Tuesday, January 13, 2009

ԵՐԿԱՄԵԱԿ

Յունուարի 11-ին լրացաւ կայք էջիս երկրորդ տարեդարձը։

2007 թուականի Յունուարի 11-ին ստեղծել ու ցարդ շարունակում եմ պահպանել այն։

Անկեղծ ասած կայք էջն ստեղծելու պահին չէի հաւատում, որ կը կարողանամ պահպանել շարունակականութիւնը։ Պարզւում է, որ սխալւում էի։ Փաստը հակառակն է ապացուցում։

Այդ առումով առաջին հերթին ուրախ եմ ինքս ինձ համար։ Ուրախ եմ, որովհետեւ երկու տարի պահել կայք էջ նշանակում է հետեւողականութիւն (ինչպիսի ինքնագոհութիւն)։ Հոգեբանօրէն այդպիսի դրական լիցքերը մարդուն պէտք են, դրանք նպաստում են ինքնավստահութեանն ու ինքնահաստատմանը ու …

Ուրախ եմ նաեւ այլ պատճառով։ Որոշել եմ նոր բան նախաձեռնել ու քանի որ կասկածում եմ, որ կը կարողանամ յաջողել (որովհետեւ դա երկարատեւ ու տքնաջան աշխատանք է պահանջում ու թերեւս դժուար իրականանալի), կայք էջիս երկամեակը խթանիչ ազդակ է ինձ համար այդ աշխատանքն սկսելու ու յոյս ունենալու համար, որ այն եւս կը պսակուի յաջողութեամբ։ Յամենայնդէպս աւելի լաւ է ժամանակից առաջ չընկնել։

Երկու տարուայ ընթացքում 256 անգամ թարմացուել է կայք էջը (գրութիւններ ու նկարներ), որ նշանակում է մօտաւորապէս երեք օրը մէկ անգամ (2.8 օրը մէկ)։ Կարծում եմ վատ ցուցանիշ չի։

Հաշուիչը տեղադրելու պահից ցարդ կայք էջս այցելել են 5432 անգամ, որը լինում է միջին հաշուով օրը 9 անգամ։ Պատգամները (Comment) եղել են քիչ, իսկ հեռախօսային կապերը, անձնական նամակները եւ հանդիպումները շատ (բնականաբար նկատի ունեմ կայք էջի կապակցութեամբ)։

Կայք էջի տեխնկական կողմն ըստ իս թոյլ է, որի հիմնական պատճառը կայք էջի տեխնիկական հարցերից իմ բաւարար չափով տեղեկութիւն չունենալն է ու բանատեղեակների հետ չխորհրդակցելը։ Դա էլ վերագրենք ծուլութեան։

Ի վերջոյ յոյսով եմ այս գրութիւնով ինքս ինձ աչքով չեմ տայ ու կը շարունակեմ պարբերաբար թարմ պահել կայք էջս։

Լաւ մնացէք։

No comments: