Saturday, June 27, 2015

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԱՍԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ



Այս մի քանի րոպէ տևող տեսանիւթում ինչքան մտածելու նիւթ կայ։

Անդրադառնանք մի քանիսին։

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարեանը գոռալով քաղաքացիների վրայ, ընդորում ԱԺ պատգամաւորների, ասում է, որ «Կենդանի շիթ էք կանգնել, մե՞նք ենք այս ժողովրդի թշնամին, ժողովրդին պաշտպանու՞մ էք ոստիկանութիւնից, մենք ենք այս ժողովրդի պաշտպանը»։

Ոստիկանապետի ասածն առնուազն զարմանքի առիթ է տալիս։ Որովհետև նա հաւանաբար շատ զբաղուած է, ու ժամանակ չի արել տեսնելու յունիսի 23-ի վաղ առաւօտեան խաղաղ ցուցարների նկատմամբ իր ղեկավարած համակարգի բազմատեսակ ոստիկանների կիրառծ բիրտ ուժի տեսանիւթերը։ Այդպէ՞ս են պաշտպանում ժողովրդին։ Կենդանի շիթը հէնց դա բացառելու համար է։

Կամ ովքե՞ր էին նրանք, որ սրանից մի քանի ամիս առաջ նախագահական նստավայրի առջև անամօթաբար բիրտ ուժ կիրառեցին խաղաղ պայմաններում հայոց բանակում իրենց որդիներին կորցրած մայրերի նկատմամբ։ Ոստիկանները չէի՞ն։ Էլ ի՞նչ պիտի անեն այդ մայրերը։ Հայաստանի համար իրենց տղաներին են տուել։ Հէնց այն Հայաստանի, որը պահպանելու համար մարդկանց սթափուելու կոչ է անում ոստիկանապետը։ Իսկ հայ ոստիկանները նրանց ծեծում ու քաշքշում են։

Ինչու՞ է ոստիկանապետը ցուցարարներին սթափուելու կոչ անում, բայց իշխանաւորներին ու ժողովրդին կողոպտողներին՝ ոչ։ Ո՞վ է մարդկանց հասցրել այս վիճակին։

Եւ յիշեցնենք, որ Հայաստանը, ոչ օրինակ Ֆինլանդիան  է, ոչ էլ օրինակ Նորուեգիան, որ մարդիկ ոստիկան տեսնելիս իրենց ապահով զգան։  Այստեղ ոստիկան տեսնելիս պէտք է փորձել վայրկեանների մէջ անյայտանալ, որպէսզի Աստուած մի արասցէ, փորձանքի մէջ չընկնել։ 

Եւ յանուն արդարութեան ասենք, որ այդ կարգի երկրների մէջ Հայաստանը միակը չէ։

Այսպէս է ցաւօք, ինչքան էլ ոստիկանութիւնն ասի ու կրկնի, որ համակարգում բարեփոխումներ են եղել։

Ամենավառ ապացոյցը՝ 2015 թ. յունիսի 23-ի լուսադէմը…

Լաւ մնացէք։

Յ.Գ.  Պրն. Գասպարեանը հաւանաբար մոռանում է, որ ԱԺ պատգամաւորները, այսպէս թէ այնպէս, ընտրուած մարդիկ են, իսկ ինքը՝ նշանակուած։ Եւ ոստիկանների աշխատավարձը վճարում է ժողովուրդը, ընդորում Բաղրամեան պողոտայում կանգնած ցուցարարները, իրենց հարկերից։ Ոստիկանապետն ի՞նչ իրաւունքով է գոռում քաղաքացիների և պատգամաւորների վրայ՝ պարզ չէ։

Friday, June 26, 2015

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ



Վարչապետ Յովիկ Աբրահամեանը յայտարարել է, որ «Էլեկտրաէներգիայի թանկացմանն այլընտրանք չի տեսնում»։

Անշուշտ իրաւացի է նա։ Իրաւացի է, որովհետև Հայաստանի ցանկացած քաղաքացի էլ, որ այնքան փող ունենայ, որ ի վիճակի լինի, ըստ մամուլում հրապարուած լուրերի, հիւրանոց գնել Եւրոպայում և եկեղեցի կառուցել  Հայաստանում և, իր տղային քաղաքապետ նշանակել՝ այլընտրանք չի տեսնի։ 7 դրամն ի՞նչ է, 700 դրամ էլ թանգացնեն հարց չէ։  

Իսկ այլընտրանք տեսնում են Հայաստանում ապրող ժողովրդի ջախջախիչ մեծամասնութիւնը։ Այլընտրանքը այս իշխանութեան հեռանալն է՝ երկիրը ապաշնորհ կառավարման արդիւնքում աղքատութեան գիրկը նետելու պատճառով։  

Պինդ մնացէք։

Յ.Գ. Նշենք, որ հարստանալն ինքնին վատ բան չէ, հարստանալու ձևն է խնդիր։ Ինչպէ՞ս են սոված երկրում, որի աչքը ապրելու համար  Հայաստանից արտագնայ աշխատանքի մեկնածների կամ սփիւռքահայերի ուղարկած գումարների վրայ է կամ էլ արտաքին վարկերի, ոմանք հարիւրաւոր միլիոններ կուտակում։

ՀԷՑ-Ի ՄԻԼԻՈՆՆԵՐՆ ՈՒ ՍՓԻՒՌՔԻ ՀԱԶԱՐԸ



Սփիւռքի նախարար տկն. Հրանուշ Յակոբեանը յայտարարում է՝ իւրաքանչիւր սփիւռքահայ 1000 դոլար ներդնի Հայաստանի դրամատներում, որպէսզի Հայաստանի տնտեսութիւնը զարգանայ։ 

Ճիշտ հէնց այդ ժամանակ, Հայաստանի իշխանութիւնը ՀԷՑ-երի միջոցով (և ոչ միայն ՀԷՑ-երի) կողոպտում է հայրենի ժողովրդին, այն էլ ոչ թէ 1000 կամ 2000 դոլար, այլ միլիոններ։

Ինչպէ՞ս հասկանանք այս հանելուկը։ Սփիւռքը ո՞ր երաշխիքով փող ներդնի Հայաստանի դրամատներում։

Իսկ աւելի լաւ չի, որ տկն. Յակոբեանը դատ յարուցի ՀԷՑ-ի դէմ, վերադարձնի ժողովրդից կողոպտուած գումարներն ու այդ գումարներով զարգացնի Հայաստանի տնտեսութիւնը, որպէսզի Սփիւռքը հաւատալու գոնէ մի նշոյլ ունենայ։

Պինդ մնացէք։

Monday, June 1, 2015

ՅՕԴՈՒԱԾ ԸՆԿԵՐՎԱՐԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

Սա էլ նոր յօդուածս Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (IUSY) Խորհրդի հայաստանեան ժողովի մասին։

Լաւ մնացէք։