Saturday, June 27, 2015

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԱՍԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ



Այս մի քանի րոպէ տևող տեսանիւթում ինչքան մտածելու նիւթ կայ։

Անդրադառնանք մի քանիսին։

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարեանը գոռալով քաղաքացիների վրայ, ընդորում ԱԺ պատգամաւորների, ասում է, որ «Կենդանի շիթ էք կանգնել, մե՞նք ենք այս ժողովրդի թշնամին, ժողովրդին պաշտպանու՞մ էք ոստիկանութիւնից, մենք ենք այս ժողովրդի պաշտպանը»։

Ոստիկանապետի ասածն առնուազն զարմանքի առիթ է տալիս։ Որովհետև նա հաւանաբար շատ զբաղուած է, ու ժամանակ չի արել տեսնելու յունիսի 23-ի վաղ առաւօտեան խաղաղ ցուցարների նկատմամբ իր ղեկավարած համակարգի բազմատեսակ ոստիկանների կիրառծ բիրտ ուժի տեսանիւթերը։ Այդպէ՞ս են պաշտպանում ժողովրդին։ Կենդանի շիթը հէնց դա բացառելու համար է։

Կամ ովքե՞ր էին նրանք, որ սրանից մի քանի ամիս առաջ նախագահական նստավայրի առջև անամօթաբար բիրտ ուժ կիրառեցին խաղաղ պայմաններում հայոց բանակում իրենց որդիներին կորցրած մայրերի նկատմամբ։ Ոստիկանները չէի՞ն։ Էլ ի՞նչ պիտի անեն այդ մայրերը։ Հայաստանի համար իրենց տղաներին են տուել։ Հէնց այն Հայաստանի, որը պահպանելու համար մարդկանց սթափուելու կոչ է անում ոստիկանապետը։ Իսկ հայ ոստիկանները նրանց ծեծում ու քաշքշում են։

Ինչու՞ է ոստիկանապետը ցուցարարներին սթափուելու կոչ անում, բայց իշխանաւորներին ու ժողովրդին կողոպտողներին՝ ոչ։ Ո՞վ է մարդկանց հասցրել այս վիճակին։

Եւ յիշեցնենք, որ Հայաստանը, ոչ օրինակ Ֆինլանդիան  է, ոչ էլ օրինակ Նորուեգիան, որ մարդիկ ոստիկան տեսնելիս իրենց ապահով զգան։  Այստեղ ոստիկան տեսնելիս պէտք է փորձել վայրկեանների մէջ անյայտանալ, որպէսզի Աստուած մի արասցէ, փորձանքի մէջ չընկնել։ 

Եւ յանուն արդարութեան ասենք, որ այդ կարգի երկրների մէջ Հայաստանը միակը չէ։

Այսպէս է ցաւօք, ինչքան էլ ոստիկանութիւնն ասի ու կրկնի, որ համակարգում բարեփոխումներ են եղել։

Ամենավառ ապացոյցը՝ 2015 թ. յունիսի 23-ի լուսադէմը…

Լաւ մնացէք։

Յ.Գ.  Պրն. Գասպարեանը հաւանաբար մոռանում է, որ ԱԺ պատգամաւորները, այսպէս թէ այնպէս, ընտրուած մարդիկ են, իսկ ինքը՝ նշանակուած։ Եւ ոստիկանների աշխատավարձը վճարում է ժողովուրդը, ընդորում Բաղրամեան պողոտայում կանգնած ցուցարարները, իրենց հարկերից։ Ոստիկանապետն ի՞նչ իրաւունքով է գոռում քաղաքացիների և պատգամաւորների վրայ՝ պարզ չէ։

No comments: