Sunday, July 22, 2007

ԱՄՍԵԿԱՆ ԾԱԽՍԵՐ (5) ԵՐԵՒԱՆ

Ամսեկան ծախսերը՝ Երեւանում.-
  1. Housing $400
  2. School $50
  3. Clothing $100
  4. Kids Clothing $100
  5. Auto Fuel $100
  6. Auto Expense $100
  7. Kids Expense $75
  8. Dinner - Lunch-Guests $100
  9. Concert-Show $70
  10. Computing $50
  11. Internet $70
  12. Cable ---
  13. Electricity & Water $80
  14. Gas $30
  15. Phone $50
  16. Gifts $70
  17. Grocery $650
  18. Household items $150
  19. Car Insurance $100
  20. Medical $50
  21. Travel $800
  22. Appliance $150
  23. Books-DVD-CD $50
  24. Medical Insurance ---
  25. Saving ---
Total: Ամսեկան՝ $3395, տարեկան՝ $40740

Առաջին։ Ուզում եմ կրկնել, որ մարդիկ ապրում են տարբեր չափանիշներով։

Կարելի է չգնել գիրք (արդէն շատերը չեն գնում), դի.վի.դի., խտասալիկ, չգնալ որեւէ մշակութային ու մարզական միջոցառման (արդէն մարդիկ կան, որոնք վերջին անգամ թատրոն են գնացել, երբ դպրոցական երեխայ են եղել եւ մայրը նրանց վզից բռնած տարել է ներկայացում դիտելու, այն յոյսով, որ երեխան մարդ դառնայ) , ընդհանրապէս արձակուրդ չգնալ եւ այլն։ Հետեւաբար աւելի քիչ գումար ծախսել։ Անշուշտ կարելի է։

Կայ նաեւ հակառակը։ Երկու երկրներում էլ մարդիկ կան, որոնք վերոյիշեալ թուերը տեսնելով միայն կը ծիծաղեն, որովհետեւ իրենք ծախսում են դրանից մի քանի անգամ աւելին։ Անշուշտ դա էլ է կարելի։

Երկրորդ։ Պարզ է, որ վերոյիշեալ բոլոր ծախսերը ամէն ամիս չեն կատարւում։ Օրինակ ամէն ամիս հագուստ չենք գնում կամ արձակուրդ չենք գնում։ Ուստի նշեալ թուերի մասին աւելի իրական պատկերացում կազմելու համար՝ դրանց պիտի նայել տարուայ կտրուածքով։

Երրորդ։ Հայաստանի պարագային ծախսեր կան, որոնք ներառնուած չեն (օրինակ կաշառքները)։ Համոզուած եմ որեւէ մէկը նոյնիսկ մօտաւոր թիւ այդ առընչութեամբ չի կարող նշել, եւ ծախսեր կան, որոնք իմ կարծիքով քիչ են գրուած (օրինակ ամիսը $50 երկու երեխայի դպրոցի համար, նոյնիսկ պետական դպրոցի պարագային, շատ քիչ է)։

Չորրորդ։ Արձակուրդների բաժնում տարեկան $9600-ը նկատի է առնուել տարին մէկ երկիր ճամբորդելու համար։ Երրորդ Աշխարհի ժողովրդների մեծամասնութեան համար դա ընդամէնը երազների սահմաններում է, իսկ զարգացած երկրների պարագային էլ, կարծում եմ, բնակչութեան զգալի մասի համար դա թանգ հաճոյք է։ Յամենայնդէպս պատկերացրէք ԱՄՆ-ում բնակուող մի չորս հոգանոց ընտանիք, որը տարին մէկ անգամ ուզում է այցելել Հայաստան եւ հակառակը։

Հինգերորդ։ Տան կահոյքի մասին (թիւ 22) պիտի ասեմ, որ մարդիկ կան, որոնք 30 տարի անց տակաւին օգտւում են իրենց ամուսնութեան ժամանակ գնած սառնարանը, շատ էլ գոհ են։ Երբ սառնարանը լաւ է աշխատում, ինչու՞ փոխել։

Մարդիկ էլ կան, որոնք երկու-երեք տարին մէկ անգամ ուզում են փոխել տան իրերը, դրանք արդիականացնել։

Կայ նաեւ այլ հարց։ Չունես համակարգիչ, ուզում ես ունենալ։ Ունեցար համակարգիչ, հիմա էլ ուզում ես ունենալ Notebook։

Ունես 2 մեգափիկսելանոց լուսանկարչական տեսախցիկ, ուզում ես ունենալ 12 մեգափիկսելանոցը ու հէնց այսպէս անվերջ...Սպառողական շուկայ ու սպառողական մշակոյթ...

Վեցերորդ։ Վերոյիշեալ ցուցակում տեղ չի գտել բժշկական ապահովագրութիւնը, որն ըստ իս չափազանց կարեւոր է։

Յամենայնդէպս չեմ կարող չնշել, որ ամիսը $50 (16850 դրամ) չորս հոգանոց ընտանիքի բժշկական ծախսերի համար Երեւանում, նշանակում է նկատի առնել միայն նրանց մրսածողութեան ծախսերը։ Իսկ Աստուած մի արասցէ, եթէ նրանք լուրջ հիւանդութիւն ունենան կամ վիրահատման կարիք...

Եօթերորդ։ Երկու երկրների պարագային էլ նկատի է առնուել մեքենայի վառելանիւթի, մի տեսակ ապահովագրութեան (կան նաեւ այլ եւ աւելի թանգ տեսակներ), նորոգութեան եւ յարակից ծախսերը։ Նկատի չի առնուել մեքենայի գնման գումարը։

ԱՄՆ-ում հնարաւոր է վարկով մեքենայ գնել կամ նոր մեքենայ վարձել 3-5 տարով։

Հայաստանում մեծաւ մասամբ մեքենան գնում են կանխիկ գումարով։ Դրամատները վերջերս են սկսել վարկ տրամադրել մեքենայ գնելու համար եւ ի դէպ այդ վարկերի տոկոսները շատ բարձր են։

Բոլոր դէպքերում մեքենայ գնելու գումարը եւս պիտի աւելանայ վերոյիեշալ ծախսերի վրայ։

Ութերորդ։ Երկու երկրների պարագային էլ նկատի է առնուել վարձու տունը։ Տուն գնելն արդէն այլ նիւթ է եւ երկու դէպքում էլ աւելի մեծ ծախսերի կարօտ։

Իններորդ։ Խնայողութեան դիմաց բան չի գրուել ոչ միայն այն պատճառով, որ դա զուտ անձնական հարց է, այլ մանաւանդ այն, որ այսքանից յետոյ չեմ կարծում մի բան էլ մնայ խնայելու համար...

Ամուր մնացէք։

Յ.Գ. Վերոյիշեալ ցուցակին Հայաստանում հաստատուած արտերկրի հայերը պիտի անպայման աւելացնեն առանձին մի կէտ՝ "Պարտադիր, բայց հաճելի հիւրընկալութիւններ" անունով, արտերկրում ապրող ու Հայաստան այցելող իրենց բարեկամներին, հարազատներին, ընկերներին ու ծանօթներին հիւրընկալելու կապակցութեամբ, երբ մէկ տարուայ ընթացքում 18 անգամ պարտաւոր են գնալ Գառնի ու Գեղարդ կամ երբ հիւրը, որն ի դէպ իրենց տանն է բնակւում, յայտնում է, որ "Չենք եկել Հայաստան տանը նստելու համար", որն անվիճելիօրէն ճիշտ է եւ, որը միաժամանակ նշանակում է սրճարան, ճաշարան, Սեւան, Դիլիջան ...

Կարեւորն առողջութիւնն է։ Առողջ մնացէք։

No comments: