Saturday, July 14, 2007

ԱՄՍԵԿԱՆ ԾԱԽՍԵՐ (1)

Յաճախ արտերկրի հայերից շատերը Հայաստան այցելելիս հարցնում են իրենց բարեկամներին, ընկերներին, ծանօթներին կամ էլ անծանօթներին (օրինակ սակակառքի (taxi) վարորդներին), որ մէկ ընտանիքի մէկ ամսուայ ծախսը Երեւանում ինչքան է։

Առնուազն ինձ բազմաթիւ անգամներ ու բազմաթիւ մարդիկ այս հարցը տուել են։

Ես տարբեր առիթներով տարբեր մարդկանցից եմ լսել, որ "Եթէ ես ամիսը 100 դոլար ունենամ այ ըսենց կապրեմ"։ Ու "ըսենց" ասելիս բթամատը քաշում են կզակի տակով։ Այս պատասխանն իմ մէջ միայն զարմանք է առաջացնում։ Ինչու՞։ Որովհետեւ եթէ հէնց նոյն մարդու տունը հիւր գնաս, այնպիսի սեղան կը փռի, որը կարժենայ 100 դոլարից շատ աւելի։ Պարտք կանի՞։ Հաւանական է, սակայն չէ որ մի օր այդ պարտքը պիտի վերադարձնի։ Հետեւաբար հարցը, առնուազն իմ համար, մնում է հանելուկի մակարդակում։

Յամենայնդէպս այստեղ նպատակն այն չէ, թէ տեսնենք մարդիկ ինչպէս են ապրում, այլ փորձել մօտաւոր պատկերացում կազմել ամսեկան ծախսերի մասին։

Հեշտութեամբ ու երկու բառով չի կարելի ասել, որ մէկ հոգու կամ մի ընտանիքի ամսեկան ծախսը մի երկրում կամ մի քաղաքում ինչքան է։ Մարդիկ ապրում են տարբեր ձեւերով, տարբեր չափանիշներով ու ունեն տարբեր առաջնահերթութիւններ։ Ապրելու մասին պատկերացումները տարբեր են, նիւթական կարողութիւններն էլ նոյնպէս։ Նոյնիսկ միեւնոյն դասարանում սովորող երկու ուսանող իրար նման չեն ապրում։

Սակայն այդպէս լինելով հանդերձ փորձենք մօտաւոր պատկերացում կազմել մի չորս հոգանոց ընտանիքի մէկ ամսուայ ծախսերի մասին՝ Երեւանում եւ Լոս Անջելեսում։

Ինչու՞ Երեւանում ու Լոս Անջելեսում։ Որովհետեւ ուսումնասիրութիւնը կատարել է ԱՄՆ-ում բնակուող ընկերներիցս մէկը (Շ.Բ.), որը երկու տարի ապրել է Երեւանում։ Առիթն օգտագործելով շնորհակալութիւն եմ յայտնում նրան։

Հէնց սկզբում պիտի ասեմ, որ կարելի է համաձայնել նրա հետ, կարելի է չհամաձայնել, կարելի է ընդունել որոշ կէտեր, մերժել այլ կէտեր, այն պարզ պատճառով, որ վերեւում բացատրեցի։ Այս աշխարհում ամէն ինչ յարաբերական է։

Ինչեւէ իմ դերը կը լինի այն, որ կողքից որոշ բացատրութիւններ տամ։

Ժամանակ ունենալու դէպքում (խօսք չեմ տալիս) կը գրեմ նաեւ Իրանում ու Կանադայում մի չորս հոգանոց ընտանիքի ամսեկան ծախսերի մասին։

Լաւ մնացէք։

Յ.Գ. Հետաքրքիր կը լինի Հայաստանից ու ԱՄՆ-ից կայք էջս այցելողներն իրենց կարծիքը յայտնեն այդ մասին, իսկ այլ երկրներից այցելողները գրեն իրենց երկրների փորձառութեան մասին։

No comments: