Saturday, January 31, 2009

"ՀԱՄԱՌՕՏԱԳՐՈՒԹԻՒՆ ԻՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ"

Անցեալ շաբաթուայ ընթացքում կարդացի "Համառօտագրութիւն Իրանի պատմութեան" գիրքը։Վաղուց ուզում էի Իրանի պատմութեան մասին կրկին կարդալ՝ վերյիշելու նպատակով։ Շատ բաներ կան, որ մարդ ժամանակի ընթացքում մոռանում է եւ կարիք է զգում վերյիշելու։

Հեղինակն է Հասան է Նառաղին (այս հեղինակի ու նրա այլ գրքերի մասին նախապէս էլ գրել եմ)։Գրքի ծաւալը 173 էջ է։Այն տպագրուել է 11 անգամ։

Նառաղին ոչ պատմաբան է, ոչ էլ հասարակագետ, սակայն նրա գրքերը մեծ սպառում ունեն ու բազմաթիւ անգամներ հրատարակւում են Իրանում։Գրում է պարզ։

Թէեւ այս գիրքը կարդալով ես որոշ չափով հասայ այն բանին, ինչ ուզում էի, սակայն պիտի խոստովանեմ, որ գիրքն իրենից մեծ բան չէր ներկայացնում։

Լաւ մնացէք։

Thursday, January 29, 2009

Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆ ՄԵՂԱՒՈՐԸ

“Արմենիա” հեռուստաալիքով ամէն օր երեկոյեան լուրերի բաժնի վերջում մէկ-երկու լուր-հաղորդում են սփռում Երեւանի եւ մարզերի չափազանց վատ վիճակում գտնուող մարդկանց կեանքի մասին կամ էլ շէնքերի վիճակի, համայնքային խնդիրների՝ մի խօսքով ընդհանուր առմամբ սուր խնդիրների մասին։ Ասում են այս “թէժ գիծը” մեծ ընդառաջում է գտել հասարակութեան կողմից։

Երեկ ցոյց էին տալիս մի ընտանիքի, որն ապրում է խարխուլ մի բնակարանում (եթէ ի հարկէ կարելի է դա բնակարան կոչել)։ Եթէ չեմ սխալւում մէկ սենեակ էր։ Այդ տանն ապրում են ծնողները գումարած ինը երեխաները։ Ինը երեխայ, որոնցից ամենամեծը տասնըչորս տարեկան է։ Մահճակալի նման մի բան էին ցոյց տալիս ու մեծ աղջիկն ասում էր, որ սրա վրայ քնում ենք ես ու այս քոյրս ու այն քոյրս։ Հայրն ասում էր, որ տարիներ է, որ անգործ է։ Հարեւանն ասում էր, որ այս երեխաները օրերով հացի երես չեն տեսնում։ Հաղորդման վերջում էլ լրագրողը աւելացրեց, որ ընատնիքն սպասում է տասներորդ զաւակին՝ մայրը յղի է։

Պատկերը իրօք սրտաճմլիկ էր։ Սրտաճմլիկ է մարդկային առումով, սրտաճմլիկ է երբ մանաւանդ տեսնում ենք, որ հայ մարդն է այդքան ահաւոր պայմաններում ապրում։

Սակայն այդ լրատւութիւնը տեսնելուց յետոյ մէկ անգամ նորից սկսեցի մտածել ընդհանրապէս երեխայ ունենալու գաղափարի մասին ու սուտ չասեմ՝ ջղայնացայ։ Երեխաների թուաքանակի մասին այս կայքում մէկ անգամ էլ եմ գրել։ Երեխայ ունենալը շատ բարդ բան չէ։ Բարդը այդ երեխային (կամ երեխաներին) պահելն է։ Մարդավայել պահելը։

Որոշակիօրէն այս պարագային, ո՞վ է այդ ընտանիքի այդ վիճակի իսկական մեղաւորը։ Եթէ ցոյց են տալիս, որ այնինչ համայնքում երկու շաբաթ է ինչ աղբը չեն տարել ու դրա պատճառով այս է եղել ու այն է եղել, պարզ է որ հասցէատէրը տուեալ թաղի թաղապետն է, քաղաքապետարանն է։ Նա է մեղաւոր։ Նա պիտի պատասխանատւութեան կանչուի։ Բայց որոշակիօրէն այս ընտանիքի պարագային քննադատութիւնը ու՞մ է ուղղուած։ Ո՞վ է մեղաւոր։ Ու՞մ օձիքը բռնենք։

Եթէ մարդը իր ասածով տարիներ է անգործ է, ապա ինչու՞ է անընդհատ երեխայ ունենում։ Եթէ ապրում է մի սենեակում, որը մէկ, երկու, առաւելագոյնը երեք հոգու համար է, ապա ի՞նչ է մտածում ինը երեխայ ունենալով, դեռ տասներորդն էլ ճանապարհին է։

Եթէ մէկը կասի, որ ազգն է շատացնում, ես էլ կասեմ, որ թերսնուած մարդը ազգին պէտք չէ։ Դեռ չեմ ասում օրուայ գիտութեամբ չօժտուած մարդը ազգին պէտք չէ։ Խօսում եմ հացի մասին։

Յանցագործութիւն չէ՞ չունենալ կեանքի ամենատարրական պայմանները ու անընդհատ երեխայ բերել։ Յետոյ էլ կանգնել տեսախցիկի առաջ ու ստեղծել սրտաճմլիկ տեսարաններ։ Մի երկու լրագրող էլ հաղորդում պատրաստեն, որ այ ժողովուրդ տեսէք ու՞ր ենք հասել, մեր երկրում մարդիկ հաց չունեն ուտեն։

Դա իմ կարծիքով հացի խնդիր չի, մշակոյթի խնդիր է, գիտակցութեան խնդիր է։ Մշակութային աղքատութեան հարց է։

Ցանկացած մարդ էլ հնարաւոր է, որ այս աշխարհում մի օր տապալուի ու հաւասարուի հողին։ Բայց ահա հէնց այդ պահից էլ պիտի մտածի տապալուած վիճակում նոր երեխաներ չունենալու մասին։

Լրագրողը լաւ կանէր մի թուղթ ու գրիչ տար ընտանիքի հօրը ու ասէր, խնդրեմ գրես տեսնենք քո կարծիքով տասնըերկու հոգանոց ընտանիքի ամսեկան ծախսը ինքչան է։ Մենք ի՞նչ տեսակ գործ գտնենք քեզ համար, որ տասնըերկու հոգով ապրէք։ Անկախ արդիւնքից նուազագոյնը հեռուստադիտողները, երկրի պատասխանատուներն ու բարերարները կիմանային մարդը հաշիւ անել գիտի թէ ոչ։

Յամենայնդէպս մեղք են երեխաները՝ երեխաները, բայց ոչ ծնողները։

Լաւ մնացէք։

Tuesday, January 27, 2009

ՕՄԱՐ ԽԱՅՅԱՄ (2)

"Վաղ արթնացիր, բռնենք ճամբան գինետան,
Քանի դեռ չեն հասցրել մեր վերջը տալ,
Քանզի մի օր գուցէ չարխն այս ոխերիմ,
Ջուր խմելու ժամանակ էլ մեզ չտայ"։

Monday, January 26, 2009

ՕՄԱՐ ԽԱՅՅԱՄ (1)

"Ուրախ ապրիր, քանզի կեանքը մի պահ է լոկ,
Խրճիթ է, թէ ապարանք է, մի պահ է լոկ,
Տիեզերքի կայքն ու կարգը լոկ մի պատրանք,
Երազ, մուրազ, անրջանքը մի պահ է լոկ"։

Sunday, January 25, 2009

ՕԲԱՄԱ

Սուտ չասեմ Օբաման իմ վրայ լաւ տպաւորութիւն է թողնում։ Ի հարկէ ասել եմ (ու առաջինը չեմ, որ ասել եմ), հիմա էլ կրկնում եմ, քաղաքական գործիչների խօսքը մի բան է, գործը մի ուրիշ բան։ Պիտի սպասել տեսնել Օբաման ինչ ծաղիկ կը դնի ամերիկացիների (ու աշխարհի) գլխին։ Բայց խօսքը քաղաքական գործունէութեան մասին չի։ Խօսքը մարդու վրայ թողած տպաւորութեան մասին է։

Մարդիկ կան, որոնք դրական էներգիա են հաղորդում։ Մարդիկ էլ կան, որոնք վանող են, հարցն այն չէ, որ լաւն են թէ վատն են, հարցն այն է, որ թէկուզեւ հէնց առաջին հայեացքից զգում ես, որ մթնոլորտը ծանրացաւ, տհաճութիւն ես զգում ու ուզում ես արագ ձերբազատուել նրանից։

Մտածէք ձեր շրջապատում նման մարդիկ կը գտնէք։ Հրաւիրուած էք մի հաւաքոյթի ու մէկ էլ այսինչի ներկայութիւնից լաւ չէք զգում, բացասական էներգիա էք ստանում, մարդը ոչ մի վատ բան էլ չի արել, բայց հաւաքոյթը լաւ չի անցնում, ուզում էք արագ վերջանայ, գնաք տուն։

Այլ օրինակ բերեմ հէնց ԱՄՆ-ից։ Հիլարի Քլինտոնն ու Քոնդոլիզա Ռայսը։ Ռայսին տեսնում եմ, ուզում եմ հեռուստաալիքը փոխել։ Հիլարրին տեսնում եմ, մտածում եմ սրա հետ յամենայնդէպս կարելի է մի երկու բառ խօսել։

Մարդիկ կան, որոնք կեանք, կենսուրախութիւն, յոյս, պայքարի ոգի ու այսպիսի բաներ են ներշնչում։Տարիքով մեծ են թէ փոքր, նիւթապէս հարուստ են թէ աղքատ, տղայ են թէ աղջիկ, կապ չունի։Էութեամբ դրական են։Բազմաթիւ երիտասարդներ եմ տեսել, որ յուսահատ են, վատատես, մէկ անգամ որ ընկնում են, մտածում են հէնց այդտեղից ուղիղ գնան գետնի տակ։Վեր կենալու ու պայքարելու կամք չունեն։Եւ հակառակը։82 տարեկան կին եմ տեսել, որ գնում էր համացանցի (internet) դասարան։Կարելի է մտածել՝ ինչի՞ն է պէտք։Պատասխանը պարզ է՝ մարդը ապրում է, ապրում։

Մի խօսքով Օբաման իմ վրայ լաւ տպաւորութիւն է թողնում։

Երդմնակալութեան ժամանակ տեսաք ինչ խառնաշփոթ ստեղծուեց։Բառերը խառնեցին, յետ ու առաջ ասացին, կիսատ պռատ ասացին։ Յետոյ պարտաւորուեցին երդմնակալութիւնը կրկնել։Դա էլ էր դրական, գոնէ իմ վրայ դրական ազդեցութիւն թողեց։

Լաւ մնացէք։

Saturday, January 24, 2009

ԱՄԱՆՈՐ, ԱՄԱՆՈՐ…

Երեկ երկու հոգի ինձ շնորհաւորել են Նոր Տարուայ ու Սբ. Ծննդեան տօների կապակցութեամբ։ Մէկն էլ ասաց՝ Նոր Տարուայ առիթով դեռ ձեր տուն չենք եկել։ Ի դէպ երեկ Յունուարի 23-ն էր։

Մէկը գիտի՞ Ամանորեայ շնորհաւորանքները մինչեւ երբ են տեւելու։

Լաւ մնացէք։

Յ.Գ. Մի երկու օր առաջ հաստատութիւններից մէկում էի, երբ մի միջահասակ կին ներս մտաւ ու աշխատակիցներին ասաց՝ ձեր անցած տօները շնորհաւոր։ Այդպիսի նախադասութիւն առաջին անգամն էի լսում։

Thursday, January 22, 2009

ՏԱՔ ԷԼ ԿԱՅ, ՏԱՔ ԷԼ…

Գլենդէլից (ԱՄՆ) զանգել էր ընկերներիցս մէկը։ Խօսում էինք դէսից դէնից։ Հարցրեց Երեւանի օդի մասին։ Ասացի այս տարի մինչեւ հիմա բարեբախտաբար համեմատաբար տաք ձմեռ ենք ունեցել։ Ասաց՝ հա, մեր մօտ էլ է տաք, այսօր միացրել եմ օդորակիչը (air conditioner, cooler)։ Շատ տաք էր։

Պատասխանեցի ընկեր ջան, ասացի տաք է, բայց չէ այդքան։ Այստեղ՝ Երեւանում 12 աստիճան զըրոյցի ցած է։ Պարզապէս անցեալ ձմեռների համեմատ աւելի տաք է։

Այնպէս որ տաք էլ կայ, տաք էլ…

Լաւ մնացէք։

Wednesday, January 21, 2009

ՃԳՆԱԺԱՄԻ ՄԱՍԻՆ

Տնտեսական միջազգային ճգնաժամի ալիքները, ասում են, դեռ Հայաստան չեն հասել։

Որոշները երեւոյթը մեկնաբանում են այսպէս՝ Հայաստանը վերանկախացումից յետոյ ճգնաժամի մէջ է։ Դա մեզ համար նորութիւն չէ։

Ոմնաք էլ ասում են՝ մարդիկ կան ծնուած օրից ճգնաժամի մէջ են։ Այնպէս որ շատ էլ սարսափելի պատճառ չկայ։

Սուտ չասեմ, վերջին դրոյթը ես եմ առաջ քաշել։

Պինդ մնացէք։

Friday, January 16, 2009

"ԱՅԼ ԱՇԽԱՐՀ ՀՆԱՐԱՒՈՐ ԵՒ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է"

"Երկիր" շաբաթերթի Յունուարի 16-ին տպագրուած համարում, տպագրուել է յօդուածս "Այլ աշխարհ հնարաւոր եւ անհրաժեշտ է" վերնագրով, որը ներկայացնում եմ ստորեւ.-

"2007 թվականի հունվարի 20-25-ը Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում տեղի ունեցավ Համաշխարհային սոցիալական յոթերորդ համաժողովը (World Social Forum):

Համաշխարհային սոցիալական համաժողովը, որն սկիզբ է առել 2001 թվականին Պորտո Ալեգրեից (Բրազիլիա), ներկայումս կազմակերպվում է համաշխարհային (World), տարածաշրջանային (Regional) եւ թեմատիկ (Thematic) մակարդակներում:Սակայն առաջին համաժողովից ութ տարի անց այն այսօր դիմագրավում է լուրջ մարտահրավերներ:

Հիմնական հարցերը հետեւյալն են.

- Ո՞րն է այսօր համաժողովի նպատակը:

- Այն արդյոք ի վիճակի՞ է նոր-ազատական (Neo-Liberal) գլոբալացումից դժգոհ մարդկանց ու հավաքականությունների նպատակներն ու իղձերն ի կատար ածել, թե՞ ընդամենը պիտի բավարարվել մտքերի ու փորձերի փոխանակմամբ այնպես, ինչպես ամրագրված է համաժողովի սկզբունքների հռչակագրում. «Համաժողովը վայր է մտքերի ու փորձերի փոխանակման եւ առաջարկների ձեւակերպման համար»:

Համաշխարհային սոցիալական համաժողովների քննադատների կարծիքով` համաժողովների ընթացքում մտքերի մեծածավալ փոխանակություն է տեղի ունենում, սակայն վերջում որեւէ քաղաքական որոշում այդ վեճերից չի ծնվում:

Համաժողովի կողմնակիցներն էլ պնդում են, որ համաժողովները հանդիպման ու մտքերի փոխանակության միջավայր են եւ ոչ` քաղաքական որոշումներ կայացնելու միավորներ:

