Friday, July 6, 2018

ՄՕՐԱՔՈՅՐԸ ՓԱՐԻԶԻՑ


Մի քանի օր առաջ Բոհեմ թատրոնում դիտեցի Նարեկ Դուրեանի Մօրաքոյրը Փարիզից թատերգութիւնը։ 

Թէև իմ կարծիքով սփիւռքահայերի նկատմամբ քննադատութիւնը շատ էր, յատկապէս ամենավերջում, բայց ընդհանուր առմամբ բեմադրութիւնը լաւ էր, հետաքրքիր, վեր էր հանում հայ իրականութեան մէջ առկայ խնդիրներ՝ համեմուած քննադատութիւններով և կատակերգութեամբ։

Ինձ պարգևեց զուարճալի պահեր և խորհելու թեմաներ։

Խորհուրդ կը տամ դիտել։
 

Լաւ մնացէք։ 




Wednesday, June 27, 2018

ՀԱՅԱՎԱՐԻ

Սա էլ մի հատուած իմ ու մի շինարարի միջև այսօր տեղի ունեցած խօսակցութիւնից.

- Այս շէնքում պէտք չէ բնակարան գնել։
- Ինչու՞։
- Հայավարի են կառուցել։
- Այսի՞նքն։
- Շատ վատ որակ ունի։
- Հասկանալի է...

Փաստօրէն մարզից Երևան եկած համեստ շինարարի բառապաշաում «հայավարին» ու «շատ վատ որակը» հոմանիշ են։ Մտածում եմ միա՞յն շինարարի մտքում է այդպէս, թէ՞ ...
 
Լաւ մնացէք։

Sunday, June 17, 2018

ԲՐԱԶԻԼ


Մտածեցի նախքան Բրազիլի խաղը գրեմ, որ յետոյ չասեն ինչու ես ուշ ասում.

Բրազիլ, պարտուես թէ յաղթես՝ քեզ եմ սիրում...


Լաւ մնացէք։

Tuesday, May 15, 2018

ԴԱՄԲՈՒԼԱՅԻՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹԻՒՆ


Երեկ ընտանիքով դիմեցինք Ա.Մ.Ն. դեսպանատուն մուտքի արտօնագիր ստանալու համար։ Նպատակը՝ մասնակցել կնոջս եղբոր հարսանեաց արարողութեանն ու հանդէսին։ Նշեմ, որ կեանքումս ոչ Ա.Մ.Ն.-ում եղել եմ, ոչ էլ, մեղմ ասած, մեծ ցանկութիւն եմ ունեցել լինելու։

Դեսպանատան պաշտօնեան մի քանի հարց տուեց։ Որևէ փաստաթուղթ չնայեց։ 10-15 րոպէ համակարգչով մի ինչ որ բան մեքենագրեց առանց մեզ հետ խօսելու և ի վերջոյ՝ մերժեց։ Հարցրինք՝ ինչու՞ էք մերժում։ Ասաց՝ ձեր կապերը Ա.Մ.Ն.-ում աւելի շատ են, քան Հայաստանում։ Եզրակացութիւն՝ կարող է գնաք ու չվերադառնաք։ 

Հարցում՝ իսկ այդ հարցը լուծելու համար ի՞նչ պէտք է անենք՝ մեր բարեկամներին բերենք Հայաստան ապրելու, որ մեր կապերը շատանան։ Իսկ այդ պարագային ինչու՞ պիտի ցանկանանք ճամփորդել Ա.Մ.Ն.։ Իսկ այն, որ մօտ քսան տարի է ապրում ենք Հայաստանում ու տուն ու տեղ ունենք ու գործ ու այս ու այն... Փաստօրէն որևէ կապ չունի։

Ինչն է հետաքրքիր։

Ամերիկայի Միացեալ Նահանգների մօտ երեք հարիւր երեսուն միլիոն բնակիչներից կարծում եմ միայն հազար հոգին են բնիկ։ Մնացածը կամ, իրենց ասածով, իմիգրանտ են կամ էլ իմիգրանտի երեխայ։ Հիմա այդ իմիգրանտները կամ դրանց երեխաները երկու շաբաթով այդ երկիր ճամփորդել ցանկացողներին մուտքի արտօնագիր չեն տալիս այն հիմնաւորմամբ, որ կերթաք՝ չէք վերադառնայ։
 
Ախր այ դամբուլ, եթէ ուզենք գնալ ու չվերադառնալ այնքան ձև ու ճանապարհ կայ, որ էլ ասելու չի։ Փաստը այն մէկ-մէկ ու կէս միլիոն հայերը, որ ապրում են Ա.Մ.Ն.-ում, չհաշուած այն երեք հարիւր քսան իննը միլիոն – երեք հարիւր քսան ութ միլիոն հինգ հարիւր հազար մարդիկ, որ էլի ապրում են Ա.Մ.Ն.-ում։ 


Աւելին՝ չգիտեմ ինչու այդ իմիգրանտներին կամ դրանց երեխաներին թւում է, որ այս աշխարհում բոլորը հիացած են իրենց երկրով ու կերթան՝ չեն վերադառնայ։ Այս պարագային տեղին է յիշել «անհաւատին թւում է բոլորն էլ իր նման անհաւատ են» ասացուածքը։

Եւս մէկ կէտ. Դեսպանատունը անկախ տարիքից իւրաքանչիւր անձից գանձում է հարիւր վաթսուն Ա.Մ.Ն. դոլար հարցազրոյցի համար։ Ըստ երեկուայ մեր համարի ու տեսածս մարդկանց թուի օրեկան գոնէ հարիւր հոգի դիմում են մուտքի արտօնագիր ստանալու համար, որ նշանակում է տասնը վեց հազար Ա.Մ.Ն. դոլար զուտ եկամուտ մէկ օրում։ Սա էլ բիզնես...

Լաւ մնացէք։