Wednesday, October 22, 2014

ՅՈՎԱՆՆ ԷԼ ԳՆԱՑ...



Յովանն էլ գնաց…

Ինչպէս հաւատալ, որ Յովանը չկայ…

Յովանը` իր գաղափարների համար կռիւ տուող, հաւատաւոր, բուռն ու անզիջում մեր դաշնակցական ընկերը…

Շուտ էր, շատ շուտ էր Յովանի համար…

Յովանը դեռ տալիք ունէր իր ընտանիքին, համայնքին, այնքան պաշտելի ազգին…

Գնաց Յովանը…

Աստուած հոգին լուսաւորի…


Thursday, October 16, 2014

Ո՞ՐՆ Է ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆԸ

Հետաքրքիր է իմանալ Բարգաւաճ Հայաստան և Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնների աշխարհահայացքային, գաղափարախօսական և սկզբունքային տարբերութիւնները որո՞նք են։

Լաւ մնացէք։

Wednesday, October 1, 2014

ԻՆՉՔԱ՜Ն ՆՄԱՆՈՒԹԻՒՆ…


«1920 թուականին…Անկախ Հայաստանի ամենափայլուն շրջաններից էր։

Շարժուել էր հայոց ժողովուրդը. արտասովոր ոգևորութիւն ու եռուզեռ էր տիրում թէ` երկրի ներսը և թէ Հայաստանից դուրս, հայութեան բոլոր խաւերի մէջ։

Ծայր էր առել հայրենադարձը։ Տարերային թափով, ամէն կողմից, հայ մարդը շտապում էր վերադառնալ իր հայրենի երկիրը։

Գալիս էին անծայրածիր Ռուսաստանի բոլոր վայրերից, Հիւսիսային Կովկասից, Անդրկասպեան երկրներից, Խրիմից և Ուկրայինայից, Պետրոգրադից, Մոսկուայից, Սիբիրից, Հեռաւոր Արևելքից։ Գալիս էին Բալքաններից, Ամերիկայից, Պոլսից և Եգիպտոսից, Միջագետքից ու Պարսկաստանից։ Եկողներ եղան նոյնիսկ Հնդկաստանից ու Հաբեշիստանից։ Հայրենադարձի տենդով էր բռնուած ողջ հայութիւնը»։
.
.
«Հունգարիայից եկած պատուիրակները…Դրամագլուխ շատ չունէին, բայց հարուստ էին մասնագիտական հմտութեամբ և փորձառութեամբ։ Հայերէն չգիտէին։ Իրենց լեզուն մաճառերէնն էր, որը Հայաստանում հասկացող չկար…Հայաստանը ցարերի օրով յետամնաց, հազիւ նախնական տնտեսութեան շրջանը բոլորած գաւառական մի երկիր էր։ Բարձր մշակոյթն ու ճարտարարուեստը նոր պիտի զարգանային։ Ի՞նչ գործով պիտի զբաղուէին և ու՞ր պիտի բնակեցուէին դրամատիրական տնտեսութեան և որակեալ աշխատանքի ու ապրելակերպի վարժուած այս մարդիկը։

Մի քանի անգամ հանդիպումներ ունեցանք, քննեցինք, չափեցինք բոլոր պայմաններն ու հնարաւորութիւնները։ Զարմանալի համբերութեամբ ու մանրակրկիտ ուսումնասիրում էին բոլոր հանգամանքները, և վերջը եկանք համաձայնութեան։

Եկողներից ոմանք կարող էին դասախօսի պաշտօն ստանձնել Հայաստանի համալսարանում ու մասնագիտական դպրոցներում։ Ոմանք գործ կ՛ունենային գիւղատնտեսութեան և հանքագործութեան բնագաւառում։ Ոմանք շինարարութեան և ճարտարարուեստի ու տնտեսութեան զանազան ճիւղերում։ Ոմանք էլ «մի գործ կը գտնէին իրենց համար»։
.
.
«Ի՞նչ էր մաճառացած հայերին և Դոնի հայ գիւղացիներին դէպի Հայաստան մղող ուժը։ Ինչու՞ Հայաստան և ոչ, օրինակ, Ամերիկա` բոլոր ազատազուրկների և բոլոր հալածեալների յոյսի փարոսը։ Անմեկնելի մի խորհուրդ կայ բնութեան մէջ, ի վերջոյ, մարդու մէջ խօսում է արիւնը։ Արիւնը քաշում է այնտեղ, որտեղից սկսել է հոսել երակներում…»։

Սիմոն Վրացեան, Կեանքի ուղիներով, Ա հատոր, էջ 270-273

Ինչքա՜ն նմանութիւն կայ Սիմոն Վրացեանի նկարագրած 1920 թուականի ու մեր օրերի Հայաստանի հանրապետութիւնների միջև։ 

Ինչքա՜ն նմանութիւն Հայաստանի այն ժամանակուայ ու ներկայի պետութիւնների մօտեցումների մէջ։ 

Ինչքա՜ն նմանութիւն հայրենադարձութեան ալիքի հետ կապուած։ 

Այնքան շատ են այդ նմանութիւնները, որ մի պահ մտածեցի Վրացեանը հէնց այսօր է գրել այդ տողերը…

Փոխուել ենք։ Փոխուել է Հայաստանը, փոխուել է նաև Սփիւռքը։ 

Ու վիճակին ընտելացել ենք։

Լաւ մնացէք։