար։

Այդ իսկ պատճառով մեկնեցի Ծաղկաձոր, որտեղ տեղի էր ունենում խորհրդաժողով-սեմինարը եւ մի քանի ժամ անցկացրի մասնակիցների հետ, ինչպէս նաեւ վայելեցի բնութիւնը։

Օդը ցուրտ չէր։ Ընդհանուր առմամբ այս տարի, ցարդ, օդը ցուրտ չի եղել եւ համեմատելի չէ անցեալ տարիների ձմեռների հետ։ Աչքով չտամ (Touch wood)։

Խորհրդաժողով-սեմինարին մասնակցում էին 18 երիտասարդներ, որոնցից վեցը Հայաստանից, երկուսը Արցախից, երկուսը Ջաւախքից, մնացածն էլ այլ տեղերից։

Իմ դասախօսութիւնը օրուայ չորրորդ դասախօսութիւնն էր, այն էլ իմ բախտից` ճիշտ ճաշից յետոյ, որ նշանակում է երիտասարդներն արդէն երեք դասախօսութիւն լսելով քամուած, մաշուած էին ու քանի որ նոր էին ճաշել աւելի շատ քնելու տրամադրութիւն ունէին, քան կրկին դասախօսութիւն ունկնդրելու։

Փորձեցինք մի քիչ դադար տալով երիտասրարդներին հնաւորութիւն տալ շունչ քաշել ու կենտրոնանալ։

Մէկ ժամ էլ ես խօսեցի ի հարկէ փորձելով ունկնդիրներին ներքաշել խօսակցութեան մէջ, որպէսզի դասախօսութիւնը չվերածուի մենախօսութեան։

Ա.Պ.Հ.տարածաշրջանի հայ համայնքների եւ արտերկրի այլ համայնքների կամ ինչպէս ընդունուած է ասել դասական Սփիւռքի հիմնական տարբերութիւնն այն է, որ այդ շրջաններում հայութիւնը կազմակերպուած չէ։ Մի բան, որը մեծ թերութիւն է։

Այդ անկազմակերպուածութեան հետեւանքով մեծ վտանգ է սպառնում նոր սերնդին` հայ ազգային ինքնութեան պահպանման տեսանկիւնից։ Երբ խօսում ենք Սփիւռքի մասին, յատկապէս Արեւմուեան երկրներում ապրող հայութեան, որպէս գլխաւոր մարտահրաւէր անդրադառնում ենք ձուլմանը։ Սակայն Ա.Պ.Հ. տարածքում ապրող հայերի մօտ ձուլումը շատ աւելի շատ է ու շատ աւելի իրական տարբեր պատճառներով։ Ու չգիտես ինչու այդ երեւոյթը յաճախ չի նկատւում։ Օրինակ ասում են Ֆրանսահայութիւն կամ աւստրալահայութիւն ու անմիջապէս մարդկանց մտքում գալիս է ձուլումը, հայերէնին չտիրապետելու հարցը եւ այլն, մինչդեռ դա եթէ ոչ աւելի (իսկ իմ կարծիքով աւելի), առնուազն նոյնքան լուրջ ու խորն է ռուսահայութեան կամ վիրահայութեան մօտ։

Սա էլ այն հարցերից է, որ պիտի ընդգրկուի պետութեան օրակարգում (ի հարկէ մինչ այժմ պիտի ընդգրկուած լինէր, սակայն լաւ է ուշ, քան երբէք)։

Յուսանք թէ համայնքները կըզգան վտանգն ու կը փորձեն կազմակերպուել, թէ պետութիւնը կանդրադառնայ իր պարտականութեանը։

Պինդ մնացէք։

Thursday, December 20, 2007

"ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ"

“Ես այնքան էլ վստահ չեմ, թէ իմ մանկութիւնից յետոյ ապրել եմ”։

“Փոքրիկ Իշխանը”
Անտուան Դը Սենտ-Էքզիւպերի

Wednesday, December 19, 2007

ՈՒՇ ՈՒՇ ԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մի քանի ընկերներ ինձ քննադատել են վերջերս ուշ ուշ գրելու եւ կայք էջը թարմացնելու մէջ։ Ընդունում եմ։ Պատճառը նախ այն է, որ հիւանդացել էի ու մի քանի օր ի վիճակի չէի գրել (քաննադատների համար կարող եմ կայք էջում տեղադրել բժշկի գրած դեղատոմսը) եւ երկրորդ միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ երբ մարդ աշխատում է ու բազմազբաղ է, էլ աւելի աշխուժ ու գործունեայ է, քան այն ժամանակ, երբ պարապ է ու ազատ։ Չաշխատելը թէեւ ունի իր առաւելութիւնները, բայց իմ կարծիքով իր հետ բերում է նաեւ ծուլութիւն։

Հասարակագիտական առումով օրինակ ապացուցուած է, որ այն կանայք, որոնք աշխատում են, էլ աւելի գործունեայ են, քան նրանք, ովքեր միայն զբաղւում են տան տնտեսութեամբ։ Առաջինները թէ աշխատում են, թէ տան գործերն են անում, երկրորդները միայն տան գործերն են անում։ Առաջինները էլ աւելի նախաձեռնող են, քան երկրորդները։

Կարծում եմ ես էլ նման վիճակում եմ։

Իսկ գրելու բան կայ, շատ էլ կայ, յատկապէս քաղաքական դաշտում։

Լաւ մնացէք։

Monday, December 17, 2007

“Հ.Յ.Դ. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆԸ”

“Առաջադիմութիւնը ծնունդ է պայքարի, եւ կեանքի գոյութիւնը անհասկանալի է առանց պայքարի։ Խաղաղութեան ակնկալութիւնը կեանքի մէջ ցնորք է միայն, որովհետեւ խաղաղութիւնը կիրականանայ մեր մահէն ետք, գերեզմանի մէջ։ Պայքարը արժէք է` ինչպէս մեր կեանքը. պայքարը սուրբ է` ինչպէս աշխատանքը, պայքարը ոչ այլ ինչ է, եթէ ոչ մտքի, հոգիի եւ աշխատանքի խտացումը իր գերազանց ուժով։ Պայքարէն յոգնածը պիտի մահանայ, պայքարի եռանդով լեցուածն է, որ պիտի ապրէ եւ պիտի տիրէ”։

Ռուբէն Տէր Մինասեան
“Հ.Յ.Դ. կազմակերպութիւնը”

Ուրախութեամբ տեղեկացայ որ Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի ջանքերով վերջ ի վերջոյ հրատարակուել է Ռուբէնի “Հ.Յ.Դ. կազմակերպութիւնը” աշխատութիւնը։

Ասում եմ վերջ ի վերջոյ, որովետեւ իրականութիւնն այն է, որ Երիտասարդական գրասենեակի իմ պատասխանատու եղած շրջանում հիմք դրուեց “Երիտասարդական գրադարան” մատենաշարի, որի առաջին թուով հրատարակեցինք Նիկոլ Աղբալեանի “Մտածումներ Հ.Յ.Դաշնակցութեան մասին” աշխատութիւնը, 5000 տպաքանակով։

Դրանից անմիջապէս յետոյ հրատարակութեան պատրաստեցինք Ռուբէնի վերոյիշեալ աշխատութիւնը, որի “Երկու խօսքը” ինչպէս եւ նախորդ հրատարակութեանը (Մտածումներ …) գրեցի ես։ Սակայն գիրքը նիւթական դժուարութիւնների* պատճառով մէկ ու կէս տարուց աւելի մնաց տպարանում ու չհրատարակուեց։

Ուրախ եմ, որ գտնուել է մեկենաս ու աշխատութիւնը վերջ ի վերջոյ հրատարակուել է։

Երկու գրքերն էլ բոլոր դաշնակցականների, յատկապէս երիտասարդների ու նաեւ Դաշնակցութեամբ բոլոր հետաքրքուածների համար գտնում եմ կարեւոր ու օգտակար։

Լաւ մնացէք։

* Խօսքը 1300-1400 ԱՄՆ դոլարի մասին էր։

Sunday, December 16, 2007

"ԵՐԵՔ ԽՈԶՈՒԿ"

Այսօր տղայիս հետ գնացի “Տիկնիկային Թատրոն”։ Շաբաթուայ ընթացքում բեմադրւում են տարբեր հեքիաթներ, ինչպէս “Անյաղթ Աքլորը”, “Պոչատ Աղուէսը” եւ այլն։ Այսօր ներկայացւում էր “Երեք Խոզուկ” անգլիական հեքիաթը։ Դիտեցինք։

Տեւողութիւնը 45-50 րոպէ։Երկու արարով, ընդմիջումը 10 րոպէ։

Դահլիճը լեփ լեցուն էր մարդկանցով։Երեխաների հետ եկել էին ոչ միայն մայրերը, այլ մեծ թուով հայրեր, որը դրական երեւոյթ է։

Բեմադրութեան մակարդակը լաւ էր։

Տոմսերը չորս տարբեր արժէքների էին` 500, 600, 700, 1000 դրամանոց ($1ԱՄՆ = 303 ՀԴ)։ Այսինքն երկու-երեք ԱՄՆ դոլարին համարժէք դրամով հնարաւոր է Երեւանում դիտել տիկնիկային ներկայացում, որը կարծում եմ մատչելի գին է հասարակութեան լայն խաւերի համար։

Ներկայացումը փոխներգործօն էր (Interactive), այսինքն ոչ միայն չոր ու ցամաք բեմադրւում էր հեքիաթը, այլ տիկնիկները բեմի վրայից հարցեր էին տալիս հանդիսատես երեխաներին ու նրանց եւս ներքաշում ու մասնակից դարձնում դէպքերի ընթացքին։

Պատճառը, որ որոշեցի տղայիս հետ (երկու տարեկան չորս ամսեկան) գնալ տիկնիկային թատրոն թէ անձնական հետաքրքրասիրութիւնս էր (ուզում էի տեսնել կենդանի կերպով ինչպէս են բեմադրում տիկնիկային թատրոնները), թէ այն, որ նախորդ ներկայացումները մեծ ազդեցութիւն էին թողել տղայիս վրայ, այն չափով, որ գիշերները (երկուսին-երեքին) երազում նա կանչում է “տաք է, տաք է, տաք է, տաք է”(Անյաղթ Աքլորը), ”ծուղրուղու, ոսկի եմ գտել” (Անյաղթ Աքլորը) եւ այլն։

Թէեւ նախքան ներկայացումները գտնում եմ հեքիաթների գրքերը եւ ես կամ կինս այն կարդում տղայիս համար, որպէսզի ներկայացումն աւելի լաւ հասկանայ, սակայն դրանից` այսինքն իմ կարդալուց ու պատմելուց նա այնքան չի ազդւում, որ գիշերները երազում իմ ասածները կրկնի։ Նշանակում է ներկայացումը մեծ ազդեցութիւն է թողնում երեխաների վրայ (հեծանիւ եմ գիւ՞տ արել)։ Սակայն համոզուած եմ, որ ցանկացած ներկայացում չէ, որ կարող է այդքան ազդել երեխաների վրայ։ Դա կապուած է նախ այն հանգամանքից, որ արդեօք տուեալ հեքիաթը երեխայի հասկացողութեան մակարդակին է թէ ոչ, եւ երկրորդ` ինչպէս է այն մատուցւում, այսինքն ներկայացման մակարդակը։

Վերջում բեմ բարձրացան դերակատարները, որոնցից որոշները “Հանրապետութեան վաստակաւոր արտիստներ” էին։

Ի վերջոյ սա էլ հայրենիքում ապրելու առաւելութիւններից մէկը։ Սփիւռքում պիտի սպասես մինչեւ մի օր մի ինչ որ թատրոն բեմադրւի։ Բեմադրման թուականն ու ժամը քեզ յարմար կը լինի, չի լինի, կը կարողանաս այն դիտել, չես կարողանայ, հարց է։ Առիթը բաց թողեցիր պիտի սպասես յաջորդ ներկայացմանը, որը յայտնի չի, թէ երբ է լինելու։ Երեւանում, որոշակիօրէն հէնց “Տիկնիկային թատրոնի” պարագային, շաբաթուայ ընթացքում բազմաթիւ անգամներ բեմադրւում են տարբեր ներկայացումներ։ Երբ քեզ յարմար է` գնայ, այս շաբաթ յարմար չէ` միւս շաբաթ։

Լաւ մնացէք։

Sunday, December 9, 2007

ԲԱՐԻ ՓԵՐԻ

Երեկ մինչեւ ուշ գիշեր դիտեցի (ինձ թւում է դիտեց նաեւ ամբողջ Հայաստանն ու Սփիւռքը) Մանկապատանեկան Եւրատեսիլը։ Այն կայանում էր հինգերորդ անգամ։ Այս տարի մրցոյթը տեղի էր ունենում Հոլանդիայի (Նեդեռլանդներ) Ռոթերդամ քաղաքում։

2007 թուականի մրցոյթին մասնակցում էին տասնեօթ երկիր։ Ինձ համար զարմանալի է, թէ ինչու Մանկապատանեկան Եւրատեսլիլին չէին մասնակցում Եւրոպայի որոշ կարեւոր ու մեծ երկրներ, ինչպէս օրինակ Ֆրանսիան, Անգլիան, Աւստրիան, Գերմանիան, Իսպանիան եւ այլն։

Հայաստանը ներկայացնում էին Արեւիկցիները` շատ գեղեցիկ երգով։Գեղեցիկ են թէ երգի բառերը, թէ երաժշտութիւնը։ Ուրախալի ու հպարտառիթ երեւոյթ է, որ երգի բառերն ու երաժշտութիւնը գրել էին հէնց իրենք` կատարող պատանիները։

Մրցոյթի աւարտին թէեւ սկզբից մինչեւ նախավերջին երկրի կողմից նիշերի յայտարարութիւնը Հայաստանը առաջին տեղում էր ու մի պահ ինձ թուաց*, որ մենք յաղթեցինք, սակայն Լիտուացիների` մեզ որեւէ նիշ չտալով ու մեզ` Բելառուսների եօթ նիշ տալով, Արեւիկցիները ընդամէնը մէկ նիշի տարբերութեամբ գրաւեցին երկրորդ տեղը։ Ափսոս, շատ ափսոս։

Յամենայնդէպս նմանատիպ մրցոյթում երկրորդ տեղը գրաւելը Հայաստանի խմբի կողմից, որն ի դէպ առաջին անգամուայ համար էր մասնակցում այսպիսի մրցոյթի` շնորհաւորանքի արժանի է։ Կեցցէք երեխաներ։

Երեւում է “երազանքների բարի փերին”** այս պարագային վերջին պահին լքեց մեր փոքրիկներին։ Տայ Աստուած, որ սա նրա` մեր փոքրիկներին լքելու վերջին անգամը լինի։

Պինդ մնացէք։

Յ.Գ. Սա էլ "Մանկապատանեկան Եւրատեսլիլի" կայք էջի հասցէն է` www.junioreurovision.tv

* Կարծում եմ բոլորն էին այդպէս մտածում, ընդորում տղամարդ հաղորդավարը, որը Հայաստանի փոքրիկների յաղթանակում կասկած չտեսնելով մօտեցաւ ուրախութիւնից աղմկող մերոնց ու ասաց, որ շատ մի բղաւէք, որպէսզի քիչ յետոյ, երբ պիտի կրկին բեմ բարձրանաք ու ձեր երգը երգէք` ձայն ունենաք։ Ափսոս։

** Երգի բառերից են` “Երազանքների բարի փերի, քեզ խնդրում ենք մեր երազը վառ դու կատարի”։

Friday, December 7, 2007

ՊԱՏԱՀԵԼ Է...

Պատահել է հեռուստացոյցից ընդամէնը մէկ մետր հեռու լինէք ու բարձր լինի հեռուստացոյցի ձայնն ու որոշէք այն ցածրացնել ու… ամբողջ տունը տաս րոպէ ման գաք գտնելու հեռակառավարման վահանակը (Control), որպէսզի դրանով ձայնը ցածրացնէք, մինչդեռ ընդամէնը մի քիչ տեղից շարժուելով կարող էիք հեռուստացոյցի վրայի կոճակները սեղմելով` դա անել։

Լաւ մնացէք։