Քննադատների կարծիքով` համաժողովի բազմաբեւեռ եւ ոչ աստիճանակարգված կառույցը, որն ամրագրված է հռչակագրում, հաճախ խոչընդոտ է հանդիսանում արդյունավետ գործելու համար:

Կողմնակիցների կարծիքով էլ` համաժողովում առկա տարբերություններն են նրա հարստության աղբյուրը, եւ կազմակերպություն հիմնելու ցանկացած փորձ սխալ տեղ կտանի համաժողովը:

Մի կողմից, համաժողովը ձգտում է գտնել հստակ այլընտրանքներ նոր-ազատական գլոբալացման փոխարեն, եւ մյուս կողմից` համաժողովը ընդհանուր հայտարարություններ անելուց այն կողմ չի անցնում: Համաժողովի որեւէ մասնակից իրավունք չունի իր այլընտրանքը ներկայացնել որպես համաժողովի բանաձեւ, որովհետեւ դա իր հասկացած այլընտրանքն է եւ ոչ` բոլորի կողմից ընդունվածը:

Համաշխարհային սոցիալական համաժողովի կազմակերպիչներից Սամիր Ամինը (Samir Amin) «Լը Մոնդ դիփլոմաթիքի» 2007 թ. հունվարի համարում «Ո՞ր այլաշխարհայնացումը» հոդվածում գրում է. «...հասարակական շարժումների մեծ մասը կողմ չեն պայքարի արմատականացմանը: Այս ընտրությունը կատարվում է իրատեսական անհրաժեշտության, մեկուսացումից եւ ծայրահեղ ձախի պիտակ ստանալուց խուսափելու նպատակով...

Այժմ, երբ բոլորին պարզ է դարձել պարտությունը «ընկերվարություն» (սոցիալիզմ) կոչվող պատմական առաջին ալիքի փորձառության, շատերը ճարահատված դրամատիրությունը (կապիտալիզմ) համարում են անանցանելի հորիզոն: Հետեւաբար, ժողովրդական շարժումներն իրենց պայքարում հաճախ բավարարվում են նվազագույն նպատակներով: Նոր-ազատականության հետմղումը, անտարակույս, առաջնայինն է, սակայն առաջարկվող այլընտրանքները բավարարվում են «մարդկային դիմագծով» կառավարելի դրամատիրությամբ»:

Սա՞ է, արդյոք, համաժողովի բոլոր մասնակիցների նպատակը` «մարդկային դիմագծով դրամատիրությունը»: Պիտի՞, արդյոք, բավարարվել դրանով: Եվ ճի՞շտ է, արդյոք, խոսել ընկերվարության պարտության մասին:

Խորհրդային միության փլուզումը եւ խորհրդային համայնավարության (կոմունիզմ) ձախողման փաստը մեծ հարված հասցրին ընկերվարությանը: Պատահական չէ, որ ռուսական հայտնի անեկդոտն ասում է. «Ի՞նչ է ընկերվարությունը: Երկար ճանապարհ դրամատիրությունից դեպի դրամատիրություն»: Այսօր նույնիսկ որոշները խոսում են ընկերվարության ավարտի մասին: Սակայն ո՞վ ասաց, որ խորհրդային համայնավարությունն էր ընկերվարականների ընդունելի մոդելը:

Սակայն, ադուհանդերձ, թերեւս ճիշտ է համաձայնել, որ Համաշխարհային սոցիալական համաժողովն առաջին հերթին մի վայր է նոր-ազատական գլոբալացումից դժգոհ սոցիալական շարժումների ներկայացուցիչների համար` շփվելու եւ մտքեր ու փորձառություններ փոխանակելու նպատակով, որպեսզի դրանց միջից յուրաքանչյուրը հստակեցնի, թե ինչ այլ աշխարհ է պատկերացնում, ինչպես ու ինչ միջոցներով կարող է պայքարել` ստեղծելու այդ աշխարհը, եւ գտնի համագործակիցներ այդ պայքարում:

Քենիայի համաժողովում հինգ օրվա ընթացքում գումարվեց 1300 սեմինար, որն ապացուցում է աշխարհի սոցիալական շարժումների առաջացումը համաժողովից: Համաշխարհային սոցիալական համաժողովի` 2007 թվականի առանցքային կարգախոսը, նախորդ տարիներից որակական փոփոխություն կրելով, «Այլ աշխարհ հնարավոր է»-ից վերաճեց «Այլ աշխարհ հնարավոր եւ անհրաժեշտ է»-ի:

ՀՅ Դաշնակցության երիտասարդական կառույցը 2002 թվականից մասնակցել է Համաշխարհային սոցիալական համաժողովի տարածաշրջանային (Եվրոպա, Ամերիկաներ) եւ համաշխարհային (Բրազիլիա) մակարդակի համաժողովներին: Կուսակցության մակարդակով 2005 թվականին Դաշնակցությունը մասնակցել է այդ տարվա համաժողովին:

Սա պայմանավորված է Դաշնակցության գաղափարական համոզմունքներով: ՀՅ Դաշնակցությունը ընկերվարական կուսակցություն է եւ չի կարող անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչը նորազատական գլոբալացումը բերում է աշխարհին եւ անկախությունից հետո` նաեւ հայրենի ժողովրդին: Հետեւաբար բնական է աշխարհի ներկա վիճակից դժգոհ եւ այլընտրանքներ փնտրող անհատների, կազմակերպությունների ու շարժումների հետ կապ հաստատելու` Դաշնակցության փորձը:

Իր ողջ պատմության ընթացքում միշտ էլ Դաշնակցությունը փորձել է կապ հաստատել ժամանակի առաջադեմ մտավորականների ու շարժումների հետ: Եթե ժամանակին հարաբերություն էր մշակվում Ժան Ժորեսի, Անատոլ Ֆրանսի ու Ժորժ Քլեմանսոյի հետ, այսօր նույն շրջագծում պիտի տեսնել «Այլըտրանքային ձայնասփյուռի» հիմնադիր ու տնօրեն Դավիթ Պարսամյանին Լիբանան հրավիրելու (2005 թ. ապրիլ)` ՀՅԴ «Զավարյան» Ուսանողական միության կամ աշխարհահռչակ լրագրող Ռաբերտ Ֆիսկին Կանադա հրավիրելու (2006 թ. դեկտեմբեր)` ՀՅԴ Կանադայի «Արմեն Գարո» Ուսանողական միության նախաձեռնությունները:

ՀՅ Դաշնակցության մասնակցությունը Համաշխարհային սոցիալական համաժողովներին միայն դա չէ:

Ի վերջո, Դաշնակցության շարունակականությունը պայմանավորված է ոչ միայն ֆիզիկականով, այլ նաեւ ու մանավանդ գաղափարականով, իսկ այդ գաղափարականն ապահովվում է` ուսումնասիրելով, մասնակցելով եւ մտքերի ու փորձառությունների փոխանակմամբ:

Համաշխարհային սոցիալական համաժողովներներին մեր մասնակցությունը պատադիր է, որովհետեւ այլ աշխարհ հնարավոր եւ անհրաժեշտ է ոչ միայն օտարներին, այլ նաեւ հատկապես մեզ` հայերիս, անհրաժեշտ է այլ Հայաստան` զերծ բարի եւ դաժան դեմքով նորազատականությունից ու հիմնված արդար կարգերի վրա:

Սա էլ յղումը`
http://yerkir.am/newspaper/index.php?section=8&id=1426

Tuesday, January 13, 2009

ԵՐԿԱՄԵԱԿ

Յունուարի 11-ին լրացաւ կայք էջիս երկրորդ տարեդարձը։

2007 թուականի Յունուարի 11-ին ստեղծել ու ցարդ շարունակում եմ պահպանել այն։

Անկեղծ ասած կայք էջն ստեղծելու պահին չէի հաւատում, որ կը կարողանամ պահպանել շարունակականութիւնը։ Պարզւում է, որ սխալւում էի։ Փաստը հակառակն է ապացուցում։

Այդ առումով առաջին հերթին ուրախ եմ ինքս ինձ համար։ Ուրախ եմ, որովհետեւ երկու տարի պահել կայք էջ նշանակում է հետեւողականութիւն (ինչպիսի ինքնագոհութիւն)։ Հոգեբանօրէն այդպիսի դրական լիցքերը մարդուն պէտք են, դրանք նպաստում են ինքնավստահութեանն ու ինքնահաստատմանը ու …

Ուրախ եմ նաեւ այլ պատճառով։ Որոշել եմ նոր բան նախաձեռնել ու քանի որ կասկածում եմ, որ կը կարողանամ յաջողել (որովհետեւ դա երկարատեւ ու տքնաջան աշխատանք է պահանջում ու թերեւս դժուար իրականանալի), կայք էջիս երկամեակը խթանիչ ազդակ է ինձ համար այդ աշխատանքն սկսելու ու յոյս ունենալու համար, որ այն եւս կը պսակուի յաջողութեամբ։ Յամենայնդէպս աւելի լաւ է ժամանակից առաջ չընկնել։

Երկու տարուայ ընթացքում 256 անգամ թարմացուել է կայք էջը (գրութիւններ ու նկարներ), որ նշանակում է մօտաւորապէս երեք օրը մէկ անգամ (2.8 օրը մէկ)։ Կարծում եմ վատ ցուցանիշ չի։

Հաշուիչը տեղադրելու պահից ցարդ կայք էջս այցելել են 5432 անգամ, որը լինում է միջին հաշուով օրը 9 անգամ։ Պատգամները (Comment) եղել են քիչ, իսկ հեռախօսային կապերը, անձնական նամակները եւ հանդիպումները շատ (բնականաբար նկատի ունեմ կայք էջի կապակցութեամբ)։

Կայք էջի տեխնկական կողմն ըստ իս թոյլ է, որի հիմնական պատճառը կայք էջի տեխնիկական հարցերից իմ բաւարար չափով տեղեկութիւն չունենալն է ու բանատեղեակների հետ չխորհրդակցելը։ Դա էլ վերագրենք ծուլութեան։

Ի վերջոյ յոյսով եմ այս գրութիւնով ինքս ինձ աչքով չեմ տայ ու կը շարունակեմ պարբերաբար թարմ պահել կայք էջս։

Լաւ մնացէք։

Monday, January 12, 2009

ԱՌԱՋԻՆ ԳՐՈՒԹԻՒՆ

Սա Նոր Տարուայ առաջին գրութիւնս է։

Ամանորեայ հանգստեան օրերը, կեր ու խումերը, խնջոյքները լաւ էին։ Ինձ լաւ անցաւ ու բաւականին լիցք ստացայ կրկին աշխատանքի անցնելու համար։

Հայաստանում Նոր Տարուայ խնջոյքներն ու շնորհաւորանքները տեւում են մինչեւ Հին Նոր Տարին, այսինքն Յունուարի 13-ը*։

Ինչպէս վերջին երկու օրերին երկու խնջոյքների ժամանակ արտասանածս խօսքի ժամանակ ասել եմ, արդէն ժամանակն է վերջ տալ ուտել-խմելներին ու լիարժէքօրէն անցնել աշխատանքի։

Արձակուրդների ընթացքում ընթերցեցի “Գորտը կուլ տուր” գիրքը, որը հակառակ իր անուան, բաւականին հետաքրքիր էր ու ինձ համար օգտակար։ Այն վերաբերում է ժամանակի կառավարմանը (time management)։ Գրքի մասին կը գրեմ յառաջիկայ օրերին։

Դիտեցի նաեւ երկու տեսաերիզ Lara Croft: Tomb Raider։ Մէկը 2001-ի, միւսը 2003-ի արտադրութիւն, Անջելինա Ջոլիի դերակատարութեամբ։Դրանց մասին եւս յետոյ։

Լաւ մնացէք։

* Ուրախ եմ, որ արձակուրդներն ու ուտել-խմելները վերջանում են, թէ չէ այսպէս շարունակուելու դէպքում մէկ էլ տեսար ալկոհոլիկ դառնայինք։