Tuesday, December 29, 2009

ԴԷՊԻ 2010

Այս տարին էլ կարծես աւարտւում է։

Ինձ համար Նոր Տարին համով ուտելիքներից ու նուէրներից ու նման բաներից բացի, նաեւ հաշուետւութեան առիթ է։ Մտածել այն ամէնի մասին ինչ արեցի անցնող մէկ տարուայ ընթացքում, այն ամէնի մասին ինչ չարեցի անցնող մէկ տարուայ ընթացքում, ինչու արեցի ու ինչու չարեցի եւ մտածել այն ամէնի մասին, ինչ կուզեմ անել յառաջիկայ մէկ տարուայ ընթացքում։ Այլ խօսքով ձեռքբերումներ, անյաջողութիւններ ու նոր ծրագրեր։

2009-ին կայքէջս թարմացրեցի 117 անգամ, այլ հաշուարկով միջին հաշուով մօտաւորապէս երեք օրը մէկ անգամ։ Կարծում եմ վատ ցուցանիշ չէ։ Սակայն աւելի կարեւորը որակն է, որի մասին սեփական կարծիքից բացի կարեւոր են նաեւ այցելուների տեսակէտները։ Յամենայնդէպս այս առումով իմ կարծիքով գործ կայ անելու, թէեւ իսկապէս դժուար է անընդհատ թարմ պահել անձնական կայքէջ։

Այնպիսի զգացում ունեմ, որ թէեւ տարին լաւ սկսեցի, բայց տարեվերջին սկսեցի դոփել տեղում։ Արձակուրդների ընթացքում բաւարար ժամանակ կունենամ մտածել ու հաստատել կամ մերժել զգացումս։

Այս տարի Երեւանում դեռ ձիւն չի եկել։ Անձամբ դժգոհ չեմ դրանից, եթէ այն բնական աղետների պատճառ չի դառնայ։

Նոր Տարուայ համար բուդ չեմ առնի, որովհետեւ ուտողը չկայ։

Չգիտեմ ինչու ուրախ առիթների ժամանակ մի տեսակ տխրութիւն է իջնում վրաս...Ընկնում եմ յուշերի գիրկն ու ...

Կարծում եմ աւելի լաւ է հէնց այստեղ վերջացնեմ։

Լաւ մնացէք։

Monday, December 28, 2009

ՈՐՏԵՂԱՑԻ՞ ԵՍ (1)

Վաղուց մի հարց կայ մտքումս՝ մարդու որտեղացի լինելը ինչպէ՞ս է որոշւում։ Այլ կարպ ասած, ինչի՞ հիման վրայ է որոշւում, որ այսինչ մարդը այստեղացի է ու այնտեղացի չէ։

Օրինակ մէկը որ տասներկու տարի ապրել է մի քաղաքում, յետոյ տասնութ տարի մէկ այլ քաղաքում եւ ի վերջոյ տաս տարի մէկ այլ քաղաքում, "որտեղացի՞ ես" հարցին ի՞նչ պիտի պատասխանի։

Կայ նաեւ մէկ այլ երեւոյթ։

Երեւանում պատահել է, որ մի շէնքի առջեւից անցնելիս հանդիպել եմ յուշաքարի, որտեղ նշուած է, որ այսինչ այսինչեանը (մտաւորական, արուեստագետ կամ այլն) այս շէնքի այնինչ բնակարանում ապրել է այս թուականից այն թուականը։ Այս թուականից այն թուականը ընդամէնը երկու տարի է։ Հետաքրքիր է իմանալ, որ այդ ընտրութիւնը ինչի՞ հիման վրայ է կատարւում։ Հարց է առաջանում, որ եթէ այդ մարդը ապրել է վարձով եւ հինգ տարուայ ընթացքում հինգ բնակարան է փոխել արդեօ՞ք այդ հինգ բնակարանների մուտքի մօտ պիտի նման յուշաքար փակցնել։

Վերադառնալով առաջին հարցին պիտի ասեմ, որ իմ կարծիքով ինչպէս ազգային պատկանելիութիւնը, որտեղ առկայ են բազմաթիւ գործօններ, սակայն անհատի գիտակցութիւնը որոշիչ դեր ունի, որտեղացի լինելն էլ հիմնականում կապուած է նրան, որ տուեալ անհատը ինքն իրեն որտեղացի է համարում։

Դուք ի՞նչ էք մտածում։

Հարցին կարելի է հասարակագիտական տեսանկիւնից աւելի խորը նայել։ Այդ մասին այլ առիթով։

Լաւ մնացէք։

Thursday, December 24, 2009

ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

Անցնող օրերին շատ խառն է։

Երեւանում գումարուեց Հ.Յ.Դ. երիտասարդական, ուսանողական եւ պատանեկան միութիւնների բարձրագոյն մարմինների ներկայացուցիչների խորհրդաժողովը։ Մօտ յիսուն հոգի էին մասնակցում տարբեր երկրներից։ Խորհրդաժողովի աւարտին ընդունուեց բանաձեւ, որը կարող էք կարդալ www.ayf.am կայքէջում։

Յոգնած եմ շատ։

Հազար ու մի միտք կայ, առաջարկ կայ, գործ կայ...

Այսքան յոգնած վիճակում դժուար է գործ առաջ տանել։

Վերալիցքաւորում է պէտք։

Լաւ մնացէք։

Thursday, December 10, 2009

ԲԻՍՄԱՐԿ

"Ժամանակների մեծ հարցերը խօսքով ու մեծամասնութեան քուէով չեն լուծւում, այլեւ երկաթով ու արիւնով"։ (մէջբերում Բիսմարկի խօսքերից)

Բիսմարկը ատում էր ժողովրդավարութիւնը եւ խորհրդարաններն ու ժողովրդական հաւաքները սպառնում էր բռնութեամբ...Նա էր, որ կառուցեց նոր Գերմանիան եւ 19-րդ դարի երկրորդ կէսի Եւրոպայի պատմութիւնը կերտեց...

"Նա (Բիսմարկը) Գերմանիան մեծացնում եւ գերմանացիներին ստորացնում է"։

"Հայեացք աշխարհի պատմութեան", Ջաւահերլալ Նեհրու, էջ 982

Friday, December 4, 2009

ՆՈՐ ԿԱՅՔԷՋ

Երկար չարչարուելուց յետոյ ի վերջոյ պատրաստուեց ու արդէն իսկ աշխատում է Երիտասարդական գրասենեակի նոր կայքէջը։

Այն կարող էք այցելել http://www.ayf.am հասցէով։

Տեսնենք ինչ կստացուի։

Լաւ մնացէք։

Tuesday, December 1, 2009

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

"...մէկ երկրի պատմութեան ուսումնասիրութիւնը ինքնստինքեան մոլորեցնող է եւ միայն աշխարհի ընդհանուր պամտութեան ուսումնասիրութիւնը կարող է մեզ ճիշտ պատկերացում տալ այն դէպքերի, իրադարձութիւնների ու ուժերի կարեւորութեան մասին, որոնք կազմել են աշխարհի անցեալը եւ առաջացրել են ներկայիս վիճակը"։

"Հայեացք աշխարհի պատմութեան", Ջաւահերլալ Նեհրու, էջ 928

Monday, November 30, 2009

ՀԱՅԵԱՑՔ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

Ամերիկացիները, իմպերիալիստների ընդունուած ձեւով, ֆիլիպինցիներին վստահեցնում էին, որ նրանք այնտեղ են (Ֆիլիպիններում) նրանց լաւի ու բարու համար եւ հէնց որ ֆիլիպինցիները կարողանան տնօրինել իրենց ճակատագիրը, այնտեղից գնալու են։

Համաձայն 1916 թուականին հաստատուած Ջոնզի օրէնքի "ԱՄՆ-ի ժողովրդի նպատակը ինչպէս միշտ ներկայիս էլ այն է, որ իրենց իշխանութիւնը վերցնեն Ֆիլիպինեան կղզիներից եւ այն պահին, երբ մի կայուն իշխանութիւն կարողանայ հաստատուել այնտեղ, նրանց անկախութիւնը պաշտօնապէս ճանաչեն"։

"Հայեացք աշխարհի պատմութեան", Ջաւահերլալ Նեհրու, էջ 924

Նմանութիւն կա՞յ Իրաքի գրաւման ու Իրաքից ԱՄՆ զօրքերի դուրսբերման հետ։

Thursday, November 26, 2009

ՓՈԽՈՒԵԼ Է ԹԷ՞ ՉԻ ՓՈԽՈՒԵԼ

"Հայերի, յոյների, հրեաների "ճարպիկութեան" մասին տարածուած սրախօսութիւնները այնքան էլ զուրկ չեն հիմքէ։ Դրամ շահելու, ոսկի դիզելու տենչը հասած է մեզ մօտ վտանգաւոր աստիճանի...

Խնդիրը նիւթական ապահովութեան, լաւ աշխատանք ունենալու մէջ չէ հարկաւ։ Հարստանալու, շատ հարստանալու ցանկութիւն ունին բոլոր մարդիկ, ամենահամակրելի ազգերն անգամ։

Մեզ մօտ, վատը նրա մէջն է որ միւս ազգերը դրամ շահելու հետ միասին ունին եւ լաւ ապրելու ձգտում, բարոյական, գիտական, գեղարուեստական, քաղաքական պահանջներ ու հոգսեր, մինչդեռ մենք՝ հայերս, համարեա թէ զուրկ ենք այդ մարդկային առողջ պահանջներէն՝ լրիւ կերպով, լաւ ապրելու տենչերէն, քաղաքական, գիտական եւ այլ ձգտումներէ։

Լաւ ապրելը մենք կը հասկնանք անասնական-ֆիզիքական (խմելու-հագուելու) մտքով եւ տարուած ենք ոչ թէ դրամը կեանքի բարձրացման ծառայեցնելու, այլ նկատելու զայն իբրեւ մի նպատակ, աստուածութեան նման մի սրբութիւն։

Վտանգը նրա մէջն է որ դրամագլուխ դիզելու մարմաջով տարուած են մեզ մօտ ոչ միայն չարչին ու առեւտրականը, ոչ միայն տգէտ ամբոխը, այլ բոլոր խաւերը, նոյնիսկ նրանք, որոնք հրաւիրուած են զբաղուելու քաղաքականութեամբ, գրականութեամբ, գիտութեամբ"։

Թիւրիմացութիւն չլինի, այս տողերը ես չեմ գրել, այլեւ Սիմոն Զաւարեանը, նոր էլ չի գրել, այլեւ 1912-ին, "Ազատամարտում"։ Ձեր կարծիքով այն ժամանակուանից մինչեւ հիմա մի բան փոխուե՞լ է։

Այլ խօսքով փոխարէն մեր օրերում մի գիշերում գերհարստացած հայը իր զաւակին ասի, տղայ ջան, աղջիկ ջան, իմ ժամանակ հնարաւորութիւն չկար, մենք էլ հարուստ չէինք, հիմա քամին մէկ գիշերում մեզ հարստացրել է, արի ու գնայ համալսարան, փող տամ գնայ Օքսֆորդ, մի քանի լեզու սովորի եւ այլն, համարը Hummer է առնում ու արդէն ոչ թէ ինքը, կամ տղան ու աղջիկը, այլեւ խնամու խնամիներն են թիկնապահներով ման գալիս ու էլ աւելի ճարպոտ չալաղաչների մրցոյթ ...

Ձեր կարծիքով այդ հոգեբանութեան մէջ անցնող հարիւր տարուայ ընթացքում մի բան փոխուե՞լ է։

Լաւ մնացէք։

Wednesday, November 25, 2009

ԳԻՐՔ ՈՒ ՏԵՍԱԵՐԻԶ

Կարդում էի Բարաք Օբամայի "Յոյսի յամարձակութիւնը" գիրքը։ Սա նրա երկրորդ գիրքն է։ 118 էջ կարդացել էի, երբ գիշերը քնելուց առաջ մտածեցի ինչ կարդամ, ինչ չկարդամ, որոշեցի կարդալ Ֆրանսիայի յեղափոխութեան մասին, վերցրի Ջաւահէրլալ Նեհրոյի "Հայեացք աշխարհի պատմութեանը" գրքի երկրորդ հատորը (այն երեք հատոր է), որն ընդգրկում է այդ ժամանակաշրջանը ու մէկ էլ տեսնեմ 150 էջ կարդացել եմ։ Օբամայի գիրքը մնաց, Նեհրոյի գիրքը առաջ գնաց։ Ինչու՞ (այս մասին այլ անգամ)։

Եթէ կայքջէս այցելուներից մէկը Ֆրանսիայի յեղափոխութեան, Նապոլէոնի կեանքի, Հնդկաստանի անկախութեան շարժման եւ Մահաթմա Գանդիի կեանքի մասին լաւ, կրկնում եմ լաւ ու նոր գեղարուեստական տեսաերիզ գիտի, խնդրեմ տեղեակ պահի։

Լաւ մնացէք։

Monday, November 23, 2009

Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՒՈՒՄ

Ի՞նչ է կատարւում այս ազգի հետ։

Հայաստանի Արտաքին գործոց նախարարը Երեւանում ընդունում է Լիտուացի գործընկերոջը եւ հանդիպման աւարտին մամլոյ ասուլիսի ժամանակ թղթակիցների հարցերին պատասխանում է ռուսերէն։

Երեւանի փողոցներում ցուցանակների վրայ տեղադրուել են գովազդներ "գնիր հայկականը" վերտառութեամբ, որտեղ կայ Հայաստանի ու Արցախի քարտէզները, առանց ազատագրուած տարածքների ու առանց նոյնիսկ ցամաքային որեւէ կապի։ Նոյնը անընդհատ սփռւում է հեռուստաալիքներով։

Երեւանում կազմակերպւում է հանդուրժողականութեան կապակցութեամբ քննարկում- ցուցահանդէս ու մէկ էլ հեռուստաալիքները ցոյց են տալիս մի հայ աղջկայ ու մի սիրիացի արաբ տղայի, որոնք թէեւ ազգով ու կրօնով նոյնը չեն, բայց որոշել են ամուսնանալ ու դա գովազդւում է որպէս հանդուրժողականութեան լաւագոյն դրսեւորում։

Մէկը կասի ի՞նչ է կատարւում այս ազգի հետ։

Պինդ մնացէք։




Thursday, November 19, 2009

ՀՐԴԵՀ

Նախանցեալ գիշեր, աւելի ճիշտը առաւօտը վաղ, ժամը չորս անց կէս, հինգի մօտերը, քնած էի, երբ լսեցի ոստիկանութեան կամ հրշէջ մեքենայի բարձր ձայնը։

Արթնացայ։ Ձայնը ուժեղ էր ու անդադար։ Մտածեցի մեքենայ է, անցնում է, բայց չանցաւ, մնաց։

Ի՞նչ է պատահել։ Վեր կացայ ու մօտեցայ պատուհանին։ Տեսայ հրշէջ մեքենան կանգնել է մեր շէնքի ու հէնց մեր մուտքի առջեւ։ Նշանակում է կրակ է բռնկուել։ Մի քանի հոգի հաւաքուել էին։ Մարդիկ սկսեցին շատանալ։

Պատուհանը բացեցի ու դուրս նայեցի։ Կրակ չկար, բայց հրշէջները մեր մուտքն էին մտնում։ Մտածեցի կարող է վառւում ենք, տեղեակ չենք։ Շորերս հագայ ու իջայ փողոց։ Կրակ չկար։

Մէկին հարցրի ինչ է պատահել, պատասխանեց՝ "պաժառ", որ նշանակում է հրդեհ։ "Ո՞ր հարկում", հարցրի։ "Չորրորդ", պատասխանեց մարդը։ Չորրո՞րդ։ Բայց մեր բնակարանը չորրորդ հարկում է եւ այնտեղ բան չկայ։ Պարզուեց, որ կրակ է բռնել մեր մուտքի միւս հատուածի չորրորդ հարկի բնակարաններից մէկը։ Շէնքի երկու կողմերում հրշէջ մեքենաներ կային։ Կարճ ժամանակաընթացքում կրակը հանգցրին։

Մի մարդ մօտեցաւ, սկսեց խօսել միւսների հետ, ասաց՝ "ախպէր ջան, բան չունեմ ասելու, բայց ես տանն եմ, տան դուռն էլ բաց է, ինչու՞ են պատուհանը ջարդում ներս մտնում"։ Չիմացայ ինչի մասին է խօսքը։

Ինչեւէ, բարեբախտաբար լուրջ բան չպատահեց։

Լաւ մնացէք։

Wednesday, November 18, 2009

ԱՆՅԱՐՄԱՐ ՎԻՃԱԿ

Խաչմերուկն անցնելիս երբեմն վատ եմ զգում։ Ինչու՞։ Ասեմ։

Մօտենում եմ խաչմերուկին։ Հետիոտների համար նախատեսուած լոյսը կարմրում է։ Բնականաբար, դա նշանակում է պիտի սպասել մինչեւ կանաչի, յետոյ անցնել։ Սպասում եմ։ Կողքովս անցնում են մարդիկ, կարմիր լոյսի տակ։ Մէկը, երկրորդը, յետոյ երրորդը, ու ես սկսում եմ վատ զգալ։ Մտածում եմ այդ մարդիկ կամ մեքենաների միջից ինձ նայող մարդիկ տեսնես ինչ են մտածում իմ մասին։

Մեքենաները երթեւեկում են, մարդիկ կարմիր լոյսի տակ անցնում են փողոցով ու ես կանգնած եմ մայթին ու սպասում եմ կանաչ լոյսին։

Անյարմար վիճակ է ստեղծւում։ Անցնեմ, բայց լոյսը կարմիր է, չանցնեմ, բայց բոլորն անցնում են։

Իրավիճակը մի քիչ թեթեւանում է, երբ մի երկու հոգի կանգնում եմ կողքիս ու ինձ նման սպասում են։

Ի՞նչ անել։

Լաւ մնացէք։

Tuesday, November 10, 2009

ՇԱՏ ՈՒ ՔԻՉ

"Շատ տաս, քիչ կը տամ,

Քիչ տաս, շատ կը տամ"։

Կարո՞ղ էք ասել վերոշարադրուածը ինչի մասին է։

Սկզբում, որ լսեցի, մտածեցի հանելուկ է։ Յետոյ ընկերներս բացատրեցին, որ դա հանելուկ չէ, այլ յայտնի խօսք Հայաստանի դատաւորների մասին։

Մնացածը թողնում եմ ձեզ։

Լաւ մնացէք։

Thursday, November 5, 2009

TATEVOS NOT SPEAKING...

Իրանից ԱՄՆ գաղթող հայերի Վիեննայի կեանքից հետաքրքիր դրուագներ են պատմում, որոնք մեծմասամբ կապուած են նրանց լեզուի չիմացութեան հետ։ Ահաւասիկ դրանցից մէկը։

Միջահասակ մի զոյգ Վիեննայում մտնում են ԱՄՆ դեսպանատուն հարցազրոյցի համար։ Կինը բաց է հագնուել, այսինքն երեւում է մարմնի բարեմասնութիւնները, թերեւս նա էլ ազատութեան իր ըմբռնումն ունի։

Դեսպանատան աշխատակիցը նկատողութիւն է անում կնոջը եւ ահա կնոջ պատասխանը՝ "Tatevos not speaking, you speaking?", որը պարզ է, նշանակում է՝ "Թադէոսը չի խօսում, դու՞ ես խօսում"։

Դեսպանատան աշխատակիցը անմիջապէս հաստատում է զոյգի ԱՄՆ մուտքի արտօնագիրը։

Լաւ մնացէք։

Tuesday, October 27, 2009

ՀԱՑԱԴՈՒԼԻ ԳԻՇԵՐԸ

Ես ու "Դրօշակ"-ի խմբագիր Կարէն Խանլարին Արտաքին գործոց նախարարութեան շէնքի առջեւ հացադուլի գիշերը։

Monday, October 19, 2009

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՆԿԱՐԻ ՄԱՍԻՆ (2)

Հոկտեմբերի 16-ի հանրահաւաքին կրկին մասնակցում էինք ընտանեօք՝ տղաս էլ մեզ հետ էր։

Երեխան զարմացել էր։ Նայում էր շուրջն ու տեսնում լեփ լեցուն թռուցիկներ, որոնց վրայ իր նկարն է տպագրուած։ Ենթադրում եմ մտածում էր՝ ինչու՞ իր նկարը եւ ոչ իրենց դասարանի Յովոյի կամ Լիլիթի։

Յետոյ նայեց բեմին ու ինչ տեսնի՝ իր նկարը մեծացրած, պաստառի վրայ, մի խումբ մեծահասակ մարդիկ էլ առաջը կանգնած խօսում են, լոզունգ են տալիս, "Ոչ" են կանչում։ Ինչու՞։ Ես էլ փորձում եմ երեխային մատչելի լեզուով բացատրել, որ ինչ է խնդիրը։ Հասկացաւ թէ չհասկացաւ, չգիտեմ, բայց այն, որ մնաց զարմացած՝ հաստատ գիտեմ։

Ճանապարհին ինքս ինձ մտածում եմ, որ երեխաների նկարագրի, անհատականութեան ու ապագայ ճակատագրի կերտման գործում ինչքան դերակատար են ծնողները։ Համեմատութեան կարգով պատկերացնենք մի ընտանիք, որի հայրը արուեստագետ է, պարզ է, որ տանը անընդհատ ուզեն չուզեն խօսելու են արուեստից, երաժշտութիւնից, գրականութիւնից, նկարչութիւնից, ցուցահանդէսից, հայրիկի ծննդեան օրը տանը հիւր են գալու մի խումբ արուեսատգետներ կամ միւսի հայրը մարզիկ է, ասենք ֆուտբոլիստ է, պարզ է, որ տանը խօսելու են վաղուայ խաղից ու գիշերը նայելու են ֆուտբոլի մրցոյթ եւ պատին փակցնելու են Պելէյի նկարը եւ տղան գնալու է մարզադաշտ դիտելու հօր խաղը եւ տանը Նոր Տարուան հիւրընկալուելու են միւս ֆուտբոլիստները...

Ծնողները ինչքան շատ դերակատար են երեխաների նկարագրի, անհատականութեան ու ապագայ ճակատագրի կերտման գործում։

Մտածում եմ ինքս իմ մէջ ու գտնում եմ հազար ու մի օրինակ տեսակէտս մերժող...

Լաւ մնացէք։

Saturday, October 17, 2009

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՆԿԱՐԻ ՄԱՍԻՆ (1)

Հոկտեմբերի 9-ի հանրահաւաքում, տղայիս ու իմ նկարը, մեր կամքից անկախ, նախ լայն տարածում գտաւ համացանցում, յետոյ դարձաւ Հոկտեմբերի 16-ի հանրահաւաքի թռուցիկի առաջին էջի նկարը (ի հարկէ այդ պարագային ձեւաւորողներն իմ նկարը հանել էին), յետոյ դարձաւ Արամ Ա Վեհափառի ելոյթի խտասալիկների պատկերը՝ կրկին իմ նկարը զեղջած ու ի վերջոյ Հոկտեմբերի 16-ի հանրահաւաքի բեմի պաստառի հիմնական նկարը։



Հոկտեմբերի 9-ին տղաս քայլեց Հանրապետութեան Հրապարակից մինչեւ Ծիծեռնակաբերդ։ Ճանապարհին երբ յոգնում էր, նրան դնում էի ուսերիս ու այդ անմեղ գործիցս առաջացաւ ահա այդ նկարն ու շարունակութիւնը։ Որտեղից որտեղ։ Սակայն դրա հետ կապուած մի երկու հետաքրքիր բան պատահեց։

Առաջին։ Մանկապարտէզում երեխաների մայրերը մօտեցել են կնոջս ու ասել, որ "էս ինչ են արել, երեխան մեղք է, դուք այս երկիրը չէք ճանաչում, կը բռնեն, բա էդիպիս գործ կանեն"։ Այս նախադասութիւնների մէջ հետաքրքիր մտքեր կան՝ "դուք այս երկիրը չէք ճանաչում" եւ "կը բռնեն"։

Մենք 2001-ից ապրում ենք Հայաստանում։ Այս տարիների ընթացքում շատ բաներ ենք տեսել, շատ բաներ ենք լսել, շատ բաներ են մեր գլխով անցել ու թէեւ ամբողջութեամբ համաձայն չեմ, որ մենք այս երկիրը չենք ճանաչում, սակայն չեմ էլ կարող լրիւօրէն այն մերժել։ Ինքս ինձ հարց եմ տալիս, մենք՝ Հայաստանում հաստատուած Սփիւռքահայերս, այդ դէպքում ե՞րբ ենք ճանաչելու այս երկիրը կամ ընդհանրապէս արդեօք ճի՞շտ է այս ձեւակերպումը։

"Կը բռնեն"-ը վախի արտայայտութիւն է։ Մարդիկ վախենում են։ Սա վկայում է այն մասին, որ հայրենի հասարակութիւնում առկայ է վախի մթնոլորտ։ Ու այդ պատճառով էլ շատ մարդիկ շատ բաներ չեն ասում ու չեն անում։ Եթէ չլինի վախի մթնոլորտը, վստահաբար շատ աւելի շատ մարդիկ կը միանան մեզ։

Յամենայնդէպս այդ յորդորում ինձ պարզ չդարձաւ թէ ու՞մ կը բռնեն՝ երեխային թէ երեխայի ծնողներին։

Երկու մտքերն էլ խորհելու առիթ են տալիս։

Պինդ մնացէք։

Thursday, October 15, 2009

2-0

Երկու հատ էլ երեկ կերանք... Հայաստան-Թուրքիա ֆուտբոլի խաղի գոլերը նկատի ունեմ։

Ասում են, Հայաստանի հաւաքականի առաջին գոլն ուտելուց յետոյ Սերժ Սարգսեանի ուրախութեան եւ Գիւլին ձեռք սեղմելու պատճառը եղել է գրազը։ Ասում են մեր Նախագահը Թուրքիոյ Նախագահի հետ գրազ է եկել, որ Թուրքիոյ հաւաքականը առաջին քսան րոպէում Հայաստանի հաւաքականին գոլ կը խփի ու քանի որ այդպէս էլ եղել է, նա գրազը շահել է ու հրճուանքը այդ պատճառով է եղել։

Շահումն էլ եղել է Գիւլի կնոջ պատրաստած կերակուրը։ Նկատի ունենալով, որ Թուրքիոյ Նախագահը Հայաստանի Նախագահին հիւրասիրել է նաեւ իր կնոջ պատրաստած կերակուրներով։

Սպասենք տեսնենք այս վիճակում էլ քանի հատ ու էլ որ ասպարէզներում գոլ կուտենք։

Լաւ մնացէք։

Saturday, October 10, 2009

ՈՉ

Ես ու տղաս։

Պինդ մնացէք։

Յ.Գ.։ Նկարը՝ Ֆուտոլուրից։

Wednesday, October 7, 2009

ՏԱԿԱՆՔ ԳԱԼՈՒՍՏԻՆ

Այս ոտանաւորը ձօնում եմ ԱԺ-ում Հանրապետական կուսակցութեան խմբակցութեան նախագահ Գալուստ Սահակեանին իր այս արտայայտութեան պատճառով։

Ազգի տականքը՝ դու ես։
Ազգի գլխին բեռ դարձած մոլախոտը՝ դու ես։
Թուրքին քծնողը՝ դու ես։
Թուրքի առջեւ ծալուողը՝ դու ես։
Սփիւռքը՝ մենք ենք։
Պայքարը՝ մենք ենք։
Հայրենիքի վիշտն ու ցաւը՝ մենք ենք։
Քեզ ու քո նմաններին ձեր տեղը նստացնողը՝ մենք ենք։

Monday, October 5, 2009

ԱՄՕԹ

Փարիզից յետոյ Նիւ Եորք ու հիմա էլ Լոս Անջելես։

Հայաստանի Հանրապետութեան Նախագահի ու Հանրապետական կուսակցութեան սխալ հաշուարկների ու քաղաքականութեան պատճառով, ահաւասիկ ազգովի խայտառակուեցինք աշխարհով մէկ։

Նախագահին ծաղկեփնջերի փոխարէն, դիմաւորում են...

Ստեղծեցին այնպիսի իրավիճակ, որ Սփիւռքահայութիւնը պարտաւորուեց գնալ նման քայլերի։

Մենենդեզն ու բազմաթիւ օտարներ, որոնք մինչեւ երեկ Գիւլին էին սթափուելու կոչ անում, հիմա Սարգսեանին են սթափուելու կոչ անում։ Ամէն ինչ գլխիվայր է դարձել։

Ամօթ է, ամօթ։

Saturday, October 3, 2009

ԿԵՑՑԷՆ ԵՒՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԸ

Տանը, կնոջս հետ դիտում եմ Փարիզում տեղի ունեցած դէպքերն ու աչքերիս չեմ հաւատում։

Հայեացքս կամաց նետում եմ կնոջս աչքերին։ Սարսափած է։ Չենք խօսում։

Կինս սկսում է արտասուել։ Չորս տարեկան տղաս նայում է մեզ զարմացած, ի՞նչ է պատահել, մայրիկն ինչու՞ է լացում։ Մի ժամանակ հպարտանում էի, որ տղաս ծնուել է Երեւանում...

Սփիւռքահայերը Հայաստանի Հանրապետութեան Նախագահին պիտի դիմաւորէին ծաղիկներով։ Ափսոս։ Հայաստանը մէկ անգամ եւս, ու այս անգամ թերեւս ամենավատ կերպով, բաց թողեց առիթը։ Առիթ տուեցին ու Սփիւռքահայերը Նախագահին դիմաւորեցին դաւաճան կոչելով։

Հայաստանի Հանրապետութեան Նախագահը իւրաքանչիւր հայի իրաւունքները պաշտպանողը պիտի լինէր։ Եթէ աշխարհի որեւէ անկիւնում որեւէ հայի իրաւունք էր ոտնահարւում՝ նա պիտի լինէր առաջինը, դրա դէմ բողոքող, դրա դէմ ընդվզող։ Իսկ հիմա Նախագահի աչքերի առջեւ Ֆրանսիայի ոստիականութիւնը բռնութիւն է կիրառում Ֆրանսահայերի նկատմամբ, այն հայերի, որոնց հետ իբր "երկխօսութեան" է գնացել Նախագահը ու Նախագահը չի պահանջում ոստիկանութիւնից դադարեցնել բռնութիւնները։

Ինչու՞ պահանջի, նա տարերքի մէջ է, Մարտի 1-ը վկայ...

Գործը հասել է մի տեղ, որ այլեւս օտար ոստիկանութիւնն ն է պաշտպանում Հայաստանի Հանրապետութեան Նախագահին՝ հայերից։

Եւ Նախագահը զուր է փորձում "ջենտլմենութիւն" ձեւացնել, որ իբր գնացել է Սփիւռքի հետ խօսելու։ Պրն. Նախագահ, Դուք ջենտլմէն չէք։ Զուր մի փորձէք։

Ոչ էլ "հայրենատէր" է կեղծ Նժդեհականութեամբ ինքնութիւն փնտրող Ձեր Հանրապետական կուսակցութիւնը։ Դուք ու Ձեր կուսակցութիւնը, ոչ աւել, ոչ պակաս, հայրենավաճառ է։

Խեղճ Սփիւռքահայեր։ Ինչքան մեղք ենք մենք։

Դաշնակցականի մեր տեսակը կոտրուելու իրաւունք չունի, յուսալքուելու ու հիասթափուելու իրաւունք չունի։ Բայց հարուածը ծանր է, ծանր...

Պինդ մնացէք։

Wednesday, September 30, 2009

ԳԱԼԻՍ ԵՆ

Երեկ հանդիպեցի անշարժ գոյքի մի ծանօթ գործակալի։ Հետաքրքրուեցի անշարժ գոյք գների մասին։

- Սարգիս ջան, փող ունես` տուն առ, թանգանալու է։

- Ինչու՞։ - Հարցրի։

- Թուրքերն են գալիս։ Սահմանը էսօր էգուց կը բացուի, թուրքերը կը գան, կսկսեն տուն առնել, տները կը թանգանան։ Հիմա ժամանակն է, փող ունես առ։

Այնպէս որ, մտածեցի կայքէջս այցելողներին տեղեակ պահեմ, ով փող ունի, թող տուն առնի, թանգանալու է, թուրքերն են գալիս...

Լաւ մնացէք։

Monday, September 28, 2009

ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ Հ1

Պարոյր Սեւակն ասում էր 20-րդ դարում դժուար է մարդուն զարմացնել։ Երանի լինէր ու տեսնէր, որ մեր հայրենի իշխանաւորները իրենց արարքներով ինչպէս են օրը մի քանի անգամ ապացուցում Սեւակի ասածի անճշտութիւնը։

Կիրակի գիշեր դիտում եմ "Հայլուր"։ Թղթակիցը եղել է այսօրուայ Թուրքիայի հետ սահմանամերձ Բայանդուր գիւղում։ Ցոյց է տալիս գիւղի բնակիչ մի տիկնոջ։ Յետոյ ասում է, որ այդ կնոջ աղջիկը ամուսնացել է թուրք վարորդ Եաշայի հետ (անունը չեմ յիշում, բայց էական էլ չէ) ու նրանք երջանիկ ապրում են Գիւմրիում եւ ջերմ են նրանց յարաբերութիւնները։

Պոզ չեմ հանում, միմիայն այն պատճառով, որ մարդ արարածն ի վիճակի չէ պոզ հանել։

"Հայ աղջիկը ամուսնացել է թուրք տղայի հետ ու նրանք ջերմօրէն ապրում են Գիւմրիում", հաղորդում է Հ1-ը։ Մտածում եմ, ո՞րն է այս ռեփորթաժի նպատակը։ Այս ռեփորթաժը պատրաստողներն ու սփռողները ի՞նչ պատգամ են ուզում փոխանցել հայ երիտասարդներին։ Չափ կա՞յ մեր իշխանաւորների թրքասիրութեանը։

Ի՞նչ է կատարւում մեզ՝ հայերիս հետ։

Յետոյ մտածում եմ՝ Իրանահայերը ինչու՞ չորս հարիւր տարի հայ մնացին Իրանում։

Պինդ մնացէք։

Sunday, September 27, 2009

...Ի ՄԱՔՍԱՅԻՆԷ... (2)

Այս ամբողջը չորս արկղ անձնական օգտագործուած ապրանքների համար, որոնցից ի դէպ մէկ ու կէս արկղը գիրք։

Եթէ մարդը առեւտրական լինի դա բոլորովին այլ հարց է, բայց միթէ հնարաւոր չէ մէկին ուղարկեն քո ներկայութեամբ արկղերդ բացի, նայի, հաստատի, որ ճիշտ ես ասել թէ սուտ, ու հարցը լուծուի։

Մի խօսքով, ես ու կինս ու տղաս երեք օր վազելուց ու $350 ԱՄՆ դոլար պետական ու "ոչ պետական" մուծումներ անելուց յետոյ կարողացանք ստանալ մեր չորս արկղ անձնական օգտագործած իրերը։

Ի միջի այլոց նշեմ, որ անկախ պատճառից, այսինքն քո պատճառով է թէ գրասենեակային քաշքշուկների, ամէն մէկ օրը, որ ապրանքներդ մնում են մաքսայինում պիտի պահեստի փող մուծես։

Հետաքրքիր է իմանալ ինչո՞վ է զբաղուած Սփիւռքի նախարարութիւնն ու իր հայրենադարձութեան վարչութիւնը։

Այնպէս որ բոլոր նրանք, ովքեր մտադիր են հայրենադարձուել, նախքան հայրենադարձուելը թող լաւ մտածեն...օրինակ իրենց օգտագործած իրերի ու գրքերի մասին։

Լաւ մնացէք։

Յ.Գ.(1) Իմ ապրանքները 135 կիլօգրամ էր, որից 41-ը գիրք։ Ինձ հետ միասին իմ բարեկամները, որոնք մեկնում էին ԱՄՆ 600-ից աւելի կիլօգրամ անձնական օգտագործուած իրեր ուղարկեցին ԱՄՆ, եւ 200-ից աւելի Աւստրիա։ Բնականաբար հետաքրքրուեցի նրանց իրերի ճակատագրի մասին։ Վիեննայում վճարել են 70 Եւրօ, իսկ ԱՄՆ-ում 30 դոլար։ Ոչ մի քաշքշուկ, ոչ մի ցանկագրում, ոչ մի աւելորդաբանութիւն։ Մեկնաբանութիւնը թողնում եմ ընթերցողին։

Յ.Գ.(2) Մաքսաւորի պահանջներն ինձ մի պատմութիւն յիշեցրեց։ Ասում են մի կաշառակեր դասախօս է եղել։ Քննութեան ժամանակ մտածել է ուսանողին ինչ հարց տայ, որ նա չկարողանայ պատասխանել ու նա կարողանայ ուսանողից դրամ վերցնել։ Հարցրել է երբ է սկսել Երկրորդ Համաշխարհային պատերազմը։ Ուսանողը ճիշտ է պատասխանել։ Երբ է վերջացել։ Պատասխանել է ճիշտ։ Որ երկրներն են մասնակցել։ Պատասխանել է ճիշտ։ Ինչ հարցնի, ինչ չհարցնի, որ ուսանողին նեղը դնի։ Հարցրել է ուրեմն գրիր բոլոր զոհուածների անունները, ծննդեան թուականներն ու ծննդավայրերը։ Ուսանողը գերադասել է կաշառք տալ ու անցնել։ Չգիտեմ ինչու եմ զգում, որ այս պատմութիւնն ու ինձ պատահածն իրար նման են։ Դուք ի՞նչ էք կարծում։

Saturday, September 26, 2009

... Ի ՄԱՔՍԱՅԻՆԷ ...(1)

Իմ կարծիքով մեր աղօթքի այն բաժնում, որտեղ ասւում է "Աստուած փրկէ զմեզ ի չարէ", պիտի անպայման աւելացնել "ի մաքսայինէ, ի հարկայինէ, ի ՕՎԻՐ-է ու էլի նման բաներէ"։

Ինչու՞։ Ասեմ։

Իրանում էի ու որոշեցի անձնական իրերս, որ մնացել էին այնտեղ, փոխադրել Հայաստան։ Առաջին անգամ 2002-ին այդ գործն արել էի, տուն ու տեղս փոխադրել էի Հայաստան։ Տուն ու տեղ այսինքն իմ տան իրերը, օգտագործուած, անձնական։ Փոխադրեցի, մէկ շաբաթ վազեցի մաքսային ծառայութեան այս գրասենեակից միւսը, տասերորդական պաշտօնեայի գրասենեակից առաջնային ու ի վերջոյ վճարելով $2500 ԱՄՆ դոլար միայն մաքսայինին, ապրանքներս տուն հասցրի՝ հայհոյելով ինքս ինձ։

Անցել էր 7 տարի։ Մնացած ապրանքներից չորս արկղ բեռնափոխադրման ընկերութիւններից մէկի միջոցով ինքս իմ ձեռքով ուղարկեցի Հայաստան, մինչ այդ ընկերութեան տնօրէնին մի քանի անգամ հարցնելով՝ դուք մինչեւ հիմա Հայաստան բեռ ուղարկե՞լ էք, մաքսայինում խնդիրներ չկա՞ն։ Մարդն էլ զարմանքով նայում էր ինձ ու պատասխանում, որ մենք աշխարհի տարբեր երկրներ ապրանք ենք ուղարկում, խնդիր չկայ, ինչու՞ պիտի խնդիր լինի, սրանք ձեր անձնական օգտագործուած իրերն են։ Ես էլ հարցս կրկնում էի, աշխարհի տարբեր երկրների հետ գործ չունեմ, Հայաստան բեռ ուղարկե՞լ էք։

Մաքսայինից զանգեցին, որ ապրանքներդ հասել են, եկ, տար։ Գնացի։ Առաջին իսկ պահից զգացի սխալս ու մտածեցի 2002-ին ինքս ինձ քիչ եմ հայհոյել, որ տարիներ անց կրկնել եմ նոյն սխալը։ Մի երկու գրասենեակ այցելելուց յետոյ ուղարկեցին պետի մօտ (այնքան, որ ես հասկացայ մի քանի պետ կար)։ Պետն էլ չի խօսում։ Ինքն ով, սովորական մարդիկ ով, կարժէ՞ն որ խօսի։ Առանց բարեւի պատասխան տալու՝ "մտիր այնինչի մօտ"։

Մտայ։ "Պիտի գրէք ձեր բերած ապրանքների անունները հատ առ հատ, կշիռը, արտադրման թուականը, արտադրող երկրի անունը..."։
-41 կիլօգրամ գիրք ունեմ, անունները եւ արտադրման երկրների անունները պիտի՞ գրեմ։
-Այո։
-Իսկ երեխայի խաղալիքները՞։
- Ի՞նչ խաղալիքներ են, փափուկ թէ այլ։
- Երկուսն էլ։
- Աւտօ էլ կա՞յ։
- Կայ։
- Գրէք փափուկ խաղալիքների կշիռը եւ արտադրման երկիրը, անուն առ անուն ցանկագրէք միւս խաղալիքները եւ արտադրման երկիրը։ Էլ ի՞նչ կայ։
- Բարձ։
- Որտեղի՞ արտադրութիւն է։
- Զոքանչիս։

Մարդը ծուռ ծուռ է նայում։ Պիտի գրէք արտադրման երկիրը։
- Ես այդքան բան որտեղի՞ց յիշեմ։
- Ես ուզում եմ քեզ օգնել, մտիր այնինչ գրասենեակը, զննման դիմում գրիր, դիմումդ տար այնինչ գրասենեակը, որ ստորագրեն, յետոյ տար այնինչ գրասենեակը, որ պեչատեն (կնքեն), դրանից յետոյ քեզ իրաւունք կը տան մտնես պահեստ, իրերդ բացես, էդտեղ մէկ մէկ ցանկագրիր ինչպէս ասացի, ու եկ ինձ մօտ"։
- Ես ուզում եմ իրերս յետ ուղարկել, ի՞նչ պիտի անեմ։
- Խորհուրդ չեմ տայ, դա աւելի բարդ է։

Շարունակեմ թէ՞ բաւական է։

Friday, September 25, 2009

ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ

Կաթողիկոս ունենք աշխարհը չունի։ Ոչ ոք հակառակում ինձ չի կարող համոզել։ Եթէ կասկածներ էլ ունէի, երեկ փարատուեց։ Հեռուստացոյցով հետեւում եմ լուրերին։ Նախագահը հանդիպել է Կաթողիկոսին։ Բացատրում է իր "սխրագործութեան" մասին։ Կաթողիկոսն էլ քարացած թէ ապշած կամ սառցակալած նայում է Նախագահին։ Յետոյ պատասխանում է http://www.azatutyun.am/content/article/1830412.html

Կարճ ասած,

- ողջունում է Նախագահի համահայկական ուղեւորութիւնը։

- ասում է, լաւ է, որ Սփիւռքը առիթ կունենայ անձամբ Ձեզանից լսելու իրեն յուզող հարցերի պատասխանները։

Վերջ։

Ինքը, որպէս Կաթողիկոս արձանագրութեան հետ կապուած որեւէ խնդիր չունի, որովհետեւ եթէ ունենար կասէր, ուրեմն համաձայն է, Հայաստանի հայութիւնն էլ (Կաթողիկոսի կարծիքով) խնդիր չունի, որովհետեւ եթէ ունենար, Կաթողիկոսը մի երկու բառ կասէր։ Պարզապէս, ըստ Կաթողիկոսի, Սփիւռքին յուզող հարցեր կան, այն էլ Նախագահը կերթայ կը պատասխանի։

Մինչեւ հիմա 17000 հոգի մասնակցել են Դաշնակցութեան կազմակերպած ստորագրահաւաքին։ Հարց է առաջանում, Կաթողիկոսը այդ 17000 հոգու Կաթողիկոսն էլ է թէ՞ ոչ։ Եթէ այո, ինչու՞ չի արծարծում դրանց խնդիրները։ Եթէ ոչ, գոնէ ասի, իմանանաք։

Կաթողիկոս ունենք, աշխարհը չունի։

Որտե՞ղ ես Խրիմեան Հայրիկ։

Պինդ մնացէք։

Thursday, September 24, 2009

ՀԱՑԱԴՈՒԼ (3)

Հետաքրքիր էր ստորագրահաւաքին մասնակցող մարդկանց վերաբերմունքը։ Բազմաթիւ մարդիկ իրենք էին մօտենում ու ցանկութիւն յայտնում ստորագրել։ Որոշներն էլ մատեանում իրենց կարծիքն էին գրում։

Մի կին մօտեցաւ, 60-65 տարեկան կը լինէր։ Ասաց ես ուզում եմ ստորագրել նաեւ հայրիկիս փոխարէն, կարելի՞ է։ Ասացինք թող ինքը գայ։ Բացատրեց ու իր կարծիքը գրեց մատեանում։

Պարզուեց, որ ամերիկացիները եղեռնի ժամանակ այդ կնոջ հորը՝ փոքրիկ մի երեխայ, դիակների մէջ գտել են ողջ։ Եւ նրան տեղափոխել են մանկատուն։ Հետագային հայրը հաստատուել է Գիւմրիում ու դարձել պատմութեան ուսուցիչ։ Կինը չափազանց յուզուած էր ու ամօթ էր տալիս այս իշխանաւորներին։ Ասում էր` "Ինչպէ՞ս կարող են մոռանալ մեր ազգի պատմութիւնը", ասում էր՝ "Ես ինչպէ՞ս եմ կարող մոռանալ հօրս ճակատագիրը"...

Ոմանք մօտենում էին, ստորագրում ու միաժամանակ հարցնում՝ "Տղերք, վստա՞հ էք էս իշխանութիւնները գլխիս բան չեն սարքի"։ Սա էլ խօսքի ազատութեան չափանիշը։ Մարդիկ վախենում են կարծիք յայտնել։ Էլի լաւ էր գոնէ այդ մարդիկ ստորագրում էին, մտածում էի տեսնես քանի քանիները կան, որ սրտով ու հոգով մեզ հետ են, բայց վախենում են նոյնիսկ ստորագրել։

Մի երիտասարդ տղայ մօտեցաւ ու ասաց՝ "Ուզում եմ մասնակցել հացադուլին, ի՞նչ անեմ"։ Պատասխանեցինք "Պիտի հերթագրուես, բայց դժուար քեզ հերթ հասնի, ցանկացողները շատ են"։

Ոմանք մօտենում ու հացադուլաւորներին օրհնում էին։

Մինչեւ մեր հացադուլի աւարտը 10000-ից աւելի ստորագրութիւն էր հաւաքուել։

Զաւեշտալի դէպքեր էլ պատահեցին։ Օրինակ մեր դիմացը մի տղայ կանգնեց, որը բջջայինով խօսում էր։ Ըստ երեւոյթին ժամադրուել էր ու հասցէր էր տալիս։ Ասաց՝ "Ես դաշնակների դէմն եմ"։ Փաստօրէն ոչ Արտաքին գործոց նախարարութեան դէմը, այլեւ դաշնակների դէմը։ Այլ խօսքով մի քանի օրում մենք դարձանք հասցէ տալու նշան։

Լաւ մնացէք։

Wednesday, September 23, 2009

ՀԱՑԱԴՈՒԼ (2)

Երկու օրուայ ընթացքում երեք անգամ հարցազրոյց տուեցի, երկուսը "Երկիր Մեդիա" հեռուստաալիքին, մէկը գերմանական ARD։

Դաշնակցութիւնը ներկայիս Հայաստանում տեղեկատուական շրջափակման մէջ է։ Հեռուստաալիքները, ի բացառեալ "Երկիր Մեդիայի", չեն հաղորդում Հանրապետութեան հրապարակում տեղի ունեցող հացադուլի, նստացոյցի եւ ցուցահանդէսի մասին։ Խօսքիս մէկ ապացոյցն է անցեալ շաբաթուայ ընթացքում Հայ Դատի կենտրոնական գրասենեակի պատասխանատու՝ Կիրօ Մանոյեանի հարցազրոյցին թղթակիցների չմասնակցելու փաստը, մինչդեռ մինչ այդ գալիս էին թերեւս առանց բացակայութեան։

Գերմանացիները հարցնում էին, որ եթէ այդուամենայնիւ համաձայնագիրը հաստատուի, ի՞նչ էք անելու։ Ասացի, որ դրանով երկիրն ու երկինքը իրար չեն խառնուելու, մենք 120 տարուայ պայքարի փորձ ունենք, մենք շարունակելու ենք մեր պայքարը, սակայն ինչ խօսք, որ աւելի է բարդանալու վիճակը։ Յամենայնդէպս ինչքան էլ բարդ, սակայն այն, որ մենք Թուրքիայից հողային պահանջ ունենք, անվիճելի է ու գալու է հատուցման օրը։

Էս էլ ես եմ, որ կարդում եմ Միքայէլ Վարանդեանի "Հայրենիքի գաղափարը" գիրքը։

Tuesday, September 22, 2009

ՀԱՑԱԴՈՒԼ (1)

Սեպտեմբերի 19-ի առաւօտեան ժամը 10:00-ից մինչեւ Սեպտեմբերի 21-ի առաւօտեան ժամը 10:00-ը, 48 ժամով ես էլ միացայ իմ ընկերներին եւ հացադուլ արեցի Արտաքին գործոց նախարարութեան շէնքի առջեւ։ 24 հոգի էինք։

48 ժամուայ ընթացքում հազար ու մի բան մտքովս անցաւ ու հետաքրքրի բաներ պատահեցին։ Օրինակ մտածում էի սրանից 19 տարի առաջ Սփիւռքում, երազում էինք Հայաստանի անկախութեան մասին, հաւատում էինք, որ գալու է անկախութեան օրը, բայց չէինք պատկերացնում, որ այն երբ տեղի կունենայ։ Տեղի ունեցաւ։ Երկիրն անխակացաւ։

Սակայն ամբողջ այդ տարիների ընթացքում երբէք չէինք մտածում ու պատկերացնում, որ մի օր կը պարտաւորուենք անկախ Հայաստանի Արտաքին գործոց նախարարութեան շէնքի առջեւ հացադուլ յայտարարել եւ երկու գիշեր քնել նախարարութեան շէնքի առջեւ։ Ճակատագրի ինչ խաղեր... Դա էլ եղաւ։

Աստուած է իմանում էլ ի՞նչ կը լինի։

Ինչքան տարբերութիւն կայ Հայաստանի մասին մեր պատկերացումների ու իրականութիւնների միջեւ։

Մտածում էինք երկիրը կանկախանայ, կունենանք պետութիւն, պետութիւնը տէր կը կանգնի իւրաքանչիւր հայի ճակատագրի, պետութիւնը տէր կը կանգնի Հայ Դատի պայքարին...

Friday, September 18, 2009

ԷԼԻ ԶԱՔԵՒՈՍԻ ՄԱՍԻՆ

Արդէն այս կայքէջում առիթ ունեցել եմ գրելու "Զաքեւոսի*" մասին։ Ասացի պէտք է ուշադիր լինել Զաքեւոսից, որպէսզի մեր դարպասը գոլ չխփի։ Խփեց։ Ու ոչ թէ մէկ հատ։

Իշխանութիւնը պահելու, պատմութեան մէջ մի ինչ որ գործով (հոգ չէ արտառոց) յաւերաժանալու մարմաջից ելնելով, հայրենի իշխանութիւնները մէկը միւսի հետեւից գոլ են խփում հայութեան դարպասում։

Սա նմանում է երկու անհաւասար ուժերով ֆուտբոլ խաղացող խմբերի պայքարին, որոնցից մէկի աւագը, գալով այն համոզման, որ անկարող է մրցակցին գոլ խփել, որոշում է գոլ խփել սեփական խմբի դարպասն ու դրանով առնուազն իր անունը յաւերժացնել, ինչ կարեւոր է ինչպէս, հէնց այն, որ իր անունն էլ կարձանագրուի գոլ խփողների շարքում, բաւական է։

Սա ներկայիս մեր իշխանութիւնների վիճակն է։ Գյուլին հրաւիրեցին ու ինչպէս կորած ու նոր նոր գտած եղբոր նման ընդունեցին, հիմա էլ նախաստորագրուած արձանագրութիւն են հրապարակել ու արի ու տես դրանում ոչ միայն Ցեղասպանութեան մասին իրենք են կասկած յայտնում, այլեւ հրաժարւում են հողային պահանջատիրութիւնից ու Արցախի ազատագրուած տարածքներից։

Միայն որպէսզի հանրութեանը ընտելացնեն իրավիճակին որդեգրել են բառախաղերի ձեւը։

Ի տես այս ամբողջի մտածում եմ նախքան թուրքերի հետ քննարկենք Ցեղասպանութեան հարցը, աւելի լաւ չէ՞ ինքներս մեր մէջ այդ հարցը քննարկենք , ի վերջոյ Ցեղասպանութիւ՞ն եղել է թէ ոչ։
Մենք թուրքերից հողային պահանջ ունե՞նք թէ չունենք։

Դժուար թէ մէկը սրանց նման կարողանար ջրել տասնամեակներ շարունակ Հայ Դատի անխոնջ նուիրեալների արածները։

Պինդ մնացէք։

* Անունը գրել եմ այնպէս ինչպէս լսել եմ նախապէս պատմածս պատմութեան մէջ։ Այն ընտրուած է պատահական։

Thursday, September 17, 2009

ԳՆԱՑԵԼ ԵՆ

Պարսիկ համալսարանաւարտ քաղաքականութեան հետ գործ չունեցող մի երիտասարդ տղայ աշխատանքի բերումով երեք ամսով եղել էր Եւրոպայի մի քանի քաղաքներում։ Վերադարձին, երբ նրան հարցրինք ինչ է տպաւորութիւններդ, պատասխանեց՝ “Տղերք, մեր համեմատութեամբ նրանք ոչ թէ զարգացած են, կամ յառաջադիմել են, ոչ, բացարձակապէս, նրանք գնացել են, հետքն անգամ չկայ”։

Այդ տղան պարսիկ էր ու խօսում էր Իրանի մասին։ Իրանը գտնւում է Երրորդ Աշխարհի երկրների շարքում եւ այնքան էլ գայթակղեցուցիչ վայր չէ ապրելու համար։ Այդուհանդերձ իմ կարծիքով, ցաւօք, մեր երկիրը գտնւում է Չորրորդ Աշխարհի երկրների շարքում, որոնք մինչեւ Երրորդ Աշխարհ դեռ մի երկու հարիւր տարի ճանապարհ ունեն անցնելու։

Ամէն անգամ երբ համեմատում եմ երկու երկրների առողջապահական, բժշկական, ապահովագրական եւ այլ ոլորտները, էլ աւելի եմ համոզւում տեսակէտիս մէջ։ Սկզբում, երբ նոր էի եկել Հայաստան, այսպէս չէի մտածում։ Տեսնում է խնդիրները, սակայն այն կարծիքին էի, որ Հայաստանը շատ արագ ճանապարհ կանցնի ու թռիչք կարձանագրի։ Այսօր այդ կարծիքին չեմ։ Իսկ մենք որտեղ, Արեւմուտքը որտեղ։ Չեմ էլ կարծում, որ դա միայն մեր երկրին է վերաբերում։ Մի մտաւորական “նորանկախ հանրապետութիւններ” դարձուաքի փոխարէն, ասում էր “նոր յետ ընկած” հանրապետութիւններ։ Տխուր է, տխուր։

Պինդ մնացէք։

Monday, September 14, 2009

ԱՄԷՆ ԱՆԳԱՄ...

Ամէն անգամ երբ Հայաստանից ոտս դուրս եմ դնում մի բան պատահում է, անցեալ անգամ "Մարտի 1" սարքեցին ու այս անգամ էլ ուզում են հայրենիքը վաճառել։

Վերադարձել եմ։

Պինդ մնացէք։

Thursday, August 27, 2009

ԻՐԱՆ

Ես Իրանում եմ։

Երեւանում կը լինեմ Սեպտեմբերի կէսերին։

Մինչ այդ՝ լաւ մնացէք։

Tuesday, August 25, 2009

ԳՐՔԻ ՀՈՏ

Այսօր գնացել էի գրախանութ։

Գրքերն էի նայում, երբ մի 35-40 տարեկան կին իր փոքր աղջկայ հետ յայտնուեցին կողքումս։

Մայրը աղջկան մի բան ասաց, որ ինձ շատ դուր եկաւ։

Ասաց՝ "Տես ինչ լաւ հոտ է գալիս, գրքի հոտ է"։ Եւ այդ նախադասութիւնը կրկնեց մի քանի անգամ, "Անուշ է, չէ՞, գրքի հոտ է"։

Շատ դուրս եկաւ։ Ահաւասիկ երեխային գրքի աշխարհի հետ ծանօթացնելու ու գրքի հետ հարազատացնելու լաւագոյն ձեւերից մէկը։ Ոչ միայն երեխայի ձեռքը պիտի բռնել ու գրախանութ տանել, այլեւ նոյնիսկ գրքի հոտով պիտի երեխային հրապուրել։

Կեցցէ այդ կինը։

Լաւ մնացէք։

Monday, August 10, 2009

ԿՆՈՒՆՔ

Ընկերս Ամերիկայից եկել էր աղջիկներին Հայաստանում մկրտելու համար։ Կնքահայրն էլ ես էի։ Շատ չէինք։

Էջմիածնի մկրտարանում ամէն ինչ ընթանում էր բնական հունով, որ մէկ էլ զգացի բազմաթիւ լոյսերի (flash) առկայութիւնը մեզ վրայ։ Անբնական էր։ Կողք նայեցի ու ինչ տեսնեմ...

Չինացի զբօսաշրջիկներ, որոնք պատահմամբ այդ պահին յայտնուել էին Էջմիածնում ու առիթը բաց չէին թողել։ Մի պահ զգացի հոլիւուդեան աստղ եմ դառել։

Մի խօսքով, լաւ անցաւ։

Լաւ մնացէք։

Յ.Գ. (1)։Սա չինացիների խմբի մէկ մասն է։
Յ.Գ. (2)։ Նկարում ինձ չփնտռէք։

Monday, July 27, 2009

ԴԱՍԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Դասախօսութիւն պատանեկանի վարիչների համար, Դիլիջան, 4 Յունիսի 2009 թ.

Sunday, July 26, 2009

ԱԽԱԼՔԱԼԱՔԻՑ Ա...

"Քոյրիկ ջան, ամուսինդ Ախալքալաքից ա"։

"Ոչ"։

"Բա էնօրը տելեւիզըռից տեսայ ջաւախքցիների համար կռիւ էր անում"։

"Չէ, դաշնակ ա"։ - Ընկերոջն օգնութեան է հասնում մէկ ուրիշը։

"Հա՞, դաշնա՞կ ա"։

"Ոչ, դաշնակցական է"։

"Ես դաշնակներին չեմ սիրում, նրանք հայրենիքը ծախեցին"։

"Դա ձեր կարծիքն է։ Նրանք հայրենիքը ոչ ծախել են, ոչ էլ ծախելու են"։

"Ես գրքերում եմ կարդացել"։

"Սխալ գրքեր էք կարդացել"։

"Բա ինչպէ՞ս պիտի մտնել Դաշնակցութիւն կուսակցութեան մէջ"։

"Դիմում պիտի տաք"։

"Մի բան տալի՞ս են"։

"Չէ, Դաշնակցութեան մէջ հակառակն է, անդամներն են մի բան տալիս"։

"Եաա, հերքի չի գնամ անդամ դառնամ, մի բան էլ տամ"։

Վերոյիշեալ խօսակցութիւնը տեղի է ունեցել մի քանի օր առաջ կնոջս ու մեր շէնքին կից շէնքի առջեւ առաւօտից գիշեր նարդի ու շախմատ խաղացող մի քանի 55-65 տարեկան մարդկանց միջեւ։

Կինս անցնելիս է եղել, երբ, ինչպէս տեսնում էք, առանց որեւէ այլեւայլի ու ծանօթութեան ու բարեւ, Աստծոյ բարեւի, մարդիկ սկսել են հարցաքննել նրան։

Կարճ տեւած խօսակցութեան մէջ մտորումների տեղիք տուող հետաքրքիր, բայց մաշուած մտքեր կան, ինչպէս "դաշնակ", "ջաւախքցիների համար կռիւ տալ", "հայրենիքը ծախել", "մի բան տալիս են" եւ այլն։

Սակայն ինձ աւելի շատ հետաքրքրում է այդ մարդկանց կարգավիճակը։ Առանց արձակուրդի առաւօուանից ուշ գիշեր շէնքի առջեւ նարդի ու շախմատ խաղացող մարդիկ ո՞ր եկամուտով են ապրում։

Լաւ մնացէք։

Friday, July 24, 2009

ՍԵՌԱՅԻՆ ԱՆՀԱՒԱՍԱՐՈՒԹԻՒՆ

Երեկ հրաւիրուած էի մասնակցելու “My Nation” գրքի շնորհահանդէսին։

Հրաւիրատոմսում նշուած էր՝ “Հրաւիրուած էք ընտանեօք”։ Կինս էլ ցանկութիւն յայտնեց մասնակցելու։

Սակայն ի՞նչ անենք տղայիս։ Մեզ հետ տանել չենք կարող։ Իսկ երկու ժամ ու՞մ մօտ թողնենք։ Նկատի ունենալով, որ մօտ բարեկամներ չունենք (մեծ պապ, մեծ մամ եւ այլն), որի մօտ թողնենք, ուրեմն մէկնումէկս տանը պիտի մնայ ու երեխային պահի։ Ո՞վ։ Գրքի հեղինակն իմ ծանօթն է։ Ուրեմն շնորհահանդէսի հրաւէրն առաջին հերթին ինձ է ուղղուած։ Ուրեմն առաջին հերթին ես պիտի ներկայ լինեմ։

Մասնակցեցի, սակայն ծրագրի ամբողջ տեւողութեան ընթացքում մտածում էի, որ անարդարութիւն է տեղի ունեցել։ Մտածում եմ սա սեռային անհաւասարութեան արտայայտութիւն է։ Ինչու՞ պիտի կինս տանը մնար ու չմասնակցէր, իսկ ես մասնակցէի։ Ես մասնակցում եմ, նոր ծանօթներ եմ գտնում ու անընդհատ մեծացնում եմ իմ ընկերական շրջապատը։ Նա տանը նստում է, նոր ծանօթներ չի գտնում ու անընդհատ մնում է իր նոյն ընկերական շրջապատում։

Կարծում եմ սցենարը նոյնն է շատ ու շատ ընտանիքների պարագային էլ։

Ի՞նչ պիտի անել։

Լաւ մնացէք։

Friday, July 17, 2009

ԲԱԽՏ ԿԱՄ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹԻՒՆ

”Շանթ” հեռուստաալիքի երեկուայ “Հորիզոն” ծրագրի հիւրն էր հանգստի կոչուած մի օդաչու, Խալաթեան ազգանունով, որը ներկայիս “Արմաւիա” օդանաւային ընկերութեան ուսումնական բաժնի պետի տեղակալն է։

Հետաքրքիր ու ահաւոր տեղեկութիւններ տուեց, որոնցից մի քանիսը գրի եմ առնում.-

- Ամբողջ Խորհրդային Միութիւնը գիտի, որ “Տոպոլով” օդանաւի արտադրութեան համար սերտիֆիկատ (արտօնագիր) չէին տալիս եւ ի վերջոյ քանի որ շահագրգիռ կողմերը Պոլիտ Բիւրոյում ծանօթ ունէին (տուեց մէկի անունը, որը չեմ յիշում) կարողացան նրա միջոցով ստանալ սերտիֆիկատ։

- Ըստ վիճակագրական տուեալների “Տոպոլով” օդանաւերը ամէն 40000 ժամ (քառասուն հազար) թռիչքի պարագային մէկ վթար են ունենում (խօսքը մէկ օդանաւի մասին չէ, այլ տուեալ տեսակի օդանաւերի ընդհանուր թռիչքաժամերի), մինչդեռ Բոյինգի պարագային դա 1000000 (մէկ միլիոնից աւելի) ժամ թռիչքի պարագային է լինում եւ Էյր Բասի պարագային երկու միլիոնից աւելի թռիչքի պարագային։

- Տոպոլով (եւ ընդհանրպաէս ռուսական) օդանաւերի տեխզննումը միշտ չէ որ իրականանում է ըստ պահանջի։ Բացայայտուել են դէպքեր, երբ մարդիկ կաշառք են տուել ու ստացել տեխզննման վկայագիր*։

- Արձանագրուել են դէպքեր, երբ օդանաւի աշխատամասերը նորոգուել են ոչ թէ համապատասխան վայրում, այլ մի ինչ որ մէկի տան գարաժում։

- “Տոպոլով” օդանաւերն ունեն երեք շարժիչ եւ եթէ նոյնիսկ երեք շարժիչներն էլ չաշխատեն հմուտ օդաչուն կարող է արտակարգ վայրէջք կատարել։ Սակայն “Տոպոլովների” պարագային կատարւում է հետեւեալը՝ շարժիչը չի աշխատում եւ անջատում է օդանաւի հիդրաւլիկ համակարգը։ Արդիւնքում օդանաւը չի ենթարկւում օդաչուին։ Այն վերեւ ու ցած չի անում։

- 95-96 թուականներին հայ օդաչուներն աշխատում էին Իրանական “Մահան Էյր” օդանաւային ընկերութեան համար։ Պատահել են դէպքեր, երբ օդաչուն թռիչքից առաջ կենտրոնին տեղեկացրել է, որ օդանաւում նկատում է անսարքութիւն եւ կենտրոնն էլ պատասխանել է` “ոչինչ, թռէք, ոչ մի բան չի լինի”։

- Պատահել է օդանաւի շարժիչը նորոգել են եւ թռիչքից առաջ պարզուել է, որ շարժիչի իւղում երկաթի կտորներ կան։ Նոյնը պատահում է նաեւ մեքենաների պարագային։ Օդաչուն փոխանցել է, որ խնդիր կայ եւ կենտրոնն էլ պատասխանել է` “ոչինչ, թռէք”։

Չեմ շարունակում։

Խալաթեանի ասածները գրեցի յիշողութեամբ։ Հետաքրքրուողները ասածների մասին ստոյգ իմանալու համար կարող են դիմել “Շանթ” հեռուստաընկերութիւն։

Եզրակացութիւն։ Երրորդ աշխարհի բնակիչները կամ բախտի բերմամբ են ապրում կամ էլ պատահմամբ։

Պինդ մնացէք։

Ի դէպ նոյնը կատարւում է մեքենաների տեխզննման պարագային Հայաստանում։ Ի բրդէ մեքենաները տարին մէկ անգամ պիտի տեխզննում անցկացնեն ու եթէ չեն համապատասխանում պահանջուած չափանիշներին, պիտի վերացնել մեքենայի անսարքութիւնները, սակայն մեքենավարները փող են տալիս (կաշառք) ու ստանում համապատասխան վկայագիր եւ պիտակն ամենայն հպարտութեամբ փակցնում մեքենայի դիմապակուն (այդ գումարը մի ժամանակ 4000-5000 դրամ էր)։ Հայաստանում ով մեքենայ ունի, գիտի ինչ եմ ասում։

Այսքանը գիտէի, բայց որ այն կիրառւում է նաեւ օդանաւերի պարագային՝ չգիտէի։

Wednesday, July 15, 2009

Monday, July 13, 2009

“ՎԱՂԱՐՇԱՊԱՏ”

Ամերիկայի Միացեալ Նահանգների Արեւմտեան ափի ՀՅԴ Երիտասարդական միութեան ութ անդամներ YouthCorps ծրագրի շրջանակներում գտնւում են Հայաստանում։ Խմբի հիմնական նպատակն է մեկնել Գիւմրի, որտեղ մէկ ամիս պիտի իրականացնեն կրթադաստիարակչական եւ բարեգործական աշխատանքներ։

Խմբի անդամները երեկ այցելել են Էջմիածին, որից յետոյ Էջմիածնի մօտակայքում գտնուող “Վաղարշապատ” ճաշարանում ընթրել են ու լաւ ժամանակ անցկացրել։ Ուշ երեկոյեան վերադարձել են տուն։

Երկուշաբթի առաւօտեան, երբ աշխատանքի եկայ, խմբի պատասխանատուն մօտս եկաւ տխուր ու մտահոգ։ “Ի՞նչ է պատահել”, lարցրի։ Պարզուեց, որ պատասխանատուն փողի պայուսակը, որի մէջ է եղել խմբի ամբողջ գումարը, մի քանի հազար դոլար, եւ անձնագիր (passport) տեղ է թողել ճաշարանում։

Հայաստանի մեր ընկերներից մէկին խնդրեցի, որպէսզի խմբի անդամների հետ գնայ ճաշարան եւ խօսի տնօրէնի հետ։ Գնացին։ Ու ահա քիչ անց վերադարձան ուրախ ու զուարթ։

Մատուցողը սեղանի վրայից գտել, վերցրել է պայուսակը ու այն յանձնել տնօրէնին։ Տնօրէնն էլ պայուսակը պահել ու առանց որեւէ այլեւայլի վերադարձրել է տիրոջը, տեղեկացնելով, որ մտադիր է եղել այդ մասին տեղեկացնել ոստիկանութեանը։ Առ ի շնորհակալութիւն պատասխանատուն մատուցողին պարգեւատրել է։

Սա էլ մի լաւ ու դրական երեւոյթ։

Այնպէս որ Էջմիածին գնալիս խորհուրդ է տրւում ճաշել “Վաղարշապատ” ճաշարանում։

Լաւ մնացէք։

Wednesday, July 8, 2009

3 - 2

“Միշտ չէ, որ ախոյեանները յաղթում են…”

“Այո, բոլորն էլ գիտեն որ Բրազիլիան պաշտպանական գծում միշտ էլ թոյլ է եղել…”

“ԱՄՆ-ն մէկ անգամ նորից անակնկալ մատուցեց, տեսէք ինչ են անում…”

“Սա Բրազիլիան է, որը կրկին ապացուցում է, որ ինքն ախոյեան է…”

“Բրազիլիայի դէմ խաղալը ոչ մէկ խմբի համար հեշտ չէ…”

“Երկրորդ տեղն էլ ԱՄՆ-ի համար շատ է…”

Կոնֆեդերացիայի եզրափակիչ խաղի ժամանակ, առաջին երեք նախադասութիւններն ու դրանց նման բազմաթիւ այլ նախադասութիւններ խաղի մեկնաբանը արտայայտեց ԱՄՆ-ի առաջին ու երկրորդ գոլերը խփելուց յետոյ։

Վերջին երեք նախադասութիւնները Բրազիլիայի գոլերից յետոյ…

Մէկը չկայ մեկնաբանին ասի, ախպէր ջան, դու ասա հիմա գնդակն ում մօտ է ու ում փոխացեց ու նման բաներ։ Քեզ պարտաւորուած մի զգայ գոլ խփողի գովքն անել ու յետոյ ընկնել կրակը ու այս անգամ նոր գոլ խփողի գովքն անել։ Այդ էլ Բրազիլիայի նման գերհզօր խմբի խաղը մեկնաբանելիս։

Խաղը դիտելիս ես մէկ անգամ նորից եկայ այն համոզման, որ բոլոր այն մրցաշարերին, որ Բրազիլիան մասնակցում է, չպիտի խօսել առաջնութեան մասին, այլ երկրորդութեան, որովհետեւ առաջինն այն գլխից արդէն յայտնի է։

Ի դէպ մանկութիւնից մինչ օրս ես Բրազիլիայի ջերմ երկրպագուներից եմ։ Ու դա պատահական չէ։ Իրանի այն քաղաքում, որտեղ ես ծնուել եմ, եթէ ոչ ամբողջ քաղաքը, գոնէ բնակչութեան ջախջախիչ մեծամասնութիւնը Բրազիլասէր էր։ Այնքան, որ նոյնիսկ քաղաքի ֆուտբոլային խումբը Բրազլիլիայի մարզազգեստի նման մարզազգեստ էր հագնում…

Այդ ամբողջ զգացումը փոխանցուել է նաեւ ինձ։

Լաւ մնացէք։

Friday, June 26, 2009

ՑՈՅՑ ՈՒ ՔԱՑԻ

Երեկ առաւօտեան Հանրապետութեան Հրապարակում տեղի ունեցաւ ցոյց ընդդէմ Վրաստանի Նախագահ Միխայիլ Սահակաշուիլու Ջաւախահայերի իրաւունքների պաշտպանութեան կապակցութեամբ։

Ոստիկանութիւնը բռնութիւն կիրառելով ցրեց ցոյցը։

Զանգուածային լրատուամիջոցները անդրադարձան միջադէպին։

Ես էլ մասնակցում էի ցոյցին։ Մեզ "Մարիոտ" հիւրանոցի առջեւից յետ մղեցին մինչեւ "Տիգրան Մեծ" պողոտայում գտնուող նախկին "Կինօ Երեւանի" մօտ։

Ցոյցի ընթացքում հայրենի ոստիկաններից ստացայ մի քացի։ Խնդրում եմ չհարցնել քացին որտեղիս կպաւ, որովհետեւ չեմ կարող ասել...

Ահաւասիկ մի քանի յղումներ ցոյցի կապակցութեամբ.-

http://www.a1plus.am/en/politics/2009/06/25/scuffle

http://www.a1plus.am/en/politics/2009/06/25/kiro-manoyan

http://www.a1plus.am/am/politics/2009/06/25/kiro-manoyan

http://hetq.am/am/society/cuyc-2/#more-12044

http://yerkir.am/news/?id=2150

http://7or.am/hy/news/2009-06-25/3867/

http://7or.am/hy/news/2009-06-25/3879/

http://www.report.am/print/AM/398

Պինդ մնացէք։

Thursday, June 18, 2009

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ (1)

"...Դաշնակցութեան առողջ բնազդը վերջին պահին միշտ հաղթահարում է ներսի տագնապներին..."

"Ռոստոմ", ՀՅԴ հրատարակութիւն, Բէյրութ, 1979, էջ 242

Tuesday, June 16, 2009

ԳՐԵԼ ԹԷ՞ ՉԳՐԵԼ

Վերջին օրերին քիչ եմ գրում, որովհետեւ.-

Նախ միջազգային ժողով էինք հիւրընկալում, խառն էի։

Յետոյ հիւանդացայ ու մի քանի օր քնեցի (մտածում էի կարո՞ղ է խոզի գրիպով եմ վարակուել)։

Դրան էլ աւելացաւ Երեւանի աւագանու ընտրութիւնների մասին սեփական մտորումներս։

Եւ, ի վերջոյ, հոգեկան լաւ ապրումների մէջ չեմ, մտքերս խառն են, խճճուել եմ ու չգիտեմ ինչպէս դուրս գալ դրանց միջից։

Մի խօսքով քիչ եմ գրել։

Գրել թէ՞ չգրել, սա է խնդիրը։ Յամենայնդէպս կարծում եմ թէկուզեւ դանդաղ, բայց պիտի գրել։

Լաւ մնացէք։

Monday, June 8, 2009

"ՆՈՐ ՍԿԻԶԲ"

"Նոր սկիզբ" վերնագրով յօդուածս հրատարակուել է "Երկիր" պաշտօնաթերթի Շաբաթ, Յունիսի 6-ի համարում։

Սա յղումը http://yerkir.am/newspaper/index.php?section=1&id=2093


Սա էլ յօդուածն ամբողջութեամբ.-

"Երեւանի աւագանու ընտրութիւնների արդիւնքները հասարակութեան եւ զանգուածային լրատուամիջոցներում լայն քննարկումների տեղիք են տուել։ Յատկապէս շատ է խօսւում ՀՅԴաշնակցութեան ստացած քուէների տոկոսի մասին։ Հրապարակւում են վերլուծութիւններ։ Ու լաւատեղեակներն ու անտեղեակները չեն զլանում իրենց տեսակէտը յայտնել։

Ոմանք արդիւնքները համարում են տրամաբանական, ոմանք՝ անտրամաբանական, ոմանք՝ մեր մնայուն ձայնի չափը հայրենի հասարակութեան մէջ, ոմանք՝ մեր անցնող տաս տարիների գործունէութեան արդիւնքը, ոմանք չարախնդում են, ոմանք էլ այն համարում են Դաշնակցութեան նոր սկիզբը։ Ես անձամբ հակուած եմ վերջին տեսակէտին։

“Անկախ այն հանգամանքից, թէ որքանով է աւագանին ձեւաւորող քաղաքական ուժերի համամասնութիւնը համապատասխանում մայրաքաղաքում նրանց ունեցած իրական վարկանիշին, համայնքային այս ընտրութիւնների արդիւնքում ՀՅԴաշնակցութեան արձանագրած արդիւնքի պատճառները մենք հակուած ենք փնտրել միայն մեր աշխատանքի մէջ։ Մենք պարտաւոր էինք հաւաքական եւ անձնական օրինակով ապացուցել եւ ժողովրդին հասանելի դարձնել մեր դաւանած ճանապարհի ճշմարտացիութիւնը”։ Ասուած է ՀՅԴ ԳՄ-ի յայտարարութեան մէջ։

Սակայն մինչ Դաշնակցութիւնը կը քննարկի արդիւնքների պատճառները եւ հետեւութիւններ կանի, ուզում եմ մի քանի բան նշել։

Սովորական եւ ոչ սովորական խօսակցութիւնների ընթացքում մարդկանց մի ստուար մասի ակնկալիքը Դաշնակցութիւնից մեծ է։ Ասում եմ` ոչ սովորական, որովհետեւ որպէս օրինակ մասնակցում էի Հայաստանի տնտեսութեանն ու կիրառուած տնտեսական քաղաքականութեանը նուիրուած մի խորհրդաժողովի, եւ իշխանական կուսակցութիւններից մէկի ներկայացուցիչը, ի տես դահլիճում ներկայ քիչ մարդկանց, այս ու այն կողմ նայեց ու ասաց “Մեր յոյսը Դաշնակցութիւնն է”։

Սակայն քուէների արդիւնքները ապացուցում են, որ մարդիկ Դաշնակցութեանը քիչ են քուէ տալիս։ Այսինքն՝ մարդիկ գիտակցաբար թէ անգիտակցաբար, կամովի թէ պարտադրուած մասնակցում են ընտրութիւններին եւ վերարտադրում իշխանութեանը կամ փորձում են վերարտադրել նորերից ոչնչից չտարբերուող հին իշխանութեանը։

Տրտնջալ, դժգոհել, բողոքել ու խուսափել պատասխանատւութիւնից, խուսափել վիճակը փոխելու սեփական ներդրումից եւ, ի վերջոյ, գնալ վերարտադրել ներկայ կամ, ինչպէս ասուեց, նորերից չտարբերուող հին իշխանութեանը, հասարակական հոգեբանութեան տեսանկիւնից հետաքրքիր ուսումնասիրութեան նիւթ է։

“Ինչու՞ մասնակցեցիք ընտրութիւններին”, հարցնում են մեզ։ Շատ պարզ պատճառով։ Հէնց այն պատճառով, որ մասնակցեցինք Նախագահական ընտրութիւններին ու դրան նախորդող բոլոր ընտրութիւններին։ Մասնակցեցինք, որպէսզի մէկ անգամ եւս ժողովրդին այլընտրանք տանք։ Չխուսափեցինք այս պարագային մայրաքաղաքի հանդէպ մեր պատասխանատւութիւնից։

Եւ խնդիրն անձամբ ինձ համար միայն ընտրութիւնների արդիւնքը չէ։ Արդիւնքն անշուշտ կարեւոր է. մասնակցում ենք յաղթելու նպատակով, սակայն աւելի կարեւորը ժողովրդին այլընտրանք տալու հնարաւորութեան ընձեռումն է։

Եթէ մարդիկ դժգոհում են, որ Երեւանում կանաչապատ տարածք չի մնացել, որ բակերում երեխաների համար խաղահրապարակներ չկան, որ մայթերը բռնագրաւուած են, որ ապօրինի շինութիւնների թիւը գագաթնակէտին է հասել, որ համատիրութիւնները քաղաքացիներին կողոպտելու միջոց են, որ թաղապետարաններն այսպէս են, որ քաղաքապետարանն այնպէս է, եւ էլի գնում քուէ են տալիս նոյն հին ու նոր մարդկանց, որոնք երեկ կամ այսօր Երեւանի ներկայ աղետալի վիճակին հասնելու պատճառն են դարձել, սա արդէն լուրջ մտորումների տեղիք է տալիս։

Պարզից էլ պարզ էր, որ քաղաքական ուղեգիծ փոխելով, համաձայնական իշխանութեան մաս կազմելուց ընդդիմութիւն դառնալով, ընդամէնը մէկ ամսուայ ընթացքում հնարաւոր չէ ժողովրդին ապացուցել այն սկզբունքային տարբերութիւնները, որ ունի Դաշնակցութիւնը միւսներից։ Սակայն Դաշնակցութիւնը չվարանեց պատասխանատւութիւնից։

Ընտրութիւնների արդիւնքները Դաշնակցութեան համար նոր սկիզբ են։ Նոր սկիզբ ժողովրդին բացատրելու, որ վիճակը փոխելու հնարաւորութիւն կայ, որ փոխելու բանալին իւրքանչիւր քաղաքացու ձեռքում է, որ վերջ պիտի տալ տրտնջալուն ու դժգոհելուն, մէկընդմիշտ պիտի վանել յարմարուողականութիւնն ու պարտուողականութիւնը, որ կայ այլընտրանք, որ այդ այլընտրանքը Դաշնակցութիւնն է։ Դաշնակցութիւնը՝ իր ազգային, յեղափոխական, ընկերվարական ու ժողովրդավարական համոզումներով"։

Friday, June 5, 2009

"Kiosk"

Այս խմբին նոր եմ գտել.-

http://www.kiosk-music.com/

Սա էլ մի շատ գեղեցիկ ստեղծագործութիւն.-

http://www.youtube.com/watch?v=osNS_daFUsM

Լաւ մնացէք։

Thursday, June 4, 2009

IUSY

Սա էլ ուշացումով, ընդամէնն ասելու համար, որ անցած շաբաթներում էլ ինչ բաներով էինք զբաղուած։

Լաւ մնացէք։

Wednesday, June 3, 2009

ՃԱՇԱՐԱՆԱՏԷՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Մի փոքրիկ ճաշարան կայ, որտեղ ընկերներիս հետ երբեմն գնում եմ ճաշի։

Մարդը, որ վարձակալութեամբ վերցրել է ճաշարանը գիտի որ մենք դաշնակցական ենք։

Երբեմն երբեմն նրա մօտ են ճաշում նաեւ Հանրապետականները։

Ամէն անգամ մեզ տեսնելիս երկար բարակ խօսում է երկրի վատ պայմանների մասին, որ եթէ այսպէս շարունակուի կը թողնի կը գնայ Ռուսաստան եւ այլն։

Երեւանի աւագանու ընտրութիւնների յաջորդ օրը գնացինք ճաշելու։ Տղան մեզ տեսաւ թէ չէ "բա խի ըսենց էլաւ, բա սրանք մարդ չեն" ու նման բաներ։ Յետոյ շարունակեց, որ "կնոջս հետ երեկ գնացինք քուէ տալու։ Մօտեցանք ընտրատեղամասին, տեսայ մեր թաղի մի խումբ լակոտ լոկուտների, գողական տղերքի, զզուեցի, կնոջս ասի սրանց հէրն էլ, մէրն էլ, վերադարձանք տուն"։

Եւ շարունակութիւնը "Գործերս լաւ չեն, սրանք էլ թալանում են երկիրը, էսպէս շարունակուի կը թողնեմ կը գնամ Ռուսաստան"։

Նախ չեմ կասկածում, որ մեր բացակայութեամբ էլ մեր յետեւից է այդպիսի բաներ ասում։ Բայց այս պարագային հարցը դա չէ, այլեւ այն, որ ախպէր ջան, եթէ ճիշտ ես ասում ու կնոջդ հետ մինչեւ ընտրատեղամաս գնացել ես ու եթէ իսկապէս դժգոհ ես իրավիճակից, ինչու՞ քուէ չես տուել։ Քուէ տայիր նրանց, ում հաւատում էիր կը փոխեն վիճակը։ Ոչ մէկի չես հաւատում, շատ բարի, բոլորի վրայ գիծ քաշէիր ու քուէ տայիր։ Սու՞տ ես ասում։ Դժգո՞հ չես։ Քու՞է ես տուել, բայց ոչ մեզ, դերասանութիւն ես անում։

Չեմ հասկանում։



Պինդ մնացէք։

Tuesday, June 2, 2009

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Երեւանի աւագանու ընտրութիւնների արդիւնքների կապակցութեամբ խօսում եմ ընկերներիս հետ։ Ոմանք ընդունում են տեսակէտս, ոմանք ոչ։

Իմ կարծիքով արդիւնքները ապացուցում են, որ այս պարագային Երեւանի (իսկ ես չեմ վարանում ասելու, որ նաեւ ամբողջ երկրի) բնակչութիւնը սատարում է երեք քաղաքական ուժերի՝ “Դաշնակցութիւն”, “Ժառանգութիւն” եւ մնացած։

Այլ խօսքով եթէ ճիշտ են ընտրութիւնների արդիւնքները, ապա ըստ իս բնակչութեան 8-10 տոկոսը այլ կերպ է մտածում, 90 տոկոսը այլ։ Ինչու՞։ Այն պարզ պատճառով, որ այսօրուայ ու երեկուայ իշխանաւորների միջեւ տարբերութիւն չկայ։

Արտաքին քաղաքականութեան բնագաւառում երկուսն էլ նոյն բանն են ասում, մէկը նախագծող ճարտարապետն է, միւսը գործադրող շինարարը։

Ներքին քաղաքականութեան բնագաւառում երկուսի միջեւ առկայ խնդիրը բացարձակապէս այն չէ, որ քո տնտեսական քաղաքականութիւնն է սխալ, իմը ճիշտ, կամ սա այսպէս պիտի արուի, այն այնպէս, այլեւ այն, որ “ախպէր ջան, խի դու ուտես, ես չէ, խի դու ըլնես նախարար, ես չըլնեմ ”։ Հիմնական տարբերութիւնը կայանում է սրանում ու երկուսի միջեւ կռիւը իրականում աթոռակռիւ է, ոչ թէ օրինակ ընկերային արդարութեան հաստատման կռիւ։
Մէկ օրինակ։ Տնտեսական մենաշնորհ կար ՀՀՇ-ական վարչախմբ ժամանակ, կայ նաեւ այսօր։ Ո՞րն է տարբերութիւնը։

Չեմ կարող չասել, որ վերոյիշեալ երկու ուժերի՝ “Դաշնակցութիւն” եւ “Ժառանգութիւն” ծայրը հասնում է Սփիւռք։ Հետեւութիւնը թողնում եմ ընթերցողին։

Խօսում եմ սովորական մարդկանց հետ կամ կողքից լսում մարդկանց խօսակցութիւնը։ Բոլորը դժգոհ են։ Դժգոհ են ընտրատեղամասերում կուսակցութիւնների ներկայացուցիչները, վստահուած անձինք, դիտորդները։ Յետոյ բոլորը քուէ են տալիս ու վերարտադրում իշխանութեանը։ Կամ քուէ են տալիս ու փորձում վերարտադրել նախկին նորերից ոչնչով չտարբերուող իշխանութեանը։ Ինքս ինձ հարց եմ տալիս՝ ի վերջոյ այս մարդիկ դժգո՞հ են թէ գոհ են։ Գոհ են, ուրեմն ինչու՞ են դժգոհում։ Դժգոհ են, ուրեմն ինչու՞ են քուէ տալիս։

Ինձ համար խնդիրն անշուշտ այն է, որ ինչու՞ մարդիկ Դաշնակցութեան քուէ չեն տուել, սակայն այս պարագային խօսքս այդ մասին չէ, այլեւ նրա, որ գնայ, մասնակցիր ընտրութիւններին, որպէսզի քո փոխարէն քուէ չքցեն ու սպիտակ քուէ տուր, գրիր հարեւանիդ անունը, գիծ քաշիր բոլորի վրայ, բայց մի վերարտադրիր նրանց, որոնցից հարուած ես ստացել անցնող տարիների ընթացքում։ “Այս երկիրը երկիր չի դառնայ”։ Ինչպէ՞ս պիտի երկիր դառնայ։ Լուսնի՞ց մարդ պիտի գայ։ Բայց Լուսնում մարդ չի ապրում։

Սու՞տ են ասում բոլորը։

Ահա այսպիսի քննարկումների մէջ եմ ընկերներիս հետ, որոնք միշտ չէ, որ ընդունում են տեսակէտներս։

Պինդ մնացէք։

Monday, June 1, 2009

ԵՐԵՒԱՆԻ ԱՒԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Երեկ տեղի ունեցաւ Երեւանի աւագանու ընտրութիւնները։
Թէեւ դեռ վերջնական արդիւնքները չեն հրապարակուել, սակայն նախնական տուեալներով արդէն պարզ է ով է յաղթել, ով է պարտուել։

Անձամբ ես կանխատեսել էի, որ մենք %13 տոկոս քուէ կը բերենք։
Ստացանք %5-ի մօտ։

Ընկերներիցս մէկը որպէս դիտորդ ընտրատեղամասերից մէկում է եղել։ Ահաւասիկ նրա տպաւորութիւնները ամփոփ կերպով։

“Այդ ընտրատեղամասում ամենից շատ քուէ բերեց Հանրապետականը, որից քիչ տարբերութեամբ Կոնգրեսը, ապա հերթաբար Բարգաւաճը, Դաշնակցութիւնը, Տիգրան Կարապետիչը, Օրինացը, Սոցիալիստները։

Քուէ տուողների մեծամասնութիւնը միջահասակներն էին ու մեծահասակները։
Երիտասարդները քիչ էին։

Մարդիկ էին գալիս քուէարկելու, որոնց հագուստի գումարը՝ կօշիկը ներառած արժէր 1600 դրամ, սակայն այդ մարդիկ իջնում էին $25000-$30000 դոլարանոց մեքենաներից, որն անշուշտ իրենք չէին վարում, այլեւ մեքենավարները։ Պարզ էր ինչ էր կատարւում։

Շատ լաւ աշխատում էին Հանրապետականները։ Հաւանաբար նախապէս պատրաստելով շէնքերի բնակիչների տուեալները, նրանց մէկ մէկ տներից դուրս էին բերում եւ հասցնում ընտրատեղամաս։ Չզգացի Հանրապետականի եւ Բարգաւաճի տարբերութիւնը, իսկ Օրինացը ընդհանրապէս գոյութիւն չունէր։

Կոնգրեսի ներկայացուցիչներից մէկը՝ դպրոցի ուսուցչուհի, ի տես մեծահասակների մեծ չափով ընտրութիւններին այդպէս մասնակցելուց (այդպէս այսինքն նրանց մեքենաներով բերելուց) բարձրաձայն ասաց, որ “Սրանք արժանի են մեռնելու”։ Այս խօսքը վիճաբանութեան տեղիք տուեց։ “Ինչու՞”։ Հարցրին մարդիկ։ “Որովհետեւ 5000 դրամ առնելով փոխում են երկրի ճակատագիրը ու քուէ տալիս Հանրապետականներին։ Աւելի լաւ է մեռնեն, քան ապրեն”։ “Դու չես նրանց կեանք տուողը, որ նման յայտարարութիւն ես անում”, եղաւ պատասխանը։ “Ամօթ քեզ”, եղաւ մէկ ուրիշի պատասխանը։ Կինը այդուամենայնիւ մնաց անդրդուելի իր կարծիքի մէջ։

Մէկը մեր ընտրատեղամասից լուր էր տուել, որ յանձնաժողովի անդամներից մէկին առեուանգել են։ Մէկ էլ մի քանի լրագրող մտան մեր ընտրատեղամաս, որ ասէք խնդրեմ ու՞մ են առեւանգել։ Առեւանգե՞լ։ Այո, կայքէջերում է հրապարակուել։ Սուտ է։ Քիչ անց եկաւ ոստիկանութիւնը։ Ու՞մ են առեւանգել։ Ոչ մէկի։

Եւ սկսեց ժամեր տեւող վիճաբանութիւն ընտրատեղամասում յանձնաժողովի անդամների, վստահուած անձանց ու դիտորդների միջեւ։ Փնտրում էին սուտ լուր տուողին ու միանշանակ բոլորի մատը ուղղուած էր “Հայք” թերթի լրագրողին, “Հայք”-ը ՀՀՇ-ական, հակադաշնակցական թերթ է։ Եւ չգիտեմ ինչու այդ լրագրող կինը, որին մի քանի անգամ ասացի ես ռուսերէն չգիտեմ, ինձ մօտ էր գալիս ու նախ ռուսերէնով, յետոյ նրան յիշեցնելով, որ ես ռուսերէն չգիտեմ, արդէն հայերէնով բացատրում, որ ինքը չէ այդ լուրը տուողը (սուտ չասեմ մի երկու անգամ էլ ռուսերէն խօսեց, որովհետեւ յոգնել էի նրան յիշեցնելուց, որ ես ռուսերէն չգիտեմ, գլխի շարժումով հաստատեցի ասածները, ինչ էր ասում, մինչեւ վերջ էլ ինձ համար մնաց անորոշ)։

Մի խօսքով սարսափի մթնոլորտ էր ստեղծուել։ “Միթէ դուք ծնողներ ու երեխաներ չունէք, վաղը պիտի գնանք ոստիկանութիւն հարցաքննութեան, բա սա անելու բան էր”։ Ի՞նչ եղաւ վերջը, դեռ չգիտեմ։

Մի մեծահասակ կին եկաւ քուէարկելու։ Քուէաթերթիկը տուփում քցելուց յետոյ բարձրաձայն ասաց “Յոյսով եմ սրտիս ուզածը կատարուի, ընտրուի Լեւոնը”։ Քուէատուփի մօտ նստած մարդը հարցրեց “Ո՞ր Լեւոնը”։ Կինը զարմացած նայեց մարդուն, զգացի մտքում ինքն իրեն հարցնում է “Այս աշխարհից անտեղեակն ով է”։ Ծիծաղելի վիճակ էր։

Խօսակցութիւն էր պտտում, որ Հանրապետականները 5000 դրամ վճարելով մարդկանց բերում են քուէ տալու։ Շատ շատերը դա էին ասում”։

Պինդ մնացէք։

Յ.Գ. Այսօր Երեխաների համաշխարհային օրն է։ Որոշել եմ տղայիս համար շարժապատկերի տեսաերիզ գնել (Cartoon, մուլտիկ)։ Ափսոս չկայ, թէ չէ ամենադաստիարկաչականը, ծիծաղելին ու անմոռանալին կը լինէր Հայաստանի տարատեսակ ընտրութիւնների շարժապատկերը։ Ափսոս։ Հիմա էլի պիտի գնամ Վալտ Դիսնու արտադրութիւն գնելու։

Thursday, May 21, 2009

ԶԱՒԱՐԵԱՆԱՊԱՇՏ ՄԱՇԿԱԲԱՆԸ

Մի քանի օր առաջ ընկերներիցս մէկի հետ գնացի բժշկի։ Հարց ու փորձ էի արել, այդ բժշկին էին խորհուրդ տուել։ Ժամադրուեցինք ու գնացինք։ Մտանք գրասենեակ, բարեւ ձեզ, բարեւ ձեզ, "Դուք դաշնակցական էք, չէ՞"։ Հարցրեց բժիշկը։ "Այո", պատասխանեցինք։ Բժշկին մեզ ծանօթացնողը այդ մասին նրան ասել էր։

Բժիշկն ասաց "Գիտէք ինչ ես դաշնակցական պատասխանատու մարդ եմ ման գալիս, որի հետ խօսեմ, հէնց սկզբից ասեմ, որ ես Զաւարեանապաշտ եմ" ու ցոյց տուեց Դաշնակցութեան հիմնադիրներից Սիմոն Զաւարեանի լուսանկարը պատին փակցրած ու դաշնակցական գործիչների մէկ երկու խմբանկարներ։

"Ես Այգեհատ գիւղից եմ ու կրկնում եմ Զաւարեանապաշտ եմ, հետեւաբար որ ձեզ քննադատեմ չէք կարող ասել ես դաշնակցական չեմ"։ Ինքը ի հարկէ կուսակցական չէր։ Սկզբում մտածեցի հերթական մարդկանցից մէկն է, որը լսող ականջ է փնտրում, որովհետեւ շատ է պատահում, երբ էլ ով ասես, էլ տեղեակ ու անտեղեակ խօսում է պատմութեան, քաղաքականութեան, Դաշնակցութեան ու հազար ու մի բանի մասին ու երբեմն այնքան անտեղեակ ու անտրամաբանական, որ յոգնում ես ու ոչ թէ մարդուց, այլեւ քեզնից է մեղքդ գալիս։

Բայց սա այդ դէպքը չէր։ Բժիշկը մէկ-մէկ ու կէս ժամ խօսեց Դաշնակցութեան, քաղաքականութեան, երկրի վիճակի, մեր պահուածքի ու յարակից նիւթերի մասին, յաճախ սուր քննադատութիւններով։ Սկզբում մենք հանկարածակիի էինք եկել, գնացել էինք հիւանդութեան մասին խօսելու ու բժիշկը այլ բանի մասին էր խօսում։ Կարելի է ասել մասնակցում էինք դասախօսութեան։

Մի երկու անգամ փորձեցի ընդհատել ու ասել մի այլ առիթով կը հանդիպենք եւ այդ հարցերի մասին կը խօսենք, բայց բժշկի սիրտը լիքն էր ու իմ ասածներին ուշադրութիւն չէր դարձնում։ "Կանդրադառնանք, ձեր խնդիրներին կանդրադառնանք, հիմա լսիր տես ինչ եմ ասում, այսինչ բանը ինչու էք այսպէս արել, այնինչը ինչու է այսինչ բանը յայտարարել"։ Եւ քանի որ խօսելու ոճը հաճելի էր ու մարդը քաջատեղեակ էր, լսեցինք։

Մեր վրայ բարի, անաչառ, կիրթ ու հայրենասէր մարդու տպաւորութիւն թողեց։ Լաւապէս գիտէր հայոց պատմութիւնը։

Ինչու՞ գրեցի այս մասին։ Ասելու համար, որ Հայաստանում այսպիսի բաներ էլ են պատահում։ Երբ բժշկի ես գնում ու ակամայ մասնակից դառնում բովանդակալից դասախօսութեան ու հիւանդութեան մասին խօսելու փոխարէն խօսում քաղաքականութեան մասին։

Ինձ համար հետաքրքիր էր նաեւ այն առումով, որ բժիշկը Դաշնակցութիւն կուսակցուեթան անդամ չլինելով, Զաւարեանապաշտ էր ու Զաւարեանի մասին յօդուածների հեղինակ ու միջոցառումների կազմակերպիչ։

Լաւ մնացէք։

Monday, May 18, 2009

ԵՒՐԱՏԵՍԻԼ 10

Եւրատեսիլում Հայաստանի 10-րդ տեղ գրաւելը որոշ խօսք ու զրոյցի առիթ տուեց։ Նախ այն մասին, թէ ինչ եմ լսել այս երկու օրուայ ընթացքում։

- Սփիւռքը դժգոհ է Հայաստանի վարած արտաքին քաղաքականութիւնից ու դրան արձագանքեց քուէ չտալով։ Քուէ չտուեցին այնպիսի երկրների հայեր, ինչպիսիք են Յունաստանը, Ֆրանսիան, Անգլիան, Կիպրոսը։

- Հայաստանը քուէ տուեց Ադրբեջանին։ Ասում են քուէ են տուել Սերժ Սարգսեանն ու Էդուարդ Նալբանդեանը։ Թուրքիային էլ Նախագահականը գումարած Հանրապետական կուսակցութիւնը։

Երկու նկատառում։
Ադրբեջանի բողոքի հետեւանքով հայկական կողմը համաձայնել է տեսահոլովակից հանել “Տատիկ-Պապիկ”-ի նկարը։ Յետոյ Հայաստանի տուած նիշերը յայտնելիս, երգչուհի-հաղորդավարի հետեւի ֆոնին տեղադրուել է “Տատիկ-Պապիկ”-ի նկարը, ինչպէս նաեւ ձեռքի թղթապանակի վրայ տպագրուել է այդ նկարը եւ հաղորդավարին յանձնարաուել ցուցադրաբար ի տես աշխարհի ցոյց տալ այն։

Հարց է առաջանում։ Ինչու՞ պիտի ընթացք տային բողոքին։ Ի՞նչ կը լինէր եթէ ընթացք չտային։ Կը զրկուէի՞ն մրցոյթից։ Զրկուէին։ Աւելին։ Հէնց սկզբից յայտնէին, որ եթէ պարտադրեն նկարը հանել, չեն հանի ու կը լքեն մրցոյթը։ Ի՞նչ կը կորցնէինք մրցոյթին չմասնակցելուց (այստեղ խօսքը բացարձակապէս այն մասին չէ, որ դարձանք 10-րդ, խօսքը սկզբունքի մասին է)։

Թուրքիոյ ֆուտբոլի խումբն է գալիս Հայաստան, Սիսն ու Մասիսն են Զինանշանից հանում, Եւրատեսիլ են գնում "Տատիկ-Պապիկ" են հանում։ Սրանք ոչ այլ ինչ են, եթէ ոչ արտաքին պարտուողական քաղաքականութեան հետեւանք։ Երբ Ապրիլի 23-ին Թուրքիայի հետ համաձայնագիր են կնքում, ցեղասպանութիւնն են տանում հարցականի տակ ու Արցախում են զիջումների գնում, Եւրատեսիլը հո խօսելու բան չի։

Իսկ եթէ յաջորդ տարի տեսահոլովակում Երեւանի նկարը դնեն ու Ադրբեջանը կամ Թուրքիան բողոքի, որ դա էլ հանէք, ի՞նչ կանեն։ Ենթադրում եմ կը հանեն։ Ինչու՞։ Ճիշտ հէնց այն պատճառով, որ հանեցին "Տատիկ-Պապիկ"-ի նկարը։ Անձամբ ինձ համար Երեւանի ու “Տատիկ-Պապիկ”-ի ու Գիւմրիի միջեւ տարբերութիւն չկայ, բայց կատարուածից ակներեւ է, որ մրցոյթի մասնակիցների ու նրանց տէրերի համար՝ կայ։ Կայ, էն էլ ոնց։

Եւ ի վերջոյ։ Մրցոյթը մեկնաբանող երկու հաղորդավարները անընդհատ կոչ են ուղղում Սփիւռքահայութեան “Դուք կարող էք փոխել պատմութեան ընթացքը”, քուէ տուէք ու ձեր քուէով կը փոխէք պատմութեան ընթացքը։ Առաջին անգամ լսեցի ու մտածեցի, մարդ ա էլի, վրիպեց։ Յետոյ նկատում եմ ոչ թէ վրիպեց, այլեւ տեքստը գրել տուել են հաղորդավարներին ու յանձնարարել անընդհատ այդ կոչն անել։ Դա ոչ թէ վրիպում է, այլեւ մէկի հանճարեղ մտքի շողշողուն փայլատակում։ Մի պահ ենթադրենք, որ մեր երգը դառնար առաջին, պատմութեան ի՞նչ ընթացք պիտի փոխուէր։ Ի՞նչ կը լինէր։ Ի՞նչ կը պատահէր։

Պատմութեան ընթացքը այդտեղ չի փոխւում, այլ տեղ է փոխւում, որտեղ արդէն տանուլ են տուել։

Պինդ մնացէք։

Friday, May 15, 2009

"ԳՈՐՏԸ ԿՈՒԼ ՏՈՒՐ" (7)

Այն մտային պատկերը, որ դուք ձեզնից ունէք, մեծ ազդեցութիւն ունի ձեր գործունէութեան վրայ։ էջ 26

Thursday, May 7, 2009

ԲԵՂԵՐԻ ԱՌԱՒԵԼՈՒԹԻՒՆԸ

- Բարեւ ձեզ։

- Բարեւ։

- Այսինչ տեղն եմ ուզում գնալ, կասէ՞ք որ ճանապարհով գնամ։

- Գեղեցիկ բեղեր ունես։

- Շնորհակալ եմ։

- Կոմպլիմենտ եմ անում, ուրիշ բան չմտածես։

- Ոչ, չեմ մտածում, դուք առաջինը չէք, հիմա աջով գնամ թէ՞ ձախով։

- Գնալու չլինէիր իրար հետ մի բաժակ օղի կը խմէինք։

- Շնորհակալ եմ, մի ուրիշ անգամ։

- Ճանապարհը կասեմ, բայց մի պայմանով։

- (Արդէն չեմ կարողանում ծիծաղս զսպել, մի պարզ հարց եմ տուել, ընկել եմ կրակը) Ասէք։

- Միւս անգամ այստեղից անցնելիս լինես անպայման պիտի գաս միասին խմենք։

- Սիրով։ Ափսոս պիտի գնամ թէ չէ հէնց այս անգամ էլ կը գայի։ Աստծով միւս անգամ։

- Այս կողմից կերթաս, յետոյ այն կողմից եւ այլն։

- Շնորհակալ եմ։

- Տես չտեսնեմ այստեղից անցնես ու չգաս միասին խմենք։ Կը նեղանամ։ Գեղեցիկ բեղեր ունես։

- Անպայման։ Շնորհակալ եմ։

Այս խօսակցութիւնը տեղի ունեցաւ անցեալ Կիրակի օրը, Բիւրականում։ Ընտանիքով զբօսնում էինք, ուզում էի գնալ դէպի քարէ Այբուբեն։ Մեքենան պահեցի, որպէսզի ճանապարհը հարցնեմ։ Երկու տղամարդ էին։ Խօսակիցս 50-55 տարեկան կը լինէր։ Ես մեքենայի միջից պատուհանը իջեցնելով մի պարզ ու անմեղ հարց տուեցի ու շարունակութիւնը տեսաք։ Չեմ կասկածում, որ եթէ ընդունէի հարւէրը անծանօթ մարդը իրենց տանը խնջոյք կը կազմակերպէր ու մինչեւ կէս գիշեր պիտի խմէի։ Դա էլ միւս անգամ։

Wednesday, May 6, 2009

ԵՐԿՈՒ ՅԻՇԵՑՈՒՄ

Առաջին։ Խնդրում եմ Comment-ների բաժնում սրա ու նրա հասցէին վիրաւորական բաներ չգրել, որովհետեւ ինչպէս գրողները տեսնում են, չեմ տպելու։ "Հայաստանցիներն այսպէս են", "Սփիւռքահայերն այնպէս են", "Այսինչն այն արաւ", "Այնինչն այն չարաւ" եւ այլն։ Չեմ տպելու անկախ այն բանից, որ ես համակարծիք եմ հեղինակների մտքերին թէ ոչ։ Մանաւանդ, որ այդ գրութիւններից որոշները ստորագրութիւն ու հասցէ էլ չունեն։ Անձամբ ողջունում եմ կառուցողական քննարկումները, որոնք համոզուած եմ օգտակար են։

Երկրորդ։ Մի քանի հոգի իմ անձնական էլ. փոստի հասցէն են ուզել։ Իմ էլ. փոստի հասցէն առկայ է իմ Profile-ում։ Յիշեցնում եմ sarkis.mkrtchian@gmail.com ։ Բոլոր այն այցելուները, որոնք ցանկացել են (եւ ցանկանում են) մտքեր փոխանակել եւ չեն ուզում դրանք հրապարակուի, կամ անձնական ու տարատեսակ բնոյթի նամակներ գրել, կարող են ուղղակի գրել իմ հասցէին։

Լաւ մնացէք։

Monday, May 4, 2009

"ՄԵՆՔ ԻՆՉՊԷՍ ՄԵՆՔ ԴԱՐՁԱՆՔ" (2)

“Մենք ինչպէս մենք դարձանք”-ը հետաքրքիր է նաեւ այն առումով, որ ոչ միայն համալսարանական տարբեր միջավայրերում քննարկման առարկայ է դարձել՝ հեղինակի ներկայութեամբ, եւ դրանց արձանագրութիւնը տպագրուել է գրքի վերջում որպէս յաւելուած, այլեւ գիրքը ուժեղ քննադատութեան է ենթարկուել թէ աջակողմեան-պահպանողական եւ թէ ձախակողմեան, յատկապէս մարքսիստական մտածելակերպ ունեցող մտաւորականների ու հոսանքների կողմից եւ հեղինակը թերթերում տպագրուած այդ քննադատութիւններից ամենասուրերը դրել է գրքի վերջում որպէս յաւելուած ու տպագրել է` անշուշտ պատասխանելով քննադատութիւններին։ Սա նոր մշակոյթ է։ Առնուազն ես այդպիսի գիրք չեմ տեսել։

Միւս կողմից ես Հայաստանի ու հայութեան մասին էլ այդ բովանդակութեամբ գիրք չեմ տեսել։ Չեմ էլ կարծում, որ կայ։ Ի հարկէ Հայաստանում ասել, որ մենք յետամնաց ենք ռիսկային բան է, չեմ պատկերացնում։ Որովհետեւ երբեմն ոչ միայն սովորական մարդկանց կողմից, այլեւ մտաւորականներից այնպիսի բաներ եմ լսում հայութեան ու Հայաստանի մասին, որ շշմում եմ։

Ժողովրդի մեծամասնութիւնը դժգոհ է երկրի վիճակից, բայց գիտականօրէն վերլուծել, որ ինչու ենք այս վիճակին հասել ու ինչու ենք դոփում տեղում, ոչ ոք չի էլ կատարում։ Հաւանաբար դրա կարիքը չի զգացւում։ Ամէն մարդ մեղքը տեսնում է ուրիշի ու ոչ իր մէջ։

Վերոյիշեալ գրքի հեղինակը փորձում է խնդիրների պատճառները տեսնել ներսում եւ ոչ դրսում։ Եւ սկսում է շատ պարզ հարցեր արծարծելով՝ “ինչու՞ գիտութիւնը Իրանում չզարգացաւ, ինչու՞ Անգլիան ու ԱՄՆ-ն ու ընդհանուր առմամբ Արեւմուտքը հազարաւոր կիլոմետրներ կտրեցին եկան հասան Իրան ու մեզ գաղութի վերածեցին ու շահագործեցին ու մենք չգնացինք նրանց գաղութի վերածենք ու շահագործենք։ Կարո՞ղ էինք ու չգնացինք թէ ցանկութեան դէպքում նոյնիսկ չէինք կարող։ Խօսում ենք անընդհատ Իրանի փառահեղ անցեալի մասին, ի՞նչ եղաւ, որ այդ փառահեղ շրջանը մի տեղ ընդհատուեց ու ինչու՞ չվերականգնուեց”, “…որոշները մեր յետամնացութիւնը վերագրում են արաբների հարձակումներին, որոշները Իսլամին, որոշները գաղութատիրութեանը, սակայն իմ խօսքն այն է, որ Իրանի հասարակութեան ներքին արմատական պատճառներն ու պայմանները նկատի չառնել ու ամբողջ մեղքը բարդել սրա ու նրա վրայ, ընդամէնը ինքնախաբէութիւն է։ Եթէ մենք յետամնաց չլինէիքն գաղութատիրութիւնը չէր կարող ոտք դնել մեր երկիր՝ իր բոլոր բացասական հետեւանքներով”։

Եզրակացութիւն։ Մեծ հաճոյքով ու բաւարարուածութեամբ կարդացի այս գիրքը (յաճախ մինչեւ գիշերուայ երկուսը)։ Այն ինչպէս սկզբում ասացի նոր հորիզոններ բացեց իմ առջեւ ու բարձրացրեց ճանաչողութեանս մակարդակը։

Շնորհակալութիւն հեղինակին, թէեւ չգիտեմ շնորհակալութիւնս ինչպէս պիտի նրան հասնի։

Լաւ մնացէք։

Sunday, May 3, 2009

“ՄԵՆՔ ԻՆՉՊԷՍ ՄԵՆՔ ԴԱՐՁԱՆՔ” (1)

Գրքեր կան, որոնք մարդու մտքերի վրայ նոր լոյս են սփռում, նոր հորիզոններ են բացում, ցոյց են տալիս չտեսածդ երեւոյթները կամ երեւոյթների մինչ այդ չտեսածդ կապը։

Իմ վրայ այդպիսի ազդեցութիւն է թողել “Մենք ինչպէս մենք դարձանք” գիրքը։ Այն վերջացրել եմ երկու երեք օր առաջ։ Հեղինակը Սադեղ է Զիբաքալամ-ն է, Թեհրանի համալսարանի քաքաղաքական գիտութիւնների դասախօս, որը կրթութիւնը ստացել է Անգլիայում։ Ի դէպ նշեմ, որ մասնագիտութեամբ քիմիկոս է։

Գրքի ենթավերնագիրն է “Իրանում յետամնացութեան պատճառների ախտաճանաչումը”։ Ծաւալը 480 էջ է։ Ես կարդացել եմ գրքի տասնըհինգերորդ տպագրութիւնը (հեղինակի երրորդ խմբագրմամբ), որը կատարուել է երկու տարի առաջ։

Անկեղծ ասած ջղայնացել եմ ինքս իմ վրայ, որ ինչու այդ գիրքը նախապէս չեմ կարդացել։

Սա արդէն երրորդ գիրքն է ինչ կարդում եմ Իրանի յետամնացութեան կապակցութեամբ։ Երեքի գրողներն էլ իրանցի են։ Մէկի մասին նախապէս հէնց այս կայքէջում գրել եմ “Մտերմիկ հասարակագիտութիւն կամ ինչու՞ ենք մենք անճար”։

Նիւթն ինձ հետաքրքրում է ոչ միայն Իրանի հարցերը ուսումնասիրելու տեսակէտից, այլեւ ընհանուր առմամբ, ընդորում նաեւ մեր՝ հայերիս։ Այլ խօսքով՝ հարցը հետեւեալն է՝ ինչու՞ որոշ ազգեր ու պետութիւններ զարգացած են եւ որոշ ազգեր ու պետութիւններ՝ ոչ, ինչու՞ կայ “Հիւսիս” ու “Հարաւ”, ինչու՞ գիտութեան այսքան նուաճումների ու ահռելի քանակութեամբ տեղեկութեան այս ժամանակաշրջանում յետամնաց երկրները դոփում են տեղում։ Այս ընդհանուր խճանկարում որտե՞ղ ենք մենք՝ հայերս ու Հայաստանը։

Անշուշտ նիւթը նոր չէ։ Հսկայածաւալ գրականութիւն կայ “զարգացման” ու “յետամնացութեան” պատճառների կապակցութեամբ, մանաւանդ մարքսիստական գրականութիւն, կան բազմաթիւ տեսութիւններ։ Սակայն հետաքրքիր է, երբ մարդն ինքը գիտակցում է, որ իր հասարակութիւնը յետամնաց է եւ փորձում է հասարակագիտութեան տեսանկինից նայել պատմութեան, նայել երեւոյթներին ու դուրս գալ կաղապարուած տեսութիւնների շրջանակից ու նոր մօտեցումով գտնել պատճառները։

Saturday, May 2, 2009

ՀԱՄԱՑԱՆՑԻ ՄԱՍԻՆ

Երբեմն յոգնում եմ համացանցին միանալուց (Internet)։ Պատճառն այն չէ, որ շատ եմ միանում ու ձանձրանում եմ կամ էլ համացանցը վատ բան է։ Ոչ։

Այլեւ այն, որ շատ է պատահում, երբ սովորական մի բան կատարելիս ասենք օրինակ նամակներ ստուգելիս կապը ընդհատւում է։ Մէկ անգամ, երկու անգամ, երեք անգամ ու …աւելի լաւ է գնալ այլ բան անել, քան շարունակել համացանցին միանալու տքնաջան աշխատանքը։

Չափազանցութիւն չի լինի եթէ ասեմ, որ կարելի է միանալ համացանցին, փորձել մի էջ բացել՝ լրատուական կամ օրինակ Yahoo-ի նամակատուփ ու մինչ էջը կը բացուի, գնալ սուրճ եփել ու խմել։ Պարզ է այս պարագային խօսքը Dial up-ի մասին է։ Այս պայմաններում պատկերացրէք եթէ ուզում էք մի բան ներբեռնել (Download) կամ արտաբեռնել (Upload)։

Հայաստանում Dial up-ից բացի մնացած ծառայութիւններից օգտուելը, օրինակ ADSL 2+ կամ այլ, թանգ հաճոյք է։ Միացման համար սկզբում պիտի վճարել 25000-40000 դրամ, նայած թէ որ ընկերութեան սպասարկումից էք օգտւում, ամսեկան վարձն էլ 12000-30000 դրամ։

Մի խօսքով կրկնեմ Հայաստանում համացանցից օգտուելը թանգ հաճոյք է ու ես երբեմն յոգնում եմ համացանցին միանալուց։

Լաւ մնացէք։

Յ.Գ. (1) Պատկերացրէք ինչպէս եմ Մակարավանքի նկարները արտաբեռնել։
Յ.Գ. (2) $1 USA = 373 AMD

Friday, May 1, 2009

ՄԱԿԱՐԱՎԱՆՔ (5)

Խնջոյքի սեղանը ուտել-խմելուց առաջ։

Ու ընթացքում։

Իջեւանցի Լեռնիկը խորոված պատրաստելիս։ Խորովածի համը չեմ կարող նկարագրել, այն միայն պիտի ուտել։

Լեռնիկն ու խաշլաման։ Թէեւ խաշլամա չկերայ, բայց չեմ կասկածում, որ լաւն էր։

Երգ ու պար (նկարում ի հարկէ երգը չի երեւում)։


Լաւ մնացէք։

Յ.Գ. Ուղեւորութեան ընթացքում լուսանկարելիս երիտասարդները մի քանի անգամ ասացին՝ "Ընկեր Սաքօ, Սփիւռքահայ էք դարձել", որն ինձ խորհելու առիթ տուեց։

Thursday, April 30, 2009

ԸՆԴԴԻՄՈՒԹԻՒՆ ԹԷ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ

Չգիտեմ ինչու Դաշնակցութեան ընդդիմութիւն դառնալը թէ դաշնակցականների եւ թէ շատ ու շատ ոչ կուսակցականների համար վերածուել է տօնի։ Ընդամէնը երեք օր է անցել մեր յայտարարութիւնից ու անձամբ ես (չգիտեմ ինչու՞ ես) այնքան շնորհաւորանքներ եմ ստացել թէ Հայաստանից ու թէ Սփիւռքից, որ չեմ կարող ասել։ Նախանցեալ գիշեր էլ ի վերջոյ ժամը 1:00-ին ճարահատուած բջջայինս հանգցրի, որպէսզի կարողանամ քնել, զանգ զանգի յետեւից։

Յամենայնդէպս մի բան ուզում եմ կրկնել։ Դաշնակցութեան համար ոչ իշխանութիւն դառնալն է ինքնանպատակ, ոչ էլ ընդդիմութիւն դառնալը։ Կարեւորը մեր գաղափարներն են, սկզբունքներն ու ուղեգիծը, որոնք ոչ այլ ինչ են, եթէ ոչ հայ ազգի շահերին ծառայելը։ Դա իշխանութեան մէջ կը լինի թէ ընդդիմութեան՝ մէկ է, կարեւորը ազգային շահերն են։

Մի յուզուէք ու պինդ մնացէք։

Wednesday, April 29, 2009

ՄԱԿԱՐԱՎԱՆՔ (4)

Դէպի Մակարավանք ոտքով բարձրանալիս հանդիպեցինք գիւղացիների, որոնք հանգստանում էին։ Ինձ առաջարկեցին մի բաժակ տնական օղի։ Չկարողացայ մերժել ու ... լաւն էր էլի։

Եկեղեցու ներսում փակցուած յայտարարութիւն։ Մի անմեղ հարցում՝ ինչու՞ է արգելւում։



Այս ծառը գտնւում է վանքի շրջափակում։ Մարդիկ խորհուրդ են անում ու այն իրականանալու համար ծառին կտոր կապում։ Սակայն առաջին անգամ տեսայ, որ կտորի փոխարէն ցելաֆոն են կապել։

Monday, April 27, 2009

ՆՈՒԱԶԱԳՈՅՆԸ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Այն ինչ տեղի ունեցաւ Ապրիլի 23-ի վաղ առաւօտեան՝ աւելի ճշգրիտ գիշերուայ ժամը 1:15-ին, խօսքը Հայաստանի Արտաքին գործոց նախարարութեան` հայ-թրքական յարաբերութիւնների բնականոնացման առընչութեամբ ստորագրուած համաձայնագրի յայտարարութեան մասին է, իմ կարծիքով նուազագոյնը անբարոյականութիւն է։

Ընդամէնը մի քանի հարցադրում.-
Հայաստանում ո՞ր հիմնարկը, ո՞ր հաստատութիւնն ու ո՞ր նախարարութիւնն է աշխատում նոյնիսկ կէս գիշերին։

Ինչու՞ այդ յայտարարութիւնը Ապրիլի 23-ի առաւօտեան աշխատանքային ժամին չհրապարակեցին։ Դրանով հայ ազգին ի՞նչ մեծ ձեռքբերման մասին էին աւետում, որ իրենց պարտաւոր էին զգացել կէս գիշերին դա յայտարարել։

Ի՞նչն էր պատճառը Հայոց Ցեղասպանութեան 94-րդ տարելիցից ընդամնէը մէկ օր առաջ այդ յայտարարութեան հրապարակման։ Ո՞րն էր նպատակը։

Հնարաւո՞ր չէր յայտարարութիւնը հրապարակել Ապրիլի 24-ից, ասենք մէկ օր յետոյ։

Հայ-թրքական սահմանը հայերն են փակե՞լ թէ թուրքերը։

Որո՞նք են սահմանի բացման կապակցութեամբ Թուրքիայի ոտներն ընկնելու իշխանաւորների դրդապատճառները։

Համաձայնագրի ստորագրմանը Հայաստանի իշխանաւորները գնացե՞լ են ինքնակամ, այսինքն համոզուած, թէ միջազգային ճնշման ներքոյ։

Եթէ ինքնակամ խօսելն աւելորդ է, իսկ եթէ միջազգային ճնշման ներքոյ, ապա չստորագրելու դէպքում ի՞նչ էր սպառնում Հայաստանին։

Այս հարցադրումները կարելի է շարունակել, սակայն ասեմ այսքանը, որ.-
1. Այն ինչ ՀՀՇ-ական իշխանութիւնը Լեւոն Տէր Պետրոսեանի գլխաւորութեամբ ծրագրեց, բայց չկարողացաւ անել, արեցին այս իշխանաւորները։
2. Համաձայնագրի ստորագրումը ու դրա հրապարակումը Ապրիլի 24-ից ընդամէնը մէկ օր առաջ ամենամեծ անարգանքն էր Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին։
3. Այն նուազգոյնը անբարոյականութիւն է։
4. Միջազգային ճնշումը միայն մի բան կարող էր լինել՝ “չստորագրես, իշխանութիւնդ ձեռքիցդ կառնենք”, իսկ իշխանութիւնը որոշների բերանին քաղցր է, էլի։
5. Սա իշխանաւորների որդեգրած ձախողած տնտեսական քաղաքականութիւնը կամ էլ այս ու այն պաշտօնեայի լկտի պահուածքն ու “յաբռգածութիւնը” չէ, որ մի կերպ լռես։ Սա ազգային արժանապատւութեան հարց է։

Պինդ մնացէք։

Յ.Գ. Չգիտեմ ինչու մի քանի օր է մտքումս զուգահեռներ եմ անցկացնում Վեստ Սարգիս Սիւնու ու Սերժ Սարգսեան Սիւնեցու միջեւ։ Կա՞պ կայ։

Wednesday, April 22, 2009

ՄԱԿԱՐԱՎԱՆՔ (2)

Մակարավանքը հեռուից՝ մշուշի մէջ։

Մակարավանքը մօտիկից։

Մակարավանքի մուտքը։

Մուտքի ձախ կողմում գտնուող խաչը։

Մուտքի աջ կողմում գտնուող խաչքարը։


Խոստովանէք լաւ եմ նկարել։

Tuesday, April 21, 2009

ՄԱԿԱՐԱՎԱՆՔ (1)

Կիրակի օրը, ամսի 19-ին, "Նիկոլ Աղբալեան" Ուսանողական Միութեան անդամների հետ գնացի Իջեւան, Մակարավանք։ Վաթսուն հոգի էինք։ Իջեւանում եղել էի, Մակարավանքում ոչ։ Բարեբախտաբար օդը լաւ էր, թէ անձրեւ չեկաւ, թէ համեմատաբար ցուրտ չէր։ Միւս կողմից էլ թէ միջոցառումը լաւ եղաւ, թէ խնջոյքի բաժինը։

Երեւանից Իջեւան 134 կմ է, Իջեւանից Մակարավանք 17 կմ։

Թէեւ մինչեւ Մակարավանք ասֆալտապատ ճանապարհ կայ, բայց մօտ հինգ կիլոմետրը քար ու քանդ վիճակի մէջ է, այնպէս որ հանրակառքը չբարձրացաւ։ Ուստի դատապարտուեցինք արշաւի... Սա էլ փաստը.-

Սա էլ երկրորդ փաստը.-

Բայց մինչ այդ, նկատի ունենալով, որ չգիտէինք գլխներիս ինչ է գալու, Դիլիջան չհասած ուրախ ու զուարթ սուրճ էինք ըմպում։ Սա էլ փաստը.-

Wednesday, April 15, 2009

ՓՈՐՁ ԹԹԻ ՕՂՈՒ ՀԵՏ

Ընկերներիցս մէկը հիւր էր եկել մեր տանը։ Իր հետ բերել էր նաեւ իր ընկերոջը, որին ես ծանօթ էի։ Խմիչք առաջարկեցի։ Չմերժեցին։ Նախընտրեցին օղի։ Բերայ։

Առաջին բաժակը խմեցինք։ Մեր ընդհանուր ծանօթը հարցրեց “Թթի օղի՞ է”։ Իմ մտքում անմիջապէս մի բան անցաւ՝ փորձ, հասարակագիտահոգեբանական փորձ։ Պատասխանեցի “Այո”։

“Որտեղի՞ց”, հարցրեց ընկերս։

Պատասխանեցի “Սիւնիքից տղաներն են ուղարկել”։

Մինչեւ շշի պարունակութեան աւարտը անընդհատ դրուատանքի խօսքեր հնչեցին թթի օղու ու նրա դրական յատկանիշերի մասին։ Նոյնիսկ յիշեցին, որ ճապոնացիները գնացել են Արցախ ուսումնասիրելու Արցախցիների երկարակեցութեան պատճառները եւ եկել են այն եզրակացութեան, որ Արցախցիները եթէ թթի օղի չխմեն հարիւր քսան տարուայ փոխարէն կապրէն երկու հարիւր քսան տարի եւ նման բաներ։ Օղին վերջացաւ։

Գնացի ու բերեցի մի շիշ հայկական գործարանային օղի։ Խմեցինք։ Ու առաջին իսկ բաժակից սկսուեց համեմատութիւնները նախկին թթի օղու ու այս հայկական գործարանային վատ որակի օղու միջեւ։ “Մարդ խմում է լաւ օղի պիտի խմի”, “Համի տարբերութիւնը ակներեւ է”, “Այս անգամ ուղարկելու լինեն ասա մի շիշ էլ ինձ համար ուղարկեն, փողը ինչքան լինի կը տամ” եւ այլն եւ այլն։ Խնջոյքն աւարտուեց։ Հիւրերը տուն գնացին։

Ի՞նչ կատարուեց իրականում։ Ես գնել էի մի շիշ հայկական գործարանային օղի։ Որպէսզի բաւարարեմ գեղագիտական զգացումներս, այդ օղին շշից լցրել էի այլ յախճապակեայ շշի մէջ, որպէսզի ակնահաճոյ լինի, խմելուց դառնութիւնը աւելի քիչ զգաս։ Իրականում երկու օղիներն էլ նոյնն էին, պարզապէս մէկը գործարանային շշի մէջ էր, միւսը սովորական շշի։ Հիւրս էլ իրեն դնելով օղու մասնագէտի տեղ, եկաւ առաջին իսկ բաժակից ապացուցելու, որ ինքը այդ ոլորտում վերջին խօսքն է ասում։

Ես էլ առիթը չփացրեցի հասարակագիտահոգեբանական փորձ կատարելու։ Ու ստացուեց։
Նպատակս մարդկանց անյարմար վիճակում դնելը չէր։ Պարզապէս, մեղմ ասած, չարաճճութիւն արեցի։ Ու եղաւ։

Եկեք հակառակը պատկերացնենք։ Եթէ ես հայկական գործարանային օղու շշի մէջ լցնէի իրական թթի օղի։ Հաւանաբար պիտի մի հարիւր անգամ երդուէի, որ սա թթի օղի է, որ սա տղաներն են ուղարկել Սիւնիքից ու վերջն էլ մարդիկ չհաւատային։

Մտածում եմ, Աստուած է իմանում կեանքում քանի անգամ են մեզ մի բանը վաճառել մի այլ բանի տեղ։

Լաւագոյն օրինակը ճաշարաններում է։ Հարցնում ես ինչ տեսակի գինիներ ունէք, մատուցողն էլ մի տաս տեսակ նշում է, պատուիրում ես այնինչ տեսակից մի գաւաթ, բերում է, խմում ես հաւատալով, որ հէնց այն է ինչ դու ցանկացել ես, բայց եկէք խոստովանենք, ձեր շրջապատում քանի մարդ գիտէք, որ անմիջապէս կը կռահի սա այս գինին չէ ու այն գինին է (ձեզ ի հարկէ նկատի չունեմ)։

Եզրակացութիւն։ Երբ տեղեակ չես, լռիր, ով է ստիպում խօսես։

Լաւ մնացէք։

Tuesday, April 14, 2009

ԼՈՌԻԻՑ ԽԱՇ ՈՒ …

Աշխատանքի բերումով ես մի քանի անգամ եղել եմ Լոռուայ մարզում, բայց պտոյտի ու տեսարժան վայրերն այցելութեան համար՝ ոչ։ Կինս երբեք չի եղել։

(Այդ առումով մեր մէջ կռիւ կայ։ Պարզ ասեմ։ Ես շատ եմ եղել Արցախում։ Կինս երբեք։ Ու եթէ այս ամառ կնոջս Արցախ չտանեմ՝ մինչեւ ապահարզան մնում է ընդամէնը մէկ քայլ)։

Մտածեցի Երկուշաբաթի գնալ Լոռի (այսինքն երեկ)։ Անցեալ շաբաթավերջին ջերմաստիճանը իջաւ։ Օդը ցրտեց։ Շաբաթ գիշեր արդէն կտրուկ փոխուել էր։ Մտածեցի ծրագիրը փոխել ու Լոռի գնալու փոխարէն՝ գնալ Արագածոտնի մարզ՝ Բիւրական, Ամբերդ, Սաղմոսավանք եւ այլուր։ Ճիշտ է Արագածը 2500 մետր ծովի մակերեւոյթից բարձր է ու այնտեղ էլ է ցուրտ, բայց տրամաբանութիւնս այն էր, որ առնուազն Երեւանին մօտ է ու դժուարութեան հանդիպելու պարագային արագ յետ կը գանք։

Երկուշաբթի առաւօտ քնից արթնացայ ու ինչ տեսնեմ։ Ձիւն է գալիս։ Մեքենայիս ձմեռային անիւներն էլ փոխել եմ։ Յետոյ ձեան ու ցրտի մէջ այդ վայրերն այցելութեան իմաստը ո՞րն է։ Մտածում էի թէ տեսարժան վայրեր կը տեսնենք, թէ երեխան բնութեան գրկում կը խաղայ։ Բայց այս վիճակում… Բիւրականն էլ ծրագրից դուրս եկաւ։

Բայց ի՞նչ անենք։ Խօսք եմ տուել։ Խաշ։ Գնանք խաշի։

Ի հարկէ “գնանքը” սխալ է, “գնամ” պիտի ասեմ, որովհետեւ խաշը միայն ես էի ուտելու, բայց հէնց այն որ տնեցիներին գոնէ տնից դուրս կը տանեմ ու կը փոխուեն…

Զանգը խփեցին։ Հիւր եկաւ։

Լոռուայ մարզից Բիւրական ու Բիւրականից խաշ ու խաշից տանը մնալ…

Եզրակացութիւն։ Միշտ չէ որ ինչ ծրագրում ես, այն էլ լինում է։ Այս աշխարհում ամէն ինչ քեզնից կախուած չէ։

Լաւ մնացէք։

Sunday, April 12, 2009

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՆԱՄԱԿԻ ՄԱՍԻՆ

Օբամային գրուած նամակը ինձ յիշեցրեց "Նամակ Ռուսաց թագաւորին"։

Սրան ենք գրում, նրանք ենք գրում, թէ երբ պիտի ինքներս վերածուենք հաշուի առնուող գործօնի, չգիտեմ։

Friday, April 10, 2009

“ԳՈՐՏԸ ԿՈՒԼ ՏՈՒՐ” (6)

Դուք կարող էք ձեր մէջ գոյացնել “դրական կախուածութիւն” այն հաճոյքի նկատմամբ, որն առաջանում է յաջողութիւնից բխող վստահութիւնից։ էջ 24

Wednesday, April 8, 2009

ՆԱՄԱԿ ՕԲԱՄԱՅԻՆ

Ստորեւ նամակը Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական եւ "Նիկոլ Աղբալեան" Ուսանողական միութիւնների նամակն է ուղղուած ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային, որին միանում են Հայաստանեան բազմաթիւ երիտասարդական միութիւններ։


Փոփոխութիւնների հաւատացող
Մեծարգոյ Նախագահ Բարաք Օբամա,

Մենք էլ ենք հաւատում փոփոխութիւններին։
Փոփոխութիւններ, որոնք պէտք են ոչ միայն Ամերիկայի Միացեալ Նահանգներին, այլեւ ամբողջ աշխարհին։

Հայոց Ցեղասպանութեան 94-ամեակի սեմին մենք՝ Հայաստանի երիտասարդներս դիմում ենք Ձեզ այն ակնկալիքով, որ Դուք ինչպէս Թուրքիայում վերջերս կատարած Ձեր այցելութեան ընթացքում յայտարարեցիք, որ չէք փոխել Ձեր դիրքորոշումը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ, այժմ եւս կը կատարէք բազմիցս տուած Ձեր խոստումը, այն է Ապրիլի 24-ի Ձեր ամենամեայ ուղերձում ի լուր աշխարհի բարձրաձայն ու այս անգամ որպէս Ամերիկայի Միացեալ Նահանգների Նախագահ կը ճանաչէք պատմական ճշմարտութիւնը։

Ամերիկայի Միացեալ Նահանգները իր ստեղծման օրուանից որդեգրել է մարդու իրաւունքների, ազատութիւնների, ժողովրդավարական արժէքների ու մարդասիրութեան սկզբունքներ, որի լաւագոյն կրողներից մէկը Նախագահ Վ. Վիլսոնը Առաջին Աշխարհամարտի աւարտին ի տես հայութեան մեծ ողբերգութեան, յանուն ճշմարտութեան եւ արդարութեան իրաւական գետնի վրայ ամրագրեց հայ ազգի իրաւունքները։

Մեծապէս ոգեւորուած ենք, որ 94-ամեակի տարելիցից ընդամէնը մի քանի օր առաջ Ձեր ծննդավայր Հաւայի Նահանգի օրէնսդիր մարմինը եւս պաշտօնապէս ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը եւ դատապարտեց Թուրքիոյ ժխտողական քաղաքականութիւնը, այդ տեսակէտից դառնալով Ամերիկայի Միացեալ Նահանգների 42-րդ նահանգը։

Ձեր կողմից ճշմարտութեան ճանաչումը բխում է ոչ միայն ԱՄՆ ժողովրդի, հայութեան եւ աշխարհի այլ ժողովրդների շահերից, այլեւ յատկապէս թուրք ժողովրդի շահերից։ Դրանով Դուք մեծապէս կը նպաստէք վերջ դնելու այսօր եւ ապագայում նմանատիպ ցեղասպանութիւններին։

Մենք համոզուած ենք, որ Դուք կօգնէք վերականգնելու պատմական ճշմարտութիւնը։

Ճանաչէք Հայոց Ցեղասպանութիւնը եւ համայն հայութեան սերունդները երախտիքով կը յիշեն Ձեզ եւ Ձեր երկիրը։

Մենք հաւատում ենք Ձեզ։

07.Ապրիլ.2009 թ.

Յ.Գ. Այս տեքստի հեղինակն ո՞վ է, չգիտեմ։

Thursday, April 2, 2009

ՍԻՍՆ ՈՒ ՄԱՍԻՍԸ


Սիսն ու Մասիսը մեր տան պատուհանից։
Խոստովանէք, որ հրաշալի տեսարան է։

Wednesday, April 1, 2009

ԿԱՇԱՌԱՏՒՈՒԹԵԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Երեկ կնոջս մեքենայով խախտում անելու համար տուգանել են։ Սակայն տուգանել են ըստ հայրենական տարբերակի։

Խանութից դուրս գալուց Կոմիտասի պողոտայի վրայ կինս նկատել է, որ մի քանի հոգի հաւաքուած են մեր մեքենայի շուրջ։ Մօտեցել է։

“Քոյրիկ ջան բա ու՞ր ես, մի ժամ քեզ ենք ման գալիս”։ Տեղում կանգնած սակակառքի վարորդներ են եղել ու անցնող մարդիկ։

Պարզուել է, որ ճանապարհային ոստիկանը եկել, քանդել ու տարել է մեր մեքենայի յետեւի համարանիշը։

Սա է զանգել, նա է զանգել, մի քանի րոպէից ճանապարհի միւս կողմում յայտնուել է ոստիկանական մեքենան, որն անթոյլատրելի տեղից շրջադարձ է կատարել անցնելով ճանապարհի միւս կողմն ու կանգնել մեր մեքենայի մօտ։

“Խախտում էք արել։ Ձեր մեքենայի յետեւի անիւները գտնւում են երթուղայինների կանգառի գծի վրայ”։

“Ի՞նչ պիտի անեմ”։

“Տուգանքը քսան հազար դրամ է”։

Շատ է, քիչ է, սա խախտում չէ, սա խախտում է…

“Քոյրիկ ջան կարող էք տեղում վճարել, ծանօթ էք չէ մեր պայմաններին”։

Կինս բացում է պայուսակն ու պարզւում է, որ ունի տաս հազար դրամ` այն էլ տաս հազար դրամանոցի տեսքով։ Դա էլ հանում տալիս է ոստիկանին։

“Շատ չէ՞”։

“Դրէք տեղը ու նստէք ձեր մեքենան”։

Կինս նստում է մեր մեքենան։

“Քոյրիկ ջան բոլորի առաջ փող չեն տալ։ Հիմա գումարը դրէք ձեր պռաւայում (մեքենավարութեան վկայական) ու տուէք”։

Կինս էլ կատարում է ոստիկանի ասածները։

“Սպասէք”։

Սպասում է։ Ոստիկանը մօտենում է իրենց մեքենային։ Քիչ անց վերադարձնում է կնոջս մեքենավարութեան վկայականը ասելով՝ “Սա էլ ձեր զդաչին*”։

Ոստիկանը ոչ միայն կաշառատւութեան անվճար դասընթաց է իրականացնում, այլ լինելով բարեսիրտ վերադարձնում է հինգ հազար դրամ զդաչի։

Լաւ մնացէք։

* Զդաչի։ Վերադարձուող մանր դրամ։