Monday, June 30, 2008

ԻՍՊԱՆԻԱՆ՝ ԱՌԱՋԻՆ

Երեկ գիշեր աւարտուեց Եւրոպայի ֆուտբոլի առաջնութեան խաղերը եւ Իսպանիան եզրափակիչ խաղում 1-0 հաշուով պարտութեան մատնեց Գերմանիային նուաճելով առաջնութեան գաւաթը։

Յիշեցնեմ, որ Եւրոպայի առաջնութիւնը Իսպանիան նուաճել էր ընդամէնը մէկ անգամ, այն էլ 1964 թուականին։

Արդէն գրել էի, որ ես Իսպանիայի հաւաքականի երկրպագուներից եմ եւ ցանկանում եմ նրանք դառնան առաջին ու ահա … դարձան։

Իսպանացիները մրցաշարի ամբողջ ընթացքում ցուցադրեցին բարձրակարգ, գեղեցիկ, կազմակերպուած ֆուտբոլ, հրաշալի դարպասապահ (Կասիլաս), ամուր պաշտպանական գիծ (իմ սիրած պաշտպաններ Սեռխիօ Ռամոս, Փոյոլ), փայլուն կիսապաշտպաններ (Ինիյեստա, Խաւի) եւ ի վերջոյ լաւ հարձակուողներ (Վիլիյա, Տոռես)։ Արդիւնքը մէկը միւսի յետեւից արձանագրած հաղթանակ։

Երեկուայ խաղում Գերմանիան շփոթուած էր, յատկապէս գոլն ստանալուց յետոյ եւ ի վերջոյ ծնկի եկաւ Իսպանիայի աւելի կազմակերպուած ու արագաշարժ խաղի դիմաց։

Շնորհաւորում եմ Իսպանիայի ֆուտբոլի ազգային հաւաքականին (չեմ կարծում, որ նրանք այցելում են այս կայք էջը) ու Իսպանական ֆուտբոլի երկրպագուներին։

Լաւ մնացէք։

Յ.Գ. (1) Եթէ խաղադրոյք կատարած լինէի…

Յ.Գ. (2) Եթէ միւս ցանկութիւններս էլ այս մէկի նման իրականանային…

Tuesday, June 17, 2008

ԱՆԿԱԽ ՕՊԵՐԱ...

Երեկ երեկոյեան քայլում էի Հիւսիսային պողոտայով, երբ հասայ Հիւսիսային պողոտայ-Թումանեան պողոտայ հատման հատուածին։ Տեսայ մի խումբ մարդիկ, մեծ մասամբ կանայք հացադուլ են յայտարարել։ Մի խումբ մարդիկ էլ լոզունգ են տալիս “Լեւոն նախագահ”, ”Սերժիկ հեռացիր”, ”Ազատ, անկախ Հայաստան”։

Մի պահ կանգ առայ, դիտեցի ու շարունակեցի քայլել, երբ բազմութիւնը, որն ի դէպ մի քանի տասնեակից աւելի չէր, սկսեց մի լոզունգ տալ, որը եւ պատճառ հանդիսացաւ սոյն գրութեան։

Ասեմ, որ նախ լոզունգն ինձ ակամայ յիշեցրեց “Մտերմիկ հասարակագիտութիւն” գրքի հետեւեալ հատուածը՝ “Եղբայր, իշխանութեանն ու համակարգին դէ՞մ ես, խնդիր չի, սիրել կամ չսիրելը քո իրաւունքն է, բայց ինչու՞ ես մի բան անում, որ քո խելքին կասկածեն” (էջ 96)։

Բազմութիւնն ուզում էր Հիւսիսային պողոտայից գնալ Ազատութեան հրապարակ եւ հաւաքն այնտեղ անցկացնել, ոստիկանութիւնն էլ չէր թողնում։ Բազմութիւնը գոռում էր “Ազատ, անկախ Հայաստան”, յետոյ մէկ էլ մէկը բազմութեան միջից ասաց՝ “Ազատ, անկախ Օպերա”, խօսքը բնականաբար Ազատութեան (Օպարայի) հրապարակի մասին է։ Եւ բազմութիւնն էլ սկսեց հետեւել մտքի այդ գիգանտին ու լոզունգ տալ “Ազատ, անկախ Օպերա”։

Շշմեցի։ Անկա՞խ Օպերա։ Ի՞նչ է նշանակում։ Կրկնե՞մ՝ “Եղբայր, իշխանութեանն ու համակարգին դէ՞մ ես, խնդիր չի, սիրել կամ չսիրելը քո իրաւունքն է, բայց ինչու՞ ես մի բան անում, որ քո խելքին կասկածեն” (էջ 96)։
Օպերան անկախանայ ինչի՞ց, ումի՞ց։ Իշխանութիւնի՞ց, ընդդիմութիւնի՞ց, Ռուսաստանի՞ց, ԱՄՆ-ի՞ց, …անկախանայ յետոյ ի՞նչ անի։

Նպատակն անշուշտ պարզ է։ Մարդիկ ուզում են անարգել գնալ ու Ազատութեան հրապարակում հանրահաւաք անցակացնել, բայց նոյնքան պարզ է, որ տուած լոզունգը էութեամբ սխալ է ու անհեթեթ։

Լաւ մնացէք։

Յ.Գ. Ի դէպ աւելացնեմ, որ մտքի ու խօսքի նման գիգանտներ իշխանաւորների մէջ էլ քիչ չեն։

Sunday, June 15, 2008

ԲԺՇԿՈՒԹԻՒՆ ԹԷ՞...

“Քոսը յաճախ լինում է յատկապէս աղքատ բնակչութեան մէջ, որոնք զրկուած են հիգենիկ տարրական յարմարութիւններից եւ ընդարձակ բնակարաններ ունենալուց։ Նախառեւոլիւցիոն Ռուսաստանում Քոսը տարածուած էր գիւղական բնակչութեան, ինչպէս եւ բանւորութեան մէջ, որոնք ապրում էին անբարեկարգ բնակարաններում եւ բարաքներում։

Քոսը աղքատութեան հիւանդութիւն է։

Այժմ Քոս հիւանդութիւնը տարածուած է յատկապէս կապիտալիստական երկրներում բնակչութեան շահագործուող խաւերում, կիսագաղութային եւ գաղութային ճնշուած ժողովուրդների մէջ։ ՍՍՌՄ բնակչութեան կուլտուրական եւ նիւթական մակարդակի բարձրացման շնորհիւ Քոսը, որպէս մասսայական հիւանդութիւն, վերացել է, եւ այժմ նկատւում են միայն եզակի դէպքեր”։ (Էջ 161)

Վերոշարադրուածը մի հատուած է “Մաշկային եւ վեներական հիւնադութիւններ” գրքից, որն ինձ տրամադրեց մի ուսանող։
Այն ցայտուն նմուշ է այն բանի, թէ ինչպէս Խորհրդային Միութիւնում ամէն ինչի դիտում էին գաղափարական տեսանկիւնից։
Ենթադրում եմ, որ տարեվերջին ուսանողների քննութեան հարցաթերթիկներում եղել են հետեւեալ հարցերը.-

1.- Այժմ Քոս հիւանդութիւնը որտե՞ղ է տարածուած
Պատասխան՝ կապիտալիստական երկրներում ու ճնշուած ժողովուրդների մէջ։
2.- Ինչու՞։
Պատասխան՝ որովհետեւ նրանց կուլտուրական եւ նիւթական մակարդակը ցածր է։

Ու այս հարցերին փայլուն պատասխաններ տալով էլ ուսանողը ստացել է կարմիր դիպլոմով բժկական վկայական։

Լաւ մնացէք։

Յ.Գ. (1) Քոսը լատիներէնով կոչւում է Scabies։

Յ.Գ. (2) Նշեմ, որ ըստ ուսանողների ասութեան, թէեւ գիրքը հին է, սակայն պարունակում է օգտակար տեղեկութիւններ։ Իմ դիտողութիւնը վերաբերում է խնդրի գաղափարաքաղական կողմին։

Յ.Գ. (3)
“Մաշկային եւ վեներական հիւնադութիւններ”
Հեղինակ։ Մ.Մ. Ժելտակով։
Հայպետուսումնակհրատ։
Տպագրութիւն՝ 1964 թ.։
Ծաւալ՝ 406 էջ։
Թարգմանուած է 1957 թուականին ռուսերէն հրատարակութիւնից։

Saturday, June 14, 2008

"ԵՒՐՕ2008"

Չգիտեմ ինչու՞ ես այս կայք էջում ցարդ ֆուտբոլի մասին չեմ գրել։

Յամենայնդէպս “Եւրօ2008”-ի առիթով այդ մասին գրում եմ առաջին անգամ։

1.- Հէնց սկզբում ասեմ, որ “Եւրօ2008”-ին ցանկանում եմ հաղթի Իսպանիան, իսկ եթէ ոչ՝ ապա Պորտուգալիան։ Ինչու՞։ Որովհետեւ Իսպանական ու Պորտուգալական ֆուտբոլը մօտ է Բրազիլական ֆուտբոլին, որը նշանակում է լի է ստեղծագործութեամբ, անհատական հմուտ խաղերով, մի խօսքով տաքութեամբ։ Սակայն նկատի պիտի ունենալ, որ "Եւրօ2008"-ում հանդէս եկած հաւաքականներից, իմ կարծիքով, մինչեւ այսօր ամենայաջողն ու կազմակերպուածն ու վտանգաւորը Հոլանդիայի հաւաքականն է։

2.- Փոքր տարիքից՝ ցարդ, ամենասիրածս հաւաքականը եղել է (կայ ու կը մնայ) Բրազիլիան (Brasil)։

Մի շատ պարզ պատճառով՝ Բրազիլիայի ֆուտբոլը՝ ֆուտբոլ չէ, այլ ինչպէս Հայաստանի մարզամեկնաբաններից մէկն էր ասում, պոէզիա (Poem)։ Դա զուտ մարզանք չէ, կամ զուտ խաղ, այլ ստեղծագործութիւն, նորարարութիւն, անակնկալ երեւոյթներ, իսկ Բրազիլիան՝ ֆուտբոլի գերաստղերի արտադրութիւն։

Բրազիլիասիրութեանս համար թերեւս այլ պատճառ եւս գոյութիւն ունենայ։ Այնտեղ, որտեղ ես եմ ծնուել, այսինքն Իրանի Հարաւ-Արեւմտեան Խուզիստան նահանգում, մարդիկ Բրազիլիայի մոլեռանդ երկրպագուներ էին, այն աստիճանի, որ օրինակ, իմ ծննդավայր Աբադան քաղաքի ֆուտբոլային ակումբը՝ “Սանաթէ Նաֆթ է Աբադան (Աբադանի քարիւղի ճարտարարուեստ”, կոչւում էր Իրանի Բրազիլիան եւ խմբի մարզահագուստը նոյն գոյնի ու ձեւի էր, ինչ Բրազիլիայի հաւաքականի։ Հետեւաբար վստահաբար ես էլ կրել եմ դրա ազդեցութիւնը։ Սակայն անկախ դրանից, այն, որ Բրազիլիան ֆուտբոլում գագաթ է՝ անվիճելի է։

Ճիշտ պատկերացում կազմելու համար ասեմ, որ Բրազիլական ֆուտբոլին կարելի է հակադարձել օրինակ Գերմանական կամ Անգլիական ֆուտբոլը, որտեղ ամէն ինչ մինչեւ վերջին քայլը հաշուարկուած է։ Վերջին երկու հաւաքականների խաղերը նայելիս, այն տպաւորութիւնն եմ ստանում, որ դիտում եմ օրինակ Մերսեդես Բենցի շարժիչի աշխատանքը, այնքան, որ ամէն ինչ մեխանիկական է, հաշուարկուած ու կազմակերպուած։ Ո՞վ է կարող ասել, որ գնդակն ստանալուց յետոյ, ո՞րն է լինելու Ռոնալդինիոյի կամ Ռուբինիոյի յաջորդ քայլը։

3.- Ակումբային խմբերից ամենից շատ սիրում եմ Իսպանիայի Արքայական խումբ՝ Մադռիդի Ռէալին եւ Բարսելոնային։ Սիրում եմ դիտել Իսպանական եւ Իտալական ակումբային խաղերը։

Լաւ մնացէք։

Friday, June 13, 2008

"ՄՏԵՐՄԻԿ ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹԻՒՆ" (5)

“Մեր պետական այրերն էլ երբ խօսք է գնում երկրորդ, երրորդ, … ծրագրերի մասին, յամենայնդէպս այդ խօսքերը գրքերում կարդացել են, մեծ ու փոքր խորհրդաժողովներում էլ, որ մասնակցել են, լսել են, թէ նրանց դուր է գալիս, եւ թէ հաւատում են, որ պիտի այդպէս լինի։ Հետեւաբար գնում են դրա հետեւից, մի շարք թուեր ու թուականներ ու նպատակներ են գրում գեղեցիկ աղիւսակներում, սխեմայ են գծում, ու դրանք բերում են… բայց անգամներ ինքներդ էք վկայ եղել, որ որովհետեւ յարմար ենթահող չենք ունեցել այդ ծրագրաւորման համար, որովհետեւ բաւարար ուսումնասիրութիւն չենք կատարել ծրագրի մշակման ժամանակ, եւ ամենակարեւորը, որովհետեւ գործադիրների մեծ մասը էութեամբ ու սկզբունքով հաւատք չեն ունեցել ծրագրաւորման նկատմամբ, արդիւնքը լինում է այն, ինչ այսօր մեր դէմն է։

Էջ 65

Յ.Գ. Մեր պարագային, օրինակ, քանի քանի աղքատութեան հաղթահարման ռազմավարական ու մարտավարական ծրագրեր են մշակուել, քանի քանի կաշառակերութեան դէմ պայքարի (հակակոռուպցիոն) ծրագրեր են մշակուել… ու մշակւում են ու հաւանաբար դեռ կը մշակուեն ու…

Լաւ մնացէք։

Tuesday, June 10, 2008

"ՄՏԵՐՄԻԿ ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹԻՒՆ" (4)

“…կրկնում եմ ընդամէնը մէկ օրինակ գիտէք պատասխանատուներից, մեծերից, եւ աւելի ցած մակարդակներում գործադիրներից, ուսուցչից, ճարտարապետից, հացթուխից, որ անկեղծութեամբ ասի՝ ես այս գործը փչացրել եմ իմ անգիտութեան, մասնագէտ չլինելու, խելք չունենալու պատճառով եւ պատասխանատւութիւնն էլ ընդունում եմ։ Հնարաւոր չէ։ Եւ սա ողբերգութիւն է։ Աւելին, չխոստովանելուն զուգընթաց, այս փչացնելը բացատրելու համար պարտաւորւում է այլ թուեր ու վկաներ ու վիճակագրական տուեալներ բերել, որ եթէ նոյնիսկ ճշմարիտ էլ լինել, մեր գործին պէտք չեն”։

Էջ 134

Յ.Գ. Մենք ի՞նչ, մենք մեր ազգի մեծերից, պատասխանատուներից, ....մէկ օրինակ գիտե՞նք, որ ասի...

Լաւ մնացէք։

Sunday, June 8, 2008

ՔԱՅԼԵԼՆ ՈՒ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ

1.- Ես ընդհանրապէս շատ եմ քայլում։ Դա ինձ համար նոր սովորութիւն չէ, փոքր տարիքից այդպէս եմ սովոր ու մինչեւ հիմա էլ պահում այդ սովորութիւնը։ Սակայն վերջին մօտ մէկ տարուայ ընթացքում, երբ դարձել եմ արհեստավարժ չաշխատող՝ փորձում եմ կանոնաւոր կերպով ժամանակ յատկացնել քայլելուն։

Անցեալ Ուրբաթ օրը, օրինակ, քայլել եմ երկու ժամ քսան րոպէ։

Սկսել եմ Կոմիտաս-Փափազեան խաչմերուկից մէկ կանգառ վերեւից, Կոմիտասով իջել Մերգելեան ինստիտուտ, այնտեղից Բարեկամութիւն մետրօ, ապա Կիեւեան փողոցով մինչեւ Կիեւեան կամուրջ, անցել եմ Կամուրջով ու պտտել աջ, մտել Աջափնեակ թաղամաս, քայլել զբօսայգում, հասնելով Հրազդանի ձոր ու բարձրանալով վերեւ հասել մանկական խաղահրապարակ, էլի առաջ գնացել եւ հասնելով զբօսայգու վերջաւորութեանը վերադարձել նոյն ճանապարհով մինչեւ Կիեւեան կամուրջ, ապա Կիեւեան պողոտայ ու հասել Կիեւեան-Օրբելի եռուղուն, մտել Օրբելի փողոց, հասել Բաղրամեան պողոտայ, իջել Բաղրամեանով, հասել Դեմիրճեան փողոց (Ազգային Ժողովին կից) եւ Դեմիրճեանով քայլել մինչեւ Սարեան փողոց, Սարեանից Արամի փողոց ու քայլելն աւարտել Մաշտոցի պողոտայ Արամի փողոց հատման հատուածում։

Ենթադրում եմ, որ 20-25 կիլոմետր քայլած կը լիենմ, եթէ ոչ աւելի…

Երեւանին ծանօթները կը հաստատեն, որ սա չափազանց շատ տարածութիւն է։

Ինչու՞ այս մասին գրեցի։ Շարժելու համար նստակեաց կեանք վարողների նախանձը։ Մարդկանց եմ ճանաչում, որոնք հնարաւորութիւն ունենալու պարագային իրենց տան հիւրասենեակից մինչեւ քնելասենեակ կը գնան մեքենայով։

Իսկ ով կասի, որ սա պարապ մարդու գործ է, կը պատասխանեմ, որ խոստովանէք, որ նոյնիսկ ամենապարապ մարդը, դժուար պատրաստ լինի քայլել երկու ժամ քսան րոպէ։ Աւելացնեմ, որ այդ ընթացքում երբէք չեմ նստել կամ հանգստացել, պարզապէս մի քսան րոպէ կանգնել եմ, ակամայ մասնակից լինելով մի ահաւոր դէպքի։

Մէկ անգամ գրել եմ, հիմա կրկնում եմ, չգիտեմ Երեւանում միայն ես եմ մասնակից լինում կամ միայն ինձ են պատահում հետաքրքիր ու յիշարժան դէպքեր, թէ բոլորին, բայց այն, որ ինձ անընդհատ այդպիսի դէպքեր են պատահում կամ ես անընդհատ մասնակից եմ լինում այդպիսի բաների, ակնհայտ է։

Ահաւասիկ այդպիսի դէպքերից մէկի մասին։

2.- Աջափնեակից վերադառնալով քայլում էի Կիեւեան կամուրջի աջ մասով, երբ նկատեցի, որ ձախ մասում մի տղայ անցել է կամրջի ցանկապատը ու ուզում է իրեն վայր նետել, այլ խօսքով ինքնասպանութիւն գործել։ Շեշտում եմ՝ տղան անցել էր ցանկապատը։

Երկու տղամարդ էլ ցանկապատի այս կողմում (բնականաբար այս կողմում) տղայից մի կէս մետր տարածութեան վրայ, խօսում էին տղայի հետ, պարզ է համոզելով, որ հրաժարուի մտադրութիւնից։

Ի միջի այլոց տեղեկացնեմ, որ Կիեւեան կամուրջը Երեւանում յայտնի է որպէս ինքնասպանութիւն գործելու համար յարմար վայր։ Բարձրութիւնից վայր նետուելով ինքնասպանութիւն կատարել նախընտրողների մեծ մասը, գերադասութիւնը տալիս են Կիեւեան կամուրջին։ Թէ ինչու՞, չգիտեմ։ Ասենք օրինակ, Դաւիթաշէնի կամուրջն էլ այդ գործի համար անյարմար վայր չէ, բայց կարծես սա էլ Կիեւեան կամուրջն է սեփականաշնորհել ու նրա մենաշնորհն է։

Ի՞նչ անել, ի՞նչ չանել, մտածում եմ ու առաջին բանը, որ խելքիս հասաւ ոստիկանութիւն զանգահարելն է։ Բջջայինով զանգեցի 102։ Զանգ գնաց՝ վերցնող չկար։ Անջատեցի, կրկին զանգեցի՝ զանգ գնաց՝ վերցնող չկար։ Այս անգամ ինքն անջատուեց։ Փորձեցի երրորդ անգամ՝ վերցրին։ Բացատրեցի իրավիճակը, պատասխանեցին, որ “Կուրսի* ենք ու արդէն մարդ ենք ուղարկել”։

Անցայ Կամուրջի մէկ կողմից միւսը։ Արդէն մի եօթ-ութ հոգի հաւաքուել էին ու խօսում էին տղայի հետ ու ի վերջոյ տղային համոզելով, կատարեցին խիստ վտանգաւոր գործ (թերեւս այլ ելք էլ չկար)՝ բռնեցին նրա ձեռքերից ու մարմնից ու ցանկապատի միւս կողմից տղային յետ քաշեցին այս կողմ՝ նրան վերադարձնելով Երրորդ Աշխարհ։

Տղան յուշաթափ ընկաւ մայթին։

Հաւաքուածների մէջ նկատեցի “Ժառանգութիւն” կուսակցութեան անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արմէն Մարտիրոսեանին։

Կիեւեան կամրջում խցանում էր առաջացել։ Մեքենաները պահում, նայում էին ու շարժւում շատ դանդաղ։ Որոշ վարորդներ էլ մեքենաները պահում, իջնում էին, բաւականին մարդ էր հաւաքուել։ Ոստիկանութիւն դեռ չկար։ Մէկը մեքենայից ջուր բերեց ու լցրեց տղայի երեսին, ուշքի եկաւ։ Անունը Վարդան էր, քսան տարեկան։

Մի տարիքով մարդ անընդհատ ասում էր, “Տղայ ջան, Վարդան ջան, դու պրոբլեմ** չունես, տես ինչքան տղամարդ ա հաւաքուել շուրջդ, մենք մէջքիդ ենք, չմտածես”։ Մի յիսուն անգամ այս նախադասութիւնը կրկնեց։ Որոշներն էլ հաստատում էին։ Ես էլ մտածում էի այդքան տղամարդը հինգ րոպէ յետոյ կը գնայ իր գործին, տղային թողնելով իր հարցերով, ուրեմն ինչու՞ է իզուր խոստում տալիս։ Ոչ ոք չգիտի ի՞նչն է տղային մղել այդպիսի քայլի, որպէսզի հնարաւոր լինի օգնութիւն ցոյց տալ։ Յամենայնդէպս կարծում եմ այդ պահին ասելը, չասելուց աւելի լաւ էր։։

Նկատեցի, որ յայտնուել եմ այդ մարդու կողքին, որը պարզուեց շատախօս է։ Մարդը բարձր ձայնով ասաց, “Ուզում էր իրեն քցել, դուխը*** չէր հերիքում”։ Մտածեցի, այս մարդու ձայնը չհասնի տղայի ականջին, այդ մարդու ինադու****, տղան տեղից բաձրանայ ու իրեն ցած քցի, ապացուցելու համար, որ ինքը դուխ ունի, դուխով տղայա։

Ոստիկանութիւնը, ինչպէս տեսաերիզներում, հասաւ վերջում։ Ուզում էին տղային նստեցնել իրենց մեքենայի մէջ։ Տղան չէր գնում։ Հաւանաբար վախենում էր։ Վերջը խօսեցին, համոզեցին, նստեցրին, տարան։ Ներկաներից ոչ մէը չիմացաւ ի՞նչն էր տղայի դրդապատճառը, մերժուա՞ծ սէրը, անգործութիւնը՞, նիւթակա՞ն դժուարութիւնները, մօր կորուստը՞, անբուժելի հիւանդութիւնը՞, թէ այլ բան, չպարզուեց։

Վայրկեաններ յետոյ տեղում ոչ ոք չէր մնացել։

Մարդկանց ջանքերով բարեբախտաբար հնարաւոր եղաւ մի հայ երիտասարդի փրկել ստոյգ մահից։ Տայ Աստուած, որ լուծուեն նրա դժուարութիւնները եւ ոստիկանութիւնը կամ համապատասխան մարմինները ցուցաբերեն անհրաժեշտ օգնութիւն։

Քանի որ խօսքը ինքնասպանութեան մասին է, ասեմ, որ հոգեբանական եւ հասարակագիտական ուսումնասիրութիւններն ապացուցել են, որ .-

1.- Ինքնասպանութիւնը, չափազանց յանդուգն գործ է, այնքան յանդուգն, որ մեղմ ասած, ամէն մարդու բան չէ։
2.- Ինքնասպանութիւն կատարել փորձողների մեծամասնութիւնը, գիտակցաբար կամ ենթագիտակցաբար, չի ուզում դա իրականանայ, այլ ընդամէնն ուզում է իր շրջապատը կամ հասարակութիւնը իրեն ուշադրութիւն դարձնեն։ Դրա համար էլ ինքնասպանութիւն գործողներից շատ աւելի մեծ թիւ վերջին պահին փրկւում է, քան մահանում։

Պինդ մնացէք, որովհետեւ կեանքում դժուարութիւնները կը գան ու կերթան, կամ էլ կը գան ու չեն երթայ, բայց, մեր մէջ մնայ, առանց դժուարութեան կեանքն ու՞մ է պէտք։

Ազգի ղեկավարներն էլ թող իջնեն իրենց ջիփերից, քայլեն փողոցներով, օգտուեն հանրային փոխադրամիջոցներից, շփուեն ժողովրդի հետ ու տեսնեն ինչ է կատարւում։

* Կուրսի ենք։ Տեղեակ ենք, ընթացքի մէջ ենք։
** Պրոբլեմ։ Հարց, խնդիր։
*** Դուխը։ Քաջութիւնը, համարձակութիւնը։
**** Ինադու։

Thursday, June 5, 2008

"ՄՏԵՐՄԻԿ ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹԻՒՆ" (3)

“…եւ կրկին ինձ համար այն հարցն առաջացաւ, որ այս վիթխարի տարբերութիւնը Հնդկաստանի ու Պակիստանի իշխանութիւնների միջեւ ինչ պատճառների հետեւանք են։ Չէ որ այս երկու երկիրն էլ Անգլիայի երկու դարեայ գաղութատիրութեան արգասիքն են եւ պատմական նոյն ժամանակահատուածում են անկախացել եւ նրանց տնտեսական պայմանները իրարից մեծ տարբերութիւն չունեն, ինչպէս նաեւ աւանդական ու ցեղային արմատներն էլ ու …ուրեմն ինչու Հնդկաստանը իր սանձարձակ ազատութիւններով ոչ գլուխ է խոնարհում ԱՄՆ-ի ամբոխին խաբող դոլարների առջեւ եւ ոչ յարմար ենթահող դառնում ռուսական համայնավարութեան սերմնացանների համար, մինչդեռ իսլամական անկախ իշխանութեան յաւակնութիւնն ունեցող Պակիստանը ընկել է ԱՄՆ-ի գիրկը։ Ինչու՞ հնդիկ անաստուածները, այդ հաւաքականութիւնը, որը հազար ու մէկ պաշտելի ունի, կովից սկսած մինչեւ LINGA, այս քանի տասնամեակում նոյնիսկ մէկ օր չհանդուրժեցին բռնապետութիւնը, եւ միաստուածութիւն դաւանող Պակիստանը, որ իր դաւանանքի յստակ վճռով մարդկանց պաշտամունքը բացորոշ շեղում է կրօնից, նոյնիսկ մէկ օր օրէնքի իշխանութիւն չհաստատուեց այդ երկրում եւ բոլոր ղեկավարները պետական հարուածի …”։

Էջ 56

Յ.Գ. Մեր պարագային, օրինակ, պիտի հարցնել, ինչու՞ օտարները մեզանում ենթահող են գտնում ներթափանցելու, ինչու՞ հազար տարի անկախ չենք եղել, ինչու՞ մենք ենթարկուեցինք ցեղասպանութեան, ինչու՞ դոփում ենք տեղում եւ հազար ու մի ինչուներ։ Խօսքը նշեալ երեւոյթների հասարակագիտական վերլուծութեան մասին է, հասարակական պատճառների, այն ինչին, որ բերում է այդ հետեւանքներին։


“Տան տիկինը, այն նարնջից, որ գնում է իր երեխաների համար, նախ մեծերը ջոկում է հիւրերի համար, փոքրերը, կամ այլ խօսքով երկրորդ կարգիները տալիս է երեխաներին։ Ինչու՞։ Որպէսզի հիւրն իմանայ, որ մենք միշտ մեծ նարինջներ ենք օգտագործում։ Սրան ասում ենք ձեւականութիւն։ Նախապէս էլ ասացի, որ եթէ հիւրասիրութեան հարց է, ապա այն պիտի ընդգրկի նաեւ տան այն ծեր ծառայ կնոջն էլ, որը շաբաթը մէկ երկու օր տուն է գալիս օգնելու համար, մինչդեռ գիտենք, որ այդպէս չի լինում”։

Էջ 46

Wednesday, June 4, 2008

"ՄՏԵՐՄԻԿ ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹԻՒՆ" (2)

“…հիմա էլի ասէք անգլիացիներն են այս հարիսան մեզ համար եփել։ Տեսէք, ես էլ եմ ընդունում, որ որեւէ անաչառ մարդ, մի քիչ պատմական գիտելիքներով, չի կարող ժխտել անգլիացիների դերը, սակայն դրան զուգընթաց չի կարող ժխտել նաեւ Խաղանի դերը,որն ինքը միայնակ ամբողջ երկրի համար որոշում էր ընդունում, մինչդեռ նրա ամենամեծ արուեստը իր երկար մորուքի յարդարումն էր ու արական ու իգական երեխաներ բազմացնելը, որոնց ճշգրիտ թուի մասին ինքն էլ չգիտէր։ Անգլիացիներն էլ երբ ուզեն ազդեցութիւն բանեցնել, առնուազն մի գիտակից մարդու հետ առեւտրի ժամանակ պարտաւոր են մի բան աւելի տալ ու մի քիչ աւելի քիչ տանել։ Իսկական ազդեցութիւնն ու դերը մերն է”։

Էջ 36
“Օտար ենք պատմութեանը”


“…այսինքն նուաճելու համար միայն հարկաւոր է բազուկի ուժն ու աւերածութիւններն ու հրդեհելը, որովհետեւ այս հանգրուանում մտածելու կարողութիւնը ոչ միայն ազդեցիկ գործօն չէ, այլ որոշ չափով արգելակիչ էլ է”։

Էջ 37
“Օտար ենք պատմութեանը”