Monday, June 27, 2011

ԲԺՇԿԻ

Բժշկի պիտի գնայի։

Զանգեցի, որպէսզի պայմանաւորուեմ բժշկիս հետ։

Չպատասխանեց։ Անհասանելի էր։

Զանգեցի մէկ այլ բժշկի, որպէսզի տեղեկանամ բժշկիս մասին։

"Արտագաղթել է"։ Եղաւ պատասխանը։

Կարծում եմ ամէն ինչ ասուած է։

Լաւ մնացէք։

Thursday, June 16, 2011

ՇԻՆԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Մի պատկեր շինարարութիւնից։

Աշխատողներ եւ ...

Եւ չաշխատողներ...

 
Մի պատառ հաց շինարարների հետ։

Մեր բակի թթենին։

Պարտքեր, պարտքեր ու պարտքեր...

Լաւ մնացէք։

Friday, June 10, 2011

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՄՈԼՈՒԹԻՒՆ

Վեց տարին չլրացրած տղաս ինձ ասում է, որ համակարգչամոլ եմ դարձել։ Սկսեցի մտածել տղայիս ասածի մասին ու ընկայ կասկածների մէջ։ Ինձ թւում է՝ ճիշտ է ասում։

Խօսակցութիւնը տեղի ունեցաւ անցեալ կիրակի երեկոյեան։ Սկսեցի վերյիշել թէ ինչ եմ արել այդ օրը։

Պարզուեց, որ արթնացել եմ։ Նախաճաշ եմ կերել։ Միացրել եմ համակարգիչը։ Ստուգել եմ նամակներս։ Այցելել եմ այս կայքէջն ու այն կայքէջը։ Ճաշել եմ։ Յետոյ նորից այս կայքէջն ու այն կայքէջը։ Յետոյ սուրճ եմ խմել։ Յետոյ հեռուստացոյց եմ դիտել։ Յետոյ կրկին համակարգիչ ու համացանց։ Եւ այսպէս շարունակ մինչեւ ուշ գիշեր, երբ գնացել եմ քնելու, որին նախորդել է համակարգչով ֆիլմ դիտելը։

Մի խօսքով ամբողջ օրս անցել է համակարգչի դիմաց։

Յետոյ սկսեցի մտածել, որ իրօք ինչ հետաքրքիր ու հրաշք սարք է համակարգիչը՝ համացանցով հանդերձ եւ նաեւ թէ ինչպէս է մարդ կախուածութեան մէջ ընկնում համակարգչից ու համացանցից։

Նամակներ ես ստանում՝ նամակներ ես ուղարկում։

Ընկերային ցանցերում՝ յատկապէս Facebook-ում տեղեկանում ես ընկերներիդ առօրեայ ապրումներին, մտքերին, արածներին, նաեւ աշխարհի նորութիւններին։

Skype-ով (յատկապէս Video-ով) խօսում ես օտար երկրներում եւ հազարաւոր կիլոմետրներ քեզնից հեռու գտնուող ընտանիքիդ անդամների, բարեկամներիդ, ընկերներիդ հետ, ուղղակի տեսնում ես նրանց եւ այն տպաւորութիւնն ես ստանում, որ սուրճի ես գնացել նրանց տուն։

Փնտրում եւ գտնում ես սիրածդ երգն ու երաժշտութիւնը կամ ֆիլմը, ներբեռնում ես, լսում ու դիտում ես։

Հետեւում ես քեզ հետաքրքրող ցանկացած ոլորտի լուրերին ու վերջին զարգացումներին։

Ներբեռնում ես գրքեր։ Օրինակ վերջերս ներբեռնեցի երկու գիրք, որոնք տարիներ էր ինչ ուզում էի կարդալ եւ չէր յաջողւում ՝ մէկը երկար տարիներ չէր վերահրատարակուել, միւսն էլ արգելուած էր։

Եւ այսպէս կարելի է շարունակել։

Եւ այս ամբողջը մի փոքրիկ հրաշք սարքի միջոցով, իհարկէ համացանցի օգնութեամբ։

Հիմա ո՞վ է մեղաւոր՝ ես թէ՞ ճարտարարուեստը։

Այն որ տղաս ինձ համակարգչամոլ է որակել՝ համաձայն եմ։ Բայց միւս կողմից էլ ափսոս չէ չօգտուել ճարտարարուեստի ընձեռած հնարաւորութիւններից։

Ի՞նչ անել։

Լաւ մնացէք։