Wednesday, April 15, 2009

ՓՈՐՁ ԹԹԻ ՕՂՈՒ ՀԵՏ

Ընկերներիցս մէկը հիւր էր եկել մեր տանը։ Իր հետ բերել էր նաեւ իր ընկերոջը, որին ես ծանօթ էի։ Խմիչք առաջարկեցի։ Չմերժեցին։ Նախընտրեցին օղի։ Բերայ։

Առաջին բաժակը խմեցինք։ Մեր ընդհանուր ծանօթը հարցրեց “Թթի օղի՞ է”։ Իմ մտքում անմիջապէս մի բան անցաւ՝ փորձ, հասարակագիտահոգեբանական փորձ։ Պատասխանեցի “Այո”։

“Որտեղի՞ց”, հարցրեց ընկերս։

Պատասխանեցի “Սիւնիքից տղաներն են ուղարկել”։

Մինչեւ շշի պարունակութեան աւարտը անընդհատ դրուատանքի խօսքեր հնչեցին թթի օղու ու նրա դրական յատկանիշերի մասին։ Նոյնիսկ յիշեցին, որ ճապոնացիները գնացել են Արցախ ուսումնասիրելու Արցախցիների երկարակեցութեան պատճառները եւ եկել են այն եզրակացութեան, որ Արցախցիները եթէ թթի օղի չխմեն հարիւր քսան տարուայ փոխարէն կապրէն երկու հարիւր քսան տարի եւ նման բաներ։ Օղին վերջացաւ։

Գնացի ու բերեցի մի շիշ հայկական գործարանային օղի։ Խմեցինք։ Ու առաջին իսկ բաժակից սկսուեց համեմատութիւնները նախկին թթի օղու ու այս հայկական գործարանային վատ որակի օղու միջեւ։ “Մարդ խմում է լաւ օղի պիտի խմի”, “Համի տարբերութիւնը ակներեւ է”, “Այս անգամ ուղարկելու լինեն ասա մի շիշ էլ ինձ համար ուղարկեն, փողը ինչքան լինի կը տամ” եւ այլն եւ այլն։ Խնջոյքն աւարտուեց։ Հիւրերը տուն գնացին։

Ի՞նչ կատարուեց իրականում։ Ես գնել էի մի շիշ հայկական գործարանային օղի։ Որպէսզի բաւարարեմ գեղագիտական զգացումներս, այդ օղին շշից լցրել էի այլ յախճապակեայ շշի մէջ, որպէսզի ակնահաճոյ լինի, խմելուց դառնութիւնը աւելի քիչ զգաս։ Իրականում երկու օղիներն էլ նոյնն էին, պարզապէս մէկը գործարանային շշի մէջ էր, միւսը սովորական շշի։ Հիւրս էլ իրեն դնելով օղու մասնագէտի տեղ, եկաւ առաջին իսկ բաժակից ապացուցելու, որ ինքը այդ ոլորտում վերջին խօսքն է ասում։

Ես էլ առիթը չփացրեցի հասարակագիտահոգեբանական փորձ կատարելու։ Ու ստացուեց։
Նպատակս մարդկանց անյարմար վիճակում դնելը չէր։ Պարզապէս, մեղմ ասած, չարաճճութիւն արեցի։ Ու եղաւ։

Եկեք հակառակը պատկերացնենք։ Եթէ ես հայկական գործարանային օղու շշի մէջ լցնէի իրական թթի օղի։ Հաւանաբար պիտի մի հարիւր անգամ երդուէի, որ սա թթի օղի է, որ սա տղաներն են ուղարկել Սիւնիքից ու վերջն էլ մարդիկ չհաւատային։

Մտածում եմ, Աստուած է իմանում կեանքում քանի անգամ են մեզ մի բանը վաճառել մի այլ բանի տեղ։

Լաւագոյն օրինակը ճաշարաններում է։ Հարցնում ես ինչ տեսակի գինիներ ունէք, մատուցողն էլ մի տաս տեսակ նշում է, պատուիրում ես այնինչ տեսակից մի գաւաթ, բերում է, խմում ես հաւատալով, որ հէնց այն է ինչ դու ցանկացել ես, բայց եկէք խոստովանենք, ձեր շրջապատում քանի մարդ գիտէք, որ անմիջապէս կը կռահի սա այս գինին չէ ու այն գինին է (ձեզ ի հարկէ նկատի չունեմ)։

Եզրակացութիւն։ Երբ տեղեակ չես, լռիր, ով է ստիպում խօսես։

Լաւ մնացէք։

No comments: