Tuesday, July 31, 2007

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ

"1919-ի խորհրդարանական նիստերի եւ դաշնակցական ֆրակցիայի նիստերի հետեուողները, որոնք կարդացել են 1919-ի մամուլը, Բիւրոյի օրգան "Յառաջ"-ից սկսած, պիտի տեսնեն ոչ միայն բազմաթիւ յօդուածներ, խմբագրականներ ուղղուած կառավարութեան դէմ, թէեւ այդ կառավարութիւնը դաշնակցական կառավարութիւն էր՝ ընտրուած Բիւրոյի եւ խորհրդարանի կողմից։ Դժգոհութիւնը չէր սահմանափակւում միայն կառավարութեան հանդէպ. նա տարածւում էր ե'ւ խորհրդարանի, ե'ւ Բիւրոյի վրայ։ Կուսակցական կազմակերպուած զանգուածները դժգոհ էին եւ կպահանջէին արագօրէն Հայաստանը դարձնել "Հայաստան"՝ բառի բուն իմաստով"։*

Ինչ մարդիկ են եղել...

* "Հայ յեղափոխականի մը յիշատակները", Ռուբէն Տէր Մինասեան, է հատոր, էջ 221-ից։

Saturday, July 28, 2007

9-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

1919 թուականի աշնանը Երեւանում գումարուած Հ.Յ.Դ. 9-րդ Ընդհանուր Ժողովի օրակարգում ներառնուած են եղել հետեւեալ կէտերը.-

"11.- Ներգաղթ եւ վերաշինութիւն։

12.- Տնտեսական քաղաքականութիւն՝
ա.- Հողային հարց,
բ.- Կապիտալ եւ արդիւնաբերութիւն,
գ.- Աշխատանքի պաշտպանութիւն"։

Ինչքան արդիական են այս օրակարգերը...

Wednesday, July 25, 2007

ԳԻՆԵԳՈՐԾՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Մի երկու գիշեր առաջ դիտեցի "The Cider House Rules"* տեսաերիզը, որը հայերէնում թարգմանուել է "Գինեգործների կանոնները" անունով։


Այն արտադրուել է 1999 թուականին, ԱՄՆ-ում։ Բեմադրիչն է Լասէ Հալսթրոմը (Lasse Halstrom)։ Գլխաւոր դերակատարներն են Շարլիզ Թերոնը (Charlize Theron), Թոբի Մագուայրը (Tobey Maguire) եւ այլք։ Տեսաերիզը շահել է Օսկարի երկու մրցանակ։



Տասաերիզը պատրաստուել է Ջոն Այրուինգի (John Irving) համանուն վէպի հիման վրայ, որը գրել է 1985 թուականին։

Այն պատմութիւնն է մի կողմից մի երիտասարդի, որը մեծացել է որբանոցում, դարձել փորձառական բժիշկ` շնորհիւ որբանոցի բժիշկ տնօրէնի եւ կեանքում առաջին անգամուայ համար դուրս է գալիս որբանոցից ու միւս կողմից մի երիտասարդ կնոջ, որի ամուսինն օդաչու է ու մեկնում է պատերազմի, այս երկուսի ծանօթութիւնն ու ...

Գեղեցիկ տեսաերիզ է։ Տեւողութիւնն է 126 րոպէ։

Խորհուրդ կը տամ դիտել։

* Cider նշանակում է խնձորի գինի կամ խնձորի հիւթ։

Sunday, July 22, 2007

ԱՄՍԵԿԱՆ ԾԱԽՍԵՐ (5) ԵՐԵՒԱՆ

Ամսեկան ծախսերը՝ Երեւանում.-
  1. Housing $400
  2. School $50
  3. Clothing $100
  4. Kids Clothing $100
  5. Auto Fuel $100
  6. Auto Expense $100
  7. Kids Expense $75
  8. Dinner - Lunch-Guests $100
  9. Concert-Show $70
  10. Computing $50
  11. Internet $70
  12. Cable ---
  13. Electricity & Water $80
  14. Gas $30
  15. Phone $50
  16. Gifts $70
  17. Grocery $650
  18. Household items $150
  19. Car Insurance $100
  20. Medical $50
  21. Travel $800
  22. Appliance $150
  23. Books-DVD-CD $50
  24. Medical Insurance ---
  25. Saving ---
Total: Ամսեկան՝ $3395, տարեկան՝ $40740

Առաջին։ Ուզում եմ կրկնել, որ մարդիկ ապրում են տարբեր չափանիշներով։

Կարելի է չգնել գիրք (արդէն շատերը չեն գնում), դի.վի.դի., խտասալիկ, չգնալ որեւէ մշակութային ու մարզական միջոցառման (արդէն մարդիկ կան, որոնք վերջին անգամ թատրոն են գնացել, երբ դպրոցական երեխայ են եղել եւ մայրը նրանց վզից բռնած տարել է ներկայացում դիտելու, այն յոյսով, որ երեխան մարդ դառնայ) , ընդհանրապէս արձակուրդ չգնալ եւ այլն։ Հետեւաբար աւելի քիչ գումար ծախսել։ Անշուշտ կարելի է։

Կայ նաեւ հակառակը։ Երկու երկրներում էլ մարդիկ կան, որոնք վերոյիշեալ թուերը տեսնելով միայն կը ծիծաղեն, որովհետեւ իրենք ծախսում են դրանից մի քանի անգամ աւելին։ Անշուշտ դա էլ է կարելի։

Երկրորդ։ Պարզ է, որ վերոյիշեալ բոլոր ծախսերը ամէն ամիս չեն կատարւում։ Օրինակ ամէն ամիս հագուստ չենք գնում կամ արձակուրդ չենք գնում։ Ուստի նշեալ թուերի մասին աւելի իրական պատկերացում կազմելու համար՝ դրանց պիտի նայել տարուայ կտրուածքով։

Երրորդ։ Հայաստանի պարագային ծախսեր կան, որոնք ներառնուած չեն (օրինակ կաշառքները)։ Համոզուած եմ որեւէ մէկը նոյնիսկ մօտաւոր թիւ այդ առընչութեամբ չի կարող նշել, եւ ծախսեր կան, որոնք իմ կարծիքով քիչ են գրուած (օրինակ ամիսը $50 երկու երեխայի դպրոցի համար, նոյնիսկ պետական դպրոցի պարագային, շատ քիչ է)։

Չորրորդ։ Արձակուրդների բաժնում տարեկան $9600-ը նկատի է առնուել տարին մէկ երկիր ճամբորդելու համար։ Երրորդ Աշխարհի ժողովրդների մեծամասնութեան համար դա ընդամէնը երազների սահմաններում է, իսկ զարգացած երկրների պարագային էլ, կարծում եմ, բնակչութեան զգալի մասի համար դա թանգ հաճոյք է։ Յամենայնդէպս պատկերացրէք ԱՄՆ-ում բնակուող մի չորս հոգանոց ընտանիք, որը տարին մէկ անգամ ուզում է այցելել Հայաստան եւ հակառակը։

Հինգերորդ։ Տան կահոյքի մասին (թիւ 22) պիտի ասեմ, որ մարդիկ կան, որոնք 30 տարի անց տակաւին օգտւում են իրենց ամուսնութեան ժամանակ գնած սառնարանը, շատ էլ գոհ են։ Երբ սառնարանը լաւ է աշխատում, ինչու՞ փոխել։

Մարդիկ էլ կան, որոնք երկու-երեք տարին մէկ անգամ ուզում են փոխել տան իրերը, դրանք արդիականացնել։

Կայ նաեւ այլ հարց։ Չունես համակարգիչ, ուզում ես ունենալ։ Ունեցար համակարգիչ, հիմա էլ ուզում ես ունենալ Notebook։

Ունես 2 մեգափիկսելանոց լուսանկարչական տեսախցիկ, ուզում ես ունենալ 12 մեգափիկսելանոցը ու հէնց այսպէս անվերջ...Սպառողական շուկայ ու սպառողական մշակոյթ...

Վեցերորդ։ Վերոյիշեալ ցուցակում տեղ չի գտել բժշկական ապահովագրութիւնը, որն ըստ իս չափազանց կարեւոր է։

Յամենայնդէպս չեմ կարող չնշել, որ ամիսը $50 (16850 դրամ) չորս հոգանոց ընտանիքի բժշկական ծախսերի համար Երեւանում, նշանակում է նկատի առնել միայն նրանց մրսածողութեան ծախսերը։ Իսկ Աստուած մի արասցէ, եթէ նրանք լուրջ հիւանդութիւն ունենան կամ վիրահատման կարիք...

Եօթերորդ։ Երկու երկրների պարագային էլ նկատի է առնուել մեքենայի վառելանիւթի, մի տեսակ ապահովագրութեան (կան նաեւ այլ եւ աւելի թանգ տեսակներ), նորոգութեան եւ յարակից ծախսերը։ Նկատի չի առնուել մեքենայի գնման գումարը։

ԱՄՆ-ում հնարաւոր է վարկով մեքենայ գնել կամ նոր մեքենայ վարձել 3-5 տարով։

Հայաստանում մեծաւ մասամբ մեքենան գնում են կանխիկ գումարով։ Դրամատները վերջերս են սկսել վարկ տրամադրել մեքենայ գնելու համար եւ ի դէպ այդ վարկերի տոկոսները շատ բարձր են։

Բոլոր դէպքերում մեքենայ գնելու գումարը եւս պիտի աւելանայ վերոյիեշալ ծախսերի վրայ։

Ութերորդ։ Երկու երկրների պարագային էլ նկատի է առնուել վարձու տունը։ Տուն գնելն արդէն այլ նիւթ է եւ երկու դէպքում էլ աւելի մեծ ծախսերի կարօտ։

Իններորդ։ Խնայողութեան դիմաց բան չի գրուել ոչ միայն այն պատճառով, որ դա զուտ անձնական հարց է, այլ մանաւանդ այն, որ այսքանից յետոյ չեմ կարծում մի բան էլ մնայ խնայելու համար...

Ամուր մնացէք։

Յ.Գ. Վերոյիշեալ ցուցակին Հայաստանում հաստատուած արտերկրի հայերը պիտի անպայման աւելացնեն առանձին մի կէտ՝ "Պարտադիր, բայց հաճելի հիւրընկալութիւններ" անունով, արտերկրում ապրող ու Հայաստան այցելող իրենց բարեկամներին, հարազատներին, ընկերներին ու ծանօթներին հիւրընկալելու կապակցութեամբ, երբ մէկ տարուայ ընթացքում 18 անգամ պարտաւոր են գնալ Գառնի ու Գեղարդ կամ երբ հիւրը, որն ի դէպ իրենց տանն է բնակւում, յայտնում է, որ "Չենք եկել Հայաստան տանը նստելու համար", որն անվիճելիօրէն ճիշտ է եւ, որը միաժամանակ նշանակում է սրճարան, ճաշարան, Սեւան, Դիլիջան ...

Կարեւորն առողջութիւնն է։ Առողջ մնացէք։

Friday, July 20, 2007

ԱՄՍԵԿԱՆ ԾԱԽՍԵՐ (4) ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ

Ամսեկան ծախսերը՝ Լոս Անջելեսում.-
  1. Housing $1600
  2. School $1200
  3. Clothing $150
  4. Kids Clothing $100
  5. Auto Fuel $100
  6. Auto Expense $100
  7. Kids Expense $150
  8. Dinner - Lunch-Guests $200
  9. Concert-Show $100
  10. Computing $150
  11. Internet $30
  12. Cable $80
  13. Electricity & Water $100
  14. Gas $30
  15. Phone $30
  16. Gifts $150
  17. Grocery $650
  18. Household items $250
  19. Car Insurance $150
  20. Medical $100
  21. Travel $800
  22. Appliance $250
  23. Books-DVD-CD $150
  24. Medical Insurance ---
  25. Saving ---
Total: Ամսեկան՝ $6620, տարեկան՝ $79440

Պինդ մնացէք։

Wednesday, July 18, 2007

ԱՄՍԵԿԱՆ ԾԱԽՍԵՐ (3) ԴՊՐՈՑ

Հայաստանում պետական դպրոցներն անվճար են, ի հարկէ անուանապէս։

Ինչու՞ անուանապէս։ Որովհետեւ առիթով ու անառիթ ուսուցիչներն ու դպրոցի տնօրէնները ծնողներից գումար են գանձում։ Օրինակ "Վերջին զանգի" միջոցառման համար մի քանի տասնեակից մինչեւ մի քանի հարիւր դոլար ծնողներից գումար է գանձւում։ Նկատի ունենալով, որ դա պաշտօնապէս արգելուած է, այն կատարւում է տարբեր անունների տակ։

Այլ օրինակ։ Ընկերներիցս մէկն իր տղային ուղարկում է պետական մանկապարտէզ, որի թօշակը ամիսը 3500 դրամ է ($10 ԱՄՆ) , սակայն հէնց նոյն մանկապարտէզի պատասխանատուները տարբեր առիթներով ծնողներին ասում են, որ այսինչ միջոցառման համար տնից մի բան բերէք, որ նշանակում է մի երկու տուփ հիւթ ու մի կարկանդակ ու մի քիչ էլ...Այսինքն մի քանի հազար դրամ ծախս, որը ոչ մի տեղ չի գրանցւում։

Մասնաւոր դպրոցների թօշակներն էլ դպրոցից դպրոց տարբեր են։

"Մերգելեան"-ի այգու մօտ (Կոմիտասի պողոտայ) գտնուող մասնաւոր մանկապարտէզի ամսեկան թօշակը 50000 դրամ է ($146 ԱՄՆ)։

Ընկերներիցս մէկն իր տղային ուղարկում է Երեւանի "Անանիա Շիրակացի" դպրոցը, որի թօշակը ամիսը 72000 դրամ է ($210 ԱՄՆ)։

ԱՄՆ-ում պետական դպրոցներն անվճար են, իսկ մասնաւոր դպրոցների թօշակները տարբեր։ Օրինակ Գլենդէլում հայոց դպրոցի թօշակը ամիսը $600-$800 ԱՄՆ է։ Կողքից էլ կան այլ ծախսեր, օրինակ Նոր Տարուայ միջոցառման ժամանակ ծնողներին արգելւում է նկարահանել միջոցառումը։ Ծնողները ցանկութեան դէպքում պարտաւոր են դպրոցից գնել միջոցառման տեսաերիզը, որի արժէքն է $50 ԱՄՆ։ Նոյնը Զատկուայ միջոցառման կապակցութեամբ եւ ամավերջի եւ այլն։ Այսինքն կան կողմնակի ծախսեր։

Հետեւաբար երկու դպրոցական երեխայ ունեցող ծնողը Երեւանում, եթէ երեխաներին ուղարկում է պետական դպրոց, վճարում է ամիսը մօտ 7000 դրամ (բացի կողմնակի ծախսերը), իսկ Լոս Անջելեսում՝ անվճար (բացի կողմնակի ծախսերը)։

Եւ երկու դպրոցական երեխայ ունեցող ծնողը Երեւանում, եթէ երեխաներին ուղարկում է մասնաւոր դպրոց վճարում է ամիսը 120000-144000 դրամ, իսկ Գլենդելում, եթէ ուզում է երեխաներին անպայման հայոց դպրոց ուղարկել, վճարում է ամիսը $1200 - $1600 ԱՄՆ։

Լաւ մնացէք։

Յ.Գ. (1) ԱՄՆ-ի դպրոցներում, յատկապէս պետական, մտահոգիչ չափերի է հասել թմրանիւթերի (Drugs) օգտագործումը։ Նաեւ ժամանակ առ ժամանակ լուրերից տեղեկանում ենք, թէ մի դպրոցական աշակերտ ատրճանակով կամ հրացանով կրակել է իր դասընկերների վրայ եւ բազմաթիւ սպանութիւնների պատճառ դարձել։ Մասնաւոր դպրոցներում համեմատաբար վիճակն աւելի լաւ է։ Իսկ հայապահպանման տեսակէտից պարզ է, որ հայոց դպրոցն եզակի առաքելութիւն ունի։

Յ.Գ. (2) Վերոյիշեալ առումներով Հայաստանի դպրոցներում վիճակն անհամեմատելիօրէն աւելի լաւ է։ Ծխախոտի օգտագործում, ցաւօք, կայ, սակայն թմրանիւթերի օգտագործում, բարեբախտաբար՝ ոչ։ Իսկ դպրոցներում ատրճանակով կամ հրացանով կրակել դասընկերների ու ուսուցիչների վրայ, անկեղծ ասած ես չեմ լսել (թէեւ հասարակութեան մէջ սա շատ սովորական երեւոյթ է եւ երբեմն մարդիկ շփոթւում են, որ 1850-ականների Նիւ Եորկում են ապրում, թէ 21-րդ դարուայ Հայաստանում)։

Յ.Գ. (3) Ի ցաւ սրտի պիտի արձանագրեմ, որ Հայաստանի ուսումնական հաստատութիւններում (դպրոց թէ համալսարան) կաշառակերութիւնը մեծ չափեր է ընդունել։Այն կատարւում է տարբեր ձեւերով, օրինակ ուսուցիչը (կամ դասախօսը) պաշտօնապէս աշակերտից (կամ ուսանողից) թուանշան դնելու համար գումար է առնում։ Մի պարագայում աշակերտը (կամ ուսանողը) իրօք դաս չի սովորել եւ վճարում է պարզապէս թուանշան ստանալու համար եւ մի ուրիշ պարագայում աշակերտը (կամ ուսանողը) դասը շատ լաւ գիտէ եւ քննութիւնը լաւ է յանձնել, սակայն ուսուցիչը (կամ դասախօսը), ցաւօք, պաշտօնապէս նրան ասում է, որ իր իրական թուանշանը ստանալու համար պիտի վճարի, հակառակ պարագային նա աւելի քիչ է նրա համար նշանակելու։Կայ երրորդ ձեւը՝ ուսուցիչը (կամ դասախօսը) հէնց տարուայ սկզբից աշակերտին (կամ ուսանողին) յիշեցնում է, որ նա տուեալ առարկայից թոյլ է եւ պիտի անպայման մասնաւոր դասի գնայ, իսկ պարզից էլ պարզ է, որ այդ մասնաւոր ուսուցիչը (կամ դասախօսը) պիտի լինի հէնց ինքը, հակառակ պարագային աշակերտը (կամ ուսանողը) մինչեւ վերջ էլ թոյլ կը մնայ այդ առարկայից...Այս տեսակի ծախսերը ոչ մի տեղ չեն գրանցւում։

Յ.Գ. (4) Նշեմ, որ արտադասարանային աշխատանքների համար պիտի յաւելեալ վճարում կատարել երկու երկրներում էլ։ Գլենդելում, օրինակ, պարի արտադսարարանային դասընթացներին մասնակցելը արժի ամիսը $100 ԱՄՆ, իսկ Երեւանում ամիսը 8000 դրամ (նշեմ, որ ակումբից ակումբ արժէքը տարբերում է, բայց մօտաւորապէս դա է)։

Անշուշտ պարտադիր չէ երեխային նմանատիպ դասընթացների ուղարկելը, սակայն կարծում եմ ծնողներն ուզում են երեխաներն աշխարհից յետ չմնան, ուստի պարի, դաշնամուրի, օտար լեզուի, լողի ...

Պինդ մնացէք։

$1 USA = 337 AMD

Monday, July 16, 2007

ԱՄՍԵԿԱՆ ԾԱԽՍԵՐ (2) ԲՆԱԿԱՐԱՆ

Բնակարանների չափի առումով Իրանում, Հայաստանում եւ ԱՄՆ-ում տարբեր չափանիշներ կան։ Իրանում, երբ ասում են մէկ ննջարանով բնակարան, նկատի ունեն մէկ ննջարան + մէկ հիւրասենեակ + մէկ խոհանոց + բաղնիս + զուագարան։ Նոյնն է ԱՄՆ-ում։

Հայաստանում, երբ ասում են մէկ սենեականոց բնակարան, նկատի ունեն մէկ սենեակ + խոհանոց + բաղնիս + զուգարան։

Այսինքն, այլ խօսքով, Իրանում կամ ԱՄՆ-ում մէկ ննջարանով բնակարանը Հայաստանում երկու սենեականոց բնակարանն է։

Երկու ննջարանով յարկաբաժնի (Appartment) վարձը Գլենդելում սկսում է $1500-$1600-ից։

Երկու ննջարանով կիսանորոգած յարկաբաժնի վարձը Կոմիտասի տարածքում սկսում է $400-ից։ Նշեմ, որ Հայաստանում բնակարանները մեծաւ մասամբ վարձու են տալիս ապրանքով*, այսինքն բնակարանում կայ բազկաթոռ, սեղան-աթոռ, սառնարան, հեռուստացոյց, գազօջախ եւ այլ իրեր։ Ինչքան բնակարանի վարձը քիչ, այդքան նորոգութիւնն ու իրերը հին։ Վարձը շատ՝ նորոգութիւնն ու իրերը՝ նոր։

Ստորեւ չորս օրինակ վերջերս ընկերներիս ու բարեկամներիս միջոցով Երեւանում վարձուած յարկաբաժինների վայրից, վիճակից եւ գներից.-

.- Վաղարշեան փողոց (Արաբկիր թաղամաս), մէկ սենեականոց կիսանորոգած եւ առանց ապրանքի յարկաբաժին՝ վարձն ամիսը 70000 դրամ ($200-ի սահմաններում)։

.- Կոմիտասի պողոտայ, երկու սենեականոց ապրանքով կիսանորոգած յարկաբաժին՝ վարձն ամիսը $300 ԱՄՆ։

.- Քոչարի փողոց (Արաբկիր թաղամաս), չորս սենեականոց նորոգած եւ ապրանքով յարկաբաժին՝ վարձն ամիսը $800 ԱՄՆ։

.- Պուշկինի փողոց (Կենտրոն թաղամաս), երեք սենեականոց նորոգած եւ ապրանքով բնակարան՝ վարձն ամիսը $1000 ԱՄՆ։

Լաւ մնացէք։

* Այս երեւոյթն Իրանում հազուադէպ է պատահում, այսինքն բնակարանները վարձու են տալիս դատարկ։

Saturday, July 14, 2007

ԱՄՍԵԿԱՆ ԾԱԽՍԵՐ (1)

Յաճախ արտերկրի հայերից շատերը Հայաստան այցելելիս հարցնում են իրենց բարեկամներին, ընկերներին, ծանօթներին կամ էլ անծանօթներին (օրինակ սակակառքի (taxi) վարորդներին), որ մէկ ընտանիքի մէկ ամսուայ ծախսը Երեւանում ինչքան է։

Առնուազն ինձ բազմաթիւ անգամներ ու բազմաթիւ մարդիկ այս հարցը տուել են։

Ես տարբեր առիթներով տարբեր մարդկանցից եմ լսել, որ "Եթէ ես ամիսը 100 դոլար ունենամ այ ըսենց կապրեմ"։ Ու "ըսենց" ասելիս բթամատը քաշում են կզակի տակով։ Այս պատասխանն իմ մէջ միայն զարմանք է առաջացնում։ Ինչու՞։ Որովհետեւ եթէ հէնց նոյն մարդու տունը հիւր գնաս, այնպիսի սեղան կը փռի, որը կարժենայ 100 դոլարից շատ աւելի։ Պարտք կանի՞։ Հաւանական է, սակայն չէ որ մի օր այդ պարտքը պիտի վերադարձնի։ Հետեւաբար հարցը, առնուազն իմ համար, մնում է հանելուկի մակարդակում։

Յամենայնդէպս այստեղ նպատակն այն չէ, թէ տեսնենք մարդիկ ինչպէս են ապրում, այլ փորձել մօտաւոր պատկերացում կազմել ամսեկան ծախսերի մասին։

Հեշտութեամբ ու երկու բառով չի կարելի ասել, որ մէկ հոգու կամ մի ընտանիքի ամսեկան ծախսը մի երկրում կամ մի քաղաքում ինչքան է։ Մարդիկ ապրում են տարբեր ձեւերով, տարբեր չափանիշներով ու ունեն տարբեր առաջնահերթութիւններ։ Ապրելու մասին պատկերացումները տարբեր են, նիւթական կարողութիւններն էլ նոյնպէս։ Նոյնիսկ միեւնոյն դասարանում սովորող երկու ուսանող իրար նման չեն ապրում։

Սակայն այդպէս լինելով հանդերձ փորձենք մօտաւոր պատկերացում կազմել մի չորս հոգանոց ընտանիքի մէկ ամսուայ ծախսերի մասին՝ Երեւանում եւ Լոս Անջելեսում։

Ինչու՞ Երեւանում ու Լոս Անջելեսում։ Որովհետեւ ուսումնասիրութիւնը կատարել է ԱՄՆ-ում բնակուող ընկերներիցս մէկը (Շ.Բ.), որը երկու տարի ապրել է Երեւանում։ Առիթն օգտագործելով շնորհակալութիւն եմ յայտնում նրան։

Հէնց սկզբում պիտի ասեմ, որ կարելի է համաձայնել նրա հետ, կարելի է չհամաձայնել, կարելի է ընդունել որոշ կէտեր, մերժել այլ կէտեր, այն պարզ պատճառով, որ վերեւում բացատրեցի։ Այս աշխարհում ամէն ինչ յարաբերական է։

Ինչեւէ իմ դերը կը լինի այն, որ կողքից որոշ բացատրութիւններ տամ։

Ժամանակ ունենալու դէպքում (խօսք չեմ տալիս) կը գրեմ նաեւ Իրանում ու Կանադայում մի չորս հոգանոց ընտանիքի ամսեկան ծախսերի մասին։

Լաւ մնացէք։

Յ.Գ. Հետաքրքիր կը լինի Հայաստանից ու ԱՄՆ-ից կայք էջս այցելողներն իրենց կարծիքը յայտնեն այդ մասին, իսկ այլ երկրներից այցելողները գրեն իրենց երկրների փորձառութեան մասին։

Wednesday, July 11, 2007

ՎԵՑ ԱՄՍԵԱԿ

Այսօր լրանում է կայք էջիս 6 ամսեակը։
Առաջին գրութիւնը տպագրել եմ 2007 թուականի Յունուարի 11-ին։

Եօթնօրեակ, տասնօրեակ, քառասնօրեակ, 100-րդ օր, տարեդրաձ եւ այլն, լսել եմ, բայց վեց ամսեակ չեմ լսել։ Այնքան որ տեղեակ եմ ամիսների նշումը կատարւում է մէկ տարին չլրացրած մանուկների պարագային, երբ ծնողները ամիս առ ամիս նշում են երեխայի ծնունդը։

Ինչեւէ, այսօր ուզում եմ գրել անցած վեց ամիսների ուղու մասին եւ ներկայացնել որոշ վիճակագրական տուեալներ։

1.- Անցնող ժամանակաընթացքում փորձեցի հնարաւորութեանս սահմաններում խորանալ Weblog-երի տեխնիկական մանրամասնութիւնների մէջ, որպէսզի թէ տեղեկութիւններս շատացնեմ եւ թէ կարողանամ դրանք օգտագործել։ Այդ առումով որոշ յաջողութիւններ ունեցայ։

Օրինակ սկզբում չգիտէի ինչպէս են լուսանկար տեղադրում կայքում։ Սովորեցի։

Յետոյ փնտռեցի եւ իմացայ, թէ ինչպէս են կայք էջում տեղադրում հաշուիչ "Counter" եւ Ապրիլի 23-ին այն տեղադրեցի կայք էջում, որն ինձ հետաքրքիր տեղեկութիւններ տուեց կայք էջն այցելողների մասին։

Վստահ եմ կան շատ ու շատ այլ բաներ, որոնց մասին չգիտեմ։ Հետեւաբար պիտի շարունակեմ ուսումնասիրութիւններս։

2.- Կայք էջս այցելում են հետեւեալ երկրներից՝ ԱՄՆ (Արեւելեան եւ Արեւմտեան ափ), Հայաստան, Կանադա, Անգլիա, Լիբանան, Բրազիլ, Բելգիա, Իրան, Արգենտինա, Լեհաստան, Մոնակօ, Ճապոնիա, Մեքսիկօ, Իտալիա, Գերմանիա, Յունաստան, Աւստրալիա, Ֆրանսիա եւ այլուր եւ այնպիսի քաղաքներից, որոնց նոյնիսկ անունը չեմ լսել։

Որոշ երկրներից այցելում են կանոնաւոր կերպով, որոշներից էլ երբեմն-երբեմն, իսկ որոշ երկրներից էլ հաւանաբար պատահմամբ են յայտնուել կայք էջում, որովհետեւ մէկ անգամ եկել ու գնացել` էլ յետ չեն եկել։

3.- Եօթանասուն եօթ օրուայ ընթացքում կայք էջս այցելել են 562 անգամ, միջին հաշուով օրը հինգ հոգի եւ օրը 8 էջ։ Օր է եղել, որ այն այցելել են 27 անգամ եւ օրը է եղել` 0 անգամ։ Ներկայիս այցելուների 40 տոկոսը երկուսից տաս եւ տասից աւելի անգամ են այցելել կայք էջս։ Այցելուների 20 տոկոսից աւելին մէկ ժամից աւելի են մնացել կայք էջում։

4.- Անձնական նամակներով, հեռախօսով եւ հանդիպումների ժամանակ այցելուներն իրենց կարծիքն են յայտնում այս կամ այն նիւթի կամ էլ ընդհանրապէս կայք էջիս մասին, բայց "Comment"-ների բաժնում տեսակէտ չեն գրում։ Ինչու՞։ Չգիտեմ։

Բոլոր դէպքերում այցելուների տեսակէտներն ու առաջարկները կարող են ինձ (հաւանաբար նաեւ միւս այցելուներին) օգտակար լինել։

5.- Պիտի փորձեմ կանոնաւոր կերպով շարունակել գրել։ Գրելու նիւթ յաճախ կայ, թէ առօրեայ կեանքում պատահածներ ու նկատածներ, թէ ընդհանրապէս մտորումներ ու ազգային ու միջազգային խնդիրներ։ Գրելու համար պարզապէս ժամանակ է պէտք եւ հանգիստ միտք։ Նախապայմաններ, որոնց սակաւութիւնն օրէցօր աւելի է զգալի դառնում, այդուհանդերձ պիտի փորձեմ շարունակել գրել։

Լաւ մնացէք։

Thursday, July 5, 2007

ՆԵՐԿԱՅԻՍ ԻՄ ՎԻՃԱԿԸ

Ներկայիս իմ վիճակը նման է այն մարդուն, որը տղայի ու էշի հետ գնում էր։

Տղան նստած էր էշին, մարդն էլ քայլում էր նրանց կողքով։

Մի խումբ մարդիկ տեսան ու ասացին` "Տես այս մարդը խելք չունի, փոխարէն ինքը նստի էշի վրայ, տղային է նստեցրել էշին, իսկ տղան չի էլ ամաչում, խեղճ մարդ "։

Մարդը տղային իջեցրցեց իշուց ու ինքը նստաւ էշի վրայ։

Մի խումբ մարդիկ տեսան ու ասացին՝ "Տես այս մարդը չի էլ ամաչում, ինքը նստել է էշին, իսկ խեղճ տղան ոտով նրանց յետեւից գնում է, տղան մե՞ղք չի"։

Մարդն իջաւ իշուց ու ինքն ու տղան սկսեցին քայլել էշի հետեւից։

Մի խումբ մարդիկ տեսան ու ասացին՝ "Տես սրանք խելք չունեն, փոխարէն նստեն էշի վրայ, երկուսով քայլում են էշի հետեւից"։

Հայրն ու տղան երկուսով նստեցին էշի վրայ։

Մի խումբ մարդիկ տեսան ու ասացին՝ "Տես սրանք ինչ անխիղճ մարդիկ են, երկուսով նստել են էշին։ Բա էշը մեղք չի, այդքան ծանրութիւն ո՞նց տանի"։

Եզրակացութիւն։ Ինչ էլ անես՝ մարդիկ կը խօսեն, ուրեմն արա այն ինչ քո խելքով տրամաբանական է։

Լաւ մնացէք։