Wednesday, July 18, 2007

ԱՄՍԵԿԱՆ ԾԱԽՍԵՐ (3) ԴՊՐՈՑ

Հայաստանում պետական դպրոցներն անվճար են, ի հարկէ անուանապէս։

Ինչու՞ անուանապէս։ Որովհետեւ առիթով ու անառիթ ուսուցիչներն ու դպրոցի տնօրէնները ծնողներից գումար են գանձում։ Օրինակ "Վերջին զանգի" միջոցառման համար մի քանի տասնեակից մինչեւ մի քանի հարիւր դոլար ծնողներից գումար է գանձւում։ Նկատի ունենալով, որ դա պաշտօնապէս արգելուած է, այն կատարւում է տարբեր անունների տակ։

Այլ օրինակ։ Ընկերներիցս մէկն իր տղային ուղարկում է պետական մանկապարտէզ, որի թօշակը ամիսը 3500 դրամ է ($10 ԱՄՆ) , սակայն հէնց նոյն մանկապարտէզի պատասխանատուները տարբեր առիթներով ծնողներին ասում են, որ այսինչ միջոցառման համար տնից մի բան բերէք, որ նշանակում է մի երկու տուփ հիւթ ու մի կարկանդակ ու մի քիչ էլ...Այսինքն մի քանի հազար դրամ ծախս, որը ոչ մի տեղ չի գրանցւում։

Մասնաւոր դպրոցների թօշակներն էլ դպրոցից դպրոց տարբեր են։

"Մերգելեան"-ի այգու մօտ (Կոմիտասի պողոտայ) գտնուող մասնաւոր մանկապարտէզի ամսեկան թօշակը 50000 դրամ է ($146 ԱՄՆ)։

Ընկերներիցս մէկն իր տղային ուղարկում է Երեւանի "Անանիա Շիրակացի" դպրոցը, որի թօշակը ամիսը 72000 դրամ է ($210 ԱՄՆ)։

ԱՄՆ-ում պետական դպրոցներն անվճար են, իսկ մասնաւոր դպրոցների թօշակները տարբեր։ Օրինակ Գլենդէլում հայոց դպրոցի թօշակը ամիսը $600-$800 ԱՄՆ է։ Կողքից էլ կան այլ ծախսեր, օրինակ Նոր Տարուայ միջոցառման ժամանակ ծնողներին արգելւում է նկարահանել միջոցառումը։ Ծնողները ցանկութեան դէպքում պարտաւոր են դպրոցից գնել միջոցառման տեսաերիզը, որի արժէքն է $50 ԱՄՆ։ Նոյնը Զատկուայ միջոցառման կապակցութեամբ եւ ամավերջի եւ այլն։ Այսինքն կան կողմնակի ծախսեր։

Հետեւաբար երկու դպրոցական երեխայ ունեցող ծնողը Երեւանում, եթէ երեխաներին ուղարկում է պետական դպրոց, վճարում է ամիսը մօտ 7000 դրամ (բացի կողմնակի ծախսերը), իսկ Լոս Անջելեսում՝ անվճար (բացի կողմնակի ծախսերը)։

Եւ երկու դպրոցական երեխայ ունեցող ծնողը Երեւանում, եթէ երեխաներին ուղարկում է մասնաւոր դպրոց վճարում է ամիսը 120000-144000 դրամ, իսկ Գլենդելում, եթէ ուզում է երեխաներին անպայման հայոց դպրոց ուղարկել, վճարում է ամիսը $1200 - $1600 ԱՄՆ։

Լաւ մնացէք։

Յ.Գ. (1) ԱՄՆ-ի դպրոցներում, յատկապէս պետական, մտահոգիչ չափերի է հասել թմրանիւթերի (Drugs) օգտագործումը։ Նաեւ ժամանակ առ ժամանակ լուրերից տեղեկանում ենք, թէ մի դպրոցական աշակերտ ատրճանակով կամ հրացանով կրակել է իր դասընկերների վրայ եւ բազմաթիւ սպանութիւնների պատճառ դարձել։ Մասնաւոր դպրոցներում համեմատաբար վիճակն աւելի լաւ է։ Իսկ հայապահպանման տեսակէտից պարզ է, որ հայոց դպրոցն եզակի առաքելութիւն ունի։

Յ.Գ. (2) Վերոյիշեալ առումներով Հայաստանի դպրոցներում վիճակն անհամեմատելիօրէն աւելի լաւ է։ Ծխախոտի օգտագործում, ցաւօք, կայ, սակայն թմրանիւթերի օգտագործում, բարեբախտաբար՝ ոչ։ Իսկ դպրոցներում ատրճանակով կամ հրացանով կրակել դասընկերների ու ուսուցիչների վրայ, անկեղծ ասած ես չեմ լսել (թէեւ հասարակութեան մէջ սա շատ սովորական երեւոյթ է եւ երբեմն մարդիկ շփոթւում են, որ 1850-ականների Նիւ Եորկում են ապրում, թէ 21-րդ դարուայ Հայաստանում)։

Յ.Գ. (3) Ի ցաւ սրտի պիտի արձանագրեմ, որ Հայաստանի ուսումնական հաստատութիւններում (դպրոց թէ համալսարան) կաշառակերութիւնը մեծ չափեր է ընդունել։Այն կատարւում է տարբեր ձեւերով, օրինակ ուսուցիչը (կամ դասախօսը) պաշտօնապէս աշակերտից (կամ ուսանողից) թուանշան դնելու համար գումար է առնում։ Մի պարագայում աշակերտը (կամ ուսանողը) իրօք դաս չի սովորել եւ վճարում է պարզապէս թուանշան ստանալու համար եւ մի ուրիշ պարագայում աշակերտը (կամ ուսանողը) դասը շատ լաւ գիտէ եւ քննութիւնը լաւ է յանձնել, սակայն ուսուցիչը (կամ դասախօսը), ցաւօք, պաշտօնապէս նրան ասում է, որ իր իրական թուանշանը ստանալու համար պիտի վճարի, հակառակ պարագային նա աւելի քիչ է նրա համար նշանակելու։Կայ երրորդ ձեւը՝ ուսուցիչը (կամ դասախօսը) հէնց տարուայ սկզբից աշակերտին (կամ ուսանողին) յիշեցնում է, որ նա տուեալ առարկայից թոյլ է եւ պիտի անպայման մասնաւոր դասի գնայ, իսկ պարզից էլ պարզ է, որ այդ մասնաւոր ուսուցիչը (կամ դասախօսը) պիտի լինի հէնց ինքը, հակառակ պարագային աշակերտը (կամ ուսանողը) մինչեւ վերջ էլ թոյլ կը մնայ այդ առարկայից...Այս տեսակի ծախսերը ոչ մի տեղ չեն գրանցւում։

Յ.Գ. (4) Նշեմ, որ արտադասարանային աշխատանքների համար պիտի յաւելեալ վճարում կատարել երկու երկրներում էլ։ Գլենդելում, օրինակ, պարի արտադսարարանային դասընթացներին մասնակցելը արժի ամիսը $100 ԱՄՆ, իսկ Երեւանում ամիսը 8000 դրամ (նշեմ, որ ակումբից ակումբ արժէքը տարբերում է, բայց մօտաւորապէս դա է)։

Անշուշտ պարտադիր չէ երեխային նմանատիպ դասընթացների ուղարկելը, սակայն կարծում եմ ծնողներն ուզում են երեխաներն աշխարհից յետ չմնան, ուստի պարի, դաշնամուրի, օտար լեզուի, լողի ...

Պինդ մնացէք։

$1 USA = 337 AMD

No comments: