Saturday, January 19, 2008

ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ

Վաղուանից երեք շաբաթով մեկնում եմ ճամբորդութեան։Այդ ընթացքում կը կարողանամ կայք էջս թարմացնել թէ ոչ, չգիտեմ։Յամենայնդէպս անպայման կը փորձեմ։

Պարտքս համարեցի այցելուներին տեղեակ պահել։

Լաւ մնացէք։

Thursday, January 17, 2008

ՎԵՐՋ ԿՈՒՆԵՆԱՅ՞ (4)

Խորհրդային տարիներից ժառանգութիւն մնացած ու Հայաստանի Հանրապետութիւնում շարունակուող ողջունելի երեւոյթներից մէկն այն է, որ հիւանդանոցում գրանցուած վնասուածք ստացածների մասին ոստիկանութիւնը յաջորդ օրերին հետաքրքրւում է եւ այցելում վնասուածք ստացածին՝ իր բնակարանում։

Ոստիակնութիւնը հարցաքննում է վնասուածք ստացածին պատահած դէպքի մասին։ Պարզ է, որ կարելի է ասել (աւելի ճիշտը պիտի ասել) ճշմարտութիւնը։ Եւ ոստիկանութիւնն էլ պիտի հետաքրքրուի դէպքի մանրամասների մասին, այս պարագային այցելելով դիսկոտեկա, հարցաքննելով ապահովականին, տնօրէնին, ականատեսներին եւ այլոց, եւ կռուի կողմերին ուղարկելով դատարան, որպէսզի պարզուի ճշմարտութիւնն ու յանցաւորը (ով որ է) պատժի ենթարկուի։

Սա առայժմ մնում է ցանկութիւնների շարքում։

Ծեծի ենթարկուած, արիւնահոսութիւն ունեցող, քթի ջարդուած ունեցող մարդը ի տես մի այլ տեսակի ոստիկանութեան, այս պարագային ճանապարհային ոստիկանութեան վերոյիշեալ վերաբերումին, կարծու՞մ էք այդուհետ կարող է վստահութիւն ունենալ որեւէ տեսակի ոստիկանութեան վրայ եւ քաջութիւն ունենալ ճիշտն ասելու (ճիշտը առնուազն իր տեսակէտից) եւ բողոքելու։

Դրա համար էլ նախընտրելի է՝ “Սառուցների վրայ սահեցի, քթով կպայ գետնին” տարբերակը։

Պինդ մնացէք։

Wednesday, January 16, 2008

ՎԵՐՋ ԿՈՒՆԵՆԱՅ՞ (3)

Կռիւ ցանկացած ճաշարանում, բարում (Bar), դիսկոտեկայում, գիշերային ակումբում եւ ցանկացած երկրում հնարաւոր է ու պատահում է։ Մարդիկ հարկի ու անհարկի, տարբեր պատճառներով, յատկապէս գինովցած լինելու պահին՝ իրենց կորցնում են ու ոչնչի համար կռուի բռնւում։ Սա ազգութիւն ու վայր չի ճանաչում։ Նմանատիպ կռիւներ տեղի են ունենում Իտալիայում էլ, Ֆրանսիայում էլ, Գերմանիայում էլ, ամեն տեղ։ Սոսկ կռուի պատճառով չէի գրելու այս տողերը։

Սակայն երբ կռիւը տեղի է ունենում Երեւանում՝ հայի ու հայի միջեւ ու հայերի մի խումբը միւս խմբին սկսում է հայհոյելով ասել՝ “Գնացէք ձեր երկիրը”, դա արդէն սովորական կռիւ չէ՝ անկախ ելքից, այն է՝ մէկ քիթ է կոտրուել թէ տասնըհինգ։

“Գնացէք ձեր երկիրը”։ Այս արտայայտութիւնը լուրջ մտորումների տեղիք է տալիս։ Իսկ որտե՞ղ է այս Սփիւռքահայ ուսանող-ուհիների երկիրը։ Այդ արտայայտութիւնն անողը քարտէզի վրայ կարո՞ղ է ցոյց տալ Սփիւռքահայերի երկիրը։

Նրանց ծննդավայրը նկատի ունի՞։ Բայց չէ որ դա նրանց ծննդավայրն է, այլ ոչ երկիրը։

Պէ՞տք չէ մեծացնել հարցը, սա մի անխելք մարդու արտայայտութիւն է։ Բայց սա առաջին կռիւն ու առաջին դէպքը չէ։ Համոզուած եմ վերջինն էլ չէ։ Ակամայ մարդ յիշում է Ռուսաստանի “Սափրագլուխ”-ներին կամ էլ Գերմանիայի “Նէօ-Նացիստ”-ներին։ Նրանք էլ նոյն բանն են ասում՝ “Գնացէք ձեր երկիրը”, բայց մէկ տարբերութեամբ, նրանք դա ասում են օտարներին։ Կարո՞ղ է Սփիւռքահայերն էլ օտար են, իրենք չգիտեն։

Ցաւօք սա մէկ կամ երկու հոգու մտքի արգասիքը չէ։ Սա մտայնութիւն է։ Հիւանդագին ու վտանգաւոր մտայնութիւն։ Ներազգային ֆաշիզմի դրսեւորում։ Ու այս մտայնութեան արդիւնքն է “Երեւանը երեւանցիներին”, “Ղարաբաղցիները թող գնան իրենց երկիրը”, “Ջաւախքցիներն էլ թող գնան իրենց երկիրը”…

Չգիտեմ կայք էջս քանի տարուայ կեանք կունենայ, սակայն ցանկացողները թող սրանից երեք տարի յետոյ էլ.փոստով ինձնից հետաքրքրուեն այս տղաների ու աղջիկների մասին։ Հիմիկուանից կարող եմ երաշխաւորել, որ նրանք երեք տարի յետոյ իրենց Երկրում չեն լինելու, այլ իրենց ծննդավայրերում կամ էլ մի այլ տեղ այս մոլորակի վրայ։

Այս մտայնութիւնը վերջ կունենայ՞։

Tuesday, January 15, 2008

ՎԵՐՋ ԿՈՒՆԵՆԱՅ՞ (2)

Մտանք “Շտաբօգնութեան” բաժին։ Ոչ ոք չկար։ Մէկ-երկու րոպէից երկու աղջիկ եկան՝ քնից նոր արթնացած։ Նայեցին ու ասացին, որ պիտի նկարել (ռենգեն), ու իրենք կարող են ռենգեն անողին կանչել, բայց համապատասխան մասնագէտ բժիշկ չունեն։ Հետեւաբար պիտի սպասել մինչեւ վաղը։

Մինչեւ վաղը՞։

Ասացի հնարաւոր չէ, անհրաժեշտ է շտաբ օգնութիւն ցոյց տալ։

Ասացին՝ գիտենք։

Ո՞ր հիւանդանոցը տանեմ։

Աւելի լաւ է գնաք Պռօշեանի 3-րդ հիւանդանոցը։

Այլ ելք չունէինք։ Գնացինք։

Արեան հոսքը չէր դադարում։

3-րդ հիւանդանոցում բարեբախտաբար թէ ռենգեն անող կար, թէ մասնագէտ բժիշկ։

Անհրաժեշտ օգնութիւնը ցոյց տրուեց։ Յետոյ գրանցեցին վնասուած ստացածի տան հասցէն ու հեռախօսահամարը։

Տուն եկանք։


Ի՞նչ էր պատահել։

Մի քանի Սփիւռքահայ ուսանող-ուսանողուհիներ որոշել են այդ գիշեր դիսկոտեկա գնալ եւ որտեղից որտեղ ընտրել են “Կինօ Մոսկուային” կից “Քամի” դիսկոտեկան։ Նրանց ասութեամբ մթնոլորտը լաւ էր, արտառոց բան չկար։ Պարելու ընթացքում մէկ էլ վերեւից ներքեւ սեւ հագած մի տղայ գարեջրի շիշը ձեռին հրում է բարեկամիս։ Բարեկամս էլ յետ դառնալով հրում է այդ տղային։ Պատասխանը լինում է գարեջրի շշով ուժեղ հարուած բարեկամիս քթին։ Ու դրան յաջորդում է մի խումբ սեւ հագածների բռունցքն ու քացին՝ այս ուսանողների երեսին ու մէջքին ու մի խօսքով մարմնին։

Դիսկոտեկայի ապահովականը միջամտում է եւ կռուողներին տեղափոխում դիսկոտեկայից դուրս՝ Շառլ Ազնաւուրի հրապարակ։ Այս հանգրուանում ապահովականը վերջացած համարելով իր պարտականութիւնը՝ վերադառնում է դիսկոտեկա։

Դրսում շարունակւում է կռիւը՝ մինչեւ ի վերջոյ մի կերպ ուրիշների միջամտութեամբ ուսանող-ուհիները հեռանում են՝ միւսները մնում տեղում։

Մեքենայով հեռանալիս մի քանի փողոց այն կողմ խախտման համար ճանապարհային ոստիկանութիւնը կանգնեցնում է մեքենան։ Ուսանողները բացատրում են, որ դէպք է պատահել եւ իրենք շտապում են հիւանդանոց հասցնել վնասուածին։ Ճանապարհային ոստիկանութիւնը խախտման համար կաշառք է պահանջում*։ Տղաներն ասում են, որ իրենց մօտ կայ 5000 դրամ եւ եթէ այդ գումարը տան ոստիկաններին իրենք այլեւս գումար չեն ունենալու։ Ոստիկանները պահանջում են գումարը` ասելով, որ “զդաչի”*-ն յետ են տալու։
Եւ հաւատարիմ իրենց խօսքին կաշառակեր ոստիկանները վերադարձնում են 2000 դրամ (Ի հարկէ պարզ է, որ ոչ միայն 2000 դրամով, այլ նոյնիսկ 5000 դրամով էլ այս օրերին ոչ ոք չի համարձակուի ոտք դնել Երեւանեան որեւէ հիւանդանոց)։

* Չգիտեմ ինչու մտքումս եկաւ զարգացած երկրների, օրինակ Ամերիկայի Միացեալ Նահանգների պարագան, որտեղ ընդամէնը 911 հաւաքելով միաժամանակ դէպքի վայր են ուղարկւում ե’ւ շտաբօգնութեան ծառայութիւնը, ե’ւ հրշէջ ծառայութիւնը, ե’ւ ոստիկանութիւնը։ Ինչքան բազմադարեան մշակոյթ ունեցող ու Եւրամիութեան դուռը թակող Հայաստանը մօտ է այդ հանգրուանին…

Միայն երեւակայական ժանրում է սա հնարաւոր։ Ոստիկանութիւնը փոխարէն օգնութիւն ցոյց տայ՝ կաշառք է պահանջում ու կաշառքի չափի համար սակարկութեան մէջ մտնում վնասուածք ստացած մարդու հետ։

Փոխարէն վնասուածին անկախ այն բանից, որ մեղաւոր է թէ անմեղ, նստացնեն իրենց մեքենան ու տանեն հիւանդանոց ու միաժամանակ տեղեկացնեն ոստիկանութեան համապատասխան ծառայութեանը, որ գնան դէպքի վայր ու տեսնեն ինչ է եղելութիւնն ու ձերբակալեն միւս կողմին ու կողմերին տանեն դատարան ու …կաշառք է պահանջում ու կաշառքի չափի համար սակարկում։

“Ողբամ զքեզ հայոց աշխարհ”։

** Զդաչի։ Վերադարձուող մանր դրամ։

Monday, January 14, 2008

ՎԵՐՋ ԿՈՒՆԵՆԱՅ՞ (1)

Անցեալ Շաբաթ գիշեր՝ լոյս Կիրակի Երեւանի “Կինօ Մոսկուային” կից “Քամի” դիսկոտեկայում, կռիւ է բռնկուել Հայաստանցիներ-Սփիւռքահայերի միջեւ, որի արդիւնքում մարմնական վնասուածքներ է ստացել բարեկամս*, ընդորում երկու տեղից ջարդուել է քիթը։

Առաւօտեան ժամը 4։30-ին բջջայինս զանգեց։ Այդ ժամին անուշ-անուշ քնի մէջ էի։ Ո՞վ պիտի լինի եւ ի՞նչ գործ պիտի ունենայ այս ժամին։ Պարզ է՝ լաւ բան չես ակնկալում։

Բջջայինս վերցրի։ Գծի միւս կողմում բարեկամիս ընկերն էր, որը շփոթուած վիճակում ինձ տեղեկացնում էր, որ բարեկամս ծեծի է ենթարկուել եւ լաւ վիճակում չէ ու նա չգիտի ինչ անել։ Հետաքրքրուեցի բարեկամիս վիճակի մասին եւ ասացի՝ մեր տուն գան, քանի որ չգիտէի վնասուածքների չափը եւ մտածեցի՝ հաւանաբար լինի տանը օգնութիւն ցոյց տալ։ Նրանց հասնելուն պէս իջայ բակ ու տեսայ, որ բարեկամիս քիթը ջարդուել է եւ մարմնի տարբեր մասերը վնասուածք ունեն։

Անմիջապէս նրան տարայ Զէյթունի 8-րդ հիւանդանոց։ Հիւանդանոցի բակը խաւարը մէջ էր։ Այնտեղ մի քանի շէնք կայ։ Ու՞ր գնալ։ Այդ ժամին մէկն էլ չկայ, որ հարցնեմ։ Փնտռտուքից յետոյ գտայ “Շտապօգնութեան” բաժինը։ Մութ էր։ Ճրագները յանգցրած։ Մօտեցայ դռան՝ փակ էր։ Դուռը թակեցի։ Քիչ յետոյ մօտեցաւ մի կին՝ քնից նոր արթնացած։ Բացատրեցի իրավիճակը։ Ասաց, որ նրանք նման ծառայութիւն չունեն եւ աւելի լաւ է հետաքրքրուել կողքի շէնքից, թերեւս նրանք ունենան։

Ո՞ր շէնքից։ Ամէն ինչ խաւարի մէջ է եւ այն էլ թերեւս ունենան։

Մտածեցի աւելի լաւ է գնամ Պռօշեանի վրայ գտնուող “Նայիրի” հիւանդանոցը, որը ներկայիս Երեւանի ամենաարդիական, ամենամաքուր ու ամենաթանգ հիւնադանոցներից մէկն է։ Բաւականին ճանապարհ էր։

Արեան հոսքը չէր դադարում։

Հասանք։

* Բարեկամս կնոջս եղբայրն է՝ աներորդիս։

Friday, January 11, 2008

ՄԻԱՄԵԱԿ


Այսօր լրանում է կայք էջիս միամեակը, այլ խօսքով տարեդարձը։

Երբ յղացայ անձնական կայք էջ ունենալու գաղափարը եւ սկսեցի գրել, անկեղծ ասած, այնքան էլ վստահ չէի, որ այն յարատեւութիւն կունենայ, որովհետեւ լաւապէս գիտակցում էի, որ այն կանոնաւոր աշխատանք է պահանջում, իսկ վերջինիս համար պէտք է որոշակի նախապայմանների գոյութիւն, ինչպէս ազատ ժամանակ, հանգիստ միտք եւ այլն։

Այսօր փաստօրէն կարող եմ արձանագրել, որ այն մէկ տարեկան է։

2007 թուականի ընթացքում 145 անգամ թարմացրել եմ կայք էջս, որ նշանակում է 2.5 օրը մէկ անգամ։ Կարծում եմ վատ ցուցանիշ չէ։

Նկատի պիտի ունենալ, որ հեշտ չէ անընդհատ գրելը, քանզի մի օր շատ զբաղուած ես, մի ուրիշ օր տրամադրութիւն չունես, երրորդ օրը հիւր ունես, չորրորդ օրը հրաւիրուած ես, հինգերորդ օրը գծերը լաւ չեն, ուստի համացանցին չես կարողանում միանալ, վեցերորդ օրը մտքերդ մեքենագրելուց յետոյ միանում ես համացանցին, որ տպագրես ու մէկ էլ էլեկտրահոսանքը անջատուեց, եօթերորդ օրը բան չունես գրելու, ութերորդ օրը …եւ հէնց այսպէս կարելի է շարունակել։ Հետեւաբար հեշտ չէ անընդհատ գրելը։ Մանաւանդ, որ սա լիաժամ աշխատանք չէ։

Այցելուները տարբեր երկրներից են, ինչպէս Հայաստանից, Իրանից, Կանադայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Անգլիայից եւ այլուր։

Փորձել եմ գրել յուշերս, տպաւորութիւններս ու մտքերս։ Այդ պատճառով էլ նիւթերը բազմաբնոյթ են։ Գրում եմ իմ առօրեայից։ Դիտմամբ չեմ ցանկացել կենտրոնանալ միայն քաղաքական հարցերի վրայ։

Շնորհակալութիւն բոլոր նրանց, ովքեր այցելում են կայք էջս եւ յատկապէս բոլոր նրանց, ովքեր իրենց տեսակէտներով օգնում են ինձ իմանալ այս կամ այն գրութեան լաւ ու վատ կողմերը։

Յոյսով եմ կը կարողանամ շարունակել աշխատանքը։

Պինդ մնացէք։

Tuesday, January 8, 2008

ԻՆՁՆԻՑ ՅԵՏՈՅ...

Կանադայում ուսանող մի աղջիկ գրում է, որ իր ընկերներից մէկը անգլերէնի ուսուցչուհի է ու դասաւանդում է Կանադա նոր գաղթածներին։

Վերջինս իր աշակերտներին շարադարութեան նիւթ է տուել “Եթէ դուք ընտրուէիք Կանադայի վարչապետ, ի՞նչ կանէիք”։ Եւ հետաքրքիր է, որ աշակերտների մեծ մասը (յիշեցնում եմ աշակերտներ այս պարագային նշանակում է Կանադա նոր գաղթածներ) գրել են, որ կը խստացնէինք Կանադայի ներգաղթի օրէնքները, որպէսզի տարեկան այսքան մարդ չներգաղթի Կանադա եւ չընկնի կանադացիների կենսամակարդակը։

Պատկերացնում էք նոր գաղթածը, որը տակաւին լեզուի իմացութեան հարց ունի, դեռ չհասած, ցանկանում է ներգաղթի օրէնքները խստացուեն, որպէսզի երկրի բնակչութեան թիւը չշատանայ ու կեանքի մակարդակը չընկնի։ Այսինքն ես անցայ, թող ես ապրեմ լաւ երկրում, մնացածի համար` ջրհեղեղ։

Չէի գրելու այս գրութիւնը, եթէ վերջերս երկու անգամ նմանատիպ խօսակցութեան մասնակից չլինէի։ Մի դէպքում խօսում էի ԱՄՆ գաղթած լիբանանհայ, մի այլ դէպքում իրանահայ ընկերներիցս մէկի հետ։ Երկուսն էլ ափսոսանքով էին խօսում Միջին Արեւելքի հայահոծ համայնքներում առկայ գաղթի մասին եւ մտածում էին պիտի ելքեր խորհել գաղթը դէպի Արեւմուտք կասեցնելու մասին։

Ակամայ յիշեցի այն նոր գաղթածների պարագան։

Անշուշտ հասկանալի է, որ մտահոգութիւնները նոյնը չեն։ Եթէ մի պարագային խօսքը կենսամակարդակի մասին է, միւսի պարագային խօսքը հայահոծ համայնքները պահելու, չձուլուելու եւ ընդհանուր առմամբ ազգային ցաւերի մասին է, սակայն իմ կարծիքով տրամաբանութիւնը նոյնն է։

Լաւ մնացէք։

Յ.Գ. Նոյն աղջիկը մի այլ անգամ գրում է, որ իրենց քաղաքում գնացել է պարսկական ճաշարան չելօքաբաբ* ուտելու։ Մեծ թուով հաճախորդներ են եղել ու հերթ։ Կանգնել է հերթի։ Երբ հերթը հասել է իրենից առաջ կանգնած Կանադացի մի տղայի, ճաշարանատէրը ասել է, որ չելօքաբաբը վերջացել է։ Աղջիկն էլ դա լսելով դուրս է եկել շարքից։ Ճաշարանատէրը հարցրել է աղջկան “Ի՞նչ ես ուզում”, աղջիկն էլ պատասխաել է “Չելօքաբաբ էի ուզում, բայց չունէք, գնում եմ”։ Եւ իրօք հիանալի է ճաշարանատիրոջ պատասխանը` “Արտասահմանցիների համար չունենք, այսօր միսը քիչ է, դուք մեր հաճախորդն էք, ձեզ համար ունենք”։

Եւ աղջիկը եզրակացնում է` պարզ չէ, թէ այս երկրում ով է արտասհամնցին, պարսիկ ճաշարանատէրը, թէ կանադացի երիտասարդը։

* Պարսկական մի ճաշատեսակ` բրնձով փլաւ, որի վրայ դնում են կարագ ու աղացած մսով խորոված (քաբաբ) ու սոխ ու խորոված լոլիկ։

Monday, January 7, 2008

ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔ

Իմ ամենասիրած բարեմաղթանքներից մէկը Հարաւ-Ամերիկեան մշակոյթում տարածուած մի մաղթանք է`”առողջութիւն, փող եւ սէր”։ Սա ինձ շատ է դուր գալիս, որովհետեւ նրանում առկայ է խոր ու հետաքրքիր տրամաբանութիւն։

Ուշադրութիւն դարձրէք հերթականութեանը։

Փողն առանց առողջութեան ինչի՞ պէտք է։ Նաեւ անառաողջ մարդը ինչպէ՞ս պիտի վայելի սիրոյ բերկրանքը լիարժէքօրէն։ Իսկ քանի քանի սէրեր (ընտանիքներ) գիտէ՞ք, որոնք փողի չգոյութեան պատճառով տապալուել են։

2008-ի սկզբնաւորութեան բոլորին մաղթում եմ “առողջութիւն, փող եւ սէր”։